Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Կգործարկվի ջրի փոխադրման՝ 11 կիլոմետրանոց համակարգը․ Պապիկյանն այցելել է Վեդու ջրամբար

Կգործարկվի ջրի փոխադրման՝ 11 կիլոմետրանոց համակարգը․ Պապիկյանն այցելել է Վեդու ջրամբար

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 8-ին աշխատանքային այցով եղել է Արարատյան հարթավայրի մի շարք բնակավայրերում՝ ծանոթանալու ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ոլորտում առկա խնդիրներին։ Նախարար Սուրեն Պապիկյանը նախ այցելել է Վեդու ջրամբար, ՀՀ ջրային պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանի և ոլորտի այլ պատասխանատուների հետ շրջել շինհրապարակում, քննարկել ջրամբարի կառուցմանը վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարին զեկուցվել է, որ ավարտական փուլում են ջրամբարի երկու պատվարի շինարարական աշխատանքները, իսկ ջրամբարի կառուցումը նախատեսվում է ավարտել 2021թ։ Ոռոգման շրջանից դուրս ջուրը ջրամբար կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային հոսքերով: Նախարարին տեղեկացվել է նաև, որ մոտ օրերս կփորձարկվի շուրջ 11 կմ երկարությամբ ջրի փոխադրման համակարգը, որի միջոցով նախատեսվում է ջրամբարի կառուցումից հետո այնտեղ ամբարել գետերի ջուրը: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է շրջայցը, այցելել ոլորտի խնդրահարույց հատվածներ: Նախարարը հորդորել է հետևողական լինել ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և դրենաժային համակարգում առկա թերությունները, ու հատկապես ապօրինի սպառման դեպքերը հայտնաբերելու հարցում:
07:22 - 09 ապրիլի, 2019
Նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին

Նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիր, որտեղ մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին։ Նախարարին ուղեկցել են ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, Տավուշի մարզպետ Տրդատ Սարգսյանը, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը և այլ պաշտոնատար անձինք։ Այցի մեկնարկին Սուրեն Պապիկյանը ժամանել է Կեչուտի ջրամբար, որտեղ կառույցի պատասխանատուները նախարարին մանրամասն ներկայացրել են ջրամբարի տեխնիկատնտեսական նկարագիրը, տեղեկություններ տրամադրել այս պահին ջրամբարում ամբարված ջրի ծավալների վերաբերյալ։ Ոլորտի ներկայացուցիչները նախարարին հավաստիացրել են, որ ջրամբարը բերված է մեկնարկային վիճակի և առաջիկա ամիսներին դեպի Սևանա լիճ ջրբացթողումը կիրականացվի անխափան ու արդյունավետ: Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիրի Եղեգիսի տեղամաս ։ «Արփա-Սեւան» ԲԲԸ գլխավոր տնօրեն Պարույր Հակոբյանը նախարարին ներկայացրել է «Արփա-Սեւան» թունելի արտադրողականության բարձրացման նպատակով կատարված և նախատեսվող շինարարարական աշխատանքները, որոնց արդյունքում սպասվում է կրկնապատկել Սեւանա լիճ տեղափոխվող ջրաքանակը։ Ըստ ոլորտի ներկայացուցիչների ընթացիկ տարում ակնկալվում է թունելի թողունակությունը մինչ այսօր եղած առավելագույնը 14,5 մ³/վրկ-ից հասցնել շուրջ 18,5-19,5 մ³/վրկ, որը հնարավորություն կտա այս տարի Սևանա լիճ տեղափոխել 150 - 180 մլն մ³ ջրաքանակ:
16:29 - 03 ապրիլի, 2019
Այս պահին կառավարության կողմից հաստատված է 46 դպրոցի հիմանորոգման ծրագիր. Սուրեն Պապիկյան |aysor.am|

Այս պահին կառավարության կողմից հաստատված է 46 դպրոցի հիմանորոգման ծրագիր. Սուրեն Պապիկյան |aysor.am|

aysor.am: Փաստ է, որ հին Հայաստանի ուրվականը շարունակում է մեզ հետապնդել։ Այն մեր առօրյայում է, քանի դեռ մեր առաջ ծառացած խդիրները լուծում չեն ստացել, «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ «Ասիական զարգացման բանկի օգնությամբ մենք փորձում ենք իրականացնել սեյսմիկ վտանգավորության գոտում գտնվող դպրոցների վերակառուցումը։ Նախնական նպատակը եղել է դրանց նորոգումը կամ հիմանանորոգումը, բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դպրոցների մեծ մասը պետք է ամբողջովին քանդել և նորերը կառուցել։ Այս պահին կառավարության կողմից հաստատված է 46 դպրոցի հիմանորոգման ծրագիր, որոնցից մեկն Արմավիրի մարզի Պտղունք համայնքի դպրոցն է։ Այս տարի մենք նախատեսում ենք շուրջ 31 դպրոցի վերանորոգման աշխատանքների մեկնարկ։ Ընթանում է 7 դպրոցի շինարարություն, որոնց մի մասը տարվա երկրորդ կեսին շահագործման կհանձնվի», - ասաց նախարարը։
09:14 - 02 ապրիլի, 2019
Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագը, նույն գործակալության Կենտրոնական Ասիայի երկրների և Հայաստանի հարցերով ղեկավար Ֆանեթ Բաղդենը և այլ պաշտոնատար անձինք։  Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու պետությունների և ժողովուրդների միջև առանձնահատուկ մակարդակի գործընկերային և դաշնակցային հարաբերությունները քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, կրթամշակութային հաղորդակցության, միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում։ Պապիկյանը հատուկ արժևորել է էներգախնայողության, ոռոգման համակարգերի, ջրամբարաշինության ոլորտներում Զարգացման ֆրանսիական գործակալության ծավալած լայնամասշտաբ գործունեությունը և ընդգծել, որ գործակալությունն առանցքային դեր ու նշանակություն ունի Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, գործակցության օրակարգի հարստացման տեսանկյունից։ Իր հերթին դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ անցած տարվա գարնանային իրադարձություններից հետո ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շեշտակի մեծացել է Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ուղղությամբ շահագրգռվածությունը։ Դեսպանը նաև հույս է հայտնել, որ այս տարվա աշնանը Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին ընդառաջ` կողմերին կհաջողվի համակարգել բոլոր գործնական ծրագրերն ու գաղափարները և ներկայանալ փոխգործակցության պատրաստի թղթապանակներով։  
10:41 - 22 մարտի, 2019
Կան այլ մարդկանց պատկանող հողակտորներ, որոնց վկայականները Մանվել Գրիգորյանի մոտ են. Սուրեն Պապիկյան

Կան այլ մարդկանց պատկանող հողակտորներ, որոնց վկայականները Մանվել Գրիգորյանի մոտ են. Սուրեն Պապիկյան

Առկա են տասնյակ հողակտորներ, որոնք պատկանում են այս կամ այն մարդկանց, բայց որոնց սեփականության վկայականները գտնվել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մոտ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ ընդունված բան է եղել, որ պաշտոն ստանալուց հետո պաշտոնյաները սկսել են փայ-փայ անել նաեւ հողերը: «Մանվել Գրիգորյանի դեպքով՝ այդ աճուրդները տեղի են ունեցել ոչ սահմանված կարգով եւ ոչ մրցույթով: Այդ առումով այժմ ուսումնասիրություններ են կատարվում Տավուշի մարզի Դիլիջան, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արշալույս, Հայթաղ, Պտղունք, Ծաղկալանջ, Գրիբայեդով, Արտիմետ, Մեծամոր, Ակնալիճ համայնքներում: Այդ տարածքների վերաբերյալ մենք գրություն ենք ստացել, ըստ որի՝ տարբեր անձինք խոստովանում են, որ կամ իրենք տեղյակ չեն իրենց սեփականություններից, կամ էլ այդ հողերի աճուրդը կայացել է ոչ օրենքով սահմանած կարգերով»,- ասաց Պապիկյանը: Նրա խոսքով՝ այդ հողակտորների հետ կապված նախկինում տրված որոշումները պետք է կամ ճանաչվեն առ ոչինչ, կամ էլ դատարանը համապատասխան գնահատական կտա, որից հետո կորոշեն անելիքը: Պապիկյանը վստահեցրեց, որ իրենք իրենց իրավասության շրջանակում դիմելու են համապատասխան մարմիններին՝ այդ հողերը հետ ստանալու համար: «Իմ հորդորով՝ մարզպետարաններն իրենց կայքերում արդեն իսկ ցուցադրում են իրենց տարածքներում կատարվելիք աճուրդները: Բացի այդ, մեր վարչություններից մեկը փաստաթուղթ է մշակում, որպեսզի հողերի սեփականաշնորհման կարգում ինչ-ինչ փոփոխություններ լինեն»,- ասաց նախարարը: armtimes.com
09:13 - 20 մարտի, 2019
Հայաստանի համայնքներում կներդրվի համամասնական ընտրակարգ. Սուրեն Պապիկյան |aysor.am|

Հայաստանի համայնքներում կներդրվի համամասնական ընտրակարգ. Սուրեն Պապիկյան |aysor.am|

Ունենք համայնքապետարաններ, որոնք շատ լավ են պատկերացնում իրենց համայնքի զարգացումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ «Ցավոք, այդ թիվը մեծ չէ, և սա է պատճառը, որ մենք փորձում ենք նոր որակ հաղորդել համայնքների կառավարմանը և առաջիկայում, երբ ի հայտ կբերվի նոր խոշորացման ծրագիրը, նախատեսում ենք, որ պետք է Հայաստանի համայնքներում ներդրվի համամասնական ընտրակարգ», - ասաց նախարարը։ Ըատ Պապիկյանի՝ այդ համամասնական ընտրակարգը, որպեսզի լինի ամբողջական և մոտեցումը ճիշտ լինի, միայն կուսակցական պատկանելությանը պետք է շեշտը չդնել։«Փաստ է, որ գոնե մարզերում կուսակցությունները, ցավոք, բավարար կայացած չեն։ Եվ հանրային նախաձեռնություններին, քաղաքական և հասարակական խմբերին ավագանիում և համայնքի ղեկավարմանը ներգրավվելու համար մենք պետք է հարթակ ու հնարավորություն ստեղծենք», - նշեց նախարարը։ aysor.am
08:23 - 20 մարտի, 2019