«Ազգային վերածնունդ»-ը մտադիր է սեփական թեկնածուով մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին |hetq.am|
07:32 - 25 մարտի, 2019

«Ազգային վերածնունդ»-ը մտադիր է սեփական թեկնածուով մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին |hetq.am|

hetq.am: 2019թ. մարտի 24-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության 5-րդ համագումարը: Համագումարն ավարտվել է հայտարարության ընդունմամբ, որտեղ անդրադարձ կա նաև 2020թ. սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին: 

«Արցախում հաստատված իշխանության բնույթը եղել և մնում է որպես կեղեքիչ` հնարավորություն չտալով տարիների ընթացքում կուտակված ռեսուրսները ուղղել Արցախի զարգացմանը: Այդ ռեսուրսները, որ Արցախ են հոսել միջպետական վարկի, համահայկական հանգանակությունների, տարբեր ներդրումների և հատկացումների տեսքով, օգտագործվել են անարդյունավետ, ծառայելով այդ համակարգը ստեղծած անձանց և նրանց հաճախորդներին: Այդ է պատճառը, որ այսօր չունենք նորմալ ենթակառուցվածքներ, հասարակության բարեկեցությունն ու կենսունակությունն ապահովող համակարգեր, քիչ թե շատ դիվերսիֆիկացված տնտեսություն: Նման վարչակարգի գոյությունն օր-օրի թուլացնում է Արցախը և սպառնալիք է ազգային անվտանգությանը:
Այս փուլում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը իր առջև խնդիր է դնում կանխել իշխանության վերարտադրությունը` ինչ դեմքով էլ այն լինի: Որպես համակարգային, խորհրդարանական ընդդիմադիր ուժ, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստանձնում է այդ գործընթացը առաջնորդելու և կյանքի կոչելու առաքելությունը: 2020թ-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին կուսակցությունը մտադիր է մասնակցել սեփական համամասնական ցուցակով և թեկնածուով»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել