ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Պետական սեփականության գույքն օտարվել է շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից շուրջ 39 անգամ պակաս գնով

Պետական սեփականության գույքն օտարվել է շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից շուրջ 39 անգամ պակաս գնով

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցման գործընթացի՝ օրենսդրության պահանջներին համապատասխանության վիճակի ուսումնասիրությունները: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացած փաստաթղթերի հիման վրա իրականացված հերթական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գնահատող ընկերությունը 2016 թ. իրականացրել է պետական սեփականություն հանդիսացող՝ Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս թիվ 4/5 հասցեում գտնվող 708.28 քմ մակերեսով շինության և 1,064.4 քմ մակերեսով հողամասի գնահատում: Դրա արդյունքում 01.12.2016թ. ընկերության կողմից տրված եզրակացությամբ  նշված գույքի ընդհանուր արժեքը կազմել է ընդամենը 8.151.920 ՀՀ դրամ: Ընդ որում՝ եզրակացությունը ՀՀ գլխավոր դատախազությանը չի տրամադրվել այն հիմնավորմամբ, որ բացակայում է գույքի օտարման գործից: Իսկ ընկերության և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության միջև ծառայությունների մատուցման գործընթացն իրականացվել է առանց  ծառայությունների մատուցման պայմանագրի:   ՀՀ կառավարության 13.06.2003թ. թիվ 882-Ն որոշմամբ սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքում 02.05.2018թ. կնքված պայմանագրով վերը նշված գույքն օտարվել է 2.003.418 ՀՀ դրամով: Մինչդեռ ՀՀ Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 78.074.138 ՀՀ դրամ: Ուսումնասիրությունից հետևում է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները, գույքի գնահատումն իրականացվել է առանց իրավական հիմքի՝ պայմանագիր կնքելու: Ընկերության մասնագետի կողմից 01.12.2016թ. կազմած եզրակացությամբ ավելի քան 78 մլն դրամ արժեքով վերոնշյալ անշարժ գույքը գնահատվել է մոտ 8 մլն դրամ, այսինքն՝ շուրջ 10 անգամ պակաս, որն էլ մրցութային հանձնաժողովի կողմից հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման մրցույթի համար: Արդյունքում, նշված գույքն օտարվել է շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից շուրջ 39 անգամ պակաս՝ ընդամենը 2 մլն  դրամով՝ պետությանը պատճառելով շուրջ 76 մլն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքով նախատեսված 315-րդ հոդվածի 2-րդ մասով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մաս) նախատեսված արարքի հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքները՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:43 - 21 հուլիսի, 2022
Արթուր Դավթյանը Երևանի բնակիչ Արայիկ Անանյանին պարգևատրել է քաղաքացու կյանքը փրկելու համար

Արթուր Դավթյանը Երևանի բնակիչ Արայիկ Անանյանին պարգևատրել է քաղաքացու կյանքը փրկելու համար

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանցագործության կանխման ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար ՀՀ քաղաքացի Արայիկ Անանյանին պարգևատրել է շնորհակալագրով:   Ընդունելով նրան՝ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել, ընդգծել քաղաքացիների աջակցության կարևորությունը թե՛ հանցագործությունների կանխման, թե՛ բացահայտման գործում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորել է քաղաքացի Արայիկ Անանյանի այդ քայլը, դեպքին անմիջական մասնակցությունը, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել հանցագործությունը և փրկել կնոջ կյանքը:   Դեպքը տեղի է ունեցել 2022-ի հունիսի 17-ին: Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Բաբաջանյան փողոցից «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել Թ. Գասպարյանը: Պարզվել է, որ հասարակական տրանսպորտի կանգառում Մ. Մկրտչյանը մոտեցել է կնոջը՝ Թ. Գասպարյանին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել նրա հետ, և ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքով բռնել Թ. Գասպարյանի պարանոցից, ասել, որ կսպանի, դանակով հարվածներ հասցրել պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:   Դեպքին ականատես Արայիկ Անանյանի միջամտությամբ, հանցագործության գործիք համարվող դանակը Մ. Մկրտչյանը թողել է դեպքի վայրում և դիմել փախուստի: Այնուհետև տուժած կնոջը օգնություն է ցուցաբերվել: Դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Մ. Մկրտչյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:
14:34 - 20 հուլիսի, 2022
ԲԴԽ-ն Գլխավոր դատախազությանը կոչ է անում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները

ԲԴԽ-ն Գլխավոր դատախազությանը կոչ է անում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ Գլխավոր դատախազությանը կոչ անելով «լինել հնարավորինս զուսպ»: Հայտարարությունում ասվում է. «18.07.2022թ.-ին ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակվել է «Կրկնահանցագործը նոր հանցագործություններ է կատարել՝ դատարանների անհիմն որոշումների արդյունքում պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքում» խորագրով հաղորդագրություն, որում կասկածի տակ է դրվել Առաջին, Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների կողմից միևնույն գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիմնավորվածությունն ու օրինականությունը: Բարձրագույն դատական խորհուրդն անթույլատրելի և դատապարտելի է համարում հատկապես պետական մարմինների կողմից նման գործելաոճը, քանի որ այդ արատավոր երևույթը ոչ միայն անհիմն հեղինակազրկում է դատական իշխանությանը, այլև ստեղծում է տպավորություն, որ պետական մարմինները չեն հարգում օրենքը, ինչն անելը հենց առաջնահերթ վերջիններիս պարտականությունն է: Կոչ ենք անում մեր գործընկերներին իրենց արտահայտություններում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները և հարգանք դրսևորել օրենքի և դատական իշխանության նկատմամբ»: Հիշեցնենք, որ երեկ Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել ու նշել, որ դատարանների կողմից կայացված՝ կրկնահանցագործին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու չհիմնավորված որոշման, դրա դեմ դատախազության առարկությունների, վերադաս դատարաններ ներկայացրած բողոքների մերժման արդյունքում ազատ արձակվելուց հետո անձը կատարել է նոր, այդ թվում նաև` առանձնապես ծանր հանցագործություններ:  Մասնավորապես, 2017թ. հունիսի 28-ին ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով դատապարտված Է. Եդիգարյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. հոկտեմբերի 4-ի դատավճռով Հայաստանում կատարված այլ հանցագործության համար դատապարտվել էր ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով: ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բացասական զեկույցների հիման վրա, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետը 2021թ. ապրիլի 16-ին որոշում է կայացրել դատապարտյալ Է. Եդիգարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնել։ Այս որոշումը դատապարտյալը բողոքարկել է դատարան, բողոքի դատաքննության ժամանակ դատախազն առարկել է դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեմ: Չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ Է. Եդիգարյանի բողոքը բավարարվել է, և նա պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի մնացած մասը՝ 1 տարի 3 ամիս 9 օրը, կրելուց: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ «հաշվի առնելով Է. Եդիգարյանի կողմից պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը և դրա վերաբերյալ կազմված զեկույցները՝ կրած պատիժը բավարար է դատապարտյալի ուղղվելու համար և նա ազատազրկման ձևով նշանակված  պատժի մնացած մասը կրելու կարիք չունի»: Դատարանի այս որոշման դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ, ապա նաև վճռաբեկ բողոքներ, որոնք, սակայն ՀՀ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից մերժվել են: Արդյունքում,  Է. Եդիգարյանն ազատ է արձակվել: Դրանից հետո վերջինս, գտնվելով վերահսկողության ներքո, Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում հարուցված քրեական գործով 2022թ. ապրիլի 15-ին ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:  Ավելի ուշ՝ պարզվել է նաև, որ նա, կրկին վերահսկողության ընթացքում՝ կատարել է նաև այլ, առանձնապես ծանր հանցագործություն: Մասնավորապես, 2022թ. ապրիլի 15-ին ժամը 19-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ձեռքերով և փայտերով հարվածներ է հասցրել երկու անձի, ինչի արդյունքում վերջիններս տեղում մահացել են: Եդիգարյանը ձերբակալվել է և ԱՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 
12:54 - 20 հուլիսի, 2022
Գուգարքի նախկին համայնքապետը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով․ Դատախազություն

Գուգարքի նախկին համայնքապետը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով․ Դատախազություն

Լոռու մարզի Գուգարքի համայնքապատկան հողամասերն օրենքի խախտմամբ և պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ վարձակալության, ապա ենթավարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործով կայացվել է մեղադրական դատավճիռ: Դատախազությունից հայտնում են, որ քննությամբ հիմնավորվել էր, որ 2005թ.-ից մինչև 2020թ. Լոռու մարզի Գուգարք համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Ա. Աշուղյանը, 2007թ. ի պաշտոնե տեղեկացված է եղել համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրի տարածքում հեռահաղորդակցության օպերատոր ընկերության կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին: Պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ հետագա տարիներին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող վարձավճարների հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով՝ համայնքի ղեկավարը համապատասխան մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցույթ անցկացնելու հիմքեր ստեղծելու նպատակով պահանջել է կնոջը՝ Ն. Քոչարյանին, նշված հողատարածքը վարձակալելու մտադրության մասին համապատասխան դիմում ներկայացնել համայնքապետարան: Ապա նա անձամբ նախաձեռնել է հողատարածքի հատակագծման աշխատանքները և ստեղծել մրցույթային հանձնաժողով: Գլխավորելով մրցույթային հանձնաժողովը՝ համայնքի ղեկավարը կազմակերպել և անցկացրել է նշված հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել մրցույթի միակ մասնակից հանդիսացող Ն. Քոչարյանը: Վերջինիս հետ 2007թ. հունիսի 1-ին կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով համայնքային սեփականության 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 50 տարի ժամկետով և տարեկան ընդամենը 2.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է տրամադրվել նրան: Այնուհետև վարձակալության պայմանագիր կնքելուց կարճ ժամանակ անց՝ 2007թ.ի հուլիսի 20-ին, Ա Աշուղյանը կնոջ միջոցով նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը տարեկան 1.020.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է հեռահաղորդակցության ընկերությանը: Արդյունքում մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպությունից, փաստացի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց, նրա ընտանիքը ստացել է ընդհանուր 12.489.500 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Գուգարք համայնքի իրավունքներին և օրինական շահերին:  Համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի եկամուտ ստանալու և հողամասն իր նպատակային ու գործառնական նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից: Վերոնշյալ արարքի համար Ա. Աշուղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական գործը 2020թ. դեկտեմբերին համայնքի ղեկավարի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դեռևս նախաքննության ընթացքում Ա. Աշուղյանը համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնել է: 2022թ. հուլիսի 14-ին կայացված դատավճռով, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, վերջինս մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող արարքների կատարման համար և դատապարվել 3 տարի ժամկետով ազատազրկման՝ տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա ստորաբաժանումներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով: Սակայն նկատի ունենալով ամբաստանյալի տարիքը, առողջական խնդիրները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերականգնել է համայնքին պատճառված վնասը, անձը զղջացել է արարքի համար և աջակցել հանցագործության բացահայտմանը՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահմանվելով փորձաշրջան: Մարզի դատախազության կողմից մարզպետին ներկայացված միջնորդագրի արդյունքում նաև լուծվել է կքված վարձակալության պայմանագիրը և համայնքի ու հեռահաղորդակցության օպերատոր ընկերության միջև կնքվել է վարձակալության նոր պայմանագիր, ինչով վերականգնվել են համայնքի խախտված իրավունքները:
14:52 - 19 հուլիսի, 2022
Դատարանների չհիմնավորված որոշումների արդյունքում հանցագործը վաղաժամկետ ազատ է արձակվել, ապա Արցախում սպանել 2 անձի. Դատախազություն

Դատարանների չհիմնավորված որոշումների արդյունքում հանցագործը վաղաժամկետ ազատ է արձակվել, ապա Արցախում սպանել 2 անձի. Դատախազություն

Դատարանների կողմից կայացված՝ կրկնահանցագործին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու չհիմնավորված որոշման, դրա դեմ դատախազության առարկությունների, վերադաս դատարաններ ներկայացրած բողոքների մերժման արդյունքում ազատ արձակվելուց հետո անձը կատարել է նոր, այդ թվում նաև` առանձնապես ծանր հանցագործություններ: Այս մասին հայտնում են ՀՀ Դատախազության մամուլի ծառայությունից։ Մասնավորապես, 2017 թ. հունիսի 28-ին ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով դատապարտված Է. Եդիգարյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թ. հոկտեմբերի 4-ի դատավճռով Հայաստանում կատարված այլ հանցագործության համար դատապարտվել էր ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով: ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բացասական զեկույցների հիման վրա, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետը 2021 թ. ապրիլի 16-ին որոշում է կայացրել դատապարտյալ Է. Եդիգարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնել։ Այս որոշումը դատապարտյալը բողոքարկել է դատարան, բողոքի դատաքննության ժամանակ դատախազն առարկել է դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեմ: Չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ Է. Եդիգարյանի բողոքը բավարարվել է, և նա պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի մնացած մասը՝ 1 տարի 3 ամիս 9 օրը, կրելուց: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ «հաշվի առնելով Է. Եդիգարյանի կողմից պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը և դրա վերաբերյալ կազմված զեկույցները՝ կրած պատիժը բավարար է դատապարտյալի ուղղվելու համար, և նա ազատազրկման ձևով նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի»: Դատարանի այս որոշման դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ, ապա նաև վճռաբեկ բողոքներ, որոնք, սակայն ՀՀ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից մերժվել են: Արդյունքում, Է. Եդիգարյանն ազատ է արձակվել: Դրանից հետո վերջինս, գտնվելով վերահսկողության ներքո, Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում հարուցված քրեական գործով 2022 թ. ապրիլի 15-ին ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 138-րդ հոդվածի 1- ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ: Ավելի ուշ պարզվել է նաև, որ նա, կրկին վերահսկողության ընթացքում, կատարել է նաև այլ, առանձնապես ծանր հանցագործություն: Մասնավորապես, 2022 թ. ապրիլի 15-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ձեռքերով և փայտերով հարվածներ է հասցրել երկու անձի, ինչի արդյունքում վերջիններս տեղում մահացել են: Եդիգարյանը ձերբակալվել է և Արցախի քննչական կոմիտեում դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
18:00 - 18 հուլիսի, 2022
«Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող 281 մլն դրամ շուկայական արժեքով շինություններն օտարվել են շուրջ 20 անգամ պակաս գնով

«Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող 281 մլն դրամ շուկայական արժեքով շինություններն օտարվել են շուրջ 20 անգամ պակաս գնով

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության՝ Մասիս քաղաքում գտնվող «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող 2,993.7 քմ մակերեսով շինությունների օտարման գործընթացի համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին:  Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ գնահատող ընկերությունը 2017 թ. իրականացրել է նշված շինությունների գնահատում, որի արդյունքում տրված եզրակացությամբ նշված գույքի արժեքը 20.05.2017թ. դրությամբ կազմել է 12.997.600 ՀՀ դրամ: Եզրակացությունը ՀՀ գլխավոր դատախազությանը չի տրամադրել այն հիմնավորմամբ, որ այն գույքի օտարման գործից բացակայում է: Պարզվել է, որ ընկերության և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության միջև գնահատման ծառայությունների մատուցման գործընթացն իրականացվել է առանց  ծառայությունների մատուցման պայմանագրի: Անցկացված մրցույթի արդյունքում 11.04.2018թ. կնքված պայմանագրով Մասիս քաղաքում գտնվող «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող 2,993.7 քմ մակերեսով շինություններն օտարվել են ընդամենը 12.997.600 ՀՀ դրամով: Գնորդը նշված գույքը շուրջ մեկ տարի անց վերավաճառել է 37.000.000 ՀՀ դրամով կամ սկզբնական գնահատման և վաճառքի արժեքից շուրջ 3 անգամ ավելի գնով: ՀՀ Կադաստրի կոմիտե «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն՝ 11.07.2022թ. դրությամբ նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 281.126.656 ՀՀ դրամ: Այսպիսով, ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները, վարչության և վերոնշյալ ընկերության միջև ծառայությունների մատուցման գործընթացն իրականացվել է առանց իրավական հիմքի՝ պայմանագիր կնքելու: Ընկերության կողմից կազմված եզրակացությամբ 281.126.656 ՀՀ դրամ արժեքով շինությունները գնահատվել են ընդամենը 12.997.600 ՀՀ դրամ, որն էլ մրցութային հանձնաժողովի կողմից հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման մրցույթի համար: Արդյունքում, նշված գույքը 11.04.2018թ. օտարվել է 12.997.600 ՀՀ դրամով կամ շուրջ 20 անգամ պակաս շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից՝ պետությանը պատճառելով շուրջ 268.000.000 ՀՀ դրամի խոշոր չափերի գույքային վնաս: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքով նախատեսված 315-րդ հոդվածի 2-րդ մասով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մաս) նախատեսված արարքի հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:12 - 18 հուլիսի, 2022
Դատարանը մերժեց դատավորներ Գևորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Դատարանը մերժեց դատավորներ Գևորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

#Կարճասած ՀՀ սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ եւս երկու անձի վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց՝ այն հիմնավորմամբ, որ 2003 թ․ Քրեական օրենսգիրքը, որով նախատեսված հոդվածները նրանց մեղսագրվում են, օրեր առաջ՝ 2022 թ․ հուլիսի 1-ին, ճանաչվել է ուժը կորցրած։ Հանրային մեղադրող (դատախազ) Արամ Արամյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ մեղսագրվող արարքները, միեւնույն է, հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նոր օրենսգրքով եւս քրեականացված են։ Տուժող Սիմոն Աղեկյանը միացավ նրա առարկությանը։ Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ միջնորդության վերաբերյալ դատական ակտ կայացնելու, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ որոշեց մերժել միջնորդությունը։ #Մանրամասն Իրավաբանական համայնքն արդեն քանի օր է՝ քննարկում է այն հարցը, թե Քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո նախկինում կատարված ենթադրյալ հանցանքին տրված որակման հետ ինչպես է պետք վարվել․ առաջադրված մեղադրանքը պե՞տք է համապատասխանեցնել նոր օրենսգրքին, եթե այն չի ապաքրեականացվել, թե՞ պետք է պահպանել արարքի կատարման պահին գործող, սակայն այժմ ուժը կորցրած իրավակարգավորումը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում, ուր այսօր նշանակված էր Սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ մյուսների գործով դատական նիստը, այս հարցը դարձյալ քննարկման առարկա դարձավ։ Գեւորգ Նարինյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ կեղծելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն եւ հրապարակային սակարգությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն դրդելու, իսկ Արա Կուբանյանը՝ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նարինյանի մորաքրոջ որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, իսկ սնանկության գործով կառավարիչը՝ Աշոտ Խատատրյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ հրապարակային սակարգությունների իրականացման կարգը խախտելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Այս մեղադրանքները նրանց առաջադրվել են 2003 թվականին ընդունված եւ մինչեւ վերջերս գործող Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Այդ օրենսգիրքը, սակայն, օրեր առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, ճանաչվեց ուժը կորցրած։ Նույն օրը ուժի մեջ մտան Ազգային ժողովի կողմից ավելի վաղ ընդունված Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքերը։ Հանրային մեղադրողը մեղադրանքների փոփոխության անհրաժեշտություն այս փուլում չի տեսնում Այս փոփոխությունը հաշվի առնելով՝ այսօրվա նիստի սկզբում Արա Կուբանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ անորոշություն է առաջացել, եւ պաշտպանության  իրավունքի լիարժեք իրացման նպատակով դատախազը պետք է հստակեցնի՝ ի՞նչ դիրքորոշում ունի, արդյո՞ք գործը պետք է այս մեղադրանքով շարունակվի, ի վերջո ի՞նչից պետք է պաշտպանության կողմը պաշտպանվի: Արձագանքելով հարցերին՝ հանրային մեղադրող Արամ Արամյանն ասաց, որ ներկա փուլում ինքը չի պատրաստվում մեղադրանքը փոփոխելու միջնորդությամբ հանդես գալ, եւ կարծում է, որ առկա իրավական կարգավորումներով անորոշություն եւ դատական նիստը շարունակելու խոչընդոտ չկա։  Լուսանկարում՝ հանրային մեղադրող Արամ Արամյանը Ըստ Արամյանի՝ օրենքի փոփոխությամբ մեղսագրված հանցավոր որեւէ արարք չի ապաքրեականացվել․ հին օրենսգրքով նախատեսված 190-րդ հոդվածը ներկայումս նախատեսված է նոր օրենսգրքի 296-րդ հոդվածով, 310․1-դ հոդվածը՝ 443-ով, 314․3-րդը՝ 444-րդով, 308-րդը՝ 441-ով, 196-րդը՝ 283-ով։ Նա մեջբերեց  2022 հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՔՕ-ի 8-րդ մասը, ըստ որի՝ արարքի հանցավորությունը, պատժելիությունը եւ քրեաիրավական այլ հետեւանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, իսկ այս կանոնից բացառությունը միայն մեղմացնող օրենքի առկայության պարագայում է։ Արամյանը հիշատակեց նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչեւ դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ․ «Պետք է արձանագրենք, որ պաշտպանի բարձրացրած հարցը վերաբերում է պաշտպանության իրավունքի խախտմանը, իսկ ես գտնում եմ, որ խախտում առկա չէ, եւ լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է»,- ասաց նա։ Դատավոր Ջոն Հայրապետյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ մեղադրողն ուսումնասիրել եւ գտել է, որ հին եւ նոր օրենքներով հոդվածների դիսպոզիցիաները, արարքի նկարագրությունները չեն փոխվել, ուստի առաջադրված մեղադրանքների հոդվածները համապատասխանում են նրա վկայակոչած հոդվածներին, ինչին Արամյանը դրական պատասխան տվեց։ Քիչ անց, սակայն, դատավորը նկատեց, որ հոդվածների դիսպոզիցիաներում ձեւակերպումների փոփոխություն, ամեն դեպքում, առկա է․ «Արարքները, որոնք մեղսագրվում են, ապաքրեականացված չեն, փոփոխություններ կան, այո, բայց իմ ասածը վերաբերում է ներկա փուլում գործողությունները շարունակելուն, միգուցե հետագայում լրացուցիչ փոփոխությունների կարիք լինի, բայց դրանք խոչընդոտ չեն»,- արձագանքեց հանրային մեղադրողը։ Պաշտպանական կողմի համոզմամբ, սակայն, առաջադրված մեղադրանքները պետք է փոխվեին եւ համապատասխանեցվեին գործող օրենսգրքին հենց այս փուլում։ Նման կարծիք հայտնեց նաեւ Աշոտ Խաչատրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը՝ նշելով, որ պաշտպանական իրավունքի լիարժեք իրացման համար է պետք հստակ իմանալ, թե երկու հոդվածներից ի վերջո որը պետք է կիրառել։ Դատավորն ընդգծեց, որ օրենքը երկու շաբաթ է, ինչ փոխվել է, եւ միասնական պրակտիկա դեռ ո՛չ դատախազությունն ունի, ո՛չ փաստաբանական համայնքը, ուստի առաջարկեց այսօր սկսել գրավոր նյութերի ուսումնասիրությունը, իսկ այս հարցի քննարկումը թողնել մեկ այլ նիստի․ «Կարող է լինել իրավիճակ, երբ արարքի դիսպոզիցիան նույնը լինի, եւ այդ դեպքում միայն հոդվածի վկայակոչումը կարող է հերիք լինել, բայց եթե դիսպոզիցիայում փոփոխություն կա, միգուցե պարոն Արամյանը հետագայում իր դիրքորոշումը էլ ավելի հստակեցնի, եթե կա արտահայտությունների, ձեւակերպումների փոփոխություն, դա հստակեցում է պահանջում»,- ասաց նա։ Գեւորգ Նարինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, սակայն, նշեց՝ փաստը մնում է փաստ, որ այս պահի դրությամբ առաջադրված են մեղադրանքներ, որոնց լույսի ներքո շարունակվում է կիրառվել մի օրենսգիրք, որը ուժը կորցրել է․ «Միայն այն հանգամանքը, որ դատախազը վերջնական դիրքորոշում չի հայտնում, տեղ է թողնում, որ կարող է վաղը-մյուս օրը ինչ-որ բան փոխվել, նշանակում է, որ խնդրի առաջ ենք, եւ եթե այսօր շարունակենք, բայց վաղը միասնական դիրքորոշումը այլ տեսք ունենա, ինչքանո՞վ մեր այսօրվա գործողությունները օրինական կլինեն կամ հարցականի տակ չեն դրվի»,- ասաց նա՝ առաջարկելով հետագայի համար լրացուցիչ խնդիրներ չստեղծել։ Դատավորը հետաքրքրվեց, թե նախկինում, երբ ընդունվում էր 2003 թ․ Քրեական օրենսգիրքը, այս հարցը ինչպե՞ս են լուծել, ինչին ի պատասխան՝ Վարոսյանն ասաց, որ անցումային դրույթներում եղել է նորմ, որը ժամկետ է սահմանել մեղադրանքները նոր օրենքին համապատասխանեցնելու համար, եւ մինչ դա չէր արվում, գործն առաջ չէր գնում։ Պաշտպանական կողմը միջնորդեց դադարեցնել մեղադրյալների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը  Հաշվի առնելով, որ հանրային մեղադրողը նախկին օրենսգրքով առաջադրված մեղադրանքները նոր օրենսգրքին համապատասխանեցնելու անհրաժեշտություն այս փուլում չի տեսնում՝ Արա Կուբանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ խնդրելով գոյություն չունեցող մեղադրանքի պայմաններում օրենքի եւ իրավունքի ուժով դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ վերացնել ընտրված խափանման միջոցը։ Գեւորգ Նարինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, Աշոտ Խաչատրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը եւ Տիգրան Մարտիրոսյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միացան միջնորդությանը՝ խնդրելով այն քննարկել նաեւ իրենց պաշտպանյալների նկատմամբ։ Մեջբերելով նախկին եւ ներկա իրավակարգավորումները՝ Հովսեփ Սարգսյանը պնդեց՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող շարունակվել չգործող քրեական օրենսգրքի համապատասխան որակմամբ, իսկ շարունակվելու դեպքում կխախտվեն նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ  Եվրոպական կոնվենցիայով ամրագրված պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքները։ Սարգսյանի կարծիքով՝ դատարանի առջեւ կանգնած անձի արդյունավետ պաշտպանության իրավունքն այս հարցի կենտրոնական մասն է, քանի որ քրեաիրավական հարաբերությունների տիրույթում հայտնված անձը պետք է հստակ իմանա, թե իր կատարած արարքը որ հոդվածով է որակված, որպեսզի տարրական հնարավորություն ունենա գոնե այն բացելու եւ կարդալու: Ըստ նրա՝ անձը պաշտպանվում է հավասարաչափ նաեւ արարքի որակումից, իսկ որակումը միշտ ենթադրում է քրեական օրենքի հոդվածի, մասի, կետի հստակ նշում․ «Այլ կերպ ասած՝ եթե անձը, որի վերաբերյալ քրեական վարույթ է իրականացվում դատարանում, չիմանա, թե ինչ հոդվածով է մեղադրվում, ամբողջությամբ կչեզոքացվի նրա պաշտպանության իրավունքը, եւ դատավճիռ կայացնելիս արարքի վերջնական որակումը նրա համար կլինի անակնկալ։ Դրանից բացի, անձի համար վարույթի ընթացքում տեսանելի չէ հին օրենքի եւ նոր օրենքի էական կամ ոչ էական փոփոխությունները, անձը պարտավոր չէ ունենալ պաշտպան կամ իրավաբանական կրթություն»,- ասաց նա։ Որպես հիմնավորում՝ Սարգսյանը մեջբերեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Պելիսին եւ Սասսին ընդդեմ Ֆրանսիայի գործով դիրքորոշումը, ըստ որի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթները մեղադրյալին իրավունք են վերապահում տեղեկացված լինելու ոչ միայն մեղադրանքի համար առիթ հանդիսացած նյութական փաստերի մասին, այլ նաեւ այդ փաստերի մանրամասն իրավական որակման մասին։ Մեջբերելով Վճռաբեկ դատարանի՝ Արկադի Պապյանի վերաբերյալ գործով որոշումը՝ պաշտպանն ասաց՝ Վճռաբեկ դատարանն էլ արձանագրել է, որ դատական քննության սահմաններն ընդգծելու եւ մեղադրյալի պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ «մեղադրանք» եզրույթը հասկացվի որպես արարքի քրեաիրավական որակման եւ դրա հիմքում ընկած փաստական հանգամանքների ամբողջություն: Հովսեփ Սարգսյանի գնահատմամբ՝ որ ոչ մի իրավակիրառող, այդ թվում՝ դատարանը, չի կարող հիմնվել ուժը կորցրած օրենքի վրա, քանի որ այդ օրենքը դադարել է գոյություն ունենալ, եւ դա չպետք է շփոթել մասնավոր իրավահարաբերությունների ծագման ժամանակ գործող օրենքի կիրառման հետ։ Պաշտպանի խոսքով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածը՝ օրինականության սկզբունքը, որոշում է արարքի հանցավորությունը եւ պատժելիությունը, այլ ոչ թե որակումը․ «Ավելի պարզ ասած՝ «արարքի հանցավորությունը, պատժելիությունը եւ քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով» կանոնը պաշտպանում է մարդուն ոչ հանցավոր արարքը հետագայում քրեականացնելուց եւ պատասխանատվության կանչելուց, որը երբևէ չի կարող մեկնաբանվել զուտ հետադարձության համատեքստում»,- ասաց նա՝ միջնորդելով քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով։ Հանրային մեղադրող Արամ Արամյանը առարկեց միջնորդության դեմ՝ հղում կատարելով իր արդեն իսկ նշած դիրքորոշմանը եւ հավելելով, որ քրեական հետապնդման դադարեցման հիմքերը բացակայում են։ Լուսանկարում՝ տուժող Սիմոն Աղեկյանը Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ տուժող Սիմոն Աղեկյանը՝ կարծիք հայտնելով, որ վերջերս դատավոր նշանակված Արթուր Դավթյանը հնարավոր ամեն ինչ արել է Կուբանյանին աջակցելու, իր գնահատմամբ՝ օրենքի այսպիսի բացեր ստեղծելու համար։ Նշենք, որ խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արթուր Դավթյանի մասին է, որը հունիսի 28-ին ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր․ «Կուբանյանի եւ Նարինյանի կալանքի քննության օրը, երբ Նարինյանը կալանավորվեց, իսկ Կուբանյանը՝ ոչ, ես ինքս տեսել եմ՝ նա ոնց Կուբանյանին նստեցրեց իր մեքենան ու տարավ․․․ Սա մեծ կոռուպցիոն հանցագործություն է, եւ երբ մենք կանցնենք ապացույցների փուլին, դրանք կներկայացվեն, ես տիրապետում եմ, թե ով ինչ է արել, եւ գտնում եմ, որ այստեղ նստած ամբաստանյալները արժանի են այդ հոդվածներին»։ Դատավորը հորդորեց դիրքորոշում հայտնել կոնկրետ միջնորդության վերաբերյալ, ինչից հետո տուժողն ասաց, որ միջնորդությունը տեղին չէր, եւ ինքը համաձայն է դատախազի դիրքորոշմանը․ «Մինչեւ օրենքը տրամաբանություն կա․ մարդը որ մարդու հանդեպ անմարդկային սխալ է անում, նրան մեղադրում են, եւ եթե չլիներ դատարան, պիտի մարդիկ հավաքվեին, խոսեին, հասկանային՝ վա՞տ բան է արել եւ կամ ի՞նչ պատիժ է հասնում, որ արածների համար պատասխան տա»։ Տուժողը հույս հայտնեց, որ դատարանը արդար որոշում կկայացնի։ Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որտեղից վերադառնալով՝ հրապարակեց դրա եզրափակիչ մասը։ Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 31-ին։   Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Միլենա Խաչիկյան
22:39 - 15 հուլիսի, 2022
Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ |iravaban.net|

Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ |iravaban.net|

iravaban.net: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մահվան պատճառներն ու մյուս հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Թեև ցավալի դեպքը տեսախցիկների առջև է տեղի ունեցել, և այդ պահին որևէ հանցավոր արարքի մասին տվյալներ չկան, բայց հիմք ընդունելով կյանքի իրավունքի երաշխավորման մասին ՄԻԵԿ պահանջները և նկատի ունենալով, որ Արմեն Գրիգորյանը գտնվել է անազատության մեջ՝ փակ հիմնարկում, մահվան պատճառներն ու մյուս հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ»,-նշել է նա։ Ինֆոքոմի հարցին ի պատասխան՝ Գոռ Աբրահամյանը հավելեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով։ Խոսքը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։ Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել:
20:50 - 15 հուլիսի, 2022
Հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու վերաբերյալ դատարան ուղարկված քրգործերը քառապատկվել են

Հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու վերաբերյալ դատարան ուղարկված քրգործերը քառապատկվել են

2022թ. 1-ին կիսամյակում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314.2-րդ հոդվածի (Հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 314.3-րդ հոդվածի (Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հատկանիշներով՝ 4 քրեական գործ: 4 քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ՀՀ դատախազությանը տրամադրված տեղեկատվությունը, 1-ով՝ քննիչի՝ իր լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին ձեռք բերած տվյալները, 1-ով՝ հետաքննության մարմնի զեկուցագիրը, 1-ով՝ հանցագործության մասին լրատվության միջոցների հաղորդումը: Հայտարարագրերի ներկայացման վերոնշյալ երկու հանցակազմերով 2021 թ. ողջ տարվա ընթացքում հարուցվել էր 14 քրեական գործ, որոնցից 9-ով նախաքննությունը շարունակվել է նաև 2022 թ. ընթացքում: Ներկայումս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննություն է իրականացվում հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու հատկանիշներով հարուցված 1 և հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով՝ 11 քրեական գործով: 2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում 7 քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Ընդ որում, եթե 2021 թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկել նշված հանցակազմերով ընդամենը մեկ քրեական գործ, ապա միայն 2022 թ. առաջին կիսամյակում՝ 4 քրեական գործ 6 անձի վերաբերյալ: Մասնավորապես՝ 2022 թ. մարտի 24-ին դատարան ուղարկված մի քրեական գործով հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու համար մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մաթևոսյանին: 2022 թ. ապրիլի 15-ին դատարան ուղարկված մեկ այլ քրեական գործով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մ. Գևորգյանին և վերջինիս կնոջը, ինչպես նաև համայնքի ղեկավարի տեղակալ Ռ. Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: 2022 թ. հունիսի 22-ին դատարան ուղարկված այլ քրեական գործով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու համար: 2022 թ. հունիսի 2-ին դատարան ուղարկված այլ քրեական գործով ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կ. Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: Այս գործով դատարանի 2022 թ. հունիսի 21-ի դատավճռով համաձայնեցման վարույթի կիրառմամբ վերջինս մեղավոր է ճանաչվել և դատապարվել մեկ տարի ժամկետով ազատազրկման՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով` մեկ տարի ժամկետով: ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 70-րդ ­հոդ­վա­ծի կիրառմամբ՝ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահ­մա­նվե­լ է փոր­ձաշր­ջան՝ 2 տա­րի ժամ­կե­տով: Բացի վերոնշյալից, դեռևս 2021 թ. ապրիլի 28-ին մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել ՀՀ վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանի և վերջինիս որդու վերաբերյալ քրեական գործը, որով նրանք մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ ՀՀ ԿԿՀ չներկայացնելու համար: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 10.11.2021 թ. որոշում էր կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ իրադրության փոփոխման հիմքով: Դատախազի կողմից վերոհիշյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում 03.03.2022 թ. ՀՀ վերաքննիչ դատարանը որոշմամբ բողոքը բավարարել է՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Բոլոր այն քրեական գործերով, որոնցով մեղադրյալների գույքի ծագման օրինականության հետ կապված կասկածներ են առաջացել, համապատասխան զեկուցագրեր են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն՝ ուսումնասիրության վարույթ սկսելու հիմքերը պարզելու նպատակով: Հավելենք, նաև, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքով այս երկու արարքները միացվել են մեկ հանցակազմում, որը սահմանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը) հոդվածով:
11:52 - 15 հուլիսի, 2022
Հյուսիսային պողոտայի և Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում առերևույթ ոչնչացվել է 19 պատմամշակութային հուշարձան

Հյուսիսային պողոտայի և Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում առերևույթ ոչնչացվել է 19 պատմամշակութային հուշարձան

Հյուսիսային պողոտայի և Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում առերևույթ ոչնչացվել է 19 պատմամշակութային հուշարձան։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունից։  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում հուշարձանների պահպանության՝ օրենսդրության պահանջներին համապատասխանության վիճակը: Հիմք են հանդիսացել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ից, ՀՀ դատախազության ստորաբաժանումներից, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, ՀՀ ԱՆ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից ստացված փաստաթղթերը: Իրականացված ծավալուն ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 25.10.2000թ. թիվ 774 և 16.07.2001թ. թիվ 645 որոշումներով հաստատված Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի և Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում առկա է եղել պետական հաշվառման վերցված ԽՍՀՄ, հանրապետական կամ տեղական նշանակության պատմության և մշակույթի թվով 19 անշարժ հուշարձան՝ Պուշկին, Արամի, Աբովյան, Թումանյան, Տերյան, Հին Երևանցու փողոցների տարբեր հասցեներում: Դրանք ընդգրկված են եղել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակներում, որոնցից մասնակիորեն պահպանվել է միայն Պուշկին փ. 25 հասցեում գտնվող հուշարձանը, իսկ մնացածը քանդվել են: «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ից ստացված տեղեկության համաձայն՝ նշված հուշարձանների մի մասի վերաբերյալ տեղեկություն առկա չէ, իսկ որոշ հուշարձանների վերաբերյալ առկա տեղեկությունը թերի են: Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկության համաձայն՝ քաղաքապետարանի արխիվային նյութերում առկա են միայն 4 հուշարձանների քանդման թույլտվություններ, իսկ ՀՀ ԱՆ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկության համաձայն՝ հուշարձանների քանդման վերաբերյալ փաստաթղթեր Հայաստանի ազգային արխիվ չեն հանձնվել: Այսինքն, 2000-2010թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրսևորվել է ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք, ինչի արդյունքում չեն կատարվել կամ ոչ պատշաճ են կատարվել հուշարձանների պահպանման և հսկողության իրականացման գործառույթները: Արդյունքում, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում ամբողջությամբ քանդվել է 18 մշակութային հուշարձան, իսկ 1-ը պահպանվել է մասնակի: Ընդ որում՝ նշված հուշարձանների քանդման, վնասման վերաբերյալ նախապատրաստված նյութեր, հարուցված քրեական գործեր ևս չկան: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք պարունակում են արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքով նախատեսված 315-րդ հոդվածով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) 1-ին մաս), ինչպես նաև նույն նախկին օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի (պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մաս) նախատեսված առերևույթ հանցավոր արարքների հատկանիշների մասին տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքները հանցագործության կատարման մասին հաղորդմամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
15:44 - 14 հուլիսի, 2022
Առցանց հարթակներում ապրանքներ վաճառողներից հափշտակություն կատարելու դեպքերն ավելացել են. Դատախազություն

Առցանց հարթակներում ապրանքներ վաճառողներից հափշտակություն կատարելու դեպքերն ավելացել են. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված՝ 2022թ. ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդագրությունների, քրեական վարույթների ուսումնասիրությունը վկայում է, որ կտրուկ աճել են համացանցային առքուվաճառքի հարթակներում (օրինակ` List.am) ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, այս բնույթի հանցագործությունները կատարվում են հիմնականում երկու սցենարով. մի դեպքում ապրանքների վաճառքի վերաբերյալ հայտարարությունն առուվաճառքի նման հարթակներում տեղադրվելուց հետո արտերկրյա կամ տեղական հեռախոսահամարների տակ գրանցված «WhatsApp» հավելվածի միջոցով անհայտ անձինք կապ են հաստատում հայտարարություն տվողի հետ և խնդրում տրամադրել նրանց բանկային քարտի տվյալները` ապրանքը գնելու և գումարը բանկային քարտին փոխանցելու համար: Վերջիններս «գնորդին» տրամադրում են իրենց բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ կոդերը, որից հետո հանցագործների կողմից խաբեությամբ նրանց բանկային քարտից կանխիկացնում են եղած գումարները: Մյուս դեպքում հանցագործներն առցանց վաճառքի հանված ապրանքը գնելու պատրվակով նույն միջոցներով կապ են հաստատում հայտարարություն տվողների հետ, ցանկություն հայտնում գնել ապրանքը: Սակայն, պատճառաբանելով, թե իբր այլ բնակավայրում են բնակվում, նրանք առաջարկում են «Հայ Փոստի» միջոցով կնքել էլեկտրոնային պայմանագիր, ըստ որի՝ վերջինս կատարում է որոշակի գումարի վճարում, իսկ դրա դիմաց առաքիչն ապրանքը տեղափոխում է տվյալ բնակավայր: Ապա հանցավորներն ուղարկում են, այսպես կոչված, «Հայ Փոստի» ծուղակային հղում, որտեղ անձինք գրանցվում են՝ գրանցելով նաև բանկային տվյալները և կոդերը, ինչից անմիջապես հետո պարզում են, որ հղումը կեղծ է և իրենց վստահությունը չարաշահել են: Իսկ հանցավորը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կեղծ հղումով ստացված բանկային տվյալները ներբեռնելով, կարողանում են բանկոմատային քարտում եղած գումարը այլ խաղային կամ անձնական հաշիվների փոխանցելով հափշտակում են դրանք: Ուսումնասիրությունը փաստում է, որ հանցավորները գործում են նախօրոք մտածված սցենարով ու սխեմայով՝ շատ դեպքերում գործի դնելով «հոգեբանական թակարդներ» և առաջացնելով շահագրգռվածություն, որ «զոհը» րոպե շուտ նրանց տրամադրի բանկոմատային քարտի պահպանվող տվյալները: Այդ նպատակով, օրինակ, «գնորդն» առաջարկում է արագ վճարել ապրանքի դիմաց՝ չսակարկելով գինը, ինչը գայթակղում է վաճառողին՝ չմերժելու առաջարկը և տրամադրելու բանկային քարտի տվյալները:  Ընդ որում, հանցավորներն օգտագործում են բազմաթիվ անձանց տվյալներ, այսինքն՝ հանցավոր արարքն ընդգրկում է մեկից ավելի դրվագներ: 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել են նշված եղանակով կատարված հանցագործության 145 դեպք, որոնցից միայն 11 դեպքով հանցավոր արարքներն ավարտին չեն հասցվել՝ տրամադրված բանկային քարտի հաշվին գումար չլինելու պատճառով: Հարուցվել է 82 քրեական գործ, որոնցից բացահայտվել է ընդամնեը 2-ը: Նշված հանցագործության դեպքերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 18.147.818 ՀՀ դրամ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված եղանակով հափշտակությունների աճը պայմանավորված է հիմնականում տուժողների իրազեկված չլինելու, բանկոմատային դրամաշրջանառության համակարգերին, քարտերի կիրառման կանոններին բավարար չափով չտիրապետելու հանգամանքներով: Նպաստող գործոն է նաև հանցավորների վստահությունն առ այն, որ չվերահսկվող հաղորդակցման կապի միջոցներից օգտվելով, հափշտակված գումարները մի քանի հաշիվներ փոխանցելով, իրենց կատարած հափշտակությունները չեն բացահայտվի: Ելնելով վերոգրյալից և հանցագործության այս սխեմայի կիրառման տարածվածությունից՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին հորդորում է. ոչ մի դեպքում այլ անձանց չտրամադրել իրենց բանկոմատային քարտերի պահպանվող վավերապայմանները՝ դրանց վրա առկա թվերը, հատկապես PIN կոդը, նման դեպքում էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի պաշտպանվածությունն օբյեկտիվորեն կարող է անզոր լինել արգելելու հանցավորների հասանելիությունը քարտային դրամական միջոցներին:  Վստահություն ներշնչող կապի ոլորտի կամ որևէ այլ կազմակերպության անվան ներքո առուվաճառքի էլեկտրոնային պայմանագրեր առաջարկվելու դեպքում տվյալ կազմակերպություններից նախապես հավաստիանալ նման էլեկտրոնային պայմանագրեր կնքելու ծառայության հնարավորություն ստեղծված լինելու առկայության մասին, այսինքն լրացուցիչ ճշգրտող միջոցներ ձեռնարկել առաջարկվող համացանցային հղումների իսկությունը և վստահելիությունը պարզելու ուղղությամբ:  Քայլեր ձեռնարկել ապրանքի գնման առաջարկ անողների հետ հաղորդակցությունը շարունակելու վերահսկվող, անձի նույնականացման հնարավորություն տվող կապի միջոցներով և զգուշանալ դրանից խուսափողների հետ առցանց գործարքներ իրականացնելուց:
17:56 - 12 հուլիսի, 2022
Տարոն Մարգարյանը և Գևորգ Կոստանյանը դատախազություն են հրավիրվել՝ ապօրինի գույքի բռնագանձման հարցով

Տարոն Մարգարյանը և Գևորգ Կոստանյանը դատախազություն են հրավիրվել՝ ապօրինի գույքի բռնագանձման հարցով

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրավիրվել են ՀՀ դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով։ «Azdarar.am» հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Տարոն Մարգարյանին ծանուցումն ուղարկվել է հուլիսի 7-ին, Գեւորգ Կոստանայնին՝ հուլիսի 6-ին։ Միաժամանակ, նշվում է, որ Տարոն Մարգարյանը Դատախազություն պետք է ներկայանա հուլիսի 14-ին, իսկ Գևորգ Կոստանյանը՝ հուլիսի 19-ին։ Ծանուցման մեջ, մասնավորապես, ասված է․ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման»: Միաժամանակ ասվում է, որ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել։ Առկա տեղեկատվության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազություն են հրավիրվել նաև նրանց հետ կապակցված անձինք, այդ թվում` ընտանիքի անդամներ։
16:43 - 11 հուլիսի, 2022
44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո պետական դավաճանության դեպքերով ԱԱԾ–ում քննվում է 10 քրեական գործ, որպես մեղադրյալ է ներգրավված 43 անձ․ Դատախազություն

44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո պետական դավաճանության դեպքերով ԱԱԾ–ում քննվում է 10 քրեական գործ, որպես մեղադրյալ է ներգրավված 43 անձ․ Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի աղետալի հետևանքներին այս կամ այն չափով հանգեցնելուն վերաբերող, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության դեմ պետական դավաճանության դեպքերով իրականացվող քննության ընթացիկ վիճակը: Պետական դավաճանության վերաբերյալ քննված և քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիները հայտնվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների ուշադրության կենտրոնում, նյութական օգուտների դիմաց ընդունել են հատուկ ծառայությունների աշխատակիցների առաջարկը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու, զինված ուժերի, սպառազինությունների, զինտեխնիկայի տեղակայումների, դրանց տեսակների մասին պետական գաղտնիք կազմող և այլ բնույթի տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրենց հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ: Արդյունքում, պատերազմի ընթացքում հակառակորդը  կարողացել է հայկական ԶՈՒ-երի ռեսուրսների ճշգրիտ հաշվարկներ կատարել, հստակեցնել հայկական ԶՈՒ-երի առանձին ուժերի և միջոցների քանակը, հնարավորություն է ստացել հստակեցնել զբաղեցրած դիրքերը, առանձին զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու հավանական բնույթը, ինչպես նաև նպատակային խոցումներով հարվածներ հասցնել հայկական ԶՈւ մարտական խնդիրներ լուծող զինտեխնիկային, մարդկային կոնտիգենտին և պատճառել զգալի կորուստներ:   Ուսումնասիրությունը վկայում է, որ օտարեկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից գործադրվել է ՀՀ քաղաքացիների հավաքագրման հիմնականում երկու եղանակ: Նախնական շրջանում առավելապես կիրառվել է հիմնականում Թուրքիայի Հանրապետությունում, ինչպես նաև որևէ այլ, երրորդ երկրում գտնվող ՀՀ քաղաքացիների հավաքագրման մեթոդը: Ավելի ուշ օտարեկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ՀՀ քաղաքացիներին սկսել են հավաքագրել համացանցային հաղորդակցային միջոցների օգտագործմամբ: Մասնավորապես, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները սոցիալական տարբեր ցանցերում՝ հիմնականում «Ֆեյսբուք», «Տիկ Տոկ», «Օդնոկլասնիկի» սոցիալական հարթակներում, անհատական օգտահաշիվներ են բացել հայուհիների անհատական տվյալներով և թիրախավորել նույն սոցիալական կայքերում զինվորական համազգեստով կամ զինվորական ծառայության հետ կապն այլ կերպ հաստատող տեղեկություններ պարունակող օգտահաշիվների անվանատերերին: Ապա վերջիններիս հետ կապ են հաստատել օգտահաշիվներին համակցված «Մեսենջեռ», «Վոթսապ» հավելվածների միջոցով և որոշակի ժամանակ անձնական բնույթի շփումներից հետո վերջիններիս տեղեկացրել են իրենց՝ հատուկ ծառայության աշխատակից հանդիսանալու մասին և առաջարկել վարձատրության դիմաց հավաքագրել և իրենց փոխանցել ՀՀ զինված ուժերի և ստրատեգիական նշանակություն ունեցող այլ կառույցների վերաբերյալ պետական, ծառայողական կամ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող այլ տեղեկություններ: Որոշ դեպքերում զինծառայողները, տեղեկացված չլինելով իրենց համացանցային հաղորդակցի կարգավիճակի մասին, ինտիմ բնույթի հարցերի շուրջ ծավալած զրույցների արդյունքում վերջինին սիրաշահելու և իրենց շփումը շարունակական դարձնելու նպատակով, նրան փոխանցել են ծառայության բերմամբ իրենց հայտնի դարձած պետական, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Հավաքագրված ՀՀ քաղաքացիների հետ շփումները համացանցային տիրույթից բացի երբեմն տեղափոխվել են իրական կյանք: Առկա փաստական տվյալների համաձայն, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների և հավաքագրված ՀՀ քաղաքացիների միջև հանդիպումները կազմակերպվել են հիմնականում Թուրքիայի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի Հանրապետություններում: ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում զգուշացնել՝ զերծ մնալ ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյունից բացարձակապես անընդունելի նման արարքներից, իսկ անծանոթ անձանց հետ հաղորդակցային կապի մեջ մտնելու պարագայում նրանցից նմանատիպ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ առաջարկներ ստանալու պարագայում անհապաղ այդ մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին: Միաժամանակ զինծառայողներին զգուշացնում ենք զերծ մնալ հատկապես   զորամասերում, առավելևս մարտական դիրքերում տեղադիրքի որոշման հնարավորություն տվող լուսանկարներ կատարելուց, զորամասերում կամ մարտական դիրքերում զինտեխնիկայի կամ զինամթերքի համալրում ստանալու պարագայում դրանց հետ լուսանկարվելուց և սոցիալական ցանցերում տեղադրելուց, դրանց մասին գրառումներ կատարելուց: Բացի այն, որ դրանք հակառակորդին համապատասխան վերլուծություններ կատարելու հնարավորություն են տալիս, նաև թույլ են տալիս թիրախավորել կոնկրետ անձանց, վերջիններիս հետ հաստատել շփում, հավաքագրել նրանց և ստանալ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն: Հանցագործությունների կատարումը հաստատվելու պարագայում դրանց հեղինակներին համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում դատախազությունը դրսևորելու է առանձնահատուկ կոշտ և սկզբունքային մոտեցում: Վերոնշյալ հանցագործություններին նպաստող մի շարք պայմանների ու պատճառների վերացման հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել ՀՀ պաշտպանության նախարարին: 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում կատարված պետական դավաճանության դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ներկա պահին քննվում է 10 քրեական գործ, որպես մեղադրյալ է ներգրավված 43 անձ, որոնցից 10-ը գտնվում է կալանքի տակ: Նույն ժամանակահատվածին վերաբերող պետական դավաճանության դեպքերով հարուցված 3 քրեական գործ 12 անձանց վերաբերյալ ուղարկվել է դատարան, որոնցից 11-ը գտնվում է կալանքի տակ:
15:24 - 11 հուլիսի, 2022
Դատարանը վարույթ է ընդունել Վաչագան Ղազարյանից և փոխկապակցված անձանցից ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դատախազության հայցադիմումը

Դատարանը վարույթ է ընդունել Վաչագան Ղազարյանից և փոխկապակցված անձանցից ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դատախազության հայցադիմումը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թ. մայիսի 31-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 11-րդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:  ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ համաձայն հայցադիմումի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանից, նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝   Երևան քաղաքում գտնվող 17 բնակարանները, տարածքները,  շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 4–ը գտնվում են Ավան վարչական շրջանում, 5–ը Ծովակալ Իսակով պողոտայում, 5–ը Տերյան փողոցում, ինչպես նաև Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացի փողոցներում,  Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող հանգստյան գոտին, Արմավիրի (համայնք Արտամետ) մարզում գտնվող 1 հողամասը, 6 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ նշված անշարժ և շարժական գույքերի միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 6.007.193.880 ՀՀ դրամ, 8 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք, Ստեփանակերտ քաղաքում գտնվող 6 անշարժ գույքի և 4 տրանսպորտային միջոցների միջին շուկայական արժեքները՝ 337.780.000 ՀՀ դրամ, 137.216.729 ՀՀ դրամ՝ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ և ավանդներ, 1.743.409.007 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Ընդհանուր՝ 8.225.599.616 ՀՀ դրամ։ Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, կշարունակվեն ներկայացվել ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։  
18:13 - 08 հուլիսի, 2022
Ջրային ատրակցիոնների, կարուսելների շահագործման տեխնիկական անվտանգության վերահսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն կա. Դատախազություն

Ջրային ատրակցիոնների, կարուսելների շահագործման տեխնիկական անվտանգության վերահսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն կա. Դատախազություն

Վերջին տարիներին հաճախ են արձանագրվում արտադրական վտանգավոր օբյեկտները տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով շահագործելու հետ կապված քաղաքացիների կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու դեպքեր: Օրինակ, Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի հարևանությամբ 2019թ. սեպտեմբերին և «Երազ» այգում 2022թ. ապրիլին արձանագրվել են տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիների շահագործման դեպքեր, որոնց հետևանքով 2 քաղաքացի ստացել է առողջության ծանր վնասված, իսկ մեկ քաղաքացի մահացել է: Այս մասին հիշեցնում է ՀՀ գլխավոր դատախազությունն, ընդգծելով, որ նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Նման դեպքեր արձանագրվել են նաև դրանից առաջ: Պայմանավորված վերոնշյալով՝ պետության ոչ գույքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ տարածքում միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիների, ջրային ատրակցիոնների և կարուսելների (զվարճահարմարանքներ) շահագործման գործընթացում տեխնիկական անվտանգության պահանջների պահպանության վիճակը:   Ուսումնասիրության ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ստացված տվյալների համաձայն՝ 2019-2021 թթ. ընթացքում տեսչական մարմնի կողմից ուսումնասիրություններ իրականացվել են միայն 2019 թվականին՝ ՀՀ տարածքում առկա արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող զվարճահարմարանքների՝ տեխնիկական անվտանգության պահանջներին համապատասխանելիության վերաբերյալ: Արդյունքում թերություններ չեն հայտնաբերվել, իսկ որոշ տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմերի խախտումներ, որոնց վերացման վերաբերյալ տրվել են համապատասխան ցուցումներ։ Ընդ որում, վերը նշված ուսումնասիրությունները վերաբերել են միայն Երևան քաղաքում և 6 մարզերում (Սյունիք, Կոտայք, Լոռի, Արմավիր, Շիրակ և Արարատ) գործող 14 տնտեսվարող սուբյեկտների կողմից շահագործվող 135 զվարճահարմարանքի: Իսկ ՀՀ մյուս մարզերում (Գեղարքունիք, Վայոց Ձոր, Տավուշ և Արագածոտն) շահագործվող զվարճահարմարանքների վերաբերյալ ուսումնասիրություններ չեն իրականացվել: Հաշվի առնելով հարցի կարևորությունը, ինչպես նաև այն, որ հատկապես ամռան ամիսներին քաղաքացիների ժամանցի հիմնական վայրերն են դառնում զբոսայգիները, ջրավազաններն ու լողավազանները, որտեղ գործում են միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիներ, ջրային ատրակցիոններ և կարուսելներ (զվարճահարմարանքներ) և դրանք անմիջական կապ ունեն մարդկանց, հատկապես՝ երեխաների կյանքի և առողջության հետ, խնդրի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունից գրություն է հասցեագրվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին:   Առաջարկվել է, որպեսզի Տեսչական մարմինը հնարավոր սեղմ ժամկետում գործուն միջոցներ ձեռնարկի նշված ոլորտում վերահսկողական, օրենքով սահմանված այլ գործառույթներն ավելի հաճախակի իրականացնելու ուղղությամբ: Օրենսդրությամբ նախատեսված տեխնիկական անվտանգության պահանջներին համապատասխանելիության վիճակի նկատմամբ վերահսկողությունը, մասնավորապես, պետք է ներառի զվարճահարմարանքների և դրանց սարքավորումների շահագործման կենսական ցիկլերի բոլոր փուլերը՝ ներառյալ նախագծումը, արտադրումն ու շահագործումը, պահպանումը, փոխադրումը, հավաքակցումը, կարգաբերումը, արդիականացումը, նորոգումը, սպասարկումը, օգտահանումը:
18:04 - 07 հուլիսի, 2022
Ձերբակալվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք, այդ թվում՝ «օրենքով գողեր»

Ձերբակալվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք, այդ թվում՝ «օրենքով գողեր»

Ձերբակալվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք, այդ թվում՝ «օրենքով գողեր»: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատազախությունից։  ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, ինչպես նաև մի շարք անձնաց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու վերաբերյալ:  Բավարար հիմքերի առկայության պայմաններում դեռևս 2022թ. ապրիլի 7-ին համապատասխան հոդվածներով հարուցվել էր քրեական գործ:  Քրեական վարույթի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության համակարգմամբ ՀՀ քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ քրեկան աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «օրենքով գող» «Ս.Ա.»-ն  ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որոնց միջոցով տարբեր անձանց տվել է հանձնարարություններ, զբաղվել մասնավոր հարցերի լուծմամբ:  Բացի այդ, «Ս.Ա.»-ն քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմա­նած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ խմբավորման հետապնդած նպատակ­ների իրականացման համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցած և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով, կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոց­ների հավաքագրումը և տնօրինել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, այսպես կոչված, որպես «օբշակ» հավաքագրված գումարը:  Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մինչդտական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի 2022թ. հուլիսի 6-ի որոշումներով քրեական ենթամշակույթի հանցակազմերով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 3-ը՝  քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք են, այդ թվում 2-ը՝ այսպես կոչված, «օրենքով գող»: 6 անձ ձերբակալվել է, կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 180.000 ԱՄՆ դոլար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:52 - 06 հուլիսի, 2022