ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար

2021թ. հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչը ընտրակաշառք է տվել նույն համայնքի Գլաձոր բնակավայրի մի բնակչուհու, որպեսզի վերջինիս ընտանիքի անդամները 2021թ. հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ քվեարկեն «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 2021թ. հունիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քննչական ենթակայության՝ քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակում ընդգրկված Գ.Ա.-ն 2021թ. հունիս ամսվա ընթացքում ծնողների հետ այցելել է իր ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող՝ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում հաշվառված, բնակվող և ընտրելու իրավունք ունեցող Ա. Վ.-ի տուն, վերջինիս և նրա ընտանիքի անդամներին հայտնել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով որպես պատգամավորի թեկնածու իր առաջադրվելու մասին և խնդրել կայանալիք ընտրություններում քվեարկել 6-րդ համարի քվեաթերթիկում նշված դաշինքի օգտին: Միաժամանակ, նպատակ ունենալով ընտրության արդյունքների ամփոփման, այն է՝ քվեաթերթիկների հաշվարկի ընթաքցքում ստուգել նշված անձանց կողմից «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու հանգամանքը՝ առաջարկել է ընտրված քվեաթերթիկի վերին աջ անկյունային հատվածը ծալելու, այնուհետև ուղղելու միջոցով, թողնել այդ փաստը հաստատող՝ ծալվածքի տեսքով հատուկ նշան, ինչի մասին հետագայում կրկին հայտնել է հեռախոսազրույցի ընթացքում:   Այնուհետև՝ 2021թ. հունիսի 17-18-ն ընկած ժամանակահատվածում՝ ժամը 18-19-ի սահմաններում, Գ. Ա.-ն միայնակ գնացել է Ա. Վ.-ի տան բակ և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար վերջինիս առձեռն տվել 20.000 ՀՀ դրամ կաշառք:  Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գ Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ Գ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել ստորագրություն չհեռանալու մասին: Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում ձեռնարկվում են միջոցներ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, դեպքին առնչվող այլ անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:44 - 28 հոկտեմբերի, 2021
Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան

Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործի նախաքննությունը չի ավարտվել։ Քրգործի հարուցումից գրեթե կես տարի անց՝ նախաքննության ներկա փուլում, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Իսկ թե ովքեր են քրեական գործում որպես վկա ներգրավված, Դատախազությունը չի հայտնում՝ նշելով, որ այդ տեղեկությունը նախաքննական գաղտնիք է եւ ենթակա չէ հրապարակման։ Այս տարվա մարտի 30-ին 53 փաստաբաններ, այդ թվում՝ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության վերաբերյալ։ Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. Միացյալ Թագավորության՝ առնվազն 10 տարվա քաղաքացիություն է ունեցել եւ ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա՝ Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչեւ 01.03.2012 թվականը: Փաստաբաններն այս հարցով նախ դիմել էին Հատուկ քննչական ծառայություն, որը, սակայն, մերժել էր քրեական գործ հարուցել։ Բայց Գլխավոր դատախազությունը վերացրել էր Հատուկ քննչական ծառայության մերժումը եւ քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։ Լուսանկարը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից Հայարփի Բաղդասարյան
13:07 - 27 հոկտեմբերի, 2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզի 4 համայնքներում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է Գլխավոր դատախազություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզի 4 համայնքներում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է Գլխավոր դատախազություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողoգտագործման վերահսկողության վարչության մասնագետները 2021 թվականի սեպտեմբերի 14-22-ը ըստ անհրաժեշտության ստուգումներ են անցկացրել ՀՀ Կոտայքի  մարզի Ծաղկաձոր, Արզնի,Պտղնի և Քասախ  համայնքներում։Ծաղկաձոր համայնքում բացահայտվել է ինքնակամ շինարարության  3 դեպք։ 1 դրվագով  համայնքային սեփականություն համարվող բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության,  հողամասը 2014թ. մարտի 17-ին վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրվել է «Արմենիան Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին։ Վարձակալած հողամասի վրա  ինքնակամ բջջային կապի աշտարակ է կառուցվել։Մեկ դրվագով էլ համայնքային սեփականություն համարվող հատուկ պահպանվող նպատակային նշանակության՝ հանգստի գոտի համարվող գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ խաղատան կայանատեղի է կառուցվել։Կառուցապատվել է նաև «Կեչառիս» համալիրի մուտքին հարակից տարածքը։ Ինքնակամ կառուցապատումը կանխելու ուղղությամբ համայնքի ղեկավար  ի կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել։Հողային օրենսդրության խախտումներ են հայտնաբերվել աճուրդների, մրցույթների անցկացման գործընթացում, որից միայն 18-ը Ծաղկաձորում։Մասնաորապես՝ Ծաղկաձոր համայնքի  ղեկավարներ Գ․Միրզոյանի, Ա․Հարությունյանի  կողմից 2005-2021 թվականներին կայացվել են աճուրդում հաղթող ճանաչելու, կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու, ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելու, կառուցապատման տրամադրման վերաբերյալ մի շարք որոշումներ՝ շրջանցելով Հողային օրենսգրքի, մի շարք օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահանջներ («Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին», Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք, ՀՀ կառավարության 12․04․2001թ․ «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողմաասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին N286 որոշում)։Ծաղկաձոր համայնքի ղեկավարը համայնքային սեփականություն համարվող հողամասը, որի մի մասը բնակավայրերի նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամաս է, աճուրդով օտարել է։ Հողամասը վաճառվել է՝ առանց հաշվի առնելու համայնքի գլխավոր հատակագիծը։ Համայնքի գլխավոր հատակագծով նման գործառնական նշանակության հողամաս գոյություն չունի։Համայնքում պետական, համայնքային նշանակության հողամասերը կառուցապատման նպատակով օտարվել են՝ անտեսելով նախագծերին համապատասխան օտարում կատարելու պահանջը։ Համայնքի ղեկավար Ա․Հարությունյանի որոշմամբ՝ ընդլայնման նպատակով Խ․Մուրադյան փողոցից այնպիսի հողամաս է ուղղակի վաճառքի ձևով օտարվել, որն իր տեղադիրքով պայմանավորված՝ պետք է դառնար հրապարակային սակարկությունների առարկա և օտարվեր աճուրդով։ Մեկ այլ որոշմամբ՝ կառուցապատման իրավունքով տրամադրվել է այնպիսի հողամաս, որը մինչ տրամադրելն արդեն ծանրաբեռնված է եղել ինքնակամ կառույցներով։ Ինքնակամ կառուցապատման դեպքեր են հայտնաբերվել նաև Քասախ, Արզնի, Պտղնի համայնքներում:Մասնավորապես Քասախ համայնքում հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 18 դեպք։ 13 դրվագներով ինքնակամ կառուցապատվել են քաղաքացիների սեփականություն համարվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3 դրվագներով՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասեր: Դրանցից մեկը գործում է որպես քարի արտադրամաս։ 1 դեպքով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին․ կառուցվել է բջջային կապի աշտարակ։ Ինքնակամ կառուցապատվել է նաև համայնքի սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի 1 հողամաս:Քասախում աճուրդների, մրցույթների ձևական անցկացման 8 դեպք է հայտնաբերվել:Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը,  լինելով 2007թ. ապրիլին կայացած աճուրդի կազակերպիչ, ընդամենը 1 քայլով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության համայնքային պատկանելության հողամասի աճուրդի հաղթող է ճանաչել համայնքի աշխատակազմի քարտուղար Նարեկ Մկրտչյանին: Հողամասը մինչ ստուգման պահը ծանրաբեռնված է ինքնակամ շինությունով:2015թ. հողամասի աճուրդի հաղթող է ճանաչվել համայնքապետարանի մեկ այլ աշխատակից՝ գլխավոր մասնագետ Աշխեն Հովհաննսիսյանը: Հենց համայնքապետարանի գլխավոր մասնագետ լինելու հանգամանքն էլ կասկած առաջացրել, որ աճուրդը ձևականորեն է կազմակերպված, և նախապես նպատակ է եղել հողամասը Ա.Հովհաննիսյանին տրամադրել:Համայնքի ղեկավարը 2017թ. ուղղակի վաճառքով հողամաս է օտարել իր որդուն Հայկ Մկրտչյանին՝ դրա համար հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրություններն այն մասին, որ մինչ այդ՝ 2015թ. աճուրդները չեն կայացել՝ հայտ չներկայացնելու հիմքով: Այդպիսով՝ վարկած է առաջանում, որ նախկին աճուրդները ձևականորեն չեն կայացվել, և անհայտ չափորոշիչով գնման նախապատվությունը ձեռք է բերել Հ.Մկրտչյանը:Համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող պատկանող  հողամասն օտարել է Վ. Ալավերդյանին, որից հետո այդտեղ ակտիվ ինքնակամ շինարարություն է կատարվել, և դրա կանխման համար քայլեր չեն ձեռնարկվել, կառույցն էլ մինչ այժմ պետական գրանցում չի ստացել:Տեսչական մարմնի մասնագետները բացահայտել են նաև, որ Քասախ համայնքում իրականացված աճուրդների փաթեթերում բացակայում են ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծերը և հողամասերն  օտարվել են առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի (ՃՏԱ) նախագծեր տրամադրելու։ Փաստական մի քանի հանգամանքների առկայությամբ վարկած է առաջ եկել՝ առ այն, որ որոշ աճուրդներ ձևականորեն են անցկացվել՝ նախապես նպատակ ունենալով, որ հաղթող ճանաչվեն կոնկրետ անձինք։Կոտայքի մարզի Արզնի համայնքում Տեսչական մարմինը հայտնաբերել է ինքնակամ շինարարության 5  դեպք։Այսպես՝ համայնքում ճարտարապետահատակագծային առաջադրանքով գյուղմթերքների սառնարան և օժանդակ շինություն կառուցելու փոխարեն տեղում  ինքնակամ այլ շինություններ են կառուցվել։ Գյուղատնտեսական նշանակության մի հողամասում էլ առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղների առկայության ինքնակամ ջերմոց է կառուցվել։ Մի քանի հողամասերում ինքնակամ բենզակցակայան, այլ շինություններ են կառուցվել, մեկ այլ դեպքով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող գործառնական նշանակության հողամասում առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության ինքնակամ այգի է տնկվել։Համայնքի Երևան-Սևան մայրուղու 6/1 հասցեում ինքնակամ կառուցապատման առիթով հարուցվել է վարչական  վարույթ, ձեռնարկվել են  միջոցներ, սակայն ինքնակամ կառուցապատումը չի կանխվել, դրա հետևանքերն էլ չեն վերացվել:Պտղնի համայնքում տարբեր (բնակելի կառուցապատման, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնեսական  հողամասերում՝ առանց հողամասերի նպատակային նշանակության փոփոխության օրինական փաստաթղթերի առկայության կառուցվել են ջերմոցներ, ձկնաբուծական լճեր, հասարակական նշանակության շինություններ: Հավելենք, որ այդ հողամասերի  սեփականատերերն են համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձինք։Պտղնի համայնքում ևս ՔՏՀԱ տեսչական մարմինը աճուրդների, մրցույթների ձևական անցկացման 9 դեպք է հայտնաբերվել։ Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանը ձևականորեն կազմակերպել է 4 հրապարակային սակարկություններ՝ դրանցում ներգրավելով իր որդուն՝ Հակոբ Վիրաբյանին և նրան ճանաչել մրցույթի հաղթող։ Մեկ այլ մրցույթում էլ հրապարակային սակարկության արդյունքում հաղթող է ճանաչվել մյուս որդին՝ Աշոտ Վիրաբյանը, 3-րդում որդու կինը՝ Դիանա Հովհաննիսյանը։Երկու այլ դեպքերով էլ  հրապարակային սակարկության հաղթող են ճանաչվել իր խորհրդական Անահիտ Գևորգյանը  և տեղակալ Երջանիկ Մինասյանը։Այսպիսով՝ վերը նկարագրված դեպքերում խախտվել են ՀՀ Հողային օրենսգրքի պահանջները, որոնց համաձայն՝ համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ, համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բացահայտված  խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
18:20 - 26 հոկտեմբերի, 2021
Սյունիքում չարաշահումներով համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու 3 գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, վերականգնվել է համայնքներին պատճառված 41մլն դրամի վնաս

Սյունիքում չարաշահումներով համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու 3 գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, վերականգնվել է համայնքներին պատճառված 41մլն դրամի վնաս

Սյունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների հիման վրա նախապատրաստված նյութերով մարզի բնակավայրերի վարչական տարածքներում բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար համայնքային, պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության, ենթավարձակալության հանձնելու գործընթացում կոռուպցիոն հնարավոր չարաշահումների փաստերով մարզի դատախազությունում և ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային ստորաբաժանումներում հարուցվել է ընդհանուր 25 քրեական գործ՝ մարզի ներկայիս խոշորացված համայնքների 22 բնակավայրերի (նախկինում համայնքների)վերաբերյալ: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Ալեհավաք կայանների տեղադրման և շահագործման շրջանակներում համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կամ լիազորությունների անցմամբ, օրենսդրության պահանջների խախտմամբ համայնքապատկան հողամասերն իրենց մերձավորների կամ ենթակաների օժանդակությամբ ենթավարձակալության հանձնելու, այդ կերպ իրենց ընտանիքների համար խոշոր չափերով շահույթներ ապահովելու և համայնքներին ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից զրկելու, հետագայում օրենսդրության պահաննջերի խախտումները վերացնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ բոլորն էլ նախկին համայնքների ղեկավարներ:  Քրեական գործերով նախաքննության ընթացքում մի շարք նախկին համայնքների (մասնավորապես, ներկայիս Տաթև խոշորացված համայնքի Հարժիս, Սիսիան խոշորացված համայնքի Դարբաս, Բնունիս, Լոր, Թանահատ բնակավայրերի) ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության դեպքի բացակայության կամ հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցնելու, համաներում կիրառելու, կամ գործուն զղջալու հիմքերով: Իսկ Սիսիան խոշորացված համայնքի Աղիտու և Ախլաթյան բնակավայրերի (նախկին համայնքների) նախկին ղեկավարների դեպքում քրեական հետապնդում չի իրականացվել մահվան, Կապան համայնքի նախկին ղեկավարի դեպքում՝ հանակազմի բացակայության հիմքերով:  7 քրեական գործ 7 անձի, մասնավորապես Գորայք, Վաղատին, Նժդեհ, Շաքի, Արևիս, Սառնակունք և Բռնակոթ նախկին համայնքների ղեկավարների վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դրանցից 5-ով կայացվել են դատական ակտեր, որոնցից երեքով անձինք դատապարտվել են ազատազրկման՝ որոշակի ժամկետներով զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Նրանց նկատմամբ կիրառվել է համաներում: Իսկ երկուսի պարագայում դատարանում քրեական գործի վարույթը կարճվել է՝ մի դեպքում համաներման ակտ կիրառելու, մյուս դեպքում հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքերով: Այն դեպքերում, երբ համայնքներին պատճառված վնասները չեն վերականգնվել կամ վերականգնվել են մասնակի, դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մարզի դատախազության կողմից համայնքների ներկայիս ղեկավարին նախագուշացվում է այդ նպատակով քաղաքացիական հայց հարուցելու անհրաժեշտության մասին։ Քննությունների արդյունքում պարզված՝ համայնքներին պատճառված ընդհանուր նախնական վնասը կազմել է շուրջ 95.5մլն ՀՀ դրամ: Տարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ 41մլն ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում վնասների մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ: Համայնքներից 13-ի պարագայում լուծվել են հանցավոր գործարքների միջոցով կնքված վարձակալության և վարձակալների կողմից հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության պայմանագրերը: Հողերի նպատակային նշանակությունը փոխելու պարագայում կիրականացվի համայնքների և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների միջև վարձակալության նոր պայմանագրերի կնքման գործընթաց, ինչով լիարժեք կվերականգնվեն մարզի բնակավայրերի, համայնքների խախտված իրավունքները:
10:56 - 26 հոկտեմբերի, 2021
Քննարկվել են Արաքսի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրները

Քննարկվել են Արաքսի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրները

ՀՀ գլխավոր դատախազությունում մի շարք կառույցների պաշտոնյաների մասնակցությամբ քննարկվել են Արաքսի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: «Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի` ՀՀ կատարած աշխատանքային այցի և ՀՀ գլխավոր դատախազի հետ Երևանում կայացած պաշտոնական հանդիպման ընթացքում իրանական պատվիրակության նախաձեռնությամբ քննարկվել էին հանքային արտանետումների պատճառով ծանր մետաղներով և քիմիական նյութերով Արաքս գետի  աղտոտվածության, դրանով պայմանավորված գետի ավազանում բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի, բնական կենսառեսուրսների պաշտպանության խնդիրների լուծման մեխանիզմներ գտնելու, այդ ոլորտում հետագա համագործակցության համար աշխատանքային ձևաչափեր մշակելու հնարավորությունները: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել խնդիրը կրկին դարձնել համակողմանի քննարկման առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ելնելով վերոնշյալից, հիմնախնդրի շուրջ ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրվել և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի կողմից անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը և նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենը:  Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարածաշրջանում հանքերի շահագործմամբ պայմանավորված Արաքս գետն աղտոտվածությունից պաշտպանելու ուղղությամբ մինչ այժմ նաև իրանական կողմի հետ համագործակցությամբ իրականացված աշխատանքները: Հավաստիացվել է, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր պոչամբարներում արդեն իսկ տեղադրված է կեղտաջրերի փակ շրջանառու համակարգ, ինչը բացառում է գործարանի շահագործման արդյունքում դեպի գետ հոսքաջրերի՝ ծանր մետաղներով և քիմիական նյութերով ախտահարումը:  ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ միևնույն ժամանակ, նկատի ունենալով խնդրի կարևորությունը և դրա նկատմամբ մշտական հետևողականությունը՝ խորհրդակցության արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նաև երկու երկրների դատախազությունների և իրավասու համապատասխան մարմինների համագործակցության, դրա շրջանակներում մինչ այս գետի ջրային և կենդանական ռեսուրսների, բնական միջավայրի պահպանության ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունավետությունը մշտադիտարկման ենթարկելու, գնահատելու, ինչպես նաև արդյունքում ի հայտ եկող հնարավոր խնդիրները վեր հանելու և դրանց լուծման անհրաժեշտություն առաջանալու պարագայում իրավական ներգործության կառուցակարգերի գործադրման միջոցառումներ մշակելու և իրականացնելու վերաբերյալ:
20:35 - 25 հոկտեմբերի, 2021
2021թ. ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ. դատախազություն

2021թ. ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ. դատախազություն

Ամփոփվել է 2021թ. հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ներառյալ քարոզարշավի, քվեարկութան օրը և դրան հաջորդող ժամանակահատվածում արձանագրված առերևույթ ընտրական, ինչպես նաև ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի քննության, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված աշխատանքների արդյունքները՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ «Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցված ավելի քան 80 քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 91 անձի, որոնցից՝   - 67-ին՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու ընտրակաշառքի միջնորդության, ընտրակաշառք տալու փորձի, օժանդակության կամ կազմակերպման համար,   - 3-ին՝ բռնության զուգորդմամբ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու համար,   - 6-ին՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար,  - 6-ին՝ քարոզչական պաստառի ոչնչացմամբ կամ վնասմամբ գույքային վնաս պատճառելու համար,   - 3-ին՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մեկ կամ մեկից ավելի անձանց ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար,  - 2-ին՝ ընտրողներին քվեարկությանը մասնակցելուն, ընտրություններին մասնակցող կոնկտեր ուժի օգտին քվերակելուն կամ կոնկրետ ուժի օգտին չքվեարկելուն հարկադրելու համար, (որոնցից մեկին՝ նաև բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց ծառայություններ մատուցելու խոստում տալու համար),  - 2-ին՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու կամ քվերակելու փորձ կատարելու համար,  - 1-ին՝ հանցագործության մասին չհայտնելու համար,  - 1-ին՝ խարդախության համար: Այսինքն՝ ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը կազմում է ընդհանուրի շուրջ 73.5 տոկոսը: Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ, մասնավորապես՝ 2-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընգրկված անձինք: Մեղադրյալներից 24-ի, այդ թվում՝ պատգամավորության բոլոր թեկնածուների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննության ընթացքում դատախազի կամ դատարանի որոշումներով կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոփոխվել կամ վերացվել է 5 անձի նկատմամբ: 2021թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ ընտրական և ընտրությունների հետ կապված հանցագործությունների առթիվ քննված քրեական գործերից 22-ը մեղադրական եզրակացություններով ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու: Դրանցով դատի է տրվել ընդհանուր 46 անձ, այդ թվում՝  - 35-ը՝ մեկ կամ մի քանի անձանց ընտրակաշառք տալու, առանձին դեպքերում՝ նաև ընտրակաշառքի միջնորդություն կատարելու, կամ մեկից ավելի անձանց ընտրակաշառք տալուն օժանդակելու, նախապատրաստելու, ընտրակաշառք ստանալու համար,  - 3-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար,  - 2-ը՝ երկու և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու համար,  - 2-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ մեկ կամ մեկից ավելի անձանց կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար,  - 4-ը՝ քարոզչական նշանակության պաստառներ վնասելու և նյութական վնաս պատճառելու հանցավոր արարքներ կատարելու համար: Ըստ էության, ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար դատի տրված անձանց թիվը կազմել է ընդհանուրի շուրջ 76 տոկոսը: Դատարան ուղարկված գործերից 1-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, որով 1 անձի նկատմամբ պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկում, միաժամանակ, դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով: Մյուս գործերով դատական քննությունը շարունակվում է: Դատի տրված անձանցից 9-ը հանդիսացել են արտահերթ ընտրություներին մասնակցած «Հայաստան» դաշինքի, 22-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Վերելք» կուսակցության, 1-ը՝ ԲՀԿ-ի պատգամավորական ցուցակներում ընդգրկված կամ այդ ուժերին սատարող անձինք: 2021թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 39 քրեական գործի նախաքննություն շարունակվում է, առանձին գործերի վարույթներ կարճվել են, իսկ որոշները միացվել են իրար: Չնայած քրեական գործերի զգալի մասով դեռևս նախաքննությունը և դատական քննությունը շարունակվում է, սակայն արդեն իսկ կարելի է փաստել, որ 2021թ. հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախորդ համապետական նույնաբնույթ երկու՝ 2017թ. հերթական և 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից էականորն տարբերվում է ընտրական հանցագործությունների դեմ իրավապահ մարմինների գործունեության արդյունավետությամբ: Համեմատության համար նշենք, որ 2021թ. ընտրությունների հետ կապված ընտական առերևույթ հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քանակը 2017թ. ԱԺ հերթական ընտրությունների համեմատ ավելի է մոտ 4 անգամ, 2018թ. արտահերթ ընտրությունների համեմատ՝ ավելի քան 7 անգամ, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը 2017թ. ընտրությունների համեմատ ավելի են գրեթե կրկնակի, իսկ դրանցով դատի տրված անձանց թիվը ավելի է շուրջ 70 տոկոսով: Հատկանշական է հատկապես ընտրակաշառքների դեմ քրեաիրավական պայքարի աննախադեպ արդյունքները՝ հաշվի առնելով, որ նախկին որևէ համապետական ընտրության ժամանակ երբևէ չի արձանագրվել նման թվով անձանց ընտակաշառք տալու, ստանալու և միջնորդության, դրանց առնչվող այլ հանցագործությունների բացահայտում, դրանց համար քրեական հետապնդման ենթարկելու և դատի տալու դեպք: Նման արդյունքները կարող են կանխիչ կարևոր ազդեցություն ունենալ հետագայում կազմակերպվելիք ընտրությունների համար և ստեղծել առավել նպաստավոր պայմաններ ՀՀ-ում ընտրողների ազատ և անկաշկանդ կամարտահայտման, ինչպես նաև ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ անցկացնելու կայուն պրակտիկա ձևավորելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:      
12:08 - 22 հոկտեմբերի, 2021
«ԳԱԶել»-ի վթարի վայրում բացակայել են երթևեկության նշանները. պատասխանատուները հրավիրվել են դեպքի վայր

«ԳԱԶել»-ի վթարի վայրում բացակայել են երթևեկության նշանները. պատասխանատուները հրավիրվել են դեպքի վայր

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում հոկտեմբերի 20-ին ողբերգական ավտովթարը տեղի ունեցել Մ-1 ճանապարհի այն հատվածում, որտեղ «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինական ծրագրով նոր կառուցված ճանապարհը որոշակի կորություններով միանում է դեռևս չնորոգված ճանապարհահատվածին: Չնայած տրանսպորտային երթևեկությունն ակնհայտորեն բարդացնող այդ գործոնին՝ դեպքի վայրում բացակայել են երթևեկության սահմանափակող և նախազգուշացնող նշանները, պահպանված չեն եղել ճանապարհաշինարարական համապատասխան նորմերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը՝ նշելով, որ իրավասու մարմինների պատասխանատու ներկայացուցիչներն հրավիրվել են ողբերգական ավտովթարի դեպքի վայր։ «Ինչպես արդեն տեղեկացվել է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ողբերգական ավտովթար. ուղևորատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի  հետևանքով մահացել են ավտոմեքենայի վարորդը, չորս ուղևորներ, իսկ 17 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո հետաքննության, նախաքննության մարմինների կողմից նախաձեռնվել են ողբերգական ավտովթարի հանգամանքները, պատճառները բացահայտելուն, մահացած և մարմնական վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը պարզելուն ուղղված քննչական և այլ գործողություններ, միջոցներ են ձեռնարկվել տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, հարուցվել է քրեական գործ»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ օպերատիվ կերպով դեպքի վայր է մեկնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը՝ իրականացվող գործողություններին տեղում հետևելու, իրավիճակը և հատկապես ողբերգությանը նպաստող պայմանները, պատճառները գնահատելու անհրաժեշտությունից ելնելով: Այդ նպատակով դատախազության նախաձեռնությամբ դեպքի վայր են հրավիրվել նաև երթեևկության անվտանգության միջոցների ձեռնարկման, դրա հետ կապված ճանապարհաշինարարական նորմերի պահպանման նկատմամբ հսկողական գործառույթներ ունեցող իրավասու մարմինների պատասխանատու պաշտոնատար անձինք, մասնավորապես ՀՀ ՃՈ ծառայության պետի պաշտոնակատարը, ՀՀ Արագածոտնի մարզպետը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ տնօրենը:  «Տեղում արձանագրվել է, որ դեպքը տեղի ունեցել Մ-1 ճանապարհի այն հատվածում, որտեղ «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինական ծրագրով նոր կառուցված ճանապարհը որոշակի կորություններով միանում է դեռևս չնորոգված ճանապարհահատվածին: Չնայած տրանսպորտային երթևեկությունն ակնհայտորեն բարդացնող այդ գործոնին՝ դեպքի վայրում բացակայել են երթևեկության՝ սահմանափակող և նախազգուշացնող նշանները, պահպանված չեն եղել ճանապարհաշինարարական համապատասխան նորմերը»,- հայտնում են ՀՀ դատախազությունից՝ հավելելով, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հատուկ ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի կոնկրետ տվյալ հատվածի՝ բնականոն երթևեկության համար բարձր ռիսկայնության խնդիրը և հրատապ կերպով դրա չեզոքացման անհրաժեշտության հարցը դատախազության կողմից բարձրացվել էր ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին իրավասու մարմինների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի և այլ կառույցների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրված խորհրդակցությանը: Նշվում է, որ հաշվի առնելով նաև այդ հանգամանքը՝ դատախազության հանձնարարությամբ դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ ), այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ -րդ հոդվածի 2-րդ մասով (լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ): «Այսինքն՝ քրեական գործի շրջանակներում իրավական գնահատականներ են տրվելու ոչ միայն տրանսպորտային միջոց վարելու, այլ նաև իրավասու շրջանակների կողմից երթևեկության անվտանգության ճանապարհաշինարարական նորմերն ու պահանջները պահպանելու պարտականությունների  կատարմանը: Դեպքի վայր հրավիրված ոլորտային վերոնշյալ պատասխանատուների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ՀՀ Արագածոտնի դատախազությունում կազմակերպվել է օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում մանրամասն քննարկվել են ինչպես ճանապարհի այդ, այնպես էլ մի քանի այլ՝ երթևեկության համար վտանգավոր տեղամասերում ավտովթարներին հանգեցնող բոլոր այն խնդիրները, որոնք պայմանավորված են անվտանգության ապահովման պետության պոզիտիվ պարտականությունների կատարման հետ: Մասնավորապես, խնդիր է դրվել այդ ճանապարհային գոտիները կահավորել համապատասխան նշաններով, գծանշումներով, լուսանդրադարձիչներով արագությունը սահմանափակող արհեստական անհարթությամբ, ճանապարհի՝ զառիվար թեքությունները հարթեցնելու նպատակով իրականացնել հողալցման աշխատանքներ: Քննարկվել է նաև այդ և մյուս վտանգավոր հատվածներում արագաչափ սարքերի տեղակայման հնարավորությունը»,- տեղեկացնում են ՀՀ դատախազությունից: Գլխավոր դատախազի տեղակալի կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է մինչև այս աշխատանքներն ավարտելը նշված հատվածներում իրականացնել Ճանապարհային ոստիկանության մշտական խստացված ծառայություն:     Հաշվի առնելով նաև հոկտեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված խորհդրակցության ընթացքում ձեռք բերված պահյմանավորվածությունները՝ ՀՀ դատախազությունը հետևողականություն է դրսևորելու նախանշված միջոցառումների իրականացման հարցում՝ անհրաժեշտության դեպքում բարձրացնելով դրանք քրեաիրավական դաշտում գնահատականի արժանացնելու հարցը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից կրկին, ըստ իրավասությունների ոլորտների, հրատապ և համարժեք միջոցներ ձեռնարկելուն ուղղված միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ    ոստիկանության   պետի     տեղակալին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի  տեղակալին:    
19:22 - 20 հոկտեմբերի, 2021
ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով  իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքի ընթացքում  խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է,  որ 2021թ. ապրիլի 22-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, բազմաթիվ անձինք Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մոտակայքում մասնակցել են «Ի աջակցություն ձերբակալված սյունեցիների» կազմակերպված հավաքին: Այնուհետև գնացել և ակցիան շարունակել են ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի կենտրոնական մուտքի դիմաց, որի ընթացքում հիշյալ հավաքի 10 մասնակից, անտեսելով ոստիկանության ծառայողների՝ հասարակական կարգը չխախտելու պահանջները, այլ անձանցից առանձնանալու և սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել: Նրանցից  երկուսը  տարբեր իրերով հարվածել են ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքին, անհանգստություն և տագնապի զգացում առաջացրել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների, դատախազության վարչական շենքում գտնվող աշխատակիցների և պատահական անցորդների մոտ՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ 10 մասնակիցներին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:55 - 20 հոկտեմբերի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրակաշառքի վերաբերյալ առաջին գործով մեղադրական դատավճիռ է կայացվել

ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրակաշառքի վերաբերյալ առաջին գործով մեղադրական դատավճիռ է կայացվել

2021թ. հունիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի՝ ՀՀ ՀՔԾ-ում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ  2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով, ի թիվս այլոց, որպես պատգամավորի թեկնածու է առաջադրվել նաև Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակչուհի Ն. Ա.-ի գործատու ՍՊ ընկերության բաժնետիրոջ որդին: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։  «2021թ. հունիսի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ն. Ա.-ն՝ արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով համագյուղացուն՝ ընտրող, նույն գյուղի մի բնակչուհու անձամբ առաջարկել է 10000-ից մինչև 20000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք, սակայն վերջինս մերժել է: Րոպեներ անց Ն. Ա.-ն Արջուտ գյուղում գտնվող իր բնակարան է հրավիրել մեկ այլ համագյուղացու և «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար անձամբ որպես առավելություն, խոստացել է զիջել նախկինում՝ ծառայություններ մատուցելու արդյունքում գոյացած 7500 ՀՀ դրամի չափով պարտքը: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Առաջադրված մեղադրանքի վերաբրեյալ նա տվել է խոստովանական ցուցմունքներ, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրություն։ 2021թ. հուլիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազությունից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու նպատակով։ Դատական քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. հոկտեմբերի 11-ի դատավճռով ամբաստանյալ Ն. Ա.-ն մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված հանցանքը կատարելու համար, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկում, այնքան, որքան միջնորդել էր մեղադրող դատախազը։ Միաժամանակ, դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով։ Դատական ակտն ստանալուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունում կքննարկվի պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով այն բողոքարկելու հիմքերի առկայությունը և անհրաժեշտությունը»:  
18:11 - 19 հոկտեմբերի, 2021
Շիրակի մարզի դատախազը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում հսկողությունն ուժեղացնելուն ուղղված միջնորդագիր է հասցեագրել  Հայկական կարմիր խաչի նախագահին

Շիրակի մարզի դատախազը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում հսկողությունն ուժեղացնելուն ուղղված միջնորդագիր է հասցեագրել Հայկական կարմիր խաչի նախագահին

2021թ. ընթացքում Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրվել են մի շարք պատահարներ և հանցագործության դեպքեր: Մասնավորապես, 2021թ. ապրիլի 5-ին՝ աջ արմունկահոդային կտրված վերք, ալկոհոլային հարբածություն, ինքնավնասում ախտորոշմամբ  Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնից Գյումրու բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել նշված կենտրոնի 59 ամյա մի խնամյալ բնակիչ:  Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ  վերջինս, այդ օրը միայնակ գտնվել է իր սենյակում, օգտագործել ալկոհոլ և այդ վիճակում ածելիով ինքնավնասում կատարել, որից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և տեղափոխվել է բժշկական կենտրոն: Համաձայն Գյումրու հոգեկան առողջության կենտրոնից ստացված տեղեկանքի՝ նշված անձը հաշվառման մեջ է գտնվել կենտրոնի նարկոլոգիական դիսպանսերում «հոգեկան և վարքի խանգարում ալկոհոլի գործածման հետևանքով կախվածության համախտանիշ» ախտորոշմամբ: Բացի այդ, օգոստոսի 22-ին, խնամքի կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված ահազանգի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ խնամքի կենտրոնում նոյն սենյակում համատեղ բնակվող 2՝ շարժողական խնդիրներ ունեցող խնամյալներ նույն օրը երեկոյան մի քանի բաժակ ոգելից խմիչք են օգտագործել, նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է առաջացել, մասնավորապես այն հարցի կապակցությամբ, թե դեպի պետքարան տեղաշարժվելու իրենցից առաջինն ում պետք է օգնեն  աշխատակիցները: Վեճի ընթացքում նրանցից մեկը փայտե ձեռնափայտի օգնությամբ հարվածներ է հասցրել մյուսի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Այսինքն, պարզվել է, որ կենտրոնում խնամվող անձինք իրենց մոտ պահում և օգտագործել են ոգելից խմիչք: Մինչդեռ, համաձայն խնամքի կենտրոնի կանոնակարգի՝ խնամվողներին արգելվում է օգտագործել ոգելիս խմիչքներ: Հիշյալ փաստն անուշադրության է մատնվել խնամքի կենտրոնի պատասխանատուների կողմից, ինչը, մասնավորապես երկրորդ դեպքում, տեղաշարժման խնդիրի հետ հանրագումարում հանգեցրել է անցանակլի դեպքի կատարմանը: Բացի վերոնշյալը, 2021թ. հուլիսի 22-ի երեկոյան Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնից ոստիկանություն ահազանգի հիման վրա կատարված քննությամբ պարզվել է, որ նույն օրը կենտրոնի մի տղամարդ բնակիչ  իր սենյակում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճի արդյունքում մի քանի հարվածներ է հասցրել նույն կենտրոնի մի բնակչուհու և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Դիմողի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է նաև այս դեպքում: Նախապատրաստված նյութերով երեք դեպքում էլ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ են կայացվել՝ առաջինը՝ հանցադեպի բացակայության, մյուսները՝ դիմողի բողոքի բացակայության հիմքերով: Քիչ չեն եղել նաև դեպքերը, երբ խնամյալները, ունենալով տեղաշարժվելու հետ կապված դժվարություններ, դուրս մնալով խնմաքի կենտրոնի աշխատակիցների ուշադրությունից, կորցրել են հավասարակշռությունը և վայր են ընկել՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրված դեպքերին առնչվող նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց վերջին շրջանի որոշակի ավելացումը կենտրոնում իրավասու անձանց կողմից կանոնակարգային պահանջների պահպանման, նկատմամբ բավարար հսկողության թուլացման, պատրականությունները ոչ այնքան բարեխիղճ կատարելու և առանց այն էլ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց նկատմամբ առանձին դեպքերում բավարար հոգատարություն չցուցաբերելու հետևանք են: Մինդեռ դրանք կարող են հանցագործությունների կատարման նպաստավոր պայմաններ ստեղծել և ինչպես կենտրոնի խնամյալների, այնպես էլ խնամողների կամ աշխատակիցների համար անցանկալի, ընդհուպ ծանր հետևանքներ առաջացնել: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Շիրակի մարզի դատախազը միջնորդագիր է հղել Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահին՝ քննարկելու Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրված պատահարներին հանգեցրած պատճառները և գործուն քայլեր ձեռնարկելու նմանատիպ երևույթների բացառման ուղղությամբ, ինչպես նաև լուծել այն աշխատակիցների կարգապահական պատասխանատվության հարցերը, որոնք, հնարավոր է՝ թերացել են իրենց պարտականությունների կատարման հարցում:
16:15 - 19 հոկտեմբերի, 2021
Դատարանները մերժել են վարույթ ընդունել ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով ՀՀ գլխավոր դատախազության դեմ ներկայացված հայցադիմումները

Դատարանները մերժել են վարույթ ընդունել ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով ՀՀ գլխավոր դատախազության դեմ ներկայացված հայցադիմումները

Առանձին լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից կատարվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայցադիմումներ են ներկայացվել դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ պահանջելով անվավեր ճանաչել վարչության կողմից կայացված թվով 4 որոշումներ: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նարեկ և Անի Լյովայի Սարգսյանների ներկայացուցիչը, ծանոթանալով նրանց վերաբերող գույքերի ուսումնասիրությունների նախնական արդյունքներին, նույնաբովանդակ բողոքներ է ներկայացրել ՀՀ Վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ: Մասնավորապես՝ 2021թ. սեպտեմբերի 10-ին և 14-ին վերջինս երկու բողոք է ներկայացրել ՀՀ վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի «Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումների կայացման իրավաչափությունը:  ՀՀ վարչական դատարանը 2021թ. սեպտեմբերի 22-ին հայցվոր Նարեկ Սարգսյանին վերաբերելի բողոքը վարույթ ընդունելը մերժել է, այն պատճառաբանությամբ, որ «ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը չի կարող դատական քննության առարկա հանդիսանալ: Անի Սարգսյանի վերաբերյալ բողոքի քննարկումը վարչական դատարանը վերահասցեագրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, այն պատճառաբանությամբ, որ Անի Սարգսյանի հայցն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին: 2021թ. հոկտեմբերի 6-ին և 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ևս մերժել է նրանց ներկայացուցչի հայցադիմումները վարույթ ընդունելը՝ պատճառաբանելով, որ ներկայացված պահանջներն առհասարակ դատական կարգով քննության ենթակա չեն: Վերը նշվածից բացի, 2021թ. սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 4-ին հայցվորների ներկայացուցիչը նաև ՀՀ վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է բողոքարկել  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում կայացված՝ «Ուսումնասիրության նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ» որոշումները՝ բերելով նույնաբնույթ պատճառաբանություններ:  ՀՀ վարչական դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին մեկ գործով մերժել է հայցադիմումը վարույթ ընդունելը: Իսկ մյուս գործով հայցադիմումը վերահասցեագրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ պատճառաբանելով, որ հայցապահանջն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին։ Վերահասցեագրված հայցադիմումի քննարկման արդյունքերով դեռևս դատական ակտ առկա չէ։
12:41 - 19 հոկտեմբերի, 2021
Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը. Դատախազություն

Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը. Դատախազություն

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Համաձայն վերջինիս՝ իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին Սերոբ Ռազմիկի Հարությունյանից  և Անուշ Արարատի Անտոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ · Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 187.250.000 ՀՀ դրամ, · Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6.000.000 ՀՀ դրամ, · Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղիի 97.6 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 5.880.400 ՀՀ դրամ: Սերոբ Ռազմիկի Հարությունյանից բռնագանձել՝ · Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8.000.000 ՀՀ դրամ, · «BMW X6 3.5 I» ավտոմեքենայի օտարման և «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման արժեքների տարբերություն՝ 1.000.000 ՀՀ դրամ, · «BMW X6 XDRIVE 3.5 I» մակնիշի ավտոմեքենայի ապօրինի ծագում ունեցող մասի օտարման արժեք՝ 990.000 ՀՀ դրամ, ·  «Օրանժ գազ» ՍՊ ընկերության բաժնեմասի օտարման արժեքի 50 տոկոսը՝ 215.707.500 ՀՀ դրամ, ·  14.361.672 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:   Հարություն Սերոբի Հարությունյանից, որպես Սերոբ Ռազմիկի Հարությունյանին պատկանող գույքեր բռնագանձել՝ ·  Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 40 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 34.700.000 ՀՀ դրամ, ·  «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 11.250.000 ՀՀ դրամ: Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։
17:26 - 18 հոկտեմբերի, 2021
Ընթացք է տրվել ՏԻՄ կայացած ընտրություններին հանցավոր ընտրախախտումների մասին ընդհանուր 32 ահազանգի

Ընթացք է տրվել ՏԻՄ կայացած ընտրություններին հանցավոր ընտրախախտումների մասին ընդհանուր 32 ահազանգի

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Հոկտեմբերի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև Տավուշի մարզի Դիլիջան, Արմավիրի մարզի Ֆենիկ, Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում: Կայացած այս ընտրություններում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ իրավապահ մարմիններն ընդհանուր ստացել են ընդամենը մեկ ահազանգ: Վերջինս ներկայացված է եղել ԶԼՄ հրապարակմամբ և վերաբերել է Դիլիջանի ավագանու ընտրությունների քվեարկության օրն առերևույթ այլ անձի փոխարեն քվերակելուն և ընտրատեղամասի մոտ անձանց կուտակումներին: Տավուշի մարզի դատախազության կողմից այդ հրապարակումն ուղարկվել է Ոստիկանություն՝ ստուգողական գործողություններ կատարելու: Այսպիսով ընդհանուր պատկերը հետևյալն է: Հոկտեմբերի 17-ին հանրապետության 6 մարզերի 9 համայնքներում, այդ թվում՝ Գյումրի, Գորիս, Մեղրի և Դիլիջան քաղաքներում կայացած ՏԻՄ ընտրություններում, քվեարկության ավարտի դրությամբ, ստացվել է ենթադրյալ ընտրական հանցագործությունների մասին 32 ահազանգ, որոնց ճնշող մեծամասնությունը ԶԼՄ հրապարակումներ են: Դատախազության կողմից ապահովվել է, որպեսզի դրանցով բոլորով իրականացվի համապատասխան իրավական գործընթաց: Մասնավորապես՝ ընտրակաշառք տալու, ստանալու հատկանիշներով հարուցվել է մեկ քրեական գործ, 5 դեպքի առթիվ, որոնցից 1-ը վերաբերում է առերևույթ ծեծին, 1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն, 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելուն, նախապատրաստվում են նյութեր: Իսկ 26 ահազանգերի կապակցությամբ նախաձեռնվել են ստուգողական գործողություններ, ստացված հաղորդումներում ու հատկապես ԶԼՄ հրապարակումներում նշվող հանգամանքները ստուգելու, ըստ այդմ՝ քրեական վարույթի հարուցման հիմքերի առկայությունը պարզելու նպատակով: Վերջիններիցս երկուսի պարագայում իրականացված ստուգումներով հանցավոր արարքների կատարման վերաբերյալ տվյալները արդեն իսկ չեն հաստատվել և թողնվել են անհետևանք: Ինչպես և նախորդ, համապետական ընտրություններին, ՀՀ դատախազությունը հետևողական է իր տեսադաշտում հայտնված բոլոր դեպքերով համապատասխան ընթացք ապահովելու հարցում: Դրանց արդյունքների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում պարբերաբար կտրվի տեղեկատվություն: Հ.Գ. ՀՀ դատախազությունն ավելի վաղ պաշտոնական հաղորդագրություններով ներկայացրել է Սյունիքի մարզի Գորիս, Տեղ, Տաթև, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրի համայքնների ընտրությունների մասին տվյալները»:
13:53 - 18 հոկտեմբերի, 2021
Շիրակի մարզի համայնքների ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ 20 հաղորդումներից 4-ով նյութեր են նախապատրաստվում

Շիրակի մարզի համայնքների ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ 20 հաղորդումներից 4-ով նյութեր են նախապատրաստվում

Շիրակի մարզի Գյումրի համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախընտրական արշավի և քվերակության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ ստացվել է 20 հաղորդում կամ ահազանգ, որոնցից 2-ը եղել են մինչև քվեարկությունն սկսվելը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, նշելով, որ 20 ահազանգերից 14-ը ՀՀ դատախազության կամ Ոստիկանության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 4-ը ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ են, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցերում օգտատիրոջ կողմից կատարված գրառում: «Ստացված հաղորդումներից և ահազանգերից 10-ը առերևույթ վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը, 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը, 1-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն, 2-ը՝ այլ բնույթի են»,- մանրամասնում են դատախազությունից: Նշվում է, որ ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթ ունեցող 15 հաղորդումների կապակցությամբ ՀՀ Ոստիկանության մարզային բաժիններին հանձնարարվել է իրականացնել անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Դրանցից 2-ի արդյունքում ներկայացված հանգամանքները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, 13-ով ստուգողական գործողությունները շարունակվում են: Իսկ հաղորդումներից 4-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, որոնք ընթացքի մեջ են:
10:59 - 18 հոկտեմբերի, 2021