Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Վարչապետն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին

Վարչապետն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Էռնեկյան» ընկերության տնօրեն Խորխե Դել Ագիլան և «Արմենիա» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը և դրանց ընդլայնման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, «Հայփոստ» ՓԲԸ հետագա գործունեությանը, Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրին վերաբերող հարցերին: Մտքեր են փոխանակվել նաև ավիացիոն շուկայի զարգացման և մրցակցության խթանման հնարավորությունների շուրջ: Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ձևավորված համագործակցության մթնոլորտից և փոխադարձաբար վերահաստատել այն էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը: Վարչապետը կարևորել է Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են մեր երկրում բիզնես միջավայրի ակտիվությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա քայլերի շուրջ քննարկումներն ավելի առարկայական շարունակել վարչապետի աշխատակազմի, շահագրգիռ գերատեսչությունների և ընկերության ներկայացուցիչների մակարդակով:
17:26 - 09 ապրիլի, 2019
Վարչապետը հրապարակայնորեն իր վրա էր վերցնում նախագահի որոշ լիազորություններ |fip.am|

Վարչապետը հրապարակայնորեն իր վրա էր վերցնում նախագահի որոշ լիազորություններ |fip.am|

fip.am: Փաշինյանը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, քննադատել է նախագահի լիազորությունների կրճատումը։ Այսօր, սակայն, նա նախագահի որոշ լիազորություններ հրապարակայնորեն իր վրա է վերցրել։ Այսօր լրանում է Արմեն Սարգսյանի նախագահության մեկ տարին, որը, անշուշտ, բուռն էր Հայաստանի կյանքում: Ստորև մենք փորձել ենք ուսումնասիրել հարցի կառավարչական կողմը և հասկանալ, թե որքանո՞վ է նախագահն ազդեցիկ Հայաստանում:2015 թվականի հանրաքվեով էական փոփոխությունների ենթարկվեց ՀՀ Սահմանադրությունը։ Այդ փոփոխությունների համաձայն, երկիրը դարձավ խորհրդարանական՝ նախկին կիսանախագահականի փոխարեն։ Իրականում, սակայն, փոխվեց միայն երկրի ղեկավարի պաշտոնը։ Այսինքն, չնայած իշխանության պնդումներին, որ փոփոխությունները երկրի կայացմանն են միտված, դրանք Հայաստանի կառավարումն ավելի միահեծան դարձնելու նպատակ ունեին։ Նախագահի լիազորությունների մեծ մասը փոխանցվեց վարչապետին՝ էլ ավելի մեծ լիազորություններով։ Օրինակ, իրավապահ («ուժային») մարմիններից ամենաազդեցիկները՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, դրվեցին վարչապետի ուղիղ ենթակայության տակ, իսկ նախկինում՝ կառավարությանն առընթեր մարմինների էին` գոնե ֆորմալ առումով։ Ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը` մարդ, որը գործող համակարգը բազմիցս նկարագրել է որպես «սուպերվարչապետական»։ Նա մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Իրապես սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով արդեն ստեղծված է, և ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում»։ Ավելի վաղ` փետրվարին, Փաշինյանը, որպես ընդդիմադիր պատգամավոր, քննադատում էր ի հաշիվ նախագահի վարչապետին տրվող լիազորությունները։ Սակայն որպես վարչապետ՝ Փաշինյանը ոչ միայն ակտիվորեն օգտագործում է իր «սուպերվարչապետական» լիազորությունները, այլ նաև, ժամանակ առ ժամանակ, հրապարակային գործունեությամբ ստանձնում է ներկայիս Սահմանադրությամբ հիմնականում արարողակարգային դեր ունեցող նախագահի լիազորությունները։Դրա ամենավառ օրինակը հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածն էր։ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում տասնյակ հազարավոր աջակիցների առջև ստորագրեց ԲՀԿ և ՀՅԴ նախարարներին ազատելու մասին հրամաններ, որոնք իրականում աշխատանքից ազատելու առաջարկներ էին նախագահին։ Նախարարներին աշխատանքից ազատում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, ինչն Արմեն Սարգսյանն արեց հաջորդ օրը։ Այս ընթացակարգը Սահմանադրության 131-րդ հոդվածով է ամրագրված՝ «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում»։ Երկրորդ դեպքը, որում Փաշինյանը փաստացի ստանձնեց նախագահի դերը, արտահերթ ընտրությունների օրը հայտարարելն էր։ Ըստ Սահմանադրության 93-րդ հոդվածի, Ազգային ժողովի ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: Նոյեմբերի 1-ին Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին՝ նախքան նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրումը։ Եվ վերջում, հոկտեմբերի 31-ին Փաշինյանը հայտարարեց Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին։ Գործող Սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն, նախագահն է պարգևատրում ՀՀ շքանշաններով և մեդալներով, ինչպես նաև շնորհում պատվավոր կոչումներ։ Ըստ «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի, նախագահին պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները: Մի կողմ դնելով այն, որ այս երկու դրույթներն իրար հակասում են, փաստենք, որ Փաշինյանն այս դեպքում ևս հանդես է գալիս նախագահի լիազորություններով՝ հայտարարելով, որ ինքն է որոշում կայացրել Մանարյանին կոչում շնորհելու մասին: Իրականում, վերոգրյալ դեպքերում նա միայն իրավասու է եղել առաջարկություններով հանդես գալ նախագահին։
09:32 - 09 ապրիլի, 2019
Ես սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից. Նիկոլ Փաշինյան

Ես սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից. Նիկոլ Փաշինյան

civilnet.am: Քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, որևէ բանակցություն արդյունավետ չէ, բայց հանդիպումը գնահատվել է կառուցողական և դրական և այդ մտքի հետ բոլորս համաձայնել ենք․ երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ԱԺ-ում հանդիպում ուներ իշխող կուսակցության պատգամավորների հետ։ «Քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, որևէ բանակցություն արդյունավետ չէ: Բայց հանդիպումը գնահատվել է կառուցողական և դրական և այդ մտքի հետ բոլորս համաձայնել ենք»,- ասաց նա։Կրկին մեկնաբանելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայտարարությունը՝ վարչապետը նշեց, որ հարցին արդեն բազմիցս անդրադարձել են: «Մենք ասում ենք՝ մեզ մի վախեցրեք պատերազմով, որովհետև մենք պատերազմից վախեցողը չենք: Պաշտպանության նախարարի ասածի մեջ որևէ ապակառուցողական բան չկա: Մենք ամեն բան անելու ենք, որ խաղաղության օրակարգն առաջ քաշենք: Բայց այս ամենն ասելով՝ թող ոչ ոք չկարծի, որ մենք վախենում ենք պատերազմից: Եթե մեկը մտածում է, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսի, Հայաստանը հանձնվելու է, ուրեմն միամիտ է: Մենք ասում ենք, որ պետք է հակամարտությունը լուծվի խաղաղությամբ: Պետք չէ անընդհատ խոսել պատերազմից: Ինչքան պատերազմից մենք վախենալու բան ունենք, այդքան էլ Ադրբեջանն ու տարածաշրջանն ունի, որովհետև պատերազմի մեջ փլավ չեն բաժանում: Մեզ առաջարկվող պատերազմին մենք հարկադրելու ենք խաղաղություն: Դա մեր պատերազմը չի լինելու, որովհետև մենք ոչ մեկին չենք պարտադրում պատերազմ, բայց եթե պատերազմ լինի, մենք հարկադրելու ենք խաղաղություն: Պետք չէ բոլոր հանդիպումներից առաջ և հետո խոսել պատերազմից: Նույն հայտարարության մեջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և 2 արտգործնախարարների, գրվել է, որ կողմերը պայմանավորվել են պահպանել և ակտիվացնել հրադադարի ռեժիմը: Կա՞ հնարավորություն, որ մենք դրժենք այդ պայմանավորվածությունը, ո՛չ, չկա: Իսկ եթե որևէ մեկը դրժի, չի նշանակում, որ մենք չենք պաշտպանվելու: Ես հուսով եմ՝ Ադրբեջանի նախագահն էլ չի դրժի այս պայմանավորվածությունը, որովհետև դրա գրավոր տարբերակն էլ կա՝ գրված ու ստորագրված: Մենք ընդամենը բոլորի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ պատերազմի մասին է խոսում: Եկեք խաղաղության օրակարգ ձևավորենք և խոսենք խաղաղության օրակարգի շուրջ, սա է մեր ուզածը: Բայց ես էլի եմ ասում, սա պետք չէ ընդունել որպես վախ, մենք վախեր չունենք: Երբ մենք կկարողանանք երկուստեք ապահովել 2 կողմերի գյուղերի անվտանգությունը և կկարողանանք երաշխավորել, որ կողմերը այլևս չեն կրակի ու հատկապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, դա կլինի մարդասիրություն:Ես կրկնում եմ, այն, ինչ համանախագահների և արտգործնախարարների անունից հրապարակվել է, ես բնականաբար տեսել եմ և ամեն բառի հետ համաձայն եմ, այո, եղել է կառուցողական հանդիպում:  
07:02 - 09 ապրիլի, 2019
Քննարկվում է ԱՄԷ-ՀՀ երրորդ ուղիղ ավիաչվերթի հնարավորությունը. հանդիպում ԱՄԷ դեսպանի հետ

Քննարկվում է ԱՄԷ-ՀՀ երրորդ ուղիղ ավիաչվերթի հնարավորությունը. հանդիպում ԱՄԷ դեսպանի հետ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում դրանք կբարձրանան նոր մակարդակի: Կառավարության ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջև նկատվում է տնտեսական համագործակցության աշխուժացում և առկա են լավ հնարավորություններ՝ գործարար կապերին նոր թափ հաղորդելու համար: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն զարգացնում են փոխգործակցությունը նաև զբոսաշրջության ոլորտում, ինչը նպաստում է երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը: Մուհամմադ Իսա Ալ Զաաբը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու խորացման նպատակով: Դեսպանը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ներդրումների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և հումանիտար այլ ոլորտներում: Նա տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է Հայաստանի հետ երրորդ ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունը, ինչը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Մուհամմադ Իսա Ալ Զաաբը նշել է, որ ԱՄԷ կառավարությունը պատրաստ է քննարկել ներդրումային ծրագրեր՝ Հայաստանի հետ համատեղ իրականացնելու նպատակով: Երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման առումով զրուցակիցները կարևորել են առաջիկայում նախատեսված միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը: Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ դրա ընթացքում կկայացվեն կոնկրետ որոշումներ, որոնք միտված կլինեն երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է երկու երկրների միջև ՏՏ ոլորտում համագործակցությունը և հույս հայտնել, որ ԱՄԷ-ի ընկերություններն ակտիվորեն կմասնակցեն աշնանը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: ՀՀ-ԱՄԷ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու տեսանկյունից կողմերը կարևորել են նաև գործարար ֆորումների անցկացումն ու բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ կառավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:  
06:35 - 09 ապրիլի, 2019
Արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանում է Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի չափանիշներին․ Նիկոլ Փաշինյան

Արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանում է Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի չափանիշներին․ Նիկոլ Փաշինյան

Բարգավաճ Հայաստանն ինչի՞ց է բողոքում, որ իրենց կուսակցության ներկայացուցիչը ստորագրե՞լ է ցուցակը։ Ես Պետական պահպանության ծառայությունից գրավոր բացատրություններ եմ պահանջել, և ինձ տվել են փաստաթուղթ, որ քաղաքացիների ցուցակը տվել է Նաիրա Զոհրաբյանը։ Երբ իմացա, ես մտածեցի՝ դա լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և կառավարության դեմ։  Բայց կա հաջորդ երեսը, չէ՞։ Դա Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, լսում էր։ Հիմա հարց եմ տալիս բոլորին․ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մարդ է, թե մարդ չէ։ Թող բոլորն այս հարցին պատասխանեն․ հոգևորականները, հանրապետականները, բարգավաճականները, պահպանողականները։  Մարդ է, թե՞ մարդ չէ։ Եկեք սկսենք այս եզրույթից։  Երկրորդը, այն պահվածքը, որ այս ամենի վերաբերյալ ցուցաբերում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, ընդհանրապես կասկածի տակ է դնում ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը։  Ես կարծում եմ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը պետք է մտածի ընդհանրապես, արդյո՞ք իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է։ Ինքը համապատասխանու՞մ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու նվազագույն չափանիշներին։ Սա քաղաքական պրովոկացիա է՝ թիրախները ուղղված Իմ քայլը խմբակցությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
06:34 - 09 ապրիլի, 2019
Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ:  ՀՀ վարչապետն ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին: Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ: ՀՀ վարչապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:Այցի շրջանակում նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
06:14 - 09 ապրիլի, 2019
Խոսքն ուղղված է ադրբեջանցի կանանց, դրան առաջինն արձագանքել են ՀՀԿ կանայք․ Նիկոլ Փաշինյան

Խոսքն ուղղված է ադրբեջանցի կանանց, դրան առաջինն արձագանքել են ՀՀԿ կանայք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոր տեսա, որ «Ամերիկայի ձայնին» Աննայի տված հարցազրույցի վերաբերյալ որոշ հանրապետականներ աղմուկ են բարձրացրել։ Ի՞նչ է ասել Աննան այդ հարցազրույցում։ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին խոսելով ասել է (մեջբերում եմ). «Մենք խոսում ենք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ ադրբեջանի կանանց դիմելը չէ։ Մենք դիմում ենք ոչ թե ադրբեջանի կանանց, այլ դիմում ենք ըստ էության ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին՝ կողմերին եւ միջնորդություն իրականացնող երկրներին, կոչը նրանց մեկն է ընդամենը, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որպեսզի չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին, ինչպես հայկական կողմից, այնպես էլ Ադրբեջանի կողմից։ Այսինքն՝ այս նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է եւ նրանց ուղղակի չզոհաբերելը՝ հանուն ոչնչի։ Որովհետեւ հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետեւ ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ ընդհակառակը հեռացրել են կարգավորումից, որովհետեւ հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել։ Եւ այս նախաձեռնության միակ իմաստը այդ կյանքերը խնայելն է՝ երկու կողմից էլ։ Ադրբեջանցիների կանանց ուղղված խոսքը հետեւյալն է՝ ընդամենը առաջարկություն, որ իրենք նույնպես միանան այս նախաձեռնությանը եւ իրենց հերթին կոչ անեն իրենց ղեկավարությանը երբեւէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլում չդիմել ուժի կիրառմանը եւ չդիմել պատերազմի, որովհետեւ բացի այն որ կանայք իրավունք ունեն այդ հորդորն ուղղել տղամարդկանց որպես մայր, որպեսզի խնայեն իրենց որդիների կյանքը, նաեւ կյանքը ցույց տվեց, իրադարձությունները ցույց տվեցին, որ փորձ արվեց  ադրբեջանի կողմից դիմել բռնության, ուժի կիրառման, պատերազմ հրահրվեց, որը կրկին ավարտվեց ոչնչով, եւ նրանց պատկերացումներն իրականություն չդարձան եւ այդ դեպքում էլ մենք ունեցանք ուղղակի զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին, ինչը անթույլատրելի է պարզապես։ Եւ ես հույս ունեմ, որ ադրբեջանցի կանայք նույնպես կարձագանքեն եւ իրենք իրենց հերթին կոչ կանեն հակամարտող կողմերին, իրենց ղեկավարությանը՝ երբեւէ չդիմել զենքի ուժին» (մեջբերման ավարտ): Հիմա, ոմանք փորձ են անում պնդել, թե Աննան ասել է, թե մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի։ Սա պարզ մանիպուլյացիա է, որովհետեւ ասվածի իմաստը ուղիղ հակառակն է եւ ամբողջ միտքը ամփոփվում, գագաթնակետին է հասնում հետեւյալ նախադասության մեջ. «Նաեւ կյանքը ցույց տվեց, իրադարձությունները ցույց տվեցին, որ փորձ արվեց ադրբեջանի կողմից դիմել բռնության, ուժի կիրառման, պատերազմ հրահրվեց, որը կրկին ավարտվեց ոչնչով, եւ նրանց պատկերացումներն իրականություն չդարձան եւ այդ դեպքում էլ մենք ունեցանք ուղղակի զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին, ինչը անթույլատրելի է պարզապես»: Այսինքն՝ ասվածի էությունը հետեւյալն է, որ հանուն ոչնչի զոհվում են ադրբեջանցի զինվորները, որոնք իրենց իշխանությունների հրամանով գրոհում են ԼՂ սահմանները, եւ ինչպես ցույց տվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, զոհվում են հանուն ոչնչի։ Որովհետեւ նրանց այդ գրոհները ղարաբաղյան հակամարտության իրավիճակում ոչինչ չեն փոխում։ «Կրկին ավարտվեց ոչնչով»,- ասում է Աննան։ Կրկին. այսինքն՝ նկատի է առնվում նաեւ «հանուն ոչնչի» ձեռնարկված նախորդ գրոհները, որոնցում Ադրբեջանը զոհել է իր զինվորներին, բայց իրավիճակը կրկին չի կարողացել փոխել։ Այսինքն՝ իր զինվորներին զոհել է հանուն ոչնչի։ Նաեւ մեր զինվորներին է սպանել, փաստորեն, հանուն ոչնչի: Իհարկե, ՀՀԿ-ի ազդեցության տակ ընկած ընթերցողը կհարցնի. իսկ ինչու՞ է ասում մենք։ Երկու պատճառով. նախ որովհետեւ զինվորները զոհվում են բոլորիս գործողությունների արդյունքում, այդ թվում մեր ձեռնարկած պաշտպանական գործողությունների, եւ հետո՝ «մենք»-ը հակամարտության բոլոր կողմերն են, նաեւ միջնորդները, որոնք տվյալ ասելիքի համատեքստում հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն։ Եւ հետո, միավորող նախաձեռնության իմաստն այն է, որ բոլոր կողմերին ընկալում է որպես մեկ ամբողջություն։ Հետեւաբար, վերը նշված ասելիքը որեւէ կերպ չի կարող վերաբերվել հայկական կողմին, որովհետեւ հայկական կողմը որեւէ զինվորի չի զոհաբերում։ Զինվորներին զոհաբերում է ադրբեջանական կողմը, որը մարդկանց ուղարկում է զոհվելու՝ պարզապես հանուն ոչնչի, որովհետեւ նրանց զոհվելով իրավիճակում ոչինչ չի փոխվում։ Չեմ կարծում թե այս միտքը շատ բարդ է եւ ՀՀԿ ինտելեկտուալները սա չեն հասկանում։ Իհարկե, հասկանում են, պարզապես նրանց էնքան ասելիք չունեն, որ իրենց իշխանության տարիներին անկյուններում պախկված պետավտոտեսուչի պես խոշորացույցն առած օրերով մտածում են, թե ում բառերը ոնց կարող են նենգափոխել։ Ապացույցը՝ Աննայի այդ հարցազրույցը համացանցում է ուղիղ մեկ շաբաթ, բայց աղմուկ բարձրանում է միայն հիմա, որովհետեւ մի շաբաթ նստել աշխատել են մարդիկ, թե ոնց ծռեն բովանդակությունը։ Հետո մտածել են՝ ինչքան փող ծախսեն, ինչքա՞ն ֆեյք բացեն, որ նաեւ բազմաթիվ ազնիվ քաղաքացիների վրա կարողանան թյուր տպավորություն թողնել։ Ի դեպ, հազարավոր զոհերի մասին. մեր տեղեկությունների համաձայն ապրիլյան պատերազմում ադրբեջանցի զոհերի թիվը անցել է հազարը։ Եւ ի վերջո, պաշտպանվող կողմը չի կարող զոհվել հանուն ոչնչի, որովհետեւ նա զոհվում է հանուն հայրենիքի անվտանգության, հայրենիքի պաշտպանության։ Այդ հարձակվող կողմն է զոհվում հանուն ոչնչի, երբ չի կարողանում ձեռք բերել ոչինչ։ Ու չի' կարողանալու ձեռքբերել ոչինչ, որովհետեւ մեր սահմանները պահում է հայոց անպարտելի զինվորը»։ Հ. Գ. Չնայած խոսքը ուղղված է ադրբեջանցի կանանց, դրան առաջինը արձագանքել են ՀՀԿ կանայք, թյուրիմացության մեջ գցելով մեր մի շարք սիրելի մայրերի»:
05:31 - 09 ապրիլի, 2019
Պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում խաղաղությունը պարտադրելու օրակարգով. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում խաղաղությունը պարտադրելու օրակարգով. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Վիեննայի քննարկումներում ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում բարձրացված բանաձևը եղել է քննարկման հիմնական առանցքը: Այս մասին այսօր Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելը չի կարող արցախյան հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել: Դա պատասխանատվություն է, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր 3 կողմերը: Դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, և հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանում համապարփակ խաղաղություն և կայունություն հաստատելը կարևորագույն ու մեծագույն խնդիրն է, որին հասնելու համար պետք է հետևողական աշխատել՝ դրա հիմքում դնելով ճշգրիտ բանաձևեր. «Խաղաղության մեր բանաձևը բարձրացրել եմ մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում»,- ասաց նա: «Հաջորդ խնդիրը, որ մենք առաջադրել ենք, վերաբերում է մադրիդյան սկզբունքներին: Ինչպես Ստեփանակերտում ասել եմ, նույնկերպ ասել եմ նաև Վիեննայում, որ ինձ համար, որպես բանակցային գործընթացին նոր ներգրավված մարդ, անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ՝ ինչ կարող են նշանակել մադրիդյան սկզբունքները գործնականում, ինչ հնարավոր ելքերի կարող են հանգեցնել այս սկզբունքների շրջանակներում ընթացող բանակցությունները: Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել և միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք՝ որքանով են ընդունելի, և որքանով են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար և, ընդհանրապես, ընդունելի են, թե ոչ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև հայտարարեց, որ սպառնալիքներով ժողովուրդների հետ չեն խոսում՝ նկատի ունենալով Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարների հայտարարությունները: «Դիմացի ժողովրդի հասցեին սպառնալիքներով հանդես եկող ցանկացած ոք սպառնալիքներով անուղղակի հանդես է գալիս նաև սեփական ժողովրդի նկատմամբ: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում խաղաղությունը պարտադրելու օրակարգով»,- նշեց նա: Անդրադառնալով ԵԿՄ համագումարին՝ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այն իսկապես կդառնա բոլոր ազատամարտիկների համախմբման համագումար, և արդյունքում կազմակերպությունը նոր շունչ և տրամադրություն կստանա: «Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ մենք ի վիճակի ենք «թղթե շերեփով աղերսողի» մեր ճակատագիրը փոխարինել «երկաթե» ձեռքով, խաղաղասեր մտքով և անպարտելի ոգով խաղաղություն պարտադրել և ոչ թե աղերսել: Խաղաղություն պարտադրել ենք մեզ պարտադրված պատերազմում, բայց պատմական այս վստահությունը մեզ ամենևին էլ ագրեսիվ և ռազմատենչ չի դարձրել»,- ասաց վարչապետը:
09:53 - 07 ապրիլի, 2019
Գյումրի աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն այցելել է ռուսական 102-րդ ռազմաբազա, քաղաքային ավտոկայան և «Շիրակ» օդանավակայան, հանդիպել տնակային ավանի բնակիչներին

Գյումրի աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն այցելել է ռուսական 102-րդ ռազմաբազա, քաղաքային ավտոկայան և «Շիրակ» օդանավակայան, հանդիպել տնակային ավանի բնակիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազա: Ռազմաբազայի հրամանատարությունը կառավարության ղեկավարին է ներկայացրել զինծառայողների համար ստեղծված կենցաղային և աշխատանքային պայմաններն ու հարմարությունները: Վարչապետը եղել է ռազմաբազայի թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի մատյանում և այցելել ռազմաբազայի տարածքում գործող եկեղեցի: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Գյումրիի քաղաքային ավտոկայան, որտեղ քաղաքային իշխանությունների և կառավարության պատասխանատուների հետ քննարկել է ավտոկայանի հետագա գործունեությանը, մասնավորապես՝ հիմնանորոգմանը և այն տրանսպորտային հանգույց դարձնելու հնարավորություններին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան, որտեղ հավատարմագրային կառավարիչ հանդիսացող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ղեկավարները վարչապետին են ներկայացրել ընթացիկ ներդրումային ծրագրերը: Նշվել է, որ արդեն իսկ «Շիրակ» օդանավակայանում իրականացվել է ենթակառուցվածքների բարելավմանը և տեխնիկական հագեցվածության ապահովմանն ուղղված ծրագիր: Ընթացիկ տարում նախատեսվում է օդանավակայանում նոր ներդրումների արդյունքում կառուցել ժամանումների նոր սրահ, վերանորոգել կառամատույցը և լուծել այլ լոգիստիկ խնդիրներ: Նշվել է, որ տարեկան ուղևորահոսքն արդեն իսկ հատել է 200 հազարի սահմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է «Շիրակ» օդանավակայանի զարգացման ծրագիրը և համոզմունք հայտնել, որ Գյումրիում ընդհանուր առմամբ իրականացվող ենթակառուցվածքների բարելավմանը միտված քայլերը կնպաստեն քաղաքի գրավչության բարձրացմանը, տնտեսական աշխուժացմանն ու զբոսաշրջային ծավալների ավելացմանը: Վարչապետն այցելել է նաև Գյումրիի քաղաքային ավտոկայանին հարակից տնակային ավան, հանդիպել է տեղի բնակիչներին, լսել նրանց բնակարանային խնդիրները: Կառավարության ղեկավարը եղել է մի քանի տնակներում և ծանոթացել բնակիչների կենցաղային պայմաններին: Երևան վերադառնալիս վարչապետն այցելել է նաև Մարալիկ ու հանդիպել տեղի բնակիչներին, զրուցել նրանց հետ և լսել խնդիրները: * * * ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 20-ի որոշման համաձայն՝ Շիրակի մարզի քաղաքային և գյուղական բնակավայրերում իրականացվել է պետական, համայնքային, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող տարածքներում տեղակայված ոչ հիմնական շինությունների փաստագրման գործընթաց: Փաստագրվել են թվով 3517 ժամանակավոր կացարաններ, որից Գյումրի քաղաքում՝ 2858, Արթիկում՝ 5 և 17 գյուղական բնակավայրերում՝ 654: Վարչապետի նույն որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն իրականացնելու է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու, քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու, ինչպես նաև խնդրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը հաշվարկելու գործընթաց: Գործընթացն ավարտին է հասցվելու մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը: Գյումրու ավտոկայանի տնակային 104-րդ ավանում առկա է 164 տնակ:
16:55 - 05 ապրիլի, 2019
Վարչապետը ցավակցել է Դանելիայի հարազատներին և մտերիմներին |PanARMENIAN.Net|

Վարչապետը ցավակցել է Դանելիայի հարազատներին և մտերիմներին |PanARMENIAN.Net|

PanARMENIAN.Net: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.«Խոր վշտով տեղեկացա մեծանուն կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան մասին: «Ես քայլում եմ Մոսկվայով», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Մի վշտացիր» և հանրահայտ այլ ֆիլմերի շնորհիվ Գեորգի Դանելիան նվաճեց լայն հանդիսատեսի մեծ համակրանքն ու սերը: Նրա ստեղծած կինոհերոսներին հատուկ են անկեղծությունը, լավատեսությունն ու անգերազանցելի հումորը: Նրանք հաստատում են բարին ու գեղեցիկը, սերն ու հավատարմությունը»: Վարչապետը Հայաստանի ժողովրդի անունից ցավակցել է Գեորգի Դանելիայի հարազատներին և մտերիմներին»: Խորհրդային և ռուսական կինոյի հայտնի ռեժիսոր Գեորգի Դանելիան մահացել է 88 տարեկանում Մոսկվայում: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է (1989): 1959 թվականին Գեորգի Դանելիան սկսել է աշխատել «Մոսֆիլմում» որպես բեմադրող-ռեժիսոր։ Դանելիայի առաջին ֆիլմը՝ «Սերյոժա», (նկարահանել է Իգոր Տալանկինի հետ համատեղ) գրավեց քննադատների ու հանդիսատեսի ուշադրությունը։ Գեորգի Դանելիայի ծրագրային աշխատանքը դարձավ «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմը, որը մշակութային իսկական իրադարձություն էր խրուշչովյան հալոցքի տարիներին։ Սկսած «Երեսուներեք» (1965) ֆիլմից՝ ռեժիսորը դիմում է սատիրայի ժանրին և դառնում կատակերգության ժանրի ճանաչված վարպետ։ Դանելիայի ստեղծագործությանը հատուկ է խորը սատիրան, նուրբ քնարականությունը և հերոսների հոգեբանական կերպարի բացահայտումը։ 1967-1970 թվականներին մի քանի մանրապատումներ է ստեղծել «Ֆիտիլ» սատիրական ամսագրի համար։Գեորգի Դանելիային մեծ հռչակ բերեցին հատկապես այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա»։
08:26 - 05 ապրիլի, 2019
Վարչապետը և Գերմանիայի ՍԴ նախագահը քննարկել են իրավական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետը և Գերմանիայի ՍԴ նախագահը քննարկել են իրավական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին: Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում հայ-գերմանական հարաբերությունները նոր թափ են ստացել, ինչի մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնական պարբերական փոխայցերն ու հանդիպումները: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է երեկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ դա ազդակ կհանդիսանա նաև ԵՄ անդամ մյուս երկրների կողմից վավերացման համար: Անդրադառնալով իրավական ոլորտում հայ-գերմանական համագործակցությանը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում տեղի են ունեցել արմատական քաղաքական փոփոխություններ, որոնց նպատակը օրենքի և իրավունքի գերակայության հաստատումն է և ժողովրդավարության ինստիտուցիոնալ հզորացումը: Այս համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարևորությունը և միջազգային առաջադեմ, այդ թվում՝ գերմանական փորձի ուսումնասիրությունը և փոխանակումը: Գերմանիայի սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեն նշել է, որ գոհունակությամբ հետևում են Հայաստանում ընթացող գործընթացներին և պատրաստ են աջակցել մեր երկրին՝ ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Նա ընդգծել է առհասարակ սահմանադրական դատարանների դերի կարևորությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների հաջող իրականացման գործում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ իրավական համագործակցության հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր, վերահաստատել այդ ուղղությամբ արդեն իսկ առկա արդյունավետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Կողմերը նաև մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգի գործունեության շուրջ:
06:58 - 05 ապրիլի, 2019
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Շեն Յուեյուեին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, և ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալի այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Բարձր գնահատելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ վարչապետն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է քաղաքական, տնտեսական, հումանիտար, տեխնոլոգիական և այլ ուղղություններով փոխշահավետ կապերի զարգացմամբ և ներդրումների ներգրավմամբ: Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ Շեն Յուեյուեն նշել է, որ Չինաստանի համար Հայաստանը բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և Չինաստանը շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ, ներառյալ նաև՝ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմամբ: Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է միջխորհրդարանական կապերի աշխուժացումը՝ նշելով, որ պատգամավորական աշխատանքի տարիներին, որպես ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ, ակտիվ մասնակցել է հայ-չինական բարեկամության ամրապնդման գործին և որպես վարչապետ՝ շարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ: Շեն Յուեյուեն նշել է, որ Չինաստանը բարձր է գնահատում խորհրդարանական գործունեության ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներդրումը երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ, և այժմ պատրաստ է խորացնելու սերտ փոխգործակցությունը: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար՝ կարևորելով միջազգային հանրության աջակցությունը խաղաղ կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ «Մեկ Չինաստան» սկզբունքին: Մշտական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ Չինաստանը շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին՝ կարևորելով հակամարտության լուծումը քաղաքական երկխոսության ճանապարհով և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է ճանապարհաշինության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, օրգանական գյուղատնտեսության ոլորտներում գործակցության զարգացմամբ: Գոհունակություն հայտնելով զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման տեմպերից՝ կողմերն ընդգծել են ուղիղ օդային հաղորդակցության հաստատման ուղղությամբ գործուն քայլերի կարևորությունը: Կոնկրետ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստի կազմակերպումը: Չինաստանի ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալն ասել է՝ ՀՀ վարչապետի նշած ուղղությունները հետաքրքրական են նաև Չինաստանի համար, համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա, և այդ առաջարկներն ինքը կփոխանցի Չինաստանի համապատասխան գերատեսչություններին: Կողմերն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես այժմ ԵԱՏՄ-ում նախագահող երկիր, կշարունակի աջակցել Չինաստան-ԵԱՏՄ կապերի հետագա զարգացմանը: ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի դերը ԵԱՏՄ-Չինաստան համագործակցության գործում և հեռանկարային համարել ներմուծման և արտահանման ոլորտներում գործարար կապերի զարգացմանն ուղղված ծրագրերը: Երկկողմ տնտեսական գործակցության ակտիվացման համատեքստում քննարկվել են հայաստանյան և չինաստանյան գործարարների միջև շփումների աշխուժացման հնարավորությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ այս տարի հոկտեմբերին Երևանում տեղի է ունենալու ՏՏ Համաշխարհային կոնգրեսը և հույս հայտնել, որ չինաստանյան ընկերությունները ևս կմասնակցեն Հայաստանում կայանալիք համաշխարհային տեխնոլոգիական համաժողովին: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ՉԺՀ կողմից նախաձեռնված միջազգային և տարածաշրջանային ծրագրերի, մասնավորապես «Մետաքսի մեծ ճանապարհ» և «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնությունների շուրջ: Ողջունելով այդ ծրագրերը և կարևորելով դրանց տնտեսական նշանակությունը ՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվել դրանց իրագործման գործընթացում:Վարչապետը երախտագիտություն է հայտնել Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրված անհատույց օժանդակության համար, երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի մասին վկայություն համարել Երևանում 2018թ. «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի բացումը, որն արդեն բավական հայտնի է և շուրջ 400 աշակերտ ունի:
18:14 - 04 ապրիլի, 2019
Փաշինյանը հանձնարարել է պատժել ԱԳԼՃԿ-ների տերերին. Դաժան հակահարված կստանան ծնոտին |PanARMENIAN.Net|

Փաշինյանը հանձնարարել է պատժել ԱԳԼՃԿ-ների տերերին. Դաժան հակահարված կստանան ծնոտին |PanARMENIAN.Net|

PanARMENIAN.Net։ ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է ԱԳԼՃԿ-ներում գազի գնի բարձրացման վերաբերյալ ահազանգերին անդրադառնալով:Նա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին առաջարկել է պարզաբանել ստեղծված իրավիճակը:«Գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկով գազի խտությունը եղել է 7.1 խմ, բայց վերջին երեք-չորս օրվա ընթացքում «Հայռուսգազարտից» գազի միջին խտությունն աճել է դառնալով 7.9 խմ: Հետևաբար տնտեսվարողներն համապատասխան ծրագրային փոփոխություններ պետք է անեին, որը չեն արել, արդյունքում սպառողներն ավելի են վճարել», - ասել է Կոտոլյանը:Նա նշել է, որ իր ղեկավարած տեսչական մարմինը զգուշացրել է տնտեսվարողներին ամեն օր փոփոխություն կատարել իրենց դիսպենսերներում և խտության ճիշտտեղադրել, որպեսզի սպառողները ստիպված չլինեն ավելի շատ գումար վճարել:«Գազպրոմ Արմենիան» ամեն օր գազի խտություն է տալիս, և ԱԳԼՃԿ-ներն ամեն օր պետք է անեն համապատասխան կարգավորումներ: Դրանց սեփականատերերի հետ զրուցել ենք և հորդորել ամեն օր գազի հստակ խտությունը ներմուծել ծրագրի մեջ: Այլապես մենք որակում ենք սա միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում», - ասել է Կոտոլյանը:Վարչապետը դիմել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ հետաքրքրվելով, թե հնարավոր է սա գազալցակայանների սեփականատերերի պրովակացիան լինի՝ ի պատասխան ոլորտում ստվերի կրճատման դեմ ՊԵԿ-ի վարած քաղաքականության:«Տեսականորեն հնարավոր է: Գազալցակայանները հնարավորություն ունեն և խմ-ով, և կգ-ով ցուցմունքն ապահովելու: Այդ ցուցմունքն ամեն առավոտյան մուտք է արվում համակարգ», - ասել է Անանյանը: Վարչապետը հրավիրել է բոլորի ուշադրությունը մամուլում շրջանառվող մանիպուլյատիվ այն տեղեկությունների վրա, որ գազի գնի փոփոխությունը կառավարության որոշումների հետևանք է:«Նախ ուզում եմ արձանագրել, որ որևէ նման որոշում չի եղել: Նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկություն կար, որ կառավարության օրենքի նախագիծը, համաձայն որի գազալցակայանները գազը կտրամադրեն ոչ թե խմ-ով, այլ կգ-ով, ազդել է գազի գնի վրա: Այդ նախագիծն ԱԺ-ն նույնիսկ չի քննարկել: Երրորդ՝ այդ որոշման նախագիծը չի կարող գազի գնի բարձրացման պատճառ դառնալ, և ոմանք փորձում են մանիպուլյացիա անել, այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Ես դարձյալ ուզում եմ կրկնել, որ եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, որ իրենք կարողանալու են այդ իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել սխալվում են: Ես վերջին անգամ ուզում են զգուշացնել բոլորին՝ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստատան, անձնապես բոլորն առանց բացառության: Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժը կզգան իրենց ծնոտին», - ասել է վարչապետը:Փաշինյանը հանձնարարել է ՊԵԿ-ին և ՇՎՏՄ-ին խիստ պատժի ենթարկել չարաշահումներ իրականցնող տնտեսվարողներին:«Ուրեմն ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք, չլինի ՀՀ-ում գազալցակայան, որ ՀԴՄ չխփի: Եթե պետք է այն ճանապարհով գնանք, որ ԱԳԼՃԿ-ները ՀԴՄ խփեն ու սնանկանան, չնայած դա բացառվում է, ուրեմն թող սնանկանան», - ասել է վարչապետը:
08:26 - 04 ապրիլի, 2019