Աննա Վարդապետյան

ՀՀ վարչապետի խորհրդականն է։

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ Անկուսակցական է։ Ծնվել է 1986թ․ փետրվարի 18-ին Երևանում։ 2002-2008թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2008-2012 թթ․ եղել է ասպիրանտ նույն ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 2003-2005թթ․ եղել է Ավան համայնքի թաղապետի խորհրդական։

2007-2009 թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։ 2009-2013թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։ 2013-2014թթ․՝ դատարանի նախագահի խորհրդական։ 2014-2018թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում որպես ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2010թ․-ից դասավանդում է ԵՊՀ-ում, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2015թ․-ից հանդիսանում է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ։

2018թ․ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 2019թ․ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 2020թ․ մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Փոփոխությունները պատվերով չեն լինելու. Վարդապետյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մասին |armenpress.am|

Փոփոխությունները պատվերով չեն լինելու. Վարդապետյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մասին |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, մասնագիտական հանձնաժողովն իր աշխատանքներում կքննարկի նաև երկրի կառավարման համակարգի փոփոխության հարց, բայց դեռ պարզ չէ՝ արմատական փոփոխություններ կլինեն, թե ոչ: Այս մասին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, որը որպես հրավիրյալ էր մասնակցում նիստին՝ անդրադառնալով կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ հարցին: «Խորհրդից բացի լինելու է նաև մասնագիտական հանձնաժողով, որը բուն աշխատանքներն է իրականացնելու: Եվ խորհուրդը, և քաղաքական իշխանությունը, և բոլորս մասնագիտական կարծիք ենք ակնկալում հարցի վերաբերյալ: Այսինքն՝ պատվերի շրջանակներում կատարվող փոփոխություններ այստեղ տեղի չեն ունենալու»,-ասաց Վարդապետյանը: Անդրադառնալով կառավարման համակարգի հնարավոր փոփոխման վերաբերյալ հարցին՝ նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ խորհրդարանական կառավարման ձևը թույլ է տվել հաղթահարել քաղաքական ճգնաժամն ընտրությունների միջոցով, այլ ոչ ավել խորացնել այն: «Այս պահին որևէ մասնագիտական քննարկում դեռ տեղի չի ունեցել կառավարման ձևի հետ կապված: Բայց քաղաքական գնահատականը, կարծում եմ, վարչապետի տեսակետի ձևով ներկայացվել է»,-ասաց նա: Վարդապետյանը վստահեցրեց, որ այս հարցն իհարկե քննարկվելու է խորհրդի, մասնագիտական հանձնաժողովի կողմից, որից հետո ավելի ստույգ տեղեկատվություն կլինի: Ըստ նրա՝ կարճաժամկետ հատվածում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն, որը չի հասցրել ապրոբացիայի ենթարկվել, ցնցումների բերում է: Ըստ նրա՝ հաճախակի փոփոխությունները ոչ մի ոլորտում, հատկապես երկրի հիմնական օրենքում, եթե խիստ անհրաժեշտ չեն, չեն կարող լինել շատ դրական գնահատականի ենթակա: Իսկ թե Սահմանադրությունում նախատեսվող փոփոխությունները կլինեն արմատական, թե ոչ, նա ասաց՝ դեռ ոչ ոք պնդել չի կարող: Խորհուրդը պետք է ի վերջո հիմնավորի փոփոխությունների անհրաժեշտությունն ու խորությունը, և մասնագիտական հանձնաժողովն այս առումով պետք է իր մասնագիտական կարծիքն ասի: Վարդապետյանի խոսքով՝ փոփոխությունները, որ կարող են տեղի ունենալ, կարող են չվերաբերել շատ արմատական հարցերի, կարող են վերաբերել առանձին ինստիտուցիոնալ խոչընդոտների, որոնք խանգարել են այս կամ այն ոլորտի զարգացմանը կամ դրական ազդեցություն չեն ունեցել:
16:37 - 04 փետրվարի, 2022
Աննա Վարդապետյանի վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է |hetq.am|

Աննա Վարդապետյանի վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է |hetq.am|

hetq.am: Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի վերաբերյալ նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը։ Այս մասին հայտնեցին ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ 168.am-ը հրապարակել էր տեսանյութ, որում Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյանների վերաբերյալ մեղադրանքի տեքստն է։ Տեսանյութի աջ կողմում երևում է, որ մեղադրանքը խմբագրված է «Աննա Վարդապետյան» անուն-ազգանունով օգտատիրոջ կողմից։ Հայրապետյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանի պնդմամբ՝ հրապարակված տեսանյութից ակնհայտ է դառնում, որ մեղադրանքը խմբագրողը հենց Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է։ Տեսանյութի հրապարակումից հետո Գլխավոր դատախազությունը մամուլի հրապարակումներն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև պաշտպան Մակինյանը։
20:12 - 26 մարտի, 2021
Արդարադատության փոխնախարարն այցելել է պետական ծառայություններ մատուցող օպերատորներին միացած Ջրվեժի համայնքապետարան |armenpress.am|

Արդարադատության փոխնախարարն այցելել է պետական ծառայություններ մատուցող օպերատորներին միացած Ջրվեժի համայնքապետարան |armenpress.am|

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 26-ին այցելել է Ջրվեժի համայնքապետարան, որտեղ գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակը 2019 թվականի հունիսի 1-ից կսկսի մատուցել նաև պետության կողմից պատվիրակված 60-ից ավելի ծառայություններ:  Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ պետական ծառայություններ մատուցող տասն օպերատորներին միացել են նաև 40 համայնքապետարաններ՝ Հայաստանի ողջ տարածքում դրանց թիվը դարձնելով 50-ը: Սա նշանակում է, որ 67 պետական ծառայություններից ցանկացածը ստանալու համար այլևս մայրաքաղաք, մասնավորապես՝ պետական մարմիններ այցելելու անհրաժեշտություն չի լինի: Դրանք մոտ կլինեն քաղաքացիներին, կլինեն հենց համայնքներում: Կառավարության որոշմամբ ծրագրին միացած համայնքներն իրենց ստանձնած գործառույթները կսկսեն իրականացնել փուլ առ փուլ, և մինչև 2020 թվականի ավարտն այն ամբողջապես ներդրված կլինի 40 համայնքներում: Նախարարի տեղակալը համայնքապետ Ռոբերտ Պետրոսյանի հետ քննարկել է ծառայությունների տրամադրմանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել նաև հնարավոր խնդիրներին՝ կապված դրանց մասին քաղաքացիներին իրազեկելու և պետության կողմից մատուցվող ծառայություններից տեղում օգտվելու ծավալը փուլ առ փուլ մեծացնելու հետ: Համայքապետարանում փոխնախարար Աննա Վարդապետյանը հանդիպել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Դիրք Շաթշնայդերին, ԳՄՀԸ (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփային, Վերականգնման վարկերի բանկի (KfW) տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական ծառայությունները համայնքներին պատվիրակելու արդյունքում վերջիններիս զարգացմանը նպաստելու հնարավորությունները: Աննա Վարդապետյանի խոսքով՝ ծառայությունների պատվիրակումը դեռևս առաջին փուլն է, առավել կարևոր է դրանց արդյունավետ կատարմանը հետևելը:  Հանդիպման ավարտին փոխնախարարը ծանոթացել է GIZ-ի կողմից՝ Գերմանական համագործակցության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակի կարողություններին:
11:20 - 27 ապրիլի, 2019