Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը «Արարատ» թենիսի ակումբի վերաբերյալ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը «Արարատ» թենիսի ակումբի վերաբերյալ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել «Արարատ» թենիսի ակումբի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն համակ ուշադրությամբ հետևում է Երևան քաղաքի եզակի պատմական սպորտային համալիրներից մեկի՝ Օղակաձև զբոսայգում գտնվող «Արարատ» թենիսային ակումբի շուրջ ընթացող իրադարձություններին։ Քանի որ մեր նախաձեռնության անդամներն արդեն անդրադարձել են հարցի մի շարք ասպեկտներին, սույն հայտարարությունը հատկապես մատնանշում է Երևանի քաղաքային իշխանությունների արատավոր գործունեությունը և հանրության հետ հաղորդակցվելու անպարկեշտ ոճը։ Այսպես՝ - Ս․թ․ հունվարի 8-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Օղակաձև այգու կառուցապատման համար քաղաքապետարանին դիմել է «Գրին ռոք մենեջմենթ» ընկերությունը։ Այդ նույն նիստի ընթացքում պարզ դարձավ, որ Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ ՀՈԱԿ-ը նախապատրաստում է կառավարության որոշման նախագիծ, այդ թվում՝ ընկերությանը առանց մրցույթի տարածքի նկատմամբ կառուցապատման իրավունք տալու մասին։ - Ֆակտոր․ամ-ը պարզեց, որ «Գրին ռոք մենեջմենթ» ընկերությունը պատկանում է ամիսներ առաջ Երևանին 254 մլն ՀՀ դրամ նվիրաբերած Էվոկաբանկի անվանական բաժնետոմսերի 100%-ի և թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100%-ի բաժնետեր Մարետա Գևորկյանին։ - Ազատություն ռադիկայանը բացահայտեց, որ քաղաքապետարանի և ընկերության հայտարարությունների միջև կան հակասություններ․ քաղաքապետարանն ասում է, որ ընկերությունն է դիմել նրանց, իսկ «Գրին ռոք մենեջմենթը» վստահեցնում է, որ ոչ թե իրենք են դիմել քաղաքապետարան, այլ քաղաքային իշխանություններն են դիմել իրենց։ - Ազատության հրապարակումներից պարզ դարձավ, որ Գևորկյանները առավել հայտնի են Ռուսաստանի պետական նավթագազային ոլորտի հետ իրենց կապերով: Նրանց է պատկանում, ի թիվս այլոց, «Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ընկերությունը, որը զբաղվում է նավթագազատարների և արդյունաբերական օբյեկտների շինարարությամբ: - Ընկերության հիմնադիրը Վազգեն Գևորկյանի հայրը և Մարետա Գևորկյանի սկեսրայրն է՝ Սիմոն (Սենիկ) Գևորկյանը, որը դեռ խորհրդային ժամանակներում ղեկավարել է Գազային արդյունաբերության նախարարության շինարարական միավորումը, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն իր ընկերությամբ մասնակից է Ռուսաստանի պետական ամենախոշոր նավթագազային և էներգետիկ նախագծերին, օրինակ՝ այնպիսի առանցքային էներգատարների շինարարությանը, ինչպիսին են Բալթյան նավթամուղը, Յամալ-Եվրոպա, «Երկնագույն հոսք», «Հարավային միջանցք» գազատարները, որոնք ռուսական գազը հասցնում են Եվրոպա, Թուրքիա և Ադրբեջան: Ընկերությունը մասնակցում է նաև Թուրքիայում «Ակկույու» առաջին ատոմակայանի շինարարությանը՝ մոտ հազար աշխատողներով: 2012 թ․ Forbes-ը հոդված է հրապարակել՝ «Պետպատվերի արքաները» վերնագրով, որում ի թիվս Ռոտենբերգի, Դերիպասկայի, Աղալարովի նշվում է նաև Վազգեն Գևորկյանի անունը՝ որպես «Տրանսնեֆտ» ընկերության պետպատվերն իրականացնող: - Ս․ թ․ հունվարի 17-ին Տիգրան Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը հաստատեց զբոսայգու տարածքի վերակառուցման ծրագրի և «Էվոկաբանկի» նվիրատվության կապը, ինչպես նաև նախագծի բիզնես էությունը։ Ավելին, խոսնակը տեղեկացրեց, որ Օղակաձև զբոսայգում գտնվող և ապամոնտաժման ենթակա սրճարանների համար փոխհատուցումը տրվելու է հարկատուների գրպանից։ - Ս․թ․ հունվարի 15-ին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Օղակաձև զբոսայգու նախագծին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց․ «Նման ծրագրերը միմիայն ողջունելի են, և վստահաբար թենիսի կորտերի խնդիրը մենք կլուծենք: Իսկ բոլոր նրանց, ովքեր ճանճերի նման հավաքվել էին թենիսի թեմայի շուրջ, որ քաղաքական դիվիդենտներ շահեն, ասեմ՝ չի ստացվելու»։ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն՝ նման գործելաոճի մեջ տեսնում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր, քաղաքապետի հռետորաբանությունը համարում է անպարկեշտ և նույնիսկ լկտի, քաղաքային իշխանություններից պահանջում է հետևել թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներին, ինչպես նաև բարեվարքության կանոններին։ Ելնելով վերոգրյալից նախաձեռնությունը պահանջում է՝ - Դադարեցնել ներկայացված նախագծի ուղղությամբ աշխատանքները, - Տեխնիկական առաջադրանքի մշակման մակարդակում ապահովել հանրային ու մասնագիտական լայն մասնակցություն, երաշխավորելով պահպանության ենթակա տարրերի անձեռնմխելիությունը՝ անկախ դրանց պահպանության կարգավիճակից (օգտագործման ավանդական ձևեր, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում դեռևս չներառված տարրեր եւ այլն), -Իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատում, - Բաց և մրցակցային տրամաբանության, մեծ մասամբ անկախ ճարտարապետներից բաղկացած ժյուրիի միջոցով ընտրել լավագույն գաղափարները, - Հետագա փուլերում ևս ապահովել հանրային ու մասնագիտական մասնակցություն և վերահսկողություն։ Հավատացած ենք, որ միայն նման բազմակողմանի ու բազմաքայլ լուծումներով է հնարավոր ապահովել քաղաքային մակարդակով հանրային տարածքների զարգացումը։ Նախաձեռնությունը շարունակելու է հետևողականորեն պայքարել Երևան քաղաքի ժառանգության պահպանության համար և աշխատել ի շահ մեր քաղաքի և հասարակության»։
17:53 - 18 հունվարի, 2024
Գործադիր և օրենսդիր իշխանություններն իրավունք չունեն ռեպրեսիվ մեթոդներ կիրառել քաղաքապետի և ավագանու նկատմամբ․ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Գործադիր և օրենսդիր իշխանություններն իրավունք չունեն ռեպրեսիվ մեթոդներ կիրառել քաղաքապետի և ավագանու նկատմամբ․ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որում ասվում է․   «Վերջին օրերին սրվել են գործող քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ գործադիր իշխանության միջև հարաբերությունները։ Հարցազրույցներից և հայտարարություններից ակներև է, որ այս հակադրության մեջ ակտիվորեն ներքաշվել են նաև օրենսդիր իշխանության մեծամասնությունը ներկայացնող ՔՊ-ականներ։   Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության մի մասը գործադիր և օրենսդիր իշխանությունների դրդմամբ նախաձեռնել է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Լուրեր են շրջանառվում, որ ավագանու մեծամասնություն կազմող խմբակցության անդամները, որոնք սատարում են Մարությանին, ենթարկվում են տարաբնույթ ճնշումների․ նրանց սպառնում են, ստիպում հանդես գալ քաղաքապետի դեմ կամ մանդատը վայր դնել։   Սույն իրավիճակը կտրուկ հակասում է ՀՀ սահմանադրությամբ նախատեսված՝ իշխանության տարանջատման սկզբունքին, հակասում է պետական հաստատությունների իրավասությունների և պարտավորությունների տարանջատմանը։   Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն լրջագույն թերացումներ է նկատել քաղաքապետարանի վերջին տարիների գործունեության (կամ անգործության) մեջ․ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման, ֆիզիկայի գիտավանի կառուցապատման և մի շարք այլ դեպքերում քաղաքապետարանի գործունեությունը կարելի է գնահատել բացասական։ Միաժամանակ արժի նշել, որ այդ դեպքերում նույնպես ակներև է գործադիրի կողմից քաղաքի կառավարմանն անհարկի միջամտությունը։ Նաև անընդունելի են Մարությանի կադրային քաղաքականության մի շարք դրսևորումներ, մասնավորապես՝ քաղաքային պլանավորմանը (քաղաքաշինությանը) առնչվող որոշ նշանակումներ։   Չնայած այս թերացումներին, կոմիտեն համարում է, որ գործադիր և օրենսդիր իշխանություններն իրավունք չունեն նման ռեպրեսիվ մեթոդներ կիրառել քաղաքապետի և ավագանու նկատմամբ, քանի որ վերջիններս արդար կերպով ընտրվել են Երևանի համայնքի կողմից։ Կոչ ենք անում կառավարությանը և օրենսդրին չսրել իրավիճակը:   Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք աչալուրջ լինել և խնդիրը պահել ուշադրության կենտրոնում»,-ասված է հայտարարության մեջ։ 
13:47 - 19 դեկտեմբերի, 2021
Հայտարարություն՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ

Հայտարարություն՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ

Մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ Ֆիզիկայի գիտավանի բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացում ենք ստորև․ «Մենք՝ ներքստորագրյալ կազմակերպություններս, խստիվ դատապարտում ենք վերջին շրջանում Երևանի Ֆիզիկայի գիտավանում ապօրինի շինարարության շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված պետական մարմինների ապօրինի գործողությունները կամ անգործությունը, որոնք իրավախախտումների կանխման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրենց պարտականության կատարման փոխարեն զբաղված են ապօրինությունների դեմ բարձրաձայնող բնակիչներին ահաբեկելով կամ դրա վրա աչք փակելով՝ փաստացի ստանձնելով իրավախախտողների պաշտպանի դերը: Վերոնշյալի դրսևորումն են նշված թաղամասի բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները և, մասնավորապես, նրա բնակարանի չհիմնավորված խուզարկության փաստը, որն ակնհայտ նպատակ է հետապնդում լռեցնել ապօրինության դեմ պայքարող քաղաքացիների ձայները:  Ֆիզիկայի գիտավանում ակտիվորեն ընթանում են «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի նախաձեռնած խնդրահարույց կառուցապատման գործընթացները, որի վերաբերյալ տարածքի բնակիչները պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի առկայության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել իրավապահ մարմիններին:  Համաձայն կառուցապատողի մոտ առկա փաստաթղթերի՝ տեղանքում իբր եղել է նկուղ, որի հիման վրա մասնավորեցվել է նախկինում հանրային և կանաչ տարածքը: Իրականում՝ նկուղի վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ։ Բնակիչներն ամիսներ շարունակ բազմակողմանի փորձաքննություն են ակնկալում քննչական մարմնից, պահանջելով տարածքի հողային շերտը ճանաչել որպես իրեղեն ապացույց, սակայն այս գործողությունները չեն իրականացվում։ Զուգահեռաբար՝ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ն ակտիվորեն շարունակում է փորման աշխատանքներն ու տարածքից հեռացնում հողային շերտը:  Ապօրինության վերաբերյալ փաստարկները հիմնավորվում են նաև այն հանգամանքով, որ բնակիչների բազմաթիվ հարցումները՝ կառուցապատվող տարածքի իրավական կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, այդ թվում՝ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով հողերի փոխանցման սահմանափակումների մասով, հետևողաբար մերժվում են Երևանի քաղաքապետարանի կողմից: Ընդ որում, քննվող քրեական գործի շրջանակներում դրանց առգրավման վերաբերյալ տեղեկատվությունը ևս բացակայում է: Կառուցապատվող տարածքում հողամասի փորման աշխատանքները ցույց տվեցին, որ տեղում որևէ նկուղ կամ նույնիսկ պատ գոյություն չուներ: Փոխարենը բացահայտվեց, որ «ՌԱՏԿՈ»-ի հողահեռացման աշխատանքների արդյունքում վնասվել էին կոմունիկացիաներ՝ ջրային խողովակներ և էլեկտրականության մալուխներ։ Առկա է հողամասի փորման ողջ գործընթացի տեսագրությունը, ինչը բավարար հիմք պետք է հանդիսանար քրեական գործով ուսումնասիրվող հանգամանքները պարզելու համար, սակայն այս ապացույցի առկայությունն անտեսվել է: Փոխարենը՝ քննչական մարմիններն ու ոստիկանությունն ակտիվորեն ընթացք են տվել «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի հաղորդման հիման վրա բնակիչների դեմ հարուցած գործերի քննությանը, մասնավորապես` ժամանակավոր մետաղյա ցանկապատի վրա կատարված գրությունների առնչությամբ, որն ուղեկցվել է այնպիսի գործողություններով, ինչպիսին է ապօրինի կառուցապատման դեմ պայքարող ակտիվ քաղաքացիներից մեկի բնակարանի խուզարկությունը:  Ակներև է, որ իրավապահ մարմինները  դիտավորյալ են ձգձգում բնակիչների կողմից բարձրացված փաստերով քննությունը, միևնույն ժամանակ` ակտիվորեն ընթացք տալով նրանց դեմ վարվող գործերին, ընդ որում՝ գործարկելով այնպիսի միջոցներ, որոնք կարող են ահաբեկել քաղաքացիներին և ստիպել ետ կանգնել իրենց իրավունքների համար մղվող պայքարից: Թաղամասում վերջին ամիսներին պարբերաբար բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և բնակիչների միջև` ուժի անհամաչափ կիրառմամբ, բռնության գործադրմամբ, անհիմն բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերով:  Հարկ է նշել, որ կառուցապատողի կողմից բազմիցս տարբեր առիթներով իրականացվել է առանձին բնակիչների թիրախավորում։ Մասնավորապես` Հանրային Հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ժամանակ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ տնօրեն Արթուր Մնացականյանը անվանական կերպով մատնանշել է ապօրինի կառուցապատման գործընթացները վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանին և իրավաբան Հայկ Հարությունյանին: Մեկ այլ դեպքում` Ազգային Ժողովում պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավիրած հանդիպման ժամանակ, որին ներկա էին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, գիտավանի բնակիչներ, Ա․Մնացականյանը դիմել է Ս․Գրիգորյանին` ասելով, որ անձամբ իրեն երբեք թույլ չի տա մուտք գործել շինհրապարակ, և հարցին, թե ինչու` նա ցույց է տվել նախապես տպած և իր հետ բերած լուսանկար, որտեղ պատկերված էր Ս․Գրիգորյանը` շինաշխատանքներ իրականացնող բեռնատարներից մեկի առջևում կանգնած: Նման արարքները հստակ խոսում են Ա․Մնացականյանի կողմից առանձին բնակիչների հետապնդման ու թիրախավորման մասին։ Ակնհայտ է, որ անհիմն քրեական հետապնդումն ու խուզարկության հանգամանքը ևս տեղավորվում են ահաբեկման տրամաբանության մեջ` նպատակ ունենալով խոցելի դարձնել Սեդա Գրիգորյանին, միաժամանակ՝ նաև նախազգուշական ազդակ հղելով մյուս բնակիչներին՝ այդպիսով կանխարգելելու նրանց սահմանադրական իրավունքների պաշտպանությանը միտված պայքարը։  Ս․թ․ նոյեմբերի յոթին ժամը 14:00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երկու ոստիկան ժամանել են Սեդա Գրիգորյանի բնակարան` խուզարկություն իրականացնելու վերաբերյալ դատավորի որոշումով: Համաձայն որոշման, խուզարկությունն իրականացվում էր Ալիխանյան 6/1 հասցեում վիճելի կառուցապատումն իրականացնող «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի շինհրապարակի ժամանակավոր մետաղյա թիթեղների վրա սեպտեմբերի 1-ին արված գրաֆիտի գրությունների («Հանրային տարածք», «Ազատ ծառեր», «Ազատագրենք Գորոդոկը») հետևանքով պատճառված գույքային վնասի շուրջ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ գրաֆիտային ներկանյութի տարան հայտնաբերելու նպատակով: Հարկ է արձանագրել, որ բնակարանի խուզարկության թույլտվություններ տրամադրող դատարանի նման որոշումները մեղմ ասած հիմնավորված չեն՝ հաշվի առնելով ներկանյութով ՌԱՏԿՈ ՍՊԸ-ին պատճառված վնասի հորինված լինելու հանգամանքը: Բնակարանի անձեռնմխելիության սահմանափակումը ենթադրում է դրա արդյունքում հայտնաբերման ենթակա առարկաների՝ գործով բացահայտվող հանգամանքների վերաբերելիության և իրականացվող դատավարական գործողության համարժեքության ապահովման պարտադիր պայման, ինչը քննարկվող իրավիճակում ակնհայտորեն բացակայում է: Բացի այդ, դատարանի որոշման մեջ նշված չի եղել, թե ինչ կարգավիճակով է գործում ներգրավված Ս․Գրիգորյանը, ինչի պատճառով նա հրաժարվել է ստորագրել խուզարկության արձանագրությունը: Ոստիկաններն ասել են, որ ակնկալում են խուզարկության արդյունքում բնակարանում հայտնաբերել կարմիր ներկի այն տարան, որով իրականացվել են գրությունները: Ս․Գրիգորյանն ասել է, որ բնակարանում նման ներկի տարա առկա չէ, ինչից հետո ոստիկանները խուզարկել են ողջ բնակարանը, ինչի արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել և չեն առգրավել:   Մենք՝ ներքոստորոգրյալներս, Ֆիզիկայի գիտավանի բնակիչների, և մասնավորապես՝ Սեդա Գրիգոյանի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող անհիմն քրեական հետապնդումները գնահատում ենք ոչ այլ ինչ, քան՝ ահաբեկում՝ ճնշելու ոչ միայն տվյալ տարածքի բնակիչների արտահայտման  ազատությունները և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, այլև՝ առհասարակ արտացոլում են իշխանությունների վերջերս ավելի ու ավելի նկատելի քամահրական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և հանրային շահի նկատմամբ։  Նման վերաբերմունքը մասնավորապես զգալի է քաղաքաշինության ոլորտում՝ խիստ վիճահարույց պայմաններում և առերևույթ կոռուպցիոն դրսևորումներով ուղեկցվող թույլտվությունների տրամադրման գործընթացներում, որոնք՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ ներկայում, ըստ ամենայնի, հովանավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց փոխկապակցված անձանց կողմից։ Ընդ որում, գործընթացներում առկա կոռուպցիոն դրսևորումները կամ կառուցապատման «տանիքի» դերում շրջանառվող բարձրաստիճան պաշտոնյաների առնչությունը համառորեն քննության առարկա չեն դարձվում իրավապահ մարմինների կողմից: Պահանջում ենք․ Կառուցապատողից՝ անմիջապես դադարեցնել Ֆիզիկայի գիտավանի բնակիչների նկատմամբ ճնշումները, ինչպես նաև կանգնեցնել վիճահարույց շինարարությունը՝ մինչև հողի օտարման հիմքերը քննող քրեական գործերի ավարտը և, առհասարակ, պատշաճ հաղորդակցվել տարածքի բնակիչների հետ։  Երևանի քաղաքապետարանից՝ տրամադրել քննարկվող տարածքի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչվող սահմանափակումներն ամրագրող բոլոր փաստաթղթերը: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների կողմից դրանց կոծկումը պետք է դառնա քրեական գործի շրջանակում քննության առարկա: ՀՀ քննչական կոմիտեից՝ անմիջապես դադարեցնել շինծու քրեական գործով Ս․Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, և փոխարենը՝ պատշաճ քննել նախկինում հանրային կանաչ տարածք հանդիսացող հողամասի ապօրինի կառուցապատման գործը: ՀՀ արդարադատության նախարարությունից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից՝ քննության առարկա դարձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի՝ Սեդա Գրիգորյանի բնակարանը խուզարկելու իրավունք վերապահող որոշմամբ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը»: Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Ինֆորմացիայի ազատության կենտրոն  Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Երևանի մամուլի ակումբ Կանանց ռեսուրսային կենտրոն Իրավունքի ուժ ՀԿ Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ  Հեռանկարային զարգացման կենտրոն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե  Իրազեկ քաղաքացիների միավորում  Restart գիտակրթական հիմնադրամ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ  ՄԻՏՔ ՀԿ ուրբանլաբ Խաղաղության երկխոսություն Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն Վելես իրավապաշտպան ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ Ռեստարտ Գյումրի նախաձեռնությունների կենտրոն ՀԿ Գորիսի մամուլի ակումբ ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ Հայաստանի իրավական պաշտպանության կոմիտե իրավապաշտպան ՀԿ Իրավունքի գերակայություն ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան ՄեդիաԱկումբ ՀԿ Լուսինե Խառատյան, ՀՀ քաղաքացի Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի Կարեն Հակոբյան, ՀՀ քաղաքացի
14:07 - 15 նոյեմբերի, 2021
Իշխանությանը կոչ ենք անում  ներկայացնել, թե ինչպես է բուհերի շենքերի վաճառքից գոյացած գումարը բավարարելու նոր բուհական քաղաքի կառուցմանը. հայտարարություն

Իշխանությանը կոչ ենք անում ներկայացնել, թե ինչպես է բուհերի շենքերի վաճառքից գոյացած գումարը բավարարելու նոր բուհական քաղաքի կառուցմանը. հայտարարություն

 Կրթական քաղաքացիական նախաձեռնության եւ Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեի համատեղ հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բուհերի շենքերը վաճառելու եւ գոյացած գումարով բուհական քաղաք կառուցելու հայտարարության վերաբերյալ. «Սույն թվականի մարտի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կա գաղափար Երևանի բուհերի շենքերի մեծ մասը հանել վաճառքի և ձևավորված գումարով Երևանից դուրս կառուցել բուհական, ակադեմիական քաղաք։ Մարտի 30-ին ԿԳՄՍ Նախարար Վահան Դումանյանը Արմենպրեսին տված պարզաբանման մեջ ասել է. «Մեր կառավարությունը հաստատակամ է այս գաղափարն իրագործելու համար: Ակնկալվում է, որպեսզի լինի ակադեմիական քաղաք, որտեղ կլինեն հրաշալի, հարմարավետ պայմաններ՝ բուհական գործընթացը կազմակերպելու համար»: Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը և Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեն սույնով արտահայտում են իրենց դիրքորոշումը վերոնշյալի վերաբերյալ: 1. Աշխարհի տարբեր երկրներում համալսարանական/բուհական կրթությունը զարգացման տարբեր ընթացք և օրինաչափություններ է ունեցել, ինչի արդյունքում ձևավորվել են ակադեմիական/համալսարանական քաղաքներ և/կամ համալսարաններն ու բուհերը գործել ու շարունակում են գործել հենց սովորական քաղաքաների ներսում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բուհի՝ առանձին «քաղաք» լինել կամ չլինելու հանգամանքը ոչ մի կերպ չի ազդում կրթության որակի և/կամ վերջինիս՝ 21-րդ դարի չափանիշներին համապատասխանելու վրա:  2. Որոշ բուհեր Երևանից դուրս տեղափոխելը բազմիցս քննարկվել է նաև Հայաստանում դեռևս խորհրդային ժամանակներից: Նման քննարկումներում եղել են կողմ և դեմ փաստարկներ ու հիմնավորումներ, սակայն բացառությամբ պոլիտեխնիկական ինստիտուտի որոշ բաժիններ Դիլիջան տեղափոխելու, այլ իրական փորձ գրեթե չի կատարվել՝ չհաշված որոշ բուհերի մասնաճյուղերի առկայությունը Հայաստանի այլ քաղաքներում (այստեղ չենք անդրադառնում մարզերում գործող բուհերին, քանի որ խնդիրը փոքր-ինչ այլ է): 3. Միևնույն ժամանակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում բուհական կրթության որակի հիմնական խնդիրներն առնչվում են կրթության կազմակերպման և իրականացման ժամանակակից մեթոդների և մեթոդաբանության, ինչպես նաև կրթության կառավարման ժամանակակից մոտեցումների բացակայությանը: Այս խնդիրները պայմանավորված են նաև կրթության որակի ու բնույթի և աշխատաշուկայի տրամաբանության հետ դրա կապակցվածության բացակայությամբ: Կարևոր խնդիրների շարքում են դասախոսական կազմի պատրաստվածությունը, բուհերի գրադարանային և գիտակրթական ռեսուրսները, նյութատեխնիկական և բազային համալրվածությունը, կրթության ֆինանսավորումը և այլն: Հարկ է նշել, որ համակարգային խնդիրների շարքին են պատկանում բուհական կառավարման քաղաքականացվածության, բուհական ինստիտուցիոնալ և ֆինանսական ինքնավարության, ակադեմիական բարեվարքության, որակի գնահատման ու ապահովման խնդիրները։ 4. Երևանյան բուհերի ավանդական դասավորվածությունը քաղաքի որոշակի հատվածում՝ Օղակաձև այգուն զուգահեռ և Աբովյան ու Հերացի փողոցների երկայնքով, բուհական ավանի կառուցվածք ունի և ի սկզբանե նախագծվել է իբրև այդպիսին, սակայն այն աղավաղվել է տարիների ընթացքում: Երևանի բուհերի մերձակա հանրային և կանաչ տարածքը մասնավորեցման մոլուցքի արդյունքում տարիներ շարունակ գերծանրաբեռնվել է առևտրային շենքերով, այնինչ նշված գոտիները նախատեսված են եղել ուսանողների հանգստի և բուհական ու քաղաքային միջավայրի ձևավորման համար: Դրա վերադարձն իր նախնական նպատակադրմանը քաղաքաշինական լուծում է պահանջում, որը կարող է բուհական քաղաքի գաղափարը Երևանի սիրտ վերադարձնել: Այն նաև թույլ չի տա էլ ավելի բեռնել քաղաքի կենտրոնն ու այն վերջնականապես մատնել անկառավարելիության: 5. Երևանի բոլոր պետական բուհերի շենքերը մաս են կազմում քաղաքի ժառանգության և պատմական միջավայրի։ Դրանց ֆունկցիոնալ նշանակությունը սերտորեն կապված է տարածական պլանավորման և կառույցների ճարտարապետական ամբողջականության հետ։  6. Երևան քաղաքի վերջին տասնամյակի զարգացումները փաստում են, որ քաղաքաշինական և քաղաքային պլանավորման նորմերի թերությունների, գոյություն ունեցող նորմերի ոտնահարման և վերահսկողության բացակայության պայմաններում, գրեթե բոլոր նմանատիպ նախաձեռնությունները ավարտվել են քաղաքի ժառանգության նկատմամբ ոտնձգություններով, ընդհուպ մինչև ոչնչացում։      Հաշվի առնելով վերոգրյալը ՝ իշխանությանը կոչ ենք անում. • Մասնագիտական և հանրային լայն քննարկումների միջոցով հստակեցնել, որո՞նք են մեր բուհական համակարգի առաջնային խնդիրները, որ խոչընդոտում են որակյալ կրթությանը, ինչպե՞ս է ակադեմիական/բուհական քաղաքների գոյությունը նպաստում դրանց լուծմանը՝ քննարկելով և՛ արդեն գոյություն ունեցող բուհական «քաղաքի» վերակազմակերպումը՝ Երևանի սրտում, և՛, առանց այն վերացնելու, քաղաքից դուրս հավելյալ բուհական քաղաքներ հիմնելու գաղափարները: • Իրականացնել գին/օգուտ (cost benefit) վերլուծություն և հիմնավորել, որ առաջարկվող մոտեցումը հանգեցնելու է ցանկալի արդյունքի:  • Ներկայացնել ամբողջական ծրագրով կառավարության պատկերացումները, թե ինչպես Կրթության և գիտության մասին նոր օրենքով համալսարաններին կցված գիտական ինստիտուտները պիտի համագործակցեն քաղաքից դուրս բերված իրենց բաժինների, համալսարաններում կենտրոնացված վարչական ղեկավարության հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ քաղաքից տեղափոխվում են նաև բոլոր գիտական, գիտահետազոտական հիմնարկներն ու դրանց սպասարկող կառույցները՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: • Ներկայացնել, թե ինչպե՞ս է բուհերի շենքերի վաճառքից գոյացած գումարը բավարարելու նոր, գերժամանակակից բուհական քաղաքի կառուցմանը և ի՞նչ է տեղի ունենալու բուհերի շենքերի հետ, ինչպե՞ս և որտե՞ղ է գործելու յուրաքանչյուր բուհական կառույց մինչև այդ քաղաքը կառուցվի ըստ առաջարվող նախագծի, ո՞վ և ինչպիսի՞ պատասխանատվության է ենթարկվելու գումարների ոչ նպատակային ծախսելու համար կամ նոր քաղաքի չկայանալու և հին շենքերի կորստի պարագայում: • Ներկայացնել թե ի՞նչ ծրագրով և նոր քաղաքային պլանով է առաջարկվում ձևափոխել ողջ Երևանի ճանապարհային ենթակառուցվածքը, որպեսզի ապահովվի բուհական համալիրներում դասավանդող անձնակազմի և Երևանում բնակվող ուսանողության բազմահազար մարդկային հոսքի տեղափոխումը, որքանո՞վ է նպատակահարմար առանց նման ծրագիր ներկայացնելու, քննարկելու և հաստատելու, գործընթացը սկսել շենքերի վաճառքի ակնարկից:  • Հուշարձանների ցանկից դուրս մնացած բուհերի շենքերը ներառել ցուցակում:  • Օղակաձև այգու, Կորյուն, Խանջյան, Իսահակյան, Թումանյան փողոցների հատվածը, որտեղ տեղակայված են բուհական մասնաշենքերը դիտարկել ամբողջական գոտու մեջ և սահմանել նոր շինարարական նորմեր՝ զսպելով անհարկի կառուցապատումներն ու պահպանելով, նաև շատացնելով համարկված կանաչապատման լուծումները: Վերջապես, այս հատվածում նաև բուհական ավանի գաղափարին ծառայող տրասպորտային լուծումներ տալ: Առհասարակ, վարչապետի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ այն ավելի շատ ուղղված է բիզնեսի և բյուջեի հրատապ կարիքները բավարարելուն՝ ի վնաս կրթության, քան միտված է կրթության կարիքները բավարարելուն»։
10:45 - 03 ապրիլի, 2021
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի հրապարակած տեսանյութը՝ Ֆիրդուսի թաղամասի վերաբերյալ, մանիպուլատիվ է․ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի հրապարակած տեսանյութը՝ Ֆիրդուսի թաղամասի վերաբերյալ, մանիպուլատիվ է․ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սույն թվականի հուլիսի 28-ին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի տեսանյութ, որի մեջ ներկայացվում են Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման, իր խոսքերով, մի շարք դրական փոփոխությունները։ Ի պատասխան այդ հրապարակման, Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հարկ է համարում փաստել, որ՝ 1․ Կառավարությունն ի զորու չէ հոդաբաշխ պատասխանելու թաղամասի կառուցապատման օրինականությանը վերաբերող տարրական հարցերի։ Ակնհայտորեն բացակայում է քաղաքաշինական փաստաթղթերի ամբողջական փաթեթը, մասնավորապես՝ նախագծը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) ու համապատասխան թույլտվությունների զգալի մասը։ Կառավարությունն անկարող է հանրությանն արձագանքելու խայտառակ պատմություն ունեցող և սնանկ ճանաչված «Գլենդեյլ Հիլզ» ընկերության տնօրեն և բաժնետեր Էդուարդ Մելիքյանի՝ իբրև Ֆիրդուսի թաղամասի իրացման և կառավարության կողմից հաստատված խմբում ներդրողների հետ աշխատանքի պատասխանատու ներգրավելու հետ կապված հարցերին։ Ինչպես նաև՝ «Դիանար» ՓԲԸ ընտրության և այն ֆինանսական սխեմայի մասին հարցադրւմներին, առ այն, թե ինչու կառուցապատում իրականացնող գրեթե բոլոր ընկերությունների հիմնադիրը նույն Մելիքյանն է: Կառավարությունը ձեռնոց է նետում հասարակությանը՝ հաստատելով Նարեկ Սարգսյանի հայեցակարգը և ընգրկելով նրան կառավարության աշխատանքային խմբում՝ քաջ իմանալով, որ նա ակնհայտորեն շահերի բախման վիճակում էր, երբ զբաղեցնում էր բարձր պաշտոն և միաժամանակ մշակում և հաստատում Ֆիրդուսի կառուցապատման՝ այսպես կոչված կոնցեպտը։ 2. Ներկայացված տեսանյութն ուղղակի մանիպուլատիվ է, քանի որ իբրև թե ցուցադրում է Ֆիրդուսի թաղամասի վերակառուցումը և դրանում նախատեսվող փոփոխությունները, բայց այդտեղ ներկայացված տարածքի որոշ մասն առհասարակ դուրս է նախկինում հանրայնացված փաստաթղթերով նախատեսվող տարածքից։ Նարեկ Սարգսյանի հեղինակած հայեցակարգը, բարձրահարկ շենքերով և կլոր հրապարակով, մնում է անփոփոխ, ինչն անդառնալի հետևանքներ կունենա քաղաքի պատմամշակությաին շերտերի աղավաղման գործում։ Հանրապետության փողոցի երկայնքով գոյություն ունեցող հուշարձան շենքերի հետնամասում զբոսաշրջային փողոց բացելու մտահղացումը ոչ այլ ինչ է, քան իրացման ենթակա ամբողջ տարածքի հիմնական կառուցապատման ամենավիճելի հատվածի՝ նոր հրապարակի և նրա շուրջ 13 հարկանի շենքերի կառուցումն արդարացնելու խղճուկ փորձ։ Հանրապետության փողոցի շենքերի մասշտաբի և դրա հետնամասում առաջարկվող շենքերի ցածր հարկայնության քողի տակ թաքցվում են նախատեսվող կառուցապատման իրական ծավալները, որոնք աղետաբեր հետևանքներ են առաջացնելու ոչ միայն տվյալ թաղամասի համար, այլև ամբողջ շրջակայքի, այդ թվում՝ Հանրապետության հրապարակի և Երևանի ճանապարհային ցանցի հիմնական անոթներից մեկի՝ Խանջյան փողոցի երթևեկության և այլ ենթակառուցվածքային համակարգերը սպասարկելու առումով։ 3. Ըստ 2018 թվականի մարտի 22-ի կառավարության 332 - Ն որոշման, տեսանյութում ներկայացված հատվածը չի հանդիսանում իրացման գոտու տարածք, ինչը նշանակում է, որ այդ «դրական փոփոխություն»-ը, ըստ էության, ոտնձգություն է մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության նկատմամբ։ Սա հակասում է 2020 թվականի հուլիսին Երևանի քաղաքապետարանի կողմից մեզ ներկայացրած Երևան քաղաքի 33-րդ թաղամասի կառուցապատման սխեմային։ 4. Կոմիտեի բազմիցս բարձրաձայնած մտահոգությունները ճարտարապետ Նարեկ Սարգսյանի՝ 33-րդ թաղամասի նախագծային խմբի փաստացի ղեկավար լինելու կապակցությամբ մինչ օրս ոչ միայն չեն փարատվել կամ հերքվել պատկան մարմինների կողմից, այլև ցուցադրված տեսանյութում ակնառու կերպով երևում է վերջինիս ձեռագիրը։ Մասնավորապես, Հանրապետության 46 հուշարձան շենքի անմիջապես հարևանությամբ նախատեսվում է կառուցել ճիշտ մեկ խաչմերուկ ներքև, Բուզանդի և Մելիք-Ադամյան փողոցների անկյունում վերջինիս հեղինակած շենքի կրկնօրինակը։ Այդպիսի մի շենք էլ Նարեկ Սարգսյանը նախագծել և կառուցել է Հյուսիսային պողոտայում։ Այս առաջարկը հուշարձանների պահպանության զուտ նարեկսարգսյանական նմուշ է, որը հանդիպում է ՀՀԿ-ի վարչական շենքի, ՀԲԸՄ-ի շենքի «վերակառուցման» օրինակներում, երբ մի դեպքում մեկ հարկանի ճակատային շենքը դարձել է եռահարկ անկյունային շենք, իսկ երկրորդ դեպքում լուսանկարի վրայից ուղղակի նկարվել, ապա մեջտեղից երկու մասին է բաժանվել քաղաքային դումայի շենքը։ Երևանի ժառանգության կոմիտեն, վերահաստատելով իր նախորդ պահանջները, կոչ է անում` - Փոխվարչապետի գրասենյակին՝ հրապարակել Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը՝ ներառյալ խնդրո առարկա այս նախագիծը և եռաչափ մոդելավորումը կատարած ճարտարապետի անունը, - ՀՀ կառավարությանը՝ դադարեցնել այս ապօրինի գործընթացը և ձեռնպահ մնալ նման մանիպուլատիվ և իմիտացիոն նախագծային առաջարկների ներկայացումից, - Երևանի քաղաքային իշխանություններին՝ տեր կանգնել իրենց առաջնային մանդատով ստացած լիազորություններին և ակտիվորեն պաշտպանել Երևան քաղաքի մշակութային ժառանգությունը և բնակիչների շահերը, - Իրավապահ մարմիններին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ դիտարկել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման շուրջ հնարավոր շահերի բախման դրսևորումները և նախագծի իրականացման ամենատարբեր օղակներում ներգրավված անձանց կապերը։ Կոմիտեն նաև հիշեցնում է, որ հայտարարվել է Ֆիրդուսի թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման այլընտրանքային առաջարկների միջազգային մրցույթ, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://alt33.info/։ Մրցույթի նախնական արդյունքները հասանելի կլինեն ս․թ․ սեպտեմբերին»։
14:06 - 29 հուլիսի, 2020
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն կազմակերպում է Ֆիրդուսի քաղաքային միջավայրի վերակենդանացման այլընտրանքային առաջարկների մրցույթ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն կազմակերպում է Ֆիրդուսի քաղաքային միջավայրի վերակենդանացման այլընտրանքային առաջարկների մրցույթ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն կազմակերպում է «Այլընտրանքային 33. Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման հայեցակարգային այլընտրանքային առաջարկների մրցույթը»։ Այս մասին հայտարարությունը տեղադրվել է կոմիտեի ֆեյսբուքյան էջում․ «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն՝ նախաձեռնելով այս մրցույթը, ցանկանում է գտնել լավագույն այլընտրանքային լուծումները Երևան քաղաքի թիվ 33 (հանրության շրջանում ավելի հայտնի՝ Ֆիրդուսի) թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման համար։ Հիմք ընդունելով դեռևս 2015 թվականին ներկայացված և բազմաթիվ երևանցիների ու մասնագետների քննադատությանն արժանացած, քաղաքային իշխանությունների կողմից դեռևս չհաստատված անընդունելի նախագիծը՝ 2020 թվականի հունիսից սկսվեցին տարածքում առկա արժեքավոր շինությունների քանդման աշխատանքները: Չնայած դրան հաջորդեցին բազմաթիվ հանրային ու մասնագիտական քննարկումներ, իշխանությունները դեռ նախատեսում են իրականացնել 2015 թվականի նախագիծը, որի շրջանակում վերացվում է թաղամասի պատմականորեն ձևավորված քաղաքային միջավայրը։ Ելնելով վերը նշված հանգամանքից՝ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հանդես է գալիս այս մրցույթն իրականացնելու նախաձեռնությամբ։ Քաղաքային միջավայրի վերակենդանացման հայեցակարգային առաջարկների մրցույթի նպատակն է՝ բաց և մրցակցային գործընթացներով քաղաքային պլանավորման (քաղաքաշինական) մակարդակում բացահայտել տնտեսական, սոցիալական և բնապահպանական առումով իրագործելի և կայուն լուծումներ, որոնք կհենվեն պատմականորեն ձևավորված քաղաքային միջավայրի պահպանության և վերարժևորման սկզբունքի վրա։ Մրցութային փաթեթը կտրամադրվի գրանցված մասնակիցներին 2020 թվականի հուլիսի 15-ին»- ասվում է հայտարարության մեջ։
15:19 - 11 հուլիսի, 2020