Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Արցախցիների 50 000 դրամների ծրագրի շահառուների թիվն աստիճանաբար կկրճատվի
 |civilnet.am|

Արցախցիների 50 000 դրամների ծրագրի շահառուների թիվն աստիճանաբար կկրճատվի |civilnet.am|

civilnet.am: Բռնի տեղահանված արցախցիներին 40 000+10 000 դրամների սոցիալական աջակցության ծրագիրը կվերափոխվի։ Մինչև մարտ ամիսը 50 000 դրամ ստացողների շրջանակը կմնա նույնը, բայց ապրիլից շահառուների շրջանակը կփոխվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 21-ի նիստում։ Ապրիլից սկսած գումարը կկազմի 40 000 դրամ, աջակցությունը կտրամադրվի մինչև 18 տարեկան երեխաներին (շուրջ 33 000 անձ), 63 և ավելի տարեկան անձանց (18 000 անձ), կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց (մոտ 2600 մարդ): Այս անձինք 40 000 դրամները կստանան մինչև հունիսը ներառյալ, իսկ հուլիսից 40 000-ը կնվազի՝ հասնելով 30 000 դրամի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ պետությունը ներդրել է արցախցիներին բնակարանային ապահովության ծրագիրը և 40+10 000 դրամների համար նախատեսված միջոցները պետք է վերահասցեագրել բնակարանային աջակցության ծրագրին։ «Հաջորդ կարևոր պատճառն այն է, որ անցյալ մեկ տարվա ընթացքում աշխատանք են գտել կամ ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում ավելի քան 25 հազար բռնի տեղահանվածներ, որոնք 18-ից մինչև 63 տարեկան անձանց զգալի մասն են կազմում»,- նշված է կառավարության հիմնավորումներում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը ոչ թե զրոյացնում է աջակցության այս փաթեթը, այլ կոնկրետ խմբերի է ուշադրություն դարձնում, ինչպես նաև քաջալերելու է աշխատանքային տարիքի մարդկանց։ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ: Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից հատկացրեց միանվագ 100 հազարական դրամ: Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով տրամադրվում է ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Ծրագիրը մեկնարկել է 2023-ի հոկտեմբերի 1-ից: 2023-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, Արցախից տեղահանվածներին պետական բյուջեից հատկացվեց նաև 50 հազարական դրամ:
12:07 - 21 նոյեմբերի, 2024
«Վերջին տասնամյակներում 80 հազար աղջիկ չի ծնվել». նախարարի հայտարարությունը չափազանցված է ու սխալ
 |fip.am|

«Վերջին տասնամյակներում 80 հազար աղջիկ չի ծնվել». նախարարի հայտարարությունը չափազանցված է ու սխալ |fip.am|

fip.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 17-ի կառավարության նիստում հայտնել էր, որ Հայաստանում վերջին տասնամյակներում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման (սելեկտիվ աբորտների) հետևանքով շուրջ 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել։ «Վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն իսկ կորցրել ենք, այսինքն, շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել, որոնք արդեն վերարտադրողական տարիքում կլինեին ու բնակչության կառուցվածքում էական ազդեցություն կթողնեին»,— նշել էր նա։ Իսկ վարչապետ Փաշինյանն էլ նշել էր, թե Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիր կա. «Այսինքն՝ մարդկանց ինչ-որ մի մաս նախընտրում է ունենալ տղա երեխա, և սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են»։ Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը, ճիշտ է, Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ, բայց նախարար Նարեկ Մկրտչյանի արտահայտությունը՝ «վերջին տասնամյակներում 80 հազար աղջիկ չի ծնվել», չափազանցված է ու իրականությանը չի համապատասխանում։  Փորձելով հստակեցնել, թե ի՞նչ իրավիճակ է այս ոլորտում, արդյո՞ք կա վիճակագրություն, արվե՞լ են հետազոտություններ, «Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարություններ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից խնդրել էինք ներկայացնել տեղեկություն, թե ինչ տվյալների հիման վրա էր նախարարը պնդել, որ վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների հետևանքով շուրջ 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել: Նախարարությունից, ի պատասխան, հայտնել են, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն իր ելույթի համար հիմք էր ընդունել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» ուսումնասիրության արդյունքները։  «Հիմք ընդունելով այն, որ բնական ծնունդների գործակիցը պետք է լիներ 1.05, սկսած 1989 թ․-ից ունենք 24,659 չծնված աղջիկ․ այսինքն՝ աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով, Հայաստանն արդեն իսկ կորցրել է ոչ միայն աղջիկների, այլև պոտենցիալ ապագա մայրերի, որոնց չծնվելու ու երեխա չունենալու հետևանքով բնակչությունը նվազման կգնա 80.000 մարդով»,- նշել են նախարարությունից։ Ինչպես երևում է, նախարար Նարեկ Մկրտչյանի հայտարարությունը և դրանից հետո նախարարությունից ստացված պատասխանը միմյանցից խիստ տարբեր են․ եթե նախարարը պնդում էր, որ վերջին տասնամյակներում 80 հազար կին չի ծնվել, ապա նախարարությունից հայտնում են, որ 1989 թվականից Հայաստանում չի ծնվել 24,659 աղջիկ, ինչի հետևանքով բնակչությունը կնվազի 80 հազար մարդով։  Ստացվում է, նախարար Նարեկ Մկրտչյանը միջազգային կազմակերպությունների հետազոտություններում նախանշված կանխատեսումները ներկայացրել է որպես իրականություն՝ սխալ տվյալներ հանրայնացնելով։  Առողջապահության նախարարությունից «Փաստերի ստուգման հարթակը» հետաքրքրվել էր, մասնավորապես, թե վերջին տասը տարում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հետևանքով Հայաստանում քանի՞ աղջիկ չի ծնվել, արդյո՞ք վիճակագրություն վարվում է։ Նախարարությունից, սակայն, արձագանքել են, որ չծնված աղջիկների թվի ճշգրտումը կարող է իրականացվել փորձագիտական գնահատման արդյունքում, ուստի դուրս է ՀՀ առողջապահության նախարարության գործառույթներից։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:51 - 18 նոյեմբերի, 2024
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել անձի ֆունկցիոնալությունը գնահատելիս միջավայրային գործոնները հաշվի չառնելը

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել անձի ֆունկցիոնալությունը գնահատելիս միջավայրային գործոնները հաշվի չառնելը

E-disability էլեկտրոնային համակարգով անձի ֆունկցիոնալությունը գնահատելիս միջավայրային գործոնները հաշվի չառնելու հնարավորությունը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Նման վճիռ է կայացրել Վարչական դատարանը դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ՝ այդպիսով մասնակի բավարարելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության։ Ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը ներդրվել էր 2023 թ․ փետրվարին։ Ամիսներ անց՝ օգոստոսի 25-ին, կազմակերպությունը (այսուհետ՝ հայցվոր) դատական հայց էր ներկայացրել Նախարարության դեմ (այսուհետ՝ պատասխանող)՝ վիճարկելով դրա օրինականությունը։ Մասնավորապես, հայցվորը պահանջում էր՝  ոչ իրավաչափ ճանաչել Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշող բանաձեւ ստեղծելու այն e-disability.am էլեկտրոնային համակարգի տեխնիկական եւ գործառույթային նկարագրում տեղադրելու  եւ նույն հարթակի միջոցով հաշմանդամություն ունեցող խմբերի նկատմամբ, այդ թվում՝ առանց միջավայրային գործոնները հաշվի առնելու կիրառման հնարավորություն ստեղծելու գործողությունները։ Դատական իշխանության պաշտոնական կայքից «Ինֆոքոմը» տեղեկանում է, որ հայցի մնացած՝ առաջին երկու պահանջները դատարանի վճռով մերժվել են։ Միջավայրային գործոնների առնչությամբ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքներով սահմանելով հիմնական հասկացությունները եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, միաժամանակ սահմանել է «հաշմանդամություն ունեցող անձ» հակացությունը՝ ընդգծելով, որ հաշմանդամություն ունեցող անձ է համարվում նա, ով ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ/կամ զգայական տեւական խնդիրների եւ միջավայրային արգելքների փոխազդեցության հետեւանքով կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մանակցության սահմանափակում․ «Այսինքն՝ անձին հաշմանդամ ճանաչելու համար օրենսդիրն ընդգծել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել անձի ինչպես ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ/կամ զգայական խնդիրները, այնպես էլ միջավայրային արգելքները՝ անձի միջավայրում այնպիսի խոչընդոտող գործոնները, որոնք սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը եւ խանգարում են հաստակական կյանքին նրա սոցիալական ներառմանը, լիարժեք եւ արդյունավետ մասնակցությանը»։ Դատարանը շեշտել է, որ օրենսդիրը միաժամանակ սահմանել է «անձի ֆունկցիոնալության սահմանափակման» հասկացությունը՝ դրանում ընդգրկելով մարմնի կառուցվածքը («s» ծածկագիր), օրգանիզմի ֆունկցիաները («b» ծածկագիր), գործունեությունը եւ մանակցությունը («d» ծածկագիր), ինչպես նաեւ միջավայրային գործոնները («e» ծածկագիր)․ «Այսինքն՝ նշված երկու օրենքներով էլ օրենսդիրը միջավայրային գործոնները պարտադիր է համարել ինչպես հաշմանդանություն ունեցող անձ ճանաչելու, այնպես էլ անձի ֆունկցիոնալության գնահատումն  իրականացնելու գործընթացներում․․․ Իսկ ինչ վերաբերում է Պատասխանողի ներկայացուցչի այն փաստարկին, որ անձը կարող է ունենալ առողջական թեթեւ խնդիրներ, սակայն միջավայրը բավականին ոչ մատչելի լինի, եւ այդ դեպքում միջավայրային գործոնները կգնահատվեն որպես ծանր կամ խորը խնդիր, եւ կարող են որոշիչ նշանակություն ունենալ՝  արհեստականորեն բարձրացնելով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կամ որ ֆունկցիոնալության աստիճանի գնսհատան ժամանակ գնահատվող անձը կարող է․․․ ժամանավոր ընտրել այնպիսի տուն, որը բոլորովին մատչելի չէ, Դատարանը փաստում է, որ անկախ օբյեկտիվ իրականության մեջ առաջացող հնարավոր ինդիրների լուծման եւ վերահսկման բարդությունից, նշված հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ հիշյալ բանաձևը «e-disability» համացանցային էլեկտրոնային հարթակի միջոցով հաշմանդամություն ունեցող խմբերի նկատմամբ կիրառելիս՝ միջավայրային գործոնները հաշվի չառնելով իրավաչար ճանաչելու համար»։ Դատարանն ընդգծել է նաեւ, որ ըստ Նախարարության ներկայացուցչի՝ առանձին ծառայությունների մատուցման համար միջավայրային գործոնները հաշվի են առնվում, այսինքն՝ առկա է դրանք հաշվի առնելու հնարավորություն, եւ դա գործնականում իրականացվում է։ Բանաձեւը ստեղծելու եւ ներդնելու առնչությամբ Դատարանն արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը, ունենալով անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, չափորոշիչները եւ գործիքները հաստատելու իրավասություն, դրա շրջանակներում նախ սահմանել է, որ գնահատումը պետք է իրականացվի հատուկ այդ նպատակով ներդրված «e-disability» էլեկտորոնային համակարգի միջոցով, այնուհետեւ Նախարարությանը հանձնարարել է ապահովել այդ համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակումը, նախագծումը եւ ներդրումը։ «Դատարանը փաստում է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցհարցերի նախարարության կողմից ֆունկցիոնալության սահմանման աստիճանը որոշող բանաձեւ ստեղծելը եւ այն, որպես «e-disability» էլեկտրոնային համակարգի տարր, այդ համակարգի տեխիկական եւ գործառութային նկարագրում տեղադրելու գործողություններն իրավաչափ են, բխել են օրենսդրի՝ անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելու պահանջից։ Մասնավորապես՝ նախ սահմանվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելու պահանջ, որից հետո այդ պահանջի շրջանակներում ՀՀ աշխատանքի եւ սոցհարցերի նախարարին հանձնարարվել է մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 1-ն ապահովել «e-disability» էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակումը եւ համակարգի նախագծումը»։ Դատարանը չի համաձայնել հայցվորի այն փաստարկին, որ բանաձեւը չհանրայնացնելու արդյունքում խտրական մոտեցում է ցուցաբերվում հաշմանդանություն ունեցող անձանց նկատմամբ՝ նշելով, որ հաշվի է առնում հաշմանդամության ունեցող անձի կարգավիճակ տրամադրելու առանձնահատկությունները։ Մասնավորապես, այն, որ դրա նպատակն է օբյեկտիվ պայմաններ ստեղծելը, ինչը բխում է առաջին հերթին հաշմանդամություն ունեցող անձանց շահերից, քանի որ դրանով նախադրյալներ են ստեղծվում բացառելու կամ նվազագույնի հասցնելու արհեստական միջամտությամբ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքների վրա ազդելու հնարավորությունը։ Դատարանի այս դիրքորոշման համար հիմք է հանդիսացել նաեւ այն, որ ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները եւ մեթոդաբանությունը հանրայնացված են, ինչը նշանակում է, որ անձանց համար պարզ է, թե ինչ չափորոշիչներով եւ յուրաքանչյուր չափորոշիչ ինչպես եւ ինչ միջավայրում է գնահատման ենթակա։ Ակտի պատճառաբանված լինելու առնչությամբ դատարանը նախ արձանագրել է, որ վարչական ակտի ինքնաշխատ ձեւավորվելու պահանջը սահմանված է ՀՀ կառավարության 28.07.2022 թվականի թիվ 1180-Ն որոշմամբ եւ ունի իրավական հիմք, ապա նշել․ «Պատախանողի ներկայացուցիչների կողմից Դատարանին ներկայացված ակտի ձեւանմուշը (նոր տարբերակը, որը Նախարարությունը խմբագրել է դատաքննության փուլում,-հեղ․) պարունակում է պաճառաբանական մաս․․․ Իսկ բանաձեւի չհանրայնացված լինելու եւ վճռորոշ ծածկագրերը չբացահայտելու հանգամանքները բավարար են վարչական ակտը պատճառաբանված գնահատելու համար,- նշել է դատարանը՝ հավելելով, որ անձը զրկված չէ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով բողոքարկելու հնարավորությունից»։ Ըստ Դատարանի՝ թեեւ ինքնաշխատ ձեւավորվող ակտի նախկին ձեւանմուշը չէր պարունակում «Հիմնավորում» հատված, սակայն վարչական վարույթի նյութերից պարզ է դարձել՝ որ նորմի կիրառմամբ եւ որ չափորոշիչը որքան միավոր գնահատելու արդյունքում էր ձեւավորվել ընդհանուր միավորը, ուստի բողոքարկման իրավունքի իրացման խոչընդոտ առկա չէ: Դատարանը վճռել է բավարարված հայցի մասով հօգուտ կազմակերպության նախարարությունից բռնագանձել 10․000 ՀՀ դրամ՝ որպես պետտուրքի գումար։ Վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարան՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։ Նշենք, որ թեեւ վճռի հրապարակման օր էր նշանակված հոկտեմբերի 28-ը, մինչ օրս վճիռը տեղադրված չէր ո՛չ Դատական իշխանության պաշտոնական կայքում՝ court.am-ում, ո՛չ էլ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։ Պաշտոնական կայքում այն հրապարակվեց միայն Վարչական դատարանի հանրային կապերի պատասխանատու Աբրահամ Աբրահամյանի հետ կապ հաստատելուց հետո։ Աբրահամյանը տեղեկացրեց, որ վճռի՝ «Դատալեքսում» հասանելի չլինելը պայմանավորված է համակարգի տեխնիկական խնդրով (տեւական ժամանակ է, ինչ դատական տեղեկատվական համակարգում մի շարք գործեր կամ դատական ակտեր հասանելի չեն, ուստի ԲԴԽ-ն դրանք ժամանակավորապես հրապարակում է իր պաշտոնական կայքում):   Միլենա Խաչիկյան
16:30 - 06 նոյեմբերի, 2024
Սաուդյան Արաբիայի արքայազնը կմասնակցի Հայաստանում անցկացվելիք «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն» համաժողովին

Սաուդյան Արաբիայի արքայազնը կմասնակցի Հայաստանում անցկացվելիք «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն» համաժողովին

Սաուդյան Արաբիայի արքայազն, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը Հայաստանում կմասնակցի և ելույթ կունենա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Նորին թագավորական մեծություն արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը Նորին հանգուցյալ թագավորական մեծություն արքայազն Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի հինգերորդ որդին է՝ համաշխարհային ճանաչում ունեցող մարդասիրական և մարդկային զարգացման ջատագով: Վերջինս Նյու Յորքում տեղակայված Concordia գագաթնաժողովի ղեկավար խորհրդի անդամ է, բացի այդ նաև ԱՄՆ-Արաբական հարաբերությունների ազգային խորհրդի (NCUSAR) միջազգային խորհրդատվական կոմիտեի համանախագահ։ 2020 թվականի հոկտեմբերին Նորին Մեծությունը նշանակվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) նախագահ։ AGFUND-ը ծառայում է մարդկային զարգացման հիմնախնդիրների լուծմանը՝ առանց խտրականության թիրախավորելով հասարակության բոլոր շերտերին: 2018 թվականին վերջինս իր կնոջ՝ Արքայադուստր Սորա բինթ Սաուդ Ալ Սաուդի հետ հիմնադրել է Ahyaha հիմնադրամը, որի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերն աջակցում են սոցիալական զարգացմանը, կանանց հզորացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը և մի շարք այլ նպատակների։
16:57 - 03 նոյեմբերի, 2024
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին կբանախոսի Հայաստանում

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին կբանախոսի Հայաստանում

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի և կբանախոսի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Որպես երեխաների իրավունքների պաշտպանությանն ու մանկական աշխատանքի վերացմանն ուղղված պայքարի առաջամարտիկ՝ Քայլաշ Սաթյարթին Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր է։ Իր կազմակերպության միջոցով Քայլաշ Սաթյարթին մանկական աշխատանքից, ստրկությունից, թրաֆիքինգի և շահագործման այլ ձևերից ազատել է ավելի քան 100 հազար երեխայի․ մշակել է հաջողված ձևաչափեր՝ նրանց կրթության, վերականգնման և վերաինտեգրման նպատակով: Վերջինիս կողմից կազմակերպված հանրային արշավները, իրականացվող ծրագրերը վերափոխել ու վերափոխում են հազարավոր երեխաների կյանքեր՝ նրանց վերադարձնելով դպրոց և օգնելով զարգացնել իրենց հմտությունները: Սաթյարթին ղեկավարել է Երեխաների աշխատանքի դեմ գլոբալ երթը՝ 103 երկրներում։ Սա եղել է շահագործվող երեխաների անունից երբևէ իրականացված ամենամեծ սոցիալական շարժումներից մեկը, ինչի արդյունքում ընդունվել է ԱՄԿ 182-րդ կոնվենցիան՝ երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի մասին, որը դարձել է միակ համընդհանուր վավերացված կոնվենցիան ԱՄԿ պատմության մեջ։
18:26 - 02 նոյեմբերի, 2024
ՀՀ ԱՍՀ նախարարությունը սոցիալական բնակֆոնդի ու դրա կառավարման զարգացման նպատակով կհամագործակցի CRS-ի հետ |armenpress.am|

ՀՀ ԱՍՀ նախարարությունը սոցիալական բնակֆոնդի ու դրա կառավարման զարգացման նպատակով կհամագործակցի CRS-ի հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Կաթոլիկ օգնության ծառայության-Միացյալ Նահանգների կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի միջև (CRS - UNITED STATES CONFERENCE OF CATHOLIC BISHOPS)-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։   Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։  Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանում կիրառել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության դրական փորձը՝ տեղայնացնելով սոցիալական բնակարանային ապահովման հաջողված կայուն և ինքնաբավ մոդելը։   «Մենք ծառայությունների հսկայական բաժին արտապատվիրակում ենք հասարակական կազմակերպությունների գործընկերներին։ Համագործակցության մեր ակտիվությունն էլ ավելի է մեծացել հետպատերազմյան ժամանակահատվածում և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումից հետո, որովհետև, առհասարակ, ճգնաժամային իրավիճակներում կառավարություններն ավելի արդյունավետ են սկսում  աշխատել, եթե մի կողմից կա մասնավոր ոլորտի, մյուս կողմից՝ միջազգային գործընկերների աջակցությունը,  հատկապես, երբ փորձում ենք ներդնել լավագույն փորձը։ Այս առումով կարևորում եմ Բոսնիա Հերցեգովինայի փորձը, հատկապես՝ Կաթոլիկ օգնության ծառայության հետ համագործակցելու մեր այս պայմանավորվածությունը»,- ողջույնի խոսքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հույս հայտնելով, որ հուշագրով սկիզբ կդրվի սոցիալական պաշտպանության ոլորտում առավել ընդգրկուն  համագործակցության։ CRS-ի՝ բալկանյան ներկայացուցչության ղեկավար Սանելա Իմամովիչի խոսքով՝ ծրագրի գաղափարը ծնվեց 2023 թվականին, երբ  Լեռնային Ղարաբաղից փախստականները գալիս էին Հայաստան, ուստի ցանկություն առաջացավ Բոսնիա Հերցեգովինայում սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման ոլորտում  իրենց ունեցած փորձը կիսել նաև ՀՀ կառավարության հետ։  Ըստ նրա՝ ստորագրված հուշագիրը ևս մեկ անգամ փաստեց  սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման և պահպանման ուղղությամբ ՀՀ կառավարությանն աջակցելու իրենց հանձնառությունը։ «Հայաստանի կառավարությանն աջակցելու ենք նաև գոյություն ունեցող օրենսդրության վերանայման ճանապարհին եվրոպական ստանդարտը վերարտադրելու միջոցով, լավարկելու ենք օրենսդրությունը, բարելավելու ենք կարողությունն այդ աշխատանքներն իրականացնելու համար, համագործակցելու ենք համայնքների, ՀԿ-ների հետ, որպեսզի կառավարությունը կարողություն ձևավորի՝ ավելի մեծ միջոցներ ներգրավելու սոցիալական այս նախաձեռնության ուղղությամբ»,-մանրամասնեց CRS-ի՝ բալկանյան ներկայացուցչության ղեկավարը։
15:49 - 01 նոյեմբերի, 2024
«Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով համաժողովին Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է աղքատության հաղթահարմանն ուղղված ՀՀ քաղաքականությանը

«Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով համաժողովին Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է աղքատության հաղթահարմանն ուղղված ՀՀ քաղաքականությանը

Դոհայում անցկացվող «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը։   Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել նաև Ռուանդայի առաջին տիկին Ն.Գ. Ջինեթ Նիրամոնգի Կագամեն․ պանելային քննարկմանը մասնակցել են Հարավային Աֆրիկայի Պրետորիայի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Զիթա Մոկոմանեն և Education Above All (EAA) հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Ֆահադ Ալ Սուլեյթին։   Պանելային քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են աղքատության հաղթահարմանն ուղղված իրենց երկրների փորձը, սահմանված առաջնահերթություններն ու նախատեսվող քայլերը։   Անդրադառնալով աղքատության հաղթահարմանն ուղղված ՀՀ քաղաքականությանը՝ այս համատեքստում նախարար Մկրտչյանն ընդգծել է ընտանիքների կայուն զբաղվածության ապահովման և տնտեսական զորեղացման կարևորությունը։   Նարեկ Մկրտչյանը նշել է, որ պետության կողմից իրականացվող աշխատանքների հիմքում ոչ միայն ընտանիքներին աջակցություն տրամադրելն է, այլև նրանց կարողությունները բարելավելը, կյանքի տարբեր փուլերում անհրաժեշտ ծառայություններ մատուցելն ու նրանց կենսամակարդակը բարձրացնելը։ Նախարարի խոսքով՝ այս տեսլականի իրագործմանն են ուղղված նաև ՀՀ զբաղվածության և Ժողովրդագրության ռազմավարությունները, որոնց առանցքում մարդկային կապիտալի զարգացմանը նպաստող միջավայրի ստեղծումն է։
22:43 - 31 հոկտեմբերի, 2024
Նարեկ Մկրտչյանը Դոհայում հանդիպումներ կունենա մի շարք միջազգային գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ

Նարեկ Մկրտչյանը Դոհայում հանդիպումներ կունենա մի շարք միջազգային գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով գտնվում է Դոհայում՝ «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» համաժողովին մասնակցելու նպատակով։ Նախարարը հանդիպումներ կունենա մի շարք միջազգային գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ․ ստորագրման կներկայացվի նաև ոլորտային համագործակցության զարգացման հուշագիրը։ Նախարար Մկրտչյանն հանդիպել է Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հետ, որի ընթացքում քննարկվել են հավասար հնարավորությունների ապահովման, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև Կատարի Պետությունում ՀՀ գործող դեսպան Արմեն Սարգսյանը։ Ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ՀՀ կողմից սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքները` նախարար Մկրտչյանը, մասնավորապես՝ ընդգծել է Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդնման ու e-disability.am հարթակի գործարկման կարևորությունը։ Ոլորտային մի շարք կարևոր թեմաներից զատ՝ քննարկվել է նաև Հայաստանում ու Կատարում աջակցող միջոցների արտադրությամբ և զարգացմամբ զբաղվող ընկերությունների վերապատրաստման ու փորձի փոխանակման հնարավորությունը, ինչը երկուստեք թույլ կտա նպաստել աջակցող միջոցների որակի բարձրացմանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև խնամատարության ինստիտուտի ուղղությամբ համագործակցության տարբերակները։ Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ինստիտուտի զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքականությունը և նշել, որ վերջինիս կայացումը շարունակում է լինել ոլորտային առաջնահերթություններից։ Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են նաև քննարկված թեմաների շուրջ ՀՀ-ում ու Կատարում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաժողովներ և միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունը։ Ընդգծվել է նաև ընտանիքի ինստիտուտի հզորացմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովումը․այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է Կառավարության կողմից նոր ընդունված ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը՝ նշելով, որ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծումը փաստաթղթով սահմանված չորս հիմնական ուղղություններից մեկն է։
10:34 - 30 հոկտեմբերի, 2024
ԱՍՀ նախարարը Դոհայում քննարկել է խնամատարության ինստիտուտի ուղղությամբ համագործակցության տարբերակները

ԱՍՀ նախարարը Դոհայում քննարկել է խնամատարության ինստիտուտի ուղղությամբ համագործակցության տարբերակները

Կատարի Պետության Սոցիալական զարգացման և ընտանեկան հարցերով նախարար Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով մեկնել է Դոհա՝ «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» համաժողովին մասնակցելու նպատակով։   Այցի շրջանակում նախարարը հանդիպումներ կունենա մի շարք միջազգային գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ․ առաջիկայում Կատարի Պետության կողմից ստորագրման կներկայացվի նաև ոլորտային համագործակցության զարգացման հուշագիրը։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից: Նախարար Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հետ, որի ընթացքում քննարկվել են հավասար հնարավորությունների ապահովման, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև Կատարի Պետությունում ՀՀ գործող դեսպան Արմեն Սարգսյանը։ Ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ՀՀ կողմից սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքները` նախարար Մկրտչյանը, մասնավորապես՝ ընդգծել է Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդնման ու e-disability.am հարթակի գործարկման կարևորությունը։ Ոլորտային մի շարք կարևոր թեմաներից զատ՝ քննարկվել է նաև Հայաստանում ու Կատարում աջակցող միջոցների արտադրությամբ և զարգացմամբ զբաղվող ընկերությունների վերապատրաստման ու փորձի փոխանակման հնարավորությունը, ինչը երկուստեք թույլ կտա նպաստել աջակցող միջոցների որակի բարձրացմանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև խնամատարության ինստիտուտի ուղղությամբ համագործակցության տարբերակները։ Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ինստիտուտի զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքականությունը և նշել, որ վերջինիս կայացումը շարունակում է լինել ոլորտային առաջնահերթություններից։ Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են նաև քննարկված թեմաների շուրջ ՀՀ-ում ու Կատարում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաժողովներ և միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունը։ Ընդգծվել է նաև ընտանիքի ինստիտուտի հզորացմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովումը․այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է Կառավարության կողմից նոր ընդունված ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը՝ նշելով, որ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծումը փաստաթղթով սահմանված չորս հիմնական ուղղություններից մեկն է։
20:02 - 29 հոկտեմբերի, 2024
ԱՍՀ նախարարը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրմանը, սոցիալական աջակցությանն ու զբաղվածությանն առնչվող մի շարք հարցեր

ԱՍՀ նախարարը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրմանը, սոցիալական աջակցությանն ու զբաղվածությանն առնչվող մի շարք հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ  սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին տարիներին ընթանում են սերտ համագործակցությամբ։ Նախարարն ընդգծել է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ՝ լիահույս լինելով, որ այն հնարավոր կլինի էլ ավելի զարգացնել։ Անդրադառնալով ԱՍՀ նախարարության կողմից սահմանված ոլորտային առաջնահերթություններին ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում կարևորել է նաև միջազգային գործընկերների դերը։ Այս համատեքստում նախարարը նշել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և նախարարության արդյունավետ համագործակցության փորձի մասին՝ հատկապես ոլորտային բարեփոխումների և գենդերային հավասարության ապահովման ուղղություններով։ Կողմերը դիտարկել են նաև լավագույն փորձի փոխանակման հնարավորությունը․ շեշտվել է փոխադարձ այցերի դերը, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ ոլորտային քաղաքականություններին և բարեփոխումներին, ուսումնասիրել դրանք, և, ըստ անհրաժեշտության, տեղայնացնել։ Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալների և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրմանը, սոցիալական աջակցությանն ու զբաղվածությանն առնչվող մի շարք հարցեր։  Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում գենդերային քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքները․ նախարար Մկրտչյանը ներկայացրել է Գենդերային ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերը, ինչպես նաև Ժողովրդագրության ռազմավարությամբ ամրագրված գերակայությունները։  Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված ծրագրերին։  
15:41 - 22 հոկտեմբերի, 2024
Մենք այսօր հայեցակարգային փաստաթուղթ ենք ընդունում. Փաշինյանը՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը հաստատելու մասին
 |1lurer.am|

Մենք այսօր հայեցակարգային փաստաթուղթ ենք ընդունում. Փաշինյանը՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը հաստատելու մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին նախագծին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ դրա մշակման համատեքստում իրականացվել են ժողովրդագրական առկա վիճակի համապարփակ և համալիր վերլուծություն, ռազմավարության արդյունքային շրջանակի տեսլականի և ռազմավարական նպատակների ու գործողությունների ծրագրի մշակում, իրականացված վերլուծության և արդյունքային շրջանակի պաշտպանության անցկացում Վիեննայի Վիլկենշտեյնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնում, բնակչության թվաքանակի կանխատեսման իրականացում Չեխիայի Չարլզի համալսարանում միջազգային փորձագետների և տեղական թիմի օժանդակությամբ: «Ժողովրդագրական առկա իրավիճակի համապարփակ վերլուծությունը ներառում է բազմաշերտ հետազոտություն, որի հիման վրա կառուցվել է համապարփակ՝ 125 տարվա ժամանակային հորիզոնն արտահայտող տվյալների բազմաբաղադրիչ բազա՝ ինտեգրելով այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են ՀՀ վիճակագրական կոմիտեի ժողովրդագրության վերաբերյալ հրապարակած տվյալները, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տրամադրած տվյալները, ՀԲ-ի տրամադրած տվյալները և այլ վերլուծություններից բխած տվյալներ»,- ասաց Նարեկ Մկրտչյանը: Նախարարն ընդգծեց, որ վերլուծության շրջանակում կատարվել է ՀՀ արտաքին և ներքին միջավայրում սոցիալ-տնտեսական, մշակութային և քաղաքական զարգացումների վերլուծություն, ինչպես նաև ԼՂ ժողովրդագրական տվյալների վերլուծություն: «Ռազմավարությունը մեծապես կնպաստի Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը՝ հանգեցնելով այնպիսի կարևոր արդյունքների, ինչպիսիք են մարդկային կապիտալի զարգացումը, կյանքի որակի բարձրացումը, տնտեսական կայուն և ներառական աճը»,- ասաց նախարարը: Նարեկ Մկրտչյանը նշեց ռազմավարության 4 ռազմավարական թիրախները՝ ընտանիքի բարեկեցության միջավայրի ստեղծում, վաղաժամ մահերի կանխման համակարգ, ակտիվ ծերության ծրագրերի իրականացում, միգրացիայի կառավարման քաղաքականություն: «Մենք չունենք ամբողջական պատկերացում արտագաղթի մասին: Պարզվում է, որ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քյաբաբ չսիրելու պատճառով»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   «Ժողովրդագրությունը մեր բոլորիս հավաքական գործունեության մասին է, և մեզնից յուրաքանչյուրի գործունեության որակն է կանխորոշում՝ Հայաստանում ժողովրդագրական բնույթի հարց կլինի թե չէ: Օրինակ՝ իրական Հայաստանի ռազմավարությունը մենք կկարողանա՞նք իրագործել, թե՞ չէ, խաղաղության օրակարգը մենք կկարողանա՞նք իրագործել, թե՞ չէ, պետական ինստիտուտների կայացման ռազմավարությունը և հարցը, որ մենք պետք է կենտրոնանանք պետության և պետական ինստիտուտների կայացման վրա, մենք դա կկարողանա՞նք իրագործել, թե՞ չէ»,- նշեց վարչապետը:   «Ժողովրդագրության ֆունդամենտալ հարցը հետևյալն է. Հայաստանի քաղաքացին կամ Հայաստանում բնակվող մարդը այս երկրում ապագա տեսնո՞ւմ է, թե՞ չի տեսնում: Եթե սոցիալ-հոգեբանական մակարդակում մարդը ապագա չի տեսնում, ինչ ռազմավարություն ուզում եք ընդունեք, ինչ փող ուզում եք ծախսեք, հնարավոր չէ. մարդը պետք է ֆունդամենտալ առումով տեսնի, որ երկրում կա ապագա. ինքը, իր երեխաները, իր թոռները, ծոռները կարող են այստեղ ապրել, կրթություն ստանալ, լինել բարեկեցիկ, ազատ, և ստեղծագործական հաճույք ստանալ իրենց կյանքից, աշխատանքից և ՀՀ քաղաքացի լինելուց: Մենք այսօր, ըստ էության, հայեցակարգային փաստաթուղթ ենք ընդունում, որը պետք է ճյուղավորվի՝ կապվելով մեր բոլոր ռազմավարություններին: Մեր բոլոր ռազմավարություններն այն մասին են, որ ՀՀ-ն մի տեղ է, որի հետ արժե կապել սեփական և սեփական սերունդների կյանքը. սա է մեր գործնական խնդիրը, որը պետք է կարողանանք ապացուցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
12:02 - 17 հոկտեմբերի, 2024
Հայաստանում շուրջ 80 000 աղջիկ չի ծնվել՝ հղիության արհեստական ընդհատման հետևանքով
 |civilnet.am|

Հայաստանում շուրջ 80 000 աղջիկ չի ծնվել՝ հղիության արհեստական ընդհատման հետևանքով |civilnet.am|

civilnet.am: Վերջին տասնամյակներին հղիության արհեստական ընդհատման հետևանքով Հայաստանում չի ծնվել շուրջ 80 000 աղջիկ։ Կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում ժողովրդագրական խնդիրների քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ այդ թիվը կարող էր էական լինել մարդկային կապիտալի զարգացման համար։ Հարցի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մարդկանց ինչ-որ մասն ուզում է ունենալ տղա երեխաներ։ Սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են։ Վերջերս մի տեղեկանք էի կարդում, որտեղ արված էր հետևյալ արձանագրումը, որ սելեկտիվ աբորտների հետևանքով առաջիկա տարիներին աղջիկների թվաքականի հետ կապված խնդիր է լինելու։ Դա մեր վերարտադրողական պոտենցիալի վրա էական բացասական ազդեցություն է ունենալու կամ արդեն ունեցել է» Վարչապետը հայտարարեց՝ այս թեմայով հանրության հետ պետք է խոսակցություն ունենալ ու դա պետք է «լսվող խոսակցություն լինի»։ Թարմացում Նախարար Նարեկ Մկրտչյանի արտահայտությունը՝ «վերջին տասնամյակներում 80 հազար աղջիկ չի ծնվել», չափազանցված է ու իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին պարզել է  «Փաստերի ստուգման հարթակը»։ Ի պատասխան հարցին, թե նախարարը ինչ տվյալների հիման վրա է նման պնդում արել, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ ելույթի համար հիմք են ընդունվել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» ուսումնասիրության արդյունքները։  «Հիմք ընդունելով այն, որ բնական ծնունդների գործակիցը պետք է լիներ 1.05, սկսած 1989թ․-ից ունենք 24,659 չծնված աղջիկ․ այսինքն՝ աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով, Հայաստանն արդեն իսկ կորցրել է ոչ միայն աղջիկների, այլև պոտենցյալ ապագա մայրերի, որոնց չծնվելու ու երեխա չունենալու հետևանքով բնակչությունը նվազման կգնա 80.000 մարդով»: Ստացվում է՝ նախարար Նարեկ Մկրտչյանը միջազգային կազմակերպությունների հետազոտություններում նախանշված կանխատեսումները ներկայացրել է որպես իրականություն՝ սխալ տվյալներ հանրայնացնելով։
11:48 - 17 հոկտեմբերի, 2024
40+10 հազար դրամ ծրագրի շահառուների որոշ խմբի համար դիմումները կրկին ընդունվում են

40+10 հազար դրամ ծրագրի շահառուների որոշ խմբի համար դիմումները կրկին ընդունվում են

ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում) և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր՝ արդեն իսկ կարող են դիմում ներկայացնել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից օգտվելու համար։ Այս մասին հայտնում է Աշխատաքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով։  Դիմումի մուտքագրման քայլերի հաջորդականության ուղեցույցը, որը տարածել է նախարարությունը, ստորև․  ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել հղմամբ։ ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։ ՔԱՅԼ 3․ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվեն ինքնաշխատ եղանակով։ ՔԱՅԼ 4․ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։ ՔԱՅԼ 5․ «Իմ բանկային տվյալները» դաշտում անհրաժեշտ է ընտրել Ձեզ սպասարկող բանկն ու լրացնել բանկային քարտի 16 նիշ ունեցող համարը։ ՔԱՅԼ 6․ Հաջորդ քայլով անհրաժեշտ է նշել ունեք արդյոք անչափահաս երեխա, թե ոչ։ Եթե չի լրացել Ձեր երեխայի 18 տարեկանը, անհրաժեշտ է սեղմել այո և լրացնել իր մասին պահանջվող տեղեկատվությունը։ Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։ ՔԱՅԼ 7․ Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «Համաձայն եմ» կամ «Համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ «Համաձայն եմ ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով», ինչպես նաև կատարել համապատասխան նշում «Հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված տվյալները հավաստի են» դաշտում։ ՔԱՅԼ 8․ «ՀԱՍՏԱՏԵԼ» կոճակ։ Դիմումը մուտքագրելուց հետո կնշվի, որ այն հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։  ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ․ անչափահաս երեխայի համար դիմումը պետք է լրացնի ծնողը (խնամակալը կամ հոգաբարձուն), *-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է։ Նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։
11:33 - 17 հոկտեմբերի, 2024
Առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ

Առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ

Ներկայացվող օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ներդնելու աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ, ինչը նշանակում է, որ աշխատանքային պայմանագրերը կկնքվեն թվային համակարգի միջոցով, կլինեն օրենսդրությանը համապատասխան, գրագետ և նույնանման: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրենքների նախագծերը: Զեկուցողը նշել է, որ աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի թվային եղանակով, համաժամանակյա ռեժիմով և ցանկացած պահին հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը: Հնարավորություն կստեղծվի պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների վերահսկողությունը, նվազեցնել փաստաթղթաշրջանառությունը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայում կան խնդիրներ: Մասնավորապես, գործատուն միշտ չէ, որ պահպանում է աշխատանքային պայմանագրի կնքման գործընթացը. օրինակ՝ չեն նշվում աշխատաժամանակի տևողությունը կամ վարձատրության չափը և կամ մի շարք այլ պահանջներ: Դեպքեր կան, երբ տարբեր պատճառներով չի տրամադրվում նաև աշխատանքային պայմանագրի երկրորդ օրինակը: Թվային համակարգի բազային հասանելիության շնորհիվ տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրի պայմանների խախտումները: Համակարգը նախատեսվում է ներդնել երկու փուլով՝ կամավոր և պարտադիր: Կամավորը կներդրվի 2025 թվականի հուլիսի 1-ից և կտևի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը. դրանից հետո այն բոլորի համար կլինի պարտադիր: Թվային համակարգի մուտքը նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով և հանդիսանալու է համակարգի առանձին մոդուլ: Աշխատանքային պայմանագիրն աշխատողին հասանելի կլինի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգի միջոցով: Աշխատանքային պայմանագրերի կնքումը թվային համակարգի միջոցով կլինի կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Թվային համակարգի կառավարումն իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն, Տեսչական և հարկային մարմինները ունենալու են հասանելիություն համակարգին՝ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացակարգի շրջանակում և հարկային հսկողության մասով: Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն օտարերկրյա աշխատողի տվյալներին հասանելիություն կտրվի այն ծավալով, որն անհրաժեշտ է օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման համար: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ կարվի ամենը, որպեսզի համակարգը հասանելի լինի բոլորին և ապահովվի թվային անվտանգությունը: Փոխնախարարը նաև անդրադարձել է աշխատանքային պայմանագրերի վաղաժամկետ խզմանն ու նման համակարգի ներդրման միջազգային փորձին վերաբերող հարցերին: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ համակարգի ներդրումը բավականին առաջադեմ է և արմատական փոփոխություն է ներկայացնում: Նա առաջարկել է մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքների նախագծերում կատարել մի քանի տեխնիկական բնույթի շտկումներ: Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովի՝ հոկտեմբերի 14-ի հերթական նիստում և ստացել դրական եզրակացություն: Առաջարկվել է հարցն ընդգրկել նաև առաջիկա ԱԺ հերթական օրակարգի նախագծում:
18:16 - 15 հոկտեմբերի, 2024
Ֆունկցիոնալության գնահատման գաղտնի բանաձեւը․ հաշմանդամություն ունեցող անձինք դժգոհում են բարեփոխված համակարգից

Ֆունկցիոնալության գնահատման գաղտնի բանաձեւը․ հաշմանդամություն ունեցող անձինք դժգոհում են բարեփոխված համակարգից

34-ամյա Արեւ Մելքոնյանը 1 տարեկանում անժամկետ հաշմանդամություն է ստացել, նրան տրամադրվել է վերականգնողական անհատական ծրագիր, որի հիման վրա տարիներ շարունակ անվասայլակ գնելու նպատակով պետությունից ֆինանսական աջակցություն է ստացել։ Այժմ, երբ լրացել է թե՛ անվասայլակի շահագործման, թե՛ վերականգնողական անհատական ծրագրի (այսուհետ՝ ՎԱԾ) գործողության ժամկետը, Արեւը ցանկանում է, ըստ սահմանված կարգի, փորձաքննություն անցնելու դիմում ներկայացնել՝ նույն եւ աջակցող մեկ այլ միջոց ստանալու համար, սակայն հենց այդ նպատակով պետության կողմից ներդրված e-disability.am էլեկտրոնային հարթակը նրան այդ հնարավորությունը չի տալիս։ Այս հարթակը ներդրվել է ընդամենը 1 տարի առաջ՝ սոցիալական ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։ Հարթակի մշակման եւ ներդրման համար պետական բյուջեից ծախսվել է ավելի քան 150 միլիոն դրամ՝ չհաշված միջազգային դոնորներից ստացված աջակցությունները։ Նյութում կարդացեք՝ Ինչ է իրենից ներկայացնում ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը Ինչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող անձինք Ինչու են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող որոշ ՀԿ-ներ դժգոհ այս բարեփոխումից Ինչպես է բարձրաձայնված խնդիրներին արձագանքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Ինչու է նոր ներդրված համակարգի օրինականության հարցը հասել դատարան Ֆունկցիոնալության գնահատման համակարգի աշխատանքի տրամաբանությունը Ըստ բարեփոխումների ծրագրի՝ հաշմանդամության կարգի տրամադրման նախկին համակարգը փոխարինվել է ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգով։ Դրանով գնահատման բժշկական մոդելից Հայաստանն անցում է կատարել սոցիալական մոդելի, ինչը նշանակում է, որ գնահատող հանձնաժողովներում ներգրավված են ոչ միայն բժիշկներ, այլեւ հարակից ոլորտների մասնագետներ՝ հոգեբան, լոգոպետ, վերականգնողաբան, մանկավարժ եւ այլք։ Բացի այդ, եթե նախկինում հաշմանդամության կարգը որոշում էին հանձնաժողովի անդամները, ապա այժմ այն որոշում է հիշյալ e-disability.am հարթակը ինքնաշխատ եղանակով՝ հանձնաժողովի անդամների գնահատականների հիման վրա։  Հայաստանում արմատական այս փոփոխությունների մասին հայտարարվել էր դեռ 2014 թ․-ին։ Այդ ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) ծրագրում էր նոր համակարգը գործարկել 2019 թ․ հունվարից։ Գործընթացը, սակայն, դանդաղեց, նախագիծը հանրային քննարկման դրվեց միայն 2022 թ․-ին։ Ի վերջո, 2023 թ․ փետրվարի 1-ից մասնակի, իսկ 2024 թ․ հունվարի 1-ից ամբողջապես ներդրվեց անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը։ Չնայած 10 տարի շարունակ մշակվելուն՝ նոր համակարգը հասցրել է մի շարք դժգոհությունների, մինչեւ անգամ դատական վեճի առիթ դառնալ։ 2022  թ․ Կառավարությունը սահմանեց անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը։ Ըստ դրա՝ քաղաքացին նախ դիմում է պոլիկլինիկա կամ բժշկական որեւէ հաստատություն, որտեղ թերապեւտը կամ բժիշկը նրան ուղարկում է համապատասխան հետազոտությունների, որոնք անհրաժեշտ են ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը կազմակերպելու համար։   Հաջորդիվ գործընթացը շարունակվում է էլեկտրոնային եղանակով։ Բժշկական հաստատությունը էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում ստեղծում է գնահատման ուղեգիրը։ Անձը  (կամ նրա օրինական ներկայացուցիչը) e-disability.am հարթակի միջոցով ներկայացնում է դիմում՝ կցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով ինքնագնահատականի թերթիկը։ Թերթիկում ներառված են մի շարք հարցեր՝  զբաղվածության, տեղաշարժման, կենցաղում առկա հնարավոր դժվարությունների, օժանդակ սարքերի անհրաժեշտության եւ այլնի մասին։ Դիմումն ուղարկելուց հետո համապատախան մանագետները կազմում են անձի վերաբերյալ ամփոփաթերթ։ Այն աղյուսակ է, որում ներառվում են ֆունկցիոնալության միջազգային դասակարգիչների` օրգանիզմի ֆունկցիաների (b), մարմնի կառուցվածքի (s), գործունեության ու մասնակցության (d) եւ միջավայրային գործոնների (e) ծածկագրերը, որոնք ենթակա են գնահատման։ Գնահատման արդյունքներն ամփոփվում են արձանագրությունում, որը իրենից ենթադրում է նույն այդ ամփոփաթերթը՝ յուրաքանչյուր ծածկագրի կողքին հանձնաժողովի նշանակած որակիչներով (0-4 բալային համակարգով)։ Տարիքային տարբեր խմբերի համար (0-2, 3-5, 6-14, 15-18 եւ 18 տարեկանից բարձր) սահմանված է ընդհանուր առմամբ 6 տեսակի արձանագրություն՝ ըստ հետեւյալ ոլորտների.  հենաշարժական խնդիրներ տեսողական, խնդիրներ լսողական խնդիրներ խոսքի եւ ձայնի խնդիրներ հոգեկան (մտավոր) խնդիրներ քրոնիկական հիվանդություններ։ Գնահատականների արձանագրությունը ներբեռնվում է համակարգ, որն էլ ինքնաշխատ եղանակով կայացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը՝ նրան ճանաչելով կամ չճանաչելով հաշմանդամություն ունեցող։ Ըստ ֆունկցիոնալության սահմանափակման տոկոսային միավորի՝ ընտրվում է ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ միջին (25-50%), ծանր (51-75%) կամ խորը (76-100%), եւ ժամկետը՝ 1 տարի, 2 տարի, 5 տարի, մինչեւ 18 տարեկան կամ անժամկետ։ Թեթեւ (5-24%) աստիճանի սահմանափակում ունեցող անձինք հաշմանդամություն ունեցող չեն համարվում, սակայն կարող են օգտվել որոշակի ծառայություններից։ Գնահատումից հետո հանձնաժողովը կազմում է Ծառայությունների անհատական ծրագիր (այսուհետ՝ ԾԱԾ), որում նշվում է տվյալ անձին առաջարկվող կամ երաշխավորվող ծառայությունների եւ աջակցող միջոցների ցանկը (պետական բյուջեից փոխհատուցվող եւ չփոխհատուցվող)։  Այս ողջ գործընթացը՝ դիմումը մուտքագրելու պահից մինչեւ որոշումն ընդունելու պահը, պետք է տեւի ոչ ավելի, քան 30 օր, իսկ որոշումը անձին պետք է տրամադրվի 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Սլաքի միջոցով կարելի է թերթել ինֆոգրաֆիկաները եւ ծանոթանալ վիճակագրական տվյալներին Կառավարությունն ընդլայնել է կրկնակի փորձաքննության դիմելու դեպքերի ցանկը Ֆունկցիոնալության գնահատումը լինում է երեք տեսակի՝ առաջնակի, կրկնակի եւ վերագնահատում, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված են որոշակի պայմաններ։ Այս տարվա հունիսի 27-ին Կառավարությունը փոփոխություններ կատարեց այդ պայմանների մեջ՝ սահմանելով, որ անժամկետ հաշմանդամություն ունեցող անձինք աջակցող միջոց (անվասայլակ, լսողական սարք եւ այլն) ստանալու համար կարող են կրկնակի փորձաքննության դիմել։ Ըստ մեկ այլ որոշման՝ նախկին համակարգով տրված եւ գործողության մեջ գտնվող ՎԱԾ-ի հիման վրա անձը կարող է ստանալ նույն աջակցող միջոցից, իսկ եթե լրացել է ՎԱԾ-ի ժամկետը, Միասնական սոցիալական ծառայությունը նրան տրամադրում է տեղեկանք, որտեղ նշվում է ՎԱԾ-ով երաշխավորված աջակցող միջոցը։ Իսկ այն դեպքում, երբ անձին անհրաժեշտ է նախկինում չունեցած եւ ՎԱԾ-ում չներառված աջակցող միջոց, ապա նա պետք է  անցնի ֆունկցիոնալության գնահատում՝ ԾԱԾ ստանալու համար։ Հենց այս՝ վերջին դրույթն էլ վերաբերելի է Արեւ Մելքոնյանին, քանի որ նա, բացի իր հիմնական անվասայլակից, ցանկանում է նաեւ մեկ այլ աջակցող սարքի՝ կցորդիչի դիմում ներկայացնել։ Հարթակը, սակայն, ներառում է կրկնակի փորձաքննություն անցնելու միայն 2 դեպք՝ եթե լրացել է հաշմանդամության ժամկետը կամ առկա է վիճակի փոփոխություն։ Փաստացի, էլեկտրոնային հարթակը սինխրոնացված չէ օրենսդրական կարգավորումներին։ Էլեկտրոնային եղանակով կրկնակի գնահատման դիմում ներկայացնելու պատուհանը Միասնական սոցիալական ծառայությունում (ՄՍԾ) օրենսդրական փոփոխության մասին տեղյակ չեն եղել Արեւ Մելքոնյանը համաձայն չէ Կառավարության այն ձեւակերպմանը, թե հաշմանդամություն ունեցող անձինք իրենց դիմումի հիման վրա են կրկնակի փորձաքննություն անցնում։ Նա կարծում է, որ կառավարությունն իր քայլերով հանգեցնում է նրան, որ բոլորն էլ ստիպված լինեն դիմել․ «Ես չեմ կարողանում իրենց ստեղծած օնլայն հարթակում դիմում ներկայացնել, համակարգը ի սկզբանե հարցնում է՝ ինչի՞ համար եք ուզում կրկնակի փորձաքննություն անցնել, արդյո՞ք լրացել է հաշմանդամության ժամկետը, թե՞ ունեք վիճակի փոփոխություն, եւ քանի որ ինձ մոտ ոչ մեկն է, ոչ մյուսը, առանց դրա հայտը չի ընդունում»,- ասում է Արեւն ու հավելում՝ կայքը նաեւ մատչելիության խնդիր ունի, հատկապես՝ հաշմանդամության մյուս տեսակների՝ մտավոր եւ տեսողական խնդիր ունեցող անձանց համար։ Օրենսդրական ընթացիկ փոփոխությունների վերաբերյալ պատշաճ իրազեկված չեն անգամ Միասնական սոցիալական ծառայությունում։ Մոտ մեկ ամիս առաջ, երբ Արեւը, այս փոփոխությանը դեռ անտեղյակ, դիմել է Աբովյան քաղաքի միասնական սոցիալական ծառայություն, վերջինիս աշխատակիցն էլ, ըստ ամենայնի անտեղյակ լինելով, հրաժարվել է անձին տեղեկանք տրամադրել՝ ասելով, որ դրա սահմանված ձեւը առկա չէ, եւ առհասարակ, այդպիսի կարգ գոյություն չունի։ Շաբաթներ անց անձը ստիպված է եղել կրկին ՄՍԾ գնալու։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանին այս դեպքը չի զարմացնում,  ըստ նրա՝ մեկ այլ անգամ ՄՍԾ-ն հրաժարվել է անձին տեղեկանք տրամադրել անգամ ժամկետի մեջ գտնվող ՎԱԾ-ի հիման վրա՝ ուղարկելով նրան կրկնակի փորձաքննության։ Գործնականում այսպիսի մոտեցում ցուցաբերելով՝ պետությունը, ըստ Հովսեփյանի, հրաժարվում է նախկինում իր կայացրած ակտերից՝ մարդկանց դնելով ընտրության առաջ․ «Անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց մոտ արդարացիորեն առաջացել է լեգիտիմ ակնկալիք հանրային իշխանությունների նկատմամբ, որ իրենք ունեն իրենց անժամկետ հաշմանդամությունից բխող սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աջակցող սարքեր ստանալու իրավունք, բայց Կառավարությունը, փաստացի, որոշել է, որ պետք է խախտել այդ սկզբունքը եւ ընտրության առաջ կանգնեցնել հաշմանդամություն ունեցող հազարավոր անձանց․․․ Դա նաեւ արթնացնում է անարդարության զգացում՝ ինչո՞ւ պիտի մարդը կրկին ապացուցի, որ ինքը ունի այդ հաշմանդամությունը, եթե պետությունը նախկինում դա հաստատել է»,- ասում է Մուշեղ Հովսեփյանը։ Հովսեփյանը բացատրում է՝ մարդիկ, որոնք ունեն նախկին հանձնաժողովների հետ շփման վատ փորձ, գիտեն, թե ինչ է իրենց սպասվում, եւ խուսափում են դիմել, նույնիսկ երբ անհրաժեշտությունը կա։ Բացի այդ, դա հավելյալ ջանք եւ ռեսուրս է պահանջում։ Ոլորտին վերաբերող խնդիրները, սակայն, սրանով չեն ահմանափակվում։ Ըստ Հովսեփյանի՝ արդեն իսկ նոր բարեփոխումների անհրաժեշտություն կա, քանի որ այն, ինչ ամրագրված է Կառավարության որոշումներում, չի համապատասխանում նրան, ինչ կա գործնականում։  Դատարանը կորոշի ֆունկցիոնալության գնահատման համակարգի օրինականությունը 2023 թ․ օգոստոսին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Սոցհարցերի նախարարության դեմ՝ վիճարկելով նոր համակարգի օրինականությունը։ Կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանը պատմում է, որ համակարգի մասնակի գործարկումից հետո իրենք տարբեր բողոքներ էին ստանում հաշմանդամություն ունեցող անձանցից այն մասին, որ կայացված վարչական ակտերով խախտվել են իրենց իրավունքները։ ՀԿ-ն, սակայն, չէր կարողանում հասկանալ՝ իսկապե՞ս խախտվել են, թե՞ ամեն ինչ եղել է օրինականության սկզբունքին համապատասխան, որովհետեւ վարչական ակտերը չունեին հիմնավորումների մաս․ «Մարդկանց մոտ անվստահություն է առաջանում կայացված վարչական ակտերի նկատմամբ, որովհետեւ նրանք չեն հասկանում՝ ինչո՞ւ իրենց վերաբերյալ կայացվեց հենց այդ որոշումը»։ Երբ ՀԿ-ն դիմել է նախարարությանը, վերջինս հրաժարվել է տրամադրել այն բանաձեւը, որով համակարգը հաշվարկում եւ որոշում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը։ Պատճառաբանությունն այն է, որ այդպիսով  կանխում են հնարավոր կոռուպցիան․ «Ըստ նախարարության՝ եթե գնահատող մասնագետները իմանան, թե ինչպես է բանաձեւը աշխատում, կսկսեն գնահատել այնպես, որ բանաձեւը տա իրենց ցանկալի արդյունքը։ Մինչդեռ սա անտրամաբանական հիմնավորում է, քանի որ բանաձեւի հիմքում չի կարող լինել այլ տրամաբանություն, քան այն է, որ ինչքան վատ է գնահատվում անձի վիճակը, այնքան ավելի հավանական է, որ հաշմանդամություն սահմանվի։ Բացի այդ, մասնագետները ժամանակի ընթացքում հասկանալու են այդ միտումները, եւ ըստ այդմ, ցանկացածը կարողանալու է իր ցանկալի արդյունքին համապատասխան գնահատում իրականացնել»,- ասում է Հովսեփյանն ու նշում, որ բանաձեւի ինչ-որ հատված իրենց հասանալի դարձավ դատական գործընթացի շրջանակում միայն։  Այդ ժամանակ են պարզել նաեւ, որ միջավայրային գործոնների գնահատումը բանաձեւի հաշվարկում հաշվի չի առնվում։ Սեպտեմբերի 19-ին Վարչական դատարանում մեկնարկեց այս գործով հիմնական դատալսումների փուլը։ «Ինֆոքոմը» դիմեց դատարանին՝ նիստի տեսա եւ լուսանկարահանման թույլտվություն ստանալու համար. հայցվոր կողմը՝ ի դեմս ՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանի, կողմ արտահայտվեց, մինչդեռ նախարարության ներկայացուցիչը՝ ի դեմս իրավաբանական վարչության աշխատակից Անի Ասատրյանի, առարկեց՝ նշելով, որ քանի դեռ գործը դատաքննության փուլում է, դրա հանրայնացումը նպատակահարմար չէ։ Նախագահող դատավոր Աղասի Դարբինյանը անհասկանալի որակեց նախարարության դիրքորոշումը՝ որոշելով, որ առկա չէ որեւէ հիմք դռնբաց դատական նիստի տեսա եւ լուսանկարահանումը արգելելու համար։ Մանրամասնելով հայցի առարկան՝ փաստաբան Դավիթ Ասատրյանը ներկայացրեց հիմնական պահանջները՝ ոչ իրավաչափ ճանաչել Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշող բանաձեւը ստեղծելու, այն e-disability.am էլեկտրոնային համակարգի տեխնիկական եւ գործառույթային նկարագրում տեղադրելու եւ նույն  հարթակի միջոցով հաշմանդամություն ունեցող խմբերի նկատմամբ կիրառման հնարավորություն ստեղծելու գործողությունները։ Ասատրյանի խոսքով՝ այն, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն չունեն ծանոթանալ իրենց վերաբերյալ կայացված որոշումների հիմնավորումներին, հանգեցնում է նրանց իրավունքների խախտման․ անձինք գտնվում են պետության հետ անհավասար պայմաններում եւ չեն կարող վիճարկել այս կամ այն գործակցի կիրառման հարցը․ «Պետությունը՝ ի դեմս պատասխանողի, խտրական, տարբերակված եւ ոչ օբյեկտիվ վերաբերմունք ունի հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ․ տարբեր ոլորտներում առկա են որոշակի գնահատում իրականացնելու տարբեր կարգավորումներ,  բայց չկա որեւէ տեսակի հարաբերություն, երբ անձը, օրինակ՝ նորակոչիկը, զինծառայության մեկնելուց առաջ փորձաքննություն անցնի եւ հետո չկարողանա տեղեկանալ, թե իրեն զինվորական հաշվառման կանգնեցնելու կամ չկանգնեցնելու որոշման հիմքում ինչ գործակից, ինչ պատճառաբանական մաս է դրված, եւ կան իրավական ակտեր, որոնք դա կարգավորում են»,- նշեց փաստաբանը։ Ասատրյանը մեջբերեց իրավունքի սահմանափակման՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունելի պայմանները․ այդ սահմանափակումը նախատեսվա՞ծ է օրենքով, այն ծառայո՞ւմ է օրինական նպատակի, այն անհրաժե՞շտ է ժողովրդավարական համակարգում, եւ արդյո՞ք սահմանափակումը համաչափ է։ Տվյալ դեպքում այս պայմանները, ըստ նրա, առկա չեն։ Ձախից՝ փաստաբան Դավիթ Ասատրյանը, ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը Նախարարությունն ամբողջությամբ առարկեց հայցադիմումին՝ պնդելով, որ կատարված աշխատանքների շնորհիվ ոչ թե խտրականություն, այլ հզոր համակարգ  է ստեղծվել։ Նախարարության՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը պարզաբանեց․  «Ինչ-որ փուլում ունեինք հայեցակարգ, որտեղ հանրայնացնում էինք այդ բանաձեւը, բայց երբ պիլոտների ժամանակ տեսանք, թե ինչպես են գնահատող մասնագետները փոխում որակիչը, որպեսզի ստանան այն աստիճանը, որն ուզում են, հասկացանք, որ մեծ ռիսկ ունենք»,- նշեց նա՝ հարց բարձրացնելով՝ ո՞րն է ավելի ձեռնտու թե՛ պետության, թե՛ անձի տեսանկյունից՝ հանրայնացնել բանաձեւը, կորցնել օբյեկտիվությո՞ւնը, թե՞ թաքցնել, բայց ունենալ անաչառ համակարգ։ Անդրադառնալով միջավայրային գործոնները այդ բանաձեւում չներառելուն եւ հաշմանդամությունը որոշելու գործընթացում փաստացի հաշվի չառնելուն՝ Հակոբյանը նշեց՝ միջավայրային գործոնները օբյեկտիվ գնահատելը ամենից բարդն է, սուբյեկտիվ գնահատման ռիսկը, ինչով պայմանավորված վերջնարդյունքը կարող է արհեստականորեն փոխվել, մեծ է, եւ առնվազն իրենց ուսումնասիրած երկրների մեջ չկա այնպիսին, որը կարողանա օբյեկտիվ գնահատել միջավայրային գործոնները․ «Միջավայրային գործոնները չենք ներառել, բայց ունենք հզոր գործիքակազմ, որով չափում ենք, թե անձը ինչ խնդիր ունի միջավայրում․ առաջինը ինքնագնահատականի թերթիկն է, որտեղ նշում է իր խնդիրները, երկրորդը՝ ունենք մեթոդաբանություն, որը չկար նախկինում, եւ միջազգային հարցաշար, որը մասնագետը լրացնում է, օրինակ, տնայց կատարելու միջոցով, եւ այս տեղեկությունները օգտագործվում են ԾԱԾ կազմելու համար»,- մանրամասնեց բաժնի պետը։ Ձախից՝ նախարարության ներկայացուցիչներ Անի Ասատրյանը, Աննա Հակոբյանը Հակոբյանի խոսքով՝ կան երկրներ, որտեղ, կախված ազգային առանձնահատկություններից, անձանց բանավոր խոսքը միայն հիմք է՝ հաշմանդամություն ձեւակերպելու համար․ «Մենք մեր երկրում դեռեւս չենք կարող նման քաղաքականություն մշակել եւ հիմնվել միայն անձի խոսքի կամ գնահատողի մոտեցումների վրա։ Դրա համար թվային այս համակարգն ենք մշակել, այս գործիքակազմն ենք մշակել, որի վրա 10 եւ ավելի տարի ենք աշխատել, այս մեթոդական ուղեցույցն ենք մշակել, որպեսզի կարողանանք հստակ տեսնել՝ մասնագետը, օրինակ, հենաշարժողական խնդիրը որ գնահատում է 4, արդյոք ճի՞շտ է, դա բխո՞ւմ է ուղեցույցից թե՞ ոչ, իսկ թե ինչպես է հաշվարկվում, շատ մեխանիկական կողմ է եւ չի կարող ազդել հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառման գաղափարի վրա»,- ասաց Աննա Հակոբյանը։ Նախարարությունը «շտկել է» դատարանում բարձրաձայնված խնդիրը Աննա Հակոբյանը իր ելույթում նշեց՝ երբ նախնական դատալսումների փուլում հայցվոր կողմը ներկայացրել է իր փաստարկները վարչական ակտերի հիմնավորում չունենալու վերաբերյալ, ինքը հարցը քննարկել է նախարարությունում, եւ արդեն մի քանի օր է, ինչ կայացվող ակտերը ունեն պատճառաբանական մաս։ Նախեւառաջ, ուշագրավ է, որ նախարարությունը այդ լրացումն արել է հիմա՝ դատական գործընթացի փուլում միայն, մինչդեռ դրա անհրաժեշտության մասին պետք է ի սկզբանե տեղյակ լիներ, քանի որ դա օրենքի պահանջ է։ Մասնավորապես, «Վարչական վարույթի եւ վարչարարության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր՝ փաստական եւ իրավական էական հիմքերը: Բացառություն կարող է լինել, օրինակ, այն դեպքում, երբ վարչական ակտերը հրատարակում են տեխնիկական միջոցների օգտագործմամբ, եւ յուրաքանչյուր առանձին դեպքում հիմնավորելու անհրաժեշտություն չկա: Տվյալ դեպքում, սակայն, հասկանալի է, որ գործ ունենք առանձին անձանց առանձին խնդիրների հետ, հետեւաբար յուրաքանչյուր որոշում հիմնավորելու անհրաժեշտություն կա։  Ինչպես երեւում է ստորեւ տեղադրված լուսանկարում, ակտի պատճառաբանական մասում ներառված են միայն իրավական հիմքերը, իսկ փաստական հիմքերի մասին որեւէ նշում չկա։ Մեր հարցին՝ արդյո՞ք այս հիմնավորումը համապատասխանում է «Վարչական վարույթի եւ վարչարարության մասին» օրենքի հիշյալ պահանջին, նախարարությունից ըստ էության չեն պատասխանել՝ գրելով միայն հետեւյալը․ «Անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման հիմնավորման մեջ հղում է տրված այն իրավական ակտերին, որոնց հիման վրա կայացվել է համապատասխան որոշումը»։ Անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման օրինակ Եվ չնայած որ գործնականում հիմնավորման բաժինը ավելացվել է, նախարարի՝ 2022 թ․ օգոստոսի 19-ի 108 Ա/1 հրամանում, որի հիման վրա հենց կայացվում են այս որոշումները, այդ փոփոխությունը մինչ օրս արված չէ (կամ առնվազն այն չի հրապարակվել)։ Մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ իրավական ակտը ընդունող մարմինը պարտավոր է հրապարակել նաեւ ակտում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը (այսինքն՝ իրավական ակտը՝ ներառյալ սկզբնական տեքստը, երբեւէ կատարված բոլոր փոփոխություններն ու լրացումները): Ի դեպ, նախարարի՝ մեթոդական ուղեցույցները սահմանող հրամանները անհասկանալիորեն նշագրվել են «Ա» տառով, այսինքն՝ որպես անհատական իրավական ակտ, սակայն բովանդակությունից ակնհայտ է, որ դրանք անհատական իրավական ակտի հետ որեւէ աղերս չունեն։ Անհատական իրավական ակտը, ըստ օրենքի, նորմատիվ իրավական ակտի հիման վրա եւ դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետեւանքներ եւ վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց։ Մինչդեռ այդ հրամանները չեն վերաբերում կոնկրետ անհատների, դրանք սահմանում են կանոններ անորոշ թվով անորոշ անձանց կամ անձանց խմբի համար։ Այդպիսի ակտերը, ըստ օրենքի, նշագրվում են «Ն» կամ «Լ» տառով, այսինքն՝ որպես նորմատիվ կամ լոկալ իրավական ակտեր։ «Ինֆոքոմ»-ի հարցերի շրջանակին ծանոթանալուց հետո Նախարարությունը չեղարկեց հարցազրույցի պայմանավորվածությունը Թեմայի շուրջ հարցազրույց իրականացնելու համար դեռեւս օգոստոսի 17-ին դիմել ենք նախարարության լրատվության բաժին։ Այնտեղից տեղեկացրել են, որ պատասխանատու անձինք կա՛մ արձակուրդում են, կա՛մ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեն, եւ սեպտեմբերի երկրորդ կեսին միայն գուցե հնարավոր լինի հարցազրույցը կազմակերպել։ Որոշել ենք սպասել եւ մեկ ամիս անց կրկին դիմել նույն հարցով։ Սեպտեմբերի 18-ին ստացել ենք հարցազրույցի համաձայնություն, իսկ 19-ին ձեռք ենք բերել նաեւ օրվա եւ ժամի պայմանավորվածություն։ Օրեր անց նախարարությունը խնդրել է ուղարկել նախատեսվող հարցերի շրջանակը, ինչը եւ արել ենք՝ ելնելով գործընկերային հարաբերություններից։ Արդյունքում, սակայն, հարցազրույցի նախորդ օրը նախարարությունը չեղարկել է պայմանավորվածությունը՝ պատճառաբանությամբ, որ ծանոթանալով հարցերի շրջանակին՝ այլեւս նպատակահարմար չի գտնում հարցազրույց տալ։ Փոխարենն առաջարկել է հարցերն ուղարկել գրավոր։ Չնայած լրատվամիջոցի հանդեպ այս անհարգալից եւ ոչ գործընկերային վերաբերմունքին՝ հարցերը, այնուհանդերձ, ուղարկել ենք՝ պայմանավորվելով դրան պատասխանել մանրամասն եւ հնարավորինս սեղմ ժամկետում։ Հարցման պատասխանը ստացել ենք 6 օր անց։ Հաշմանդամության գնահատման բանաձևում ներառված վճռորոշ ծածկագրերը ընտրվել են` հիմնվելով նախարարի հրամանի  գունանշված հատվածների վրա  Գրավոր հարցմամբ նախարարությանը խնդրել էինք պարզաբանել՝ ինչո՞ւ ամբողջությամբ հրապարակված չէ անձի ֆունկցիոնալությունը որոշող հաշվարկի բանաձեւը, անկախ բանաձեւն իմանալ-չիմանալուց հանձնաժողովի համար արդյո՞ք տրամաբանական չէ, որ որքան բարձր (ծանր) գնահատեն անձի ամփոփաթերթում նշված այս կամ այն ծածկագիրը, այնքան բարձր կսահմանվի նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը։ Այս հարցին, սակայն, նախարարությունը կոնկրետ չի պատասխանել։ Հղում կատարելով գնահատման կարգին եւ մեթոդական ուղեցույցներին՝ նշել են՝ իրավական ակտերի մեկնաբանությամբ գնահատման բանաձեւի մեջ ներառվում են միայն վճռորոշ ծածկագրերը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի չէ գնահատող մասնագետներին։ Հետաքրքրվել էինք՝ ամփոփաթերթում նշված եւ հանձնաժողովի կողմից գնահատված ծածկագրերից վճռորոշ ծածկագրերը եւ դրանց թիվը յուրաքանչյուր անձի եւ/կամ խնդրի դեպքում տարբե՞ր են, ի՞նչ իրավական ակտով են դրանք սահմանված, եւ արդյո՞ք ստանդարտացվել են ՀՀ-ում։ Նախարարությունից դարձյալ հղում են կատարել գնահատման կարգը սահմանող որոշմանը եւ մեթոդական ուղեցույցներին՝ չհստակեցնելով, թե ինչ իրավական ակտով են սահմանված եւ կոնկրետ ինչ սկզբունքով են ընտրվում վճռորոշ ծածկագրերը, նշել են միայն՝ դրանց ստանդարտացում «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքով չի պահանջվում։ Դատական նիստի ժամանակ հայցվոր կողմի հարցին ի պատասխան՝ նախարարության ներկայացուցիչն ասաց, որ վճռորոշ ծածկագերը հատուկ գունավորում ստացածներն են։  Ավելի ուշ մեր ճշտող հարցին, թե ինչ գունավորման մասին է խոսքը, Մուշեղ Հովսեփյանը պարզաբանեց՝ հայցադիմումի պատասխանում  նախարարությունը գրել է, որ նախարարի հիշյալ հրամանում վճռորոշ ծածկագրերը գունանշել (highlight) եւ այդ տարբերակով ուղարկել են միայն «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնին՝ համակարգը կառուցելու եւ ընդգծված ծածկագրերը բանաձեւի մեջ ներառելու համար։ Այս մասին, սակայն, մեզ տված պատասխանում որեւէ խոսք չկա։ Եվ հասկանալի էլ չէ, թե ով է ընդգծել եւ ինչ սկզբունքով է ընտրել, թե որ ծածկագրերը պետք է ընդգրկվեն բանաձեւում։ Ըստ Սոցհարցերի նախարարության՝ նոր համակարգը ապահովում է ամեն անձի կարիքին համարժեք գնահատում Ըստ նաարխարության՝ Ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունների լայն տարանջատման նպատակն է առավել թիրախային գնահատել անձի կարիքը՝ ըստ հաշմանդամության տեսակի եւ ըստ տարիքային խմբի։ Եվ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր խմբի համար կարեւոր է որոշակի ծածկագրերի գնահատումը, տարբեր են նաեւ վճռորոշ ծածկագրերը․ «Հետեւաբար, e-disability համակարգը, ինչպես նաեւ բանաձեւը հաշվի են առնում այս բոլոր առանձնահատկությունները»։ Խնդրել էինք պարզաբանել նաեւ, թե ինչու միջավայրային գործոնները բանաձեւի հաշվարկի մեջ չեն ներառվել, եւ արդյոք դա չի հակասում այս բարեփոխման ընդհանուր տրամաբանությանն ու գաղափարախոսությանը, ըստ որի՝ բժշկական մոդելից անցում էր կատարվում սոցիալականի՝ հենց միջավայրային գործոններից ելնելով մարդկանց սոցիալական կարիքները հաշվի առնելու համար։ Նշենք, որ թե՛ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով, թե՛ ներպետական նույնանուն օրենքով՝ հաշմանդամությունը սահմանվում է որպես իրավիճակ՝ պայմանավորված անձի առողջական խնդիրների եւ միջավայրային արգելքների փոխազդեցությամբ։ Ի պատասխան՝ նախարարությունից նշել են՝ միջավայրային գործոնները թեեւ ներառված չեն ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը հաշվարկելու բանաձեւում, բայց դրանք հիմք են հանդիսանում համապատասխան ծառայություններ երաշխավորելու եւ ծառայությունների անհատական ծրագրում դրանք ներառելու նպատակով: Ըստ Նախարարության՝ մեթոդական ուղեցույցով սահմանված են ոչ միայն միջավայրային գործոնների ծածկագրերը եւ դրանց գնահատման չափանիշները, այլեւ  միջավայրային գործոնների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման հարցաշարը․ «Նման մանրակրկիտ փաստաթուղթ ստեղծելն ինքնանպատակ չէ, այն փաստում է, որ գնահատման ժամանակ միջավայրային գործոնները մանրամասն դիտարկվում և հաշվի են առնվում ծառայությունների անհատական ծրագրի մշակման ժամանակ։ Նշենք նաեւ, որ միջավայրային գործոնի գնահատումը շատ սուբյեկտիվ է, աշխարհում դեռեւս չկան միջավայրային գործոնները գնահատելու հստակ չափորոշիչներ կամ մեթոդաբանություն։ Միջավայրային գործոնների գնահատականը բանաձեւում ներառելու դեպքում, տվյալ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը կբարձրանա, դրանից բխող առնվազն կենսաթոշակի կամ նպաստի չափը կբարձրանա, սակայն լոկալ, զուտ տվյալ անձի համար որոշակի ծառայություններ իրականացնելուց զատ, հնարավոր չի լինի բացառել համընդհանուր անմատչելի միջավայրային խոչըդոտները»։ Ըստ հարցման պատասխանի՝ եթե անձը կարիք ունի նոր ծառայության, ենթադրվում է, որ առկա է նրա առողջական վիճակի կամ կարիքների փոփոխություն։ Արեւ Մելքոնյանի դեպքում, փաստորեն, առկա է միայն կարիքի փոփոխություն․  «Հետևաբար, նոր ծառայություն, այդ թվում նոր տեսակի աջակցող միջոց ստանալու համար կարեւոր է, որ նա անցնի ֆունկցիոնալության գնահատում բազմամասնագիտական թիմի կողմից, որն էլ գնահատված կարիքի հիման վրա կերաշխավորի անհրաժեշտ ծառայությունը՝ ծառայությունների անհատական ծրագրով։ Այնուամենայնիվ, հարցը ներկայումս քննարկվում է նախարարությունում, առաջիկայում հնարավոր լավարկումներ կատարելու նպատակով»։ Նախարարությունից հավելել են նաեւ, որ աջակցող միջոցների արժեքները սահմանվել են շուկայական գների ուսումնասիրության արդյունքում․ «Ներկայումս իրականացվում են աշխատանքներ աջակցող միջոցների ազգային ցանկը ընդլայնելու եւ վերանայելու ուղղությամբ։ Մշակվել  են շուրջ 190 աջակցող միջոցների տեխնիկական նկարագրությունները, ինչպես նաեւ դրանց  տրամադրման ցուցումները՝ դրանք կապելով անձի ֆունկցիոնալության գնահատման համատեքստում գնահատվող մասնակցության եւ գործունեության «d» ծածկագրերում  անձի ունեցած դժվարությունների հետ: Այնուհետեւ կիրականացվի դրանց ծախսակազմումը: Արդյունքում նախատեսվում է աջակցող միջոցների ընդլայնված ցանկը ներառել պետական բյուջեի միջոցներով տրամադրվող աջակցող միջոցների ցանկում»,- ասված է պատասխանում։ Մեկուկես տարի գործող համակարգի աշխատանքը գնահատելուց նախարարությունն առայժմ ձեռնպահ է մնացել, նշել՝ համակարգի արդյունավետությանը գնահատական հնարավոր է տալ որոշակի ժամանակահատված գործարկելու եւ մշտադիտարկում իրականացնելու արդյունքում։ Իսկ հետագա գործարկման հարցը պարզ կլինի առաջիկայում։ Հոկտեմբերի 7-ին գործի քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ Այն կհրապարակվի հոկտեմբերի 28-ին։   Միլենա Խաչիկյան
21:09 - 12 հոկտեմբերի, 2024
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ դիտարկվել է նաև կառույցի աջակցության հնարավորությունը՝ ժողովրդագրական մարտահրավերների լուծմանն ուղղված աշխատանքներում։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ոլորտային տարբեր բարեփոխումների իրականացման գործում։ Այս համատեքստում նախարարը, մասնավորապես՝ ընդգծել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությամբ սահմանված նպատակների իրագործման կարևորությունը՝ մանրամասնելով ռազմավարական 4 նպատակների ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ «Ցանկություն ունենք Հայաստանը դիրքավորել որպես ժողովրդագրական գիտելիքի ստեղծման և տարածման երկիր։ Ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված ծրագրերի իրականացման գործում կարևորում ենք նաև հասարակության վարքագծային փոփոխությունների ուղղությամբ աշխատանքը, որովհետև հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում, ովքեր ունեցել են այլ կենսակերպ, պետք է շարունակական և արդյունավետ աշխատանքներ իրականացնենք դրանք վերափոխելու ուղղությամբ»,- ասել է նախարարը։ Ֆլորենս Բաուերը ևս կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով ԱՍՀ նախարարության հետ համատեղ իրականացված արդյունավետ աշխատանքների դերը։ Վերջինս նշել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կշարունակի աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ժողովրդագրական մարտահրավերների լուծմանն ուղղված նախաձեռնություններում։ Ֆլորենս Բաուերի խոսքով՝ տարածաշրջանի համար կարող է լավ օրինակ լինել Ժողովրդագրության ռազմավարությունը։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը վերահաստատել է կառույցի՝ կանանց, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացմանն ուղղված ջանքերին նպաստելու հանձնառությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը՝ գենդերային բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարում, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումների, կարողությունների զարգացման ու թվային նոր գործիքների ներդման միջոցով։
18:41 - 10 հոկտեմբերի, 2024