Արտակ Դավթյան

Գեներալ-լեյտենանտ Արտակ Մաթեւոսի Դավթյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է (ԳՇ պետ է եղել 2018 թվականի մայիսի 24-ից մինչեւ 2020 թվականի հունիսի 8-ը, ապա պաշտոնում վերանշանակվել է 2021 թվականի մարտի 22-ին՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո)։

ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ (2020 թվականի հուլիսի 16-2020 թվականի նոյեմբերի 11): Ծնվել է 1970 թվականին Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում։

նդունվել է Մոսկվայի բարձրագույն զինվորական ուսումնարանի հրամանատարատակտիկական բաժին: ովորել է ՌԴ ՊՆ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որն ավարտել է ոսկե մեդալով: ովորել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:

1990-1994թթ. մասնակցել է մարտական գործողությունների, 1991-1992թթ. ծառայել հատուկ գնդում: 1998 թվականից բանակային կորպուսի շտաբի պետ էր, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

շանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ,   ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ: նորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: շանակվել է 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար: ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ: 2020 թվականի հունիսի 8–ին ազատվել է պաշտոնից։
2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Պարգեւատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով եւ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով։

 

ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Դատախազություն

ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Դատախազություն

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն. նրան պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվել։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքից։ Ըստ ծանուցման՝ Դավթյանը պետք է ներկայանա դատախազություն, ծանոթանա ուսումնասիրության հետ և դիրքորոշում հայտնի հոկտեմբերի 18-ին ժամը 15:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում, այլ օրը և ժամը համաձայնեցնել։ Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը 2022 թվականի հունվարից ամբաստանյալի աթոռին է։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Անորակ հրթիռներ» անունը ստացած քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել:
12:49 - 11 հոկտեմբերի, 2024
ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են պատերազմի հարուցած հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման խնդիրներ

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են պատերազմի հարուցած հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման խնդիրներ

 Մինսկում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի միջև: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քննարկվել են երեք երկրների դատախազությունների իրավասությունների շրջանակում Արցախի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած և դեռևս առկա հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման նոր հնարավորություններ գտնելու, 2021թ. ընթացքում նույն ձևաչափով երկու նախորդ հանդիպումների ընթացքում օրակարգային առանձին հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող խնդիրները: «Կողմերն ընդգծել են գլխավոր դատախազների եռակողմ ձևաչափի պահպանման կարևորությունը որպես տարածաշրջանում կայունության և օրինականության, լարվածության թուլացման և բնակչության առաջնային կենսական իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իրավական ոլորտում շփումները շարունակելու գործուն հարթակ: Այս առումով շեշտվել է հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի  եռակողմ հայտարարության հումանիտար պահանջների ամբողջական կատարման ուղությամբ ՌԴ գլխավոր դատախազության և անձամբ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի նախանձախնդիր և հետևողական ջանքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ չնայած նախորդ եռակողմ հանդիպումների ընթացքում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում միջադեպերի, դրանց առթիվ իրականացվող քննությունների վերաբերյալ կողմերի միջև օպերատիվ տեղեկատվության միջնորդավորված փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ հրադադարի հանցավոր խախտումները շարունակվել են, որոնց արդյունքում եղել են մարդկային կորուստներ, խաղաղ բնակչության համար ստեղծվել են կենսական իրավունքների իրացման, անվտանգության նոր սպառնալիքներ: Որպես ակնառու օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազը վկայակոչել է Փառուխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժի իրականացրած գործողությունները, որոնց արդյունքում հայկական կողմից զոհվել է 3 և մարմնական վնասվածքներ ստացել 16 զինծառայող: Արթուր Դավթյանն ընդգծել է ինչպես Փառուխ գյուղում կատարված այդ գործողությունները, այնպես էլ հրադադարի կոպիտ խախտումների մյուս դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը:   Այդ իրողությունները նաև փաստում են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչների ռեսուրսի գգտագործմամբ տեղեկատվության օպերատիվ փոխանակման ձևաչափի արդյունավետությունը բարձրացնելու հրատապ անհրաժեշտությունը: Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  բարձրացրել է հատկապես 2020թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետի անկատար մնալու հանգամանքը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանում անհիմն պահվող՝ ադրբեջանական կողմից հաստատված 38 պահվող անձանց շուտափույթ վերադարձը առանցքային նշանակություն ունի կողմերի միջև վստահության վերականգնման, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման և անվտանգության երաշխիքների ձևավորման համար՝ հատուկ ընդգծելով եռակողմ հայտարարության հումանիտար պահանջները հայկական կողմից լիարժեք կատարված լինելու հանգամանքը: Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռուսական կողմի միջնորդությամբ շարունակել բանակցությունները՝ հումանիտար խնդիրները սեղմ ժամկետներում և լիարժեք լուծելու նպատակով:
19:22 - 24 հունիսի, 2022
Գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր և մարտական հենակետեր

Գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր և մարտական հենակետեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 15-ին այցելել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր և մարտական հենակետեր: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: «ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին: Այնուհետև գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է մարտական հենակետեր, ծանոթացել սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին: Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման և ծառայության կազմակերպման վերաբերյալ»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:  
20:02 - 16 փետրվարի, 2022
ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի հերթական նիստը կանցկացվի Հայաստանում

ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի հերթական նիստը կանցկացվի Հայաստանում

Դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ տեղի է ունեցել Ռազմական կոմիտեի 19-րդ նիստը՝ տեսակապի միջոցով։ Նիստին մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբների պետերը: Նիստի ընթացքում քննարկվել են ռազմական անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև Հավաքական ավիացիոն ուժերի հետագա զարգացման և Հավաքական անվտանգության տարածաշրջաններում դրանց ծավալման ու կիրառման ժամանակ զորքերի կոալիցիոն խմբավորումների հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը: ԶՈՒ գլխավոր շտաբների պետերին են ներկայացվել հավաքական անվտանգության համակարգը և տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությունը: Դիտարկվել են հաջորդ տարի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածի՝ ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Որոշումներ են ընդունվել Կազմակերպության հավաքական ուժերի բաղադրիչի կառավարման արդյունավետության բարելավման վերաբերյալ: Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբները վերահաստատել են ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերների և սպառնալիքների բնույթը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ դրանք չեզոքացնելու և ՀԱՊԿ ռազմական ներուժը բարելավելու համար համատեղ գործողությունները համակարգելու վերաբերյալ։ Միջոցառման արդյունքում ստորագրվել է Ռազմական կոմիտեի նիստի արձանագրությունը, որում արտացոլված են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հիմնական ուղղությունները: Ռազմական կոմիտեի հերթական նիստը կանցկացվի ՀՀ-ում 2022 թ. 1-ին կիսամյակում:
19:20 - 08 դեկտեմբերի, 2021
ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցությանը բարձր է գնահատել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների արդյունքները

ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցությանը բարձր է գնահատել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների արդյունքները

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ և ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։  ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերի մարտունակության բարձրացման, ձմեռային պայմաններում ծառայության կազմակերպման ընթացիկ խնդիրներին և ձմեռային զորակոչին վերաբերող հարցերին։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անդրադարձել է նաև պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին՝ բարձր գնահատելով դրանց ընթացքն ու արդյունքները։ Խորհրդակցության ավարտին ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ըստ առաջնահերթությունների խնդիրներ է առաջադրել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։
19:43 - 22 նոյեմբերի, 2021
Վարչապետը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին

Վարչապետը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և անդրադարձել Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակելու որոշմանը: «Ըստ էության, կայացրել եմ քաղաքական կարևոր որոշում, և երբ այսօր առավոտյան պարոն Կարապետյանի հետ հանդիպում էինք՝ մի միտք ասաց, որի հետ չեմ կարող չհամաձայնել և որը չեմ կարող չբարձրաձայնել: Նա իրավացիորեն նկատեց, որ Պաշտպանության նախարարի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում թերևս ամենախոցելի կարգավիճակն է կամ ամենախոցելիներից մեկը: Ուզում եմ պարոն Կարապետյանին շնորհակալություն հայտնել այդ խոցելի կարգավիճակը ստանձնելու պատասխանատվություն և համարձակություն ունենալու համար, միևնույն ժամանակ պարոն Պապիկյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ընդունեց իմ որոշումը և փոխվարչապետի պակաս խոցելի կարգավիճակը, ըստ էության, փոխարինում է Պաշտպանության նախարարի շատ խոցելի կարգավիճակով: Հարգելի գործընկերներ, հարգելի գեներալներ և սպաներ, մեր երկիրը գտնվում է ռազմավարական լրջագույն մարտահրավերների առաջ, և մենք ուղղակի իրավունք չունենք այդ մարտահրավերները չկառավարել Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի շահերին համապատասխան: Գիտեք, շատ գնահատականներ կարող են լինել, այդ գնահատականները կարող են լինել էմոցիոնալ, պակաս էմոցիոնալ, բայց հստակ պիտի իմանանք մի բան, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, երկրի ղեկավարությունը հստակ պատկերացնում են ինչ քայլեր են անհրաժեշտ երկիրն այս ռազմավարական մարտահրավերների խաչմերուկից բարեհաջող դուրս բերելու, տևական ու կայուն զարգացման ուղի մտցնելու համար, և մենք գնալու ենք այդ ճանապարհով: Պարոն Կարապետյանին այսօր առավոտյան ասել եմ, որ շարունակում եմ իրեն համարել թիմակից: Գիտեք, որ Սուրեն Պապիկյանն իմ վաղեմի քաղաքական դաշնակիցն է և ուղեկիցը, և ուզում եմ այս տանիքի ներքո ևս մի անգամ անել հետևյալ հայտարարությունը. 2018 թվականից հետո, իմ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, չի եղել գեթ մեկ դեպք, երբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, Պաշտպանության նախարարությունն առաջ քաշեն խնդիր, որը կառավարության լուծելիության տիրույթում է և այդ խնդիրը չլուծվի: Այսպես լինելու է նաև սրանից հետո, չեմ ուզում ասել առավել ևս, որովհետև սրանից առաջ էլ պակաս չի եղել, բայց մենք կանգնած ենք մի շատ կարևոր և լրջագույն մարտահրավերի առաջ, որի լուծումը պարոն Կարապետյանը սկսել էր և համոզված եմ՝ պարոն Պապիկյանը հաջողությամբ կշարունակի: Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը մեր երկրի պետական ամենամեծ օրգանիզմն է, և այդ օրգանիզմը պետք է լինի առողջ, ֆունկցիոնալ առումով արդյունավետ, և որոշումները պետք է լինեն խորը, հիմնավորված, բխեն մեր ռազմական և ռազմավարական կարիքներից: Այս առումով ուզում եմ հենց այս նրբությունն ընդգծել, որի շուրջ մենք պիտի շարունակենք աշխատել»,- նշել է վարչապետը: Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և ԶՈՒ սպայակազմին համատեղ աշխատանքի համար: «Ես բոլորին խնդրում եմ՝ համարեք սա իմ վերջին հրամանը՝ ամեն ինչ արեք, աջակցեք նոր նախարարին և համախմբվեք նոր նախարարի կողքին: Վստահ եմ, որ պարոն Պապիկյանը կարողանալու է շարունակել և իրագործել այն ծրագրերը, որ կառավարությունը հաստատել է Զինված ուժերի մասով: Ես առանձին զրույց ունեցա պարոն Պապիկյանի հետ, հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ հարկ եղած դեպքում աջակցելու: Պարոն վարչապետ, շնորհակալ եմ վստահության համար և հուսով եմ, որ հաջորդ նախարարն էլ ավելի մեծ հաջողություններ կունենա: Շնորհակալություն համատեղ ծառայության համար»,- ասել է Արշակ Կարապետյանը: Իր հերթին նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Մեծարգո վարչապետ, պարոնայք գեներալներ, սպաներ, հարգելի գործընկերներ, այս պատասխանատու ու դժվարին ժամանակաշրջանում ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերակատարումը: Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այս պատասխանատու դերակատարումը վստահելու համար: Պատրաստ եմ զօր ու գիշեր ծառայել Հայաստանի Հարապետությանը»:
17:06 - 15 նոյեմբերի, 2021
«Կարապետյանին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»․ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է ԱԽ նիստ

«Կարապետյանին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»․ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է ԱԽ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, երեկվանից մենք այս կազմով, տարբեր ձևաչափերով մի քանի անգամ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել: Քննարկումների առարկան եղել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստը: Այսօր նիստի նպատակը մեր քննարկումներն ամփոփելն է, նաև մեր հանրությանն ամբողջական տեղեկատվություն տալը տեղի ունեցած իրադարձությունների մասին: Մինչ այդ ուզում եմ ընդգծել, որ ես որոշում եմ կայացրել Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին, ով այս պահին զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնը: Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում: Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ և շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի Պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա: Այսօր մենք նախ կլսենք Գլխավոր շտաբի պետի՝ պարոն Դավթյանի զեկույցը ստեղծված իրադրության և ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակի մասին, նաև իրավիճակի վերլուծություն կանենք և մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ»: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի հրամանագրերով Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից, և այդ պաշտոնին նշանակվել է արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
13:26 - 15 նոյեմբերի, 2021
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի դեսպանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկել

ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի դեսպանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկել

Նոյեմբերի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դևալին և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Ռաջեշ Պուշկարին (նստավայրը` ք.Մոսկվա): Այս  մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորել է բրիգադի գեներալ Պուշկարին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանում առաքելության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է փորձի փոխանակման նպատակով զինվորական պատվիրակությունների փոխայցելությունները, ռազմակրթական, մասնագիտական և համատեղ զորավարժությունների անցկացումը:
17:41 - 12 նոյեմբերի, 2021
ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը․ քննարկվել են առաջիկա համատեղ ծրագրերը

ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը․ քննարկվել են առաջիկա համատեղ ծրագրերը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը, նախանշել փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա քայլերը, քննարկել առաջիկա համատեղ ծրագրերն ու փոխգործակցության նոր ուղղությունները։Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ՀՀ զինված ուժերում դասընթացների կազմակերպման, գիտական-մեթոդաբանական պարապմունքների իրականացման հարցերին, սահմանվել են ժամկետներ։Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը կարևորել է ԿԽՄԿ-ի դերը 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած, գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման գործում: Իր հերթին՝ Թիերի Ռիբոն նշել է, որ պատվիրակությունն իր լիազորությունների շրջանակներում անում է առավելագույնը՝ վերոնշյալ հարցին լուծում տալու համար։
20:08 - 18 հոկտեմբերի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարը և ԳՇ պետը հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուր զինվորական պանթեոնում

ՀՀ պաշտպանության նախարարը և ԳՇ պետը հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուր զինվորական պանթեոնում

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։ Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակի տարածքում տեղադրված, 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման հանդիսավոր միջոցառմանը։ Սեպտեմբերի 27-ին Արշակ Կարապետյանը նաև աշխատանքային այց է կատարել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկն ու մասնակցել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշաքարի մոտ անցկացված հոգեհանգստի կարգին; Աշխատանքային շրջայցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է կառուցվող նոր զորամասերից մեկի շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին։  
21:44 - 27 սեպտեմբերի, 2021
Ես երթևեկում եմ այդ ճանապարհով, նորմալ անցել եմ. ԳՇ պետը՝ Գորիս-Որոտան ճանապարհի անվտանգության մասին |armenpress.am|

Ես երթևեկում եմ այդ ճանապարհով, նորմալ անցել եմ. ԳՇ պետը՝ Գորիս-Որոտան ճանապարհի անվտանգության մասին |armenpress.am|

armenpress.am: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չմեկնաբանեց Գորիս-Որոտան ճանապարհահատվածի անվտանգության վերաբերյալ լրագրողների հարցերը, փոխարենը նշեց, որ ինքը երթևեկում է այդ ճանապարհով և նորմալ անցել է: ՀՀ նախագահի նստավայրում Անկախության օրվա առթիվ տեղի ունեցող պարգևատրման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ԶՈՒ ԳՇ պետը նախ շնորհավորեց բոլորին հայոց պետականության անկախության 30-ամյակի կապակցությամբ: «Պատկերացնելով, թե ինչ դժվար ժամանակաշրջանում կազմավորվեց մեր պետությունը, վստահ եմ, որ մեր ժողովուրդը, մենք դուրս կգանք այս վիճակից և կունենանք այն երազած հայրենիքը, որը պետք է լինի, որի համար պայքարել ենք և դեռ շատ անելիքներ ունենք»,- ասաց Արտակ Դավթյանը: Լրագրողի հարցին` կան արդյոք այդ երազած հայրենիքը ունենալու նախադրյալները, շտաբի պետը դրական պատասխանեց՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է դժվարությունները հաղթահարել և առաջ գնալ: «Մտորելու խնդիր չեմ տեսնում և յուրաքանչյուրն իր տեղում պետք է իր աշխատանքը բարեխղճորեն կատարի»,- ընդգծեց նա: Արտակ Դավթյանն անդրադարձավ Գորիս-Որոտան ճանապարհահատվածում Քասախ համայնքի երկու բնակիչների շեղվելու և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու վերաբերյալ լրագրողի հարցին` արդյոք հնարավոր էր, որ այդ քաղաքացիները շեղվեին ճանապարհից: «Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, այն ընդունեք ի գիտություն: Գլխավոր շտաբը մեկնաբանություններ չունի»,- պատասխանեց Արտակ Դավթյանը: Հարցին` անձամբ  երթևեկո՞ւմ է այդ ճանապարհով, շտաբի պետը պատասխանեց. «Ես երթևեկում եմ այդ ճանապարհով, նորմալ անցել եմ»:  
13:04 - 21 սեպտեմբերի, 2021
ՊՆ-ն ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում

ՊՆ-ն ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում

ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են պաշտպանական գերատեսչությունից։ Արդեն 4 ամիս է՝ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում են։ Նրանց տեղակայման վայրի, մեր տարածք ներթափանցման խորության, թվի մասին պաշտոնական տեղեկատվությունը գրեթե բացակայում է։ Միայն մի քանի հայտարարություններ են հնչել այս ամիսների ընթացքում․ մայիսի 13-ին, օրինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ սահմաններից ներս գտնվում են շուրջ 250 ադրբեջանցիներ, իսկ նույն ամսվա 20-ին նա այլ թիվ էր ասել՝ 500-600։ Մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 22-ին, ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր, որ ՀՀ տարածքում գտնվում են շուրջ 1000 ադրբեջանցիներ։  Պաշտոնական հստակ տեղեկատվության բացակայության ֆոնին Infocom-ը նախ հուլիսի 22-ից գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել կոնկրետ օրվա դրությամբ (հուլիսի 22 - օգոստոսի 12) ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի, նրանց տեղակայման վայրի մասին  Պաշտպանական գերատեսչությունը մերժել էր տեղեկություն տրամադրել՝ հիմք ընդունելով մի շարք իրավական ակտերի դրույթներ եւ պնդելով, որ հայցված տեղեկությունները գաղտնիք են պարունակում։ Նախարարության պատասխանի համաձայն՝ այդ տեղեկությունների բացահայտումն ուղղակիորեն կարող է հանգեցնել պետական գաղտնիք հանդիսացող՝ ԶՈՒ կիրառման եւ օպերատիվ ծրագրերի, ռազմավարական ծավալման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքն օգտագործելու հետ կապված, ինչպես նաեւ հետախուզական բնույթի տեղեկությունների բացահայտման: Քանի որ ՊՆ-ն գաղտնիք պարունակելու հիմքով չէր տրամադրել հակառակորդի զորքի թվի մասին տեղեկություններ, մեկ այլ հարցմամբ խնդրեցինք հստակեցնել՝ Փաշինյանի եւ ԳՇ պետի՝ ավելի վաղ արված հայտարարությունները, որոնք պարունակում էին տվյալ պահի դրությամբ ադրբեջանցիների թվի մասին տեղեկություններ, արդյոք համարվո՞ւմ են գաղտնիք պարունակող, եւ այդ թվերի հրապարակումը համարվո՞ւմ է գաղտնիքի բացահայտում, թե՞ ոչ։  Նախարարությունից պատասխանել են, որ նշված հայտարարություններում գաղտնիքի տարր պարունակող արտահայտություններ չկան, իսկ հայտարարությունը գաղտնիքի բացահայտում չի համարվում, քանի որ չի վնասում ՀՀ եւ ՀՀ ԶՈՒ անվտանգությունը։ Առաջնորդվելով վերոբերյալ պատասխանով՝ ՊՆ-ին խնդրեցինք տեղեկություն տալ մայիսի 13-ի (հակառակորդի զորքի թվի մասին Փաշինյանի առաջին հայտարարության օրը) եւ հունիսի 22-ի (հակառակորդի զորքի թվի մասին ԳՇ պետի հայտարարության օրը), ապա նաեւ այդ օրերի միջեւ ընկած ամսաթվերի դրությամբ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին, քանի որ, փաստացի, այդ ընթացքում արդեն բարձրագույն ղեկավարության ներկայացուցչի եւ պաշտպանական կառույցի ղեկավար կազմի ներկայացուցչի հայտարարություններում թվեր հնչել էին։ Այս դեպքում, պարզվում է, ՊՆ-ն չի համարում, որ մեր հայցած տեղեկությունների տրամադրումը կարող է հանգեցնել գաղտնիք պարունակող՝ վկայակոչված տեղեկությունների բացահայտման, այլեւ ՊՆ-ն առհասարակ չի էլ հաշվում ու արձանագրում, թե մեր ինքնիշխան տարածքում որ օրվա դրությամբ հակառակորդի քանի զինծառայող կա։  Այսպիսով, Պաշտպանության նախարարությանը նախ լրացուցիցիչ ժամանակ անհրաժեշտ եղավ՝ հայտնելու, որ ՀՀ սուվերեն տարածք ներթափանցած ադրբեջանցիների թվի ու նրանց տեղակայման վայրի մասին տեղեկությունները գաղտնիք են պարունակում, եւ որ դրանց տրամադրումը կարող է բացահայտել ԶՈՒ կիրառման, ռազմավարական ծավալման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքն օգտագործելու ու հետախուզական բնույթի տեղեկություններ։  Այնուհետեւ ՊՆ-ն հայտնեց, որ հակառակորդի զինվորների թվի մասին պաշտոնյաների հայտարարություններում գաղտնիք չկա, եւ այդ հայտարարությունները չեն վնասում ՀՀ եւ ՀՀ ԶՈՒ անվտանգությունը։ Իսկ երբ խնդրեցինք տալ այդ հայտարարությունների եւ դրանց միջեւ ընկած օրերի դրությամբ հակառակորդի զորքի թվի մասին տեղեկություն, ՊՆ-ն մեր հարցմանը պատասխանեց, որ այդպիսի թիվ չունի։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ վարչապետն ու ԳՇ պետը ի՞նչ հիմքով են հնչեցրել շուրջ 250, 500-600 եւ շուրջ 1000 թվերը, եւ ինչու է մի դեպքում կոնկրետ օրվա դրությամբ տվյալը համարվում գաղտնի, մի դեպքում՝ ոչ, եւ մեկ այլ դեպքում՝ անհայտ։ Հայարփի Բաղդասարյան
19:56 - 15 սեպտեմբերի, 2021