Արցախի համապետական ընտրություններն ընթացել են ընտրողների ազատ կամարտահայտման համընդհանուր խախտմամբ. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունն Արցախի 2020թ. համապետական ընտրությունների վերաբերյալ․
«2020թ. համապետական ընտրություններն ընթացել են ընտրողների ազատ կամարտահայտման համընդհանուր խախտմամբ: Կուսակցության և դիտորդական առաքելությունների դիտարկումները ցույց են տալիս, որ ընտրողների կամքի վրա եղել է ընտրական օրենսդրությամբ արգելված գործունեություն: Այս ամենը էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքի վրա, հետևաբար ձևավորվող իշխանությունը չենք կարող լեգիտիմ համարել:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը չի կարողացել հաղթահարել Ազգային ժողով մտնելու շեմը և ներկայացված չի լինի խորհրդարանում: Մենք շնորհակալություն ենք հայտնում կուսակցությանն աջակցած բոլոր քաղաքացիներին: Կուսակցությունը կշարունակի իր գործունեությունը որպես արտախորհրդարանական քաղաքական ուժ: Կուսակցությունը բացառում է որևէ համագործակցություն համակարգային կոռուպցիա ստեղծած Արայիկ Հարությունյանի և նրա գլխավորած Ազատ Հայրենիք կուսակցության հետ:
Մեր գլխավոր նպատակը մնում է արցախյան հասարակության ուժեղացումը, ինչին էլ ուղղված կլինի կուսակցության գործունեությունն առաջիկա տարիներին: Կշարունակի գործել «Ազգային վերածնունդ» կուսակցության գլխավոր գրասենյակը, կտպագրվի «Վերածնունդ» պաշտոնաթերթը, առաջիկայում կուսակցությունը հանդես կգա տարբեր նախաձեռնություններով»:
14:57 - 03 ապրիլի, 2020