ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավարին

Մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ՍՊ ընկերություններից մեկն ինքնակամ զավթել է 2240մ2 մակերեսով հողատարածք և այնտեղ իրականացրել ինքնակամ շինարարություն, իսկ Աբովյան համայնքի ղեկավարը, ում վրա իրավական ակտերով պարտականություն է դրված կանխել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթումը, շենքերի, շինությունների ինքնակամ կառուցումը և ապօրինի շինարարության հետևանքները վերացնելը, բավարարվել է միայն ընկերությանը 400 000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելով:Արդյունքում՝ համայնքի ղեկավարի առերևույթ դիտավորությամբ դրսևորած անգործության հետևանքով տևական ժամանակ շարունակվել է ինչպես ինքնակամ հողազավթումը, այնպես էլ՝ ինքնակամ շինարարությունը:Աբովյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:Նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:49 - 04 մարտի, 2020
Սուրեն Պապիկյանի անձնական տվյալները հրապարակելու գործով մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի

Սուրեն Պապիկյանի անձնական տվյալները հրապարակելու գործով մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի

Անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքի` վերջինս առանց ծառայողական անհրաժեշտության, օրենքով սահմանված նպատակի և այլ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում, 2020 թվականի հունվարի 9-ին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը: Հիշյալ աշխատակիցը ԱԱԾ ստորաբաժանման պետի պահանջով ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացել և վերջինիս է փոխանցել Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, որը պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի մանրամասն տեղեկություններ դատվածության, դատավճռով նշանակված պատժաչափի և այլ հանգամանքների վերաբերյալ: Այդ կերպ ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել Սուրեն Պապիկյանի իրավունքներին և օրինական շահերին: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:56 - 02 մարտի, 2020
Պաշտոնեական լիազորություններն անցնելու համար ԱԱԾ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

Պաշտոնեական լիազորություններն անցնելու համար ԱԱԾ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդական, ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետ Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:  Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Մ.-ն, 2005-2018 թթ. զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Մ.-ի հետ և նրանից տեղեկանալով, որ վերջինս դժգոհություններ է ունեցել տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Ս. Օ.-ի աշխատանքից, իր ծառայություններն է առաջարկել` նրան այդ աշխատանքների ղեկավարումից հեռացնելու հարցում: 2019 թ. փետրվարին Ա. Մ.-ն բժշկական կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մտադրվել է նվազեցնել հիվանդանոցին պետական պատվերով մատուցվող ծառայությունների համար նախատեսված հատկացումները, և որ հիշյալ բժշկական կենտրոնը զրկվել է համավճարային սկզբունքով բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունից, որպիսի հարցերը լուծելու համար անհրաժեշտ է կազմակերպել, որպեսզի Ս. Օ.-ն կաշառք տա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին:  Ա. Մ.-ն հավաստիացրել է, որ այդ դեպքում Ս. Օ.-ի և Արսեն Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի, և արդյունքում բժշկական կենտրոնի տնօրենը հնարավորություն կունենա ձեռք բերել հիվանդանոցի բաժնետոմսերի՝ Ս. Օ.-ի մասնաբաժինը, որը հավասարապես կբաժանվի իր և տնօրեն Ա. Մ.-ի միջև: Արդյունքում, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բժշկական կենտրոնի տնօրենը 2019թ. մարտի 18-ին իր մոտ է կանչել Ս. Օ.-ին և առաջարկել կաշառք տալ Արսեն Դավթյանին, սակայն Ս. Օ.-ն, մինչ այդ տեղեկացված լինելով ԱԱԾ աշխատակից Ա. Մ.-ի և բժշկական կենտրոնի տնօրենի միջև ձեռք բերված պայմանավորվածության և նրանց` վերը նշված մտադրության մասին, հրաժարվել է կատարել տնօրենի առաջարկը: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի` Ա. Մ.-ի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
17:11 - 02 մարտի, 2020
Չարաշահումներ՝ Ույծի համայնքի միջնակարգ դպրոցում. մեղադրանք է առաջադրվել տնօրենին

Չարաշահումներ՝ Ույծի համայնքի միջնակարգ դպրոցում. մեղադրանք է առաջադրվել տնօրենին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով չարաշահումներ են բացահայտվել «Ույծի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի տնօրենը, հիշյալ պաշտոնը զբաղեցնելով 1999 թվականից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով, մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ, նպատակ ունենալով յուրացման եղանակով պետությունից գումարներ հափշտակել, համայնքի երկու բնակիչների աշխատանքի է ընդունել, ովքեր, սակայն, չեն կատարել իրենց պարտականությունները, իսկ ստացած աշխատավարձը յուրաքանչյուր ամիս ամբողջությամբ տվել են դպրոցի տնօրենին:Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:Նախաքննության ընթացքում, դպրոցի տնօրենի կողմից որպես հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում, ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ ընդհանուր 1.331.664 ՀՀ դրամ գումարը:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:51 - 24 փետրվարի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել

2019 թ հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55 վարույթ է հարուցել: Քանակական առումով ամենաշատ վարույթներ հարուցվել են Ոստիկանության և Քննչական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ` համապատասխանաբար թվով 18 և 15 վարույթ: Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել է 5 վարույթ, պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ` 4 վարույթ, Քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ` 3, Քաղաքացիական ծառայություն իրականացնողների տկատմամբ` 3, Պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ 2 և մեկական վարույթներ Հարկադիր կատարման ծառայողի, համայնքային ծառայողի, դատավորի, դեսպանի և զինծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ: Հանձնաժողովը վարույթների մասին ծանուցել է բոլոր այն անձանց, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել` առաջարկելով համապատասխան ժամկետներում ներկայացնել հայտարարագրերը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
18:31 - 21 փետրվարի, 2020
ՀՀ ՔԿ փոխնախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարական կազմի հետ

ՀՀ ՔԿ փոխնախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարական կազմի հետ

2020թ. փետրվարի 20-ին՝ Ստեփանակերտ քաղաքում, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի, ԱԱԾ ռազմական հակահետախուզության եւ ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հանցավորության վիճակը Պաշտպանության բանակի ենթակա ստորաբաժանումներում, հանցագործությունների կառուցվածքն ու շարժընթացը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերին, ուղիներ նախանշվել՝ նմանատիպ դեպքերը կանխարգելելու եւ բացառելու ուղղությամբ: Հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման գործում կարեւորվել է բոլոր կառույցների ամենօրյա եւ արդյունավետ համագործակցությունը՝ հենված վստահության եւ կառուցողական մոտեցումների վրա:
16:50 - 21 փետրվարի, 2020
Ընտանեկան բռնության ահազանգերը տարվա կտրվածքով գերազանցում են 5000- |epress.am|

Ընտանեկան բռնության ահազանգերը տարվա կտրվածքով գերազանցում են 5000- |epress.am|

epress.am: v class="entry"> 2019 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի կողմից նախապատրաստվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 422 նյութ, վարույթում է գտնվել 635 քրեական գործ: Սակայն իրավապաշտպաններն այլ թվեր են ներկայացնում՝ խնդիրը կապելով օրենքի անկատարության հետ։ Ըստ Քննչական կոմիտեի տվյալների, 2019 թվականի ընթացքում Կոմիտեի վարույթում եղած ընտանեկան բռնության վերաբերյալ վերը նշված 635 քրեական գործերից 14-ը հարուցված են եղել սպանության, 2-ը` անզգուշությամբ մահ պատճառելու, 4-ը` ինքնասպանության հասցնելու, 11-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 12-ը` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և մի շարք այլ հոդվածներով։ 2019 թվականի ընթացքում ավարտվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 468 քրեական գործ, 326 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 129-ը` արդարացման հիմքով, 197-ը` ոչ արդարացման հիմքով: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 128 քրեական գործ: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տեղեկատվության և հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Կոալիցիայի թեժ գծերին ստացված ահազանգերը տարվա կտրվածքով անցնում են 5 հազարը։ Հովհաննիսյանը պատմում է, որ Կոալիցիան ունի երեք թեժ գիծ՝ Կանանց աջակցման կենտրոնը, Կանանց իրավունքների կենտրոնը և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը։ Սակայն իրենք էլ չունեն հստակ վիճակագրություն, աշխատում են տարբեր մեթոդաբանություններով, գրանցում են միայն զանգերը։ Ընտանեկան բռնության ծայրահեղ դեպքերին հիմնականում արձագանքում է Կանանց աջակցման կենտրոնը, քանի որ այն ունի նաև ապաստարանի հնարավորություն․ «Սահմանային դեպքերի պարագայում, երբ մարդու կյանքին վտանգ ա սպառնում, իրենց շուտափույթ տեղափոխում ենք կացարան, մինչև սահմանային վիճակը հանդարտանա։ Այնուհետև իրավիճակի մասին տեղեկացնում ենք ոստիկանությանը»։ Կոալիցիան ոչ բոլոր դեպքերում է դիմում ոստիկանություն, լինում է՝ մարդը հոգեբանական կամ իրավաբանական աջակցության կարիք է ունենում։ Ամեն տարի առնվազն հարյուր կին՝ երեխաների հետ ստանում են ապաստարանային ծառայություն, այն պարագայում, երբ Կոալիցիան ունի ընդամենը մեկ ապաստարան։ Ոստիկանությունը ևս կապ է հաստատում Կոալիցիայի կամ Կանանց աջակցման կենտրոնի հետ, եթե տուժածները ծառայության կարիքն ունեն։ Պետությունն ապաստարաններ չունի․ «Ունեն ճգնաժամային կենտրոններ, որոնց կոալիցիան է վերապատրաստել, որպեսզի կարողանան էդ դեպքերով աշխատել, քանի որ այդ աշխատողները եղել են սոցիալական խոցելի խմբերի հետ աշխատողներ, իրենք ընտանեկան բռնություն երևույթի հետ չեն աշխատել»։ Հովհաննիսյանը նշում է, որ ոստիկանությունը 2000֊ից ավել զանգ է ստացել, սակայն քննչական կոմիտեում  գործ է հարուցվել 422 դեպքերով, մնացածը ընթացք չեն ստացել, ինչն էլ օրենքի բացն է․ «Առաջնային դերում դիտարկվում է ընտանիքի պահպանությունը»։ Ոստիկանությունն իր վրա է վերցնում նաև հաշտեցնողի դերը․ «Այսինքն դու մի կողմից պետք է պաշտպանես մարդու կյանքը, մյուս կողմից ասում ես՝ դե՛ լավ, ընտանիք ա, մի քիչ հաշտ֊համերաշխ ապրեք։ Ընտանիքի համերաշխությունը չի կարող առաջնային դիտարկվել ընտանեկան բռնության պարագայում, որովհետև ընտանեկան բռնությունը վեճ չի, դա պարբերաբար իրականացվող ցիկլիկ պրոցես է անձի իրավունքների դեմ»։ Խնդիրներ են առաջանում նաև դատական պրոցեսներում, երբ, օրինակ, ընտանեկան ֆիզիկական բռնության դեպքերը ներկայացվում են  որպես մեկանգամյա գործողություն, ամբողջ շղթան չի երևում, իսկ պարբերաբար բռնությունները անձի հանդեպ չեն դիտարկվում որպես պատիժը ծանրացնող հանգամանքներ։ Զառա Հովհաննիսյանը նշում է, որ շուտով Կոալիցիան կունենա նաև երկրորդ կացարանը, իսկ իրենց կայքում կստեղծվի վիճակագրական հարթակ, որտեղ էլ կգրանցվեն ընտանեկան բռնության դեպքերը։
16:59 - 19 փետրվարի, 2020
Ավարտվել է Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ 2019 թվականի հուլիսին հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն: Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը, 2012թ. սեպտեմբերից մինչև 2016թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՓԲ ընկերությունը նշված համայնքում պատրաստվում է հողատարածքներ ձեռք բերել և պատրաստ է բարձր գին վճարել դրանց դիմաց, շահադիտական դրդումներից ելնելով, մտադրվել է ձևական աճուրդի միջոցով որդու անվամբ այդ վայրում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածք ձեռք բերել, այնուհետև վաճառել այն ընկերությանը՝ անհամեմատ բարձր գնով։ Մասնավորապես՝ նշված համայնքի նախկին ղեկավարը,  2014թ. մարտի 27-ին հրավիրված ավագանու նիստի ժամանակ ստանալով հողատարածքն օտարելու վերաբերյալ ավագանու համաձայնությունը, որոշում է կայացրել աճուրդի միջոցով օտարել այն և աճուրդի մասնակից է գրանցել 18 տարին չլրացած՝ քաղաքացիական գործունակությամբ չօժտված իր որդուն: Վերջինս, 2014թ. մայիսի 6-ին տեղի ունեցած աճուրդի արդյունքում հաղթող ճանաչվելով, նշված հողատարածքը 410.130 ՀՀ դրամով ձեռք բերելու իրավունք է ստացել և գնել այն: Այնուհետև՝ 2015 թվականի մայիսի 26-ին,  նույն հողատարածքը անհամեմատ բարձր գնով՝ 147.300.838 ՀՀ դրամով, վաճառել է ՓԲ ընկերությանը՝ այս կերպ օժանդակելով հոր գործողություններին, որի արդյունքում Գնդեվազ համայնքին պատճառվել է 146.890.708 ՀՀ դրամի գույքային վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, իսկ որդուն՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից որպես հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել ընդհանուր 70.000.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, որոշում է կայացվել վերջինիս գույքի վրա կալանք դնելու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
19:10 - 18 փետրվարի, 2020
Քննչական կոմիտեում կայացել է բանակում արձանագրված դեպքերով քրգործերի վերաբերյալ խորհրդակցություն

Քննչական կոմիտեում կայացել է բանակում արձանագրված դեպքերով քրգործերի վերաբերյալ խորհրդակցություն

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ քննվող քրեական գործերով: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես, խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել՝ մահվան ելքով դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի նախաքննության օբյեկտիվությունը, լրիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու ուղղությամբ, քննության ընթացքում ապահովել դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների ու շահերի լրիվ ծավալով իրականացումը, վերջիններիս, ինչպես նաև ողջ հանրությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ դեպքերի հանգամանքների և քննության ընթացքի վերաբերյալ՝ հնարավորինս հրապարակային դարձնելով գործընթացը` միաժամանակ չխախտելով նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները  չհրապարակելու վերաբերյալ օրենսդրական պահանջը: Միևնույն ժամանակ, խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է մշակել հայեցակարգ՝ միտված նախաքննական մարմնի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը բարձրացնելուն:
18:27 - 18 փետրվարի, 2020
ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրգործը կուղարկի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու |azatutyun.am|

ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրգործը կուղարկի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի գործը քննող ՀՔԾ-ն հաղորդում է, որ քննչական ծառայությունը Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրեական գործով ձեռքբերված ապացույցները բավարար է համարել՝ գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար։ Այս մասին տեղյակ է պահվել տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին։ Գործի նյութերը տրամդրվել են նրանց՝ ծանոթանալու համար։ Հիշեցնենք, Հրայր Թովմասյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այն առնչվում է նրա արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին: Ըստ դատախազության՝ Թովմասյանը «իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ» օգտագործելով 2 նոտարների իրենից ունեցած կախյալ վիճակը՝ 2013 թվականի հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք է բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն: Արդյունքում ՍԴ ներկայիս նախագահը այդ երկու նոտարներից յուրաքանչյուրից, մինչև 2014 թվականի ապրիլը, ամսական ստացել է 800 հազար դրամ վարձավճար՝ ընդհանուր 11 միլիոն 200 հազար դրամ: Սանիկը, որին հիշատակում է դատախազությունը, Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանն է, նրան ևս նույն մեղադրանքն է առաջադրվել: Հրայր Թովմասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
18:13 - 18 փետրվարի, 2020
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայողի հարազատներին

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայողի հարազատներին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր ընդունել է 2020 թվականի փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մանվելյանի հարազատներին:Հանդիպման ընթացքում քննարկվել են Տ.Մանվելյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները:Ս.Մանվելյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ:Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող  և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք  տված բոլոր հանգամանքները։
16:56 - 18 փետրվարի, 2020
Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ hափշտակության գործը դատարանում է

Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ hափշտակության գործը դատարանում է

2018 թ. օգոստոս ամսին Երևան քաղաքի Կիևյան փողոցում գտնվող բանկոմատից կատարվել էր հափշտակություն, ինչի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ, որին հետագայում միացվել են նույն ընկերության Երևան քաղաքի տարբեր փողոցներում գտնվող բանկոմատներից կատարված հափշտակությունների, ինչպես նաև՝ նույն խմբի անդամներից մեկի կողմից մեկ բնակարանից կատարված գողության և մեկ այլ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:   ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են, ընկերներ՝ ծնված 1986 և 1979թթ.: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս, տեղեկանալով, որ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ բանկի համակարգչային համակարգում ներբեռնված վնասաբեր ծրագրի գործարկման միջոցով, հնարավոր է բանկոմատներից ապօրինի գումարներ ելքագրել, գործով դեռևս ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնության են եկել՝ միասնական դիտավորությամբ բանկից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությունը համատեղ իրականացնելու շուրջ, կատարել դերաբաշխում և բանկից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 34.800.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, պարզվել է, որ 1979 թ. ծնված տղամարդը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու շուրջ նախնական համաձայնության է եկել քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ, որից հետո վերջինիս հետ միասին հարմարեցված գործիքի միջոցով բացել են Երևան քաղաքի Նոր Նորք զանգվածի բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել բնակարան և գաղտնի հափշտակել 2 400 000 ՀՀ դրամ գումար, 120 ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ ընդհանուր 700 000 ՀՀ դրամ արժողության ժամացույցներ ու զարդեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3 157 740 ՀՀ դրամի գույքային վնաս: Այնուհետև՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել է Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել բնակարան, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով՝ բնակարանում գումարի և թանկարժեք իրերի բացակայության պատճառով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1979թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն)3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի (գողության փորձ)3-րդ մասի 1.1-րդ կետով և 38-181-րդ հոդվածի (hափշտակութան կազմակերպում, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս՝ 1986թ. ծնված ընկերոջը՝ 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով: Երկու մեղադրյալի գործով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Գործով դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
12:03 - 18 փետրվարի, 2020
Գյուղապետի կինը աշխատանքի չի ներկայացել, բայց ստացել է 2․700․000 դրամից ավելի աշխատավարձ

Գյուղապետի կինը աշխատանքի չի ներկայացել, բայց ստացել է 2․700․000 դրամից ավելի աշխատավարձ

Ոստիկանության Թալինի բաժնում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանությունից։ Մասնավորապես պարզվել է, որ դպրոցի տնօրենը 2015 թվականին գյուղապետի կնոջը հրամանագրել է որպես դպրոցի գիշերային պահակ, սակայն կինը աշխատանքի չի ներկայացել և մինչև այս տարվա հունվար ամիսը ստացել է 2 միլիոն 700 հազար դրամից ավելի աշխատավարձ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ գիշերային պահակ հրամանագրված կինը մի քանի անգամ, տարբեր ժամանակահատվածներում, բացակայել է Հայաստանից։ Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի փաստերով ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։ 
15:53 - 17 փետրվարի, 2020