Արգելոց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։
Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է Աղստեւ գետի վերին հոսանքի ավազանը՝ Հալաբի արեւելյան, Միափորիի հյուսիսարեւմտյան եւ Արեգունի լեռնաշղթայի հյուսիսարեւելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն։
Կազմակերպվել է 1958 թվականին՝ բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման, հարստացման եւ տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են։ Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական եւ տնտեսական նշանակություն։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ 29 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, հացենի, թեղի, սոճի եւ գիհի։ Դիլիջանի արգելոցում են երրորդական դարաշրջանի մնացորդ՝ կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում։ Դեղատուներից լայն տարածում ունեն սրոհունդի, դաղձի, ուրցի, ուրցադաղձի, սննդային բույսերից՝ ավելուկի, սիբեխի, բալդրղանի, կերային խոտաբույսերից՝ երեքնուկի, կորնգանի, գեղազարդային բույսերից՝ խոլորձի, հիրիկի բազմաթիվ տեսակներ:
Արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ։ Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարակզաքիսը (M. foina nehringi), անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաեւ բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ։ Կան նաեւ բազմաթիվ թռչուններ՝ կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ, անտառային կտցար, կեռնեխ եւ աղավնիներ։ Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն եւ վայրի խոզը։
Արգելոցի տարածքում են գտնվում Հաղարծինը, Ջուխտակը, Գոշավանքը, Մաթոսավանքը։