Արմեն Աֆանդյանը որևէ առնչություն  չէր կարող ունենալ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ քննված քրեական գործի հետ․ Գոռ Աբրահամյան
11:28 - 15 հուլիսի, 2020

Արմեն Աֆանդյանը որևէ առնչություն չէր կարող ունենալ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ քննված քրեական գործի հետ․ Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«1in.am կայքը, չդավաճանելով լրագրությանը սիրողական մոտեցում ցուցաբերելու ու որպես բամբասանքի ժանրի մոտենալու իրենց լավագույն ավանդույթներին, երեկ «Լիսկայի գործը կոծկած Սյունիքի նախկին դատախազը՝ Գլխավոր դատախազի տեղակալ» վերտառությամբ երկար-բարակ մի «պատում» է հրապարակել և, նպատակ ունենալով ստվերել ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատախազության կոլեգիայի համաձայնությամբ Արմեն Աֆանդյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հանգամանքը, հերթական անգամ չի խորշել գնալու փաստերի խեղաթյուրման, ընթերցողին մոլորության մեջ գցելու և ապատեղեկացնելու ճանապարհով:

Մասնավորապես, փորձ է արվել Արմեն Աֆանդյանի անունը կապել Գորիսում 2013թ. հունիսի 1-ին նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ քննված քրեական գործի հետ՝ նշելով թե Արմեն Աֆանդյանի անունը հիշվում է նրա՝ «Սյունիքի մարզի դատախազի պաշտոնավարման ժամանակահատվածով, երբ հաջողությամբ կոծկվեց Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի կողմից Բուդաղյանների սպանության դեպքը, իսկ մարզպետն ու իր հարազատները մնացին անպատիժ»։

Լրագրության ֆակուլտետի երկրորդ կուրսի անգամ ամենածույլիկ ուսանողը գիտի, որ լրագրողի առաջին գործը, մինչև նյութը հրապարակելը, փաստերը ստուգելն է, այլ ոչ թե 7 տարվա վաղեմության իրադարձությունների վերաբերյալ սեփական հիշողություններով ու պատկերացումներով առաջնորդվելը, առավելևս դրանք թղթին հանձնելն ու հանրայնացնելը:

Իսկ հոդվածին պրոֆեսիոնալ մոտենալու և փաստերն ստուգելու տարրական տնային աշխատանքը կատարելու դեպքում լրագրողը, նաև դատախազությանը դիմելով ու անհրաժեշտ պարզաբանումներն ստանալուվ, կարող էր պարզել, որ նախ՝ Արմեն Աֆանդյանը ՀՀ Սյունիքի մարզի դատախազ է նշանակվել 2013թ. նոյեմբերի 27-ին, մինչդեռ այդ դեպքը, ինչպես նշեցինք, տեղի է ունեցել 2013թ. հունիսի 1-ին՝ այսինքն դրանից շուրջ 5 ամիս առաջ: Եվ երկրորդ, որ տվյալ դեպքում ամենակարևորն է՝ այդ դեպքի վերաբերյալ քրեական գործը քննվել է ոչ թե քաղաքացիական, այդ թվում՝ մարզի դատախազության, այլ զինվորական դատախազության հսկողության ներքո, հետևաբար Արմեն Աֆանդյանը որևէ առնչություն այդ գործի հետ ունենալ չէր կարող:

Առավել տգեղ և տարակուսելի է, որ հրամցված նման կեղծ, իրականությանը չհամապատասխանող լրատվությունը կուլ տալով՝ առանձին իրավապաշտպաններ այդքան հեշտությամբ հանձն են առնում անձին և մի ամբողջ համակարգի վարկաբեկելու, հեղինակազրկելու անպատվաբեր գործին՝ ձեռքի հետ բացահայտելով նաև իրենց իսկ քննարկած խնդրից՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակման օրենսդրական կարգավորումից իրենց բացարձակ անտեղյակությունը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել