Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։

Հիմնադրամի առաքելությունը Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումն է։ Նպատակ ունեն մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

 
Արատեսում գորշ արջը հարձակվել է քաղաքացու վրա և վնասել նրան

Արատեսում գորշ արջը հարձակվել է քաղաքացու վրա և վնասել նրան

Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ և ցավալի դեպք է արձանագրվել Վայոց ձորի Արատես գյուղում: Այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ նոր մանրամասներ ներկայացնելով Արատեսում արջի հարձակման դեպքից։ «Քաղաքացին վայրի բույսեր հավաքելիս հանդիպել է գորշ արջի, որը վնասել է նրան։ Դեպքի վայր ժամանել և քաղաքացուն օգնություն են ցուցաբերել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռենջերները, որոնք նաև դեպքի վայր են ուղղորդել ՀՀ ՆԳՆ աշխատակիցներին։ Ըստ նախնական տվյալների՝ արջի հետ հանդիպած 38-ամյա քաղաքացին Արատես գյուղի բնակիչ է, զբաղվում է բոխու հավաքչությամբ և հաճախակի գնում է դաշտ։ Այսօր նույնպես գնացել է հանդամաս բոխի հավաքելու, սակայն բարձրանալով սարի գոգավորությունը մոտ 20-30 մետր հեռավորության վրա նկատել է արջի, բարձր ձայներ է արձակել և կենդանին փախել է։ Ցավոք, քաղաքացին չի նկատել, որ տարածքում ևս մեկ արջ է եղել և արդեն 2-րդը վնասել է նրան։ Դեպքը տեղի է ունեցել Հերմոն վարչական տարածքում։ Արատես գյուղի բնակիչը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և այժմ բժշկական օգնություն է ստանում «Եղեգնաձոր» ԲԿ-ում։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ևս մեկ անգամ հորդորում է վայրի բնության հետ առնչվող յուրաքանչյուր քաղաքացու լինել շատ զգոն, ուշադիր, ինչպես նաև՝ իր հետ ունենալ պաշտպանիչ միջոցներ։ Հիշեցնենք, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարիներ շարունակ զբաղվում է մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի ուսումնասիրմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ շեշտը դնելով կոնֆլիկտի մեղմանն ուղղված գործողությունների վրա: Այս համատեքստում Հիմնադրամը տարիներ շարունակ աջակցում է Վայոց ձորի համայնքներին՝ տրամադրելով էլեկտրական հովիվներ, պաշպանելու իրենց պտղատու այգիները, մեղվափեթակներն ու սեփականությունը, մասնակիորեն փոխհատուցելով հասցված վնասը, ստեղծելով այլընտրանքային աշխատատեղեր տեղաբնակների համար բնապահպանության ոլորտում, կրթելով թիրախային խմբերին և ներգրավելով նրանց բնապահպանական միջոցառումներին: Այժմ էլ մեկնարկել է նոր «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում առաջիկա երեք տարիների ընթացքում FPWC մասնագետները կուսումնասիրեն կլիմայի փոփոխության ազդեցությունը խնդրի սրացման տեսանկյունից, թե ինչպես են ջերմաստիճանի կտրուկ տատանումներն ու հարաբերական տաք ձմեռներն ազդում կենդանիների քնից շուտ արթնանալու, կերի պակասի վրա, ինչպես նաև՝ այլ կապակցված խնդիրների վրա: Ընդգծենք, որ որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում», - նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
13:36 - 04 հունիսի, 2024
Ելփին գյուղում կրակել են արջի վրա․ կենդանաբույժները պայքարում են կենդանու կյանքի համար

Ելփին գյուղում կրակել են արջի վրա․ կենդանաբույժները պայքարում են կենդանու կյանքի համար

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի տարածքում որսագողության դեպք է արձանագրվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խնդրանքով դեպքի վայր է մեկնել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը՝ օգնություն ցուցաբերելու վնասված գորշ արջին։ Դեպքի վայր ժամանած մասնագետները հայտնաբերել են շուրջ 3 տարեկան գորշ արջի էգ առանձնյակի, որին հրազենով վնասվածք են հասցրել, տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)։Տեղում աշխատող մասնագետների ջանքերով կենդանին քնեցվել է, տեղափոխվել Արարատի մարզում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ հայտնաբերվել է, որ կենդանին հրազենային վնասված է ստացել ծնոտի հատվածում։ Հայտնաբերված գորշ արջի վիճակը ծանր է և նրա կյանքի համար արդեն երկու օր է պայքարում են FPWC մասնագետները, միջազգային գործընկեր կենդանաբույժներ, ինչպես նաև՝ Երևանի կենդանաբանական այգու կենդանաբույժը։ 3-ամյա արջը երկար ժամանակ մնացել է ընկած վնասված վիճակում և առանց օգնության, ինչի պատճառով նրա վիճակն ավելի է ծանրացել։ Բացի այդ, կենդանին ենթարկվել է շատ ուժեղ սթրեսի և սկսել է կրծել սեփական թաթը։Այսօր՝ օգոստոսի 10-ին, կենդանին շարունակում է մնալ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում, վիճակը գնահատվում է ծանր, սակայն մասնագետները շարունակում են պայքարել արջի կյանքի համար։ Նախնական ախտորոշմամբ կենդանու մոտ առկա են նաև ուղեղի ցնցման նշաններ, ինչը կարող է կապված լինել կրակոցի հետևանքով մոտակա ձորը գլորվելու հավանականության հետ։FPWC շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար։Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը դիմում է իրավապահ մարմիններին՝ պարզելու համար դեպքի մանրամասները և հայտնաբերելու մեղավորներին։ Գորշ արջը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանատեսակ է, որն ունի հատուկ պաշտպանության կարիք։ FPWC հորդորում է բոլորին զերծ մնալ ցանկացած կենդանատեսակի վնասելու փորձերից՝ գործելով միայն ՀՀ իրավական նորմերի սահմաններում։ Մանրամսները՝ տեսանյութում։  
17:54 - 10 օգոստոսի, 2021
Արցախում 50 հազար ծառ կտնկվի «1 դոլար = 1 ծառ» բանաձևով

Արցախում 50 հազար ծառ կտնկվի «1 դոլար = 1 ծառ» բանաձևով

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակներում մեկնարկում է «Մենք ենք մեր ծառերը» (We are our Forests) արշավն Արցախի անտառներին և էկոհամակարգերին օգնություն ցուցաբերելու նպատակով: Ծառերն աճեցվելու են FPWC կողմից ստեղծված հատուկ տնկարանում, որտեղ կիրառվում է «թիրախային տնկման հայեցակարգ» (TCP) մեթոդը։ Հիմնադրամը հայտնում է, որ աճեցման գործընթացը նախատեսվում է մեկնարկել 2021 թվականի մարտ ամսից, իսկ արդեն հոկտեմբեր ամսին բույսերը պատրաստ կլինեն տնկման համար ընտրված վայրերում։ Տնկման շրջանը սկսվում է հոկտեմբեր ամսվա կեսից և ձգվում է մինչև նոյեմբերի վերջ, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև եղանակային պայմանները, ինչից կախված տնկման աշխատանքները միգուցե հնարավոր լինի իրականացնել նաև ձմռան ամիսներին։ Հիմնադրամը մշտապես հետևողական է կատարած աշխատանքի արդյունավետության նկատմամբ ու առաջնորդվելով այս գաղափարախոսությամբ և իրականացնելու համար տնկված ծառերի հետագա խնամքը՝ FPWC համագործակցում է «Արցախի բնության հիմնադրամի» (ANF) հետ, որն Արցախում առաջին բնապահպանական ՀԿ-ն է։ «Արցախի բնության հիմնադրամը» ստեղծվել է տարածաշրջանի եզակի բնական ժառանգությունը և կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով: Հիմնադրամն առաջին կազմակերպությունն է Արցախում, որը միջազգային աջակցություն է ստացել Ժնևում գործող «Franklinia» ֆոնդի կողմից։ Ժնևը ճանաչել է Արցախը և աջակցել է դրա յուրահատուկ և եզակի անտառների պահպանման նախաձեռնությանը 2019 թվականին։ FPWC և ANF նախատեսում են հետևել ծառերի բնական աճին պայմանականորեն 5 տարի շարունակ։ Հետագա խնամքը ներառում է ոռոգման իրականացում ամռան ամիսներին, պահպանություն անտառապահների կողմից, ինչի միջոցով կկանխարգելվի տարածքների օգտագործումը որպես արոտավայրեր և խնամքի այլ եղանակների իրականացում։ Այս տարիների ընթացքում ծառերը կձևավորեն և կունենան կայուն արմատային համակարգ՝ ինքնուրույն աճը հետագայում շարունակելու համար։  Խնամքի 5 տարի ժամկետն ընտրվել է խուսափելու համար նաև մարդածին բացասական գործոնների ազդեցությունից։ Տեղում պահպանություն իրականացնող անտառապահների շնորհիվ մենք կունենանք անմիջական հսկողություն տնկված տարածքների նկատմամբ, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքման հնարավորություն։ Այսպիսով, նվիրաբերելով ընդամենը 1 դոլար 1 ծառ տնկելու համար, հնարավոր կլինի Արցախում տնկել և աճեցնել շուրջ 50 000 ծառ։ Հիմնադրամն ընդգծում է, որ TCP մեթոդի հիմքում էնդեմիկ բուսատեսակների սերմերի ընտրության, արտադրության և հետագա վերամշակման գաղափարն է, որը հարմարեցված է կոնկրետ տնկման միջավայրի ֆիզիկական և մորֆոլոգիական բնութագրիչներին։ Նախ, ընտրվում է տեղի էնդեմիկ բուսատեսակի սերմ, սածիլները խնամքով մշակվում են տնկարաններում, այսպիսով հարմարեցվում են այն տարածքին, որտեղ տնկվելու են, իսկ համատեղելով բույսի որակային հատկանիշներն ապահովող այլ հատկությունների հետ, ապահովվում է բարձր կպչողականություն (80-90 տոկոս)։ «Մենք ենք մեր ծառերը» արշավի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև GPS կոորդինատներով տվյալների հավաքագրման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա առավել լայն տեղեկատվության տիրապետել ծառերի աճի գործընթացի մասին և իրականացնել համապատասխան հետազոտություններ։ Կարևոր է, որ Արցախի տարածաշրջանը կենսաբազմազանության թեժ կետ է համարվում: Այս անտառներում հանդիպում են ավելի քան 6000 բուսատեսակներ, 153 տեսակ կաթնասուններ և 400 տեսակի թռչուններ։ Այս տեսակներից շատերն ընդգրկված են ՀՀ և ԱՀ կարմիր գրքերում, ինչպես նաև միջազգային IUCN կարմիր ցուցակում որպես վտանգված կամ անհետացող տեսակներ։ 2020 թվականի աշնանն Ադրբեջանի կողմից հրահրած լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով մեծապես վնասվել և վտանգվել է Արցախի բացառիկ բնաշխարհը։ Արցախի անտառները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն բնության պահպանության, այլև առաջնային են տեղի բնակչության գոյատևման տեսանկյունից։ 2020 թվականի լայնածավալ պատերազմական գործողություններից հետո, տարածքների կորստի պատճառով, Արցախի բնակչության համար առաջացել է նոր մարտահրավեր` ջրի սակավության հնարավոր խնդիրը, քանի որ ջրային ռեսուրսների մեծ մասն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Բնականաբար, անտառները ծառայում են որպես ջրի հավաքման, պահեստավորման, զտման և հոսքի բնական համակարգ ՝ առվակների, թաց մարգագետինների և ջրհորների միջոցով:
21:42 - 22 դեկտեմբերի, 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ

Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից մշտապես կարևորվել է ՀՀ-ում գիտության զարգացման բոլոր հնարավորությունների օգտագործումը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեռևս 2020թ. գարնանը FPWC-ն հյուընկալել է Գերմանիայի Էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի (Institute for Ecosystem Research, Deutschland) մի խումբ գիտնականների, որոնք իրականացրել են տարածքում առկա միջատների բազմազանության ուսումնասիրություն: Գիտնականների հետաքրքրության շրջանակը եղել է անողնաշար կենդանիների բազմազանությունը, մասնավորապես՝ ցեցերը, թիթեռները և այլ միջատներ, որոնք հանդիպում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում:     Դաշտային աշխատանքների արդյունքում գիտնականները հայտնաբերել են միջատի տեսակ, որը մինչ այժմ անհայտ է եղել գիտությանը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի մակարդակով: Վերջերս հրապարակվել է նաև այս արժեքավոր գտածոյի վերաբերյալ գիտական հոդված, որտեղ հեղինակները մանրամասնորեն նկարագրել են իրենց փորձն ու կատարած աշխատանքը: Սկզբնապես նմուշի պահպանման վիճակը ցույց է տվել, որ այն հիմնականում համապատասխանում է D. kondarella-ի և D. gaalhaszlerae-ի արտաքին տեսքին, սակայն օրգանների հետագա դիֆերենցիալ ախտորոշումը, ինչպես նաև՝ ԴՆԹ-ի շտրիխ կոդավորումը ցույց է տվել, որ տեսակը գիտությանը դեռևս անհայտ նմուշ է: 2020թ․-ի մայիսին գիտնականներ Հ. Ռովեկի և Ն. Սավենկովի կողմից Արարատի մարզի Ուրցաձորի շրջանից հավաքվել է միջատի մեկ էգ առանձնյակ: Միջատն անվանակոչվել է Ուրցաձոր գյուղի պատվին՝ ստանալով Depressaria urtsadzorensis անունը: Հիշեցնենք, որ գյուղի հարակից տարածքը ճանաչված է որպես Թիթեռների ապրելավայրի կարևորագույն գոտի (Prime Butterfly Area)։
15:34 - 30 նոյեմբերի, 2020
Էկոցիդի վտանգ Հարավային Կովկասում. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման  հիմնադրամի ահազանգը

Էկոցիդի վտանգ Հարավային Կովկասում. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ահազանգը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման  հիմնադրամը հանդես է եկել կոչով. «Սիրելի՛ հետևորդներ, ընկերներ և գործընկերներ, Սեպտեմբերի 27-ից ՀՀ-ն ներքաշված է ցայսօր շարունակվող լայնամասշտաբ պատերազմի մեջ, որը տարածաշրջանի բնական էկոհամակարգերի ու կենսաբազմազանության լուրջ սպառնալիքներից է: Հիշեցնենք, որ մեր տարածաշրջանը միջազգային առաջատար բնապահպանական կառույցների կողմից ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության թեժ կետերից մեկն, ասել է թե՝ պիտի պահպանվի համաշխարհային մակարդակով: Մեր տարածքը հայտնի է էնդեմիզմի բարձր մակարդակով՝ բնական կենսամիջավայր ապահովելով ավելի քան 6000 բուսատեսակների, 153 տեսակի կաթնասունների և 400 տեսակի թռչունների համար, ինչը համաշխարհային բնական ժառանգություն է: Արցախում հայտնաբերված բույսերի և կենդանիների հարյուրավոր տեսակներ ներառված են ինչպես տեղական Կարմիր գրքում, այնպես էլ համաշխարհային՝ IUCN/ԲՊՄՄ կարմիր ցուցակում՝ որպես անհետացման եզրին գտնվող, համաշխարհային պաշտպանության տակ գտնվող տեսակներ: Մենք՝ որպես ՀՀ-ում գործող բնապահպանական կազմակերպություն, խստորեն դատապարտում ենք ս.թ. հոկտեմբերի 30-ին կիրառված ֆոսֆորական զինամթերքի օգտագործումն Արցախի անտառներում: Քիմիական զենքի այս տեսակը միջազգային հանրույթն օբյեկտիվորեն ճանաչում է որպես ռազմական հանցագործություն: Հայաստանն ու Արցախը հայտնի են իրենց կուսական անտառներով, որոնք տարածաշրջանի ամենաբազմազան անտառային էկոհամակարգերից են և կարևոր դեր են խաղում ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման համար, իսկ տեղաբնիկները մեծապես կախված են անտառների բարիքներից: Հազարամյակների ընթացքում ձևավորված ավանդական գիտելիքները նույնպես խորապես կապված են անտառների հետ և ձևավորել են տեղաբնիկների հարուստ մշակույթն ու կենցաղը: Արգելված զինամթերքի կիրառումը փաստացի վտանգում է մասնավորապես անհետացման եզրին գտնվող գորշ արջի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, լուսանի, անգղերի և վերջապես՝ տարածաշրջանի հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող Պարսկական (Կովկասյան) ընձառյուծի գոյությունն, որ իր միգրացիան է կատարում նաև Մռավի լեռնաշղթայով՝ անցնելով ՀՀ-ի, Արցախի, Իրանի ու Ադրբեջանի տարածքներով: Վերացնելով կարևոր ապրելավայրեր ու ոչնչացնելով մի ամբողջ էկոհամակարգ՝ ֆոսֆորական զինամթերքը կուտակվում է հողի և գետերի մեջ, տարիներով աղտոտելով ստորգետնյա ջրերը՝ այդպիսով վերածվելով տարածաշրջանային մասշտաբի սպառնալիքի Հարավային Կովկասում ապրող բոլոր ազգերի համար՝ այդ թվում ադրբեջանցիների:Ֆոսֆորի զինամթերքի օգտագործումն հակասում է բոլոր բնապահպանական միջազգային կոնվենցիաների դրույթներին՝ Բեռնի կոնվենցիայից, Նագոյայի արձանագրությունից մինչև Հելսինկիի և Ռոտերդամի կոնվենցիաներ, որոնք վավերացված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարությունների կողմից: Թեպետ քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիան միտված է պաշտպանելու համաշխարհային բնակչության 98% -ին, այն ակնհայտորեն շրջանցում է Հայաստանում և Արցախում բնակվող էթնիկ հայերին, հույներին, եզիդներին, ասորիներին, ռուսներին, մոլոկաններին, հնդիկներին և այլ ազգային փոքրամասնությունների, ինչը մենք խստորեն դատապարտում ենք:Բնության պահպանությունը քաղաքական և ռազմական սահմաններ չի՛ ճանաչում, քանի որ բոլորս ապրում ենք միևնույն տարածաշրջանում և մեկ Երկիր մոլորակի վրա: Կո՛չ ենք անում մեր բոլոր հետևորդներին, ընկերներին, տեղական ու միջազգային գործընկերներին ու կառույցներին՝ դատապարտելու ռազմական ուժերի նմանօրինակ գործողությունները մեր տարածաշրջանում, որն ուղղված է բնապահպանական աղետ ստեղծելու, և այդ կապակցությամբ արդեն դիմել ենք միջազգային հանրությանը՝ առաջատար բնապահպանական կազմակերպություններին, ներկայացնելով հավաստի տվյալներ: Մենք հանդես ենք գալիս հանուն Խաղաղության և կոչ ենք անում գլոբալ բնապահպանական հանրույթին՝ միանալու մեր ջանքերին և դատապարտելու ֆոսֆորային զինամթերքի օգտագործումն արցախյան անտառներում, որն աներկբայորեն կվերածվի տարածաշրջանային էկոցիդի, եթե չկանգնեցվի համաշխարհային բնապահպանական կազմակերպությունների ջանքերով ու գործողություններով: Պատերազմներն ավարտվում են, սակայն կյանքի իրավունքը շարունակական է՝ անկախ էթնիկ պատկանելությունից և/կամ ռազմաքաղաքական սահմաններից»:
17:23 - 02 նոյեմբերի, 2020
Այս անգամ հովազն ինքն է գտել թակարդ-տեսախցիկը

Այս անգամ հովազն ինքն է գտել թակարդ-տեսախցիկը

Այս անգամ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Բորիս Վանյանի կողմից տեղադրված թակարդ տեսախցիկն է հայտնվել առաջավորասիական հովազի /Panthera pardus (Linnaeus, 1758)/ «ուշադրության կենտրոնում»: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով տեսակը գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D և ունի առավելագույն պահպանության կարիք։ Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այստեղ են բնակվում այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու առաջավորասիական հովազը: Առաջավորասիական հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Այն, որ կենդանու  շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։ ՀՀ ԿԳ տվյալների համաձայն՝ բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ–իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում: Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում արեալի մասնատված լինելը, որի հիմնական պատճառը որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է:
19:20 - 15 սեպտեմբերի, 2020
Խնձորուտ այցելելն ավելի հեշտ է դարձել․ Հայաստանում զարգանում է հեծանվային զբոսաշրջությունը

Խնձորուտ այցելելն ավելի հեշտ է դարձել․ Հայաստանում զարգանում է հեծանվային զբոսաշրջությունը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տեղեկացնում է, որ Հայաստանում ԵՄ աջակցությամբ զարգանում է հեծանվային զբոսաշրջությունը. զբոսաշրջիկների համար հեռավոր Խնձորուտ համայնք այցելելն ավելի հեշտ է դարձել շնորհիվ կառուցված արշավուղու և ճանապարհային տեղեկատվական ցուցանակների։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և «Վորլդ Վիժն» Հայաստանի ջանքերով նոր հեծանվուղին արդեն իրականություն է և մեծապես նպաստում է ներգնա զբոսաշրջության զարգացմանը։ Հիմնադրամի տեսանկյունից հատկապես կարևոր է նախագծի բնապահպանական մասը, որը գրավականն է նաև անվնաս զբոսաշրջության զարգացման։ Արշավուղին կառուցվել և ցուցանակները տեղադրվել են «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում։ Կենսաբազմազանությամբ հարուստ հեռավոր համայնքներում բնության համար անվնաս էկո-զբոսաշրջության զարգացման շրջանակներում FPWC համագործակցել է «Վելո Քլաբ» երիտասարդական ՀԿ-ի հետ: Համագործակցությունն, անխոս, ստացված է։ «Վելո Քլաբ» ՀԿ-ն խթանում է երիտասարդության ներգրավումը գյուղական զարգացման ծրագրերում որպես կարևոր բաղադրիչ ներառելով առողջ ապրելակերպն ու ածխածնային հետքի կրճատումը։
13:08 - 24 օգոստոսի, 2020
Արջերի քարանձավում պեղումներ են իրականացվել․ այն օգտագործվել է ավելի վաղ ժամանակներից

Արջերի քարանձավում պեղումներ են իրականացվել․ այն օգտագործվել է ավելի վաղ ժամանակներից

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ սկսվել են Վայոց Ձորի մարզում գտնվող Արջերի քարանձավի հետախուզական հնագիտական պեղումները։ Աշխատանքներն իրականացվում են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի արշավախմբի հետ համատեղ։ Մասնագիտական արշավախմբի պեղումների արդյունքում փաստագրվել են տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող խեցեղեն, քարե գործիքներ, իսկ վերգետնյա նյութի նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել նեոլիթ-էնէոլիթյան ժամանակշրջանի խեցեղենի առկայություն։ Փաստագրվել է նաև, որ քարանձավը օգտագործվել է շատ ավելի վաղ ժամանակներից (25 000-35 000 տարի), ինչի մասին են վկայում նաև գտնված մի քանի միջին և հին քարեդարյան գործիքները։ Աշխատանքների ընթացքում փաստագրվել են նաև մեծ քանակությամբ կենդանական ոսկորների մնացորդներ, բավական շատ մոխրաշերտ։ Ուսումնասիրությունները շարունակվում են:
14:33 - 17 օգոստոսի, 2020