ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
ՀՀ գլխավոր դատախազության՝ դատավոր Սերժիկ Ավետիսյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

ՀՀ գլխավոր դատախազության՝ դատավոր Սերժիկ Ավետիսյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

ՀՀ գլխավոր դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի գործով զեկուցող, դատավոր Սերժիկ Ավետիսյանին: Այս մասին գրառում է կատարել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Ինքնաբացարկի միջնորդության հիմք է հանդիսացել Ռ. Քոչարյանի համար գրավի գումարի մի մասը, ըստ իր իսկ հավաստման, վճարած գործարար Սամվել Կարապետյանի հետ ունեցած բարեկամական կապը և վերջինիս կողմից Ս. Ավետիսյանի՝ ֆինանսական նվիրատվության արժանանալու հանգամանքը: Ըստ գլխավոր դատախազության՝ այդ հանգամանքները միջնորդության քննության շրջանակներում օբյեկտիվ դիտորդի, հասարակության մոտ կարող են ձևավորել Ս. Ավետիսյանի ոչ անաչառության, քննության որոշակի ելքով կանխակալ շահագրգռվածություն ունենալու համոզմունք: Դատախազության միջնորդությունը, սակայն, մերժվել է:
19:45 - 27 հուլիսի, 2020
Դատախազությունն ուսումնասիրում է սահմանադրական կարգը տապալելու հաղորդման վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշման օրինականությունը
 |pastinfo.am|

Դատախազությունն ուսումնասիրում է սահմանադրական կարգը տապալելու հաղորդման վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշման օրինականությունը |pastinfo.am|

pastinfo.am: Գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կողմից սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ երեք կուսակցությունների ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը դիմումատուները դեռ չեն ստացել։ Հիշեցնենք, որ հունիսի 30-ին երեք կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» համատող հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ։ Մասնավորապես՝ խոսքը գնում է վերջին երկու տարիների ընթացքում դատական իշխանության նկատմամբ իրականացված ոտնձգությունների մասին։ Դատախազությունը հաղորդումն ուղարկել էր ՀՔԾ, որտեղ որոշում էր կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Այդ մասին Հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից հայտնել էին դեռեւս հուլիսի 16-ին, սակայն առ այսօր հաղորդում ներկայացրած կուսակցությունները որոշումը չեն ստացել։ Հետեւապես դեռ չեն քննարկել այն բողոքարկելու հարցը։ Ի դեպ, որոշման օրինականությունը պետք է ստուգվի եւ հաստատվի նաեւ դատախազության կողմից։ Մեր հարցմանն ի պատասխան՝  ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով տեղակալ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատախազը քննիչի որոշումն ստացել է եւ հիմա դրա օրինականության ստուգման փուլում են գտնվում։   Գոռ Աբրահամյանը դժվարացավ ասել, թե ինչու քննիչի որոշումը կողմերը դեռ չեն ստացել, ըստ նրա՝  քննիչի կողմից ներկայացված նյութերի համաձայն, պատշաճ դատավարական ընթացակարգի պահպանմամբ որոշումն ուղարկվել է հաղորդում տված սուբյեկտներին։
20:57 - 25 հուլիսի, 2020
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ղեկավարը կդադարեցնի պաշտոնավարումը. դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել իրեն մեղասագրվող բոլոր արարքներում

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ղեկավարը կդադարեցնի պաշտոնավարումը. դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել իրեն մեղասագրվող բոլոր արարքներում

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի գործող ղեկավար Ա. Սուվարյանը 2015-2017թթ. ընթացքում, ընդհանուր 85 աշխատանքային օր չհաճախելով աշխատանքի և գտնվելով ՀՀ տարածքից դուրս, որպես աշխատավարձ ստացել է ընդհանուր 952.445 ՀՀ դրամ գումար` յուրացնելով իրեն վստահված խոշոր չափերով այդ գումարը: Բացի այդ, Արթուր Սուվարյանը 2014-2016թթ. իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող GAZ 31105 մակիշի ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման և ծառայությունների մատուցման վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող թվով հինգ կատարողական ակտեր: Դրանց հիմքով «Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ԲԲ ընկերությունը նշված ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման և ծառայությունների մատուցման համար Վաղաշենի համայնքապետարանից փոխանցված 1.150.000 ՀՀ դրամին համարժեք վերանորոգել է նրա անձնական օգտագործման TOYOTA LAND CRUISER 4.5 մակնիշի ավտոմեքենան: Այդ կերպ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ համայնքի ղեկավարի կողմից յուրացվել է համայնքի բյուջեից իրեն վստահված խոշոր չափերով նշված գումարը: Նախաքննությամբ հիմնավորվել էր նաև, որ Ա. Սուվարյանը 2017թ. հունվարից 2018թ. օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածում, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Մարտունու սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում որպես նպաստառու հաշվառված և նպաստ ստացող Վաղաշեն գյուղի բնակիչ Կ. Սուվարյանին փաստացի աշխատանքի է ընդունել որպես համայնքապետարանի վարորդ և աշխատանքի դիմաց ամսական վճարել աշխատավարձ՝ առանց վերջինիս որպես աշխատող գրանցելու: Այդ կերպ նա օժանդակել է Կ. Սուվարյանին նույն գործակալությունից խաբեության եղանակով կատարելու խոշոր չափերով՝ ընդհանուր 712.500 դրամ գումարի հափշտակություն: Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար Ա. Սուվարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նույն քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև «Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Հակոբյանին՝ Վաղաշեն համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծ փաստաթուղթ հանդիսացող կատարողական ակտերի կազմմանը, դրանց հիման վրա համայնքի բյուջեից խոշոր չափերով՝ 1.150.000 դրամի յուրացում կատարելուն օժանդակելու համար: 2020թ. հունիսի 16-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղարդանքի երկու անձի վերաբերյալ, ուղարկել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Դատարանում, արագացված կարգով քննության արդյունքում մեղադրող դատախազը միջնորդել էր ամբաստանյալ Ա. Սուվարյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկման ձևով: 2020թ. հուլիսի 20-ի դատավճռով դատարանը, Վաղաշենի համայնքապետին մեղավոր ճանաչելով առաջադրված բոլոր  մեղադրանքներում, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել տուգանք՝ 1.500.000 ՀՀ դրամի չափով՝ նկատի ունենալով, որ նախաքննության փուլում վերջինս ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը, ընդունել է մեղադարանքները, տվել խոստովանական ցուցմունքներ, խնամքին ունի տարեց ծնողներ և հաշմանդամ մայր: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառմամբ Ա. Սուվարյանն ազատվել է տուգանքի ձևով նշանակված հիմնական պատիժը կրելուց: Որպես լրացուցիչ պատիժ՝ դատավճռով վերջինս 2 տարի ժամկետով զրկվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում նյութական պատասխանատու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Առանձին դատական ակտով «Մարտունու ավտոտեխսպասարկման կայան» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման մասին օրենքի հիմքով: 
12:41 - 21 հուլիսի, 2020
Քաղաքացին կեղծ փաստաթուղթ է ներկայացրել դատախազի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար

Քաղաքացին կեղծ փաստաթուղթ է ներկայացրել դատախազի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար

Դատախազության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործակցության շրջանակներում բարեվարքության ստուգման արդյունքում հարուցվել է առաջին քեական գործը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը 2020թ. հուլիսի 7-ին գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստմամբ պարզելու ՀՀ գլխավոր դատախազության «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով հայտարարված բաց մրցույթին մասնակելու համար դիմած քաղաքացիներից մեկի կողմից ներկայացված փաստաթղթերի հնարավոր կեղծված լինելու հատկանիշների առկայությունը: Մասնավորապես, ի թիվս դիմումին կից ներկայացված փաստաթղթերի՝ տվյալ անձը, որպես աշխատանքային գործունեությունը հավաստող փաստթուղթ, ներկայացրել էր  2017-2019թ. ՍՊԸ-ում որպես իրավաբան աշխատած լինելու մասին տեղեկանք։ Քաղաքացուց պահանջվել էին իր աշխատանքային գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, ինչի շրջանակներում վերջինս տրամադրել էր տվյալներ իր աշխատանքային գործունեության վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ՍՊԸ-ի կողմից համապատասխան փաստաթուղթ ներկայացված լինելու վերաբերյալ: Սակայն «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով  ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մրցույթներն անցկացնող ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովին տվյալ դիմորդի մասին տրված բարեվարքության եզրակացության համաձայն՝ իրենց ուսումնասիրությամբ նշած ՍՊԸ-ում տվյալ անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ  տվյալները չեն հաստատվել: Նշված հանգամանքները ողջամիտ կասկած են առաջացրել ներկայացված փաստաթղթերի արժանահավատության վերաբերյալ, ինչով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից դրանք ուղարկվել էին Ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:    ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված  նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքացին հայտարարված վերոնշյալ բաց մրցույթին մասնակցելու համար, պարտադիր պայման հանդիսացող՝ առնվազն 2 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու համար դրդել է ՍՊ ընկերության տնօրենին կազմել և իրեն տրամադրել բովանդակությամբ կեղծ, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք այն մասին, թե իբր, վերջինս 2017թ. մայիսի 1-ից մինչև 2019թ. մայիսի 1-ը հանդիսացել է այդ ընկերության իրավաբանը: Ստանալով կեղծ տեղեկանքը՝ քաղաքացին այն ներկայացրել էն ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովին: Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ի կողմից տվյալ անձի երկամյա աշխատանքային գործունեության մասին համապատասխան տվյալները ՀՀ ՊԵԿ-ին են տրամադրվել օրենսդրության պահանջների խախտմամբ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են իրավունք վերապահող պաշտոնական փատաթուղթ կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև իրավունք վերապահող պաշտոնական փատաթուղթ կեղծելուն դրդելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է  քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարակվել է ՀՀ քննչական կոմիտե»,- ասվում է հաղորդագրության մեջ:                                   
18:41 - 20 հուլիսի, 2020
ԲԴԽ-ն բավարարել է 2 դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունները

ԲԴԽ-ն բավարարել է 2 դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունները

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է միջնորդությունները բավարարել: ԲԴԽ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառույցը որոշել է տալ համաձայնություն՝ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ միջնորդություններ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:
20:15 - 17 հուլիսի, 2020
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ-ին՝ 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ-ին՝ 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լրագրող գործընկերներիս հետաքրքությունը մասամբ բավարարելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեղեկացված լինելու հանրության իրավունքը՝ ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հիմք ընդունելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը, երեկ միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինիցս ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: Հավելյալ տեղեկատվություն տվյալ պահին չի կարող տրամադրվել՝ ելնելով ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, համաձայն որի քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Քրեական գործի նախաքննության հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության և նախընտրելի ծավալի, վարույթն իրականացնող մարմինը կամ դատախազությունը կարող են տրամադրել հավելյալ տեղեկատվություն: Ուզում եմ հիշեցնել, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և այդ գործով մինչդատաան քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը»:
12:53 - 17 հուլիսի, 2020
Ադրբեջանի կողմից ՀՀ ԶՈՒ զինծառայողների նկատմամբ ոտնձգությունների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրգործ

Ադրբեջանի կողմից ՀՀ ԶՈՒ զինծառայողների նկատմամբ ոտնձգությունների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրգործ

ՀՀ զինված ուժերի զինծառայողների, ռազմական օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կատարած հանցավոր ոտնձգությունների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրական գործ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը․ «2020թ.-ի հուլիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, օրվա տարբեր ժամերի, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի՝ Բերդի համայնքի բնակավայրերի հատվածում, Ադրբեջանի հետ պետական սահմանի գոտում, հակառակորդի զինված ուժերը ազգային ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տարբեր տրամաչափի հրետանային միջոցների,  ականանետների կիրառմամբ արկակոծության են ենթարկել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մի քանի մարտական դիրքերի տարածքները՝ կիրառելով նաև Կամիկաձե անօդաչու թռչող սարքեր: Իրականացված այս հանցավոր գործողությունները, սակայն, ավարտին չեն հասցվել հանցավորների կամքից անկախ հանգամանքերով՝ նշված անօդաչու թռչող սարքերի, հրետանային միջոցների և ականանետների հարվածերից առաջացած պայթյունների հետևանքով տարբեր աստիճանի՝ հիմնականում թեթև բեկորային մարմնական վնասվածներ կամ ուղեղի ցնցում են ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային, ինչպես նաև ժամկետնային զինծառայողներ: Վերջիններս տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ և ստացել անհրաժեշտ բուժօգնություն: Հակառակորդի վերոնշյալ գործողությունների արդյունքում նաև վնասվել են առանձին տրանսպորտային միջոցներ:  Նշված դեպքերի  առթիվ 2020թ. հուլիսի 13-ին և 14-ին ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով  հարուցվել է 9 քրեական գործ: 2020թ-ի հուլիսի 14-ին` ՀՀ–ի և ԱՀ-ի միջև պետական սահմանի նույն հատվածում, ժամը 12:25-ի և 13:30-ի շրջանում, հակառակորդի կողմից վերոնշյալ՝ ազգային ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և գույքի դիտավորյալ ոչնչացման դիտավորությամբ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի՝ ռազմական նշանակության առանձին օբյեկտների տարաքծներին հարվածներ են հասցվել Կամիկաձե անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Դրանց հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ինչպես նաև մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ են ստացել նաև մի քանի զինծառայողներ:  Նշված դեպքերի առթիվ հուլիսի 14-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է 2 քրեական գործ, որոնցից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով, մյուսը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Վերոնշյալ բոլոր՝ 11 քրեական գործերով կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում իրականացվել են դեպքի վայրերի զննություններ, նշանակվել են զոհված զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննություններ, բոլոր վիրավորները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել և շարունակվում են նաև այլ անհրաժեշտ քննչական գործողություններ: Միջոցներ են ձեռնարկվում նաև քրեաիրավական գնահատականների արժանացնելու ՀՀ  պետական սահմանի նույն հատվածում հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ, ՀՀ տարածքային անձեռնմխելիության, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդ համայնքի մի քանի բնակավայրերի քաղաքացիական անձանց կյանքի և առողջության, նրանց գույքի նկատմամբ իրականացված հացնավոր ոտնձգություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ, որի մասին կտեղեկացվի ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ:  
19:50 - 16 հուլիսի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման կառույցին անհրաժեշտ է ավելի մեծ թափանցիկություն |ampop.am|

Կոռուպցիայի կանխարգելման կառույցին անհրաժեշտ է ավելի մեծ թափանցիկություն |ampop.am|

ampop.am: Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի գործունեությունը մեկնարկային փուլում է։ Այս ինքնավար մարմինն ընդհանուր առմամբ ուսումնասիրելու է պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը, ընթացք է տալու շահերի բախման դեպքերին, վարույթներ է հարուցելու, հանցակազմ գտնելու դեպքում գործերն ուղարկելու է Դատախազություն։ Բացի վերը նշվածներից, մարմինը նաև իրականացնելու է հակակոռուպցիոն կրթական ծրագրեր և մի քանի այլ գործառույթներ: Այս նորաստեղծ մարմնի հինգ անդամներն ընտրվել են խորհրդարանի կողմից՝ նոյեմբերի 19-ին՝ փակ, գաղտնի քվեարկությամբ։ Հիմնվելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխության վրա՝ թեկնածուներն առաջադրվել են ՀՀ կառավարության, Բարձրագույն դատական խորհրդի, իշխող խմբակցության և երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից: Նոյեմբերի 26-ին հանձնաժողովի առաջին նիստն էր, որի ընթացքում կայացել էր հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Երկու թեկնածուներից մեկն Էդգար Շաթիրյանն էր՝ առաջադրված խորհրդարանական մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքից, իսկ երկրորդը՝ փաստաբան Հայկուհի Հարությունյանը՝ առաջադրված ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։ Վերջինս էլ ընտրվեց նախագահ։ Շաթիրյանը, հանձաժողովի նախագահի ընտրությունից շատ չանցած, հրաժարվեց անդամությունից, ինչը նշանակում է, որ «Իմ քայլը» դաշինքը նոր թեկնածու պետք է առաջադրի սույն պաշտոնի համար։ Հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը 2003թ․-ից ի վեր իրավապաշտպան գործունեություն է ծավալել՝ երկար տարիներ աշխատելով նախ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, այնուհետև հանդիսացել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ։ Իրավապաշտպանական ակտիվ գործունեությանը զուգահեռ նա հասցրել է սովորել և 2012թ․-ին ստանալ մագիստրոսի աստիճան՝ ԱՄՆ-ի Միննեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցում՝ մասնագիտանալով առաջնորդության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում: Հանձնաժողովի մյուս անդամներն են Լիլիթ Ալեքսանյանը՝ առաջադրված Կառավարության կողմից, Արամայիս Փաշինյանը՝ առաջադրված Բարձրագույն դատական խորհրդի կողմից և Նարեկ Համբարձումյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից։ Հանձնաժողովի անդամների պաշտոնները համարվում են քաղաքացիական պաշտոններ։ Ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների՝ հանձնաժողովի անդամները ստանալու են շուրջ 794000 դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ հանձնաժողովի նախագահը՝ գրեթե 926 000 դրամ՝ ներառյալ հարկերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովի գործունեության կարևորությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն «Ամփոփ մեդիային» տված բացառիկ հարցազրույցում նշում է, որ գործունեության մեկնարկը տալու համար օրենքը տալիս է բավարար լծակներ՝ սակայն գործնականում մեկ-երկու գործ ունենալուց հետո նախատեսում են օրենդիրին և գործադիրին դիմել՝ դուրս բերված թերությունները շտկելու առաջարկով։ «Մենք հիմա դժվար փուլ ենք թևակոխում՝ տեղեկատվության վերլուծության և դրա նկատմամբ կիրառվող արդյունքների մասով։ Եթե հայտնաբերենք, որ ինչ-որ մեկը ստացել է թանկարժեք նվեր՝ անհամատեղելի իր գործունեության հետ, կամ կան կասկածներ, որ դրա դիմաց անձն այլ տեսակի ծառայություն է մատուցել, ստեղծել առավելություն, արտոնյալ պայմաններ ինչ-որ խմբի կամ անձնանց համար, մենք ամբողջությամբ նոր սխեմայով աշխատանք ենք տանելու»,- ասում է Հարությունյանը։ Ըստ նրա՝ սա հենց այն ձևաչափն է, որը նախկինում գործող նույնանման մարմինները չէին իրականացնում։ Հարությունյանն ասում է, որ այժմ հանձնաժողովը շատ կարևոր ֆիլտրացիայի դեր է տանելու վերը նշված դեպքերի հայտնաբերման ժամանակ։ Բացի այդ, ունի նաև ուղիղ պարտականություն այդ գործերն ուղարկելու Դատախազություն և հետևելու, որ Դատախազությունը դրանց պատշաճ գնահատական տա։ Միևնույն ժամանակ Հայկուհի Հարությունյանը շեշտում է, որ իր կողմից ղեկավարած կառույցը պատժիչ գործառույթ չունի, և քրեական գործի վարույթի շրջանակներում պատասխանատվության ենթարկելու գործիքի չի տիրապետում․ այն իրականացնում է տվյալների և փաստերի հավաքման գործառույթը։ Ըստ էության, Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովը փոխարինելու է 2012թ․-ից գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ լայնացնելով գործունեության շրջանակը։ Կոռուպցիայի հանձնաժողովի ամբողջական կազմն այս պահին բաղկացած է 10 աշխատակցից, որոնցից երեքն ադմինիստրատիվ աշխատողներ են։ «Անձնակազմը համալրվել է հիմնականում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակիցներով։ Ցավոք, սա մասնագիտական կարողությունների և քանակի առումով դեռ բավարար չէ»,- նշում է Հարությունյանը։ Նախատեսված է, որ հանձնաժողովի աշխատակազմը բաղկացած լինի 35 հաստիքից, որն էլ կհամալրվի արդեն հաջորդ տարի։ Նոր մարմինն արդեն հասցրել է ստանալ դիմումներ, նամակներ՝ շահերի բախման և այլ երևույթների առկայության մասին։ Այս պահին աշխատում են նաև նոր հայտարարագրման ձևաչափի վրա, որը հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի։ Հանձնաժողովի նախագահը նշում է, որ հանձնաժողովը որևէ տարբերակում չի դնելու դատավորների, դատախազների կամ որևէ պաշտոնոտար անձի միջև․ հայտարարագրելը ստուգվելու են նույն կերպ։ Դատավորների դեպքում, Հարությունյանը նշում է, որ կա համապատասխան մարմին՝ Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ): Հանձնաժողովի կողմից հատնաբերված խախտումների պարագայում դրանք փոխանցվելու են ԲԴԽ և դրանք հիմք են հանդիսանալու, որպեսզի տվյալ մարմինը վարույթ հարուցի։ Հանձնաժողովի անկախությունը Հանձնաժողովի ստեղծումից ի վեր ամենաքննարկվող հարցերից մեկը կապված է անկախության հետ։ Արդյո՞ք գործադիրի, օրենսդիրի կամ դատական իշխանության կողմից առաջադրումը չի՞ կարող խոչընդոտել հանձնաժողովի անդամների անկախ և անկաշկանդ գործունեությանը։ Հայկուհի Հարությունյանը կարծում է, որ այս հարցը ուռճացված է․ «Ես գիտեմ, որ ինձ առաջադրել է քաղաքական կոնկրետ ուժ, բայց պայմանով և դա իրավական պարտադիր ամրագրում ունի, որ այդ ուժը իմ հետագա գործունեության վրա ազդելու որևէ լծակ չունի։ Ես ինչո՞վ պետք է կաշկանդված լինեմ, եթե որպես անձ ինձ համար հստակ որդեգրել եմ մոտեցում, որ աշխատում եմ և իմ թիրախը ոչ թե ինձ առաջադրած խմբի շահերի պաշտպանությունն է, այլ կոռուպցիայի կանխարգելումը։ Այդ դեպքում ինչո՞վ ես պիտի կոմպրոմիսի գնամ այդ ուժի հետ»։ Դիտարկմանը, թե անձնական կապերը գուցե ինչ-որ դեր խաղան, հանձնաժողովի նախագահը նշում է, որ դա արդեն անձնային տոկունության հատկանիշ է։ «Անկախ նրանից, թե որ ուժը կառաջադրի, եթե ես չունեմ տոկոնություն և հակված եմ ինչ-որ մի ազդեցության տակ որոշում կայացնելու՝ ես նույն ձևով կարող եմ ազդեցություն կրել հանրային կարծիքից, ինչը երբեմն ավելի գերակշիռ է դառնում»,- ասում է Հարությունյանը։ Հանձնաժողովի անկախությանն ուղղակի կնպաստի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը՝ համոզված է Հարությունյանը։ «Եկեք դա բերենք օրակարգ։ Մեզ իսկապես պետք է ավելի մեծ հաշվետվողականություն, գործունեության ավելի մեծ թափանցիկություն։ Հաշվետվողականության մասին դրույթները 2017թ-ին ստեղծված օրենքում լրիվ այլ նպատակ էին հետապնդում»,- ասում է հանձնաժողովի նախագահն ու ավելացնում, որ իր գլխավորած կառույցը հետաքրքրված է մեծացնել հաշվետվողականությունը։ «Եթե ես բարձրացնում եմ մեծ հաշվետվողականության և թափանցիկության հարցը, ապա ես ապահովագրում եմ ինձ բոլոր հնարավոր ազդեցության լծակներից։ Որքան մենք հաշվետու եղանք, այդքանով էլ անկախ կլինենք։ Իսկ մենք այս պահին գործող օրենքով ունենք չափազանց փոքր հաշվետվուղականության պահանջ»։ Քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի դեմ «Թրանսփերընսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասում է, որ օրենսդիրի և գործադիրի կողմից անդամների առաջադրման միջոցով հանձնաժողովի ձևավորման մեջ ռիսկեր կան, սակայն նույնանման ռիսկեր կան նաև մրցութային տարբերակով ընտրության պարագայում։ Շարունակությունը՝ ampop.am-ում
17:02 - 16 հուլիսի, 2020
Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ խաղաղ բնակչության կյանքին, առողջությանը թիրախավորված ոտնձգելու համար հարուցվել է 13 քրեական գործ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ խաղաղ բնակչության կյանքին, առողջությանը թիրախավորված ոտնձգելու համար հարուցվել է 13 քրեական գործ

2020թ. հուլիսի 13-ին և 14-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից տարբեր զինատեսակներից, այդ թվում տարբեր տրամաչափի հրազենային, հրետանային միջոցներից  կրակոցներ և արկեր են արձակվել մի շարք բնակավայրերի՝ մասնավորապես մարզի Բերդ քաղաքի, Բերդ համայնքի Այգեպար, Չինարի, Նորաշեն, Ներքին Կարմիր Աղբյուր, Տավուշ բնակավայրերի ուղղությամբ: Խաղաղ բնակչությանը՝ ՀՀ քաղաքացիներին սպանելու դիտավորությամբ կատարված կրակոցների, արկերի պայթյունների արդյունքում տարբեր աստիճանի վնասներ են հասցվել այդ բնակավայրերի խաղաղ բնակիչների, քաղաքացիական անձանց անշարժ և շարժական գույքերին, բնակավայրերում տեղակայված քաղաքացիական և արտադրական նշանակության օբյեկտներին: Մասնավորապես՝ նշված գործողությունների արդյունքում տարբեր աստիճանների վնասներ են հասցվել՝ Այգեպար բնակավայրում՝ 9 առանձնատան, բնակչի պատկանող և քաղաքացիական օգտագործման «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, բնակավայրում գործող կոնյակի գործարանին, ինչպես նաև Ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետին, որի հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պահակակետում ծառայություն իրականացնող Ոստիկանության ՊՊԳՎ վարչության Տավուշի բաժանմունքի 2 ոստիկան, Չինարի բնակավայրում՝ 4 առանձնատան, բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ԳԱԶ 53» մակնիշի 1 ավտոմեքենային, Ներքին Կարմիր Աղբյուր բնակավայրում՝ 6 առանձնատան, Բերդ քաղաքում՝ գործող կոնյակի գործարանին, Նորաշեն բնակավայրում՝ բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ՈւԱԶ» մակնիշի մեկ ավտոմեքենային, Տավուշ բնակավայրում՝ մեկ գերեզմանի շիրմաքարին և հենապատերին: Նշված հանցավոր գործողությունների արդյունքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել միայն այն պատճառով, որ բնակիչները, ինչպես նաև արտադրական ձեռնարկությունների աշխատակիցները, հասցրել են պատսպարվել ապաստարաններում, թաքստոցներում կամ այլ վայրերում: Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է 13 քրեական գործ՝ որոնցից՝ 12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Քրեական գործերն ընդունվել են վարույթ: Իրականացվող նախաքննության շրջանակներում կատարվում են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրերը և քաղաքացիական օբյեկտները Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են միտումնավոր՝ ազգային ատելության շարժառիթներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար խաղաղ բնակիչներին կյանքից զրկելու և գույքը ոչնչացնելու նապատակներով: Ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի նաև ՀՀ ԶՈւ զինծառայողների և ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցավոր գործողությունների դեպքերի և դրանց քրեաիրավական ընթացքների վերաբերյալ:
16:28 - 16 հուլիսի, 2020
Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Միքայել Մինասյանին չկալանավորելու որոշման դեմ |armtimes.com|

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Միքայել Մինասյանին չկալանավորելու որոշման դեմ |armtimes.com|

armtimes.com: Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել հուլիսի 9-ին: Մինասյանը, հիշեցնենք, որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում: Մայիսի 6-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել էր Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատարանի այդ որոշումը, սակայն, մեկ ամիս անց Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանել էր՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
15:41 - 15 հուլիսի, 2020
Արմեն Աֆանդյանը որևէ առնչություն  չէր կարող ունենալ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ քննված քրեական գործի հետ․ Գոռ Աբրահամյան

Արմեն Աֆանդյանը որևէ առնչություն չէր կարող ունենալ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ քննված քրեական գործի հետ․ Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1in.am կայքը, չդավաճանելով լրագրությանը սիրողական մոտեցում ցուցաբերելու ու որպես բամբասանքի ժանրի մոտենալու իրենց լավագույն ավանդույթներին, երեկ «Լիսկայի գործը կոծկած Սյունիքի նախկին դատախազը՝ Գլխավոր դատախազի տեղակալ» վերտառությամբ երկար-բարակ մի «պատում» է հրապարակել և, նպատակ ունենալով ստվերել ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատախազության կոլեգիայի համաձայնությամբ Արմեն Աֆանդյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հանգամանքը, հերթական անգամ չի խորշել գնալու փաստերի խեղաթյուրման, ընթերցողին մոլորության մեջ գցելու և ապատեղեկացնելու ճանապարհով: Մասնավորապես, փորձ է արվել Արմեն Աֆանդյանի անունը կապել Գորիսում 2013թ. հունիսի 1-ին նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ քննված քրեական գործի հետ՝ նշելով թե Արմեն Աֆանդյանի անունը հիշվում է նրա՝ «Սյունիքի մարզի դատախազի պաշտոնավարման ժամանակահատվածով, երբ հաջողությամբ կոծկվեց Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի կողմից Բուդաղյանների սպանության դեպքը, իսկ մարզպետն ու իր հարազատները մնացին անպատիժ»։ Լրագրության ֆակուլտետի երկրորդ կուրսի անգամ ամենածույլիկ ուսանողը գիտի, որ լրագրողի առաջին գործը, մինչև նյութը հրապարակելը, փաստերը ստուգելն է, այլ ոչ թե 7 տարվա վաղեմության իրադարձությունների վերաբերյալ սեփական հիշողություններով ու պատկերացումներով առաջնորդվելը, առավելևս դրանք թղթին հանձնելն ու հանրայնացնելը: Իսկ հոդվածին պրոֆեսիոնալ մոտենալու և փաստերն ստուգելու տարրական տնային աշխատանքը կատարելու դեպքում լրագրողը, նաև դատախազությանը դիմելով ու անհրաժեշտ պարզաբանումներն ստանալուվ, կարող էր պարզել, որ նախ՝ Արմեն Աֆանդյանը ՀՀ Սյունիքի մարզի դատախազ է նշանակվել 2013թ. նոյեմբերի 27-ին, մինչդեռ այդ դեպքը, ինչպես նշեցինք, տեղի է ունեցել 2013թ. հունիսի 1-ին՝ այսինքն դրանից շուրջ 5 ամիս առաջ: Եվ երկրորդ, որ տվյալ դեպքում ամենակարևորն է՝ այդ դեպքի վերաբերյալ քրեական գործը քննվել է ոչ թե քաղաքացիական, այդ թվում՝ մարզի դատախազության, այլ զինվորական դատախազության հսկողության ներքո, հետևաբար Արմեն Աֆանդյանը որևէ առնչություն այդ գործի հետ ունենալ չէր կարող: Առավել տգեղ և տարակուսելի է, որ հրամցված նման կեղծ, իրականությանը չհամապատասխանող լրատվությունը կուլ տալով՝ առանձին իրավապաշտպաններ այդքան հեշտությամբ հանձն են առնում անձին և մի ամբողջ համակարգի վարկաբեկելու, հեղինակազրկելու անպատվաբեր գործին՝ ձեռքի հետ բացահայտելով նաև իրենց իսկ քննարկած խնդրից՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակման օրենսդրական կարգավորումից իրենց բացարձակ անտեղյակությունը»:
11:28 - 15 հուլիսի, 2020
Խոշտանգման դեպքերով նախնական քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկել

Խոշտանգման դեպքերով նախնական քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկել

Ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմի կատարելագործման, դատական պրակտիկայի բարելավման խնդիրը շարունակում է մնալ ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ առանձին դեպքերում անձանց՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները, պնդումները անհապաղ ՀՀ ՀՔԾ քննարկման չուղարկելու հանգամանքով պայմանավորված՝ հետագայում նման գործերի քննության ընթացքում խոչընդոտվում է քննության օպերատիվության, բազմակողմանիության, արդյունավետության ապահովումը: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձին խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով 2020թ. հունվարի 8-ին հարուցված քրեական գործի նյութերի ուսումնասիրությունց պարզվել է, որ այլ քրեական գործով նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը իր լիազորություններն իրականացնելիս, հայտնաբերելով ենթադրյալ հանցագործության նյութական հետքեր և հետևանքներ, մասնավորապես՝ ունենալով դատական նիստի ժամանակ մեղադրյալի և նրա պաշտպանի կողմից արված՝ մեղադրյալի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու վերաբերյալ հայտարարությունները, այդ ուղղությամբ շուրջ չորս ամսվա ընթացքում պատշաճ միջոցներ չի ձեռնարկել: Տվյալ դեպքում հանցագործության հետքերի և ապացույցների կորստից հնարավոր է եղել խուսափել միայն ձերբակալելուց հետո ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում անձին բուժզննության ենթարկելու, շտապօգնության բրիգադներ կանչելու և նրա առողջական վիճակի վերաբերյալ փաստական տվյալներ ստանալու արդյունքում: Այսինքն՝ անձի չձերբակալվելու դեպքում վերջինիս առողջական վիճակի և մարմնական վնասվածքներ ունենալու կամ չունենալու վերաբերյալ դեպքից ամիսներ անց եզրահանգում անելու որևէ հիմք չէր լինեու: Ուսումնասիրությունները վկայում են նաև, որ հաճախ ենթադրյալ խոշտանգում կատարած անձինք համաձայնեցնում են իրենց ցուցմունքները և այլևս հնարավոր չի լինում նրանց անջատ և օպերատիվ հարցաքննել: Բացի այդ, խոշտանգման ենթարկված անձի հայտնած տվյալները նման դեպքերում հնարավոր չի լինում ստուգել՝ դեպքից տևական ժամանակ անցած լինելու պատճառով։ Արդյունքում՝ հարցականի տակ է դրվում վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու հնարավորությունը, վտանգվում է նման դեպքերով արագ և մանրամասն քննության՝ Եվրոպական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած բազմաթիվ որոշումներում արտահայտված  արդյունավետության չափանիշի կենսագործումը: Այդ չափանշներից են իրավասու մարմինների կողմից պատշաճ արագությամբ գործելը, գործով ապացույցներն ապահովելու համար մանրամասն քննություն կատարելը, քննությանը տուժողի արդյունավետ ներգրավվածությունն ապահովելը և այլն: Ելնելով այս չափանիշները պարտադիր կիրառելի դարձնելու հրամայականից՝ ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է հասցեագրվել «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի տարածքային մարմիններ ընդունված անձանց մոտ զննությամբ վնասվածքներ հայտնաբերվելու, դրանք  ենթադրյալ խոշտանգման արդյունքում հասցված լինելու վերաբերյալ կազմված փաստաթղթերը անհապաղ ՀՀ դատախազությանը տրամադրելու նպատակով: ՀՀ ՀՔԾ-ին ուղղված գրությամբ շեշտվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերով քննությունները վերը նշված չափանիշներին և Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին համապատասխանության ապահովման շրջանակներում ենթադրյալ զոհի հայտնած տվյալները հապճեպ կամ չհիմնավորված վերջնական գնահատականի արժանացնելու դրսևորումները բացառելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարություն է տրվել ՀՀ դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ անձանց բողոքների և պնդումների մասին քննությունը օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ կատարելու, դրա պատշաճ արագությունը երաշխավորելու նպատակով ապահովել, որպեսզի նշված բողոքները և պնդումները դրանք ստացվելուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում ուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ ՀՔԾ ուղարկելու հարցը օպերատիվ կերպով լուծելու համար։
19:38 - 14 հուլիսի, 2020
ՀՀ գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի

ՀՀ գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի

ՀՀ դատախազության կոլեգիայի հետ խորհրդակցելով՝ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակել է Արմեն Աֆանդյանին: Առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Ալբերտի Աֆանդյանի թեկնածությունը, որն ընդունվել է կոլեգիայի անդամների կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2020թ. հրամանով Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից իր անձնական դիմումի հիման վրա ազատված Արմեն Հարությունյանին՝ համակարգում ունեցած ներդրման, կատարած բարեխիղճ, արդյունավետ մեծ ծավալի աշխատանքի համար: Գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ նա այլ կարգավիճակով կշարունակի իր հարուստ փորձը, գիտելիքներն ու կազմակերպչական ունակությունները ծառայեցնել դատախազական համակարգին եւ իր նպաստը բերել երկրում օրինականության եւ իրավակարգի ամրապնդման հայրենանվեր գործին: Արմեն Ալբերտի Աֆանդյանը ծնվել է 1976թ. մայիսի 5-ին, Երեւան քաղաքում: 1997թ. ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: 1997 - 1998թ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում: 2000-2007թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության համակարգում, սկզբում` Էրեբունու քննչական բաժնում որպես քննիչ, այնուհետեւ Կենտրոնի քննչական բաժնում որպես ավագ քննիչ: 2007թ.-ից ՀՀ դատախազության համակարգում է՝ նախ որպես Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության քննիչ, ապա նույն դատախազության դատախազ, այնուհետեւ դատախազության ավագ դատախազ: 2008-2012թ. զբաղեցրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնը: 2012թ. նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, իսկ 2013թ. նշանակվել է նախ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության ավագ դատախազ, ապա՝ Սյունիքի մարզի դատախազ: 2016-2019թթ եղել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը: 2019թ․սեպտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում: 1999-2001թթ. դասավանդել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանում: Ըմբշամարտի ԽՍՀՄ համամիութենական մրցաշարի եւ Հայաստանի Հանրապետության առաջնության հաղթող է: Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր:    
20:00 - 13 հուլիսի, 2020
ՃՈ հրամանատարը դատապարտվել է քաղաքացու նկատմամբ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

ՃՈ հրամանատարը դատապարտվել է քաղաքացու նկատմամբ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

ՃՈ հրամանատարը դատապարտվել է քաղաքացու նկատմամբ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: ՀՀ գլխավոր դատախազությունը հետամուտ է քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների տարածքներում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և բռնությունների ենթարկելու բոլոր դեպքերին համարժեք իրավական գնահատականներ տալու և նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական քաղաքականությանը: Դրա հերթական վկայությունն է ՃՈ աշխատակցի կողմից իր աշխատասենյակում պաշտոնեական լիազորություններն անցնելով քաղաքացու նկատմամբ բռնության գործադրման վերաբերյալ գործով դատարանի կողմից մեղադրական դատավճռի կայացումը:  Մասնավորապես, 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ գլխավոր դատախազություն միջոցով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել էր, որ  ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի դասակի հրամանատար Ն. Ա.-ն 2018թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, իր աշխատասենյակում ընդունել է Կապան քաղաքի մի բնակչի, ով պարզաբանումներ է պահանջել նույն օրը ՃՈ տեսուչներից մեկի կողմից իր  վարած ավտոմեքենան կանգնեցնելու կապակցությամբ: Քաղաքացու և Ն.Ա.-ի խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ վերջինս քաղաքացուն գցել է գետնին և ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցավոր արարք կատարելու համար 2018թ. դեկտեմբերի 18-ին Ն. Ա.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:  2019թ. փետրվարի 5-ին, մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը քրեական գործն ուղարկել է  ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար: 2020թ. հունիսի 30-ին դատարանն ամբաստանյալ Ն. Ա.-ին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի ժամկետով և նույն որոշմամբ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ դատարանն ամբասանյալին ազատել է հիմնական՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց: Միաժամանակ, դատարանը, որպես լրացուցիչ պատիժ նրան 1 տարի ժամկետով զրկել է ՀՀ ոստիկանությունում պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Բացի վերոնշյալը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խոշտանգումների, վատ վերաբերմունքի վերաբերյալ անձանց բողոքների և պնդումների մասին քննություններն օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ կատարելու, դրանց պատշաճ արագությունն ապահովելու նպատակով այդ բողոքներն ու պնդումներն անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում, ուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը քննարկելու համար։
17:17 - 13 հուլիսի, 2020
Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում. քրեական գործ է հարուցվել

Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում. քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ Գորիս քաղաքում գտնվող 7530քմ․ մակերեսով ոչ բնակելի տարածքի վարձակալության վերաբերյալ կատարված վերահսկողության մասին փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն է պահանջվել ու ստացվել նաև ՀՀ Կադաստրի և ՀՀ պետական գույքի կոմիտեներից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից և ՀՀ Սյունիքի մարզպետարանից: Արդյունքում պարզվել է, որն 2007թ․ հոկտեմբերի 8-ին կնքված պայմանագրով ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը N ՍՊԸ-ին վարձակալության է հանձնել Գորիս քաղաքի Անտառամերձ հասցեում գտնվող 7530 քմ․ մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ 300․000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով և 2008թ․ հունվարի 1-ից մինչև 2008թ․ դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով: Նաև վարձակալի համար սահմանվել է առանց վարձատուի գրավոր համաձայնության գրավի, ենթավարձակալության պայմանագրեր չկնքելու և գործարքների մեջ չմտնելու պարտականություն։ Պարզվել է, սակայն, որ վարձակալ ՍՊԸ-ն 2007թ․ նոյեմբերի 16-ին կապի հայաստանյան օպերատոր ընկերության հետ կնքել է նշված հասցեում գտնվող 100 քմ․ մակերեսով ազատ հողատարածքը 50․000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով և մինչև 2027թ. նոյեմբերի 16-ը գործողության ժամկետով ենթավարձակալության պայմանագիր՝ այնտեղ բջջային կայանի տեղակայման և շահագործման նպատակով: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 656-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շենքի կամ շինության վարձակալության ժամկետով վարձակալին է անցնում հողամասի միայն այն մասի օգտագործման իրավունքը, որն զբաղեցված է շենքով կամ շինությամբ և անհրաժեշտ է դրա օգտագործման համար: Այսինքն տվյալ դեպքում վարձակալ ընկերությունը շինության չզբաղեցված պետական սեփականության հողամասը ենթավարձակալության հանձնելու պայմանագիր է կնքել՝ չունենալով դրա իրավունքը։ Ընդ որում, ենթավարձակալության համար սահմանվել է վարձակալության պայմանագրի ուժի մեջ մտնելուց ավելի վաղ, իսկ գործողության համար ավելի երկար ժամկետ: Մասնավորապես, ենթավարձակալության պայմանագիրն ուժի մեջ է մտել Վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց՝ 2008թ․ հունվարի 1-ից 20 օր առաջ, իսկ ենթավարձակալությամբ սահմանված գործողության ժամկետը (մինչև 16․11․2027թ․) գրեթե 19 տարով գերազանցել է Վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը։ Սա այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել վարձակալության պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով։   Փաստորեն, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարութան, վերջինիս իրավահաջորդներ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարութան պաշտոնատար անձանց կողմից 2007թ․ մինչ օրս իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները որպես վարձատու չկատարելու արդյունքում պետության համար առաջացել են ծանր հետևանքներ, իսկ ընկերության ծառայողները 2007թ․ մինչ օրս խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ապօրինի կերպով շուրջ 12 տարի տիրապետել և օգտագործել են պետության սեփականություն հանդիսացող հողամասը և դրա դիմաց ստացել շուրջ 7,200,000 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով նույնքան դրամի առանձնասպես խոշոր չափի վնաս։ Բացի այդ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձինք անտեսել են, որ ընկերությունը վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը գերազանցող և դրա առարկայի ծավալից դուրս գտնվող գույքի նկատմամբ  ենթավարձակալության պայմանագիր կնքելու իրավասություն չի ունեցել և նման գործարքից բխող իրավունքների պետական գրանցումը մերժելու փոխարեն գրանցել են ենթավարձակալության պայմանագրից բխող իրավունքները։  Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև ընկերության ծառայողների կողմից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով պետությանն առանձնասպես խոշոր չափի վնաս պատճառելու առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
17:00 - 13 հուլիսի, 2020