ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Պարտադիր ժամկետային զինծառայողների` հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Պարտադիր ժամկետային զինծառայողների` հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2020թ. հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, N զորամասում պարտադիր ժամկետային զինծառայողների՝ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի գլխի շրջանում և կրտսեր սերժանտ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի աջ բազկի շրջանում հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար: Հիշեցնենք, որ Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:
13:08 - 24 հունվարի, 2020
Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն

Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն

2020 թվականի հունվարի 20-ին ՀՀ Փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել՝ «Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում» վերտառությամբ: Հայտարարության ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Գյոզալյանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի և նրանց փաստաբան Է.Թումասյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները, որոնք զննվել են քննիչ Ա.Գյոզալյանի կողմից և կցվել քրեական գործի նյութերին: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն: Վերջնական արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:
08:46 - 21 հունվարի, 2020
Երևանին նվիրաբերություններ կատարելը ՔՕ օրենքով չթույլատրված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում

Երևանին նվիրաբերություններ կատարելը ՔՕ օրենքով չթույլատրված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում

Երևան համայնքին աղբատար տրանսպորտային միջոցներ նվիրաբերելու դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նախագծման և շինարարության թույլտվություններ տրամադրելու և ինքնակամ կառույցներ օրինականացնելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա Երևան քաղաքի դատախազությունից պահանջվել են դրանց վերաբերյալ փաստաթղթեր: Ուսումնասիրությամբ պարզվել է հետևյալը. «Տերյան 5», «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն», «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ», «ԷՅՉ ԲԻ ԷՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերություններին, «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը տրամադրվել են, համապատասխանաբար, նախագծման, քանդման և (կամ) կառուցապատման թույլտվություններ, իսկ քաղաքացի Շողերինա Մկրտչյանի ինքնակամ կառույցը օրինականացվել է: Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործընթացներն իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ, և դրանցում խախտումներ չեն հայտնաբերվել: Ավելին՝ պարզվել է, որ, օրինակ, շինության նախագծման թույլտվությունը «Տերյան 5» ՍՊ ընկերությանը տրվել է 2017թ.՝ սահմանելով շինության վերգետնյա բարձրության մինչև 75.4 նիշ, սակայն 2019թ. տրված շինարարության թույլտվությամբ սահմանվել է բարձրության ավելի պակաս՝ 56 նիշ: Պարզվել է նաև, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը, «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն», «ԷՅՉ ԲԻ ԷՄ ԳՐՈՒՊ», «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունները, ինչպես նաև «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, որը, ըստ հրապարակումների, կապված է «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության և քաղաքացի Շողերինա Մկրտչյանի հետ, Երևան համայնքին նվիրաբերել են 19 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ աղբատար, իսկ «Տերյան 5» ՍՊԸ-ն նվիրաբերության պայմանագրով պարտավորվել է նվիրաբերել անշարժ գույք: Նվիրաբերություն կատարած «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին կամ դրան փոխկապակցված անձանց Երևանի քաղաքապետարանի կողմից թույլտվություններ չեն տրամադրվել: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանին նվիրաբերություններ կատարելն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում: «Միաժամանակ, նկատի ունենալով, որ Երևանի քաղաքապետարանի և նշված ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև վարչաիրավական հարաբերությունների պայմաններում վերջիններիս կողմից նվիրաբերություններ կատարելու հանգամանքն առաջացրել է և կարող էր առաջացնել այդ գործընթացներում շահերի բախման կամ այդ հարաբերություններից դուրս պայմանավորվածությունների և գործարքների առկայության ռիսկեր կամ առնվազն դրա վերաբերյալ ընկալում՝ ազդելով օրենսդրությանը համապատասխան իրականացված վարչաիրավական հարաբերությունների նկատմամբ հանրային վստահության վրա, ուսումնասիրության արդյունքներով Երևան քաղաքի դատախազությունից Երևանի քաղաքապետարանին հաղորդում է ներկայացվել՝ առաջարկելով իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքների ապահովման նպատակով սահմանել միմյանց հետ առերևույթ առնչակցվող վարչաիրավական և քաղաքացիաիրավական հարաբերությունների այնպիսի կարգավորումներ (հաշվի առնելով նաև միջազգային փորձը) և կիրառել այնպիսի ընթացակարգեր, որոնք կապահովեն այդ գործընթացների իրավական հիմնավորվածությունը, անհրաժեշտ թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Երևան քաղաքի դատախազությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդպիսի կարգավորումների և ընթացակարգերի վերաբերյալ քննարկումներին»,- նշեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
08:25 - 21 հունվարի, 2020
Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. Քննչական կոմիտե |armenpress.am|

Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. Քննչական կոմիտե |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Փորձաքննությունների եզրակացությունները չեն ստացվել: Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Քննության ընթացքում ձեռք բերված հրապարակման ենթակա տվյալների վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ»,- ասաց նա: Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատել են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ: Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։
08:35 - 20 հունվարի, 2020
Շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է

Շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է

Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի շրջանակներում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը ներկա են գտնվել շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը ուսումնասիրած հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Վերջիններս ավելի վաղ Քննչական կոմիտե էին ներկայացրել քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ զեկույց, որտեղ մատնանշել էին դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ մի շարք գործողություններ: Ներկայացված զեկույցը ուսումնասիրման առարկա է դարձվել ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, որից հետո որոշում է կայացվել Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործի կասեցված վարույթը վերսկսելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:
12:56 - 16 հունվարի, 2020
«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ

«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2019թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գտնվող ձկնաբուծարանի տարածքում խոչընդոտվել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Դեպքի առթիվ ՀՀ ոստիակնությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ են ձեռք բերվել` լրագրողի մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտած անձի ինքնության վերաբերյալ, ով Արարատի մարզի բնակիչ է՝ ծնված 1966 թվականին: Վերջինս ներգրավվել է որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
13:56 - 10 հունվարի, 2020
ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները առերևույթ չկատարելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետը, 2014 թվականի փետրվարից աշխատելով նշված պաշտոնում, հանդիսանալով ՀՀ ԱԺ աշխատակազմի պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական լիազորությամբ, իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել չարաշահումներ: Մասնավորապես՝ տեղեկացված լինելով ՀՀ ազգային ժողովի աշխատակիցների առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական կենտրոններից մեկին հանձնարարված լինելու և համապատասխան հանձնարարականի մասին, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր հետ աշխատանքային մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց լրացուցիչ վարձատրություն ապահովելու համար, ինչպես նաև տեղակացված լինելով, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության շահագործման և սպասարկման բաժնի բժշկուհին և նույն բաժնի աշխատողների առողջության պահպանման գծով մասնագետն արդեն աշխատանքի են անցել բժշկական կենտրոններից մեկում՝ որևէ գործողություն չի կատարել՝ վերջիններիս զբաղեցրած պաշտոնից ազատելու կամ նրանց աշխատանքի համատեղելիության գործընթացը կազմակերպելու ուղղությամբ: Արդյունքում՝ ԱԺ աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության շահագործման և սպասարկման բաժնի բժշկուհին և նույն բաժնի աշխատողների առողջության պահպանման գծով մասնագետը շարունակել են պաշտոնավարել՝ այդ ընթացքում ստանալով աշխատավարձ ու այլ վճարներ, ինչի հետևանքով ՀՀ ԱԺ աշխատակազմի օրինական շահերին պատճառվել է էական՝ 1.036.409 ՀՀ դրամի գույքային վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
08:00 - 30 դեկտեմբերի, 2019
Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել

Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 200-րդ հոդվածի 3-րդ մասով, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհուն՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ: Նախաքննությամբ պարզված փաստական տվյալների մասին այլ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն՝ նախաքննության շահերից ելնելով։ Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:
08:11 - 20 դեկտեմբերի, 2019
Բաղրամյանի համայնքապետը 62 միլիոն դրամի վնաս է հասցրել համայնքին. ՊԵԿ

Բաղրամյանի համայնքապետը 62 միլիոն դրամի վնաս է հասցրել համայնքին. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քննվող քրեական գործի քննության ընթացքում հայտնաբերվել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպք: Մասնավորապես, պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը տեղյակ լինելով, որ իր ղեկավարած համայնքում, ինչպես նաև հարակից համայնքում խոշոր գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ցանկացել է նոր հողատարածքներ ձեռք բերել և ընդլայնել իր գործունեությունը, ընկերության ներկայացուցիչներին չի տրամադրել համապատասխան տեղեկատվություն՝ համայնքին պատկանող հողատարածքների պատկանելիության մասին՝ նպատակ ունենալով համայնքի հաշվեկշռում գտնվող հողատարածքները սեփականացնել և գնորդին վաճառել անհամեմատ բարձր արժեքով։ Այդ նպատակով համայնքապետը հողատարածքները վաճառելու գործընթացը կազմակերպել է միջնորդավորված եղանակով և կեղծ տեղեկատվություն է տրամադրել, որ համայնքը վաճառքի ենթակա հողատարածքներ չունի։ Այդ ընթացքում Բաղրամյան համայնքի ղեկավարն, իր պաշտոնական դիրքը համայնքի շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակներով, ստանալով համայնքի ավագանու անդամների համաձայնությունը, կազմակերպել է պահանջվող հողատարածքի վաճառքի ձևական աճուրդ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել իր ազգականը: Արդյունքում համայնքապետն իր ազգականին այդ տարածքը վաճառել է շուկայական արժեքից զգալիորեն էժան գնով՝ ավելի քան 9 միլոն դրամով: Նա էլ իր հերթին հողատարածքները նախապես պայմանավորված արժեքով՝ շուրջ 71 միլիոն դրամով վաճառել է գնորդ ընկերությանը, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս՝ շուրջ 62 միլիոն դրամի չափով: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
07:38 - 18 դեկտեմբերի, 2019
«Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերով յուրացում կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար

«Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերով յուրացում կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ավագ օպերատորի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1954թ. ծնված կինը 2015 թվականից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքում աշխատելով որպես ավագ օպերատոր, օգտագործելով պաշտոնական դիրքը, կենսաթոշակների վճարման ցուցակում ստորագրել է բնակության վայրից բացակայող՝ Ալավերդի քաղաքի բնակչի անվան դիմաց, յուրացման եղանակով հափշտակել իրեն վստահված բնակչի անվամբ փոխանցված զգալի չափերով՝ 91.146 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարը և օգտագործել իր անձնական կարիքների համար: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Վերջինիս կողմից պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
06:51 - 16 դեկտեմբերի, 2019
Ավարտվել է սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին

Ավարտվել է սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պետական աջակցության ծրագրով շահառուներին սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին: Այսպես՝ «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և ՀՀ ներմուծել սերմացու ցորեն: Սահմանված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր համայնք նախապես հայտ է ներկայացրել մարզպետարան՝ ըստ ցորենի սերմացուի համար հերթագրված անձանց քանակի, որի հիման վրա էլ մարզպետարանը հայտ է ներկայացրել ՀՀ ՊՈԱ կազմակերպություն և ստացել հայտով ներկայացված քանակի ցորենի սերմացու, որը հետագայում, մարզպետների կազմակերպմամաբ, համայնքի ղեկավարների կողմից մարզկենտրոններից տեղափոխվել է համապատասխան համայնքներ և բաշխվել նախապես ցուցակագրված և հողատարածք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին: Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպությունից Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքին 2013 թվականին տրամադրվել է 20 տոննա, 2014 թվականին՝ 78.75 տոննա, 2015 թվականին՝ 74.9 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուներ, որոնք Արծվաբերդ համայնքի ներկայացուցիչը, մարզկենտրոնից ստանալով, տեղափոխել է համայնք և պահեստավորել համայնքապետարանում: Աշնանացան ցորենի սերմացուի համար արդեն իսկ հերթագրված բնակիչները, համայնքապետարանի համապատասխան աշխատակցից ստացել են իրենց հասանելիք ցորենի սերմացուն, որոնց հիմնական մասը նախապես է վճարել գումարը, իսկ մի մասն էլ պարտք է մնացել՝ բերքահավաքից հետո վճարելու պայմանով: Համայնքի յուրաքանչյուր բնակիչ ստորագրել է համապատասխան ցուցակում՝ իր անվան և իր կողմից վճարած գումարի դիմաց: Նախնական քննությամբ, սակայն, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզի Արծվաբերդ համայնքում պետական աջակցության ծրագրի շրջանակներում շահառուներին՝ գյուղացիներին, տրամադրված սերմացուի բաշխման գործընթացում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։ Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ սերմացուի դիմաց գյուղացիներից հավաքագրված գումարները տնօրինվել են համայնքի ղեկավարների կողմից՝ սեփական հայեցողությամբ՝ մարզպետարանին ներկայացնելով կեղծ փաստաթղթեր։ Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, 2014-2016թթ. ընկած ժամանակահատվածում, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում, 2013-2015թթ. ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված և Արծվաբերդ համայնքի բնակիչներին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի դիմաց հավաքագրված և իր վստահությանը հանձնված գումարի մի մասը՝ 22.469.000 ՀՀ դրամ գումարը, ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի համապատասխան բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացրել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով առնաձնապես խոշոր չափերով գույքային վնաս: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով թաքցնել իր կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու հանգամանքը, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014 և 2015 թվականներին կազմված և իրեն հանձնված «ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին սերմացու հատկացնելու վերաբերյալ» տեղեկանքներում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, իսկ 2016 թվականին, կեղծ տեղեկություններ մտցնելով, կազմել է «2013-2015 թվականներին ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին հատկացված սերմացուների պարտքերի վերաբերյալ՝ ըստ շահառուների» անվամբ պաշտոնեական փաստաթուղթ համարվող տեղեկանքը և դրանք հանձնել Տավուշի մարզպետարան: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արծվաբերդ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
07:40 - 13 դեկտեմբերի, 2019
Վատնման եղանակով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և յուրացում կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Վատնման եղանակով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և յուրացում կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վատնման եղանակով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու, յուրացում կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, 1998 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, կատարել է պաշտոնեական կեղծիք: Քննության տվյալներով՝ տնօրենը, հաստատապես տեղյակ լինելով նույն դպրոցում որպես տեխնոլոգիայի ուսուցիչ և համատեղության կարգով էլեկտրիկ գրանցված անձի՝ 2014 թվականի հունվարից մինչև 2018 թվականի վերջ, ինչպես նաև նույն դպրոցում որպես դաստիարակ գրանցված աշխատակցի՝ 2016 թվականի մայիսից մինչև 2017 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, դիտավորությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուսումնական գծով տնօրենին հանձնարարել է կազմել և իր հաստատմանը ներկայացնել իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր, որոնցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են ներառվել՝ նշված ժամանակահատվածում հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Այնուհետև, տնօրենը, վերոհիշյալ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել է վճարման, որի հիման վրա՝ չաշխատած օրերի դիմաց, որպես աշխատավարձի գումարներ, տեխնոլոգիայի ուսուցչի անվամբ կազմակերպության բյուջեից անհիմն դուրս է գրվել 5 216 477, իսկ դաստիարակի անվամբ՝ 914 666 դրամ գումար, որը վերջիններս ստացել և օգտագործել են իրենց անձնական կարիքների համար. արդյունքում՝ դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է կազմակերպության՝ առանձնապես խոշոր չափերի՝ 6.131.143 ՀՀ դրամ գումարը։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, ուսումնական գծով տնօրենին՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տեխնոլոգիայի ուսուցչին՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ինչ վերաբերում է դաստիարակին, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով: Նախաքննության ընթացքում միջնակարգ դպրոցից վատնման եղանակով հափշտակված 6.131.143 դրամն ամբողջությամբ վերականգնվել է: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
07:19 - 06 դեկտեմբերի, 2019