Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Վարչապետի ազգականը մեղադրվում է «Դիլիջան» ազգային պարկ կեղծ դիպլոմ ներկայացնելու մեջ |aysor.am|

Վարչապետի ազգականը մեղադրվում է «Դիլիջան» ազգային պարկ կեղծ դիպլոմ ներկայացնելու մեջ |aysor.am|

aysor.am: Ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը, տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը։ Նրա ներկայացմամբ՝ նախնական տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին: Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք՝ այս քրեական գործի մասին հենց վարչապետն էր հայտարարել ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշելով, որ ցուցում է տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ։
13:42 - 11 ապրիլի, 2019
Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից․ fip.am

Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից․ fip.am

fip.am: Մաքսային ծառայողին աշխատանքից ազատելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների մեջ չի մտնում։ Ստորև կներկայացնենք, թե ինչու։ Վերջերս մամուլում ակտիվորեն քննարկվում է օրեր առաջ վարչապետ Փաշինյանի՝ Նորագավիթիa մաքսատուն կատարած այցի ընթացքում աշխատակիցներից մեկին ուղղված հանձնարարականը՝ դիմում գրել և դուրս գալ աշխատանքից՝ պետական դրոշը կեղտոտ պահելու համար։ Շատ է քննարկվում, մասնավորապես, այն հարցը, թե արդյո՞ք վարչապետն իրավունք ուներ աշխատողին նման հանձնարարական տալ։ Ստորև փորձենք հասկանալ հանձնարարականի իրավաչափությունը։Ըստ այդմ, սկսենք այնտեղից, թե ինչպես առաջացավ խնդիրը։ Վարչապետը, մտնելով մաքսատան աշխատասենյակներից մեկը և տեսնելով հատակին ընկած կեղտոտ դրոշը՝ բարկացավ և սենյակում գտնվող աշխատակցին ասաց՝ դիմում կգրես, դուրս կգաս։ Ապա հանձնարարեց աշխատանքից հեռացնել նաև այդ սենյակի մյուս աշխատակիցներին։ Քիչ անց վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ պետական դրոշը ոտքերի տակ գցած ոչ մի քաղաքացի չպետք է աշխատի ՀՀ կառավարման համակարգում։ Հասկանանք, սակայն, թե ինչ է օրենքն ասում պետական դրոշի և այն «ոտքերի տակ գցելու» մասին։ՀՀ քրեական օրենսգրքի 331-երորդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ զինանշանը, պետական դրոշը, պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Այսինքն, դրոշն անարգելու փաստով պետք է սկսվեր վարույթ՝ հասկանալու համար, նախ, այս ա՞նձն է անարգողը․ թե՞ ոչ, և հետո նոր, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների, իրականացվեր նախաքննություն, իսկ դատական քննությունից հետո կայացվեր դատական ակտ։ Անգամ այս դեպքում աշխատողին աշխատանքից ազատելու վերաբերյալ օրենսդրության մեջ որևէ հիշատակում չկա։Անցնենք առաջ։ Մաքսային ծառայողը համարվում է պետական ծառայող (Հանրային ծառայության մասին օրենք, 3,3), ըստ այդմ՝ պաշտպանված է մի շարք օրենքներով՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենք, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք։ ՀՀ աշխատանքային օրենսգրքով հստակ սահմանվում է, թե որ դեպքերում և ով կարող է անձին ազատել աշխատանքից։ 113-րդ հոդվածում ասվում է, որ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը։ Հաջորդիվ նշվում են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում աշխատողի հետ պայմանագիրը կարող է լուծարվել։ Սակայն հարկ ենք համարում ուշադրություն դարձնել նախադասության  սկզբում գործածված գործատու բառի վրա։ Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի կամ հրամանի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը: Գործատու կարող է լինել ֆիզիկական անձը, աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից, տեսակից, այդ թվում՝ պետությունը և պետական մարմինները: Տվյալ դեպքում գործատուն ՊԵԿ-ն է, որի նախագահն էլ նշանակում և աշխատանքից ազատում է մաքսային ծառայության աշխատակիցներին, հետևաբար՝ միայն մաքսային ծառայողին հրամանով աշխատանքի ընդունած պետական պաշտոնյան է իրավասու ազատել աշխատանքից, այն էլ՝ միայն օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում։ Այլ կերպ ասած ՝ մաքսային ծառայողին  Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատելու հրահանգ չի կարող տալ։ Հավելենք նաև, որ քանի որ մաքսային ծառայողը հանդիսանում է պետական ծառայող, իր աշխատանքից ազատումը, եթե դիմումի հիման վրա չէ, պետք է իրականացվի միայն կարգապահական վարույթ հարուցելուց հետո։Անդրադառնանք մաքսային ծառայության մասին օրենքին։ Այստեղից տեղեկանում ենք, որ ծառայողական կարգապահությունը խախտելու համար մաքսային ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տարբեր տեսակի տույժեր՝ դիտողություն, նկատողություն, խիստ նկատողություն, հատուկ կոչման իջեցում (բայց երկու աստիճանից ոչ ավելի), մաքսային ծառայողի պաշտոնի իջեցում (բայց մեկ աստիճանից ոչ ավելի), նյութական պատասխանատվության կիրառում և մաքսային ծառայության պաշտոնից ազատում: Նշենք նաև, որ վերջին 4 տույժերը կիրառվում են սահմանված կարգով անցկացված ծառայողական քննության արդյունքների հիման վրա վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննության հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Այսինքն, պաշտոնից ազատելու համար նախ պետք է ծառայողական քննություն անցկացնել, ապացուցել անձի մեղավորությունը դրոշի՝  կեղտոտված և հատակին ընկած լինելու մեջ և պաշտոնից ազատելու հիմնավորվածությունը, ապա դրական եզրակացությունից հետո նոր միայն աշխատողին կարելի է ազատել զբաղեցրած պաշտոնից։ Կոնկրետ այս դեպքում պետք է քննարկվի նաև այն հարցը, թե արդյո՞ք մյուս կարգապահական տույժերը չեն կարող նշանակվել կատարված խախտման համար։Այս օրենքում նույնպես սահմանվում են աշխատողին ծառայության պաշտոնից զրկելու հիմքերը, որտեղ ևս նշված բոլոր հիմքերի մեջ քիչ թե շատ իրատեսականը 10-րդ կետն է՝  ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնները միանգամյա կոպիտ խախտելը կամ ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնները պարբերաբար խախտելը: Սակայն այս դեպքում էլ հարց է առաջանում՝ արդյո՞ք սենյակում կահավորանքը պահպանելը կամ սահմանված  վայրերում  դրոշը դնելը, կամ դրոշը լվացված և մաքուր պահելը մտնում է աշխատողի ծառայողական պարտականությունների մեջ, թե՞ ինքը, որպես պետական աշխատող, պետք է հետևի դրոշի կոկիկ և մաքուր գտնվելուն։ Եթե դրոշը լվանալն ու մաքուր պահելը անձի ծառայողական պարտականությունների մեջ չի մտնում, ապա այս դրույթը ևս չի կարող կիրառվել։ Սա պարզելու համար պետք է ծառայողական քննություն իրականացվի։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի լիազորություններից դուրս է մաքսատան աշխատողին աշխատանքից ազատման դիմում գրել հրահանգելը կամ նրան հարկադրելը, քանի որ, նախ, անձն ունի աշխատանքային իրավունք, որը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, և արգելված է անձին հարկադրելու իր կամքին հակառակ դիմում գրել և ազատվել աշխատանքից։ Եվ հետո, նա չի հանդիսանում աշխատողի անմիջական ղեկավարը և ՀՀ օրենսդրությամբ չունի նման լիազորություն։Չնայած այս ամենին, երեկ մամուլում գրվեց, որ սույն մաքսային ծառայողը աշխատանքից ազատման դիմում է գրել։
13:32 - 11 ապրիլի, 2019
ՀՀ վարչապետն ու Վենետիկի հանձնաժողովի նախագահը քննարկել են Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցեր

ՀՀ վարչապետն ու Վենետիկի հանձնաժողովի նախագահը քննարկել են Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ:Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել է, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վարչապետին Ստրասբուրգում և քննարկել համագործակցության հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Ջաննի Բուքիքիոն անդրադարձել են նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցել են ազատ և արդար միջազգային չափանիշներին համապատասխան: Հայաստանի վարչապետը կարևորել է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունն` ընդգծելով Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային և խորհրդատվական մարմինների, ներառյալ Վենետիկի հանձնաժողովի նշանակալի դերը բարեփոխումների օրակարգի իրականացման գործում:Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական օժանդակությունը Հայաստանի օրենսդրությունը միջազգային չափանիշներին ներդաշնակեցնելու գործում: Կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանն առաջընթաց է արձանագրում ժողովրդավարության ամրապնդման, դատական համակարգի կատարելագործման, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ, և ժողովրդավարությունը մեր հասարակության ներքին համոզմունքն է և հիմնարար արժեքը: Նիկոլ Փաշինյանը և Ջաննի Բուքիքիոն քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր` մասնավորապես, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը և ՀՀ օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը վայելում է ժողովրդի լիակատար աջակցությունը և մանդատ է ստացել` քաղաքական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավակնոտ և լուրջ բարեփոխումներ իրականացնելու համար:Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը եվրոպական արժեքներին և նշել, որ Հայաստանի կառավարությունը ներդնելու է առավելագույն ջանքերը` ժողովրդավարության հզորացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի և հետայսու ևս ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ապահովելու համար: Այս գործում Հայաստանի վարչապետը կարևորել է Վենետիկի հանձնաժողովի և անձամբ պարոն Բուքիքիոյի հետ արդյունավետ համագործակցությունը:Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ողջունել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը, այդ թվում` նաև ընտրական օրենսդրության կատարելագործման ուղղությամբ` կարևորելով ընտրական գործընթացների ինստիտուցիոնալացումը և պատրաստակամություն հայտնել օժանդակել Հայաստանին այդ գործում։
11:26 - 11 ապրիլի, 2019
Ունենք հարևաններ, որոնց հետ հարաբերությունները նույնսիկ շատ լավ են․ վարչապետը՝ ԵԽԽՎ պատգամավորի հարցին

Ունենք հարևաններ, որոնց հետ հարաբերությունները նույնսիկ շատ լավ են․ վարչապետը՝ ԵԽԽՎ պատգամավորի հարցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթից հետո պատասխանում է պատգամավորների հարցերին։Առաջին հարցը ուղղված Նիկոլ Փաշինյանին հետևյալն էր․ «Պարո՛ն վարչապետ, Դուք արդեն խոսեցիք Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունների մասին, բայց ձեր երկիրն այլ հարևաններ ևս ունի, որոնց հետ հավանաբար նույնպես խնդրահարույց հարցեր կան։ Արդյոք Դուք գո՞հ եք մյուս հարևանների հետ ձեր հարաբերություններից, և եթե ոչ, ի՞նչ բարելավումներ եք առաջարկում»։Հարցին Փաշինյանը պատասխանեց, որ իհարկե, մենք ունենք ոչ միայն այնպիսի հարևաններ, որոնց հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն, այլ նաև հարևաններ, որոնց հետ հարաբերությունները լավ են և նույնիսկ շատ լավ են։ «Ես նկատի ունեմ հատկապես Վրաստանը և Իրանը, որոնց հետ մեր հարաբերություններն իսկապես բարձր մակարդկաի վրա են գտնվում, նրանց հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն, փորձում ենք ավելի զարգացնել դրանք։ Իհարկե, դուք գիտեք, որ ցավոք, մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և սրանով ամեն ինչ ասված է։ Ադրբեջանի պարագան բոլորիս համար պարզ է, Թուրքիայինը մի քիչ այլ է, քանի որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կառուցման հարցը կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով։ Հայաստանն իր հերթին չի փոխել դիրքորոշումը. մենք ասել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Ուզում եմ ընդգծել, որ մենք մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինճպես նաև մյուս հարևանների պատկերացնում ենք խաղաղության օրակարգների շրջանակներում, և ուրախ եմ, որ մեր կառավարությունը կարողացել է հարաբերությունների սեղանին դնել հենց այս օրակարգը»,- ասաց վարչապետ Փաշինյանը։
10:50 - 11 ապրիլի, 2019
Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի հանրությունների միջև․ Նիկոլ Փաշինյան

Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի հանրությունների միջև․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, նշեց․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտու­թյունը շարունակում է կարևորագույն մարտահրավեր մնալ Հայաստանի Հանրապետության և ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Ինչպես ցանկացած ժողովրդավարական կառա­վարու­թյուն, Հայաստանի կառավարու­թյունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին: Բայց մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները նոր երանգներ են բերել նաև հարցի կարգավորման մեր պատկերացումների մեջ:Իհարկե, չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական և դրական երկխոսություն սկսել, բայց համոզված եմ, որ միայն ղեկավարների միջև երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար: Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի նաև հանրությունների միջև, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության և ոչ թե պատերազմի:  Վերջերս Երևանում տեղի ունեցած ասուլիսում ես հայտարարեցի, որ նման երկխոսության կարևորագույն հարթակ կարող են լինել սոցիալական ցանցերը, ուր հայերն ու ադրբեջանցիները, ցավոք, առայժմ շփվում են հայհոյանքների և ատելության լեզվով: Հակամարտության երեսուն տարիների ընթացքում մենք կարծես պիտի սպառած լինեինք ատելության ու հայհոյանքի բառերը և պիտի իրար օգնեին հասկանալ միմյանց դիրքորոշումները, պիտի փորձեինք գտնել այն պատճառները, որոնք մեզ թույլ չեն տալիս լինել իրար հասկանալի: Նման խոսակցություն սկսել եմ ես ինքս, մի քանի անգամ Հայաստանի խորհրդա­րանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Սա մեր իրականության մեջ աննախա­դեպ հայտարարություն է և ըստ էության, այն բանաձևն է, որ հնարավորություն կտա հասնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից և ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձը Ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք:
10:50 - 11 ապրիլի, 2019
Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը․ Նիկոլ Փաշինյան

Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին խոսելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից, նշեց․   «Այսօր իսկապես Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություն­ներ են տեղի ունենում: Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել: Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք ստվերային տնտեսությունը. վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել և ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ: Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերակա­տարում­ներ են արձանագրվել և մենք մտադիր ենք 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 80 միլիոն դոլարով: Այս հավելյալ գումարները կծառայեն ճանապարհների կառուցմանը, կրթական և առողջապահական ներդրումներին, տարածքա­յին համաչափ զարգացմանը և աշխատա­վարձեր կբարձրացվեն: Մեր կառա­­վարության գործունեությունը թափան­ցիկ է և հաշվետվողական և մեր իշխանությունը բխում է մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունից: Հայաստանն այսօր միարժեքորեն ժողովրդավարական երկիր է, խոսքի և հավաքների կատարյալ ազատությամբ: Ընտրությունների կեղծման, համա­կարգային կոռուպցիայի էջը մեր երկրում փակված է անշրջելիորեն, մեր կառավարու­թյունը միջոցներ է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանության մակար­դակը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ: Բայց մեր ժողովրդավարությունը ուժեղանալու, տնտեսապես և ինստիտուցիոնալ երաշխիքների անհրա­ժեշտու­թյուն ունի: Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անկախ դատական համակարգի կայացումը, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու ուժեղացումը այն առանցքային ոլորտներն են, որտեղ մենք ԵԽ-ի աջակցության կարիքն ունենք: Այս ամենը կարևոր է ոչ միայն քաղաքական հեղափոխության արդյունք­ներն ամրագրելու այլև մեր սկսած նոր՝ տնտեսական հեղափոխությունը բարեհա­ջող ավարտին հասցնելու համար: Մեր ձեռնարկած տնտեսական հեղափոխության առանցքային նպատակն ու իմաստը մեր քաղաքացիներին տնտեսական գործունեու­թյան քաջալերելն է, նրանց համար իրական հնարավորու­թյուններ ստեղծելը, Հայաստանը ներդրում­ների և զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելը և մեր երկիրը տեխնո­լո­գիական առաջամարտիկի վերածելը:Եվ մենք համոզված ենք, որ հաջողելու ենք այս դժվարին առաքելության մեջ, որովհետև մեր ժողովուրդը վերագտել է վստահությունը սեփական ուժերի և սեփական ապագայի նկատմամբ»:  
10:44 - 11 ապրիլի, 2019
Սերը, ոչ բռնի պայքարի գաղափարը իսկապես հաղթեց՝ Հայաստանում երկար տարիներ իշխած օլիգարխիական, կոռուպցիոն համակարգին .Նիկոլ Փաշինյան

Սերը, ոչ բռնի պայքարի գաղափարը իսկապես հաղթեց՝ Հայաստանում երկար տարիներ իշխած օլիգարխիական, կոռուպցիոն համակարգին .Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին, որի ընթացքում,  անդրադառնալով  2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը նշեց․  «2018 թվականի դեկտեմբերն էր: Այդ ժամանակ արդեն ես Հայաստանի վարչապետն էի, և այդ կարգավիճակին հասել էի նույն թվականի ապրիլի-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում և որպես հեղափոխության հերթական հանգրվան երկրում տեղի էին ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրություններում մեր քաղաքա­կան ուժը ստացավ ավելի քան 70 տոկոս ձայն, բայց կարևորը ոչ թե սա է, այլ այն, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելու­թյունը տեղի ունեցած ընտրու­թյուն­ները որակեց որպես ժողովրդավարական:Մեջբերում եմ ԵԽԽՎ դիտորդական առաքելության գնահատականից «Թավշյա հեղափոխության, ինչպես նաև իշխանու­թյունների քաղաքական կամքի դրսևորման շնորհիվ հնարավոր եղավ Հայաստանում անցկացնել ժողովրդա­վարական ընտրություններ» (մեջբերման ավարտ): Միջազգային մյուս դիտորդական առաքելությունները նույնպես դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարա­նական ընտրությունները ճանաչեցին որպես ազատ, արդար, ժողովրդա­վարական և մրցակցային և Հայաստանում տեղի ունեցած որևէ ընտրություն նախկինում նման գնահատականի երբևէ չէր արժանացել:  Սա մեր երկրում տեղի ունեցած առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարա­նում և առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց արդյունքները անառարկելիորեն ընդունեցին բոլոր քաղաքական ուժերն ու հանրությունը: Եվ հիմա, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ուզում եմ այս ամբիոնից շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ Հայաստանում Մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացմանը ցուցաբերած աջակցության համար: Հայաստանում այսօր ժողովրդա­վարությունը հաղթել է  և դա տեղի է ունեցել նախորդ տարվա այս օրերին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շնորհիվ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ հեղափոխությունը ծնվել է հայ ժողովրդի հոգում և սրտում և չի եղել ոչ մի օտարերկրյա ուժ, որ որևէ կերպ ներգրավված լինի մեր հեղափոխության մեջ: Մեր հեղափոխությունը չի ունեցել ոչ մի աշխարհաքաղաքական բովանդակություն, ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ:  Բայց ինչպե՞ս ուրեմն այս հեղափոխությունը տեղի ունեցավ, ինչպե՞ս հաջողության հասավ: 2015 թվականին Հայաստանի այն ժամանակվա փաստացի ղեկավար Սերժ Սարգսյանը իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտին նախաձեռնեց սահմանա­դրական փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանը կառավարման կիսանախագահական ձևից 2018 թվականի ապրիլին պետք է անցում կատարեր խորհրդարանական համա­կարգի: Երբ այս սահմանադրական փոփոխու­թյուն­ները նախաձեռնում էր, հրապարակային խոստացավ, որ այլևս երբեք չի հավակնելու ՀՀ ղեկավարի, տվյալ դեպքում՝ վարչապետի պաշտոնին: Բայց 2018-ին պարզվեց, որ նա է իշխող մեծամասնության վարչապետի թեկնածուն և դա իմանալով ես իմ ընկերների հետ 2018 թվականի մարտի  31-ին քայլարշավ սկսեցի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիից՝ դեպի մայրաքաղաք Երևան՝ ՀՀ քաղաքացիներին կոչ անելով կանխել Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական խաբեության իրականացումը: Մենք 13 օր քայլեցինք՝ ավելի քան 200 կիլոմետր, այդ ողջ գործընթացը լուսա­բանելով սոցիալական ցանցերի ուղիղ եթերում: Եվ մայրաքաղաք Երևանում նախ մեր շարժմանը միացան բազմաթիվ դպրոցականներ՝ տղաներ և աղջիկներ, հետո նրանց ետևից եկան նրանց ավագ եղբայրները և քույրերը, հետո նրանց ետևից եկան մայրիկները և հայրիկները, ապա տատիկները և պապիկները: Եվ չնայած 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանի կողմից վարչապետ ընտրվեց իսկ ապրիլի 22-ին ես կրկին բանտում հայտնվեցի, հաջորդ իսկ օրը Սերժ Սարգսյանը ստիպված էր ինձ ու իմ ընկերներին ազատ արձակել և հրաժարական տալ: Իսկ դրանից 15 օր անց, 2018 թվականի մայիսի 8-ին այդ նույն խորհրդարանը ինձ ընտրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև դա էր պահանջում ողջ հայ հանրությունը: Ահա այսպես տեղի ունեցավ մեր հեղափոխությունը, որը մենք անվանում ենք Սիրո և համերաշխության հեղափոխություն, որովհետև այն ի սկզբանե հիմնված է եղել ոչ բռնի պայքարի տրամաբանության վրա:Վեր պարզած բաց ձեռքերը մեր հեղափոխության սիմվոլն էր: Եվ դա նշանավորում էր մեր բազմիցս արած հայտարարությունն այն մասին, որ եթե նույնիսկ ոստիկանությունն ու նախկին կառավարության ներկայացուցիչներ մեր նկատմամբ բռնություն գործադրեն, մենք այդ բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու: Եվ սերը, ոչ բռնի պայքարի գաղափարը իսկապես հաղթեց՝ Հայաստանում երկար տարիներ իշխած օլիգարխիական, կոռուպցիոն համակարգին: Հաղթեց առանց որևէ բռնության, հաղթեց առանց որևէ զոհի, հաղթեց առանց որևէ զենքի: Վեր բարձրացրած բաց ձեռքերով»:  
10:40 - 11 ապրիլի, 2019
ԵԽԽՎ-ում ելույթ ունենալը ինձ համար առանձնահատուկ է. Փաշինյանը անցյալից դրվագ է հիշել |aysor.am|

ԵԽԽՎ-ում ելույթ ունենալը ինձ համար առանձնահատուկ է. Փաշինյանը անցյալից դրվագ է հիշել |aysor.am|

aysor.am: «1999 թվականի ամռանը, լինելով «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր՝ ես սպասում էի իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճռին։ Քրեական գործի հարուցման առիթը իմ խմբագրած թերթում լույս տեսած մի հրապարակումն էր։ Դատախազը պահանջել էր ինձ դատապարտել 3 տարվա ազատազրկման ու բանտ ուղարկել։ Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը շեղվի դատախազի ասածից, բայց այդ օրերին հրաշքի նման բան տեղի ունեցավ՝ դատարանը ինձ դատապարտելով մեկ տարվա բանտային ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ՝ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի։ Հետո պարզվեց՝ սրա պատճառը մեկն է՝ Հայաստանը այդ օրերին պատրաստվում էր ԵԽ անդամ դառնալ և անդամակցության հետ կապված հարցերը քննարկելու համար Հայաստան էր այցելելու այդ ժամանակ ԵԽԽՎ նախագահ Լորդ Ռասել Ջոնսոնը։ Այդ ժամանակվա իշխանությունները հասկացել էին, որ խմբագրին բանտ ուղարկելը այնքան էլ լավ ֆոն չէ նման պաշտոնյայի այցի համար։ Ջոնսոնը իր այցի ընթացքում խոսել էր իմ խնդրի մասին, և իշխանությունները խոստացել էին, որ ես բանտ չեմ գնա։ Այդպես էլ եղավ։ Ջոնսոնի այցից հետո իմ դատավճիռը դարձավ պայմանական ու ես չհայտնվեցի բանտում»։
10:30 - 11 ապրիլի, 2019
ՀՀ վարչապետը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ

ՀՀ վարչապետը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-ի երեկոյան ժամանել է Ստրասբուրգ. ապրիլի 11-ին սկսվել է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ: Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ էր: Մինչ հանդիպումը վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»:  ԵԽԽՎ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Եվրոպայի խորհուրդ` նշելով, որ ուրախ է Նիկոլ Փաշինյանին կրկին հանդիպելու համար` այս անգամ արդեն Ստրասբուրգում: Նա գոհունակություն է հայտնել մարտի վերջին Հայաստան կատարած իր այցի կապակցությամբ, որի շրջանակում արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ, ելույթով է հանդես եկել Ազգային ժողովում և մասնակցել է Երևանում «Եվրոպայի հրապարակի» բացմանը: Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ ՀՀ վարչապետի այցի հագեցած օրակարգը` բարձր մակարդակի հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների հետ, Հայաստանի վարչապետի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնապես բացումը  վկայում է Հայաստան-ԵԽ գործընկերության արդյունավետ ընթացքի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին: ԵԽԽՎ նախագահի խոսքով` ԵԽ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ: ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մարտի վերջին Երևանում ԵԽԽՎ նախագահի հետ ունեցած հանդիպումը և ուրախ է կրկին տեսնել Լիլիան Մորի-Պասկիեին` այս անգամ Ստրասբուրգում: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ԵԽ և ԵԽԽՎ լիարժեք անդամ է, և գոհունակություն հայտնել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ընթացքից, որի բարձր մակարդակը վերահաստատվեց մարտ ամսին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների և ԵԽԽՎ նախագահի այցերի արդյունքներով, Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական վիճակի վերաբերյալ զեկույցով և գնահատականներով: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵԽ գործընկերության 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող քայլերին և կարևորել դրա շրջանակում երկուստեք ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարեփոխումների մեծ օրակարգ ունի, և այդ գործում ԵԽ աջակցությունը կարևոր է: ԵԽԽՎ նախագահը ողջունել է մեր երկրում ժողովրդավարական փոփոխությունների իրականացումը և վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:
09:51 - 11 ապրիլի, 2019
ԵԽ գլխավոր քարտուղարը հայտնել է բարեփոխումների իրականացման ճանապարհին Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին |armenpress.am|

ԵԽ գլխավոր քարտուղարը հայտնել է բարեփոխումների իրականացման ճանապարհին Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին |armenpress.am|

armenpress.am։ Եվրոպայի խորհուրդն ամեն ինչ կանի երկրում բարեփոխումների իրականացման ճանապարհին Հայաստանին աջակցելու համար: Այս մասին ապրիլի 11-ին Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: «Մենք արդեն տեսել ենք, որ նոր կառավարությունը բարեփոխումների օրակարգ ունի, որը շատ կարևոր է մեզ համար: Շատ կարևոր է տեսնել, թե ինչպես է ընդդիմությունը վերաբերում դրանց, ինչպես են այդ փոփոխությունները լուսաբանում լրատվամիջոցները, հատկապես` հակակոռուպցիոն պայքարը: Անկախ լրատվամիջոցները, անկախ դատական համակարգը շատ կարևոր են, կարծում եմ, որ սա է նոր կառավարության օրակարգը: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք դրանց»,- ասաց Յագլանդը:
09:20 - 11 ապրիլի, 2019
Փաշինյանի արձագանքից հետո մաքսատան աշխատակիցը աշխատանքից ազատման դիմում է գրել |azatutyun.am|

Փաշինյանի արձագանքից հետո մաքսատան աշխատակիցը աշխատանքից ազատման դիմում է գրել |azatutyun.am|

azatutyun.am։ Նիկոլ Փաշինյանի երեկվա կտրուկ արձագանքից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանը: Հենց նրան վարչապետը նկատողություն արեց կեցվածքի ու այնուհետ էլ՝ աշխատասենյակի ոչ պատշաճ վիճակի համար։«Ով որ էս սենյակում աշխատել է էդ դրոշի պայմաններում, ոչ մեկ չաշխատի, ոչ մեկ», - նշեց Փաշինյանը։ Գործադիրի ղեկավարի զայրույթի պատճառը մաքսատան աշխատասենյակում տեղադրված անխնամ դրոշն էր։ Պետեկամուտների կոմիտեից տեղեկացնում են՝ աշխատակցին մաքսատան ղեկավար կազմից ոչ ոք չի ճնշել աշխատանքից հեռանալու նպատակով. մաքսային ծառայողն իր կամքով է դիմումը գրել, հերթափոխի մյուս աշխատակցի հեռացման վերաբերյալ էլ դեռ տեղեկություն չկա։ Նա, ի դեպ, այսօր ծառայության էր. հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։ «Ես ինֆորմացիա իրավունք չունեմ ձեզ տալու առանց իմ վերադասի թույլտվության», - ասաց մաքսայինի աշխատակիցը։Երեկ մեզ հետ զրույցում դիմումը գրած Հայկ Մարտիրոսյանն ասել էր՝ իրենք նոր են տեղափոխվել այդ աշխատասենյակ, դրոշն էլ այլ տեղից է բերվել։ Վարչապետի այցից հետո արդեն տարածքում նոր ցուցանակներ էին հայտնվել՝ պահպանել մաքրությունը, չծխել գրություններով, իսկ սարդոստայնները՝ դեռ տեղում էին։ Վարչապետն այսօր «Ազատությանն» ասաց՝ դեռ չի ստացել մաքսային ծառայողների աշխատանքից հեռացվելու վերաբերյալ զեկույցը, սակայն իր մտադրությունը չի փոխել։Հարցին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ ազատվեն աշխատանքից այդ աշխատողները, նա արձագանքեց. - «Ես մի բանը մի անգամ եմ ասում»։
05:21 - 11 ապրիլի, 2019