«Ուսուցչանոց» նախագծի շրջանակներում զրուցել ենք Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցի ուսուցիչների հետ՝ այսօրվա դպրոցի խնդիրների վերաբերյալ։
- Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի դասագրքերը լինեն ավելի արդյունավետ։
Ուսումնական գծով փոխտնօրեն տիկին Կարապետյան - Նախ գոհ ենք, որ դասագրքերը բաժանվեցին երկու մասի, որովհետև թեթևացան երեխաները, քանի որ 13-14 տարեկան երեխաների մոտ ունենում էինք ողնաշարային խնդիրներ։ Այս ձևով հնարավորություն կունենանք զերծ մնալ այդ խնդրից։
Ինչ վերաբերում է դասգրքերին, ապա որպես մասնագետ պետք է ասեմ, որ բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմա, կենսաբանություն) դասագրքերը շատ վատ են գրված։ Ես ինքս, որ կարդում եմ, չեմ հասկանում։ Լեզուն շատ բարդ է։ Այնպիսի տպավորություն է, որ տերմինները լցրել են պարկի մեջ ու բերանը բացել։
Ես կողմ եմ, որ հիմնական դպրոցում պետք է կենցաղային բաներ անցնեն, օրինակ, մարդու կառուցվածք և այլն։ Երբ երեխան բացում է գիրքը, կարդում է ու չի հասկանում, կոտրվում է և չի շարունակում սովորել։ Բացի այդ դասգրքերը պետք է այնքան մատչելի լինեն, որ ծնողները կարողանան օգնել երխաներին։
Դասվարներից ես լսել եմ, որ երրորդ-չորրորդ դասարանների դասագրքերի վարժությունները և խնդիրները այնքան բարդ են, որ նույնիսկ մեծահասակներն են դժվարանում լուծել։ Մենք այսպես կոտրում ենք երեխային, որովհետև ինքն արդեն մտածում է, որ չի կարող լուծել այդ խնդիրները և չի կարող լավ սովորել։ Տարրական դպրոցների ծրագրերը պետք է թեթևացնել։ Տարրական դասարաններում ուղղագրություն անցնելու իմաստը ո՞րն է։ Պետք է բոլոր դասագրքերը նորից ուսումնասիրվեն, մասնավորապես՝ տարրական դասարաններինը։
Ռուսաց լեզվի ուսուցիչ տիկին Գևորգյան - Դասագրքերի մասին շատ երկար կարող ենք խոսել․ կան թեմաներ՝ և՛ անհետաքրքիր, և՛ հետաքրքիր։ Տարրականի գրքերը բավականին լավ են գրված։ Մենք ունենք ավանդական հեղինակներ և այլտերնատիվ դասագրքեր։ Այս առումով տարրական դպրոցում ավելի հեշտ է աշխատել։ 8-րդ, 9-րդ դասարաններում գիրքը բաժանվում է քերականության և գրականության։ Մանավանդ գրականությունը գրված է ոչ ժամանակակից ոճով։ Աշակերտները ցանկանում են ավելի ժամանակակից գրողների ստեղծագործություններ կարդալ։
Բոլորը գիտեն, որ սովետական դպրոցում բոլոր առարկաներից թելադրություններ էին գրում, և աշակերտները բավականին գրագետ էին, իսկ թեստայինը մեխանիկակական աշխատանք է։
Դասագրքերի քննարկման ժամանակ շատ ուսուցիչներ են մասնակցել տարբեր դպրոցներից։ Մենք մեր կարծիքները գրել էինք և ներկայացրել։ Այս տարի չենք մասնակցել քննարկումներին։
- Ինչպե՞ս եք երեխաներին ներգրավում դասապրոցեսի մեջ, ի՞նչ մեթոդներով, տեխնիկական միջոցներով։
Ռուսաց լեզվի ուսուցչուհի տիկին Գասպարյան - Նախևառաջ պետք է բոլոր դպրոցները ապահովված լինեն նորագույն տեխնոլոգիաներով։ Այո, մենք ունենք համակարգիչներ, բայց դրանք քիչ են։ Սա ո՛չ տնօրինության, ո՛չ էլ կոլեկտիվի հարցն է։ Սա պետության կողմից պետք է լուծվի։ Բոլոր դասարաններում պետք է լինեն համակարգչներ։ Երեխային շատ դժվար է ներգրավել դասին և սա շատ խանգարում է։ Կարծում եմ, որ կամաց–կամաց կգա այդ ժամանակը։ Բացի այդ, մենք նույնպես պետք է վերապատրաստվենք, որպեսզի կարողանանք լիարժեք օգտվել այդ միջոցներից։ Կարծում եմ, որ այս պահին աշխատանք ունի անելու նախարարությունը։
Ուսումնական գծով փոխտնօրեն տիկին Կարապետյան - Սովետական դպրոցում ծնողների և աշակերտների վերաբերմունքն էր այլ ուսուցիչների և դպրոցի հանդեպ։ Կար մեծագույն հարգանք, ինչը հիմա չկա։ Վերջին տարիներին արվող քարոզչությունը, թե ուսուցիչները քաղաքականացված են և կաշառակեր են, բերեց նրան, որ հարգանք գոյություն չունի։ Դասի ժամանակ աշակերտն ինչով ասես կարող է զբաղվել։ Սակայն, երբ ուսուցիչը նկատողություն է անում, ուսուցիչն է մեղավոր դուրս գալիս։ Աշակերտները և ծնողները սերտել են իրենց իրավունքները, բայց պարտականությունները՝ ոչ։
Ռուսաց լեզվի ուսուցչուհի տիկին Գասպարյան - Այսօր աշակերտն ավելի պաշտպանված է, քան ուսուցիչը։ Ուսուցչի հեղինակությունը պետք է վերականգնել։ Եթե երեխան հարգում է ուսուցչին, նա լսում է դասը և նաև լավ է սովորում։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ պահանջում եմ, որպեսզի այդ հեղինակությունը վերականգնվի։ Այսօր մենք խոսում ենք միայն այն մասին, որ պետք է երեխային պաշտպանել ուսուցչից։ Ինչո՞ւ։
Շարունակությունը կարող եք լսել փոդքասթում։
Զրուցել ենք նաև Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմանական դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանի հետ։
- Նշեք Ձեզ համար կարևոր 3 փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են կրթական համակարգին։
- Նախ պետք է նշել, որ ծնողը նույնպես ունի Սահմանադրությամբ հաստատված պարտավորություններ։ Օրինակ՝ ծնողն իրավունք ունի ընտրել իր պայմաններին համապատասխան դպրոց։ Նախկինում այդպես չէր։
Երբ լրանում է երեխայի 6 տարեկանը, ծնողը պարտավոր է նրան տանել իր ընտրած դպրոցը։ Նույնիսկ տնային պայմաններում ծնողը պետք է ապահովի երեխային սննդով, հագուստով, կենցաղային պայմաններով, նաև հոգեպես հանգիստ վիճակ պետք է ապահովի։ Բայց, ցավոք սրտի, մենք հիմա ունենք նաև նմանատիպ խնդիրներ, երբ ծնողները չեն կարողանում ապահովել այդ պայմանները։ Եթե երեխան գալիս է սոված, վատ միաջավայր ունեցող ընտանիքից, ամեն ինչ անդրադառնում է երեխայի գիտելիքի, սովորելու վրա։
Ծնողը պարտավոր է համագործակցել դպրոցի, ուսուցչի հետ։
Այս պահին խնդիր է նաև մասնագետների սակավությունը։ Մենք ունեինք ուսուցիչների թափուր հաստիքներ և ըստ անհրաժեշտ ընթացակարգի հայտարել էինք այդ մասին։ Բայց դիմող մարդիկ չեն լինում։ Բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ նախընտրում են կատարել ավելի հեշտ գործ և վարձատրվել ավելի բարձր, հասարակության կողմից գնահատվել, քան գալ և աշխատել որպես ուսուցիչ, քանի որ գնալով հասարակության մեջ ընկնում է ուսուցչի վարկանիշը։ Մեկ այլ հանգամանք․ այսօր դժվար է հանդիպել տղամարդ դպրոցի տնօրենների կամ ուսուցիչների։ Սա լուրջ խնդիր է։ Սրանք այն խնդիրներ են, որոնց կարելի է անդրադառնալ։
- Ինչպե՞ս է ընթանում աշխատանքը նախարարության հետ և ի՞նչ անել, որպեսզի քաղաքականությունը մուտք չգործի դպրոց։
- Նախ ընդգծեմ, որ չեմ եղել նախկին իշխող կուսակցության անդամ։ Եղել եմ այլ կուսկացության անդամ։ Ինչպես ասում են՝ եթե դու չզբաղվես քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի քեզնով։
Դպրոցի տնօրենը նշանակված է պետության կողմից և ուզի, թե չուզի, պետք է վարի պետական քաղաքականություն։
2018 թվականի հեղափոխությունից հետո ունենք մի շարք հաջողություններ։ Օրինակ` անհերքելի է, որ այսօր դպրոցները, մանկապարտեզները, նույնիսկ կասեի ԲՈՒՀ-երը ապաքաղաքականացվել են։ Իհարկե, որպես քաղաքացի այդ հասատատություններում աշխատող մարդիկ իրավունք ունեն անդամակցել որևէ քաղաքական թիմի, սակայն այն ազդեցություն չպետք է ունենա դպրոցի գործունեության վրա։
Ինչ վերաբերում է կրթական ոլորտի բարեփոխումներին, ապա երբեք մեկ րոպեում հնարավոր չէ կատարել արմատական փոփոխություններ։ Պետք է ցանկացած ղեկավարում չլինի միանձնյա, այլ՝ թիմային։
Շարունակությունը կարող եք լսել փոդքասթում։
comment.count (0)