Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը «Արարատ» թենիսի ակումբի վերաբերյալ
17:53 - 18 հունվարի, 2024

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը «Արարատ» թենիսի ակումբի վերաբերյալ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել «Արարատ» թենիսի ակումբի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն համակ ուշադրությամբ հետևում է Երևան քաղաքի եզակի պատմական սպորտային համալիրներից մեկի՝ Օղակաձև զբոսայգում գտնվող «Արարատ» թենիսային ակումբի շուրջ ընթացող իրադարձություններին։

Քանի որ մեր նախաձեռնության անդամներն արդեն անդրադարձել են հարցի մի շարք ասպեկտներին, սույն հայտարարությունը հատկապես մատնանշում է Երևանի քաղաքային իշխանությունների արատավոր գործունեությունը և հանրության հետ հաղորդակցվելու անպարկեշտ ոճը։

Այսպես՝

- Ս․թ․ հունվարի 8-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Օղակաձև այգու կառուցապատման համար քաղաքապետարանին դիմել է «Գրին ռոք մենեջմենթ» ընկերությունը։ Այդ նույն նիստի ընթացքում պարզ դարձավ, որ Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ ՀՈԱԿ-ը նախապատրաստում է կառավարության որոշման նախագիծ, այդ թվում՝ ընկերությանը առանց մրցույթի տարածքի նկատմամբ կառուցապատման իրավունք տալու մասին։

- Ֆակտոր․ամ-ը պարզեց, որ «Գրին ռոք մենեջմենթ» ընկերությունը պատկանում է ամիսներ առաջ Երևանին 254 մլն ՀՀ դրամ նվիրաբերած Էվոկաբանկի անվանական բաժնետոմսերի 100%-ի և թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100%-ի բաժնետեր Մարետա Գևորկյանին։

- Ազատություն ռադիկայանը բացահայտեց, որ քաղաքապետարանի և ընկերության հայտարարությունների միջև կան հակասություններ․ քաղաքապետարանն ասում է, որ ընկերությունն է դիմել նրանց, իսկ «Գրին ռոք մենեջմենթը» վստահեցնում է, որ ոչ թե իրենք են դիմել քաղաքապետարան, այլ քաղաքային իշխանություններն են դիմել իրենց։

- Ազատության հրապարակումներից պարզ դարձավ, որ Գևորկյանները առավել հայտնի են Ռուսաստանի պետական նավթագազային ոլորտի հետ իրենց կապերով: Նրանց է պատկանում, ի թիվս այլոց, «Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ընկերությունը, որը զբաղվում է նավթագազատարների և արդյունաբերական օբյեկտների շինարարությամբ:

- Ընկերության հիմնադիրը Վազգեն Գևորկյանի հայրը և Մարետա Գևորկյանի սկեսրայրն է՝ Սիմոն (Սենիկ) Գևորկյանը, որը դեռ խորհրդային ժամանակներում ղեկավարել է Գազային արդյունաբերության նախարարության շինարարական միավորումը, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն իր ընկերությամբ մասնակից է Ռուսաստանի պետական ամենախոշոր նավթագազային և էներգետիկ նախագծերին, օրինակ՝ այնպիսի առանցքային էներգատարների շինարարությանը, ինչպիսին են Բալթյան նավթամուղը, Յամալ-Եվրոպա, «Երկնագույն հոսք», «Հարավային միջանցք» գազատարները, որոնք ռուսական գազը հասցնում են Եվրոպա, Թուրքիա և Ադրբեջան: Ընկերությունը մասնակցում է նաև Թուրքիայում «Ակկույու» առաջին ատոմակայանի շինարարությանը՝ մոտ հազար աշխատողներով: 2012 թ․ Forbes-ը հոդված է հրապարակել՝ «Պետպատվերի արքաները» վերնագրով, որում ի թիվս Ռոտենբերգի, Դերիպասկայի, Աղալարովի նշվում է նաև Վազգեն Գևորկյանի անունը՝ որպես «Տրանսնեֆտ» ընկերության պետպատվերն իրականացնող:

- Ս․ թ․ հունվարի 17-ին Տիգրան Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը հաստատեց զբոսայգու տարածքի վերակառուցման ծրագրի և «Էվոկաբանկի» նվիրատվության կապը, ինչպես նաև նախագծի բիզնես էությունը։ Ավելին, խոսնակը տեղեկացրեց, որ Օղակաձև զբոսայգում գտնվող և ապամոնտաժման ենթակա սրճարանների համար փոխհատուցումը տրվելու է հարկատուների գրպանից։

- Ս․թ․ հունվարի 15-ին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Օղակաձև զբոսայգու նախագծին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց․ «Նման ծրագրերը միմիայն ողջունելի են, և վստահաբար թենիսի կորտերի խնդիրը մենք կլուծենք: Իսկ բոլոր նրանց, ովքեր ճանճերի նման հավաքվել էին թենիսի թեմայի շուրջ, որ քաղաքական դիվիդենտներ շահեն, ասեմ՝ չի ստացվելու»։ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն՝ նման գործելաոճի մեջ տեսնում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր, քաղաքապետի հռետորաբանությունը համարում է անպարկեշտ և նույնիսկ լկտի, քաղաքային իշխանություններից պահանջում է հետևել թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներին, ինչպես նաև բարեվարքության կանոններին։

Ելնելով վերոգրյալից նախաձեռնությունը պահանջում է՝

- Դադարեցնել ներկայացված նախագծի ուղղությամբ աշխատանքները,

- Տեխնիկական առաջադրանքի մշակման մակարդակում ապահովել հանրային ու մասնագիտական լայն մասնակցություն, երաշխավորելով պահպանության ենթակա տարրերի անձեռնմխելիությունը՝ անկախ դրանց պահպանության կարգավիճակից (օգտագործման ավանդական ձևեր, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում դեռևս չներառված տարրեր եւ այլն),

-Իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատում,

- Բաց և մրցակցային տրամաբանության, մեծ մասամբ անկախ ճարտարապետներից բաղկացած ժյուրիի միջոցով ընտրել լավագույն գաղափարները,

- Հետագա փուլերում ևս ապահովել հանրային ու մասնագիտական մասնակցություն և վերահսկողություն։ Հավատացած ենք, որ միայն նման բազմակողմանի ու բազմաքայլ լուծումներով է հնարավոր ապահովել քաղաքային մակարդակով հանրային տարածքների զարգացումը։ Նախաձեռնությունը շարունակելու է հետևողականորեն պայքարել Երևան քաղաքի ժառանգության պահպանության համար և աշխատել ի շահ մեր քաղաքի և հասարակության»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել