lragir.am: «Այստեղ հավաքվածներից որևէ մեկն իշխանություն չի ուզում, իշխանությունը պետք է Փաշինյան Նիկոլին, նրա պատգամավորներին, որպեսզի մարսեն այս ամենը։ Իշխանությունից հեռացումը պետք է հայրենիքին, Հայաստանին ու Արցախին»,- Ազատության հրապարակում ասաց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական շրջանում ցույց է տվել որակներ, հատկանիշներ, որոնք բերեցին այս աղետին։ «Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, հարց ունեմ՝ պարոն Փաշինյան, դա ի՞նչ էր նշանակում՝ Շուշին Ադրբեջան է, և վե՞րջ։ Իսկ գուցե փոխելո՞ւ եք կարգախոսը և մի օր դարձնեք՝ Երևանը Հայաստան է և վերջ, որովհետև հանձնել եք Սյունիքը»,- հայտարարեց Արփինե Հովհաննսյանը։
Անդրադառնալով Արցախի վերաբերյալ ստորագրված փաստաթղթին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այն քաղաքական փաստաթուղթ է։ «Սա միջազգայնորեն ստանձված ՀՀ պարտավորություն է՝ պետությունների միջնորդությամբ։ Այս փաստաթուղթը սկսել է կատարվել, և մնացել են հաշված ժամեր իրենց տներն այրած քարվաճառցիների գաղթի ճանապարհը բռնելուն, եթե արդնե չեն արել դա։ Այս փաստաթղթով ամեն ինչ սկսվում է, բայց չի ավարտվում։ Այս փաստաթուղթը ենթադրում է նոր փաստաթղթեր։ Այս փաստաթղթի ամեն կետի տակ կա լրացուցիչ ռումբ Հայաստանի պետականության համար»,- ասաց նա։
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ մի քանի տարի հետո Հայաստանը չի լինելու, որովհետև այս փաստաթղթով Նիկոլ Փաշինյանը Նախիջևանը ցամաքային կապով կապել է Մեղրիին։ «Ուզում եմ դիմել այն մարդկանց, ովքեր ասում են՝ նոր բանակցող դա նշանակում է նոր պատերազմ։ Ոչ, այդպես չէ, նոր բանակցող նշանակում է նոր շանս, որպեսզի Հայաստանի տակ դրված այս ականները հանվեն։ Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց բոլոր հնարավոր տարբերակներից Հայաստանի համար կնքել վատագույնը։ Բոլոր երեք նախագահների ժամանակ սեղանին դրված փաստաթղթերից այս մարդը մեզ համար ընտրեց վատագույնը»,- նշեց նա։
comment.count (0)