ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ԿԳՄՍՆ-ն ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ կազմակերպում է կրթական առցանց աշխատաժողովներ

ԿԳՄՍՆ-ն ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ կազմակերպում է կրթական առցանց աշխատաժողովներ

2020 թվականի օգոստոսի 22-24-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ (ՀՎՀ) միասին կազմակերպում է «Հայաստան–սփյուռք համագործակցությունը covid-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համահայկական կրթական առցանց աշխատաժողովներ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Աշխատաժողովների հիմնական նպատակն Է քննարկել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեջ հեռավար կրթության դերն ու նշանակությունը, կիսվել Հայաստանում և սփյուռքում հաջողված կրթական ծրագրերի իրականացման փորձով, մատնանշել սփյուռքի համար հեռավար կրթական ծրագրերի դրական ներուժի զարգացման հեռանկարները: Աշխատաժողովներին կարող են մասնակցել սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության հարցերով հետաքրքրված մարմիններ, անձինք (դասագրքերի և ծրագրերի հեղինակներ, դասախոսներ, ուսուցիչներ), հեռավար կրթության կազմակերպիչներ: Աշխատաժողովների թեմատիկ ուղղությունները և օրակարգը. Աշխատաժողովներն ընթանալու են հետևյալ ուղղություններով. Հեռավար կրթության դերն ու նշանակությունը սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության գործում. Սփյուռքի տարբեր հատվածների հորիզոնական համագործակցության հնարավորությունները և հեռանկարները. Հայաստանի Հանրապետության՝ սփյուռքում կրթության գործին աջակցության ծրագրերը, դրանց նպատակները և բովանդակությունը: Աշխատաժողովների թեմատիկ օրակարգը ձևավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի, Արցախի ու սփյուռքի մասնակիցների առաջարկների հիման վրա: Առավել մեծ նշանակությունը տրվում է թագավարակի պայմաններում սփյուռքում համակարգված, ինստիտուցիոնալ որոշումների հիման վրա աշխատանքի կազմակերպման դրական փորձի ներկայացմանը: Ակնկալվում է բացահայտել այնպիսի հեռավար ուսուցման պրակտիկաներ, ծրագրեր, մեթոդներ, որոնք հնարավոր կլինի տարածել նաև այլ համայնքներում և որոնք կարող են ընդհանուր կրթական դաշտի համար նախապայման հանդիսանալ: Աշխատաժողովներին մասնակցելու ցանկացողները կարող են գրանցվել 2020թ. հուլիսի 15-ից մինչև 2020թ. օգոստոսի 21-ը: Մասնակցելու հայտը տեղադրված է լինելու նշված ժամկետում www.avc-agbu.org կայքում, իսկ դրա հղումը նաև՝ www.escs.am կայքում: Առաջարկների և զեկուցումների (ներկայացումների) համար գրանցումը բաց է լինելու 2020թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 1-ը: Հայտաձևը տեղադրված է լինելու նշված ժամկետում www.avc-agbu.org կայքում, իսկ դրա հղումը նաև՝ www.escs.am կայքում: Աշխատաժողովների ձևաչափը. Աշխատաժողովներն անցկացնելու համար նախատեսվում է օգտագործել ՀԲԸՄ ՀՎՀ-ի հարթակը, որտեղ կտեղադրվեն հայտարարություններ, օգտակար հղումներ, օրակարգը, խոսնակների զեկույցների համառոտ նկարագրությունը, կկազմակերպվեն առցանց քննարկումներ: Աշխատաժողովները կանցկացվեն առցանց՝ Zoom հարթակում, իսկ կայացած առցանց աշխատաժողովների տեսագրությունները կտեղադրվեն ՀՎՀ-ի հարթակում:
12:25 - 07 հուլիսի, 2020
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության մակարդակը՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ նույն կրթական համակարգն ունեցող հայկական երկու հատվածների համաձայնեցված շարունակական աշխատանքն օրվա հրամայական է, և այդ համատեքստում շատ կարևոր է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումների ծրագրերի քննարկման փուլերին արցախցի մասնագետների ներգրավումը: Հանրապետության նախագահի խոսքով՝ համավարակի հետևանքով կրթական ոլորտում ստեղծված դժվարությունները նոր մարտահրավերներ են առաջացրել, որոնց այլընտրանքային լուծումները գտնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին ջերմ ընդունելության համար ՝ նշելով, որ բարձրացված հարցերն անպայման տեղ կգտնեն երկու գերատեսչությունների միջև ծավալվող համատեղ աշխատանքային քննարկումներում:  Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
12:05 - 07 հուլիսի, 2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է մարզեր՝ հետևելու քննությունների ընթացքին և ծանոթանալու դպրոցաշինության ծրագրերին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է մարզեր՝ հետևելու քննությունների ընթացքին և ծանոթանալու դպրոցաշինության ծրագրերին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով հուլիսի 4-6-ը եղել է Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Հուլիսի 7-ին նախարարը կայցելի Արցախի Հանրապետություն։ Նախարարն այցելել է պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և նորոգվող կրթական հաստատություններ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև հետևել Արտաշատի, Եղեգնաձորի, Գորիսի և Կապանի մարզային քննական կենտրոններում ընթացող միասնական քննություններին։ Նախարարը համոզվել է, որ քննական կենտրոններում անվտանգության բոլոր կանոնները պահպանված են՝ ապահովվել է սոցիալական հեռավորությունը դիմորդների միջև, կատարվել է ջերմաչափում, քննություն հանձնողներն ու կազմակերպիչները կրել են դիմակներ։ Նախարարը զրուցել է դիմորդների հետ, նրանց մաղթել հաջողություն, և կոչ արել ծնողներին զերծ մնալ քննական կենտրոնների մոտակա տարածքներում հավաքվելուց։ Ա. Հարությունյանը այցելել է Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության մեծածավալ աշխատանքներ։ Այս դպրոցը Համաշխարհային բանկի վարկային ծրագրով վերակառուցվող 13 դպրոցներից մեկն է, որոնցից 5-ի շինարարությունն արդեն ավարտված է, 8-ում աշխատանքները դեռ շարունակվում են։ Հիմնանորոգման ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններում կապահովվեն ժամանակակից կրթությանն անհրաժեշտ բոլոր պայմանները։ Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարի: Նախարարը ծանոթացել է նաև Պրոֆեսոր Երիցյանի անվան Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի նոր շենքի նախագծման աշխատանքներին, որոնք ավարտական փուլում են: Շենքի կառուցումը կմեկնարկի այս տարի, ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում այս տարի հանրապետությունում կհիմնվի 21 նոր նախակրթարան, այդ թվում՝ 3-ը՝ Սյունիքի, 5-ը՝ Արարատի մարզերում։ Բոլոր համայնքներում նախակրթարանները հիմնվում են դպրոցների հենքի վրա։ Նախապես կատարվել է կարիքի գնահատում և ընտրվել են այն համայնքները, որոնք մանկապարտեզ չեն ունեցել։ ԿԳՄՍ նախարարի հերթական կանգառը Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում էր, որը սեպտեմբերին կունենա նոր նախակրթարան: Այժմ ընթանում են շինարարական աշխատանքները: Սյունիքի մարզի Քարաշենի և Վաղատուրի միջնակարգ դպրոցներին կից ևս նոր ուսումնական տարում դռները կբացեն նոր նախակրթարանները։ Նախարարն այցելել է նաև Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի 1-ին նոր նախակրթարաններն արդեն շահագործման կհանձնվեն։ Արարատի մարզում սեպտեմբերին նոր նախակրթարաններ կբացվեն նաև Արարատ և Նարեկ համայնքներում։ Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով և ամբողջ ծավալով: Ա. Հարությունյանը շրջել է նաև Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի անմխիթար վիճակում գտնվող դպրոցում։ Շենքի վերանորոգումն ընդգրկված է պետական դպրոցաշինության ծրագրում․ ՀՀ կառավարության հուլիսի 2-ի նիստում ֆինանսական միջոցներ են հատկացվել նախագծային աշխատանքների իրականացման համար, որն ավարտելուց հետո կներկայացվի դպրոցի շինարարության ֆինանսավորման հայտը: Մարզային այցի շրջանակում նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է նաև Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ։ Նախարարի մարզային այցը շարունակվում է։
17:14 - 06 հուլիսի, 2020
Դվին հնավայրի վերականգնման համար նոր մրցույթ կհայտարարվի. առաջին փուլով ներդրումը 145 միլիոն դրամ է |armenpress.am|

Դվին հնավայրի վերականգնման համար նոր մրցույթ կհայտարարվի. առաջին փուլով ներդրումը 145 միլիոն դրամ է |armenpress.am|

armenpress.am: Արարատի մարզի Հնաբերդ համայնքում գտնվող Դվին հնավայրի վերականգնման աշխատանքները ներկա դրությամբ հատել են նախագծային փուլը: Նախագծման աշխատանքները կատարվել են «Բեդրոսյան ճարտարապետական գրասենյակ» ընկերության կողմից: Այս մասին նշեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը:  «Մինչ օրս աշխատանքները սկսելու համար հայտարարվել է մի քանի մրցույթ, որոնք տարբեր պատճառներով հետաձգվել են: Այժմ պատրաստվում ենք հայտարարել նոր  մրցույթ, լիահույս ենք, որ այս անգամ նախատեսվող ծրագրին մասնակից համապատասխան ընկերություն կունենանք: Դրանից է կախված աշխատանքների շարունակությունը»,-ասաց Արթուր Սողոմոնյանը:  Դվին հնավայրում նախատեսված է երեք հուշարձանի ամրակայում և վերականգնում: Դրանք են՝ Կաթողիկոսարանի առաջին և երկրորդ պալատները և Սուրբ Գրիգոր Կաթողիկե եկեղեցին, որոնք տարիների ընթացքում կարելի է ասել հողի տակ են անցել՝ բոլոր բացասական հետևանքներով:  Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Տեղական տնտեսության զարգացման ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկից ստացված  վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Առաջին փուլով ներդրումը կազմելու է շուրջ 145 միլիոն դրամ:  «Հնագետների հետ գործակցությունն այժմ միայն բանավոր պայմանավորվածությունների փուլում է, բայց այդ աշխատանքներն առանց հնագետների պարզապես անհնար են և անթույլատրելի, ուստի բոլոր դեպքերում՝ նախ կաշխատեն հնագետները, ապա՝ կառուցապատողը»,-ասաց Արթուր Սողոմոնյանը:   Թե հնավայրի տարածքում զբոսաշրջային տեսանկյունից ինչպիսի ենթակառուցվածքներ են նախատեսված, այդ մասին Արթուր Սողոմոնյանը վաղ է համարում խոսելը:  «Այս պահին վաղ է խոսել ենթակառուցվածքների մասին, քանի որ գործ ունենք խիստ առանձնահատուկ տարածքի հետ. այս հարցին հնարավոր կլինի պատասխանել բացառապես տարածքի լիարժեք պեղումներից և վերականգնումից հետո: Դա է պատճառը, որ աշխատանքները բաժանվել են երկու փուլի, առաջին փուլում խնդիր է դրված զգուշորեն և առանց ճարտարապետական կառուցվածքը վնասելու կատարել վերականգնում, որից հետո միայն կմեկնարկեն զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները»,-հավելեց նա: 
09:41 - 06 հուլիսի, 2020
Հայաստանը մասնակցել է Արևելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության առցանց գագաթնաժողովին

Հայաստանը մասնակցել է Արևելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության առցանց գագաթնաժողովին

Հայաստանը մասնակցել է հուլիսի 2-3-ին կայացած Եվրոպական միության Արևելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության առցանց գագաթնաժողովին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Միջոցառումը, որին մասնակցում էին 400-500 երիտասարդ առաջնորդներ և ակտիվիստներ Եվրոպական աշխարհամասի տարբեր անկյուններից և հատկապես Արևելյան գործընկերության երկրներից, այդ թվում և Հայաստանից, նպատակ ունի քննարկել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև երիտասարդության քաղաքականության ոլորտում գործընկերության ընթացքը, խթանել երիտասարդների և քաղաքականություն մշակողների միջև երկխոսությանը և նպաստել փորձի փոխանակմանն ու հետագա համագործակցության կայացմանը: Այս քննարկման առանցքային թեմաներն էին՝ «Երիտասարդների ներգրավվածությունը ԱլԳ-ում. ներկայի ուսումնասիրումը և ապագայի կողմնորոշումը», «Երիտասարդական քաղաքականության երկխոսության ապագան Արևելյան գործընկերությունում» և «Խթանելով երիտասարդության զբաղվածությունը և ձեռներեցությունը»: Քննարկմանը մասնակցել և ելույթով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՄ Հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության (DG NEAR) արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման տնօրեն Լոուրենս Մերիդիթը, ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերի հանձնակատար Օլիվեր Վարհելյին, ԵՄ արևելյան հարևանության հարցերով գլխավոր փոխտնօրեն Կատարինա Մատերնովան, Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի տնօրենը և այլք, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդության քաղաքականության ոլորտը համակարգող նախարարությունների ներկայացուցիչներ (նախարարի տեղակալներ): Արթուր Մարտիրոսյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին միջոցառման կազմակերպման համար: Իր ելույթում նա խոսել է ՀՀ-ում երիտասարդների զբաղվածության խնդիրների մասին՝ ներկայացնելով պետության կողմից ներկայում արդեն իսկ իրականացվող, ինչպես նաև պլանավորման մեջ գտնվող միջոցառումներն ու ծրագրերը՝ ուղղված ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնագիտական կրթության խթանմանը, կրթություն–աշխատաշուկա կապի ամրապնդմանը, մասնագիտական կողմնորոշմանը ավագ և միջին դպրոցում, ապագայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների ներդրմանը ՄԿՈՒ հաստատություններում, բուհերում և այլն: Նա մասնավորապես շեշտել է, որ նոր մոտեցում է ձեռնարկատիրական գործունեության մասին տեղեկատվության ներառումը ներկայում բարեփոխվող Հանրակրթության պետական չափորոշիչում: Իր խոսքում Նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը Հայաստանին կրթության և երիտասարդության ոլորտում անհրաժեշտ գործիքակազմով օժանդակության համար:
17:03 - 03 հուլիսի, 2020
Հայ եկեղեցու պատմություն առարկան չի լինի, ծրագիրը կլինի. փոխվելու է հանրակրթության առարկայացանկի ձեւավորման մոտեցումը
 |armtimes.com|

Հայ եկեղեցու պատմություն առարկան չի լինի, ծրագիրը կլինի. փոխվելու է հանրակրթության առարկայացանկի ձեւավորման մոտեցումը |armtimes.com|

armtimes.com: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) e-draft.am-ում քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական չափորոշիչների մասին նախագիծը: Հիմնային փոփոխություններ ենթադրող այս նախագիծը, որին նախկինում էլ անդրադարձել ենք, հարյուրավոր հարցեր է առաջ բերում, որոնց պատասխանները շարունակաբար կփորձենք ստանալ պատկան մարմիններից եւ ոլորտի մասնագետներից: ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մեր զրույցում մեկնաբանեց վերջին օրերի քննարկումները Հայ եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ: Այն դիտարկումներին, որ առարկան դուրս է բերվում հանրակրթական առարկայացանկից, մինչդեռ ԿԳՄՍՆ պաշտոնյաները, այդ թվում Արայիկ Հարությունյանը նախկինում նշել էին, որ նման խնդիր դրված չէ, Անդրեասյանն արձագանքեց. «Մենք ընդհանուր առմամբ առարկայացանկի ձեւավորման մոտեցումներն ենք փոխել: 5-րդ եւ 6-րդ դասարաններում ունենք որոշակի ինտեգրված առարկաներ, որոնց առարկայական ծրագրերն առաջիկայում կդրվեն քննարկման, եւ բոլորը հնարավարություն կունենան դրանց հետ ծանոթանալու: Հայ եկեղեցու պատմության ծրագիրը նախատեսված է ուսուցանել հասարակագիտական եւ հայագիտական առարկաների բնագավառների ինտեգրված առարկայի ձեւաչափով, իսկ ավելի բարձր դասարաններում՝ առանձնացված առարկաների ձեւով: Այսինքն 5-6-րդ դասարաններում խոսում ենք ինտեգրված առարկայի մասին, ավելի բարձր տարիքում՝ առանձին առարկաների: Ընդ որում, ամեն դասարանում իր տարիքային հոգեբանությամբ եւ ընդհանուր մանկավարժական մոտեցմամբ»: Ո՞ր առարկաների հետ է ինտեգրվելու Հայ եկեղեցու պատմության ծրագիրը, նյութի ո՞ր մասը կպահպանվի. «Ընդհանուր առմամբ նյութը, որ որպես գիտելիք եւ հմտություն ներառված է Հայ եկեղեցու պատմություն առարկայի շրջանակներում, հիմնականում՝ ճնշող մեծամասնությունը, պահպանված է, բայց թե կոնկրետ որ դասարանի որ առարկայի չափորոշչում կլինի, կներկայացվի առաջիկայում: Ծրագիրը որոշ տեղերում մենք փորձել ենք նույնիսկ ընդլայնել՝ կապելով ավելի լայն բովանդակության-մոտեցումների հետ: Այնպես որ, այստեղ խոսքը մեխանիկական փոխանցման մասին չէ, քանի որ առարկաների մոտեցումները սկզբունքորեն փոխվել են, որեւէ առարկա մեխանիկորեն չի գնում-միանում այլ առարկայի կամ առանձնանում»: Եթե կատարվող իրադարձությունները, կաթողիկոսների կյանքն ու կայացրած որոշումները կարելի է ներառել Հայոց պատմության դասընթացի շրջանակում, իսկ ազգ, հայրենիք, բարոյականություն, ազնվություն թեմաները, որ ներառված էին ՀԵՊ առարկայի շրջանակում, դիտարկել հասարակագիտության շրջանակում, ապա քրիստոնեական արժեհամակարգի ուսումնասիրությունը, Հին եւ Նոր կտակարանների պատումները, ո՞ր առարկայի շրջանակում պիտի դրվեն. «Այն, ինչ նշեցիք, արժեքային ուսուցմանն ու դաստիարակության բաղադրիչին են վերաբերում, դա չի կարող լինել որեւէ առանձին առարկայի շրջանակում, դա դաստիարակության անբաժանելի մասը պիտի լինի եւ պիտի արտացոլված լինի կրթության ամբողջ ընթացքում: Օրինակ, տարրական դպրոցում արժեքային ուսուցումն իրականացվում է նաեւ մայրենի լեզվի ուսուցման շրջանակում: Մեր ամբողջ հանրակրթությունը, եւ հանրակրթության պետական չափորոշչի նախագծով առաջարկվող արժեքային բաղադրիչը կարող է լինել միայն, երբ դա ընդհանուր մոտեցում լինի բոլոր առարկաների շրջանակում: Դաստիարակության եւ արժեքային բաղադրիչի խնդիրը պետք է լուծենք բոլոր առարկաների շրջանակում: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այդ գիտելիքին եւ այդ փաստական տեղեկատվությանը, ապա դա իհարկե, առարկայական ծրագրերի շրջանակում տեղ կգտնի»: Անդրեասյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, առարկայական չափորոշիչները հանրային քննարկման կդրվեն մոտ տասն օրից: «Առաջարկում եմ բովանդակային քննարկումներին մասնակցել հենց այդ պահից»,- կոչ արեց նա: Ի պատասխան այն հարցին, թե բուռն հանրային ընդվզման դեպքում նախատեսվո՞ւմ է վերանայել որդեգրված սկզբունքը եւ առարկան պահպանել՝ որպես, օրինակ, կրոնագիտություն կամ մշակույթի պատմություն, ինչպես արվում է բազմաթիվ երկրներում՝ Անդրեասյանը նշեց, որ դա առանձին կարող է լինել՝ որպես դպրոցի որոշում: «Կրթության այս փիլիսոփայությունը դպրոցներին ինքնավարություն, ուսուցիչներին՝ ճկունության հնարավորություն տալն է: Դա նշանակում է, որ մենք առանձնացրել ենք վերջնարդյունքները՝ թե երեխան ինչ արդյունքների պիտի հասնի այս կրթական ծրագրերի ավարտին, ինչ պիտի կարողանա, իմանա եւ անի: Բայց ինչպես դպրոցը դրան կհասնի, դա արդեն դպրոցի որոշելիքն է. դպրոցը կարող է ձեւավորել առանձին առարկա, որտեղ կներառի կրոնի պատմության, մշակույթի պատմության ինչ-որ դրվագներ: Նման առարկայական ծրագրեր մշակել եւ իրականացնել այսօր էլ կարող է յուրաքանչյուր դպրոց, սակայն այդ հնարավորությունը տրված է ավելի ընդլայնված՝ գործիքային չափորոշչի տարբերակով, քանի որ մենք նախատեսում ենք ֆինանսավորել առավելագույն ժամաքանակով բոլոր պետական դպրոցներին: Դա նշանակում է, որ դպրոցը, որպես մանկավարժների համախումբ, որպես միջավայր, ուր որոշում են, թե ինչպես աշխատել երեխայի հետ, պետք է կարողանա որոշել, թե որն է առարկաների այն հավելյալ ցանկը, որ ուզում է ավելացնել եւ ուսուցանել: Հետեւաբար դա չի ենթադրում, որ մենք պիտի փոխենք այս պահի նախագիծը: Մենք արդեն իսկ այդ հնարավորությունը տվել ենք դպրոցին, եւ քանի որ ծնողն էլ ունի դպրոցի ընտրության իրավունք, կկարողանա ընտրել՝ իր երեխան ինչ ձեւաչափով է ուզում, որ սովորի այս կամ այն դպրոցում, եւ կարծում եմ, որ այս իրավիճակը պետք է բավարարի բոլորին: Քանի որ մեր հասարակության ներսում միշտ տարբեր են կարծիքները, հիմա մենք ստեղծում ենք հնարավորությունը, որ դպրոցները կարողանան այլընտրանքային մոտեցումներ ձեւավորել մանկավարժության մեջ: Դպրոցը կարող է ուսուցանել Արվեստ ինտեգրված առարկա կամ առանձին Երաժշտություն եւ առանձին Նկարչություն առարկաներ: Այսինքն՝ դպրոցներին տրվում է ստեղծագործական մոտեցման հնարավորություն, եւ կարծում եմ, որ սա ամենաճիշտ ճանապարհն է դպրոցը զարգացնելու»:Ավելին՝ Armtimes.com-ում։
19:13 - 02 հուլիսի, 2020
Այսօր անցկացվեց օտար լեզվի քննությունը․ ոչ մի դիմորդ ետ չի վերադարձել՝ ջերմություն ունենալու պատճառով |armtimes.com|

Այսօր անցկացվեց օտար լեզվի քննությունը․ ոչ մի դիմորդ ետ չի վերադարձել՝ ջերմություն ունենալու պատճառով |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում այսօր անցկացվել է միասնական առաջին քննությանը, այն օտար լեզուներից էր՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ իտալերեն։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը  տեղեկացրեց, որ չնայած համավարակով պայմանավորված մեծ լարվածությանը՝ ամեն ինչ նորմալ հունով է ընթացել։ Բոլորին նախապես ստուգել են, ոչ մի դիմորդ ետ չի վերադարձել՝ ջերմություն ունենալու պատճառով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ քննակենտրոն մուտք գործելիս դիմորդները ջերմաչափվելու են, հնարավոր է մինչեւ 2-3 անգամ, որպեսզի ջերմության առկայության դեպքում համոզվեն՝ դա վիրուսի՞, թե արեւի տակ կանգնելու հետեւանք է։ Եթե արդյունքում միեւնույն է այն բարձր լիներ, տվյալ անձն այս տարի չէր մասնակցելու քննությանը։ Գրիգորյանը հավելեց՝ բոլոր դիմորդներն իրենց դիմակներով եկել են, այն հանել եւ տեղում նորն են ստացել, տարածքն էլ ախտահանվել է։ Ընթացքում մի քանի ծնող ցանկապատից ներս է մտել եւ էկրանից հետեւել ընթացքին։ Օտար լեզուներից այս քննության ընթացքում որեւէ կենտրոնից ահազանգ չի եղել թեստում վրիպակներ լինելու հետ կապված, ինչը, մամուլի քարտուղարի պնդմամբ, ամեն տարի լինում էր։ Քննության ընթացքում, ըստ նրա, թեստի հեղինակը մասնագետների հետ նստած սպասում է զանգերի, որպեսզի վրիպակներ լինելու դեպքում՝ իրենց հետ կապվեն, սակայն ահազանգ չի եղել թեստերի ոչ մի տարբերակի վերաբերյալ: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
16:05 - 02 հուլիսի, 2020
Կարեն Դեմիրճյանի արձանի եւ պատվանդանի պատրաստման եւ տեղադրման համար 60 միլիոն դրամ կհատկացվի |armtimes.com|

Կարեն Դեմիրճյանի արձանի եւ պատվանդանի պատրաստման եւ տեղադրման համար 60 միլիոն դրամ կհատկացվի |armtimes.com|

armtimes.com: Կարեն Դեմիրճյանի արձանի եւ պատվանդանի պատրաստման եւ տեղադրման համար 60 միլիոն դրամ կհատկացվի։ Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստում։  Կառավարությունը հավանություն տվեց՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առաջարկությանը, որով բյուջեում վերաբաշխում կկատարվի եւ ավելի քան 1.9 միլիարդ դրամ կհատկացվի կապիտալ տարբեր ծախսերի: Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան՝ նշելով. «Սույն նախագծով առաջարկվում է, որ շինարարական աշխատանքներ կիրականացվեն 7 քոլեջում, 10 ավագ դպրոցների արդիականացմանը գումարներ կհատկացվեն, տանիքի կամ սանհանգույցի, ինժեներական կոմունիկացիաների, շինարարական էլեմենտների նորոգման աշխատանքների համար: 4 ավագ դպրոցի մասնակի եւ ընթացիկ նորոգում տեղի կունենա: 30 հիմնական եւ միջնակարգ դպրոցի շենքային պայմանների բարելավման աշխատանքներ տեղի կունենան, այդ թվում՝ թեքահարթակների կառուցում, սանհանգույցների հարմարեցում, աջակցման սենյակների կառուցում, մեկ դպրոցի վերակառուցում, մասնագիտական մեկ դպրոցի վերակառուցում, մեկ թանգարանում կիրականացվեն աշխատանքներ, մասնավորապես՝ «Պատմության թանգարան» ՊՈԱԿ-ում կիրականացվեն ջեռուցման, օդափոխման եւ հովացման համակարգի տեղադրման աշխատանքներ»։ Բացի այդ ննախարարը նշեց, որ կվերանորոգվի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կաթսայատունը, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում շինարարական տարբեր աշխատանքներ կիրականացվեն: Նախագծման 5 աշխատանքներ կիրականացվեն, որոնք մշակույթի ոլորտին են վերաբերում: «Կարեն Դեմիրճյանի արձանի եւ պատվանդանի պատրաստումը եւ տեղադրումն իրականացնելու համար 60 միլիոն դրամ կհատկացվի Երեւանի քաղաքապետարանին ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը»,- ասաց Հարությունյանը:
14:19 - 02 հուլիսի, 2020
Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները․ օտար լեզվի քննությանը մասնակցելու է 2102 դիմորդ |armenpress.am|

Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները․ օտար լեզվի քննությանը մասնակցելու է 2102 դիմորդ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հուլիսի 2-ին մեկնարկել է օտար լեզու առարկայի միասնական քննությունը․ հանձնվելու են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն։ Այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։ «Երևանում ու մարզերում հուլիսի 2-ին գործելու է 24 քննական կենտրոն, որից 8-ը մայրաքաղաքում: Քննություն հանձնողների նախնական թվերն են՝ ռուսերեն՝ 171, անգլերեն՝ 1812, գերմաներեն՝ 57, ֆրանսերեն՝ 54, իսպաներեն՝ 5, իտալերեն՝ 3: Պարսկերեն հանձնող չկա»,- նշեց Գրիգորյանը: Միասնական քննություններին մասնակցելու համար Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի համար հայտագրվել է 1749 դիմորդ, իսկ Հայոց պատմությունից՝ 1598, Աշխարհագրությունից՝ 286, Կենսաբանությունից, 1112, Մաթեմատիկայից՝ 5412, Քիմիայից՝ 349 և Ֆիզիկայից՝ 197։   Ընդհանուր առմամբ Հայաստանի ողջ տարածքում քննությունների համար հայտագրվել է 12 805 հոգի։ «Այս թվերը նախնական են, քանի որ գուցե այդ օրը մի քանի հոգի ընդհանրապես չներկայանան քննական կենտրոններ, մի քանիսը ջերմություն ունենան և նրանց չթույլատրեն մասնակցել քննությանը»,- շեշտեց ԳԹԿ մամուլի խոսնակը։
09:35 - 02 հուլիսի, 2020
Բուհերի ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին, կգործի 47 քննական կենտրոն |aysor.am|

Բուհերի ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին, կգործի 47 քննական կենտրոն |aysor.am|

aysor.am: Հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին ՀՀ-ում տեղի կունենան բուհերի ընդունելության քննությունները, պարետատան նիստից հետո ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նկատեց, որ գործելու է 47 քննական կետրոն, որոնցից 17-ը՝ Երևանում։ Նախարարն ընդգծեց, որ ամենահագեցած օրը լինելու է հուլիսի 6-ը, քանի որ ամենաշատ դիմորդները քննություն են հանձնելու այդ օրը։ Միևնույն ժամանակ նախարարը կոչ արեց զերծ մնալ քննական կենտրոններում կուտակումներից։ «Ուզում եմ կոչ անել հնարավորինս զերծ մնալ քննական կենտորնների մոտ ավանդական հավաքներից։ Վստահ եմ, որ ձեր երեխաները կարող են ինքնուրույն հասնել քննական կենտրոններ։ Եթե դա հնարավոր չէ, ապա պետք է մեկ հոգի նրանց ուղեկցի և քննական կենտրոն ուղեկցելուց հետո լքի տարածքը», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ քննական կենտրոններում ապահովված են անվտանգության բոլոր կանոնները։
18:44 - 01 հուլիսի, 2020
Հաստատվել է հեռավար կրթության կարգը

Հաստատվել է հեռավար կրթության կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը։ Հեռավար կրթությունն իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով: Հեռավար կրթություն կարող են կազմակերպել հանրակրթական հիմնական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ունեցող ուսումնական հաստատությունները, ինչպես նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն ՊՈԱԿ-ում գործող հեռավար ուսուցման կենտրոնը` ՀՈՒԿ-ը: Հեռավար կրթության մասնակիցներն են սովորողները, ուսուցիչները, մանկավարժական աշխատողները, ծնողները կամ սովորողի օրինական ներկայացուցիչը, դպրոցում համապատասխան առարկայական ուսուցչի բացակայության դեպքում՝ ՀՈՒԿ-ի՝ առարկայական մասնագետները: Հեռավար կրթական ծրագրերի բովանդակությունը չի կարող տարբերվել տվյալ առարկայի ծրագրով և չափորոշչով սահմանվածից։ Հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել հետևյալ դեպքերում. Եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ՝ մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը: Եթե հայտարարվել է արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակ (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն): Դիվանագիտական աշխատանքի անցած ծնողների (օրինական ներկայացուցիչների) կամ օտարերկրյա պետություններում ծնողների հետ ժամանակավոր գտնվող երեխաների համար՝ եթե կրթության իրավունքը չի իրացվել տվյալ երկրում: Այն երեխաների համար, որոնք ունեն առկա ուսուցումն անհնարին դարձնող երկարատև բուժման կարիք: Այն երեխաների համար, որոնք առարկայական կամ սպորտային միջազգային օլիմպիադաների կամ մրցաշարերի մասնակիցներ են և հաճախ են բացակայում երկրից: Այն անձանց համար, ովքեր պետք է մասնակցեն էքստեռն կարգով ավարտական քննություններին՝ հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու նպատակով: Սփյուռքում բնակվող, ինչպես նաև Հայաստան վերադառնալ ցանկացող ընտանիքների երեխաների համար, ովքեր լրացուցիչ կրթության միջոցով մտադիր են յուրացնել հիմնական ծրագրեր՝ ՀՀ-ում հանրակրթության մեջ ընդգրկվելու համար: Վարձատրություն Ամբողջ ուսումնական տարվա համար հեռավար կրթություն կազմակերպող ուսուցիչները վարձատրվում են ուսուցչի մեկ դրույքի չափով, իսկ մնացած դեպքերում՝ ժամավճարով՝ բացառությամբ արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակներում կազմակերպվող դասերից։ Կազմակերպման կարգը Հեռավար ուսուցումը կազմակերպվում է ըստ դասարանների` հանրակրթական ծրագրերին համապատասխան, այն ուսումնական հաստատությունում, որտեղ հաշվառված է սովորողը։ Եթե տվյալ ուսումնական հաստատությունում բացակայում են հեռավար կրթության կազմակերպման տեխնիկական հնարավորությունները կամ դպրոցը չունի տվյալ առարկան դասավանդող ուսուցիչ, ապա հեռավար կրթություն կազմակերպվում է մեկ այլ ուսումնական հաստատության ուսուցչի կողմից՝ ՀՈՒԿ-ի աջակցությամբ մեկ այլ հաստատության ուսուցչի կողմից։ սա լավ ձևակերպման կարիք ունի Հեռավար կրթությունը կազմակերպվում է ուսումնական պլանին և առարկայական ծրագրերին համապատասխան, որոնց պահանջները կատարած սովորողները գնահատվում են` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: Հեռավար կրթության ուսուցման գործընթացը կազմակերպվում է ուսումնական հաստատության տնօրենի հաստատած ժամանակացույցին համապատասխան, իսկ ուսումնական գործընթացի կազմակերպման պատասխանատուն տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալն է: Յուրաքանչյուր աշակերտի համար կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսումնական հաստատությունը կամ ՀՈՒԿ-ը բացում է անհատական էջ` համապատասխան ծածկագրով: Հեռավար կրթության միջոցով ուսուցումը համարվում է իրականացված, եթե ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակների 70%-ը աշակերտների ոչ պակաս քան 90%-ը յուրացնում են ՏՀՏ միջոցով: Հեռավար կրթության գործընթացից դուրս մնացած աշակերտների համար դասերի յուրացումը կատարվում է անհատական պարապմունքների միջոցով՝ ուսումնական հաստատության կամ ՀՈՒԿ-ի սահմանած եղանակով: Հեռավար կրթության ընթացքում սովորողների ընդունելությունը, ինչպես նաև փոխադրումը, տեղափոխումը, ազատումը ուսումնական հաստատությունն իրականացնում է առկա ուսուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Հեռավար ուսուցման ուսումնամեթոդական նյութերը տեղադրվում են հեռավար ուսուցման համալիր էջում` heravar.armedu.am, որն հասանելի է բոլոր ուսումնական հաստատությունների համար: Ուսումնական հաստատությունը սեփական նախաձեռնությամբ կարող է մշակել նոր ուսումնամեթոդական նյութեր՝ առարկայի ծրագրին, ուսումնական պլանին և պետական չափորոշչին համապատասխան:
12:31 - 01 հուլիսի, 2020
ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում ԵՄ աջակցությունն ու գործընկերությունը շարունակական են

ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում ԵՄ աջակցությունն ու գործընկերությունը շարունակական են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հագեցած օրակարգում ընդգրկվել է հարցերի լայն շրջանակ. անդրադարձ է կատարվել կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ և գործընկերությամբ իրականացվող ընթացիկ բոլոր ծրագրերին: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ինչպես հանրակրթության և ՄԿՈւ ոլորտներում իրականացվող համապարփակ բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության, այնպես էլ Եվրամիության այն օժանդակության համար, որը տրամադրվել է կորոնավիրուսի պատճառով ստեղծված արտակարգ դրության պայմաններում: Նախարարը կարևորել է այս օրերին կրթության ոլորտում նոր հնարավորությունների զարգացումը՝ պայմանավորված հեռավար կրթության ենթակառուցվածքների ձևավորմամբ: Ա. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ քննարկվում են բոլոր հնարավոր սցենարները ուսումնական գործընթացը սեպտեմբերին վերսկսելու նպատակով: Դեսպան Վիկտորինը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ասել է, որ տպավորված է հատկապես գիտության բնագավառում հայ մասնագետների արձանագրած հաջողություններով: Նրա խոսքով՝ ֆինանսական աջակցությունից բացի, Եվրամիությունը պատրաստակամ է տրամադրել նաև փորձագիտական օժանդակություն ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացում: Նախարար Ա. Հարությունյանը դեսպանին նաև իրազեկել է, որ արդեն լայն շրջանառության է դրվել Հանրակրթության պետական չափորոշիչը, որի փորձնական կիրառումը նախատեսված է 2021 թվականին: Ինչ վերաբերում է կրթության և երիտասարդության ռազմավարություններին, ապա ծավալուն այս փաստաթղթերը դեռևս մշակման փուլում են և հանրային քննարկման կդրվեն ավելի ուշ: Նա հատկապես կարևորել է ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում կրթության, մշակույթի, երիտասարդների փոխանակման ծրագրերի տեղեկատվական կենտրոնների գործունեությունը Հայաստանում՝ էական համարելով դրանց՝ Հայաստանում տեղակայված լինելու հանգամանքը: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել «Ստեղծարար արդյունաբերություն» ծրագրի իրագործումը, որը միտված է մարզերում մշակույթի ոլորտի զարգացման կայուն հիմքերի ձևավորմանը, ինչպես նաև 2021 թ.-ին մեկնարկելիք «Հորիզոն Եվրոպա»-ի շրջանակում հայ-եվրոպական գիտահետազոտական համագործակցությունը:
11:31 - 30 հունիսի, 2020
Վրաստանում գտնվող դիմորդները հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը և հուլիսի 2-8-ը մասնակցել 2020-21 ուս. տարվա բուհական ընդունելության միասնական քննություններին

Վրաստանում գտնվող դիմորդները հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը և հուլիսի 2-8-ը մասնակցել 2020-21 ուս. տարվա բուհական ընդունելության միասնական քննություններին

Վրաստանի համատասխան գերատեսչությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ Վրաստանում գտնվող և ընդունելության համար ՀՀ ԲՈՒՀ-եր դիմած դիմորդները ս.թ. հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը և հուլիսի 2-ից 8-ը մասնակցել 2020-2021 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին (վրացական անձնագրի առկայությունը պարտադիր է): Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Վրաստանից Հայաստան և նաև հակառակ ուղղությամբ կարելի է մուտք գործել միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով՝ ժամը 10։00-18:00 ընկած ժամանակահատվածում։ Համաձայն ՀՀ Պարետի թույլտվության՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո դիմորդների նկատմամբ չի կիրառվի 14-օրյա ինքնամեկուսացման պայմանը։ Միաժամանակ հայտնում ենք, որ Վրաստան վերադառնալիս դիմորդները կտարվեն կարանտինային գոտի՝ համաձայն Վրաստանում գործող կանոնների: Խնդրում ենք շտապ ներկայացնել տեղեկություն Վրաստանի և Հայաստանի սահմանը հատելու, ինչպես նաև Վրաստան վերադառնալու ժամկետների մասին. - Վրաց-հայկական սահմանի հատում՝ օր, ամիս, - Հայ-վրացական սահմանի հատում՝ օր, ամիս Տեղեկությունն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլ.փոստին կամ հայտնել +37410 57 63 96 հեռախոսահամարով: Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար խնդրում ենք կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակից Գայանե Գևորգյանի (բջջ. +37494 120 120) կամ Թերեզա Հալաջյանի (բջջ. +37443 517 518) հետ: Միաժամանակ հայտնում ենք, որ դիմորդներն արդեն ցուցակագրվել են և սահմանը կկարողնան հատել միայն նրանք»։
09:26 - 30 հունիսի, 2020
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը նոր անհարմարություն է ծնողների համար․ Աննա Հովհաննիսյան

Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը նոր անհարմարություն է ծնողների համար․ Աննա Հովհաննիսյան

2020  թվականի մայիսի 6-ին ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացրեց, թե ինչպես պետք է ընթանա առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը։ Ըստ նախարարության տարածած հայտարարության՝ այս տարի ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Բոլորի համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու նպատակով յուրաքանչյուր ծնող՝ աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար։ Դպրոց հաճախելու համար առաջին դասարանցիների առցանց գրանցումը պետք է տեղի ունենար երեք փուլով․ 1-ին փուլ Մայիսի 8-ին, առավոտյան ժամը 9:00-ից սկսած՝ ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեին համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք, որտեղ պետք է մուտքագրվեր ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: 2-րդ փուլ Հունիսի 1-ից, ժամը 9։00-ից սկսած՝ hayt.emis.am կայքում պետք է մեկնարկեր բուն հայտագրման գործընթացը։ Այս տարի սահմանվել էր առաջնահերթություն․ հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում պետք է հերթագրվեին հետևյալ հայտատուները՝ 1. 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,2. 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր: 3-րդ փուլ Հունիսի 11-ից, ժամը 9։00-ից սկսած` գրանցվել կկարողանային  նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին: Հիշեցնենք, որ 2019 թվականին առաջին դասարանցիների առցանց գրանցման պիլոտային նախագիծը գործել էր միայն Երևան քաղաքի դպրոցների համար, այս տարի, սակայն, համավարակի պատճառով ստեղծված իրավիճակի պայմաններում այն գործում էր ՀՀ բոլոր պետական հանրակրթական դպրոցների համար։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես առցանց գրանցման մեթոդը ուղեկցվել է խնդիրներով և անհարմարություններ պատճառել ծնողներին։  Infocom.am-ը զրուցեց Երևանի բնակիչ Աննա Հովհաննիսյանի հետ, որը նույնպես բախվել է առցանց գրանցման խնդիրներին։ - Տիկին Հովհաննիսյան, խնդրում եմ մանրամասն ներկայացնել, թե ինչ խնդիրներ են առաջացել օնլայն գրանցման համակարգի հետ։ - Այս տարի աղջիկս պետք է ընդունվեր առաջին դասարան։ Մենք ապրում ենք հենց Տպագրիչներ փողոցի վրա, 71 դպրոցին շատ մոտ։ Հունիսի 1-ից մինչև 10-ը  ընդունելությունը բաց է եղել այն մարդկանց համար, որոնք արդեն այնտեղ սովորող երեխա ունեն կամ այնտեղ են աշխատում։ Ամսի 11-ի առավոտյան՝ ժամը 9-ին, ընդունելություն պետք է լիներ մնացածների համար։ Կա մի կայք, որտեղ պետք է գրանցվես, ապա ստուգես քո երեխայի տվյալները կա՞ն, թե՞ ոչ, հետո մտնես իրենց կայք։ Հունիսի 11-ին, ժամը 9։00-ին ես մտել եմ, որպեսզի գրանցվեմ, բայց այդ դպրոցում արդեն տեղեր չեն եղել։ Այսինքն՝ երեք րոպեում բոլոր տեղերը լրացել էին։ Ինչպես հասկացա՝ չի հաշվարկվում, թե այդ տարածքում քանի երեկա կա, առաջնահերթություն չի տրվել այդ տարածքի երեխաներին։ Ամեն մարդ կարող է այդ դպրոց գալ, չնայած դա պետական դպրոց է, օրինակ, մարդ կարող է ապրել Ավանում, բայց իր երեխան ընդունվի  այստեղ։ Ես, ապրելով այս տարածքում, ամեն տարի 250․000 դրամ գույքահարկ եմ վճարում, որով ֆինանսավորվում են նաև այդ տարածքի դպրոցները և այլն։ Չունեն ոչ մի հաշվարկ, թե այդ տարածքում քանի երեխա պետք է գնա առաջին դասարան, ու տեղերը սահմանեն այդ  հաշվարկի հիման վրա։ Գումարած դրան՝ ոչ ոք չի հարցնում քո բնակության հասցեն, չի հարցնում, թե որտեղ է գրանցված երեխան։ Այս խնդրին բախվել է նաև հարևանուհիս, և ստացվում է այնպես, որ մենք չկարողացանք մեր երեխաներին գրանցել այդ դպրոցում։ Դրա հետևանքով ես պետք է առավոտյան երեխային մեքենայով տանեմ այլ դպրոց, բայց ես չունեմ դրա հնարավորությունը։ Երեխան պետք է կարողանա ոտքով գնալ դպրոց, դա ամբողջ աշխարհում ընդունված բան է։ Մարդիկ հատուկ այլ վարչական շրջաններ են տեղափոխվում, որպեսզի իրենց երեխան գնա այդ վարչական շրջանի դպրոցը, իսկ մենք զրկված ենք այդ հնարավորությունից։ Հիմա չգիտեմ, թե իրենց համակարգն ինչպես է աշխատում, որ երեք րոպեում բոլոր տեղերը զբաղված են լինում․ 3 րոպեում ո՞նց կարող են բոլոր տեղերը լրանալ։ - Քանի՞ տեղ է եղել այդ դպրոցում առաջին դասարանցիների համար, և արդյոք այդ տեղերը իսկապե՞ս երեք րոպեում են լրացվել, թե՞ հնարավոր է՝ համակարգի խնդիր է եղել։ - Առաջին դասարանների համար բացվել է 3 դասարան, մոտ 90 աշակերտի տեղ է եղել։ Ինչքան հասկացա՝ մինչև հունիսի 11-ը մոտ 40 տեղ հատկացվել է ուսուցիչների երեխաներին, և այն երեխաներին, որոնք այդ դպրոցում արդեն ունեն սովորղ քույր կամ եղբայր։ Մնացած տեղերը զբաղեցվել են երեք րոպեում։ - Օրերս էլ նախարարն անդրադարձավ այս հարցին, քանի որ երկու տարի է՝ առաջին դասարանցիների ընդունելությունը իրականացվում է առցանց եղանակով։ Ձեր կարծիքով համակարգային խնդիր կա՞, թե՞ ոչ։ - Համակարգային խնդիր միանշանակ կա։ Անցած տարի այս նույն խնդիրը բարձրացավ, ու ինձ թվում էր, որ մինչև այս տարի լուծում կգտնեն։ Իրենք կարող են անձնագրային վարչութունից և այլ պաշտոնական աղբյուրներից իմանալ բոլոր տվյալները, դրանք իրենց հասանելի են։ Պետք է նախ հաշվառվի, թե քանի երեխա կա այդ տարածքում։ Այսինքն՝ տեղեր հատկացնելուց առաջ մոտավորապես պետք է հասկանան, թե քանի առաջին դասարանցի կա այդ տաածքում։ Ես հասկանում եմ, որ ոչ բոլորը կգնան այդ դպրոց, բայց գոնե մոտավոր հաշվարկ պետք է արվի։ Այս տարածքում այս դպրոցը միակ տարրական դասարաններ ունեցող դպրոցն է։ Պետք է, այսպես ասած, շառավիղ վերցվի, որ այս շառավիղը պատկանում է այս դպրոցին, բնակության վայրը պետք է առաջնահերություն լինի։ Բացի ֆինանսական և մյուս հարցերից՝ քաղաքը գերծանրաբեռնվածությունից թեթևացնելու համար են արվում նման բաները․ օրինակ, ես չեմ ուզում, որ իմ երեխան առավոտյան ընկնի այդ խցանումների մեջ։ Բացի այս ամենը՝ կա նաև երեխայի հաղորդակցման խնդիրը, երբ երեխան իր բակի ընկերների հետ գնում է նույն դպրոց, իրենց հաղորդակցությունն իրար հետ ավելի լավ է ստացվում։ Այնքան շատ հարցերի շուրջ կարելի է մտածել, բայց ես հասկանում եմ, որ մակերեսային լուծումներ են տվել։ Արայիկ Հարությունյանի անձնական, ռոբինհուդյան քայլերն են, որ արտոնյալ դպրոցներ չլինեն։ Բայց դա ի՞նչ է նշանակում, որ ես իրավունք չունե՞մ որոշել, թե իմ երեխան որ դպրոցում սովորի։ Ամեն դեպքում իրենց համակարգը չի աշխատում, և մարդկանց անհնարմարություն պատճառող գործընթաց է։ Նաև ընտանիքների համար ստեղծում է ավելորդ ֆինանսական ծանրաբեռնվածություն։ - Խնդրի լուծման համար ի՞նչ տարբերակներ եք տեսնում, և արդյոք դիմե՞լ եք համապատասխան մարմիններին։ - Մենք նույն օրը գնացինք նախարարություն, մեզ ասացին, որ պարոն նախարարը չի հանդիպում մարդկանց հետ, քանի որ, երևի, ինքը շատ կարևոր է, մենք՝ այդքան էլ չէ։ Մեզ առաջարկեցին դիմում գրել, գրեցինք, բայց էնտեղ դիմումը անգամ չգրանցեցին, դիմումն ուղղակի գցեցինք մի արկղի մեջ։ Դա եղել է հունիսի 11-ին, ավելի քան երկու շաբաթ է անցել, բայց ոչ մի պատասխան չենք ստացել։ Իմ երեխան հիմա փաստացի ոչ մի տեղ չի գրանցվել, և սպասում եմ նախարարության շարժին, որ հասկանամ հետագա գործողություններս։ Այդ օրը միակ դպրոցը, որտեղ ընդունվելու տեղ կար, Շահումյանի դպրոցն է։ Ինչպես ես հասկացա՝ շատ վատ դպրոց է, և ստացվում է այնպես, որ ինձ անուղղակիորեն ստիպում են, որ ես իմ երեխային տանեմ այդ դպրոց։ Ո՞ր նորմալ ծնողը իր երեխային կտանի վատ դպրոց։ Եթե ուզում եք այդպես լինի, առաջին հերթին բոլոր դպրոցները կարգի բերեք, հասցրեք նույն մակարդակի, հետո նոր ինձ պարտադրեք, որ ես երեխայիս տանեմ այն դպրոցը, որը կա։ Մենք նույն օրը խոսել ենք նաև այդ դպրոցի տնօրենի հետ, նա նշեց, որ իրենցից ոչինչ կախված չէ։ Նախարարությունից էլ մարդիկ են եղել այդտեղ և տեսել են, որ երեք րոպեում բոլոր տեղերը զբաղեցվել են։ Իրենք ինչ եկել են, կրթական համակարգում ոչինչ չի փոխվել, փոխարենը այդ խնդիրները լուծեն, նման բյուրոկրատական քաշքշուկների մեջ են գցում մարդկանց։  Infocom.am-ը կապ հաստատեց նաև ԿԳՄՍ-ն լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, որտեղից տեղեկացրին, որ առանձնահատուկ բողոքներ չեն եղել, հիմնական խնդիրը հենց այն է եղել, որ ծնողները չեն հասցրել սահմանված ժամկետներում գրանցել երեխաներին։ Նախարարության տվյալներով՝ եղել են անգամ դեպքեր, երբ ընդամնեը 30 վայրկյան անց դպրոցի տեղերը ամբողջությամբ լրացվել են, դրանք համակարգային խնդիրներ չեն, ուղղակի որոշ ծնողներ տվյալները լրացրել են ավելի վաղ և կարողացել են ավելի արագ գրանցվել։ Նշվում է, որ առցանց համակարգի գործարկման նպատակն է բոլորի համար ստեղծել հավասար հնարավորություններ, ապահովել թափանցիկություն, հարմարավետություն և բացառել արտոնյալ դպրոցներ ու ծնողներ ունենալու փաստը: 
22:10 - 29 հունիսի, 2020
ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը՝ ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելու վերաբերյալ

ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը՝ ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելու վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելու վերաբերյալ։ Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև։ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելը ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Անձնակազմի կառավարման վարչության աշխատակցի անփութության հետևանքն է:Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նախարարի հանձնարարականով վարվում է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: Ներողություն ենք խնդրում տեխնիկական այս վրիպակի պատճառով լրատվական դաշտում որոշ անձանց բարձրացրած աղմուկի և շահարկման, ինչպես նաև պատճառված անհանգստության համար»: Հիշեցնենք, այսօր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այն մասին, որ դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով, որպեսզի շահարկումներին վերջ տալու համար մասնակցի ռեկտորի համար հայտարարվելիք մրցույթին:
20:09 - 29 հունիսի, 2020