7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Հոդված 3» ակումբի հիմնադիր ղեկավար, լրագրող։ Անկուսակցական է։ Ծնվել է 1979 թվականի հունիսի 2-ին Երեւանում: 1996 թ․ ավարտել է Երեւանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։ 2007թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի պատմության եւ տեսության ֆակուլտետը:
2009թ․ սովորել է Վաշինգտոնի Լրագրության միջազգային կենտրոնում (ICFJ)։ 2001թ․-ից ծավալել է լրագրողական գործունեություն։ Թղթակցել է միջազգային մի շարք պարբերականների ( The Guardian, Eurasianet.org, One Magazine)։ 2008-2010 թթ․ աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրում (UNDP)՝ որպես «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման ծրագրի» հաղորդակցության գծով փորձագետ: 2013-2017թթ.հեղինակել եւ վարել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Կլոր սեղան» հաղորդաշարը։ 2017-2018 թթ․ Factor.am կայքում իրականացրել է «ՀանրաԴիտակ» հաղորդաշարը։ 2016-2018թթ. եղել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ հիմնադիր նախագահ։
2016 թ․հիմնադրել եւ ղեկավարել է «Հոդված 3» ակումբը: Ակումբի գործունեությունն ուղղված է երիտասարդների եւ լրագրողական համայնքի այլընտրանքային կրթության, իրավագիտակցության եւ կարողությունների բարձրացման հնարավորությունների ստեղծմանը։
2018 թվականի սեպտեմբերի 23-ին Երեւանում կայացած ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքից ընտրվել է ավագանու անդամ։ 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։
2020 թ․ նոյեմբերի 16-ին վայր է դրել մանդատը՝ դադարեցնելով պատգամավորական գործունեությունը։