Լենա Նազարյան

Լենա նազարյանն 8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։Ծնվել է 1983թ. մարտի 9-ին Երեւանում:

2007թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի մեկամյա դասընթացը: 2014թ.՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտը: Լրագրող:

2005-2009թթ. եղել է «Հետք» շաբաթաթերթի լրագրող: 2008-2009թթ.՝ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի լրագրող: 2009-2015թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ ընտրական ծրագրերի համակարգող: 2015-2016թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն»-ի շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրի համակարգող:

2008-2009թթ. «Եվրոպական կամավորական ծառայության» շրջանակում կամավոր է եղել Ռումինիայում:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015թ. ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ: 2016թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 18.05.2017-12.09.2018թթ.՝ «Ելք» խմբակցության անդամ, 12.09.2018-14.01.2019թթ.՝ «Ելք» խմբակցության ղեկավար:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: 29.12.2020-02.08.2021թթ.՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ԱԺ փոխնախագահը սփյուռքի հայերին ներկայացրել է անկախության ճանաչման և Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող որոշման նախագծի տարբերակ

ԱԺ փոխնախագահը սփյուռքի հայերին ներկայացրել է անկախության ճանաչման և Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող որոշման նախագծի տարբերակ

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է աշխարհասփյուռ հայերին և ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման և Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող որոշումներ, բանաձևեր կամ հայտարարություններ ընդունելու վերաբերյալ որոշման նախագծի տարբերակ: Նշում է, որ այն ամբողջությամբ կամ հատվածաբար կարող են օգտագործել իրենց ասելիքը ներկայացնելու համար: «Ցանկացած ջանք, որն ուղղված կլինի քաղաքային խորհուրդներում, խորհրդարաններում, կառավարություններում և այլ ազգային կամ վերազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևերի ու որոշումների ընդունմանը, կնպաստի հազարավոր մարդկանց անվտանգության և կյանքի իրավունքի ապահովմանը։ Տեքստում նշված որոշումների ցանկն ամեն օր կթարմացվի՝ այս գրառումը խմբագրելու միջոցով»,-գրել է նա՝ կից ներկայացնելով որոշումը: Այն հետևյալն է.   Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական ու ռազմական վերնախավի նախաձեռնած լայնածավալ ռազմական ագրեսիան ուղղակիորեն սպառնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) բնակչության կյանքին ու գոյությանը։ Շաբաթներ տևող և հրադադարի երկու անհաջող փորձից հետո առայսօր շարունակվող Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով սպանվել են չորս տասնյակ քաղաքացիականներ և երեխաներ։ Ադրբեջանի դիվերսիոն խումբը, ներխուժելով անպաշտպան բնակիչների բնակավայրեր, գնդակահարել է նրանց տներում, ռմբակոծել փողոցներում: Գրանցվել է Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառում՝ մասնավորապես կասետային ռումբեր, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և երկարաժամկետ վնաս հասցնելու համար: Հայ ռազմագերիների նկատմամբ դրսևորվել է անմարդկային վերաբերմունք. գլխատում և Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշների մեջ փաթաթված գնդակահարումներ: Ադրբեջանի զինվորներն այս բարբարոսությունները տեսանկարահանել և հրապարակել են սոցիալական ցանցերում, ուղարկել զոհերի հարազատներին: Պաշտպանական գործողությունների ընթացքում հարյուրավոր հայ զինվորականներ են զոհվել, իսկ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության մի մասը ստիպված է եղել դուրս գալ իր բնակության վայրից՝ հետևում թողնելով չընդհատվող հրետանակոծություններից ավիրված քաղաքներ ու գյուղեր, սահմանագծում պայքարող հարազատներ, իսկ առջևում բախվելով վաղվա օրվա հանդեպ անորոշությանն ու տնից ու կյանքից զրկվելու իրական վտանգին։ Այսօր, ավելի քան երբևէ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը պահանջում է միջազգային հանրության հրատապ և հստակ քայլերը։ Աշխարհի մի շարք տեղական և պետական կառավարման մարմիններ, առերեսելով պահի հրամայականը և գիտակցելով իրենց դերն Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան զսպելու ու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, որպես նրանց անվտանգության և կյանքի իրավունքի երաշխիքներից մեկը, ճանաչելու գործում, ընդունել են որոշումներ։ Մասնավորապես տեղեկանում ենք, որ. հոկտեմբերի 1-ին Չիլիի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող որոշում, հոկտեմբերի 6-ին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը դատապարտող որոշում, հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունել է Ադրբեջանի ագրեսիան դատապարտող և Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք ճանաչող որոշում, հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքի քաղաքային խորհուրդը քվեարկել է Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օգտին, հոկտեմբերի 8-ին Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է հռչակագիր, որի համաձայն հարցի լուծումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների մեծամասնության կամքի ազատ արտահայտման վրա, հոկտեմբերի 9-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան և Թուրքիայի նեգրավվածությունը դատապարտող բանաձև, հոկտեմբերի 13-ին Բելգիայի ֆլամանական խորհրդարանը ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև, հոկտեմբերի 14-ին Ավստրիայի խորհրդարանը ընդունել է Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև, հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, Թուրքիայի աջակցությունը և վարձկանների ներգրավվածությունը դատապարտող բանաձև, հոկտեմբերի 15-ին իտալական Միլան քաղաքի խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հոկտեմբերի 15-ին Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը քվեարկել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օգտին, հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև, հոկտեմբերի 21-ին Կալիֆոռնիայի Ֆոուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը, նաև միաձայն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ և ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ արել միանալ Արցախի ազատությանն աջակցելու հարցում, հոկտեմբերի 21-ին Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը 61 կողմ ձայնով պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Խորհրդարանականները դատապարտել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակումները Արցախի բնիկ հայերի դեմ, հոկտեմբերի 21-ին Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններին՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա: հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Ֆորտ-Լի քաղաքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը։ Ստորև ներկայացված տեքստը կարող է ծառայել որպես որոշման ՆԱԽԱԳԾԻ ՆՄՈՒՇ այս տեսքով, լրամշակումներով կամ կրճատումներով։   Հաշվի առնելով որ, Լեռնային Ղարաբաղի տարածքը Կովկասյան տարածաշրջանի հայերի համար հանդիսանում է կենսական և բնիկ տարածք, 1921 թվականին Իոսիֆ Ստալինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կամայական կերպով շնորհվեց Ադրբեջանի Սոցալիստական Խորհրդային Հանրապետությանը՝ անտեսելով տարածքի ժողովրդագրական պատկերը, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները, ոչ միայն ոչինչ չձեռնարկեցին տարածաշրջանի սոցիալական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացման ուղղությամբ, այլ՝ հակառակը, 1920-ական թվականներից մինչև Խորհրդային Միության անկումն այնտեղ կիրառեցին համակարգային Էթնիկ զտման քաղաքականություն, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, հետևելով խորհրդային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգին և միջազգային օրենքներին, իր անկախությունը հռչակեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ հաստատելով այն նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, Ադրբեջանի հայերը ենթարկվել են պարբերաբար կրկնվող կազմակերպված սպանդի՝ Սումգայիթում (1988 թվականի փետրվարի 25-27-ը), Կիրովաբադում (1988 թվականի նոյեմբերի 23-ին), Բաքվում (1990 թվականի հունվարի 12 -19-ը), Մարաղայում (1992 թվականի ապրիլի 10-ին), հետևաբար նրանց անվտանգությունը և կյանքի իրավունքը չի կարող երաշխավորվել Ադրբեջանի Հանրապետության տարածքում, անկախությունից ի վեր Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավարական ընտրություններով ընտրված իշխանությունները երաշխավորում են իրենց բնակիչների անվտանգությունը, սոցիալական, մշակութային ու տնտեսական բարգավաճումը, Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը՝ այնտեղից դուրս մղելով հայ բնակչությանը, ընթացող պատերազմը ամենադաժան է 1994 թվականին կնքված զինադադարից հետո, Թուրքիայի և նրա կողմից Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից, Պակիստանից բերված վարձու զինյալների ներգրավվումը վտանգում է տարածաշրջանի ժողովուրդների գոյությունը և խաթարում հնարավոր խաղաղ համակեցությունը՝ հանգեցնելով առավել մեծ ծավալի հակամարտության, Ադրբեջանն ու Թուրքիան վերջնագիր են ներկայացրել՝ պնդելով, որ միայն Լեռնային Ղարաբաղի կապիտուլայացիայի կամ ամբողջական գրավման պարագայում կհաստատվի հրադադար, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակաբար մերժում են միջազգային հանրության կոչերը հրադադարի վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ՄԱԿ-ի Կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և մարդու իրավունքների այլ հիմնարար փաստաթղթերում ամրագրված ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներով:   Քաղաքային խորհուրդը/խորհրդարանը/կառավարությունը/վերպետական որևէ կառույց. ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքն անկախ կարգավիճակով՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը, որը հակասում է 1994 թվականի զինադադարի դրույթներին, դատապարտում է արտաքին որևէ միջամտություն՝ մասնավորապես Թուրքիայի ռազմական և քաղաքական աջակցությունը Ադրբեջանին, աջակցում է Կովկասի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող, արդար ու կայուն խաղաղության կերտման գործընթացին։    
17:59 - 23 հոկտեմբերի, 2020
Oր առաջ նախաձեռնեք Արցախի Հանարապետության ճանաչման գործընթաց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից. Լենա Նազարյանի նամակը Փարիզի քաղաքապետին

Oր առաջ նախաձեռնեք Արցախի Հանարապետության ճանաչման գործընթաց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից. Լենա Նազարյանի նամակը Փարիզի քաղաքապետին

ՀՀ ԱԺ փոխխոսնակ  Լենա Նազարյանը նամակ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, որում ասվում է․ «Սիրելի Անն Իդալգո, Դիմում եմ Ձեզ այս պահին ամբողջ հայության ամենանվիրական խնդրանքով՝ օր առաջ նախաձեռնեք Արցախի Հանարապետության ճանաչման գործընթաց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից: Վստահ եմ, որ ձեր այս քայլը շղթայական ազդեցություն կունենա և իր հետևից կբերի նոր նախաձեռնություններ ու մարդկանց, որոնց մենք ընդմիշտ երախտապարտ կլինենք: Ֆրանսիան ու Ֆրանսիայի ժողովուրդը մի՛շտ են ձեռք մեկնել հայերին, մեր ժողովուրդները մի՛շտ են առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով բարեկամություն արել: Ուրեմն, խնդրում եմ, գործեք հիմա՛, գործե՛ք անհապաղ՝ հանո՛ւն ազատության, հանո՛ւն մեր եղբայրության, հանո՛ւն արդարության, հանո՛ւն Հայաստանի և Ֆրանսիայի անքակտելի բարեկամության»: Ջերմորեն ՝ՀՀ Աժ փոխխոսնակ Լենա Նազարյան»։        
18:56 - 19 հոկտեմբերի, 2020
Լենա Նազարյանը Չինաստանի և Վրաստանի գործընկերներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի սադրանքները

Լենա Նազարյանը Չինաստանի և Վրաստանի գործընկերներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի սադրանքները

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը նամակներ է ուղարկել ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Չինաստան-Հայաստան բարեկամական ղեկավար Չժան Եսուին եւ Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նազարյանը:Փոխխոսնակը նամակում տեղեկացրել է, որ 2020թ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը սկսել են օդային և հրթիռային հարձակում Լեռանային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը եւ բնակիչներին, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը: «Սա 2020թ-ի հուլիսի ՀՀ հյուսիսարևելյան սահմանի նկատմամբ ռազմական ագրեսիայի շարունակությունն է, որի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները սպառնացել էին հրթիռակոծել Մեծամորի ԱԷԿ-ը՝ Երևանի մերձակայքում, Հայաստանում:Ավելին, Ադրբեջանի ղեկավարության վերջին ագրեսիվ ռազմատենչ հայտարարությունները, Թուրքիայի Հանրապետության հետ լայնածավալ համատեղ զորավարժությունները հստակ ցույց են տալիս, որ այդ ագրեսիան նախօրոք պլանավորված և կանխամտածված սադրանք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ»,- նշել է Նազարյանը: Ըստ Նազարյանի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 27-ի ագրեսիայով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց միջազգային իրավունքի բոլոր նորմերի անտեսումը և ևս մեկ անգամ ապացուցեց, որ բանակցային գործընթացում երբևէ բարի կամքով չի գործել։«Ցավոք, Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը հաստատել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի, այդ թվում`մոր և երեխայի կորուստները:Կոչ եմ արել մեր գործընկերներին դատապարտել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների անխնա գնդակոծությունները և սպանությունները»,- եզրափակել է Նազարյանը:
18:36 - 27 սեպտեմբերի, 2020
Ես ունեմ փաստեր, որ ընդդիմությունն այնքան իրարամերժ, ապակողմնորոշող տեղեկություն է հայտնել հանրությանը, որ ավելի շատ վնասել է համավարակի հաղթահարմանը․ Լ․ Նազարյանը՝  Մարուքյանին  |tert.am|

Ես ունեմ փաստեր, որ ընդդիմությունն այնքան իրարամերժ, ապակողմնորոշող տեղեկություն է հայտնել հանրությանը, որ ավելի շատ վնասել է համավարակի հաղթահարմանը․ Լ․ Նազարյանը՝ Մարուքյանին |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովը քննարկում է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունը և իրավաչափությունը ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը: Նախագիծը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Նախաձեռնողները առաջարկում են, որ քննիչ հանձնաժողովը ունենա 12 անդամ՝ 7 անդամ «Իմ քայլից», 3 անդամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և 2-ը՝«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից»,-ասաց նա: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հարց ուղղեց Էդմոն Մարուքյանին և նշեց, թե արդյոք հանձնաժողովը կքննարկի՞ ընդդիմության հայտարարությունները, գործողությունները, որոնք եղել են հակասական, իրարամերժ, ապակողմնորոշող, միտված են եղել մեկ օրվա լրահոսում երևալու և տարբեր անհարմարություններ կրող մարդկանց բարեհաճությունը վայելելու համար: «Արդյոք հանձնաժողովը քննարկելո՞ւ է ընդդիմության վարքագիծը, ընդդիմության վնասակար ազդեցությունը համավարակի հաղթահարման գործում: Ես ունեմ փաստեր, որ ընդդիմությունն այնքան իրարամերժ, ապակողմնորոշող տեղեկություն է հայտնել հանրությանը, որ ավելի շատ վնասել է համավարակի հաղթահարմանը»,-հարցրեց նա: Էդմոն Մարուքյանը ասաց, որ հարցը որոշման հետ կապ չունի, թեև պատասխանեց՝ նշելով՝ որ խեղաթյուրված տեղեկություն կա հարցի մեջ: «Հանձնաժողովը ունենալու է 7 անդամ Ձեր խմբակցությունից և ցանկացած հարց, որ առաջարկեք, քննարկվելու է, եթե հարցը վերաբերում է կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավոտությանը և իրավաչափությանը: Ձեր ձեռքում է ինչ հարց կբերեք օրակարգ, կքննարկենք»,-ասաց նա: Կարդալ ավելին՝ tert.am-ում։ 
11:50 - 15 սեպտեմբերի, 2020
Պատգամավորներն առաջարկում են նոր օրենք կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են նոր օրենք կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Մերի Գալստյանն առաջարկում են նոր օրենսդրական նախաձեռնություն, որով սահմանում են տնային եւ  թափառող կենդանիների, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:  Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Տարածքային կառվարման, տեղական ինքնակառվարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Մերի Գալստյանը: «Տրվում են նշված տեսակի կենդանիների հստակ սահմանումները, դրանց հետ կապված պահանջների, դրանց տիրապետողի պարտականությունների շրջանակները, ինչպես նաև պետական կառավարման կառույցների, համապատասխան լիազոր մարմնի, ՏԻՄ-ին վերաբերող լիազորությունները և գործառույթների շրջանակները:  Ինչպես նաև կարևորում ենք հանրային վերահսկողությանն առնչվող ողջ գործիքակազմի ներառումը նախագծում»,-ասաց Գալստյանն ու նշեց, որ դա մայր օրենք է: Օրենքի տրամաբանության հիմքում ընկած է կենդանիների նկատմամբ պատասխանատու, բարեխիղճ, մարդասիրական վերաբերմունքը՝ բացառելով կենդանիներին ցավ պատճառելը, դաժան վերաբերմունքը  և տեսակի առանձնահատկություններին հակասող ցանկացած վերաբերմունք: Սահմանվում է կենդանիներին տիրապետողին ներկայացվող պատասխանատվության ողջ շրջանակը, թափառող  կենդանիների բռնումը կազմակերպելու պահանջները: Ներկայացված են նաև կենդանիների վաճառքի, բուծման, կացարաններում պահելուն վերաբերող բոլոր պահանջներն ու սահմանափակումները, կենդանիների քնեցմանը ներկայացվող պահանջները: «Տնային կենդանիների հետ կապված իրավահարաբերություններում ներմուծել ենք, մասնավորապես, շների նույնականացման անձնագիր ունենալու պահանջը, ինչը արդյունավետ է լինելու հետագայում նրանց կորելու դեպքում տերերի նույնականացման գործընթացում»,-ասաց Գալստյանը: Հարակից օրենքի նախագծերով մայր օրենքի դրույթները խախտելու համար սահմանվել է վարչական և քրեական պատասխանատվություն: Մերի Գալստյանը, սակայն, առաջարկեց նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգել, քանի որ դեռևս քննարկումներ են ունենում տարբեր գերատեսչությունների հետ, հստակեցման համար կան դեռ որոշ հարցեր:
16:33 - 10 սեպտեմբերի, 2020
Ինչպես ճիշտ կարդալ պաշտոնյաների հայտարարագրերը․ փաստաթուղթը՝ մանիպուլյացիայի պարարտ հող

Ինչպես ճիշտ կարդալ պաշտոնյաների հայտարարագրերը․ փաստաթուղթը՝ մանիպուլյացիայի պարարտ հող

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել պաշտոնը ստանձնելու, տարեկան եւ պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ գույքի, եկամտի եւ շահերի հայտարարագիր, իսկ հայտարարատու պաշտոնատար անձանց հետ համատեղ բնակվող անձինք՝ միայն տարեկան հայտարարագիր: Այս գործընթացը կատարվում է հանրային ծառայության անցած անձանց թափանցիկությունն ապահովելու, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու կամ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործառույթների եւ լիազորությունների շրջանակում կանոնակարգում է հայտարարագրման գործընթացը, ստուգում եւ վերլուծում հայտարարագրերը, քննում եւ լուծում հայտարարագրման վերաբերյալ առկա խախտումների վերաբերյալ գործերը եւ այլն: Օրինակ` 2019 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 294 գործի վարույթ՝ 2018 թվականի տարեկան հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, հայտարարագրի լրացման պահանջների խախտմամբ ներկայացնելու, հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու առերեւույթ հատկանիշներով: Բացի հանձնաժողովի կատարած աշխատանքը` հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերը ստուգելու, վերլուծելու, խախտումներն ու կոռուպցիոն բնույթի գործարքները բացահայտելու գործում մեծ դեր ունեն նաեւ հայտարարագրերն ուսումնասիրող լրագրողներն ու անհատները: Սակայն միայն կարդալը բավարար չէ վերլուծելու համար, անհրաժեշտ է կարողանալ ճիշտ կարդալ հայտարարագրերը: Պաշտոնը ստանձնելու հայտարարագիր Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելիս պարտավորվում են հայտարարագրել իրենց անշարժ եւ շարժական գույքը, արժեթղթերը եւ այլ ներդրումները, հանձնած փոխառությունները, 8 մլն ՀՀ դրամը գերազանցող ցանկացած գույք, դրամական միջոցները եւ ստացված եկամուտները՝ պաշտոնը ստանձնելու դրությամբ: Ընդ որում՝ ստացված եկամուտները հաշվվում են եւ հայտարարագրման ենթակա են պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը: Պաշտոնը ստանձնելու եւ տարեկան հայտարարագրերը համեմատելիս հիմնական վրիպակը ստացված եկամուտների վերաբերյալ է լինում, քանի որ դեպքեր կան, երբ հայտարարագիր կարդացողը հաշվի չի առնում պաշտոնավարման ամիսն ու օրը, բացի այդ՝ մինչեւ պաշտոնավարելը ստացված եկամուտները կարող են ներառվել նաեւ տարեկան հայտարարագրում՝ այդպիսով առաջացնելով տարընկալումների հավանականություն: Դիտարկենք մամուլում հրապարակված մի քանի օրինակ՝ առավել լավ պատկերացնելու համար: Armdaily.am լրատվական կայքն իր «հայտարարագիր» բաժնում 2020 թվականի մարտի 21-ին հրապարակել էր «Պաշտոն ստանալուց հետո Գեղամ Գեւորգյանի եկամուտներն աճել են» վերտառությամբ նյութ, որտեղ գյուղատնտեսության արդեն նախկին նախարար Գեղամ Գեւորգյանի (2019 թվականի ապրիլից՝ ՏՄՊՊՀ նախագահ)՝ այդ պաշտոնը ստանձնելու եւ տարեկան հայտարարագրերի համեմատության արդյունքում եկել էր եզրահանգման, թե պաշտոնյայի եկամուտներն աճել են, քանի որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Գեւորգյանի եկամուտը եղել է 12 մլն 917 հազար ՀՀ դրամ, իսկ տարեկան հայտարարագրում նշված է 15 մլն 828 հազար ՀՀ դրամ: Այստեղ կա մի կարեւոր կետ, որը նյութի հեղինակը հաշվի չի առել կամ աչքից վրիպել է: Գեղամ Գեւորգյանի հայտարարագրած 12 մլն 917 հազար ՀՀ դրամը պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը ստացած եկամուտն է: Գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գեւորգյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ին, հետեւաբար՝ նշված եկամուտը նրա 9.5 ամսվա եկամուտն է: Տարեկան հայտարարագրում գյուղատնտեսության այդժամանակվա նախարար Գեղամ Գեւորգյանը ողջ տարվա համար հայտարարագրել է 15 մլն 828 հազար ՀՀ դրամ, որի մեջ ներառված է նաեւ պաշտոնը ստանձնելիս հայտարարագրած 12 մլն 917 հազար ՀՀ դրամը, որը Գեւորգյանը ստացել է նշված երկու աղբյուրներից (աշխատանքներից) եւ այլ եկամուտների մի մասից: Այսինքն՝ հայտարարագրած եկամտի 12 մլն 917 հազար ՀՀ դրամը Գեղամ Գեւորգյանը ստացել է մինչեւ պաշտոնավարելը: Հետեւաբար՝ պաշտոնավարումից հետո նրա եկամուտը կազմել է 2 մլն 911 հազար ՀՀ դրամ: Բացի այդ՝ երկու հայտարարագրերում էլ նախկին նախարարը նշել  է ստացված այլ եկամուտների մասին, որը չի գոյացել աշխատավարձից: Եթե դիտարկենք միայն աշխատավարձից ստացված եկամուտները, ապա մինչ նախարարի պաշտոնը զբաղեցնելը՝ Գեղամ Գեւորգյանը ամսական միջին կտրվածքով ստացել է 1 մլն 183 հազար ՀՀ դրամ աշխատավարձ, իսկ ահա պաշտոնավարելուց հետո նրա աշխատավարձը կազմել է 938 հազար ՀՀ դրամ: Նշենք, որ պաշտոնավարելուց հետո ստացած 2 մլն 344 հազար ՀՀ դրամը նախարարի 2.5 ամսվա աշխատավարձն է, քանի որ նա պաշտոնավարումը սկսել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ից: Եթե դիտարկենք Գեղամ Գեւորգյանի ստացած ողջ եկամուտները, ապա այս դեպքում էլ եկամտի աճ չի եղել: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Գեւորգյանի այլ եկամուտները կազմել են 1 մլն 675 հազար ՀՀ դրամ, տարեկան հայտարարագրում՝ 2 մլն 242 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ ավելացել են 567 հազար ՀՀ դրամով: Մինչ նախարարի պաշտոնը զբաղեցնելը՝ Գեւորգյանի ողջ եկամուտը կազմել է ամսական 1 մլն 360 հազար ՀՀ դրամ, պաշտոնը ստանձնելուց հետո՝ 1 մլն 164 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ նվազել է:  Այսպիսով՝ Armdaily-ի պնդումը, թե պաշտոն ստանալուց հետո Գեղամ Գեւորգյանի եկամուտներն աճել են, չի համապատասխանում իրականությանը կամ առնվազն մանիպուլյատիվ է: «Արայիկ Հարությունյանի եկամուտներն աճել են. ինչ ունեցվածք ունի նախարարը» վերտառությամբ հրապարակմամբ էլ ArmDaily-ն ներկայացրել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարագրերը: Պետք է նշել, որ, իրոք, պաշտոնը ստանձնելուց հետո Արայիկ Հարությունյանի եկամուտները աճել են, սակայն հրապարակման մեջ կան որոշակի անճշտություններ՝ հայտարարագրի կարդալու եւ այն ճիշտ մատուցելու առումով: Հեղինակը գրել է, թե պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արայիկ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 480 հազար դրամ, իսկ եկամուտները` 1,841,688.00 դրամ, որը գոյացել է աշխատավարձից:  Սակայն պաշտոնական պարտականությունները ստանձնելու հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը հայտարարագրած եկամուտների միայն մի մասն է գոյացել աշխատավարձից: Սա կարեւոր է ընդգծել, քանի որ 1 մլն 842 հազար ՀՀ դրամ եկամտի միայն 689 հազար ՀՀ դրամն է եղել աշխատանքի վարձատրություն: Եկամտի մնացած մասը գոյացել է ստացված փոխառություններից (վարկերից): Նաեւ կարեւոր է նշել, որ աշխատավարձից ստացված 689 հազար ՀՀ դրամը Արայիկ Հարությունյանի 4.5 ամսվա եկամուտն է, քանի որ նա պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 11-ին: Հետեւաբար, մինչեւ պաշտոնը ստանձնելը՝ Արայիկ Հարությունյանի միայն աշխատավարձից ձեւավորված մեկ ամսվա եկամուտը կազմել է 154 հազար ՀՀ դրամ: Արդեն տարեկան հայտարարագրում Արայիկ Հարությունյանը հայտարարագրել է ընդհանուր 7 մլն 716 հազար ՀՀ դրամ եկամուտ, որի մի մասը նույնպես գոյացել է ստացված փոխառություններից (վարկերից): Միայն աշխատավարձից ստացված եկամուտը կազմում է 6 մլն 48 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ ամսական 806 հազար ՀՀ դրամ: Այսպիսով՝ կարեւոր է ընդգծել նաեւ փոխառություն/վարկերից ստացված եկամուտները, քանի որ դրանք կապված չեն պաշտոնավարման հետ եւ կարող են տպավորություն ստեղծել, թե պաշտոնատար անձի ամբողջ եկամուտը գոյացել է աշխատավարձից: Երրորդ օրինակը, թերեւս ամենաակներեւ մանիպուլյատիվ ձեւակերպումներ պարունակող հրապարակումն է՝ դարձյալ ArmDaily-ից: 2020 թվականի ապրիլի 11-ին Armdaily-ն հրապարակել էր «Պատգամավոր դառնալուց հետո Լենա Նազարյանի եկամուտներն աճել են. նա բնակարան է ձեռք բերել» վերտառությամբ նյութ, որը կրկին մանիպուլյատիվ եւ իրականությանը չհամապատասխանող ձեւակերպումներ ունի՝ սկսած վերնագրից: Նյութի հեղինակը գրել է, թե 2017 թվականին պատգամավոր ընտրվելուց հետո Նազարյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ առանձնատուն, նրա դրամական միջոցները կազմել են 1մլն դրամ, իսկ եկամուտ չի եղել, իսկ պատգամավոր դառնալուց հետո նա 27.2մլն դրամով ձեռք է բերել բնակարան: Միայն այս մեկ պարբերությունում կարելի է հաշվել առնվազն մեկ կեղծ եւ մեկ մանիպուլյատիվ ձեւակերպում: «Պատգամավոր ընտրվելուց հետո տիկին Նազարյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ առանձնատուն» ձեւակերպումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում արդեն իսկ նշված է այն առանձնատունը, որի մասին գրել է ArmDaily-ն: Հետեւաբար՝ Լենա Նազարյանը նշված առանձնատունն ունեցել է մինչեւ պաշտոնը ստանձնելը եւ ոչ պաշտոնը ստանձնելուց հետո: ArmDaily-ն գրել է, թե Նազարյանի դրամական միջոցները նույնն են մնացել 2017 թվականի տարեկան հայտարարագրում, սակայն եկամուտներն աճել են` 28,192,000.00 դրամ, որից 24,480,000.00 դրամը ստացած վարկերից է եղել: Նշված թվերը համապատասխանում են հայտարարագրի տվյալներին։ Բայց դրանց ներկայացման ձեւը տպավորություն է ստեղծում, թե պատգամավորը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո 27․2մլն դրամով ձեռք է բերել բնակարան, հետո նրա եկամուտները աճել են՝ դառնալով 28 մլն 192 հազար ՀՀ դրամ, որի մեծ մասը վարկերից է եղել։ Սակայն, համեմատելով բնակարանի արժեքը ստացած փոխառության (վարկի) հետ, կարելի է ենթադրել, որ Լենա Նազարյանը բնակարանը ձեռք է բերել վարկի միջոցով: Նազարյանի եկամուտները՝ չհաշված ստացված վարկերը, կազմել են 3 մլն 712 հազար ՀՀ դրամ, որը նրա 7.5 ամսվա եկամուտն է, քանի որ նա պաշտոնավարումը սկսել է 2017 թվականի մայիսի 18-ից: Հետեւաբար, Նազարյանի մեկ ամսվա աշխատավարձը կազմել է 495 հազար ՀՀ դրամ: Տեքստի հաջորդ պարբերության մեջ գրված է․ «2018 թվականի հայտարարագրում Նազարյանի եկամուտները նվազել են` 6,537,640.00 դրամ»: Տեղեկությունը համապատասխանում է Լենա Նազարյանի՝ 2018 թվականի տարեկան հայտարարագրում առկա տվյալին, սակայն կայքը չի նշել, որ 6մլն 538 հազար ՀՀ դրամը գոյացել է աշխատանքի վարձատրությունից։ Քանի որ 2017 թվականին Լենա Նազարյանը վարկային միջոցներով բնակարան է ձեռք բերել, տպավորություն է ստեղծվում, թե 2018 թվականին պատգամավորի եկամուտները նվազել են՝ ի տարբերություն 2017-ի: Սակայն, եթե դիտարկենք միայն աշխատավարձից ստացված եկամուտները, քանի որ փոխառություններից ստացված եկամուտները որեւէ կապ չունեն աշխատանքային գործունեության հետ, ապա Նազարյանի եկամուտները ոչ միայն չեն նվազել, այլեւ մի փոքր աճել են՝  կազմելով 545 հազար ՀՀ դրամ: Այսպիսով՝ ներկայացված օրինակները վկայում են, որ պաշտոնյաների գործունեության թափանցիկության համար կարեւոր է ոչ միայն վերարտադրել նրանց հայտարարագրերում նշված թվերը, այլեւ դրանք համեմատել ու վերլուծել ճիշտ եւ կատարել հիմնավորված պնդումներ՝ մանիպուլյատիվ ձեւակերպումներից զերծ մնալու համար: Տարեկան հայտարարագիր Մինչեւ 2019 թվականը՝ հայտարարատու պաշտոնատար անձինք տարեկան հայտարարագրում պարտավորվում էին հայտարարագրել միայն հարկային տարում ձեռք բերված եւ օտարված անշարժ եւ շարժական գույքը, թանկարժեք գույքը, արժեթղթերը եւ այլ ներդրումներ, հանձնած կամ վերադարձրած փոխառությունները, դրամական միջոցները եւ եկամուտները՝ հարկային տարում: Արդեն 2019 թվականի հայտարարագրում որոշակի փոփոխություններ եղան, որոնց արդյունքում հայտարարատու անձինք պարտավորվում են հայտարարագրել տվյալ տարվա սկզբում առկա անշարժ եւ շարժական գույքը, ինչպես նաեւ թանկարժեք գույքը, տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված եւ օտարված շարժական եւ անշարժ գույքը, ինչպես նաեւ թանկարժեք գույքը, տվյալ տարվա վերջում առկա անշարժ եւ շարժական գույքը, ինչպես նաեւ թանկարժեք գույքը, արժեթղթերը եւ այլ ներդրումները, հանձնված եւ վերադարձված փոխառությունները, բանկային ավանդները, դրամական միջոցները եւ ստացված եկամուտները: «Նոր  տրամաբանությունը  վերլուծություն անելու եւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու համար է: Հանձնաժողովի առաջարկությամբ այժմ ավելի շատ տվյալներ են ենթակա հայտարարագրման, քան նախկինում էր: Դա վերաբերում է հիմնականում գույքի ու եկամուտների ծագման աղբյուրին: Նախկինում հայտարարատու պաշտոնատար անձինք կարող էին չներկայացնել եկամտի կամ խնայողության ծագման աղբյուրը: Հիմա պարտադիր պետք է նարկայացնեն, թե որտեղից իրենց այդ գումարը: Եվ սա վերլուծության համար էական նշանակություն ունի»,- Infocom-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Մեր հարցին՝ հնարավո՞ր է հայտարարատու անձինք թաքցնեն հայտարարագրման ենթակա գույքն ու եկամուտները, Հարությունյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում այլեւս որեւէ տվյալ հայտարարատու պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու հնարավորությունը նվազել է: «Հանձնաժողովը նոր փոփոխությունների արդյունքում արդեն հասանելիություն ունի բանկային գաղտնիք հասկացությանը․ եթե հայտարարատու պաշտոնատար անձինք նախկինում կարող էին բանկային հաշվին առկա գումարները չհայտարարագրել՝ մտածելով, որ որեւէ աղբյուրից դա հայտնի դառնալ չի կարող, հիմա արդեն դրա հնարավորությունը սահմանափակվում է»,- նշեց Հանձնաժողովի նախագահը: Ինչ վերաբերում է հայտարարագրերում առկա պարտադիր եւ պաշտպանված դաշտերին, ապա նոր հայտարարագրերում պաշտպանված կարող են լինել բացառապես անձնական տվյալներին վերաբերող տողերը: Դրանք են` հանրային ծառայության համարանիշը, հաշվառման եւ փաստացի բնակության հասցեները, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը եւ նշումների համար նախատեսված տողը: «Այս մասով ունենք տեխնիկական խնդիր՝ տեխնիկական բազայի տեսանկյունից: Իրականում, մեր ամբողջ նպատակն ավելի շատ տվյալներ հասանելի դարձնելն էր հանրությանը, ու չափազանց փոքր թվով տվյալներ էինք փակել, որոնք վերաբերում էին բացառապես հասցեներին եւ երրորդ կողմի տվյալներին: Հիմա աշխատում ենք, որ երրորդ անձանց վերաբերյալ անուն ազգանունները եւ հասցեները պաշտպանված լինեն: Գույքային տվյալները չեն կարող պաշտպանված լինել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կոդավորման մեջ խնդիր է եղել: Դա համակարգային խնդիր չէ, կարող է առանձին մարդկանց մոտ հանդիպել»,- ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ հավելելով, որ արդեն իսկ աշխատում են տեխնիկական խնդիրները վերացնելու ուղղությամբ, եւ այժմ հայտարարագրերի տվյալներն օգտագործելուց առաջ ցանկալի է զանգել ու նախապես ճշտել դրանք։ Նարեկ Մարտիրոսյան
15:37 - 29 հուլիսի, 2020
ԱԺ փոխնախագահը միացել է Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

ԱԺ փոխնախագահը միացել է Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը միացել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը: Այս մասին Նազարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Աննա Հակոբյանը շատ կարևոր խոսակցություն է սկսել։ Միանում եմ»։ ԱԺ փոխնախարարը կից հրապարակել է ՀՀ վարչապետի տիկին, Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ Աննա Հակոբյանի խոսքը. «Հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետեւանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել եւ ծավալվելու միտում ունեին, հորդորեցի ադրբեջանցի կանանց եւ մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները եւ վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը»: Դա արեցի, որպես «Կանայք հանուն խաղաղության» արշավի հեղինակ. արշավ, որի նպատակն է կանանց միավորել ընդդեմ պատերազմների, նպաստավոր միջավայր ստեղծել, որպեսզի հակամարտող երկրների ղեկավարները հակամարտությունների լուծումները փնտրեն բանակցությունների սեղանի շուրջ: Իշխանությունների կողմից մեծապես վերահսկվողա ադրբեջանական լրատվամիջոցներով այս հորդորին պատասխանեցին ադրբեջանցի զինվորների մի քանի մայրեր, ասելիքը ամփոփված էր հետեւյալ տողերում. ես որպես զինվորի մայր ասում եմ` Պայքա՜ր: Առա՜ջ ադրբեջանցի զինվոր, Առա՜ջ: Պայքա՜ր, մեր դրոշը Ստեփանակերտում ծածանելու համար: Զինվորի միակ մայրը հայրենիքն է: Հայրենիքի համար պայքարը սուրբ է: Այսպիսով, ըստ ադրբեջանական պետական քարոզչամեքենայի` ադրբեջանցի մայրերը մերժեցին ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու իմ կոչը, նրանք հայտարարեցին, որ իրենց որդիներին ուղարկում են կռվելու, եւ մեռնելու սուրբ պայքարում: Հաջորդ օրերի ընթացքում մեծ թվով ադրբեջանցիներ զոհվեցին: Ադրբեջանական պետական քարոզչամեքենային չհաջողվեց զսպել ադրբեջանցի ժողովրդի կրքերը: Եւ արդեն մի քանի օր է «հայրենիքի համար սուրբ պայքարը» դուրս է եկել հակամարտության գոտու սահմաններից: Ռուսաստանում, եվրոպական տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները իրենց զոհված հայրենակիցների վրեժը լուծելու համար այդ քաղաքներում սկսեցին տարբեր գործողություններ իրականացնել հայերի դեմ` սկզբում ոտքերով հարձակվեցին հայկական ծիրանի վրա, ապա արգելեցին ծիրանի վաճառքն իրենց պատկանող առեւտրի կետերում, հետո բողոքի ակցիայի ժամանակ հարձակվեցին հայ կանանց վրա, հրկիզեցին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության մեքենան, ջարդուփշուր արեցին հայերի մեքենաներ, խանութներ, մի քանի հոգով հարձակվեցին մեկ հայի վրա եւ ծեծի ենթարկեցին: Նրանց այս գործողությունները անպատասխան չէին մնում. մեր հայրենակիցները բնականորեն պետք է ինքնապաշտպանվեին: Այս օրերին ահա հայերն ու ադրբեջանցիներն արդեն մարտեր են մղում աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում, մեծ ու փոքր քաղաքներում: Հիմա վտանգված է ոչ միայն սահմանին կանգնած զինվորների կյանքը, այլեւ Մոսկվայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, այլ քաղաքում ապրող կամայական ադրբեջանցու, հայի կյանքը: Եւ ահա իրենց որդիներին սրբազան պայքարի մղող ադրբեջանցի մայրերը սկսել են դիմել միջազգային տարբեր կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին: Վերջիններիս կոչ են անում միջամտել, գնահատական տալ, կանխել տարբեր երկրներում կատարվողը: Կանայք, ովքեր խրոխտ մերժում էին խաղաղության կոչը եւ իրենց ժողովրդին տանում պատերազմի, այժմ այդ նույն պատերազմի հետեւանքների պատասխանատվությունը փորձում են այլոց ուսերին դնել: Որպես հայ կին եւ մայր, ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլեւ չեն վախենում անձամբ կռվել եւ զոհվել հայրենիքի համար: Սակայն հայ մայրերը նախընտրում են խաղաղությունը: Վստահ եմ ադրբեջանցի մայրերը, քույրերը, դուստրերը` նույնպես: Ադրբեջանցի մայրերը ի վերջո պետք է մի հարցի պատասխան փնտրեն` իրենց որիդիների արյունը հայրենիքի համա՞ր է հոսում, թե՞ բռնապետական իշխանության երկարակեցության: Ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ եմ անում ավելի համարձակ լինել, օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, իրենց երկրի իշխանություններին ստիպել անվերադարձ դեն նետել ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու մոլուցքը, եւ խաղաղության պայմաններում, բանակցությունների սեղանի շուրջ փնտրել հարցի կարգավորումը: Որովհետեւ` բռնությունն իր հետեւից նոր բռնություններ է բերում: Մինչդեռ` Խաղաղությունն այլընտրանք չունի: Հ.Գ. Ադրբեջանցի կանայք, դուք կարող եք ձեր տանը նստած մերժել պատերազմը եւ ձեր խոսքն ասել հանուն խաղաղության: Սրա համար պետք է ընդամենը գրանցվել Կանայք հանուն խաղաղության կայքի` «Ես աջակցում եմ բաժնում»: Ձեր աջակցությունը շատ կարեւոր է: Եւ եթե դուք հազարներ լինեք, իշխանությունը չի կարող վրեժխնդիր լինել ձեզանից, ընդհակառակը ստիպված կլինի հաշվի նստել ձեզ պահանջի հետ»:
22:30 - 28 հուլիսի, 2020
Լենա Նազարյանը նամակներ է ուղարկել Չինաստան-ՀՀ բարեկամական խմբի և Վրաստան-ՀՀ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարներին

Լենա Նազարյանը նամակներ է ուղարկել Չինաստան-ՀՀ բարեկամական խմբի և Վրաստան-ՀՀ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր նամակներ եմ ուղարկել ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Չժան Եսուին եւ Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիին։ Տեղեկացրել եմ նրանց Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանների ուղղությամբ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ագրեսիայի, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աջակցող հայտարարությունների մասին, որը ստեղծում է լրացուցիչ լարվածություն, ապակայունացնում է տարածաշրջանային անվտանգությունը: Կոչ եմ արել մեր գործընկերներին խստորեն դատապարտել ՀՀ պետական սահմանում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի ղեկավարության և նրա դաշնակիցի կողմից անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները»։  
19:36 - 15 հուլիսի, 2020
Նրանք չունեն հանրային աջակցություն. Լենա Նազարյանը՝ ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցության քննարկումների վերաբերյալ |parliamentmonitoring.am|

Նրանք չունեն հանրային աջակցություն. Լենա Նազարյանը՝ ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցության քննարկումների վերաբերյալ |parliamentmonitoring.am|

parliamentmonitoring.am: Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի հետ: - ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պահանջում է իշխանության 100 տոկոս հրաժարական, արտախորհրդարանական որոշ ուժեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, «Լուսավոր Հայաստանը» անդադար քննադատում է իշխանությանը. քաղաքական դաշտում մենա՞կ եք մնացել: - Մեր ուժի հենարանը մեզ աջակցող, մեզ հետ համագործակցող քաղաքացիներն են: Մենք մենակ չենք։ Իսկ ինչո՞ւ պետք է քաղաքական ուժերը մեզ աջակցեն, եթե մենք դաշինքի մեջ չենք նրանց հետ և չունենք համագործակցության հուշագիր։ Դա նախկինում էր, երբ կային իբր անկախ կուսակցություններ, որոնք, չգիտես ինչու, ամեն հարցում սատարում էին կառավարող ուժին։ Այսօրվա իրավիճակն ընդամենը վկայում է, որ մենք չունենք գրպանային ընդդիմություն, և ոչ մեկը պարտավոր չէ մեր մասին բարի խոսք ասել։ Իհարկե, կան արտախորհրդարանական ուժեր, որոնք կորոնավիրուսի համաճարակի պատճառով հիմա կառավարությանը չեն քննադատում և սպասում են համաճարակի հաղթահարմանը։ Իսկ մյուսները, կառավարության հրաժարականը պահանջելով, ցուցադրում են իրենց քաղաքական մանկամտությունը կամ կամա թե ակամա՝ ծառայություն մատուցում օտարների օրակարգին: - ԲՀԿ-ն քննարկումներ է անցկացնում ՀՅԴ-ի, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և մի քանի այլ նորաստեղծ կուսակցությունների հետ: Նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը: Մտավախություն չունե՞ք, որ բազմաթիվ ուժեր կհամախմբվեն ձեր դեմ, և ինչ-որ պահի դիմադրել չեք կարողանա: - Նրանք չունեն հանրային աջակցություն։ Ավելին՝ դրա պոտենցիալն էլ չունեն։ Հարցը ռեսուրսների, մամուլի կամ ասելիքի պակասը չէ։ Նրանք ավարտված պատմություններ են՝ քաղաքական ու իրավական խնդիրների ծանր բեռով։ Նրանց ցանկացած ասելիք խեղդվելու է հանրային, իրավական, քաղաքական մեղադրանքների մեջ։ Երբ մարդիկ ասում են, թե հնին վերադարձ չի լինելու, դրանում ոչ միայն հինը մերժելու մղում կա, այլ նաև՝ նորից չվախենալու, նորին լսելու, նորն ընդունելու պատրաստակամություն: Սա է վկայում Հայաստանում ապրող մարդկանց քաղաքական հասուն փորձառության, ինքնուրույնության ու իրենք իրենց ուժեղ զգալու մասին։ Սա համարում եմ հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումներից և ասում եմ ոչ թե չկամության պատճառով, այլ գիտակցումով, որ Հայաստանի ապագան անխուսափելիորեն նոր մարդկանց է բերելու քաղաքական դաշտ։ - Ձեր ընդդիմախոսները հայտարարում են, թե իշխանությունը տապալել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը, վիրուսի տարածումն ընդլայնվում է, ավելանում է տնտեսական ճգնաժամը: Եվ դա աշնանը հանգեցնելու սոցիալական դժգոհության: Իշխանությունը կանխատեսո՞ւմ է նման զարգացումներ: - Եղած խնդիրների մասին կառավարությունն էլ է անթաքույց խոսում։ Հանրային դժգոհություն կարող է լինել, եթե կառավարությունը թաքցնի իրավիճակի լրջությունը, սխալները։ Իսկ կառավարությունը, բարեբախտաբար, չգնաց այդ ճանապարհով, այլ ամեն բան թափանցիկ շարունակում է ներկայացնել հանրությանը։ Պատեհ պահին հանրության հետ կխոսի նաև հնարավոր բացթողումների և սխալների մասին։ Եթե կոռոնավիրուսով ոգեշնչված ընդդիմախոսները հույսները դրել են այս հարցում կառավարության սխալները քննադատելով առաջ գնալու վրա, ապա իզուր, որովհետև կառավարությունն իր ասելիքով նրանցից առաջ կլինի։ Այսօր կառավարությունը չէ, որ քննություն է հանձնում, այսօր մեր հասարակական համերաշխությունը, մեր փոխօգնությունը, միմյանց հանդեպ հոգատարությունն է քննություն հանձնում։ Ի վերջո, մարդկանց կյանքեր փրկելու, բժիշկների կյանքեր փրկելու, պետության առողջապահական համակարգը փրկելու խնդիրը Հայաստանում ապրող յուրաքանչյուրի անելիքն է, ոչ միայն կառավարության։ - Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության պնդումներին, թե իշխանությունը իրավապահներին հանձնարարում է տարբեր աղմկոտ քրեական գործեր հարուցել, որպեսզի քողարկի հեղափոխական բարձր վարկանիշի անկումը: - Վերաբերվում եմ որպես անհիմն քաղաքական հայտարարությունների։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է կառավարող ուժից որևէ մեկը իրավապահ մարմնին հանձնարարել շինծու քրեական գործեր հարուցել, և ինչպես կարող է դա չբացահայտվել ու չդառնալ հենց այդ նույն կառավարող ուժին շանտաժի ենթարկելու առիթ։ Պատկերացրեք՝ գեթ մեկ այդպիսի հրամանի կամ հանձնարարության մասին տեղեկության բացահայտում, և կառավարող ուժի հանդեպ վստահությունը խաթարված է։ Իրավապահ մարմիններին տրված միակ ուղերձը եղել է այն, որ եթե կան ապացույցներ և իրավական հիմքեր, ապա գործե՛ք առանց կաշկանդվելու, առանց երկմտելու, առանց հապաղելու իրականացրե՛ք օրինապահ գործունեությունը՝ բոլորը հավասար են օրենքի առաջ սկզբունքով։ Սա է եղել ու մնում կառավարող ուժի միակ քաղաքական պատվերը իրավապահ մարմիններին։     - Իսկ ինչպե՞ս եք գնահատում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու դատարանի որոշումը: - Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը քննվելու է ամբողջությամբ՝ ծայրից ծայր, լինի նա տանը թե դատարանում: Մենք բոլորս իմանալու ենք, թե ինչ է կատարվել 2008թ. մարտի 1-ին, երբ սպանվեցին մեր երկրի քաղաքացիներ։ - Որոշումը կայացրած դատավորի վրա նախկին նախագահի մերձավորներն ունեցե՞լ են կողմնակի ազդեցություն: - Չեմ կարող նման կռահումներ անել առանց փաստերի։ Միևնույն ժամանակ, այսպիսի հարցադրումները չեն դադադրի, քանի դեռ Հայաստանում չի հանգուցալուծվել դատարանների քաղաքական և կոռուպցիոն կախյալության հարցը։ Այն, որ 2019թ. մենք չենք կարողացել լուծել անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը, դա խոստովանեց նաև վարչապետը՝ Ազգային ժողովում կառավարության 2019թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս։ Դեռ այս մարտահրավերի առաջ ենք։ Արդեն հաստատված է խնդրի լուծման ռազմավարությունը, որի արդյունավետության մասին դատողություններ կանենք դրա իրականացման ընթացքում կամ ավարտին։ - Ավարտվեց գարնանային նստաշրջանը: Ի՞նչ հասցրեցիք անել, ո՞ր կարևոր հարցերը մնացին չլուծված:: - Հասցրեցինք ընդունել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Այս օրենքով իրավապահները կարող են յուրաքանչյուրին հարց տալ՝ որտեղի՞ց է ծագել ունեցվածքը, և ոչ ոք չպետք է խուսափի այս հարցի պատասխանից։ Օրենքը մի կարևոր կարգավորում էլ ունի, որի մասին քիչ է խոսվել`ապօրինի գույքին տիրապետողը կարող է գույքը պետությանը վերադարձնելու հաշտության համաձայնագիր կնքել և խուսափել դատական երկարատև գործընթացներից։ Հաջորդը Դատական օրենսգրքի ծավալուն փոփոխություններն էին, որոնք կառավարությունն առաջարկեց վեթթինգի փոխարեն։ Անցյալը խմբագրելու այս իրավական գործիքների կիրառումը առաջիկայում մեզ բոլորիս պահելու է քաղաքական լարվածության մեջ: Արդեն դրա ականատեսն ենք։ Եվ, վերջապես, Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու, Սահմանադրության մեջ փոփոխություններ առաջարկող պատգամավորների նախագծերը, որոնք վերաբերում են ՍԴ դատավորներին: Որպես չարված էլ՝ պիտի հիշեմ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները, որոնց կանդրադառնանք հաջորդ նստաշրջանում։
12:00 - 25 հունիսի, 2020
Հարկ չկա կին գործիչներին ասպետական կամ հայրական հովանոցի տակ առնել և նենգափոխել կանանց իրական խնդիրները. Լենա Նազարյան

Հարկ չկա կին գործիչներին ասպետական կամ հայրական հովանոցի տակ առնել և նենգափոխել կանանց իրական խնդիրները. Լենա Նազարյան

Հարկ չկա կին գործիչներին ասպետական կամ հայրական հովանոցի տակ առնել եւ նենգափոխել կանանց վերաբերող իրական խնդիրները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ  Լենա Նազարյանը։  «Ամեն ինչ շուռ տալու նուրբ արվեստը դրդում է որոշ մարդկանց ասպետական ոճով պաշտպանել կին կուսակցական կամ քաղաքական գործիչներին։ Չեն էլ նկատում, որ կին գործիչների համար առանձնահատուկ վերաբերմունք պահանջելով` նվաստացնում են նրանց դերը։ Կանայք նույնպես ունեն իրենց բողոքն արտահայտելու իրավունք։ Այլ բան է, թե ինչն է նրանց դրդում փողոց փակել՝ իրենց կուսակցության հովանավոր-ղեկավարի մասնավոր շահը, թե՞ հանրային շահը։ Սա այլ հարց է։ Եվ, իհարկե, ոստիկանները չպետք է եւ չե՛ն գերազանցել իրենց լիազորությունները թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում, չե՛ն խախտել մարմնի անձեռնմխելիության իրավունքը։ Եթե այս մասով ասելիք կա, ասեք, եթե չէ, ապա հարկ չկա կին գործիչներին ասպետական կամ հայրական հովանոցի տակ առնել եւ նենգափոխել կանանց վերաբերող իրական խնդիրները»,- գրել է նա։
20:20 - 15 հունիսի, 2020
Նորից հորդորում ենք չծրագրել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով․ Լենա Նազարյան

Նորից հորդորում ենք չծրագրել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով․ Լենա Նազարյան

Անհրաժեշտ ենք համարում վերստին ընդգծել, որ համավարակի կանխարգելման շրջանակներում Վրաստանի կառավարության կողմից կայացված որոշմամբ արգելված է օտաերկրացիների մուտքն իր տարածք, ուստի մեր քաղաքացիներին նորից և նորից հորդորում ենք չծրագրել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ «Այն քաղաքացները, որոնք հայտնվում են Լարսի անցակետում հայտնվում են փակուղու առաջ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու միակ հնարավոր ճանապարհն օդային ուղին է։ Ընդ որում, այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կամ Մոսկվայում ՀՀ դեսպանությունում։ Առաջիկա թռիչքները տեղի կունենան հունիսի 10-ին՝ Կրասնոդար և Միներալնիե Վոդի քաղաքներից, նախատեսված է թռիչքներ նաև Մոսկվայից, որոնց մասին դեսպանությունը պարբերաբար տեղեկացնում է։ Հայաստան վերադառնալու համար հետևեք միայն պաշտոնական, այն է՝ Ռուսաստանում մեր դիվանագիտական ծառայության մարմինների և ՀՀ ԱԳՆ կողմից տրամադրվող տեղեկատվությանը։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել գործող կարգին, ներդրված սահմանափակումներին և Հայաստան վերադառնալը իրականացնել Ռուսաստանում մեր դիվանագիտական ծառայության մարմինների հետ համակարգմամբ»,- գրել է Նազարյանը:
21:42 - 08 հունիսի, 2020
Լենա Նազարյանն առաջարկել է աշխատանքային իրավունքների խախտումներին արագ արձագանքելու համակարգ ստեղծել

Լենա Նազարյանն առաջարկել է աշխատանքային իրավունքների խախտումներին արագ արձագանքելու համակարգ ստեղծել

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը նկատում է, որ հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են։ Նազարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այսօր, հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են։ Սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունեցողներն արդեն ստիպված անթաքույց խոսեցին, որ գործատուները չեն գրանցել իրենց աշխատանքը և չեն վճարել հարկեր, որոնք հիմա հնարավոր կլիներ վերադարձնել այդ աշխատողներին սոցիալական ծրագրերի միջոցով։ Հայտնի դարձավ, որ որոշ գործատուներ անգամ պահանջել են իրենց աշխատողներից սոցիալական աջակցության մի մասը տալ իրենց։ Խոսվեց նաև այն մասին, որ մարդկանց կախյալ պահելու համար տարիներով նույն վայրում աշխատող մարդկանց հետ կնքում են ժամանակավոր պայմանագիր և պատեհ պահին հրաժարվում շարունակել այն»,-նշել է Նազարյանը: Նա հայտնել է, որ այս ամենը պետական համակարգի համար համակարգված լսելի դարձնելու համար, երեկ՝ ապրիլի 30-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին առաջարկել է ուսումնասիրել աշխատանքային իրավունքների խախտումների մասին պետական կառույցներին արագ, մատչելի և գուցե անանուն ազդարարելու համակարգ ստեղծելու հնարավորությունը։ Որոշ ուսումնասիրությունից հետո կլինեն նաև կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ։
18:30 - 01 մայիսի, 2020