Էկոցիդի վտանգ Հարավային Կովկասում. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման  հիմնադրամի ահազանգը
17:23 - 02 նոյեմբերի, 2020

Էկոցիդի վտանգ Հարավային Կովկասում. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ահազանգը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման  հիմնադրամը հանդես է եկել կոչով.

«Սիրելի՛ հետևորդներ, ընկերներ և գործընկերներ,
Սեպտեմբերի 27-ից ՀՀ-ն ներքաշված է ցայսօր շարունակվող լայնամասշտաբ պատերազմի մեջ, որը տարածաշրջանի բնական էկոհամակարգերի ու կենսաբազմազանության լուրջ սպառնալիքներից է: Հիշեցնենք, որ մեր տարածաշրջանը միջազգային առաջատար բնապահպանական կառույցների կողմից ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության թեժ կետերից մեկն, ասել է թե՝ պիտի պահպանվի համաշխարհային մակարդակով:

Մեր տարածքը հայտնի է էնդեմիզմի բարձր մակարդակով՝ բնական կենսամիջավայր ապահովելով ավելի քան 6000 բուսատեսակների, 153 տեսակի կաթնասունների և 400 տեսակի թռչունների համար, ինչը համաշխարհային բնական ժառանգություն է: Արցախում հայտնաբերված բույսերի և կենդանիների հարյուրավոր տեսակներ ներառված են ինչպես տեղական Կարմիր գրքում, այնպես էլ համաշխարհային՝ IUCN/ԲՊՄՄ կարմիր ցուցակում՝ որպես անհետացման եզրին գտնվող, համաշխարհային պաշտպանության տակ գտնվող տեսակներ:

Մենք՝ որպես ՀՀ-ում գործող բնապահպանական կազմակերպություն, խստորեն դատապարտում ենք ս.թ. հոկտեմբերի 30-ին կիրառված ֆոսֆորական զինամթերքի օգտագործումն Արցախի անտառներում: Քիմիական զենքի այս տեսակը միջազգային հանրույթն օբյեկտիվորեն ճանաչում է որպես ռազմական հանցագործություն: Հայաստանն ու Արցախը հայտնի են իրենց կուսական անտառներով, որոնք տարածաշրջանի ամենաբազմազան անտառային էկոհամակարգերից են և կարևոր դեր են խաղում ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման համար, իսկ տեղաբնիկները մեծապես կախված են անտառների բարիքներից:

Հազարամյակների ընթացքում ձևավորված ավանդական գիտելիքները նույնպես խորապես կապված են անտառների հետ և ձևավորել են տեղաբնիկների հարուստ մշակույթն ու կենցաղը: Արգելված զինամթերքի կիրառումը փաստացի վտանգում է մասնավորապես անհետացման եզրին գտնվող գորշ արջի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, լուսանի, անգղերի և վերջապես՝ տարածաշրջանի հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող Պարսկական (Կովկասյան) ընձառյուծի գոյությունն, որ իր միգրացիան է կատարում նաև Մռավի լեռնաշղթայով՝ անցնելով ՀՀ-ի, Արցախի, Իրանի ու Ադրբեջանի տարածքներով:

Վերացնելով կարևոր ապրելավայրեր ու ոչնչացնելով մի ամբողջ էկոհամակարգ՝ ֆոսֆորական զինամթերքը կուտակվում է հողի և գետերի մեջ, տարիներով աղտոտելով ստորգետնյա ջրերը՝ այդպիսով վերածվելով տարածաշրջանային մասշտաբի սպառնալիքի Հարավային Կովկասում ապրող բոլոր ազգերի համար՝ այդ թվում ադրբեջանցիների:

Ֆոսֆորի զինամթերքի օգտագործումն հակասում է բոլոր բնապահպանական միջազգային կոնվենցիաների դրույթներին՝ Բեռնի կոնվենցիայից, Նագոյայի արձանագրությունից մինչև Հելսինկիի և Ռոտերդամի կոնվենցիաներ, որոնք վավերացված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարությունների կողմից: Թեպետ քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիան միտված է պաշտպանելու համաշխարհային բնակչության 98% -ին, այն ակնհայտորեն շրջանցում է Հայաստանում և Արցախում բնակվող էթնիկ հայերին, հույներին, եզիդներին, ասորիներին, ռուսներին, մոլոկաններին, հնդիկներին և այլ ազգային փոքրամասնությունների, ինչը մենք խստորեն դատապարտում ենք:

Բնության պահպանությունը քաղաքական և ռազմական սահմաններ չի՛ ճանաչում, քանի որ բոլորս ապրում ենք միևնույն տարածաշրջանում և մեկ Երկիր մոլորակի վրա:

Կո՛չ ենք անում մեր բոլոր հետևորդներին, ընկերներին, տեղական ու միջազգային գործընկերներին ու կառույցներին՝ դատապարտելու ռազմական ուժերի նմանօրինակ գործողությունները մեր տարածաշրջանում, որն ուղղված է բնապահպանական աղետ ստեղծելու, և այդ կապակցությամբ արդեն դիմել ենք միջազգային հանրությանը՝ առաջատար բնապահպանական կազմակերպություններին, ներկայացնելով հավաստի տվյալներ:

Մենք հանդես ենք գալիս հանուն Խաղաղության և կոչ ենք անում գլոբալ բնապահպանական հանրույթին՝ միանալու մեր ջանքերին և դատապարտելու ֆոսֆորային զինամթերքի օգտագործումն արցախյան անտառներում, որն աներկբայորեն կվերածվի տարածաշրջանային էկոցիդի, եթե չկանգնեցվի համաշխարհային բնապահպանական կազմակերպությունների ջանքերով ու գործողություններով: Պատերազմներն ավարտվում են, սակայն կյանքի իրավունքը շարունակական է՝ անկախ էթնիկ պատկանելությունից և/կամ ռազմաքաղաքական սահմաններից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել