Ուսուցչանոց

Ուսուցչանոց [#5] Պետք է բոլոր դպրոցները ապահովված լինեն նորագույն տեխնոլոգիաներով [Երևանի թիվ 59 հիմնական դպրոց]

Ուսուցչանոց [#5] Պետք է բոլոր դպրոցները ապահովված լինեն նորագույն տեխնոլոգիաներով [Երևանի թիվ 59 հիմնական դպրոց]

«Ուսուցչանոց» նախագծի շրջանակներում զրուցել ենք Երևանի Հակոբ Պարոնյանի անվան  թիվ 59 հիմնական դպրոցի ուսուցիչների հետ՝ այսօրվա դպրոցի խնդիրների վերաբերյալ։ - Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի դասագրքերը լինեն ավելի արդյունավետ։ Ուսումնական գծով փոխտնօրեն տիկին Կարապետյան - Նախ գոհ ենք, որ դասագրքերը բաժանվեցին երկու մասի, որովհետև թեթևացան երեխաները, քանի որ 13-14 տարեկան երեխաների մոտ ունենում էինք ողնաշարային խնդիրներ։ Այս ձևով հնարավորություն կունենանք զերծ մնալ այդ խնդրից։ Ինչ վերաբերում է դասգրքերին, ապա որպես մասնագետ պետք է ասեմ, որ բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմա, կենսաբանություն) դասագրքերը շատ վատ են գրված։ Ես ինքս, որ կարդում եմ, չեմ հասկանում։ Լեզուն շատ բարդ է։ Այնպիսի տպավորություն է, որ տերմինները լցրել են պարկի մեջ ու բերանը բացել։ Ես կողմ եմ, որ հիմնական դպրոցում պետք է կենցաղային բաներ անցնեն, օրինակ, մարդու կառուցվածք և այլն։ Երբ երեխան բացում է գիրքը, կարդում է ու չի հասկանում, կոտրվում է և չի շարունակում սովորել։ Բացի այդ դասգրքերը պետք է այնքան մատչելի լինեն, որ ծնողները կարողանան օգնել երխաներին։ Դասվարներից ես լսել եմ, որ երրորդ-չորրորդ դասարանների դասագրքերի վարժությունները և խնդիրները այնքան բարդ են, որ նույնիսկ մեծահասակներն են դժվարանում լուծել։ Մենք այսպես կոտրում ենք երեխային, որովհետև ինքն արդեն մտածում է, որ չի կարող լուծել այդ խնդիրները և չի կարող լավ սովորել։ Տարրական դպրոցների ծրագրերը պետք է թեթևացնել։ Տարրական դասարաններում ուղղագրություն անցնելու իմաստը ո՞րն է։ Պետք է բոլոր դասագրքերը նորից ուսումնասիրվեն, մասնավորապես՝ տարրական դասարաններինը։ Ռուսաց լեզվի ուսուցիչ տիկին Գևորգյան - Դասագրքերի մասին շատ երկար կարող ենք խոսել․ կան թեմաներ՝ և՛ անհետաքրքիր, և՛ հետաքրքիր։ Տարրականի գրքերը բավականին լավ են գրված։ Մենք ունենք ավանդական հեղինակներ և այլտերնատիվ դասագրքեր։ Այս առումով տարրական դպրոցում ավելի հեշտ է աշխատել։ 8-րդ, 9-րդ դասարաններում գիրքը բաժանվում է քերականության և գրականության։ Մանավանդ գրականությունը գրված է ոչ ժամանակակից ոճով։ Աշակերտները ցանկանում են ավելի ժամանակակից գրողների ստեղծագործություններ կարդալ։ Բոլորը գիտեն, որ սովետական դպրոցում բոլոր առարկաներից թելադրություններ էին գրում, և աշակերտները բավականին գրագետ էին, իսկ թեստայինը մեխանիկակական աշխատանք է։ Դասագրքերի քննարկման ժամանակ շատ ուսուցիչներ են մասնակցել տարբեր դպրոցներից։ Մենք մեր կարծիքները գրել էինք և ներկայացրել։ Այս տարի չենք մասնակցել քննարկումներին։ - Ինչպե՞ս եք երեխաներին ներգրավում դասապրոցեսի մեջ, ի՞նչ մեթոդներով, տեխնիկական միջոցներով։ Ռուսաց լեզվի ուսուցչուհի տիկին Գասպարյան - Նախևառաջ պետք է բոլոր դպրոցները ապահովված լինեն նորագույն տեխնոլոգիաներով։ Այո, մենք ունենք համակարգիչներ, բայց դրանք քիչ են։ Սա ո՛չ տնօրինության, ո՛չ էլ կոլեկտիվի հարցն է։ Սա պետության կողմից պետք է լուծվի։ Բոլոր դասարաններում պետք է լինեն համակարգչներ։ Երեխային շատ դժվար է ներգրավել դասին և սա շատ խանգարում է։ Կարծում եմ, որ կամաց–կամաց կգա այդ ժամանակը։ Բացի այդ, մենք նույնպես պետք է վերապատրաստվենք, որպեսզի կարողանանք լիարժեք օգտվել այդ միջոցներից։ Կարծում եմ, որ այս պահին աշխատանք ունի անելու նախարարությունը։ Ուսումնական գծով փոխտնօրեն տիկին Կարապետյան - Սովետական դպրոցում ծնողների և աշակերտների վերաբերմունքն էր այլ ուսուցիչների և դպրոցի հանդեպ։ Կար մեծագույն հարգանք, ինչը հիմա չկա։ Վերջին տարիներին արվող քարոզչությունը, թե ուսուցիչները քաղաքականացված են և կաշառակեր են, բերեց նրան, որ հարգանք գոյություն չունի։ Դասի ժամանակ աշակերտն ինչով ասես կարող է զբաղվել։ Սակայն, երբ ուսուցիչը նկատողություն է անում, ուսուցիչն է մեղավոր դուրս գալիս։ Աշակերտները և ծնողները սերտել են իրենց իրավունքները, բայց պարտականությունները՝ ոչ։ Ռուսաց լեզվի ուսուցչուհի տիկին Գասպարյան - Այսօր աշակերտն ավելի պաշտպանված է, քան ուսուցիչը։ Ուսուցչի հեղինակությունը պետք է վերականգնել։ Եթե երեխան հարգում է ուսուցչին, նա լսում է դասը և նաև լավ է սովորում։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ պահանջում եմ, որպեսզի այդ հեղինակությունը վերականգնվի։ Այսօր մենք խոսում ենք միայն այն մասին, որ պետք է երեխային պաշտպանել ուսուցչից։ Ինչո՞ւ։  Շարունակությունը կարող եք լսել փոդքասթում։ Զրուցել ենք նաև Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմանական դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանի հետ։ - Նշեք Ձեզ համար կարևոր 3 փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են կրթական համակարգին։ - Նախ պետք է նշել, որ ծնողը նույնպես ունի Սահմանադրությամբ հաստատված պարտավորություններ։ Օրինակ՝ ծնողն իրավունք ունի ընտրել իր պայմաններին համապատասխան դպրոց։ Նախկինում այդպես չէր։ Երբ լրանում է երեխայի 6 տարեկանը, ծնողը պարտավոր է նրան տանել իր ընտրած դպրոցը։ Նույնիսկ տնային պայմաններում ծնողը պետք է ապահովի երեխային սննդով, հագուստով, կենցաղային պայմաններով, նաև հոգեպես հանգիստ վիճակ պետք է ապահովի։ Բայց, ցավոք սրտի, մենք հիմա ունենք նաև նմանատիպ խնդիրներ, երբ ծնողները չեն կարողանում ապահովել այդ պայմանները։ Եթե երեխան գալիս է սոված, վատ միաջավայր ունեցող ընտանիքից, ամեն ինչ անդրադառնում է երեխայի գիտելիքի, սովորելու վրա։ Ծնողը պարտավոր է համագործակցել դպրոցի, ուսուցչի հետ։ Այս պահին խնդիր է նաև մասնագետների սակավությունը։ Մենք ունեինք ուսուցիչների թափուր հաստիքներ և ըստ անհրաժեշտ ընթացակարգի հայտարել էինք այդ մասին։ Բայց դիմող մարդիկ չեն լինում։ Բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ նախընտրում են կատարել ավելի հեշտ գործ և վարձատրվել ավելի բարձր, հասարակության կողմից գնահատվել, քան գալ և աշխատել որպես ուսուցիչ, քանի որ գնալով հասարակության մեջ ընկնում է ուսուցչի վարկանիշը։ Մեկ այլ հանգամանք․ այսօր դժվար է հանդիպել տղամարդ դպրոցի տնօրենների կամ ուսուցիչների։ Սա լուրջ խնդիր է։ Սրանք այն խնդիրներ են, որոնց կարելի է անդրադառնալ։ - Ինչպե՞ս է ընթանում աշխատանքը նախարարության հետ և ի՞նչ անել, որպեսզի քաղաքականությունը մուտք չգործի դպրոց։ - Նախ ընդգծեմ, որ չեմ եղել նախկին իշխող կուսակցության անդամ։ Եղել եմ այլ կուսկացության անդամ։ Ինչպես ասում են՝ եթե դու չզբաղվես քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի քեզնով։ Դպրոցի տնօրենը նշանակված է պետության կողմից և ուզի, թե չուզի, պետք է վարի պետական քաղաքականություն։  2018 թվականի հեղափոխությունից հետո ունենք մի շարք հաջողություններ։ Օրինակ`  անհերքելի է, որ այսօր դպրոցները, մանկապարտեզները, նույնիսկ կասեի ԲՈՒՀ-երը ապաքաղաքականացվել են։ Իհարկե, որպես քաղաքացի այդ հասատատություններում աշխատող մարդիկ իրավունք ունեն անդամակցել որևէ քաղաքական թիմի, սակայն այն ազդեցություն չպետք է ունենա դպրոցի գործունեության վրա։ Ինչ վերաբերում է կրթական ոլորտի բարեփոխումներին, ապա երբեք մեկ րոպեում հնարավոր չէ կատարել արմատական փոփոխություններ։ Պետք է ցանկացած ղեկավարում չլինի միանձնյա, այլ՝ թիմային։ Շարունակությունը կարող եք լսել փոդքասթում։
11:21 - 19 հունվարի, 2020
Ուսուցչանոց [#4] Անհրաժեշտ է դասարանների բեռնաթափում և ժամաքանակի իջեցում [Երևանի թիվ 29 ավագ դպրոց]

Ուսուցչանոց [#4] Անհրաժեշտ է դասարանների բեռնաթափում և ժամաքանակի իջեցում [Երևանի թիվ 29 ավագ դպրոց]

«Ուսուցչանոց» նախագծի շրջանակներում զրուցել ենք Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի ուսուցիչների հետ՝ այսօրվա դպրոցի խնդիրների, առարկայական դասագրքերի, ուսուցիչների վարձատրության թեմաներով։ - Ի՞նչ փոփոխություններ են անրհրաժեշտ ավելի լավ կրթական համակարգ ունենալու և վելի կրթված սերունդ ունենալու համար։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աստղիկ Բագրատյան - Դասարանների բեռնաթափում և ժամաքանակի իջեցում, որովհետև մեկ ուսուցիչը օրական ունենում է 5-6 ժամ և նույն արդյունավետությամբ չի կարող անցկացնել դրանք։ Բացի այդ՝ ուսուցիչը ժամանակ չի ունենում հանգստանալու և նորից գնալու դասի, քանի որ հանգստանալու համար ունես ընդամենը 5 րոպե։ Իմ կարծիքով այս երկու փոփոխություններn անհրաժեշտ են։Փոխտնօրեն Անահիտ Նազարյան - Եթե դասասենյակներում 30 և ավելի աշակերտ կա, ուսուցիչը չի կարող ապահովել բոլորին։ - Մեր նախորդ զրուցակիցները, որոնք նույնպես ուսուցիչներ էին, նշում էին, որ անհրաժեշտ է փոխել նաև դասագրքերի լեզուն, քանի որ այն բավականին բարդ է։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աստղիկ Բագրատյան - Չէի ասի։ Հիմա գրականություն չեն կարդում։ Հավատացե՛ք, որ հայոց լեզվի դասերը երեխաների համար ավելի հետաքրքիրն են, քան գրականության դասերը։ Բացի դրանից՝ քննությունների համար աշակերտներին պետք է հայոց լեզուն, դրա համար իրենք ավելի շատ կենտրոնանում են հայոց լեզվի վրա։ Փոխտնօրեն Անահիտ Նազարյան - Ավագ դպրոցի աշակերտները հստակ գիտեն, թե որ առարկաններն են իրենց անհրաժեշտ, և կենտրոնանում են դրանց վրա։ Լեզվի հարցրեն են շատ թեստերում, դրա համար կենտրոնացումը լեզվի վրա է։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ենգոյան Լուսինե - Դասագրեքերը վարժություններով ապահովված չեն, վարժությունները չնչին են և որակական ցուցանիշներ չեն ապահովում։ Ուսուցիչները օգտվում են լրացուցիչ գրականությունից, քերականական վարժություններից և այլն։ Իհարկե, գոնե լրացուցիչ գրականությամբ ապահովված ենք, բայց եթե դպրոցին պետք է տրամադրվեն գրքեր, սակայն դրանք բարձր արդյունավետություն չունենան, իմաստը ո՞րն է։ Այսինքն՝ կախված է ուսուցչի անհատական, առարկայական մոտեցումից։ - Մի փոքր խոսենք այս սերնդի հետ աշխատանքի դժվարությունների մասին։ Նշվում է, որ աշակերտների հետ արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ են նոր մեթոդներ, տեխնիկական միջոցներ։Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ենգոյան Լուսինե - Կարող եմ ասել, որ մերը ավագ դպրոց է և մեզ մոտ գալիս են միջին դպրոցից և գալիս են բավականին չնչին պատրաստվածությամբ։ Սա դժվարացնում է մեր աշխատանքը։ Իհարկե, ավագ դպրոցը նախորդ տարների գիտելիքների կրկնությունն է, բայց եթե երեխան լավ տեղեկացված չէ, ուսուցիչը զբաղվում է կրկնությամբ, երեխան կանգնում է խնդրի առաջ։ Հիմնական դպրոցներից գալիս են բարձր գնահատականներով և ավագում ունենում են խնդիր նաև գնահատականների հետ կապված։ Օրինակ հայերենը․ ինչպե՞ս կարելի է  միասնական քննությունը ստանալ բարձր, բայց չիմանալ կետադրություն և ուղագրություն։ Ճիշտ չեմ համարում նաև թեստային աշխատանքները, քանի որ այդ ժամանակ կենտրոնացումը լինում է քերականության վրա, ոչ թե կետադրության, ուղղագրության։ Երբ դու կոնկրետ առարկայի գիտելիքներ ես ստուգում, հասկանում ես, որ երեխան սահմանափակվում է քերականական գիտելիքներով։ Շարունակությունը կարող եք լսել փոդքասթում։ Զրուցել ենք նաև Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանի հետ։ - 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո բոլորս ակնկալում ենք փոփոխություններ, նաև կրթական ոլորտում։ Ի՞նչ փոփոխություններ եք տեսնում և ի՞նչ տեսլական ունեք։ - Քանի որ խնդիրները շատ են, դժվար է պատկերացնել, թե ինչ արագությամբ և ինչ ժամանակահատվածում կարելի է շոշափելի փոփոխություններ տեսնել։Բոլորս էլ վստահ ենք, որ այդ փոփոխությունները պետք է արվեն ի նպաստ և ի օգուտ կրթական համակարգի։ Բոլորս ունենք դրական փոփոխությունների սպասումներ։ - Դուք երկար տարիներ է արդեն, որ այս դպրոցի տնօրենն եք։ Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել Ձեր ղեկավարման տարիներին՝ նախարարության, քաղաքապետարանի հետ։ Ինչպե՞ս եք հաղթահարել այդ խոչընդոտները։ Ինչպե՞ս եք արել, որպեսզի քաղաքականությունը մուտք չգործի դպրոցներ։ - Որպես կանոն դպրոցը չի առնչվել Ձեր նշած քաղաքական խոչընդոտներին։ Իհարկե, այլ առումներով որոշակի խնդիրներ եղել են, օրինակ՝ ռուսական դասարանների հետ, երեխաների ընդհանուր ժամանակակից տեխնոլոգիաների հետ կապված։ Ինչ վերաբերում է ծրագրային խնդիրներին, դրանցից էլ չենք խուսափել և միշտ էլ գերհագեցած և գերծանրաբեռնված ծրագրերը խանգարել են արդյունավետ ուսուցումը ապահովելու համար։ -Քննությունների նախապարաստվելու համար բացակայություններին ինչպե՞ս եք վերաբերում և այդ խնդիրն ինչպե՞ս եք լուծում։ - Շատ դաժան, որովհետև, երբ ավելորդ խստություն ես դրսևորում և փորձում ես անհանդուրժող լինել բացակայությունների նկատմամբ, աշակերտները հեռանում են դպրոցից, որովհետև իրենք ի վիճակի չեն լինում և՛ կրկնուսույցների մոտ պարապել, և՛ գալ դասի։ Մենք փորձում ենք երեխային բերել դպրոց, բայց այդ պարագայում նրանք նախընտրում են գնալ այնպիսի դպրոց, օրինակ՝ մասնավոր, որտեղ բացակայությունների նկատմամբ պակաս խստություն են դրսևորում։ Կան երեխաներ ովքեր առաջին ժամերին ուղղակի քնում են, որովհետև ամբողջ գիշեր պարապում են։ Սա մեր համակարգի ամենամեծ բացթողումն է, որը հնարավորություն չի տվել աշակերտին դպրոցում ստացած գիտելիքներով ընդունվել բուհ և աշակերտները ստիպված են լինում դիմել կրկնուսույցների: - Եթե խոսենք ղեկավարման մասին, երբ պետք է ղեկավարը հասկանա, որ պետք է լքի իր պաշտոնը, երբ պետք է հասկանա, որ սերնդափոխության կարիք կա։ - Երբ հասկանա, որ բավականաչափ չի սիրում այն գործը, որն անում է և արդյունավետ չի կատարում իր աշխատանքը։ Եթե ինքը գոհ է իր կատարած աշխատանքից և մտածում է, որ ուրիշը գուցե ավելի լավ չկարողանա անել, նա կարող է մնալ իր տեղում և աշխատել, տարիքային ցենզով որոշելը, որոշ դեպքերում կարող է արդարացված չլինել։ Կարող է արդեն թոշակի հասած մարդը դեռ իվիճակի լինի շատ ավելի լավ ղեկավարել այդ հասատատությունը, քան ավելի երիտասարդ մարդ։ - Մեր նախորդ զրուցակիցներից մեկը նշեց, որ տնօրենի պաշտոնը լքելու որոշումը կարող է կայացնել նաև շահառու հանրությունը։ - Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, քանի որ սա նույնպես հստակ չէ։ Դժվար է  ընտրել շահառուների այն նեղ շրջանակը, ով պետք է որոշի։ Բացի ցանկացած աշխատանք պահանջում է օբյեկտիվ գնահատում։ Դպրոցն այնքան հանրային է, որ որևէ գաղտնիք չկա և հանրությանը պարզ երևում է,թե ով ինչպես է աշխատում։
17:01 - 14 հունվարի, 2020
Ուսուցչանոց [#3] Ավագ դպրոցներ ունենալու համակարգը կոտրեց գիտության մեջքը [Երևանի թիվ 114 ավագ դպրոց]

Ուսուցչանոց [#3] Ավագ դպրոցներ ունենալու համակարգը կոտրեց գիտության մեջքը [Երևանի թիվ 114 ավագ դպրոց]

«Ուսուցչանոց» նախագծի շրջանակներում զրուցել ենք Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 հիմնական դպրոցի ուսուցիչների հետ՝ այսօրվա դպրոցի խնդիրների, առարկայական դասագրքերի և կրթական ոլորտում փոփոխությունների թեմաներով։ - Ինչպե՞ս է ստացվում ձեր աշխատանքը նոր սերնդի հետ։ Շատ հաճախ ուսուցիչներն ասում են, որ նոր սերնդի հետ աշխատելու համար անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներ, մեթոդներ, դասագրքեր։ Ո՞րն է ձեր կարծիքն այս հարցի շուրջ։ Ֆիզիկայի ուսուցչուհի տիկին Ներսիսյան-Դասագիրքը կազմված է այնպես, որ երեխաները չսիրեն ֆիզիկա առարկան։ Գրված է բարդ լեզվով, անգամ ուսուցիչը կարող է դժվարանալ։ Կես էջում գրվում է մեկ միտք և երեխան այն պետք է յուրացնի։ Սա անհնար է։ - Ի"նչ եք կարծում՝ Ձեր աշխատանքը բարդանում է նաև այն պատճառով, որ աշխատում եք ավագ դպրոցի աշակերտների հետ։ Ֆիզիկայի ուսուցչուհի տիկին Ներսիսյան - Անպայման,  որովհետև ես հիմնական դպրոցում տարրական լեզվով երեխային սովորեցնում էի ֆիզիկայի տառերը, իսկ ավագ դպրոցում արդեն նախադասությունները։ Հիմա երեխաները գալիս են տարբեր դպրոցներից և ասում, որ այդ թեման չեն անցել։ Վստահ եմ, որ անցել են, բայց ես այլ փաստ չունեմ։ Ավագ դպրոցներ ունենալու համակարգը կոտրեց գիտության մեջքը։ Հայոց պատմության ուսուցչուհի տիկին Ղալինյան -Հայոց պատմությունը նույնպես շատ բարդ է, գրքի լեզուն բարդ է, խտացված, չեն կարողանում հիշել։ Բացի սա, տարբեր հոսքեր կան։ Խնդիր է նաև այն, որ գնում են բուհ այլ դասագրքով, հոսքում՝ սովորում են այլ դասագրքով։ Փորձում ենք ավելի հեշտ միջոցներով երեխաներին սովորեցնել։ -Քննարկվում է նաև Հայոց եկեղեցու պատմություն առարկան միացումը Հայոց պատմություն առարկաին։ Ըստ ձեզ՝ սա որքանո՞վ է արդյունավետ միջոց։ Հայոց պատմության ուսուցչուհի տիկին Ղալինյան - Հայոց եկեղեցու պատմությունը մենք անցնում ենք նաև Հայոց պատմության համատեքստում, իսկ որպես առանձին առարկա անցնում ենք ավելի մանրամասն։ Իհարկե կարող ենք անցնել միայն Հայոց պատմության առարկայի համատեքստում՝ առանց խնդիրների։ -2018 թվականին տեղի ունեցած դեպքերից հետո շատ է շեշտվում, որ հեղափոխություն եղավ տարբեր ոլորտներում։ Ձեր կարծիքով ի՞նչ է փոխվել կրթական ոլորտում և ի՞նչ փոխվեց այս ուսուցչանոցում 2018 թվականից հետո։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի տիկին Թորոսյան - Իմ կարծիքով փոխվեց երեխաների մտածելակերպը, որոշ չափով փոխվեց արժեհամակարգը, բայց սա ուներ նաև բացասական կողմ։ Այսօր երեխաները չափից դուրս ինքնավստահ են, ուսուցիչների ձեռքին չկան լծակներ ազդելու այդ բացասական կողմերի վրա։ Ավագ դպրոցներ են գալիս տարբեր դպրոցներից և գալիս են այն տարիքում, երբ բոլորը ցանկանում են ինքնահաստատվել։ Կանգնում ենք այն խնդրի առջև, որ երեխայի հետ պետք է աշխատել և՛ հոգեբանորեն, և՛ նրա գիտելիքներն ավելացնելու ուղղությամբ։ Պետք է աշխատել և նաև դաստիարակել։ Քանի՞ ուղղությամբ պետք է աշխատի ուսուցիչը՝ չունենալով ձեռքին որևէ լծակ։ Աշակերտին մենք անձնապես չենք վիրավորում, բայց նա կարող է իրեն այնպես պահել, որ հունից հանի քեզ, բաց մենք մեզ զսպում ենք։ Հիմա աշակերտները գիտեն իրենց իրավունքները, բայց պարտականությունները չգիտեն։ Հաճախ ծնողների հետ ենք խոսում, բայց այսօրվա դրությամբ ուսուցիչները անպաշտպան են։ Ավագ դպրոցը ունի լրջագույն խնդիրներ և ամեն օր այդ անջրպետն ավելանում է։ Չնայած այս ամենին՝ մենք լրջագույն խնդիր չենք ունեցել մեր աշակերտների կամ իրենց ծնողների հետ, որովհետև ունենք շատ լավ հոգեբան-ուսուցիչներ։ - Բոլորս էլ առնչվել ենք այս ոլորտի հետ և գիտենք, որ ուսուցչի աշխատանքը բարդ է, աշխատավարձը ցածր, և մենք խնդիր ունենք երիտասարդ կադրերի ներգրավվածության հետ կապված։ Ձեր կարծիքով ի՞նչ պետք է անել, որ այս աշխատանքը գրավիչ լինի նոր սերնդի համար։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի տիկին Թորոսյան - Առաջին հերթին, արդեն նշեցինք, ուսուցչի պաշտպանվածությունը։ Պրակտիկանտներ շատ ենք ունենում, ովքեր հիանում են մեր դպրոցով, բայց ոչ մեկ չի համաձայնվում աշխատել այստեղ։ Եթե ինձ հարցնեն, թե ես ինչ կփոխեի՝ միայն կասեի, որ պետք է հետ բերել սովետական կրթական համակարգը, բացառապես միայն կրթական համակարգը և դասգրքերը։ Այն ազատությունը, խոսքի ազատությունը, որն ունի աշակերտը շատ ընդունելի է, ինֆորմացիայի մեծ հոսքը, աշակերտի մտքի զարգացումը իհարկե դրական են։ Շարունակությունը կարող եք լսել փոդքասթում Զրուցել ենք նաև Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի հետ։  - 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո պետք է իրավիճակ փոխվեր նաև կրթական ոլորտում։ Ի՞նչ դրական և բացասական փոփոխոթյուններ եղան և ի՞նչ տեսլական ունեք։ - Փոփոխություն եղավ ընդհանրապես ամբողջ երկրում է և ոչ միայն դպրոցներում։ Իմ կարծիքով՝ դրական պետք է լինեն դրանք։ Մեր կոլեկտիվը շատ լավ, համերաշխ է եղել և այդ առումով փոփոխություն չի եղել։ Երկար տարիներ մենք աշխատում ենք միասին։ Նախկինում ես այս դպրոցում եղել եմ ուսուցիչ, հետո՝ փոխտնօրեն, ապա՝ տնօրեն։ Այդ երկար աշխատանքային տարիների ընթացքում կոլեկտիվի համերաշխությունը շատ լավ, բարձր հիմքերի վրա է։ Այստեղ այսպես է՝ «Մեկը՝ բոլորի, բոլորը մեկի համար» ։ Կա մի բան, որի մասին խոսվում է և նաև նախարարն է այդ մասին խոսում, որ նախկինում դպոցները եղել են քաղաքականացված։ Մեր դպրոցում երբևէ որևէ ուսուցիչ քաղաքականացված չի եղել և շարունակվում է այդպես, և երբևէ որևէ ուսուցիչ չի կարող ասել, որ իրեն տրվել է հանձնարարություն, որովհետև ինձ նույնպես չի տրվել։ Ես չեմ արել քաղաքականացված քայլեր։Շատ լավ է, որ մեր կոլեկտիվը մաքուր է եղել նաև այդ առումով, և իրար երեսի նայել ենք շատ պարզ։ Ես միշտ, տարբեր ժամանակներում տարբեր բաներ եմ լսել և ուրախացել եմ, որ մենք չկանք այդ ամենի մեջ։ Այդքան տնօրենի զանգել էին, ձայնագրել էին։ Ինձ նույնպես զանգել են, չեմ կարող հակառակն ասել, բայց ես միանգամից ասացի՝ «Ի՞նչ ցուցակ։ Ես չեմ ասել՝ ինձնից ցուցակ չուզեք»։ Մենք սովոր չենք եղել նման բաների և այդ առումով մեր դպրոցում միշտ հանգիստ է եղել։ Այսօր ես լսում եմ, որ դպրոցները մաքրված են, դպրոցներում քաղաքականություն չկա, դպրոցների աշխատանքն այնքան շատ է, որ այդ ավելորդ հոգսը որևէ տնօրենի և ուսուցչի հարկավոր չէ։ - Որո՞նք են ավագ դպրոցի ղեկավարման դժվարությունները - Գիտեք, բոլոր ժամանակներում ավագ տարիքի հետ բնականաբար ավելի դժվար է եղել, քան միջին կամ տարրական դասարանների աշակերտների հետ։ Փորձը ունեցել ենք և, կարծես թե, մեծ դժվարություններ չեն եղել։ Այստեղ մի փոքր դժվարություն կա, որ 9 տարի այլ դպրոցներում սովորող երեխաները գալիս են այլ դպրոցներ և իրենք՝ մասնավորապես տղաները, խնդիր ունեն կայանալու։ Սկզբի ամսիներին մի փոքր բարդություն լինում է, բայց այն շատ արագ հարթվում է։ Աշխատանք են տանում և՛ դասղեկները, և՛ տնօրինությունը։ Հիմնականում իրենց բացատրում ենք, որ այդպես չեն կայանում։ -Նշեցիք, որ երկար տարիներ է աշխատում եք այս դպրոցում, հաջորդ հարցիս կարող եք պատասխանել՝ առհասարակ, կամ Ձեր օրինակով։ Ե՞րբ պետք է ղեկավարը լքի իր պաշտոնը կամ այն փոխանցի նոր սերնդին։ - Իմ կարծիքով, շատ բանական անձ պետք է լինի և, երբ հասկանա, որ ինքը հոգնած է՝ ոչ միայն ֆիզիկական առումով, այլ տարբեր առումներով, ինքնուրույն պետք է հեռանա։ Չպետք է բանը հասնի նրան, որ ղեկավարին հեռացնեն։ Պետք է ավյունով աշխատել։ Իհարկե, երկար տարիների աշխատանքն էլ ունի դրական կողմ՝ փորձառությունը, բայց լինում են նաև տարբերակներ, որ տարիներն էլ ոչինչ չեն փոխում։ Այդ դեպքում, իմ կարծիքով, բարոյական է ինքնուրույն հեռանալը։
12:21 - 12 հունվարի, 2020
Ուսուցչանոց [#2] Մենք դեռ լավատեսորեն սպասում ենք, որ ինչ-որ բան կփոխվի դասագրքերում [Երևանի թիվ 8 հիմնական դպրոց]

Ուսուցչանոց [#2] Մենք դեռ լավատեսորեն սպասում ենք, որ ինչ-որ բան կփոխվի դասագրքերում [Երևանի թիվ 8 հիմնական դպրոց]

«Ուսուցչանոց» նախագծի շրջանակներում զրուցել ենք Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ուսուցիչների հետ՝ այսօրվա դպրոցի խնդիրների, առարկայական դասագրքերի, ուսուցիչների վարձատրության թեմաներով։- Կցանկանայի սկզբում անդրադառնալ Հայոց լեզվի եւ գրականության դասագրքերին, ինչը շատ քննարկվող է։ Կխնդրեմ ասել ձեր կարծիքը այս դասագրքերի վերաբերյալ։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Պետրոսյան - Ես կարծում եմ, որ դասագրքերի հարցում  մենք ունենք խնդիրներ: Գիտեմ նաեւ, որ հիմա աշխատանք է կատարվում՝ 7-րդ դասարանի գրականության դասագրքի շուրջ են աշխատում: Մենք դեռ լավատեսորեն սպասում ենք, որ ինչ-որ բան կփոխվի դասագրքերում։ Իհարկե, չեն գոհացնում և՛ Հայոց լեզվի, և՛ մայրենիի, և՛ գրականության դասագրքերը։ - Ինչպե՞ս եք տեղեկանում, որ, օրինակ, ինչ-որ դասարանի գրքի շուրջ տեղի են ունենալու քննարկումներ։ Արդյո՞ք նախարարության կողմից կամ ԳԹԿ-ի կողմից պատշաճ ծանուցվում են ուսուցիչները։ Ներառականությունը ինչպե՞ս է տեղի ունենում։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Պետրոսյան - Ես իմացել եմ մեր փոխտնօրենից, թե ինքը որտեղից է իմանում, ճիշտն ասած, չգիտեմ։ - Այսինքն` ուսուցիչները էլեկտրոնային փոստի միջոցով կամ որեւէ փոստային ծառայության միջոցով չե՞ն ծանուցվում կամ դպրոցը ընդհանուր չի՞ ծանուցվում։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Պետրոսյան - Դպրոցը՝ չգիտեմ, միգուցե ծանուցվում է։ Ես իմացել եմ մեր փոխտնօրենից, ինքն է մեզ բոլորիս ասել։ - Ավարտական քնությունների շտեմարանների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք։ Արդյո՞ք պետք է փոխվեն։ Արդյո՞ք պետք է լրիվ հանվեն։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Ավետիսյան -Շատ սուբյեկտիվ է այդ տեսակ աշխատանքի ստուգումն ու գնահատումը։ Եթե մեզ 9-րդ դասարանի սկզբից հաղորդում են, որ պիտի հանձնեն միասնական քննություն, որքանո՞վ է այն արդարացի։ Դու երեխային պատրաստում ես փոխադրության, քանի որ մյուս տարիներին էլ այդպես է եղել։ Ես կարծում եմ, որ պետք է խելքին մոտիկ ժամանակահատված տրվի։ Եթե գիտելիքների ստուգման տարբերակն այդպիսին է, ուրեմն պահանջեք այդպիսի տարբերակ, բայց տվեք ժամանակահատված, որ ես իմ աշակերտին պատրաստեմ։ Պահանջները տարբեր են․ մի բան է փոխադրության համար պատրաստել երեխային, մեկայլ բան` թեստայինի։ Այնտեղ քերականախեղդ տարբերակ է, իսկ այստեղ բոլորըմիացրած եւ մի բան էլ ավելին է։ - Հեշտ է արդյո՞ք համընթաց գնալ երեխաների պահանջներին․ մտածելակերպերի տարբերություն, սերունդների բախում, պահանջներ, տեխնոլոգիաներ, մեխանիզմներ։Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Պետրոսյան - Իհարկե, հեշտ չէ, բայց մենք փորձում ենք այդ ամենին իրենց տեսանկյունից նայել, իրենց աչքերով նայել, որովհետեւ ի վերջո մենք գործ ունենք երեխաների հետ։ Մենք և՛ դաստիարակում ենք, և՛ փորձում ենք իրենց որպես աշակերտ տեսնել, փորձում ենք որպես մարդ տեսնել ու փորձում ենք դրա մեջ մեր լուման ներդնել։ Շատ դժվար է, բայց մենք, իհարկե, աշխատում ենք, մենք անընդհատ մեզ վրա էլ ենք աշխատում։ - Ինչպե՞ս եք գնահատում դպրոցի տեխնոլոգիական հագեցվածությունը։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Պետրոսյան - Մերը լավ ենք գնահատում, որովհետև ես վերջերս գնացել էի սեմինարների և հասկացա, թե ինչ դպրոցներ կան, որ  ունեն ընդամենը մեկ դասարան՝ համակարգչով և էլեկտրոնային գրատախտակով։ - Կուզեի նաև խոսել թիմային աշխատանքից։ Դպրոցում ինչպե՞ս եք յուրաքանչյուր հարցի շուրջ ձևավորում թիմ և որոշումներ կայացնում․ կլինի թե՛ մեթոդ-միավորումներով, թե՛ ուղղակի տարբեր առարկաների մեթոդ-միավորումների համագործակցությամբ, թե՛ փոխտնօրեն- ուսուցիչ, տնօրեն- ուսուցիչ։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Պետրոսյան - Մեզ մոտ  շատ արագ է ստացվում, մենք տարբեր հարթակներում ունենք խմբեր։ Եթե մեզ հայտարարում են, որ պիտի տվյալ խնդիրը լուծում ստանանք, լույսի արագությամբ հավաքվում, փորձում ենք գալ ընդհանուր հայտարարի։ Մենք ունենք խումբ Վայբերում, հիմնական խումբ, դասղեկների խումբ, որտեղ ներկայացվում են բոլոր հայտարարությունները, մեր աշխատանքները, հաշվետվությունները։ Շարունակությունը կարող եք լսել փոդքասթում։ Զրուցել ենք նաև Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոցի տնօրեն ՆատալիՍտեփանյանի հետ։ - Տիկին Ստեփանյան, ինչպե՞ս եք փորձում համակարգել աշխատանքը այսքան բարդ, տեխնոլոգիապես արագ ընթացող դարում և ապահովել երեխաների կրթությունը՝ դարին համապատասխան և արագությանը համապատասխան։ - Ձեր երկար հարցի պատասխանը կարճ է՝ ապահովելով լավ մթնոլորտ։ Կրթական ոլորտը այն ոլորտներից է, որտեղ վերոնշյալն առաջին անհրաժեշտությունն է։ Եթե դպրոցում մանկավարժների միջև կա բարիդրացիական և ճիշտ մթնոլորտ, և այդ կլիման այնպիսին է, որ մանկավարժները սիրով են գալիս դպրոց, կարծում եմ՝ առաջին նախապայմանն է ու հիմնական գրավականը՝  դպրոցի ճիշտ և արդյունավետ աշխատանքի։  - Պուշկինի անվան դպրոցը բավականին ռեյտինգային դպրոց է։ Կխնդրեմ նշել աշակերտների թիվն այս տարվա համար։ Քանի՞ աշակերտ ունեք, արդյո՞ք շենքային պայմանները, տեխնոլոգիական պայմանները հարմար են աշակերտների թվին։ - Այս պահի դրությամբ ունենք մոտավորապես 1800 աշակերտ։ Կարող է՝  միփոքր ավել լինեն, մի փոքր պակաս, որովհետև շարժն անընդհատ է։ Դպրոցում և՛գնացողներ կան, և՛ եկողներ։ Շենքային պայմանները տեխնիկապես բավարար են,որովհետեւ մեր դասասենյակները հագեցած են նորագույն տեխնիկական միջոցներով․դասասենյակներում ունենք սմարթբորդներ, համակարգիչներ, լաբորատորիաներ ունենք՝շատ լավ, գործող, տարրական դպրոցը անջատված է հիմնական դպրոցից՝իր բոլոր ենթակառուցվածքներով։ - Այս տարի դպրոցների ընդունելության կարգը դարձավ առցանց։ Արդյո՞ք կարգի փոփոխության պատճառով հանդիպել եք դժվարությունների։ - Բողոքներ կային, իհարկե, այն մարդկանց կողմից, ովքեր ինչ-ինչ՝ այդ թվում նաևտեխնիկական պատճառներով չկարողացան գրանցվել։ Բայց դպրոցի, ԿՏԱԿ համակարգիեւ ԿԳՄՍ նախարարության ճիշտ համագործակցության արդյունքում բոլոր խնդիրները շտկվեցին, եւ այն ծնողները, որոնք ունեին դժգոհություն եւ իրոք ունեին բոլոր հավաստիքները, որ իրենց գրանցումը տեղի է ունեցել, նախարարությունն էլ, ԿՏԱԿ-ն էլ իրենց ընդառաջ գնացին եւ արդյունքում որեւէ դժգոհ մարդ, որքանով որ ես գիտեմ, չեղավ։ Ինչ վերաբերում է ընթացակարգին՝  շատ պարզ ընթացակարգ էր։ Կարծում եմ՝ ավելի հեշտացրեց դպրոցի տնօրենների աշխատանքը, որովհետեւ շատ անգամ իրոք արդեն դպրոցում տեղ չլինելու պատճառով ստիպված ես մերժել։ Երբեմն լինում են դեպքեր, երբ այդ մերժումը որակվում է որպես սուբյեկտիվ։ - Դուք արդեն երկրորդ շրջանն է, որ սկսել եք կառավարել դպրոցը։ 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցան իրադարձություններ, փոխվեցին ոլորտը ղեկավարող անձինք։ Դուք տեսնու՞մ եք փոփոխություն, ի՞նչ է փոխվել գործընթացներում, թեկուզ դպրոց-քաղաքապետարան, դպրոց-ԿԳՄՍՆ համագործակցությունը, փոխհարաբերությունները․ ո՞ր ընթացակարգերն են ավելի հեշտացել, ի՞նչն է Ձեզ համար փոխվել։ - Գիտեք, սա այն ոլորտն է, որտեղ այդ փոփոխությունները շատ արագ նկատելի չեն։Կրթության ոլորտում բարեփոխումները նկատելի դարձնելու համար նվազագույնը 5-10 տարի պահանջվում է, որպեսզի այն տեսանելի լինի։ Ինչ վերաբերում էփոխհարաբերություններին, կարծես թե ամեն ինչ շատ ճիշտ եւ լավ կազմակերպված է։Որեւիցե խոչընդոտ՝ կապված թե՛ շփման, թե՛ ինչ-որ խնդիրների կարգավորման առումովչկա։ - Ե՞րբ պետք է ղեկավարն իր առաքելությունը ավարտված համարի եւ լքի պաշտոնը,արդյո՞ք ղեկավարը պետք է լքի պաշտոնը, թե պետք է իրեն հեռացնեն։  - Յուրաքանչյուր ոլորտում էլ անձը ունի սուբյեկտիվ մոտեցում իր նկատմամբ, իրկատարած աշխատանքի նկատմամբ։ Ինքնագնահատականի վրա թողնել անձիհեռանալու եւ չհեռանալու որոշումը, իմ կարծիքով, սխալ է։ Պետք է որոշի հանրությունը։Այսինքն, եթե տնօրենը կապված է, աշխատում է աշակերտի, ծնողի եւ մանկավարժներիհետ, որոշումը, թե որ պահին տնօրենը պետք է համարի իր առաքելությունը կատարված, պետք է կայացվի այդ շահառուների կողմից։
15:30 - 10 հունվարի, 2020
Ուսուցչանոց [#1] Դասագրքերի բարդ լեզվի պատճառն այն է, որ քննարկումներին ուսուցիչները ներգրավվում են միայն որպես խորհրդատուներ [Երևանի թիվ 19 հիմնական դպրոց]

Ուսուցչանոց [#1] Դասագրքերի բարդ լեզվի պատճառն այն է, որ քննարկումներին ուսուցիչները ներգրավվում են միայն որպես խորհրդատուներ [Երևանի թիվ 19 հիմնական դպրոց]

«Ուսուցչանոց» նախագծի շրջանակներում զրուցել ենք Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի ուսուցիչների հետ՝ այսօրվա դպրոցի խնդիրների, առարկայական դասագրքերի, ուսուցիչների վարձատրության թեմաներով։ - Արդյո՞ք հեշտ է աշխատել այսօրվա սերնդի հետ և որո՞նք են հանդիպող դժվարությունները։ Փոխտնօրեն, ֆիզիկայի ուսուցչուհի Մարիամ Հայրապետյան- Յուրաքանչյուր սերունդ էլ ունի իր դեմքը և յուրաքանչյուր սերնդի հետ աշխատելիս եղել են դժվարություններ։ Յուրաքանչյուր ժամանակ էլ եղել են դժգոհություններ, ուսուցիչների բողոքներ, տարեցի և երիտասարդի անհամապատասխանություն։ Ուղղակի այսօրվա սերնդի ուշադրություն գրավելը մեզանից ավելի շատ ջանք է պահանջում, քան առաջվա ուսուցիչներից, որովհետև այսօրվա սերնդի հիշողության պաշարը, ուշադրության քանակը շատ ավելի քիչ է։ Իրենց պետք է անընդհատ կարողանաս ինչ որ մի բանով հետաքրքրել, զբաղեցնել, որպեսզի կարողանաս ուշադրություն հրավիրել։ Մեր այսօրվա ծնողներն ու երեխաները ազատություն ասվածը մի փոքր ճիշտ չեն հասկանում, սահմանները չեն պատկերացնում։ - Ի՞նչ նոր մեթոդներ են անհրաժեշտ դասընթացն ավելի հետաքրքիր դարձնելու համար․ գրքերի փոփոխություն, կահավորման խնդիր։ Փոխտնօրեն, պատմության ուսուցչուհի Սոնա Մալոյան- Պետք է մաքսիմալ, ինչքան հնարավոր է նոր տեխնոլոգիաները դպրոց մտցնել։ Ճիշտ է՝ այն իր հերթին որոշ չափով  կբերի գիտելիքի մակերեսայինության, բայց այն երեխաների ուշադրությունը գրավելու, դասապրոցեսում պահելու համար շատ անհրաժեշտ պայման է ուղղակի։ Չպետք է նայել դպրոցների հնարավորությանը։ Տեխնոլոգիաներով ապահովելը պետությունը պետք է իր վրա վերցնի։ - Դասագրքերի առումով ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ։ Փոխտնօրեն, պատմության ուսուցչուհի Սոնա Մալոյան- Շատ քննարկվեց Հայոց եկեղեցու պատմության հարցը Հայոց պատմության համատեքստում։ Ես ընդունելի եմ համարում այդ տարբերակը։ Հնարավոր է Հայոց եկեղեցու պատմությունն անցնել Հայոց պատմության համատեքստում՝ ավելացնելով ժամաքանակը, որովհետև եղած ժամաքանակի պայմաններում հնարավոր չի այն իրականացնել։ Միաժամանակ, ինձ թվում է, որ այն ավագ դպրոցում պետք է անցնել՝ որպես քրիստոնեական բարոյագիտություն։ Չպետք է միանգամից հրաժարվել մեր արժեքներից։ Ամեն ինչը միանգամից ենք անում։ Կրթությունն այդպես չի սիրում։ Այնքան աստիճանաբար այն պետք է լինի, այնքան աննկատ պետք է լինի, որ կրթությունը չտուժի դրանից։ Այդքան արմատականությունով այս հարցում, մենք սերունդներ ենք փորձարկում, սերունդներ ենք կորցնում։ Փոխտնօրեն, ֆիզիկայի ուսուցչուհի Մարիամ Հայրապետյան- Ամեն մի փորձարկում մի սերնդի դաստիարակություն է, մի սերնդի գիտելիք է, մի սերնդի կորուստ է։ Փոխտնօրեն, պատմության ուսուցչուհի Սոնա Մալոյան- Ես կուզեի, որ մի քիչ շատ մանկավարժներ ներգրավված լինեին փոփոխությունների գործընթացում։ Այն աստիճանի աննկատ  պետք է արվեն փոփոխությունները, որ չզգացվի սերնդի վրա այդ փոփոխությունը։ Մենք միանգամից վերցնում ենք, այս առարկան հանում ենք, այն առարկան դնում ենք, ժամաքանակն ենք փոփոխում։  Դասագրքերի քննարկման ժամանակ ներգրավվում ենք միայն որպես խորհրդատուներ։ Հենց սրանով է պայմանավորված, որ դասագրքերի լեզուն բարդ է, խրթին։ Կան թեմաներ, որոնք երեխան հեշտ է ընկալում, կան թեմաներ, որ դժվար է ընկալվում՝ կախված նրանից, թե ովքեր են գլուխների հեղինակները։ - Ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն ավարտական քննությունների և առհասարակ թեստային քննությունների մասով։ Փոխտնօրեն, պատմության ուսուցչուհի Սոնա Մալոյան- Թեստերով քննությունների անցկացման բացասական կողմը համարում եմ այն, որ երեխաների օգտվելու հնարավորությունը մեծ է։ Պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի այդ օգտվելը բացառվի։ Մենք չենք կարողանում օբյեկտիվությունն ապահովել, այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ չարտագրեն և սա համարում ենք բացասական կողմ։ Փոխտնօրեն, ֆիզիկայի ուսուցչուհի Մարիամ Հայրապետյան- Ժամանակին թեստեր չէին, ուրիշ առաջադրանքներ էին, երեխաներից էլի նույն զոմբիությունը չէի՞ն  ուզում․ դասագրքի բառերը, կետը հանկարծ չդրեց՝ դիտողություն էր, նախադասությունը մի փոքր այլ գրեց՝ դիտողություն էր։ Այն ժամանակ ավելի ոչ օբյեկտիվ էր, ինչ որ մի տեղ, քանի հիմա, ուղղակի պետք է պայմաններ ապահովել։ - Կարծրատիպ կա, որ դպրոցներում դասավանդում են տարիքով մեծերը։ Ինչպե՞ս է ընթանում աշխատանքը, երբ այս սենյակում հանդիպում են երկու տարբեր սերունդների ներկայացուցիչներ։ Ինչպե՞ս են աշակերտներն ընդունում սերունդների տարբերությունը։ Փոխտնօրեն, պատմության ուսուցչուհի Սոնա Մալոյան- Այսօրվա դպրոցի համար սերնդափոխությունը լուրջ խնդիր է, շատ լուրջ խնդիր է մի պարզ պատճառով․ ոչ մի լուրջ մասնագետ երիտասարդ դպրոց չի մտնի։ Պատճառները բոլորս գիտենք։ Դպրոց մտնող երիտասարդները  հիմնականում պատրաստ չեն դպրոցում աշխատելու, պատրաստ չեն ո՛չ որպես մասնագետ, ո՛չ որպես մանկավարժ, և այդ սերնդափոխությունը դարձել է լուրջ խնդիր դպրոցի համար։ Ես վստահ եմ, որ ոչ միայն մեր դպրոցի համար։ Շարունակությունը կարող եք լսել փոդքասթում։
16:35 - 07 հունվարի, 2020