armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Մերի Գալստյանն առաջարկում են նոր օրենսդրական նախաձեռնություն, որով սահմանում են տնային եւ թափառող կենդանիների, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:
Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Տարածքային կառվարման, տեղական ինքնակառվարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Մերի Գալստյանը:
«Տրվում են նշված տեսակի կենդանիների հստակ սահմանումները, դրանց հետ կապված պահանջների, դրանց տիրապետողի պարտականությունների շրջանակները, ինչպես նաև պետական կառավարման կառույցների, համապատասխան լիազոր մարմնի, ՏԻՄ-ին վերաբերող լիազորությունները և գործառույթների շրջանակները: Ինչպես նաև կարևորում ենք հանրային վերահսկողությանն առնչվող ողջ գործիքակազմի ներառումը նախագծում»,-ասաց Գալստյանն ու նշեց, որ դա մայր օրենք է:
Օրենքի տրամաբանության հիմքում ընկած է կենդանիների նկատմամբ պատասխանատու, բարեխիղճ, մարդասիրական վերաբերմունքը՝ բացառելով կենդանիներին ցավ պատճառելը, դաժան վերաբերմունքը և տեսակի առանձնահատկություններին հակասող ցանկացած վերաբերմունք: Սահմանվում է կենդանիներին տիրապետողին ներկայացվող պատասխանատվության ողջ շրջանակը, թափառող կենդանիների բռնումը կազմակերպելու պահանջները: Ներկայացված են նաև կենդանիների վաճառքի, բուծման, կացարաններում պահելուն վերաբերող բոլոր պահանջներն ու սահմանափակումները, կենդանիների քնեցմանը ներկայացվող պահանջները:
«Տնային կենդանիների հետ կապված իրավահարաբերություններում ներմուծել ենք, մասնավորապես, շների նույնականացման անձնագիր ունենալու պահանջը, ինչը արդյունավետ է լինելու հետագայում նրանց կորելու դեպքում տերերի նույնականացման գործընթացում»,-ասաց Գալստյանը:
Հարակից օրենքի նախագծերով մայր օրենքի դրույթները խախտելու համար սահմանվել է վարչական և քրեական պատասխանատվություն:
Մերի Գալստյանը, սակայն, առաջարկեց նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգել, քանի որ դեռևս քննարկումներ են ունենում տարբեր գերատեսչությունների հետ, հստակեցման համար կան դեռ որոշ հարցեր:
comment.count (0)