Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Հայաստանի և Չեռնոգորիայի փոխվարչապետները գոհունակությամբ ընդգծել են զբոսաշրջության ոլորտում առկա դինամիկան

Հայաստանի և Չեռնոգորիայի փոխվարչապետները գոհունակությամբ ընդգծել են զբոսաշրջության ոլորտում առկա դինամիկան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը՝ ընդգծելով առկա առևտրատնտեսական հարաբերությունների խորացման չիրացված ներուժը: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել զբոսաշրջության ոլորտում առկա դինամիկան և կարևորել մարդկանց շփումների ակտիվացումը Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանն ընդգծել է ԵՄ անդամակցությանն ուղղված Չեռնոգորիայի անցած ճանապարհը՝ կարևորելով այդ ուղղությամբ երկու երկրների փորձի փոխանակումը:
17:04 - 01 ապրիլի, 2025
ՀՀ փոխվարչապետն ու Իտալիայի դեսպանը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ փոխվարչապետն ու Իտալիայի դեսպանը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:   Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր առաքելության կատարման գործում:   Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական ոլորտում, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառում արձանագրված դինամիկան, ինչն ավելի է նպաստում երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը:   Զրուցակիցները քննարկել են նաև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների երկկողմ օրակարգի այլ հեռանկարային ուղղությունները:
18:42 - 26 մարտի, 2025
Մհեր Գրիգորյանն ու ԱԶԲ տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերը

Մհեր Գրիգորյանն ու ԱԶԲ տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են ԱԶԲ հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ գիտելիքի և փորձի կիրառումը Հայաստանում՝ իրականացվող բարեփոխումների առաջմղման տեսանկյունից: Երկուստեք կարևորվել է ԱԶԲ մասնակցությունը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում: Մհեր Գրիգորյանն առանձնակի ընդգծել է նաև բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում ԱԶԲ հետ նախատեսվող համագործակցությունը: Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանի կայուն զարգացման հեռանկարները:
18:50 - 18 մարտի, 2025
Երևանում նախատեսվում է օդի աղտոտվածության մակարդակը չափող սենսորների քանակի ավելացում |armenpress.am|

Երևանում նախատեսվում է օդի աղտոտվածության մակարդակը չափող սենսորների քանակի ավելացում |armenpress.am|

armenpress.am: Երևանում օդի աղտոտվածության մակարդակը չափող սենսորներով հագեցվածության խնդիր կա, նախատեսվում է համալրում:  «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով օդի աղտոտվածության խնդրի առնչությամբ իրականացվող աշխատանքներին:  Գրիգորյանը հայտնեց, որ զբաղվում են այդ հարցով, կա վարչապետի հանձնարարական: «Ամենպրոբլեմատիկ հարցն այն է, որ հանրապետությունում և մասնավորապես Երևանում սենսորների քանակը, որից տված ինֆորմացիայի միջինացման արդյունքում կարելի է օբյեկտիվ պատկեր ստանալ, քիչ է: Աժիոտաժի հիմնական պատճառը նրանից է, որ հենց շինարարական օբյեկտներում կամ այնպիսի վայրերում, որտեղ այդ խնդիրն իրոք սուր է, տեղադրված են սենսորներ, որոնց տված ինֆորմացիայի միջինացումը իրոք տալիս է շատ պրոբլեմատիկ պատկեր: Բայց, անկեղծ ասած, այդքան էլ այդպես չէ, ինչքան այսօր հրապարակային գնահատականներ ենք տեսնում: Ըստ գործող ստանդարտի՝ որպեսզի միջինացված պատկերի իրական գնահատական լինի, այդ սենսորից նաև պետք է դրված լինի այն վայրերում, որտեղ չկա շինարարություն կամ որևէ վնասակար գործունեություն»,–ասաց փոխվարչապետը: Գրիգորյանի խոսքով՝ այդ իմաստով երկու խնդիր են լուծելու: Նախ իրականացվելու է տեսչական մարմինների գործառույթի լավարկում: «Երկրորդը՝ տեխնիկական հագեցվածության խնդիր կա: Դա նույնպես պետք է լուծվի, և պետք է լուծվի ճիշտ քարտեզով, որպեսզի ի վերջո միջինացված պատկերը ճիշտ լինի, և գնահատականները ճիշտ տրվեն»,–ասաց Գրիգորյանը: Փոխվարչապետի խոսքով՝ կան լոկալ խնդիրներ, առանձին վայրերում օդի աղտոտվածություն, բայց մեծ պատկերն աժիոտաժի հետ բացարձակ կապ չունի:  «Եթե նայենք մեծ պատկերը, միջինացված, ծայրահեղ որևէ խնդիր չկա»,–նշեց նա: Գրիգորյանի խոսքով՝ տեխնիկական հագեցվածության պարագայում կկարողանան տալ օնլայն տեղեկատվություն, որ մարդիկ ամեն րոպե իմանան, թե ինչ է կատարվում:   
18:22 - 05 մարտի, 2025
Մհեր Գրիգորյանը չի հստակեցնում՝ որ թվականի քարտեզով է շարունակվելու սահմանազատումը
 |factor.am|

Մհեր Գրիգորյանը չի հստակեցնում՝ որ թվականի քարտեզով է շարունակվելու սահմանազատումը |factor.am|

factor.am: «Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց սահմանազատման հարցերով հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ կողմերի ընդհանուր կոնսենսուսի արդյունքում են որոշել սահմանազատումը սկսել այդ հատվածից։ Հարցին՝ արդյոք 1978 թվականի քարտեզով է սահմանզատումն իրականացվելու, Մհեր Գրիգորյանն ասաց․ «1978 թվի քարտեզ թե ով է ասել, ես չեմ տեսել»։ Հիշեցնենք, այսօր «Սպուտնիկ Արմենիան» իր տվյալներով գրել էր, որ Տավուշում սահմանազատումը կշարունակվի 1978 թվականի քարտեզով։ Սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահը նաև չհայտնեց, թե երբ է սկսվելու սահմանազատման գործընթացի երկրորդ փուլը։ Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է այս տարի սահմանազատում իրականացվի նաև Ջերմուկի հատվածում, փոխվարչապետը արձագանքեց։ «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև աշխատանքային հանդիպման արդյունքում մենք անպայման կհրապարկենք մեր անելիքները։ Պայմանավորվածություններ կան, որ ինտենսիվ պետք է լինեն հանդիպումները»,- նշեց նա։
18:31 - 27 փետրվարի, 2025
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկումը մշտադիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկումը մշտադիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից՝ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ու ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում ստանձնած հանձնառությունները և աշխատանքները համակարգող աշխատանքային խմբերի համատեղ նիստը։ Նիստին մասնակցում էին նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՄ-ի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի տրամադրման, ինչպես նաև այս գործընթացին վերաբերելի իրավական և ինստիտուցիոնալ մի շարք հարցեր։ Քննարկման առանցքում էր նաև ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքը, մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործումը: Միջգերատեսչական նիստում ներկայացվեց ՀԸԳՀ կիրարկման ընթացքը՝ առանձնահատուկ շեշտադրումով դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված Կառավարության ձեռնարկած քայլերի և մոտարկման ու մշտադիտարկման կարողությունների լավարկման ուղղությամբ ներդրվող նոր մեխանիզմների վրա։ Այնուհետև ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցեցին ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը։ Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը կարևորել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման և մշտադիտարկման նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ տարվող համակարգված աշխատանքները։ Մհեր Գրիգորյանը, ընդգծելով ՀԸԳՀ լիարժեք կիրարկման կարևորությունը՝ որպես Կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգի առանցքային մաս, համապատասխան հանձնարարականներ է տվել։
18:10 - 26 փետրվարի, 2025
Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում

Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում

2025թ. փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Հանդիպման ընթացքում Կողմերը քննարկել են սահմանազատման համալիր  աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:09 - 14 փետրվարի, 2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսական ծրագրերի ԵԿԱ տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը: Հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է Համաշխարհային բանկի 2025-2029թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի հաստատումը ՀԲ խորհրդի կողմից: Ընդգծվել է փաստաթղթի նշանակությունը ՀԲ հետ համագործակցության զարգացման տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել ՀԲ հետ համագործակցությամբ հնարավոր նոր ծրագրերի ուղղություններին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հանրային կառավարման բարեփոխումների ընթացքի շուրջ՝ անդրադառնալով մասնավորապես ռազմավարական կառավարման նոր մեթոդաբանության մշակմանը և թվյանացման օրակարգի իրականացմանը:
22:21 - 13 փետրվարի, 2025