Կառավարող խմբակցության պատգամավորները գնահատականներ հնչեցրել են ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ․ Վլադիմիր Վարդանյանը մանիպուլացնում է
12:00 - 26 դեկտեմբերի, 2021

Կառավարող խմբակցության պատգամավորները գնահատականներ հնչեցրել են ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ․ Վլադիմիր Վարդանյանը մանիպուլացնում է

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվում էր մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության հարցը, ում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությունը։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը 2022 թ․-ին ավարտվում է․ նա պաշտոնավարում է 2016 թ․-ից։

Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը մի քանի հարց ուղղեց ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին, որը ներկայացնում էր Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Հարցերից մեկն էլ վերաբերում էր ներկայիս ՄԻՊ Արման Թաթոյանին․ «Գործող մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից դժգոհ են երկու սուբյեկտ՝ Ադրբեջանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ինչո՞վ եք սա բացատրում»,- հետաքրքրվեց Մանուկյանը։

Ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանը պնդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբեք Արման Թաթոյանի գործունեությանը գնահատական չի տվել․ «Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանին, խոսքը վերաբերում է Արման Թաթոյանի գործունեությանը, նախ՝ որևիցե մեկը որևիցե գնահատական «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության կողմից պարոն Թաթոյանի գործունեության չի տվել, երբեք չի տվել»։

Թեև Վլադիմիր Վարդանյանը պնդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբևէ գնահատական չի հնչեցրել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ, սակայն 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության, ապա նաև 8-րդ գումարման ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները բազմիցս հրապարակային անդրադարձել են Մարդու իրավուքների պաշտպանի գործունեությանը՝ նաև գնահատականներ հնչեցնելով։ Ի դեպ, ԱԺ նիստերից մեկում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ ելույթ ունենալով խմբակցության անունից։

Ավելին, Պաշտպանի գործունեության վերաբերյալ գնահատականներ են հնչեցրել նաև կառավարող ուժի այլ պաշտոնյաներ ևս։

Կառավարող խմբակցության պատգամավորների անդրադարձը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը

7-րդ գումարման Ազգային ժողովի 2020 թ․-ի մայիսի 11-ի նիստի ընթացքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման և տարեկան զեկույցի քննարկման ժամանակ,  «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ ՄԻՊ-ի գործունեության վերաբերյալ որոշ գնահատականներ հնչեցրին։ 

Կառավարող խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ի թիվս այլնի, նշեց, որ Թաթոյանի աշխատանքում մեկ խնդիր է նկատում․ «Դուք շատ խոսեցիք ատելության խոսքի գեներացման մասին, նաեւ զեկույցում եք այդ մասին բավական հիմնավոր փաստարկներով նշել, բայց այս մեկ տարվա ընթացքում, ես կարծում եմ, որ, հատկապես, պատճառահետևանքային կապի դեպքում միշտ արձանագրել եք եւ խոսել եք հետևանքի մասին, մինչդեռ այս իրավիճակում, հատկապես, ատելության խոսքի դեպքում պատճառը չափազանց կարևոր է: Այն, որ հասարակական կառույցներն ամիսներով ուղղակիորեն վերբալ հայհոյանքների, վերբալ բռնության ներքո էին, Դուք դա չէիք արձանագրում: Այն, որ հենց այդ նույն ՀԿ-ների մոտ ուսուցիչներ, որոնք ամիսներով մարզերում հայերեն և մաթեմատիկա էին սովորեցնում երեխաներին կամավոր հիմունքներով, այդ նույն խմբակի կողմից վերբալ բռնության արժանացան, Դուք դրան չարձագանքեցիք, սակայն արձագանքեցիք, երբ այդ նույն խմբակի նկատմամբ որևէ գործողություն իրականացվեց: Արձագանքեցիք րոպեների կամ ժամերի ընթացքում»։

Նմանատիպ դիտարկում արեց նաև «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր՝ Սոս Ավետիսյանը․ «Կրկնելով կամ վերաձևակերպելով տիկին Աբրահամյանի հարցը՝ ուզում եմ հստակ հասկանալ, թե ինչո՞ւ երբ ատելության խոսք, թիրախավորում, ընդհանուր առմամբ, ՀԿ սեկտորի նկատմամբ թիրախավորված գործողություններ են տեղի ունենում, Մարդու իրավունքների պաշտպանն այդ ամենը չի բարձրացնում պետության ուշադրության համար, որովհետև ես լավ հասկանում եմ, որ ՄԻՊ-ը, իհարկե, պաշտպանում է քաղաքացիներին պետության հնարավոր իրավունքի խախտումներից, բայց Մարդու իրավունքների պաշտպանն իդեալական աշխարհում նաև պետք է բարձրացնի նման հարցեր, որպեսզի պետությունը իր ուշադրությունը տեղափոխի այդտեղ, մասնավորապես, թե՛ հարգարժան Խառատյանների ընտանիքի նկատմամբ, թե՛ պարոն Մարությանի ընտանիքի նկատմամբ հնչում են այսպիսի խոսքեր, եւ ՄԻՊ-ը պետք է այդ հարցը բարձրացնի պետության առջև»։

Նույն նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, որն այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը խտրական մոտեցում է ցուցաբերում․ «Ինչ որ կասեմ, խդնրում եմ ընդունեք իմ անձնական, սուբյեկտիվ տպավորություն և կարծիք։ Վերացական չեմ ասի, կատարված վերջին 2 դեպքը մեջբերեմ։ Ի դեպ, մինչև հարցը տալն ասեմ, որ, գուցե, ես եմ սխալ պատկերացնում, բայց, իմ պատկերացմամբ, մարդու իրավունքների գրասենյակը մարդու իրավունքներն է պաշտպանում և իր հայտարարություններով ֆոն է ստեղծում երկրում, ինչի համար շատ կարևոր են իր հայտարարությունները։ Մասնավորապես, երբ ԱԺ դահլիճում խմբակցության ղեկավարը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում ԱԺ փոխնախագահի հասցեին,Դուք որևէ արձագանք չեք տալիս։ Եվ որքանով ես տեղյակ եմ, ներեցեք, եթե սխալ եմ հասկանում, բայց պատգամավորը ևս մարդ է, և իր իրավունքները պետք է պաշտպանեք Դուք՝ անկախ նրանից, թե նա իշխանական է, ընդդիմադիր, իշխանության ներկայացուցիչ, թե չէ։ Իսկ երկրորդ դեպքը, երբ ԱԺ նույն փոխնախագահի նկատմամբ բռնություն գործադրվեց, Ձեր գրասենյակը րոպեների արագությամբ հասավ այն հայտնի խմբակին և, ընդամենը դեպի ձեզ իրականացված զանգ, որին ես ներկա եմ եղել, դրանից հետո մեկ ժամ հետո նոր Ձեր գրասենյակից մարդ ներկայացավ, իսկ հարցը գնում էր ԱԺ փոխնախագահի մասին»։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, որը այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, Պաշտպանին հարցրեց՝ արդյոք ընդդիմադիրն իշխանության նկատմամբ ունի՞ որևիցե առավելություն․ «Կարմիր թելով այսօր մեր հարց ու պատասխանների մեջ անցնում էին ընդդիմության, ընդդիմության կանանց առավելություններն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, օրինակ՝ ցիտեմ հենց ձեզ․ «կնոջ և այն էլ՝ ընդդիմադիր»: Կարելի է ենթադրել, որ ընդդիմադիրն իշխանության նկատմամբ ունի որևիցե առավելություն: Եվ արդյո՞ք Ձեզ չի անհանգստացնում այն փաստը, որ երբ Դուք անընդհատ ընդգծում եք, որ ընդդիմադիր գործիչներին, ընդդիմադիր կանանց Դուք պիտի անպայման պաշտպանեք, հասարակության ենթագիտակցության մեջ չեք ամրագրում արդեն եղած այս ատելության մթնոլորտը, որ իշխանության ներկայացուցիչներին կարելի է վիրավորել, ահաբեկել, իսկ ընդդիմության ներկայացուցիչներին՝ ոչ»։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն էլ, ներողություն խնդրելով Թաթոյանից, ասաց, որ որոշ դեպքերում վերջինիս գործողություններում երկակի ստանդարտներ է նկատում․ «Իմ գործընկերները հիմնականում խոսեցին տիկին Սամսոնյանի (7-րդ գումարման ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբ․ պատգամավոր) և տիկին Ռևազյանի (Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, խմբ․) դեպքերի վերաբերյալ Ձեր ոչ նույնական արձագանքի մասին: Եվ ես ուզում եմ մի քիչ բացել, թե մենք, վստահ եմ՝ բոլորս, ինչ նկատի ունենք: Ես վստահ եմ, որ մենք բոլորս բավականաչափ ռեսուրս էլ ունենք, մտավոր կարողություններ էլ ունենք, կամք էլ ունենք, որ մենք մեզ պաշտպանենք: Մենք չենք ասում, որ խոցվել ենք դրանից, որ Դուք մեզ չեք պաշտպանել: Մենք ասում ենք, որ խնդրահարույց ենք համարում, որ Ձեր ինստիտուտը ներկայացնող անձը, այսինքն՝ Դուք, հետևողական չեք Ձեր մոտեցումներում: Կարևոր չէ՝ Դուք դատապարտո՞ւմ եք դա, թե՞ Դուք դրան չեք անդրադառնում: Խնդիր է, երբ Դուք չեք անդրադառնում մի դեպքում և անդրադառնում եք մյուսում, և բնավ խնդիր չէր լինի, եթե Դուք առհասարակ, չանդրադառնայիք»։

Հաջորդ օրվա նիստին Թաթոյանի զեկույցին անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, որը այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա մի քանի խնդիրներ առանձնացրեց ՄԻՊ-ի զեկույցում։  «Դուք Ձեր զեկույցում, պարոն Թաթոյան, կանանց իրավունքներից խոսելիս նշել եք հետևյալ միտքը. «Կինը ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է»։ Մեղմ ասած, այս ձևակերպումը ոչ տեղին էր, եթե Դուք այս ձևակերպմամբ կարդայիք զեկույց 20-րդ դարի 20-30-ական թթ․-ին որևէ խորհրդարանում, սա կլիներ ընկալելի, բայց 21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետո, ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ՝ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, անթույլատրելի է։ Դուք Ձեր ձևակերպման մեջ եւ բացատրության մեջ, երբ այս հարցը հնչեց, ասացիք, որ ժամանակը չի հերիքել, որ ավելի խորքային բացատրեք կանանց իրավունքների մասին։ Ես Ձեզ ուզում եմ վստահեցնել, որ Դուք կարող էիք կրճատել Ձեր միտքը Ձեր զեկույցի այլ ասպեկտներում, բայց կանանց իրավունքների մասին Դուք պետք է խոսեիք ավելի համապարփակ, քանի որ մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ՝ սկսած պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունից մինչև սեռերով պայմանավորված աբորտների սահմանափակում, կանանց հանդեպ բռնության կրճատում և այլն։ Ես հույս ունեմ, որ Ձեր վերջնական զեկույցում, պարոն Թաթոյան, Ձեզ հետ եմ խոսում, Ձեր վերջնական զեկույցում կանդրադառնաք սրան»։

Հակոբյանը նշեց, որ իշխանությունը և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են հոգեբանական բռնության․ «Երկրորդ ասպեկտը, որի մասին կարելի է շատ երկար խոսել, ՀՀ-ում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ Ձեր զրոյական վերաբերմունքն է։ 2 տարի է անցել հեղափոխությունից, և երկու տարի շարունակ իշխանությունը՝ որպես ընդհանուր համակարգ, և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, ամենօրյա ռեժիմով ենթարկվում են հոգեբանական բռնության, էլ չեմ ասում՝ կանանց մասին ինչեր են խոսում, ինչեր են ասում, ինչ տիպի տեռորի են ենթարկում մեր իշխանական կանանց, և Ձեր վերաբերմունքը և գնահատականը զրոյական է։ Ես այստեղ միտում եմ տեսնում և ուզում եմ, որ Դուք հստակ հասկանաք, որ Դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք Դուք աշխատել եք»։

Իսկ յոթերորդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, որը այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, 2020 թ․-ի դեկտեմբերի 23-ին նաև ֆեյսբուքյան գրառմամբ էր անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանին՝ առաջարկելով Թաթոյանն իր գնահատականներում լինել կոնկրետ, հասցեական և թիրախային։

Այս տարվա հունիսին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից հետո,  Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը ֆեսբուքյան մի քանի գրառումներով անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու, այժմ արդեն պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի արձագանքել այն ժամանակ «Հայաստան դաշինքի» պատգամավորության թեկնածու  Գեղամ Մանուկյանի՝ ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորանքներին։ Մեկ այլ գրառմամբ էլ Վահագն Ալեքսանյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի հեռացրել իր ֆեյսբուքյան գրառման տակ առկա վիրավորական մեկնաբանությունը։

Այս տարվա դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվում։

Մարիա Կարապետյանը խոսել է ՄԻՊ-ի մասին՝ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալով

Կարապետյանը Թաթոյանի գործունեությանն անդրադարձել է նաև  2021 թ․-ի մայիսի 6-ի ԱԺ նիստում, երբ քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին տարեկան հաղորդումը և տարեկան զեկույցը։

Կարապետյանը՝ խմբակցության անունից ձայն խնդրելով, ի թիվս այլնի, անդրադարձավ նաև մարդու իրավունքների պաշտպանին․ «Մենք, իհարկե, ուշադրություն ենք դարձնում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բովանդակային, մասնագիտական հայտարարություններին, վերլուծություններին, սակայն դրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք ունեն քաղաքական երանգավորում և չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին։ Մենք այստեղ հաճախ ենք լսում դասախոսություններ այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացի-քաղաքացի հարաբերություններին չի անդրադառնում, կամ չպետք է պաշտպանի պաշտոնյաներին քաղաքացիներից, բայց, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանը ընտանեկան բռնության համատեքստում իրազեկող հոլովակներ է տարածում, հայտարարություններ է անում, դժվար թե կարող ենք պնդել, որ այստեղ պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին, ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության համակարգի մասին, մարդու իրավունքների մասին իրազեկվածության բարձրացման մասին»։

Պատգամավորի կարծիքով՝ Արման Թաթոյանը 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները իր զեկույցում փաստացի արդարացրել է այն պնդմամբ, որ կառավարող ուժը բաժանարար գիծ է քաշել նախկինների և ներկաների, սևերի ու սպիտակների միջև․ «Իսկ զեկույցի մեջ նաև փաստացի գրել եք, որ նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած հարձակումները մեր մեղավորությունն են։ Ահա, մեջբերում եմ, ասում եք. «Պատճառաբանությունը, թե իրավապահ մարմինների բավարար քանակի ծառայողներ Երևանում այդ պահին առկա չեն եղել՝ տեղի ունեցածը կանխելու համար, քանի որ գտնվել են առաջնագծում, անընդունելի է»։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք պետք է ոչ թե բոլոր հնարավոր ուժերն ուղղեինք դեպի ճակատ՝ թողնելով քաղաքում և երկրում մինիմալ անհրաժեշտը, այլ պետք է պետական պաշտոնյաների պահպանությո՞ւնն ամրացնեինք»։

Նա նշեց նաև, որ Թաթոյանը դեկտեմբերի 17-ից խոսել է սահմանագծման ուսահմանազատման մասին՝ դրանք ներկայացնելով որպես տեղի ունեցող գործընթաց․ «Բոլորս հիշում ենք, թե ինչպես նոյեմբերի 9-ից հետո և հատկապես դեկտեմբեր ամսին հանրությունը ենթարկվում էր մեդիատեռորի՝ սուտ, կեղծ լուրերի միջոցով, որոնց նպատակն էր տագնապ հարուցել և խախտել առանց այն էլ փխրուն հանրային հոգեկան անձեռնմխելիությունը։ Սկսած դեկտեմբերի 17-ից, պրն Թաթոյան, Դուք պարբերաբար ահազանգել եք սահմանագծման և սահմանազատման մասին,կարծես նման գործընթաց իսկապես տեղի էր ունենում»։

Այնուհետև նույն նիստի ընթացքում, անդրադառնալով Թաթոյանի եզրափակիչ ելույթին, Կարապետյանն ասաց․ «Պետք է անդրադառնամ այսօր ՄԻՊ եզրափակիչ ելույթին, դրա ագրեսիվ ոճը և բովանդակությունը հարիր չեն այն ինստիտուտին, որը նա ներկայացնում է։ Ինչ է տեղի ունեցել այսօր։ Քննարկել ենք ՄԻՊ տարեկան զեկույցը, պարոն Թաթոյանը ներկայացրել է զեկույցը, իսկ պատգմավորները՝ թե՛ կառավարող խմբակցության, թե՛ ընդդիմության, հարցեր են տվել և ելույթներ ունեցել՝ գնահատանքի խոսքեր ասելով Մարդու իրավունքների պաշտպանին և նրա աշխատակազմի մասին։ Խոսել եմ նաև ես՝ վերահաստատելով, որ մենք բարձր ենք գնահատում Պաշտպանի և նրա աշխատակազմի փաստահավաք գործունեությունը և ինքներս օգտվում ենք աշխատանքի արդյունքներից միջազգային հարթակներում, բայց ես խոսել եմ նաև խնդիրների մասին՝ վկայակոչելով 2 օրինակ․ առաջինը ՀՀ-ում ներքաղաքական համատեքստում պարոն Թաթոյանի տված գնահատականների կամ որոշ գնահատականների անհամաչափության մասին, մասնավորապես ասել եմ, որ անհասկանալի է ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի համար պատասխանատու հանել կառավարող ուժին՝ հարցնելով՝ իսկ ինչո՞ւ էին բոլոր ոստիկանանան ուժերը առաջնագծում, նաև ասել եմ, որ դեկտեմբեր ամսին իր մի շարք հայտարարությունները, թե իբր տեղի են ունենում սահմանազատման և սահմանագծման գործընթացներ, ավելացրել են այն  տագնապը, որը մարդիկ առանց այն էլ զգում են»։

Նրա խոսքով՝ իր դիտարկումները միայն ներհայաստանյան համատեքստին են վերաբերվել․ «Սրան ի պատասխան՝ պարոն Թաթոյանը փրփրեց ու որոշեց, որ լավագույն մարտավարությունը արտաքին քաղաքական օրակարգերը հարցին խառնելն է, նա զրպարտեց ինձ, թե ես ասել եմ, որ ինքը պետք է չբարձրաձայնի Ադրբեջանի կողմից կատարվողի վերաբերյալ։ Եթե պարոն Թաթոյանին թվում է, որ Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ իր և իր աշխատակազմի կատարած իրապես կարևոր փաստահավաք աշխատանքը այնուամենայնիվ իրավունք է ապահովագրում, որ նա ներքաղաքական հարցերում ինձ վրա հոխորտա, ապա նա չարաչար սխալվում է։ Պարոն Թաթոյան, Դուք Մարդու իրավունքների պաշտպան եք, Դուք քաղաքական գործիչ չեք, զբաղվեք Ձեր գործով»։

Հաջորդ օրը «Ազատության» եթերում Մարիա Կարապետյանը վերահաստատել էր իր տեսակետները Թաթոյանի վերաբերյալ։

Կառավարող ուժի այլ պաշտոնյաներ նույնպես հնչեցրել են գնահատականներ Թաթոյանի գործունեության վերաբերյալ

2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ նշելով, որ Թաթոյանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ազգային ժողովի և Կառավարության շենքի վրա հարձակումները։ Այդ մասին նա ասել է 2020 թ․-ի նոյեմբերի 16-ին՝ առցանց ասուլիսի ընթացքում․ «Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում, հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեց Ազգային ժողովի շենքը, և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը։ Ես ուզում եմ ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան, սա շատ կարևոր հանգամանք է, նույնիսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այդ հարձակումները չդատապարտեց, սա շատ կարևոր հանգամանք է»։

Նույն օրը Փաշինյանն այդ մասին խոսել էր Ազգային ժողովում՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում․ «Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ տեղի ունեցան հայտնի բռնությունները, մինչև հիմա այդ բռնությունները դատապարտված չեն, կառավարության շենքի նկատմամբ բռնությունը, Ազգային ժողովի շենքի նկատմամբ հարձակումը, կառավարության կեցավայրի նկատմամբ հարձակումը մինչև օրս դատապարտված չեն քաղաքական ուժերի կողմից, մինչև օրս դատապարված չէ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Ազգային ժողովի նախագահի նկատմամբ հարձակումն է դատապարտվել, ես կարդացել եմ, Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջն եմ կարդացել, դատապարտվել է Ազգային ժողովի նախագահի դեմ հարձակումը, բայց հարձակումը Ազգային ժողովի դեմ, գույքի ոչնչացումը, կառավարության շենքի դեմ, ինչո՞ւ չի դատապարտվել այդ ամեն ինչը»։

Անվտանգության խորհրդի քարտուղար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գրիգորյանը նույնպես բազմիցս անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, որ նա քաղաքական գործունեությամբ է զբաղվում․ «Նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս։ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին»,- այս տարվա հոկտեմբերին Rusarminfo-ին տված հարցազրույցում ասել էր նա։

Այսպիսով, Վլադիմիր Վարդանյանի պնդումը, թե ՔՊ խմբակցության պատգամավորները երբևէ գնահատական չեն հնչեցրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ, մանիպուլյատիվ է, քանի որ խորհրդարանի կառավարող խմբակցության պատգամավորները բազմիցս անդրադարձել են պաշտպանի աշխատանքին, ընդ որում՝ բացասական գնահատականներ հնչեցնելով։ Իսկ պաշտպանի աշխատանքին անդրադարձած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանք էլ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ են։

Լուսանկարը՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքից

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել