Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Մաշտոցի պուրակն ավելին է, քան սովորական այգի․ցանկացած միջամտություն առաջացնելու է հանրության արդարացի վրդովմունքը․ Գրիգոր Երիցյան

Մաշտոցի պուրակն ավելին է, քան սովորական այգի․ցանկացած միջամտություն առաջացնելու է հանրության արդարացի վրդովմունքը․ Գրիգոր Երիցյան

Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը»  խմբակցության անդամ Գրիգոր Երցյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մաշտոցի պուրակն ավելին է քան մեր բետոնապատ քաղաքի սրտում գտնվող սովորական այգի։ Մաշտոցի պուրակը քաղաքացիական պայքարի, խուժան իշխանությունների ամենաթողության ու բիզնեսի անձեռնմխելիության դեմ մեր հանրության հաղթանակի խորհրդանիշն է։ Պուրակում ցանկացած միջամտություն և առհասարակ խորհրդանիշների նկատմամբ որևէ ոտնձգություն առաջացնելու է հանրության արդարացի վրդովմունքը։ Այս տարածքում ցանկացած նախագիծ և միջամտություն պետք է համաձայնեցվի տարածքի սեփականատիրոջ՝ Երևանի հանրության հետ, որն իր եռամսյա պայքարով նվաճել է պուրակի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու իր իրավունքը։ Առողջ ծառի կտրման թույլտվություն տված համայնքային ծառայողը պետք է պատասխանատվություն կրի, իսկ տնտեսվարողը պետք է տուգանվի Երևանի ավագանու կողմից սահմանված Երևանում շինարարության իրականացման լրացուցիչ պայմանների կարգը անտեսելու, ինչպես նաև շինարարական աշխատանքները և շինհրապարակը սահմանված ձևին ու պայմաններին անհամապատասխան կազմակերպելու համար»։
15:37 - 03 օգոստոսի, 2020
«Բան չի փոխվել, Հայկ Մարությանը պայքարում է Մաշտոցի պուրակի պահպանման համար». քաղաքապետի խոսնակ
 |factor.am|

«Բան չի փոխվել, Հայկ Մարությանը պայքարում է Մաշտոցի պուրակի պահպանման համար». քաղաքապետի խոսնակ |factor.am|

factor.am: Մաշտոցի պուրակի սկզբնամասում սրճարան կառուցելու նպատակով հանգստյան օրերին չորս հաստաբուն ծառ է հատվել: Սա դարձել է քննարկումների և քաղաքային իշխանություններին ուղղված սուր քննադատության թեմա։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը խնդրի վերաբերյալ ասաց՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը ծառերի հատման վերաբերյալ արդեն գնահատական տվել է: Նշենք, որ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջում որպես բացատրություն գրված է․ «Այս թեղիների պատմությունը սկսվել է անցյալ տարի։ Արմատները կտրվել էին կառուցապատողի կողմից, բազմակի անգամ կատարվել էր խորը էտ, ակնհայտ են անոթային խնդիրները, հոսող արտաքիրթ, վնասատուներ, կեղևի՝ անզեն աչքով նկատելի մեխանիկական վնասվածքներ, փչակներ։ Եվ այս ամենից հետո վնասված ճյուղերը հանել են կտուրից դուրս։ Կառուցապատողը կիրականացնի փոխհատուցող կանաչապատում՝ 9 սոսիներ, պուրակի ողջ տարածքում մշտադալար թփերով արդեն ստեղծվել է կանաչ ցանկապատ և կազմակերպության մասնագետների հսկողության տակ կխնամի հարակից կանաչ տարածքը»։ Քաղաքապետի խոսնակը, միաժամանակ, նշեց, որ ծառերը դարձել են անկենսունակ շինաշխատանքների հետևանքով: Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչու է այգու մուտքի հատվածում շինարարություն կատարելու իրավունք տրվել: «Այգու մուտքի հատվածում մի քաղաքացի կամ կազմակերպություն հիսուն տարվա վարձակալության և կառուցապատման իրավունք է ունեցել, ինքն իր շինությունը բարեկարգելու իրավունք է ստացել, բայց դա չի նշանակում, որ պետք է արվեր տարածքում գտնվող ծառերի հաշվին»,- ասաց խոսնակը: Մենք հիշեցրինք նախկինում քաղաքապետարանի կողմից ցուցադրաբար տարբեր ապօրինի կառուցապատումների կասեցումներն ու ապամոնտաժումները, օրինակ՝ 2018 թվականի նոյեմբերի 12-ին Նոր-Նորք վարչական շրջանում գտնվող շինության ապամոնտաժումը, և հետաքրքրվեցիք՝ արդյո՞ք այս դեպքում էլ քաղաքապետարանը չէր կարող կասեցնել շինարարությունը և փրկել ծառերը ոչնչացումից: «Դա համայնքի հողի վրա արվող ապօրինի շինարարություն էր, սա նմանատիպ իրավիճակ չէ, և կոռեկտ համեմատություն չէ»,- արձագանքեց խոսնակը։ Հանրապետական կուսակցության իշխանության օրոք ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանն ակտիվորեն պայքարում էր Մաշտոցի պուրակի ծառերի հատման դեմ։ Հակոբ Կարապետյանին խնդրեցինք մեկնաբանել՝ ինչպե՞ս է ստացվում, որ երբ Մարությանը քաղաքապետ չէր, պայքարում էր ծառերի հատումների դեմ, իսկ այժմ, երբ քաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում, ծառերը հատվում են: «Իմ նախորդ մեկնաբանությունից պետք է այս հարցը չառաջանար, պետք է խնդրեմ զերծ մնալ գայթակղությունից և չմանիպուլացնել փաստերը: Այն, որ քաղաքապետ Մարությանը իր նախկին հասարակական գործունեության ընթացքում պայքարում էր պուրակի պահպանման համար, սկզբունքորեն բան չի փոխվել: Ես ասացի, թե ծառերն ինչ հանգամանքներում են հատվել, սրանից ավելի մեկնաբանության կարիք չկա»,- ասաց նա։ Քաղաքապետարանից առայժմ չհաջողվեց ճշտել, թե որ կազմակերպությունն է շինարարություն իրականացնում:  
13:41 - 03 օգոստոսի, 2020
Արաբկիր վարչական շրջանում շուրջ 250 տնատիրությունների համար նոր կոյուղագիծ է կառուցվում

Արաբկիր վարչական շրջանում շուրջ 250 տնատիրությունների համար նոր կոյուղագիծ է կառուցվում

Արաբկիր վարչական շրջանի առանձնատներով կառուցապատված երեք փողոցներում կոյուղու նոր ցանց է անցկացվում: Ծրագրի ավարտին կլուծվի շուրջ 250 տնատիրությունների տասնամյակների խնդիրը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ «Այժմ այստեղ գործող կոյուղու շահագործումը գրեթե հակացուցված է: Դրա համար մենք ծրագիրը մեկնարկեցինք հենց այստեղից: 800 գծամետր է երկարությունը, 57 մլն դրամ ֆինանսավորմամբ: Բավականին բարդ տեղանք է»,- նշում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: Կոյուղատար ցանցի վերակառուցումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: Տարեկան ծրագրով մյուս վարչական շրջաններում ևս ընտրվել են ամենախնդրահարույց հասցեները: «Պատկերացրեք, թե ինչ ծավալի աշխատանքներ ենք փորձում սկսել, որոնք շատ մարդկանց համար տեսանելի չեն, բայց մնայուն են, հիմնարար և, առնվազն, 30 տարի այս փողոցների տնատիրությունների սեփականատերերը կարող են անհոգ լինել, որ այս հիմնախնդիրը մեկընդմիշտ փակվելու է իրենց համար»,- ասում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը: «Շարունակություն ունի ծրագիրը մայրաքաղաքում. այս պահին հայտարարված է ևս 7 հասցեների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներ: Ցավոք, պետք է նշեմ, որ այս ծրագիրն ամբողջ քաղաքով մեկ մեկնարկած կլիներ, եթե չլինեին օրինազանց հայտատուներ, որոնք կեղծ փաստաթղթերով հայտնվեցին մրցույթներին և ձախողեցին ամբողջ տարվա ծրագիրն այս ոլորտում»,- նշում է Կամո Արեյանը: Ժամանակին ոչ ճիշտ նախագծային լուծումների պատճառով այս փողոցների կոյուղին գրեթե չէր գործում, ինչը լուրջ խնդիրներ էր ստեղծում բնակիչների համար: Այսօր ցուցաբերվում է շատ ավելի մասնագիտական մոտեցում: «Ժամանակին, երբ այստեղ կառուցվել են կոյուղագծեր, խողովակի տրամաչափերն անհամեմատ փոքր են եղել, դիտահորերի նիշերը մեկուկես մետր խորության փորել իջել են, իսկ ժամանակին 40 սմ էր: Նաև հաշվի առնենք, որ խողովակները մետաղյա են եղել և ժամանակի ընթացքում քայքայվել են, իսկ այս պահին ժամանակակից մետաղապլաստե հումքով խողովակներ են տեղադրվում, որոնք շատ ավելի երկար են ծառայելու»,- նկատում է Արամ Դանիելյանը: «Ծրագրով փոխվում է նաև 35 հատ միանգամայն նոր դիտահոր: Փոխվելու են նաև բնակելի տների վնասված մուտքագծերը: Կատարելու ենք ասֆալտապատում»,- ասում է «ԷՄՕՇԻՆ» ՍՊԸ ճարտարագետ Էմիլ Բզնունին: Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը շուրջ 950 կմ երկարություն ունի: Դրա գրեթե 80 տոկոսը քայքայված է: Մայրաքաղաքում կոյուղատար ցանցին առնչվող խնդիրները վերհանելու, հասցեների ընտրության ու համայնքային բյուջեով ծրագիրն իրականացնելու գործում կարրոր դեր են խաղում նաև Երևանի ավագանու ակտիվ անդամները:
13:24 - 03 օգոստոսի, 2020
Այսօր՝ ժամը 12:00-ին, շարունակվելու են «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները

Այսօր՝ ժամը 12:00-ին, շարունակվելու են «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր՝ ժամը 12:00-ին, «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը շարունակելու է Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։ Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 11։30-ից մինչև 12։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։ Պայթեցման աշխատանքների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն։
11:02 - 28 հուլիսի, 2020
Պետական գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն․ Դավիթ Խաժակյան

Պետական գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն․ Դավիթ Խաժակյան

Երեւան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ զրուցել ենք համայնքային գնումների խնդիրների եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի բացերի շուրջ։ - Պարոն Խաժակյան, բազմիցս անդրադարձել եք Երեւան քաղաքի կարիքների համար իրականացված գնումներում առաջացած տարբեր խնդիրների։ Դրանք ունեցել են նաեւ հանրային հնչեղություն։ Կխնդրեմ խոսել այն հիմնական օրենսդրական բացերի մասին, որոնք հնարավորություն են տալիս գնումների գործընթացները կազմակերպել օրենքում մանեւրներ անելով։ - Առաջին խնդիրը վերաբերում է տեխնիկական բնութագրերին․ այն հիմնական պարամետրերը, որոնք կարող է փոփոխել քաղաքային իշխանությունը կամ պետությունը, գնումը հայտարարած մարմինը, տեխնիկական բնութագրերն են, որոնց փոփոխությամբ հնարավոր է նեղացնել ընտրությունը։  Բնականաբար, նորմալ է, երբ տեխնիկական բնութագրի հիմքում ընկած է որակական հատկանիշների բարելավումը, եւ գնորդն ունի ցանկություն՝ ստանալ ապրանքի լավագույն որակը։ Բայց շատ հաճախ լինում են դեպքեր, երբ տեխնիկական բնութագրի մեջ նշվում են երկրաչափական տվյալներ, օրինակ՝ ավտոմեքենայի դեպքում, եւ այդ չափերով, ըստ էության, վճռորոշ է դառնում, թե որ մոդելի մեքենան պետք է գնվի, որովհետեւ քիչ է հավանականությունը, որ եթե 5-6 չափ վերցվի այդ մեքենայից, դա կբավարարի մեկ այլ մեքենայի։ Այս իմաստով՝ տեխնիկական բնութագրերի ձեւակերպումները որոշակի սողանցքեր են թողնում գնումը հայտարարող կողմի համար, եւ այդ սողանցքերով հստակ սահմանվում է, թե ինչ պետք է գնվի։ Թվում է, թե այդ տեխնիկական բնութագիրը շատերին է հնարավորություն տալիս մասնակցելու, բայց երբ դիտարկում ես պարամետրերը, հասկանում ես, որ դրանք մեկ մակնիշի կարող են բավարարել, միայն մեկ ապրանքի, եւ գնումն այդպես էլ լինում է։ Մեկ այլ օրինակ, երբ գրվում են տեխնիկական բնութագրի այնպիսի պարամետրեր, որոնք հակասում են իրար, եւ այն կազմակերպությանը, որը պարզապես մասնակցելու ցանկություն ունի եւ ներսում չունի մարդ, որն իրեն խորհուրդներ կտա, թվում է, որ հնարավոր է՝ այդ պարամետրերով իրեն մերժեն։ Արդյունքում ստացվում է, որ շահում է այն կազմակերպությունը, որի դեպքում այդ պարամետրերն ընդունելի են։ Այսինքն՝ հիմնական խնդիրը տեխնիկական բնութագրերին է վերաբերում, որոնք հնարավոր է այնպես ձեւակերպել, որ իրականում լինի ոչ թե մրցակցային, այլ ի սկզբանե կանխորոշված, որ մեկ կազմակերպություն է հաղթելու։ Եղել է կոնկրետ դեպք, երբ հայտարարվել է մրցույթ, եւ մասնակիցներից մեկը գտել է, որ խնդիր կա տեխնիկական բնութագրերում։ Դրա վերաբերյալ դիմել է եւ գնումը հայտարարող մարմնից պարզաբանում է ստացել։ Հետագայում էլ դիմել է Գնումների բողոքարկման խորհրդին։ Բայց հիմանականում այն դեպքերն են, երբ խնդիրը վերաբերում է շատ բարդ կարգավորում ունեցող գնումների։ Երեւանի դեպքում, օրինակ, աղբամանների գնումն էր, երբ տեխնիկական բնութագրերում գրված էին այնպիսի պարամետրեր, որոնք պետք է բխեին միջազգային ստանդարտից։ Առաջին հայացքից, երբ ընթերցում էիր, թվում էր՝ կարող են լինել այդպիսի բնութագրեր, բայց երբ ծանոթանում էիր միջազգային ստանդարտին, հասկանում էիր, որ իրարամերժ են։ Բայց քանի որ գնումների բողոքարկման խորհրդում քննող անձինք միշտ չէ, որ այդքան խորամուխ են լինում եւ այդպիսի նեղ ոլորտներ են ուսումնասիրում, ստացվում է, որ մակերեսային են նայում եւ ասում՝ ամեն ինչ նորմալ է։ Կոնկրետ դեպք է եղել, որ հաղթել է կազմակերպություն, որը համոզված էր, որ մրցույթը չի վիճարկվի եւ չեն ասի, որ իր պարամետրերը խնդրահարույց են։ Նաեւ վերջերս պրակտիկա է ավելացել, որ քաղաքապետարանը, առանց պայմանագրում նման կետի առկայության, մատակարարից պահանջում է փորձաքննություն, մինչդեռ դրա համար Հայաստանում բավարար պայմաններ չկան։ Ստացվում է, որ եթե կազմակերպությունը մասնակցի մրցույթին, հետագայում կարող է հանձնման-ընդունման ժամանակ ասեն՝ քո ապրանքը չի համապատասխանում, այնինչ ի սկզբանե այդ կետը չէր էլ կարող բավարարվել՝ ելնելով տարբեր տիպի ստանդարտներից։ - Արդյոք Երեւան համայնքի համար անհրաժե՞շտ են առանձին կարգավորումներ՝ հաշվի առնելով այն, որ Երեւան քաղաքի բյուջեն, կարիքները բավականին մեծ են՝ ի համեմատ ՀՀ-ում այլ քաղաքային համայնքների։ - Ճիշտ է՝ Երեւանի հարցում գնումների ծավալը մեծ է, բայց կարգավորումները նույնն են։ Միակ խնդիրը վերաբերում է մշակութային գնումներին, երբ տեխնիկական բնութագրով հնարավոր չէ շատ բան սահմանել։ Օրինակ՝ հնարավոր չէ երգչի համար պարամետրեր սահմանել, որ գա այս կամ այն ոճի երգիչը, որ չգա ռաբիսը, այլ գա քաղաքական ֆոլկլյորի ներկայացուցիչ։ Սա, ըստ էության, անհնար է, եւ դրա համար բաշխում են որպես առանձին ծախս, եւ մեկ անձից գնում են իրականացնում։ Անցած տարվա ընթաքում փոփոխություն իրականացվեց, որ մշակութային գնումները, այդ թվում՝ տեխնիկական բնույթի, դրվեցին մեկ անձի տակ, եւ հիմա հնարավոր է այդ ամբողջ միջոցառումներն իրականացնել մեկ անձից գնումով, ինչն, իհարկե, վատ է, որովհետեւ դաշտում կան մարդիկ, որ ունեն համապատասխան տեխնիկա եւ այլն, բայց միշտ մեկից է գնվելու։ Հարցն այն է, որ մշակութային գնումների տեխնիկական մասի պարամետրերը հնարավոր է սահմանել։ Եթե մեր օրենսդրությունը ճիշտ կիրառվեր, ապա խնդիրների չէինք բախվի, բայց իրենք որոշեցին ամբողջ ծավալը դնել մեկ անձից գնման տակ։ - Անդրադառնանք նաեւ շենքերի, ճանապարհների շինարարության դեպքում իրականացվող տեխնիկական հսկողությանը։ Արդյոք պետք է հսկողությունը վստահել մասնավո՞ր ընկերության, թե՞ կարելի է մասնագիտական խորհուրդներ ձեւավորել եւ դրանց միջոցով գնահատել։ - Տեխնիկական հսկողությունը մասնագիտական աշխատանք է եւ պահանջում է մեծ ռեսուրներ։ Շատերին կարող է թվալ, թե մի քանի հոգի կարող են հետեւել Երեւանում տեղի ունեցող ասֆալտապատմանը, բայց դա անհնար է, ուստի յուրաքանչյուր կտորի համար պետք է լինի իր տեխհսկիչը։ Ակնհայտ է, որ մասշտաբը թույլ չի տա, որպեսզի լինի ինչ-որ խորհուրդ, պետք է լինի վճարովի աշխատանք, միանշանակ։ Կարող է քննարկվել, օրինակ, քաղաքապետարանի կողմից տեխհսկողներ ընդունելու հարցը, բայց դա կլինի անարդյունավետ ծախս, որովհետեւ տեխհսկողություն անհրաժեշտ է որոշակի շինարարական սեզոնների, եւ դա որպես ծառայություն ներգրավելն ավելի արդյունավետ է։ Հակառակ դեպքում պետք է որոշակի հաստիքների համար ընդունել մարդկանց, որոնք աշխատելու են միայն այն ժամանակ, երբ կատարվելու է շինարարություն։ Նույն օրվա ընթացքում կարող է լինել շինարարական աշխատանք ե՛ւ շքամուտքի վերանորոգման տեսքով, ե՛ւ ասֆալտապատման տեսքով, ե՛ւ զուգահեռ կարող է մանկապարտեզի վերանորոգում ընթանալ, եւ այլն։ Հետեւաբար, ստացվում է, որ դրանցից յուրաքանչյուրի համար առանձին տեխհսկողնոր են պահանջվելու, եւ դրանք չեն կարող լինել քաղաքապետարանի աշխատակիցներ։ Իմ կարծիքով՝ պետք է լինի մասնավոր կազմակերպություն, սակայն որոշակի կաշկանդվածություն լինի։ Բայց ռեալ հարցը հանձում-ընդունման ժամանակ է, երբ քաղաքապետարանը պետք է մանրամասն ուսումնասիրի կատարված աշխատանքը, ունակությունները, եւ այլն։ Եթե շինբարեկարգման վարչությունը՝ որպես վերջին ընդունող, աչք չփակի եղած թերացումների վրա, ապա խնդիր չի առաջանա։ Թվում էր՝ բանկային երաշխիքը լավ գաղափար էր, բայց երաշխիքի թիվն այնքան մեծ պահանջ դրեց տեխհսկողների առջեւ, որ գրեթե ողջ շուկան դուրս մնաց, եւ անհասկանալի է՝ ով սկսեց շահել․ մի դեպքում կազմակերպություններ էին, որ բանկային կեղծ երաշխիքներ էին ներկայացնում, մյուս դեպքում կազմակերպություններ էին կամ մարդիկ, որոնց ֆինանսական ռեսուրսներն ուսումնասիրելիս հասկանում ես, որ չէին կարող տիրապետել 38 մլն դրամի, որ տրամադրեին որպես բանկային երաշխիք։ Այս իմաստով՝ ակնհայտ է, որ առնվազն ուսումնասիրության առարկա պետք է դառնա, որ իրականում շինարարներն են վճարում բանկային երաշխիքները՝ շահագրգռված լինելով, որ իրենց աշխատանքը կատարեն․ այսինքն՝ ինչ-որ կազմակերպության փոխարեն վճարում է բանկային երաշխիքի գումարը, եւ այդ կազմակերպությունն իրական տեխհսկում չի իրականացնում։ Այստեղ մի բարդ շղթա է ստացվում։ Կարծում եմ՝ պարզապես պետք է համակարգն առողջացվի, բանկային երաշխիքը պահանջվի, բայց ոչ աստղաբաշխական թվերով, որովհետեւ եթե 5-10 մլն պետք է աշխատես, 30-40 մլն չես տրամադրի, որ երկարաժամկետ սառեցվի, դա պետք է ողջամիտ գումար լինի։ Իսկ քաղաքապետարանը հանձնում-ընդունման ժամանակ պետք է օբյեկտիվ գտնվի եւ աչք չփակի թերացումների վրա։ - Ինչպես արդեն նշեցիք՝ համայնքային միջոցառումներ կազմակերպելիս հաճախ է կիրառվում մեկ անձից գնում, լինում են դեպքեր, երբ գնումը կատարվում է փոխկապակցված ընկերություններից։ Այս մասով ինչպիսի՞ն պետք է լինի հանրային վերահսկողությունը։ Արդյոք նմանատիպ գնման ընթացակարգերը պե՞տք է ուղեկցվեն նաեւ հանրային քննարկում կազմակերպելով եւ որոշումների կայացման փուլում քննարկման տեսակետները հաշվի առնելով։ - Գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն, եւ մասնակցեն նաեւ շահագրգիռ կազմակերպություններ, որոնք պատկերացումներ ունեն, թե ինչն է հնարավոր անել, ինչը՝ ոչ, հասկանալ իրենց բողոքների օբյեկտիվ հիմքերը եւ փոփոխություններ իրականացնել՝ ըստ այդմ։ Բայց, ցավոք սրտի, ինչպես բանկային երաշխիքի, այնպես էլ մշակութային միջոցառումների դեպքում մեկ անձից գնման մասով որոշումներն առանց հանրային քննարկման եղան, ինչը հանգեցրեց նրան, որ շատ կազմակերպություններ դուրս մնացին գործընթացից, եւ ստացվեց՝ «ունքը սարքելու փոխարեն՝ աչքը հանեցին»։ Կարծես՝ հանրային քննարկումների պրակտիկան ընդհանրապես մոռացվել է։ Ինչ վերաբերում է միջոցառումների ժամանակ մեկ անձից գնման պրակտիկային՝ մեր պետական մարմինները հայտարարում են մեկ անձից գնում, այնպես են անում, որ ամսվա վերջին հայտարարեն մեկ անձից գնման մրցույթ, եւ ասում են՝ մարտի 8-ին բան չմնաց, պետք է մեկ անձից գնման միջոցով անենք։ Ստացվում է, որ մարտի 8-ը պատահական առաջացած օր է, ու պետք է մեկ անձից գնումով անեն։ Դրա համար, եթե մրցույթները ժամանակին հայտարարեն, նման խնդիր չեն ունենա։ Նույն խնդիրը եղավ սեպտեմբերի 21-ի միջոցառումներից առաջ։ Եթե թափանցիկություն լինի, հիմնավորում լինի, թե ինչու մեկ անձից, եւ այդ հիմնավորումը լինի օբյեկտիվ, ընկալելի կլինի, եթե ոչ, հասկանալի կլինի, որ իրենց պարզապես հարմար է գնումը մեկ անձից անել։ Արփի Ավետիսյան
21:41 - 27 հուլիսի, 2020
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք համայնքին 638.179.090 դրամի գույքային վնաս են պատճառել․ ՀՔԾ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք համայնքին 638.179.090 դրամի գույքային վնաս են պատճառել․ ՀՔԾ

 Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եղանակով Երևան համայնքին 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու դեպք բացահայտելու մասին։ Ներկայացնում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունը․ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2020 թվականի հուլիսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով Ն.Տ.-ին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարը, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախկին նախագահ Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նույն հանձնաժողովում ընդգրկված մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Ըստ առաջադրված մեղադրանքի` Ն.Տ.-ն 2015 թվականի հունվարի 14-ին աճուրդների փաթեթներին կցել է Երևան քաղաքի Ավան, Աճառյան փողոցի երեք հողամասերի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը, որից հետո 2015 թվականի հունվարի 19-ին մի խումբ անձանց հետ կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող` Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասերն աճուրդով վաճառելու մասին նիստերի կեղծ արձանագրությունները, որի արդյունքում նշված հողակտորները շուկայականից զգալի ցածր գներով ձևական աճուրդների միջոցով օտարվել են Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց, ինչի հետևանքով Երևան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Այսպես, Ն.Տ.-ն և Երևանի քաղաքապետարանի գույքն օտարելու իրավասություն ունեցող պաշտոնատար այլ անձինք, ձևական աճուրդների միջոցով ընդհանուր 26.955 քմ մակերեսով Երևան քաղաքի Ավան, Աճառյան հասցեի հիշյալ հողակտորներն ամեն կերպ Ռուբեն Հայրապետյանի սեփականությունը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, այն է՝ Ն.Տ.-ն միջոցներ չի ձեռնարկել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների  ինտերնետային կայքում (www.azdarar.am) Երևան քաղաքի Աճառյան փողոցի հողակտորներն աճուրդով օտարելու վերաբերյալ ծանուցում հրապարակելու ուղղությամբ։ Բացի այդ, Ն.Տ.-ն հրապարակային աճուրդներ կազմակերպելու պատրանք ստեղծելու նպատակով Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց` 2015 թվականի հունվարի 14-ին Երևանի քաղաքապետարան չներկայանալու պայմաններում, հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը կցել է փաթեթներին։ Այնուհետև աճուրդի անցկացման կարգին վերաբերող՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված պահանջների կոպիտ խախտմամբ՝ աճուրդի մասնակիցների բացակայությամբ, Ն.Տ-ն հանձնաժողովի անդամների հետ 2015 թվականի հունվարի 19-ին կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասերն աճուրդով վաճառելու մասին նիստերի կեղծ արձանագրությունները։ Նշված կեղծ արձանագրությունների հիման վրա Երևանի քաղաքապետի որոշման հիմքով 2015 թվականի հունվարի 26-ին կնքված առուվաճառքի պայմանագրերով խաթարվել են համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի օտարման բնականոն գործընթացները` 808.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասերն օտարվել են ընդամենը 169.820.910 ՀՀ դրամով, ինչի հետևանքով Երևան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ 2020 թվականի հուլիսի 23-ին Ն.Տ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:10 - 24 հուլիսի, 2020
Քաղաքային գործող իշխանության նպատակն է հնարավորինս մաքրել մայթերը. Հակոբ Կարապետյանը՝ Արմեն Ամիրյանի՝ ապամոնտաժված գրատնակների մասին հայտարարությանը

Քաղաքային գործող իշխանության նպատակն է հնարավորինս մաքրել մայթերը. Հակոբ Կարապետյանը՝ Արմեն Ամիրյանի՝ ապամոնտաժված գրատնակների մասին հայտարարությանը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ափսոսանքով գրել է օրերս ապամոնտաժված գրատնակների մասին: Հարցն այն է, որ այդ կրպակները, բացի նրանից, որ տեղադրված են եղել խարխուլ իրավական հիմքի վրա, բացի նրանից, որ չէին ծառայում իրենց բուն նպատակին ու դրանցում հաճախ հեռախոսներ, աքսեսուարներ ու այլ «սուվենիռչիկներ» էին վաճառվում, նաեւ խնդիր էին ներկայացնում երթեւեկության անվտանգության տեսակետից՝ խաչմերուկներում փակելով վարորդների տեսադաշտը: Ու առաջին հերթին, գեղարվեստական արժանիքների տեսանկյունից կասկածելի այդ կրպակները ավելի էին ծանրաբեռնում առանց այդ էլ ծանրաբեռնված մայթային հատվածները: Քաղաքային գործող իշխանության նպատակն է՝ հնարավորինս մաքրել մայթերը այդ բեռից ու ստեղծել ազատ (ոչ թե դատարկ) հանրային տարածքներ, եւ գրատնակներից ազատված տեղը, իհարկե, կբարեկարգվի: Ապամոնտաժումից առաջ կրպակների սեփականատերը ծանուցվել է, որ կարող է սեփական միջոցներով ապամոնտաժել ու տեղափոխել դրանք, ինչը չի արել։ Այժմ կրպակները պահեստավորված են, եւ սեփականատերը կարող է տնօրինել դրանք ցանկացած ժամանակ: Պարոն Ամիրյանը նաեւ ակնարկ է անում կենտրոնում ինչ-որ բազմաբնակարան շենքի կառուցման ու այդ համատեքստում՝ օրինականության մասին։ Սրա կապակցությամբ ստիպված ենք կրկին հայտարարելու, որ կենտրոնում բազմաբնակարան կառուցապատում ըստ էության չկա՝ եղած մեկ-երկու կառուցվող շենքերն էլ փաստացի «անցյալի ուրվականներն» են (դրանցից մեկում, օրինակ, 54 ընտանիք դեռ 2008-10 թվերից սեփականության իրավունք ունեն): Ամենայն հարգանքով պարոն Ամիրյանի անձի ու անցած ուղու նկատմամբ, ավելորդ չէր լինի թերեւս հիշեցնել, որ Երեւանի կենտրոնը բազմաբնակարաններով հեղեղվում էր այն ժամանակ, երբ նա հանրային ու պետական բարձր պաշտոններ էր զբաղեցնում ու պակաս հնարավորություն չուներ իր դժգոհությունն արտահայտելու: Ի վերջո, եթե պարոն Ամիրյանը կրպակների հարցով ՀՀ գործող վարչապետին զանգելու եւ միջամատություն խնդրելու հնարավորություն ունի, պետք է որ հնարավորություն ունենար մեկ այլ վարչապետի՝ իր նախկին ղեկավարին հարցադրումներ անելու, օրինակ, Մոնումենտի այգու հաշվին կառուցված դղյակների օրինականության կամ պատեհության մասին»:
19:30 - 23 հուլիսի, 2020
Բնակիչների առաջարկների ներառմամբ մեկնարկել է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի շինարարությունը

Բնակիչների առաջարկների ներառմամբ մեկնարկել է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի շինարարությունը

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Բաբաջանյան փողոցի հարակից տարածքում մեկնարկել են նոր ճանապարհահատվածի շինարարության հողային աշխատանքները: Այն մայրաքաղաքի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածն է: Հարակից շենքերի բնակիչների մի մասն անհանգստանում է դեռևս 2017թ.-ից կառուցվող ճանապարհի այս հատվածի համար: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռ նախորդ տարի հանդիպեցին բնակիչների հետ, և որոշում կայացվեց դիտարկել նախագծային փոփոխությունների հնարավորությունները: Ի վերջո, քաղաքացիների դիտողությունների հիման վրա նախագծում մի շարք փոփոխություններ արվեցին, և հիմա արդեն աշխատանքները մեկնարկել են նոր՝ փոփոխված նախագծով:«Բոլոր հնարավոր վտանգները հաշվարկվել են ինժեներների, քաղաքապետարանի կողմից, բազում հանդիպումներ ենք ունեցել նաև քաղաքացիների հետ, լսել ենք իրենց եւ հաշվի առել որոշ նկատառումներ: Այժմ արդեն պետք է սկսենք աշխատանքները, քանի որ մենք նույնպես պարտավորություններ ունենք մեր դոնոր վարկային կազմակերպությունների հանդեպ»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:Բնակիչների հիմնական դիտարկումը թաղամաս մեքենաների ելումուտի, ինչպես նաև հետիոտի անցուդարձի հարմարավետության ու անվտանգության ապահովումն է: Սկզբնական նախագծով նախատեսված՝ հատվող ծառերի քանակը հասցվել է նվազագույնի, ճանապարհը շենքից հեռու է 15-20մ, պահպանվում է բակի փոքրիկ հանգստի գոտին: Քաղաքապետի առաջին տեղակալի խոսքով՝ նոր նախագծում տրվել են հնարավոր լավագույն լուծումները: Բնակիչների նկատառումները հաշվի առնելով, ի դեպ, ծրագիրը թանկացել է մոտ 900.000-ից 1 մլն դոլարի չափով:«Քաղաքը զարգանում է, և այս ճանապարհները մեզ համար անխուսափելի են: Բնակիչների հետ կապված դժգոհություններ ունեինք նաև Դավթաշեն-Աշտարակ ճանապարհի կառուցման ժամանակ, բայց, այնումանեայնիվ, այդ բոլոր հարցերը հարթվեցին, և այս պահի դրությամբ կարող եմ վստահաբար ասել, որ ոչ միայն այդ տարածքում ապրող բնակիչները, այլև ճանապարհից օգտվող բոլոր քաղաքացիները գոհ են այդ ճանապարհից»,- ասում է քաղաքապետի առաջին տեղակալը:Ճանապարհի այս հատվածի շինարարության համար բակային տարածքում իրացվել է 44 գույք, որոնց սեփականատերերը կամ օգտագործողները դեռևս 2017թ. համայնքից ստացել են փոխհատուցում, յուրաքանչյուրը՝ միջինը 3-4 մլն դրամ։ Ավտոտնակներն ապամոնտաժվել են այս տարվա փետրվարին:Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Նոր ճանապարհահատվածն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն ու զգալիորեն կբեռնաթափի քաղաքի երթևեկությունը:
19:15 - 22 հուլիսի, 2020
Քաղշինխորհուրդը մերժեց կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցման նախագծերը

Քաղշինխորհուրդը մերժեց կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցման նախագծերը

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ, խորհրդի նախագահ Հայկ Մարությանը, քննարկվել է 5 նախագիծ։ Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ՝ Արամի փողոց 32 հասցեում բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցման էսքիզային երեք տարբերակներն էլ միաձայն համարվել են անընդունելի և մերժվել: Խորհրդի անդամները նկատել են, որ «Մանկական աշխարհ» հանրախանութի հարևանությամբ նախագծված ծավալուն կառույցը առավել կընդգծի Հանրապետության հրապարակից բացվող արդեն իսկ աղճատված տեսարանը: Առաջարկվել է մշակել հարակից կառույցների բարձրությանը համարժեք շինության նախագիծ:Քաղաքաշինական խորհուրդը մերժել է նաև Խորենացի փ․ 30/1 հասցեում ստորգետնյա և վերգետնյա հատվածներով բարձրահարկ համալիր կառուցելու նախագիծը: Ճարտարապետն ու մասնագետները բացառել են Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի տվյալ հատվածում այդպիսի կառուցապատումը՝ չդիտարկելով նույնիսկ ճարտարապետական լուծումները:Եղվարդի խճուղու 2/18 հասցեում երեք մասնաշենքով և հասարակական տարածքներով բարձրահարկ բազմաբնակարան բնակելի համալիրի ճարտարապետական առաջադրանքն արժանացել է խորհրդի մեծամասնության հավանությանը՝ հաշվի առնելով ժամանակակից լուծումներն ու քաղաքի համաչափ զարգացման և բնակելի ֆոնդի արդիականացման քաղաքականությունը: Կարևորվել է նաև հարակից արագընթաց մայրուղուց երկրորդական ճանապարհ կառուցելու անհրաժեշտությունը և դրան միտված կառուցապատողի ձեռնարկած նախաձեռնությունները:Խորհրդի անդամները քննարկել են նաև Ուլնեցու փ․ 32/4, 32/14, 32/15, 32/16, 32/17 հատվածում բնակելի թաղամասի կառուցման քաղաքաշինական ներդրումային ծրագրի առաջարկը։ Նշվել է, որ ներկայացված մենատնային, անմասշտաբ ծավալներով և հողամասի սահմաններից դուրս ճանապարհային ցանցի նախագծային մոտավոր նշումներով էսքիզ-հայեցակարգը տվյալ հատվածի համար անընդունելի է: Միաժամանակ առաջարկվել է մշակել առավել ցածրահարկ, կանաչապատման գերիշխող լուծումներով առաջարկ:Բարեկամության հրապարակը ձևավորող կառույցների արդիականացման և վերակառուցման նախագծի էսքիզային տարբերակներն առանձին-առանձին դիտարկելով՝ խորհրդի անդամների առաջարկներով միաձայն ձևավորվեց այլընտրանքային միասնական լուծման տարբերակ: Հետագայում այն տվյալ հատվածում միջավայրի կարգավորման և զարգացման հնարավորություն կստեղծի:
12:39 - 21 հուլիսի, 2020
Երևանում գործում է 24 շուկա, որտեղ շուրջ 1350 ազատ տեղ կա. Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապօրինի առևտրի դեմ պայքարը

Երևանում գործում է 24 շուկա, որտեղ շուրջ 1350 ազատ տեղ կա. Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապօրինի առևտրի դեմ պայքարը

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելմանն ուղղված ստուգայցերը Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքի մասն են: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռևս շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում:«Այս պահին մենք օրենքով լիազորված ենք միայն կազմել վարչական իրավախախտման արձանագրություններ և տուգանել մարդկանց ու պահանջել դադարեցնել առևտուրը»,-նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:Բացօթյա ապօրինի առևտուրը մայրաքաղաքում լիարժեքորեն արգելելու գործում համայնքն օրենսդրական խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով քաղաքային իշխանությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել:«Մասնավորապես, երբ տուգանում ենք իրավախախտում արած անձանց և այդ անձինք սնանկ են լինում, որևէ գույք չեն ունենում և գումարը չեն վճարում, հետևաբար, մեր վարչարարությունն անարդյունավետ է դառնում: Որպեսզի նման իրավիճակներից խուսափենք և ավելի արդյունավետ լինի մեր աշխատանքը՝ օրենքի նոր նախագծով, որը դրվել է շրջանառության մեջ, նախատեսվում է վերցնել այդ ապրանքը և այն վերադարձնել քաղաքացիներին տուգանքի գումարը վճարելուց հետո»,- ասում է Հովիկ Սաֆարյանը:Առևտուրը քաղաքակիրթ պայմաններում՝ առանձնացված շուկաներում իրականացնելու փոխարեն, առևտրականներից շատերն այսօր նախընտրում են անգամ բազմակի տուգանքը:«Տուգանքը ֆիզիկական անձանց համար կազմում է 15-20 հազար դրամ՝ գյուղմթերքների վաճառքի դեպքում, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պարագայում՝ 50-70 հազար դրամ: Տուգանքների գումարները նույնպես ճիշտ չեն հաշվարկված. հաճախ ֆիզիակական անձինք հայտարարում են, որ ավելի լավ է իրենց տուգանենք, միայն թե առևտուր անեն, իսկ մեր նպատակը ոչ թե տուգանելն է այլ այդ իրավախախտումը դադարեցնելը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետը:Երևանում այժմ գործում է 24 շուկա, որտեղ առկա է շուրջ 1350 ազատ տեղ: Վաճառքի համար ստեղծված են հարմարավետ պայմաններ:«Երևանի կենտրոնում մեր կողմից նոր փոքրածավալ շուկաներ են ստեղծվել, որտեղ ամենաբարձր վճարն, իմ ունեցած տեղեկություններով, 2000-2500 հազար դրամ է, ոչ ավել: Կան ավելի էժանները՝ սկսած 500 դրամից, սակայն շատերը նախընտրում են փողոցում այդ առևտուրն իրականացնել ՝ դրանով էական վնաս պատճառելով մյուս տնտեսվարողներին: Մրցակցային ոչ հավասար պայմաններ են ստեղծում, հարկեր չեն վճարում, տուրքեր չեն վճարում, փողոցում իրականացնում են առևտուր և դրանով վնասում են օրինապաշտ տնտեսվարողների գործունեությանը: Էլ չեմ ասում, որ տգեղ է, հակասանիտարական վիճակ է ստեղծվում»,- ընդգծում է Հովիկ Սաֆարյանը:Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով անցած վեց ամիսների ընթացքում իրավախախտման վերաբերյալ 320 արձանագրություն է կազմվել:
11:33 - 20 հուլիսի, 2020
Ապամոնտաժվել են օրենքի խախտմամբ տեղադրված կրպակները

Ապամոնտաժվել են օրենքի խախտմամբ տեղադրված կրպակները

2017 թվականի հուլիսին Երևանում՝ Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում բացվեց առաջին գրատնակը։ Հետագայում Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում տեղադրվեցին ևս 4 գրատնակներ։ Այն ժամանակ հայտարարվում էր, որ գիրք-տնակներում կվաճառվեն միայն գրքեր և թանգարանների ու թատրոնների տոմսեր։  Սակայն կարճ ժամանակ անց գրատնակները դադարեցին ծառայել իրենց նպատակին։ Օրինակ, Աբովյան փողոցի վրա գտնվող կրպակում հայտնվեցին բջջային հեռախոսներ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համատեղ ջանքերով բոլոր կրպակներն ապամոնտաժվել են։ Բացի այդ, ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգում ապօրինի տեղադրված տաղավարն, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանում՝ մայթին տեղադրված ապօրինի կրպակը։
10:46 - 20 հուլիսի, 2020