Ռազմական համագործակցությունն այլ երկրների հետ նպատակ ունի ապահովել ՀՀ ինքնիշխան տարածքների ամբողջականությունը․ Մարուքյանը՝ Բաքվին
 |factor.am|
18:31 - 22 փետրվարի, 2024

Ռազմական համագործակցությունն այլ երկրների հետ նպատակ ունի ապահովել ՀՀ ինքնիշխան տարածքների ամբողջականությունը․ Մարուքյանը՝ Բաքվին |factor.am|

factor.am: ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների վերաբերյալ արձագանքին։

«Ինչպիսի զարմանք, մի երկրի պաշտոնական ներկայացուցիչը, որը, իբր, խաղաղության ճանապարհին անդադար ագրեսիվ զորավարժություններ է անցկացնում իր զինված ուժերում և անընդհատ զինում նրանց, հանդես է գալիս տարածաշրջանում լարվածությունն ու ապակայունացումը դատապարտող հայտարարություններով՝ հիմնվելով միայն մամուլի ասուլիսի վրա։

Արդյո՞ք Ադրբեջանի այս ռազմատենչ հայտարարությունները, էթնիկ զտումները, օկուպացիոն զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս չբերելը և սահմանային անդադար սադրանքների կազմակերպումը մեր տարածաշրջանն ապակայունացնող պատճառները չեն»,- գրել է Մարուքյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունն այլ երկրների հետ մեկ նպատակ ունի՝ բարձրացնել դիմադրության մակարդակը և ապահովել Հայաստանի ինքնիշխան տարածքների ամբողջականությունը։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել էր Էմանուել Մակրոնի հայտարարությունները։

Պաշտոնական Բաքվին դուր չէր եկել հատկապես այն, որ Մակրոնը խոսել էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի անհրաժեշտության մասին։ Բաքուն ոչ պատշաճ է համարում, որ Փարիզը, որը «մոտ 30 տարի չի բարձրաձայնել տեղահանված ադրբեջանցիների իրավունքների մասին», խոսում է հայերի իրավունքների և անվտանգության մասին, որոնք, ըստ Ադրբեջանի, իբր, հեռացել են «իրենց կամքով և առանց հարկադրանքի»: «Նման կողմնակալ մոտեցումը պետք է դադարեցվի։

Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, որևէ արդյունք չի տա»,- ասվում է Բաքվի հայտարարության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել