Տեղի է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը, և ես շնորհավորում եմ խորհրդարան անցած բոլոր երեք կուսակցություններին. Սամվել Բաբայան
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել հաղթած քաղաքական ուժերին և ետընտրական կոչ է արել ժողովրդին։
«Հարգելի' հայրենակիցներ, մի քանի օր առաջ ես ասել եմ, որ այս ընտրություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու, քանի որ ցանկացած դասավորումների դեպքում հաղթելու է ժողովուրդը, որովհետև ընտրությունը կատարում է ժողովուրդը:
Այսօր ես կրկնում եմ`տեղի է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը, և ես ձեզ շնորհավորում եմ, հարգելի' հայ ժողովուրդ: Թո'ղ ձեր բոլոր սպասումներն իրականանան:
Հատուկ երախտագիտությունս եմ հայտնում իմ ընտրողներին. 14.935 ընտրողներից յուրաքանչյուրին, ով իր ձայնը տվեց ինձ և մեր «Ազատական» կուսակցությանը, ով հավատաց և ընդունեց մեր Միասնական Հայրենիքի զարգացման իմ ծրագրին: Ես միշտ ձեզ հետ եմ և միշտ ծառայելու եմ իմ ժողովրդին: Ես հպարտ եմ իմ հանդեպ ունեցած ձեր վստահությամբ և ձեր այն անսասան համոզմամբ, որ միշտ ձեր առաջ եղել եմ և լինելու եմ ազնիվ: Ես երբեք չեմ ստել, երբեք շահի համար իմ դիրքորոշումը չեմ փոխել, և այս նախընտրական շրջանում ես հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին:
Ես չեմ գնացել քաղաքական տրամադրությունների և սպասումների քմահաճույքի ետևից: Իմ ամեն մի խոսք, անկախ նրանից` ասվել է այն լրագրողների հետ զրույցում, թե ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ճշմարտություն է: Եվ միշտ այդպես կլինի:
Ես շնորհավորում եմ խորհրդարան անցած բոլոր երեք կուսակցություններին և քաղաքական ուժերին. կո'չ եմ անում ձեզ մի կողմ թողնել ձեր անձնական շահերն ու հավակնությունները և սկսել աշխատել իր ձայնը ձեզ վստահած ժողովրդի շահերից: Այսօր ձեր վրա, որպես օրենսդրական մարմին, ծանր բեռ է ընկած: Մեզ անհրաժեշտ է Սահմանադրություն, որը ճանապարհ կբացի դեպի ուժեղ զարգացած պետություն և դրանից բխող այնպիսի օրենսդրություն, որը կբացառի դրա երկակի մեկնաբանության բոլոր հնարավորություններն ու միջոցները, որպեսզի վերջապես պաշտպանվեն յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը` անկախ նրա կարգավիճակից ու հնարավորություններից: Միայն այդ դեպքում է արմատախիլ լինելու կոռուպցիան և նրա դեմ կեղծ պայքարը: Ձեր ամեն մի ծրագիրը պետք է լինի իրագործելի և ուղղվի ժողովրդի կյանքի բարելավմանը:
Ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ կգտնեն, որ չտանեն ժողովրդին մասնատման, չավելացնեն ցնցումներն այս դժվար ժամանակներում, այլ կհամախմբեն մեր ժողովրդին` հանուն հզոր պետության»,- ասված է ուղերձում:
21:18 - 21 հունիսի, 2021