Կան այլ մարդկանց պատկանող հողակտորներ, որոնց վկայականները Մանվել Գրիգորյանի մոտ են. Սուրեն Պապիկյան
09:13 - 20 մարտի, 2019

Կան այլ մարդկանց պատկանող հողակտորներ, որոնց վկայականները Մանվել Գրիգորյանի մոտ են. Սուրեն Պապիկյան

Առկա են տասնյակ հողակտորներ, որոնք պատկանում են այս կամ այն մարդկանց, բայց որոնց սեփականության վկայականները գտնվել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մոտ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ ընդունված բան է եղել, որ պաշտոն ստանալուց հետո պաշտոնյաները սկսել են փայ-փայ անել նաեւ հողերը:

«Մանվել Գրիգորյանի դեպքով՝ այդ աճուրդները տեղի են ունեցել ոչ սահմանված կարգով եւ ոչ մրցույթով: Այդ առումով այժմ ուսումնասիրություններ են կատարվում Տավուշի մարզի Դիլիջան, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արշալույս, Հայթաղ, Պտղունք, Ծաղկալանջ, Գրիբայեդով, Արտիմետ, Մեծամոր, Ակնալիճ համայնքներում: Այդ տարածքների վերաբերյալ մենք գրություն ենք ստացել, ըստ որի՝ տարբեր անձինք խոստովանում են, որ կամ իրենք տեղյակ չեն իրենց սեփականություններից, կամ էլ այդ հողերի աճուրդը կայացել է ոչ օրենքով սահմանած կարգերով»,- ասաց Պապիկյանը:

Նրա խոսքով՝ այդ հողակտորների հետ կապված նախկինում տրված որոշումները պետք է կամ ճանաչվեն առ ոչինչ, կամ էլ դատարանը համապատասխան գնահատական կտա, որից հետո կորոշեն անելիքը:

Պապիկյանը վստահեցրեց, որ իրենք իրենց իրավասության շրջանակում դիմելու են համապատասխան մարմիններին՝ այդ հողերը հետ ստանալու համար:

«Իմ հորդորով՝ մարզպետարաններն իրենց կայքերում արդեն իսկ ցուցադրում են իրենց տարածքներում կատարվելիք աճուրդները: Բացի այդ, մեր վարչություններից մեկը փաստաթուղթ է մշակում, որպեսզի հողերի սեփականաշնորհման կարգում ինչ-ինչ փոփոխություններ լինեն»,- ասաց նախարարը:

armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել