էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ․ Էդմոն Մարուքյան

Որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ․ Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առթիվ: «Այս օրերին Հայաստանն իր նորանկախ պատմության ամենաբարդ, մարտահրավերներով լի ժամանակաշրջանն է ապրում: Սա միջազգային հարաբերություններում կամ հանրային գիտակցության մեջ երբեմն հանգեցնում է մի իրավիճակի, որտեղ, միգուցե, շատ արժեքներ կարող են սասանվել, ճկվել և կասկածի տակ դրվել, բայց անկախ պետություն ունենալու արժեքը չի կարող զիջվել կամ այլ կերպ սակարկվել։ Եվ որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ։ Դեպի այդ հորիզոնը տանող ճանապարհն ինքն է դառնում մեր ուսուցիչը, որպեսզի մեզանում կերտենք առաքինի քաղաքացի և առաջադեմ հասարակություն։ Անկախ պետություն ունենալու և հետևաբար՝ այն փայփայելու, պաշտպանելու և հզորացնելու մեր անկասելի ձգտումն այսօր էլ անսասան է: Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ, մաղթում բոլորիս նոր կորով և ուժ մեր պետականությունը պաշտպանելու և հզորացնելու առաքելության մեջ»,-ասված է ուղերձում:
13:50 - 21 սեպտեմբերի, 2022
Մենք սպասում ենք նոր ագրեսիայի․ Էդմոն Մարուքյան

Մենք սպասում ենք նոր ագրեսիայի․ Էդմոն Մարուքյան

Չի ավարտվել այս ամենը․ մենք սպասում ենք նոր ագրեսիայի։ Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։  «Բնականաբար, դիվանագիտական աշխատանքը տարվում է ՄԱԿ, ԵՄ, ԱՄՆ հետ, ՌԴ, Ֆրանսիայի հետ, մյուս կողմից՝ հողի վրա կանգնած՝ զինվորականությունը, զինվորը հայրենիքի պաշտպանության համար է պայքարում»,- նշեց Մարուքյանը։  Էդմոն Մարուքյանի խոսքով՝ մինչև Ադրբեջանի հարձակումն էլ են միջազգային հանրությանը տեղեկացրել հնարավոր հարձակման մասին․ «միջազգային ամբողջ հանրությանը տեղեկացրել ենք, որ հեսա մեր վրա հարձակվելու է, մենք չենք կրակում, և իրենք հիմա հարձակվելու են։ Եվ դա տեղի է ունեցել։ Այսինքն՝ գոնե էս անգամ շատ լավ կարողացել ենք գոնե էդ մասով գործ անել, պատրաստել միջազգային հանրությանը»։ Մարուքյանը նշում է՝ երկրներն ունեն երկկողմանի շահեր, օրինակ՝ ՄԱԿ ԱԽ անդամ որոշ երկրներ։ «Ոչ բոլորն են, չէ՞, միանշանակ ասում, որ սա ագրեսիա է, ոչ բոլորն են ասում, որ Հայաստանի տարածք են ներխուժել․ մի մասը գտնում է, որ սահմանը դելիմիտացված չէ, մյուս մասը գտնում է, որ սա ինչ-որ սահմանային կրակոցներ են։ Բայց մեր մոտեցումը հետևյալն է, որ սա ներխուժում է ՀՀ տարածք և օկուպացիա»,- նշեց Մարուքյանը։  Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը նշեց․ «Մենք մի հատ պրոբլեմ ունենք․ մենք 44-օրյա պատերազմը ուզում ենք համեմատել էս պատերազմի հետ։ ․․․․ Էնտեղ այլ նարատիվներ են գործել, այլ հարցեր են եղել, էնտեղ եղել են երկարատև բանակցություններ զիջումների վերաբերյալ, տարածքներ զիջելու վերաբերյալ, և դրա մասին էր խոսքը, որ միգուցե կարող էինք խաղաղ բանակցություններով շրջանները զիջել և խաղաղություն ստանալ։ ․․․․ Էս հարցը, ինչ որ հիմա տեղի է ունենում, որևէ պարալել չի կարելի բերել, որովհետև հիմա խոսքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է։ Եվ հիմա վարչապետին քննադատում են, որ թե ինչի է պառլամենտում ասել 29 800 քառ․ կմ»։  Լրագրողի այն դիտարկմանը, թե Արցախը դուրս հանելով է ասել, Մարուքյանը պատասխանեց․ «Իսկ Արցախը Հայաստանի մա՞ս է, որ վարչապետը դուրս է հանել։ Ուզում են ՀՀ սուվերեն տարածքի նարատիվը փչացնե՞ն ու էդ 29 800 քառ կմ էլ չունենա՞ն։ ․․․․ Կարմիր գիծը Արցախի մասով քաշել է Հայաստանը՝ անվտանգության երաշխիքներ ժողովրդի համար։ Էս կարմիր գծերը վարչապետը քաշում էր Հայաստանի վերաբերյալ»։ Անդրադառնալով ՀԱՊԿ  Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի այն հայտարարությանը, թե Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա, Մարուքյանը նշեց․ «Ադրբեջանը չի զարմանում էդ հայտարարություններից․ իրենք անգիր գիտեն, որ ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ դաշնակիցներ ունեն, քան ՀՀ-ը»։ Ի պատասխան լրագրողի հարցի, որ ՌԴ-ը և Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ նիստում ռազմական ագրեսիայի համատեքստում խոսել են դեմարկացիայից, Էդմոն Մարուքյանը ասաց․ «Բոլոր էն երկրները, որոնք ասում են, որ դեմարկացիայի խնդիր է, փորձում են լեգիտիմացնել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ»։
09:43 - 17 սեպտեմբերի, 2022
Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել

Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ՝ Հանրայինին տված հարցազրույցում, հայտնել է, որ սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել։ Ընդդիմությանը քննադատելու համատեքստում Մարուքյանը նշել է․ «Մայիսի 21-ին 2021 թ․ [ադրբեջանցիները] մտան Սոթք-Խոզնավար՝ դեպի Սև լիճ, և Հայաստանի տարածքից մոտ 45 կմ օկուպացրին։ Էսօր գիշեր էլ են օկուպացրել, թվերը կնայենք, կասենք՝ ինչքան է ավելացել»։ Մարուքյանը նաև անդրադարձել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին դիմելու հարցերին։  «ՀԱՊԿ հիմնադիր, լիդեր երկիրը Ռուսաստանն է։ Մենք երկկողմ ունենք պայմանագիր փոխօգնության, և այդ երկկողմ մակարդակում դիմումը ներկայացված է։ Բայց քանի որ նաև բազմակողմն էլ կա, այդտեղ էլ է ներկայացրած։ Բայց ՀԱՊԿ-ում դոմինանտը Ռուսաստանն է։ ՀԱՊԿ դոմինանտ երկիրն էսօր գտնվում է մեծ պատերազմի մեջ և ունի ծանր կորուստներ և անհաջողություններ։ Հիմա էդքանը հասկանալով՝ ակնկալիքներն էլ պետք է ըստ դրա լինեն։ Բայց ՀԱՊԿ-ին դիմելը, Ռուսաստանին դիմելը, ՄԱԿ-ին դիմելը քաղաքական քայլեր են․ ես չեմ ակնկալում, որ հիմա ուրիշ զորքեր են գալու, մեզ պաշտպանեն, բայց քաղաքական ճնշումը կլինի Ադրբեջանի նկատմամբ, էդ հույսը մենք ունենք, էդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանք է տարվում։ Ոչ ոք իլյուզիաներ չունի, որ կապույտ սաղավարտները գալու են, մտնեն Հայաստան։ Առաջին կարևոր հանգամանքը ՄԱԿ ԱԽ դիմելու այն է, որ Ադրբեջանի ագրեսիան և Հայաստանի տարածքի օկուպացիան արձանագրվեն ՄԱԿ համապատասխան ընթացակարգերով»,- նշել է նա։  Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ի, լույս 13 գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ իրադրությունը շարունակում է լարված մնալ, այսօր՝ ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով։  Հայաստանը դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ին։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված առաջարկների մշակման և իրավիճակի վերլուծություն համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարների համար մանրամասն զեկույց կազմելու համար։ Իսկ Ֆրանսիան հայտնել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում կբարձրացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների թեման։ 
11:04 - 14 սեպտեմբերի, 2022
Միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր սադրանքը. Մարուքյան
 |1lurer.am|

Միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր սադրանքը. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով, իսկ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչից հետո կրակը լռեցվել է: Բնականաբար, հայկական կողմի համապատասխան պաշտպանական գերատեսչությունները հերքում են այդ լուրերը՝ նշելով, որ հայկական կողմի որևէ զինվորական օղակ կրակ չի բացել Ադրբեջանի ուղղությամբ: Շատերն են հարցնում, թե ինչու է Ադրբեջանն այս ապատեղեկատվությունը կազմակերպված և հետևողականորեն իրականացնում. մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը: Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել։ Այս իրավիճակում միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը»:
13:29 - 12 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է, Ադրբեջանը վաղ, թե ուշ պատասխանատվության առջև է կանգնելու․ Էդմոն Մարուքյան

Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է, Ադրբեջանը վաղ, թե ուշ պատասխանատվության առջև է կանգնելու․ Էդմոն Մարուքյան

Այն, ինչ վերջին շրջանում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է, միջազգային իրավունքում կոչվում է էթնիկ զտումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավուր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․ «Այն ինչ վերջին շրջանում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է, միջազգային իրավունքում կոչվում է էթնիկ զտումներ:  Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է: Այն վաղ, թե ուշ պատասխանատվության առջև է կանգնեցնելու Ադրբեջանի ղեկավարությանը:  Միջազգային կառույցների մեր գործընկերները պետք է հստակ տարբերակեն իրավիճակի զոհին և էթնիկ զտում իրականացնողին: Միայն այդ պարագայում է, որ մշուշոտ, երկու կողմերին ուղղված անատամ հայտարարությունները կփոխվեն հստակ թիրախայինով, պատասխանատվության հարցի բարձրացմամբ և էթնիկ զտումների քաղաքականության դադարեցմամբ:  Այլ տարբերակ չկա»:
09:58 - 04 օգոստոսի, 2022
Պետք է գիտակցել՝ Թուրքիայի հետ շարունակաբար փակ սահմաններ և զրոյական դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ որևէ տեղ չի տանելու․ Մարուքյան

Պետք է գիտակցել՝ Թուրքիայի հետ շարունակաբար փակ սահմաններ և զրոյական դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ որևէ տեղ չի տանելու․ Մարուքյան

Վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ուղիղ շփում տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ։ Եվ սա չափազանց կարևոր քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը։   «Պետք է գիտակցել, որ Թուրքիայի հետ շարունակաբար փակ սահմաններ և զրոյական դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ որևէ տեղ չի տանելու՝ հատկապես հաշվի առնելով նաև վերջին պատերազմի իրողությունները։   Կարևոր է, որ երկխոսությունը շարունակվի և իր հաջող հանգրվանն ունենա՝ սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման տեսքով։   Հայաստանը շարունակում է պրոակտիվ դիվանագիտությունը»,- նշված է գրառման մեջ։   
10:38 - 12 հուլիսի, 2022
Սա պայքար է հայ մնալու համար. Ավետիք Չալաբյան

Սա պայքար է հայ մնալու համար. Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը երեկ Արմավիր ՔԿՀ-ում հանդիպել է Ավետիք Չալաբյանին, ով իր ընկերներին ու համախոհներին հայտարարություն է փոխանցել.  Սա պայքար է հայ մնալու համար «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր հետևողական աջակցության համար։ Մեր պայքարն արդար է։ Ոչ մի զրկանք չի կարող կոտրել մեր ոգին և շեղել մեզ մեր պետականությունը պահպանելու և մեր երկիրն ուժեղ դարձնելու ուղուց ի հեճուկս այս իշխանությունների, որոնց քաղաքական ուղեգիծը հետևողականորեն տանում է մեր պետականության վերացմանը։ Ուստի մեր բոլորի համախմբումը և բոլոր օրինական միջոցներով միասնական պայքարն անհրաժեշտություն է։  Ինձ կալանավորելու որոշումն ընդամենը քննիչի միջնորդության ուղիղ վերարտադրությունն է, ինչն ակնհայտ քաղաքական պատվերի դրսևորում է։ Գործող իշխանությունների կողմից իմ և շարժման բազմաթիվ այլ համախոհների նկատմամբ հետապնդումներն ապացույցն են այն բանի, որ իշխանությունը հոգևարքի մեջ է։  Էդմոն Մարուքյանի կողմից հրապարակված 6 սկզբունքները ևս մեկ անգամ հաստատում են, որ գործող իշխանությունը գնում է հայ ժողովրդի ազգային շահերի դավաճանության ճանապարհով՝ հանուն սեփական նյութական շահի: Մեր հանրությանն անընդհատ խաբում են՝ հավատացնելով, որ մենք թույլ ենք, տկար ենք, չենք կարող դիմակայել մեր առաջ ծառացած անվտանգային մարտահրավերներին և պետք է գնանք զիջումների․․․ Մենք կտրականապես մերժում ենք այս ուղեգիծը․ հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ միասնության շնորհիվ ամենադժվար իրավիճակներն անգամ հաղթահարելի են։  Սիրելի՛ ընկերներ, պետք չէ վախենալ հանուն մեր և մեր սերունդների արժանապատիվ ապագայի զրկանքներ կրելուց։ Սա պայքար չէ իշխանության կամ աթոռի համար, սա պայքար է հայ մնալու համար։ Ուստի կոչ եմ անում դուրս գալ փողոց և արտահայտել ձեր կամքն ու ընդվզումը։ Ձեր՝ Ավետիք Չալաբյան Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ,  հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը»:
14:11 - 21 մայիսի, 2022
Էդմոն Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված վեց կետերը
 |tert.am|

Էդմոն Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված վեց կետերը |tert.am|

tert.am: Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ լիազորված է և կհարապարակի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վեց կետերը․ Նա ասաց, որ բայց ինքը տեսնում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը ոչ դիվանագիտական տեքստ էր արտաբերել, թե  հայկական կողմի կետերը առաջարկ էլ չի կարելի համարել. «Ուրեմն ես ասեմ` ինչ ձևով ներկայացվել են իրենց հինգ կետերը, նույն կերպ մեր պատասխանն է ուղարկվել»։ Էդմոն Մարուքյանն ասաց, որ լիազորված է հրապարակել վեց կետերը և հայտնեց. «Առաջին կետում նշված է մարտի 11-ին  ստացվել է Ադրբեջանի առաջարկը և պատասխանում ենք. 2-րդ կետ. ՀՀ-ն երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի հանրապետության նկատմամբ։ Այստեղ ասվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և  սահմանները 1991 թվականի դեկտեմբերի ութին Ադրբեջանի հետ համատեղ ստորագրված փաստաթղթի մասին։ Երրորդ կետով ասվում է, որ հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։ Չորրորդ կետը.  հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի,հունվարի 11֊ի և նոյեմբերի 26֊ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։ Սա չորրորդը, իսկ դա ո՞րն է, ռազմագերիների վերադարձը, որը մինչ օրս չի արվել, կոմունիկացիաների բացումը։ Հինգերորդ կետը. հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ  խաղաղության , հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և ՀՀ-ի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ կանոնադրության և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այստեղ է ամրագրված ազգերի ինքնորոշման և այլ կարևոր իրավունքներ։ Վեցերորդ կետ. համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»։ Մարուքյանն ասաց,որ սա այն է, ինչ հայկական կողմը ներկայացրել է ի պատասխան Ադրբեջանի առաջարկների:
23:22 - 13 մայիսի, 2022
Բրյուսելում ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցած 6 կետանոց փաստաթղթում ներառել է նաև Արցախի կարգավիճակի, անվտանգության հարցերը. Մարուքյան |armenpress.am|

Բրյուսելում ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցած 6 կետանոց փաստաթղթում ներառել է նաև Արցախի կարգավիճակի, անվտանգության հարցերը. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am:  Չկա որեւէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբեւէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հայտարարությունների:  –Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆովը հայտարարել է, թե ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններ սկսել Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի հիման վրա: Ըստ էության նմանատիպ հայտարարություն է արել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը: –Մենք այդ թեմային բազմիցս ենք անդրադարձել: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը դեռեւս 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»: Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաեւ առձեռն ադրբեջանական կողմին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Հայկական կողմն առաջարկել է երկու օրակարգերի հիման վրա սկսել բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը համաձայնվել է այս մոտեցմանը, որից հետո խաղաղության պայմանագրի բանակցություններ ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: –Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը նաեւ հայտարարություն է արել, իր խոսքով ասած, Ղազախի շրջանի 7 գյուղերի եւ Տիգրանաշենի (Քյարքի)`  Ադրբեջանին վերադարձնելու մասին՝ նշելով, որ այդ հարցերը կլուծվեն դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացում:   –Մենք բազմիցս ասել ենք, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացները պետք է տեղի ունենան դե յուրե նշանակություն ունեցող փաստերի եւ փաստաթղթերի հիման վրա: Այս պահին մեր ձեռքի տակ չկա որեւէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբեւէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Ընդհակառակը, կան իրավական հիմնավորումներ Արծվաշեն գյուղի՝ Հայաստանին պատկանելության մասին: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին պատկանող մի շարք տարածքների՝ ներառյալ Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ նախորդ տարվա մայիսին ադրբեջանական զորքերի ապօրինի ներխուժման հայտնի դեպքը տեղի ունեցավ: Այս հարցերը, իհարկե, պետք է քննարկվեն եւ լուծում ստանան դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացում:
14:00 - 10 մայիսի, 2022
Պետք է ԱԺ-ն ունենա վերահսկողական մեխանիզմներ. գործող Սահմանադրությունը չի տալիս այդ հնարավորությունները. Մարուքյան |news.am|

Պետք է ԱԺ-ն ունենա վերահսկողական մեխանիզմներ. գործող Սահմանադրությունը չի տալիս այդ հնարավորությունները. Մարուքյան |news.am|

news.am: Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է եվրոպական մոդելի պետություն ունենալը՝ իր խորհրդարանական կառավարման համակարգով: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Այս մոտեցումը, բնականաբար, որոշակի հարվածներ է ստացել եւ քիչ էր մնում սասանվեր պատերազմից հետո ճգնաժամի ընթացքում: Որովհետեւ այդ ժամանակ քննարկումներ ենք ունեցել, որ միգուցե կիսանախագահական կամ նախագահական համակարգն ավելի ճիշտ էր: Բայց խորհրդարանական ընտրությունների գնալով եւ դրանով ճգնաժամը հաղթահարելով հասկացանք, որ այս մոդելն ավելի լավն է,  այն իմաստով, որ հաղթողին ամեն ինչ, պարտվողին ոչինչ սկզբունքը չէր եւ բնականաբար, ընտրություններով իշխանության չեկածները ստանում են լծակներ ու մեխանիզմներ: Բայց մյուս կողմից ԼՀԿ-ն շարունակում է պնդել, որ երբ խոսում ենք խորհրդարանական համակարգի մասին, ի՞նչ նկատի ունենք: Դա այն է, որ այսօր այս կեղծ Սահմանադրությամբ  սահմանված կառավարո՞ւմն է, երբ խորհրդարանը ընտրում է վարչապետ ու ձեռքերը լվանում գործադիր իշխանությունից, թե՞ խորհրդարանն ընտրում է վարչապետ, հաստատում է նախարարներին, դեսպաններին, ունի հստակ վերահսկողական մեխանիզմներ, դեր է խաղում ամբողջ կառավարման համակարգում: Մեր մոտեցումն այն է, որ խորհրդարանական համակարգը պետք է լինի իրապես բովանդակային խորհրդարանական համակարգ: Բնականաբար, այն Սահմանադրությունը, որ գործում է, չի տալիս այդ հնարավորությունները»,-ասաց Մարուքյանը: Նա հիշեցրեց իր բանավեճը երկրի նախագահի հետ՝ նշելով.  «Անվտանգային հարցերով քննիչ հանձնաժողովը չպետք է ստեղծվի միայն ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի բազայի վրա: Մինչեւ վերջ իրենք մնացին իրենց դիրքորոշմանը: Ես հիշում եմ իմ բանավեճը, որ քննիչ հանձնաժողովը պետք է իրավունք ունենա  որոշում կայացնել մարդկանց կանչել հանձնաժողով եւ նրանք  պարտավոր են ներկայանալ: Ես մենակ մնացի այդ բանավեճում: Ես շարունակում եմ պնդել, որ մենք ՀՀ-ում այդպես էլ չենք անցել ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգի, պետք է խորհրդարանը  ռեալ իր խոսքը, իր մեխանիզմներն ունենա պետական կառավարման գործում»:
13:33 - 06 մայիսի, 2022
Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների հետ. Մարուքյան

 |armenpress.am|

Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների հետ. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը Թուրքիայի հետ  հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների  հետ: Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ակնկալում է, որ  թուրքական կողմն էլ նույն կերպ կվարվի: «Գնում է մի գործընթաց, որով փորձ ենք անում հարաբերությունները կարգավորել, սահմանները բացել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Կստացվի դա, թե ոչ  կախված է Թուրքիայի անկեղծությունից»,-ասաց նա: Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ Հայոց ցեղասպանությունը դեռ ճանաչելու ու դատապարտելու են: «Ինձ համար այս օրը ուժեղ պետություն կառուցելու  օր է: Ցեղասպանության կանխարգելման միակ միջոցը ուժեղ և արդյունավետ պետություն ունենալն է»,-ընդգծեց դեսպանը: Մարուքյանի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր է, որպեսզի երկու երկրների հասարակությունները խոսեն իրար հետ:
13:31 - 24 ապրիլի, 2022
Էդմոն Մարուքյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների տարածաշրջանային անվտանգության հարցեր

Էդմոն Մարուքյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը և Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը քննարկել են Հայաստանում ներկայիս իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Շվեդիա հարաբերություններին և Հայաստանում Շվեդիայի զարգացման համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը։ «Այս շաբաթ դեսպանությունում սիրով հյուրընկալեցինք հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստանձնած Էդմոն Մարուքյանին։ Դեսպաններ Սվենսոնն ու Մարուքյանը քննարկեցին Հայաստանում ներկայիս իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան -Շվեդիա հարաբերություններին և Հայաստանում Շվեդիայի զարգացման համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
19:17 - 30 մարտի, 2022
Բազմաթիվ հարցերում ընդդիմադիր ենք իշխանությանը, սակայն հարցեր կան, որտեղ հակադրվելու իմաստ չենք տեսնում. Մարուքյան

Բազմաթիվ հարցերում ընդդիմադիր ենք իշխանությանը, սակայն հարցեր կան, որտեղ հակադրվելու իմաստ չենք տեսնում. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջերս մեզ պարբերաբար հարցնում են, թե մենք հիմա ընդդիմությո՞ւն ենք, թե՞ ընդդիմություն չենք: Այս առումով մի քանի միտք եմ ուզում հայտնել։   Նախ, հունիսի 20-ի ընտրությանը քաղաքացիներին առաջարկվել են հստակ այլընտրանքներ, սակայն ժողովուրդը, շատ լավ ծանոթ լինելով բոլոր ուժերին և նրանց օրակարգերին, ընտրել է խորհրդարանը, որն ունենք այսօր։ Այդպիսով, իշխանությանը հակակշռելու ինստիտուցիոնալ լիազորությունները, այդ ընտրության արդյունքներով և ժողովրդի կամքով, այսօր կրում են այլ ուժեր:   Մինչ 2021թ. օգոստոսը «Լուսավոր Հայաստան»-ը եղել է խորհրդարանական ընդդիմություն, ինչը մեզ համար նշանակում էր լինել կոնվենցիոնալ ընդդիմություն. եղած սահմանադրական և իրավաքաղաքական լծակներով հակակշռել և փոխզսպել խորհրդարանական մեծամասնությանն ու կառավարությանը, մասնակցել պետականաշինության գործին:   Բազմաթիվ հարցերում, այո, այժմ էլ ունենք տարբերվող մոտեցումներ և ընդդիմադիր ենք իշխանությանը, սակայն հարցեր կան, որտեղ հակադրվելու նպատակ կամ իմաստ անգամ չենք տեսնում։ Եվ ընդհանրապես՝ «ընդդիմադիր» կամ «իշխանական» որակումները մեզ համար երբեք նշանակություն չեն ունեցել։ Մեր քաղաքական գործունեությունը հիմնված է գաղափարների, այլ ոչ թե զուտ ինչ-որ մեկի գողացած փողը պաշտպանելու գործունեության վրա:   Այդ հարցով մեզ որևէ մեկը չի կարող հետ պահել ճշմարտությունն ասելուց։ Անկախ իրավիճակից մենք միշտ ասել ենք այն, ինչ մտածել ենք։ Խորհրդարանական մեր գործունեությունն իրականացվել է հետևյալ կերպ՝ ինչին եղել ենք դեմ, բացատրել ենք, թե ինչու ենք դեմ, հարկ եղած դեպքում՝ ներկայացրել առաջարկներ, ինչին կողմ ենք եղել, հայտարարել ենք, որ կողմ ենք ու բացատրել, թե ինչու։ Հիմա, ըստ սրա, ընդդիմությու՞ն էինք, թե՞ ոչ. խորհրդարանական ընդդիմություն էինք՝ թե՛ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի, թե՛ քաղաքական իմաստներով։   Իսկ ինչու՞ այսօր, օրինակ, ընդդիմանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցն անկախության տարիներից ի վեր մեր արտաքին քաղաքական օրակարգում է և դեռևս լուծում չի ստացել, և շատ կարևոր է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը:   Կամ ինչո՞ւ ընդդիմանալ խաղաղության օրակարգին. արդյո՞ք մեր երկրի գլխին նոր պատերազմ բերելու օրակարգն ավելի ընդդիմադիր կեցվածք է հաղորդում քաղաքական գործիչներին…   Այսպես՝ մենք խաղաղության և հարաբերությունների կարգավորման կողմնակից ենք և դեմ ենք երկիրն նոր արկածախնդրությունների տանելուն, կողմ ենք ԼՂ հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կարգավորելուն։ Իսկ պե՞տք է արդյոք լռենք, որ ինչ-որ մեկը տարիներ շարունակ գրպանել է բյուջեի միջոցները, ինչ է թե նա այսօր իրեն ընդդիմություն է հայտարարում, կամ որ իր գողոնն ուզում է պահել ու փորձում է ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրության սահմանադրականությունը վիճարկել, կամ երբ այլ մեկը փորձ է կատարում ապօրինի ազդեցություն գործել դատարանների վրա։   Լռե՞նք այդ ամենի մասին նրա համար, որ ինչ-որ անձինք այդ գրպանված գումարներով պահվող զանգվածային «լրատվության» միջոցներով մեզ հռչակեն ընդդիմությո՞ւն. ասեմ` այդպես չի լինելու։   Ինչո՞ւ ընդդիմանալ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին. ինչ է, պետք է դե՞մ լինենք ժողովրդից տարիներ շարունակ թալանվածը հետ բերելուն։ Ընդդիմանա՞նք կոնկրետ օլիգարխի ապօրինի գույքի բռնագանձմանը։ Ընդդիմանա՞նք, որ զորամասի հրամանատարը կամ ՃՈ և ՀՔԲ պետերն այսօր կաշառքով չեն նշանակվում, ընդդիմանա՞նք, որ այսօր բիզնեսմենն իր թաղամասի ՊԵԿ օպեր-լիազորին կամ հարկայինի պետին չի ճանաչում, ինչը նախկինում աներևակայելի էր թվում։   Պիտակավորումներն ու որակումներն ամեն մեկը կարող է իրեն պահել։ Մենք աշխատում ենք մեր երկրի համար, անում այն, ինչին հավատում ենք և ձգտում մեր բանակի հզորացմանը, երկարատև խաղաղության հաստատմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու զարգացմանը:   Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ»։
12:49 - 15 փետրվարի, 2022