Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Աղոթում ենք խաղաղության հաստատման համար. Ջորջ Քլունին տեսաուղերձով սատարել է հայերին |armenpress.am|

Աղոթում ենք խաղաղության հաստատման համար. Ջորջ Քլունին տեսաուղերձով սատարել է հայերին |armenpress.am|

armenpress.am: Հոլիվուդյան աստղ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին տեսաուղերձով աջակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ աղոթում են խաղաղության հաստատման համար: Տեսանյութը զետեղված է «Ավրորա» մրցանակի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում: «Ողջույն: Ափսոս՝ չենք կարող միասին լինել այս երեկո: Անսովոր ժամանակներ են, հատկապես Հայաստանի ժողովրդի համար: Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ և շուտ խաղաղություն կհաստատվի: Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք»,- ասում է դերասանը: Անդրադառնալով «Ավրորա» մրցանակին՝ Քլունին շեշտում է, որ իր համար պատիվ էր հենց սկզբից լինել «Ավրորա» մրցանակի մի մասը՝ Էլի Վիզելի՝ երջանկահիշատակ Էլիի հետ: «Ամենից առաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել «Ավրորա» մրցանակին այն տքնաջան աշխատանքի համար, որ կատարվում է և այն գումարների համար, որոնք ուղղվում են ուշադրություն հրավիրելու և աջակցելու այս մրցանակի արժանացած դափնեկիրներին, մարդկանց, որոնց շնորհվել է այս մրցանակը: Նրանք մեզնից լավագույններն են, բացառիկ են, քանի որ իրենց կյանքն են վտանգում, որպեսզի աշխարհն ավելի լավը դարձնեն»,-  նշում է դերասանը: Այնուամենայնիվ, Ջորջ Քլունին հույս ունի, որ մոտ ապագայում չի լինի «Ավրորա» մրցանակի կարիքը: Դա է իր աղոթքը, իր հույսը: «Շնորհակալություն յուրաքանչյուրի ներգրավվածության համար: Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք մեկ վայրում: Ցտեսություն»,- եզրափակում է աշխարհահռչակ դերասանը:
16:51 - 20 հոկտեմբերի, 2020
Ամեն օր արթնանում եմ ու աղոթում, որպեսզի ռմբակոծություններն ավարտվեն․ Սերժ Թանկյանը ԼՂ հակամարտության մասին․ Forbes |factor.am|

Ամեն օր արթնանում եմ ու աղոթում, որպեսզի ռմբակոծություններն ավարտվեն․ Սերժ Թանկյանը ԼՂ հակամարտության մասին․ Forbes |factor.am|

factor.am: Երեք շաբաթ առաջ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքների համար պատերազմ սկսվեց հայ ու ադրբեջանցի զինվորների միջև։ Սա վերածվեց վերջին 26 տարիների ընթացքում տարածաշրջանում գրանցված ամենալայնածավալ բռնության։ Մարտերն արագ թեժացան, քանի որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը անօդաչու թռչող սարքերով սկսեց հարվածներ հասցնել, ինչին պատասխանեցին Լեռնային Ղարաբաղի բնակիչները, գրում է Forbes-ը։ Լրատվականը նշում է, որ նոր ձեռքբերված հրադադարը տևել է մի քանի րոպե, իսկ կողմերը մեղադրում են միմյանց հարյուրավոր կյանքեր խլած հակամարտությունը վերսկսելու մեջ։ Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանությունից մեկ դար անց Լեռնային Ղարաբաղի բնիկներն ու աշխարհասփյուռ հայկական սփյուռքն անհանգստացած ու վախեցած է։ Ամերիկահայ ռոք երաժիշտ,  System of a Down խմբի մենակատար, Գրեմմիի արժանացած Սերժ Թանկյանի համար այս պատերազմն առանձնակի մտահոգիչ է, գրում է Forbes-ը։ Ցեղասպանությունից մազապուրծ եղած Թանկյանի տատիկն ու պապիկը Լիբանանից Ամերիկա են տեղափոխվել , երբ նա փոքր երեխա է եղել։ «Ամեն օր արթնանում եմ ու աղոթում, որպեսզի ռմբակոծություններն ավարտվեն։ Ամեն օր»,- պատմում է 53-ամյա Թանկյանը։ Վերջին շաբաթների ընթացքում Թանկյանը բարձրացնում է հակամարտության հարցը `փորձելով իրազեկել և հումանիտար օգնություն հատկացնել, նույնիսկ այն դեպքում, երբ աշխարհը տարված է  COVID-19 համաճարակով, իսկ ԱՄՆ-ում նախապատրաստվում են նախագահական ընտրություններին: Խոսելով Forbes-ի հետ՝ Թանկյանը նշում է , որ մեկ  վշտանում է, մեկ իրեն հպարտ է զգում, մեկ է բարկանում է: «Մեզ համար սա կարծես գոյաբանական պայքար լինի: Ես խոսում էի գերմանական լրատվամիջոցների հետ և չասեցի, , բայց մտածում էի այն մասին, թե ի՞նչ կզգային իսրայելցիները, եթե Գերմանիան երբեք չճանաչեր Հոլոքոստը և հենց հիմա սկսեր ռմբակոծել Իսրայելը: Մենք մեզ հենց այդպես ենք զգում: Մեզ համար սա իսկապես վիրավորական է, քանի որ Էրդողանի իշխանությունը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրա փոխարեն Ադրբեջանի հետ միասին հարձակվում է մեզ վրա։ Այստեղ կա ազգային խտրականություն, կա ատելություն։  Լեռնային Ղարաբաղի մարդիկ, ովքեր իրենց անկախությունն են ստացել 1994 թվականին, խաղաղ ապրում են, կառուցում են եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ, զբաղվում են գործարարությամբ։ Մեր երեխաներին չենք սովորեցրել ատել ինչ-որ մեկին, չնայած մեր անցյալին։ Մենք նայում ենք դեպի ապագան։ Սա ամբողջ աշխարհի հայ համայնքի համար շատ ցավոտ է»,- ասել է Թանկյանը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
16:44 - 20 հոկտեմբերի, 2020
Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը. ակտիվիստները գոհ են ԵՄ դեսպանի հետ հանդիպումից
 |armenpress.am|

Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը. ակտիվիստները գոհ են ԵՄ դեսպանի հետ հանդիպումից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպած քաղաքացիների տպավորությամբ՝ Արցախի խնդրի վերաբերյալ ԵՄ դեսպանի դիրքորոշումը հայանպաստ է: Քաղաքացիներն այս մասին ասացին դեսպանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում: Անդրեա Վիկտորինի հետ հանդիպել էին ակտիվիստներ Արմինե Մելքոնյանը, Արսեն Վարդանյանն ու Անահիտ Բախշյանը: Դեսպանը, սակայն, չի թույլատրել, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ներկա լինեն հանդիպմանը: «Պատասխանները բավականին հստակ էին՝ չնայած որոշակի տարաձայնություններ եղան տերմինների, ոչ ճիշտ ձևակերպումների հետ կապված: Մենք խոսեցինք այն մասին, որ ԵՄ-ն, եվրոպական բոլոր կառույցները այսօր նույն լռության քաղաքականությունն են վարում, որը վարում էին 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ»,-ասաց Արմինե Մելքոնյանը: Քաղաքացիները դեսպանին ցույց են տվել նկարներ, թե ադրբեջանական կողմն ինչպես է վարվում հայ գերիների, զոհերի հետ: Դեսպանն ասել է, որ ծանոթ է ամեն ինչին մանրամասն, տեղեկացրել է նաև, որ այդ բոլորը ներկայացրել են Բրյուսել: Նա նաև հույս է հայտնել, որ կհնչի գնահատական: «Նա նշել իր համակրանքը հայերի նկատմամբ: Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը: Դեսպանի դիրքորոշումը չափից դուրս հայանպաստ էր: Սա տեսանելի էր»,-ասաց Մելքոնյանը: Դեսպանը նշել է նաև, որ մեծագույն ցավ է ապրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու, մշակութային արժեքների ավերման համար: Դեսպանը, սակայն, հիշեցրել է, որ ԵՄ-ի որոշումները միակողմանի չեն ընդունվում: Ավելի քան 20 երկրներն են վերջնական գնահատականը հնչեցնելու: Նա ասել է, որ իրենցից հիմա կախված է այս պահին Բրյուսել ներկայացնել տրամադրած փաստերը և հուսալ, որ ԵՄ երկրները կհնչեցնեն արդարացի գնահատական: Արսեն Վարդանյանն էլ նշեց, որ դեսպանի կարեկցանքը նկատելի էր, բայց այնուամենայնիվ, նա պնդել է ԵՄ-ի տեսակետը: «Շեշտվել է տարածքային ամբողջականության թեման: Բայց մենք ավելի քան կարևոր համարեցինք ազգերի ինքնորոշման հարցը՝ նշելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպես Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և այլ երկրներ, հռչակել են իրենց անկախությունը, այնպես էլ Արցախն է հռչակել իր անկախությունը, որը պետք է միջազգայնորեն ճանաչվի: Եվ հիմա դրա համար լավագույն ժամանակաշրջանն է: Տարածքային ամբողջականություն չի կարող դիտարկվել Խորհրդային միության փլուզված տարածքի վրա»,-ասաց նա: Ռազմական հանցագործությանը վերաբերվող բոլոր կադրերը, երևույթները և փաստերը Եվրոպայում ֆիքսվում են, միջազգային կառույցները, փաստահավաք խմբերը դրանք մշակում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային ռազմական դատարանում պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվություն կրեն: Քաղաքացիները խնդրել են զեկույցում նշել, որ Ադրբեջանն Արցախը համարում է միայն տարածք՝ առանց հայ բնակչության: Իսկ դա ցեղասպանության առաջին ցուցիչներից է: Նրանք նաև շեշտել են, որ Արցախի հարցը ունի միայն մեկ լուծում, և դա Արցախի ճանաչումն է:
14:30 - 20 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Դուբլինյան կոնվենցիայով արգելված կասետային ռումբեր կիրառելու համար |hetq.am|

Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Դուբլինյան կոնվենցիայով արգելված կասետային ռումբեր կիրառելու համար |hetq.am|

hetq.am: Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով էր հրավիրվել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հանցագործությունները թեմայով քննարկմանը: Արման Թաթոյանի խոսքով` սեպտեմբերի 27-ից սկսած թուրք-ադրբեջանական զինված հարձակումները Հայաստանի և Արցախի բնակչության և բնակավայրերի նկատմամբ թիրախավորված ձևով է իրականացվում` վնասներ հասցնելով հենց քաղաքացիական բնակչությանը: «Այս զինված հարձակումները Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի նկատկմամբ իրականացվում են արգելված կասետային զինատեսակներով. դրանով ոչ միայն մահ է պատճառվում, այլև կյանքը խեղող վնասվածքներ են հասցվում»,- ասաց Արման Թաթոյանը: Հայաստանի Օմբուդսմենը խոսեց պատերազմում կիրառվող վարձկան ահաբեկիչների առկայության մասին` նշելով, որ այն արդեն միջազգայնորեն հաստատված փաստ է: Վերջիններս պատերազմական հանցագործություններ են կատարում և իրենք իսկ իրենց տեսանյութերում ասում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները: «Ատելության խոսքն առաջին օրվանից ուղեկցում է այս պրոցեսը: Ակնհայտ է, որ Ադրբեջանում միշտ է եղել պետական բարձր մակարդակի հայատյացություն, այդ ատելությունը առավել կազմակերպված սոցիալական ցանցերում իրականացվում է` բռնության տեսանյութեր տարածելով»,- ասաց Թաթոյանը: Ըստ ՄԻՊ-ի` այս պատերազմում հակառակորդը նպատակ ունի Հայաստանի և Արցախի բնակչության էթնիկ զտման, դա է փաստում այն, որ սեպտեմբերի 27-ից սկսած թիրախային հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ: ՄԻՊ-ի աշխատակազմի փաստահավաք խմբի աշխատանքները Վարդենիսի հարակից համայնքներում սեպտեմբերի 30-ին Անօդաչու թռչող սարքերի պատճառով ընդհատվել են և շարունակվել հաջորդ օրը:  Ավելին կարդացեք Hetq.am-ում  
13:40 - 20 հոկտեմբերի, 2020
Չես կարող փոխարինել նավթը արյամբ, այդ դեպքում բարոյականությունը կմեռնի. Վարուժան Ոսկանյանը՝ DCnews-ին |armenpress.am|

Չես կարող փոխարինել նավթը արյամբ, այդ դեպքում բարոյականությունը կմեռնի. Վարուժան Ոսկանյանը՝ DCnews-ին |armenpress.am|

armenpress.am: Ռումինիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Վարուժան Ոսկանյանը,  DCnews լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ողջունել է  Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևը, որով դատապարտվել են վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից գործված ոճրագործություններն Արցախի։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի դեմ պետք է լինեն նաև տնտեսական պատժամիջոցներ և նկատել, որ դա մի փոքր դժվար է, քանի որ Ադրբեջանն առաջին անհրաժեշտության էներգամատակարար է։ «Այնուամենայնիվ, չես կարող փոխարինել նավթը արյամբ, քանի որ այդ դեպքում բարոյականությունը կմեռնի»,- շեշտել է Վարուժան Ոսկանյանը։ Հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը ստորև․ Հարց․ Պարոն Ոսկանյան, Դուք շատ լավ ծանոթ եք հայոց պատմությանն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Պատմեք, խնդրում եմ, այս հակամարտության պատմության և այն մասին, թե ինչու իրավիճակն այսչափ սրվեց։ Վերջին 30 տարվա ընթացքում մի քանի անգամ եղան կտրուկ սրացումներ, ինչպես այս տարվա ամռանը կամ՝ 2016 թվականին, բայց այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Վարուժան Ոսկանյան․ Լեռնային Ղարաբաղի շրջանը մշտապես պատմական Հայաստանի մաս է կազմել, իսկ երբ անկախ հայկական պետությունը դադարում էր գոյություն ունենալ, այս շրջանը, միևնույնն է, մնում էր հայկական մշակութային տարածքում։ Եվ սա ես չեմ ասում, այլ անտիկ պատմիչներ Պլինիոս Ավագը, Դիոն Կասսիոսը, Պլուտարքոսը, Ստրաբոնը և այլն։ Դարերի ընթացքում այս շրջանը պատկանել է տարբեր կայսրությունների, որոնք հասել են այնտեղ, բայց այն պատմությունը, որի մասին խոսում ենք, սկսվում է Օսմանյան կայսրության փլուզումից և բոլշևիկների ծավալապաշտական քաղաքականությունից։ 1918թ. ստեղծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը, որի կազմում էին Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, որի հիման վրա շատ կարճ ժամանակ անց ձևավորվեցին երեք հանրապետություններ։ 1920թ. բոլշևիկյան ծավալապաշտական նկրտումների հետևանքով այս հանրապետություններում հիմնվեցին խորհրդային կարգեր։ 1921թ. հուլիսի 4-ին տեղի ունեցավ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի նիստը, որի ընթացքում որոշվեց, ինչպես բնական էր, Լեռնային Ղարաբաղը թողնել Հայաստանի կազմում, սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, Ստալինի միջամտությամբ որոշումը փոխվեց, և Ղարաբաղը հայտնվեց Ադրբեջանի կազմում։ Ստալինի որոշման դրդապատճառն այն էր, որ նա ցանկանում էր Թուրքիայի հանդեպ բարեկամական քայլ կատարել՝ միամտորեն կարծելով, որ Թուրքիան կարող էր դառնալ սոցիալիստական երկիր։ 1923թ. հուլիսի 7-ին Ադրբեջանի կազմում ստեղծվեց ԼՂ ինքնավար մարզը, բայց պետք է ընդգծեմ, որ հայերը երբեք չհաշտվեցին այս շրջանը Ադրբեջանին հանձնելու որոշման հետ։ Իհարկե, չնայած սովետական իշխանության ընթացքում բոլոր տեսակի ներքին հակամարտությունները սառեցվեցին, այնուամենայնիվ, 1963 թվականին, երբ Կոմկուսի առաջին քարտուղարը Նիկիտա Խրուշչովն էր, այս շրջանի հազարավոր հայեր գրավոր դիմեցին իշխանություններին, որպեսզի այն Ադրբեջանի ԽՍՀ-ից անցնի Հայաստանի ԽՍՀ-ին։ ԽՍՀՄ-ի մասնատման և ժողովուրդների՝ ազատություն ձեռք բերելու խորապատկերում Ղարաբաղում սկսվեց մի իրական շարժում, որը պահանջում էր նախ Հայաստանի հետ միացում, իսկ հետո՝ անկախություն։ 1987-1988թթ. շուրջ 75000 մարդ խնդրագիր ստորագրեց, իսկ 1988թ. փետրվարի սկզբին, երբ Խորհրդային Միությունը դեռ գոյություն ուներ, Ղարաբաղի տեղական սովետական իշխանությունները քվեարկեցին Հայաստանի հետ միացման օգտին։ Այդ պահից սկսվեց հակամարտությունը։ Դժբախտաբար, այն ունեցավ արյունալի դրսևորում. տեղի ունեցան հայ անմեղ բնակչության զանգվածային ջարդեր ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում։ Հետագայում Լեռնային Ղարաբաղի շրջանն ինքնորոշվեց և հայտարարեց անկախության մասին, ստեղծեց դիմադրողական կառույցներ, որից հետո սկսվեց զինված հակամարտություն Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որը տևեց մինչև 1994թ.։ Ըստ տարբեր գնահատականների՝ երկու կողմերը միասին մոտ 30000 զոհ ունեցան։ Չեմ ուզում շատ խոսել հայ բնակչության ցուցաբերած հերոսական սխրանքների մասին, պարզապես պատկերացրեք, որ Ղարաբաղն այն ժամանակ ուներ մոտ 200 000 բնակչություն, իսկ Ադրբեջանը՝ 8 միլիոնից ավելի։ Եվս մեկ կարևոր փաստ ընդգծեմ. 1921 թվականին, երբ Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին, բնակչության մոտ 95%-ը հայեր էին։ Հետագա տասնամյակների ընթացքում փորձեր արվեցին փոխելու շրջանի ժողովրդագրական պատկերը, ինչպես տեղի ունեցավ այլ շրջաններում։ Ռումինիայում ևս նմանօրինակ մի իրավիճակ եղավ, երբ պատմական Մոլդովայի շրջանի հարավային հատվածը տրվեց Ուկրաինային։ Չնայած այդ ամենին՝ հայ բնակչությունը դիմացավ, և 1988 թվականին շրջանի 75%-ը դեռ հայեր էին։ Դժբախտաբար, այս անգամ հակամարտությունն ուղեկցվեց բնակչության զանգվածային տեղահանմամբ։ Հայաստանում ադրբեջանցիներն այնքան էլ շատ չէին, իսկ Ադրբեջանում ապրում էին հարյուր հազարավոր հայեր, որոնք ստիպված էին լքել իրենց տները։ Խոսքը մոտ 500,000 հայերի մասին է, որոնց մեծ մասը հաստատվեց Ղարաբաղում և Հայաստանում, մյուսներն էլ մեկնեցին այլ երկրներ։ Փաստացի, Ադրբեջանում այլևս հայ չմնաց։ 1994թ. մայիսին կնքվեց զինադադար։ Ադրբեջանը պարտվեց Լեռնային Ղարաբաղի հետ այդ պատերազմում, և պիտի ընդգծեմ, որ Հայաստանը հակամարտության մաս չէր կազմում, այն բացառապես Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև էր։ Կողմերի միջև բանակցություններ անցկացնելու նպատակով ձևավորվել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ունի եռանախագահություն Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Այս ընթացքում մշտապես տեղի էին ունենում տարբեր տիպի բախումներ, սակայն հայկական զինված ուժերը հաջողությամբ հետ էին մղում ցանկացած ոտնձգություն։ Այս անգամ ամեն ինչ այլ է։ Առաջին հերթին, Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իրենք կանգ չեն առնի մինչև չգրավեն ողջ Ղարաբաղը, ինչը այս հայկական պետության ոչնչացման փորձ է, մի պետության, որը պաշտոնապես չի ճանաչվել ոչ մի երկրի կողմից, սակայն այն ունի կառավարություն, ունի նախագահ՝ Արայիկ Հարությունյանը, ով անձամբ է գնացել ճակատ՝ օրինակ ծառայելու բոլորին։ Նա այս տարվա ապրիլին էր նախագահ ընտրվել։ Հարց․ Ադրբեջանական լրատվամիջոցներում լուր տարածվեց, ըստ որի, նա վիրավորվել է։ Վարուժան Ոսկանյան․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հաճախ են հայտնվում նման լուրեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Եվ, ի վերջո, ո՞րն է այսօրվա առանձնահատկությունը։ Առաջին հերթին, եթե Ադրբեջանը միայնակ լիներ Ղարաբաղի դեմ, ինչպես մինչ այժմ, Ղարաբաղն առանց խնդիրների հետ կմղեր ադրբեջանցիների գրոհները։ Ի դեպ, մենք՝ հայերս, այդ շրջանը կոչում ենք Արցախ, արտասահմանցիներն այն կոչում են Լեռնային Ղարաբաղ։ Արցախ բառի ծագումը կապված է «ցախ» բառի հետ՝ հաշվի առնելով այդ շրջանում բազմաթիվ անտառների առկայությունը, իսկ «Ղարաբաղ» անվան ծագումը պարսկա-թուրքական է, «նագորնո» բառինը՝ ռուսական։ Այնպես որ, ներողամիտ եղեք, եթե երբեմն այդ տարածքը կոչեմ իրական հայկական անունով։ Այդպես է նաև Հայաստանի դեպքում. մենք՝ հայերս, այն կոչում ենք «Հայաստան», որն առասպելական ծագում ունի, նշանակում է հայերի երկիր, իսկ ահա մ.թ.ա. 521թ. Բեհիսթունյան արձանագրությունում նշվում է «Արմենիա» անունը, որն էլ տարածվեց այլազգիների շրջանում։ Այս անգամ Ադրբեջանը վայելում է Թուրքիայի բացահայտ աջակցությունը, իսկ Էրդողանը նույնիսկ չթաքցրեց դա։ Խոսքը մի վտանգավոր գաղափարախոսության վերածննդի մասին է, որը կոչվում է պանթյուրքիզմ։ Այն նախատեսում է մի կայսրության ստեղծում, որը կմիավորի թուրքական ծագում ունեցող բոլոր ազգերին՝ թուրքերին, ադրբեջանցիներին, թուրքմեններին և այլն։ Սա մի փիլիսոփայություն է, որն ի հայտ եկավ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում և որի գաղափարախոսը Զիյա Գյոկալպն էր։ Հետագայում պանթյուրքիզմը դարձավ քեմալիզմ, և արդեն ավելի քիչ խոսվեց դրա մասին։ Ահա այսօր այն վերադարձավ, և հայերի փաստացի թշնամին այս պանթուրքիզմն է, Ադրբեջանի, Թուրքիայի և Սիրիայի թուրքմեն կամ արաբ իսլամական վարձկան ծայրահեղական տարրերի միությունը։ Սակայն ո՞րն է Թուրքիայի աջակցությունը։ Թուրքիան աջակցում է ավիացիայով՝ անօդաչու թռչող սարքերով, ներառյալ՝ կործանիչ ԱԹՍ-ները, ինչպես նաև բարձր մակարդակի ռազմական փորձաքննությամբ։ Թուրքիան նաև ֆինանսավորում է նշածս վարձկաններին, որոնց գոյության մասին բազմաթիվ ապացույցներ ներկայացվեցին, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իրանի և որ ամենահետաքրքիրն է՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից, որը հաստատեց, որ Սիրիայի տարածքից բավականին մեծ թվով վարձկանների տեղափոխել են Ադրբեջան։ Այսպես, Ադրբեջանը հարձակում սկսեց սեպտեմբերի 27-ին։ Բնականաբար, նրանք, ինչպես միշտ, մեղքը բարդում են հայերի վրա, սակայն  բացարձակ իմաստ չկար, որ հայերը սրեին հակամարտությունն այնտեղ, որովհետև հայերն իրենց հողի վրա են, այնտեղ զարգացրել են պետական կառուցվածք և ոչ մի շահ չունեն հարձակվելու Ադրբեջանի վրա։ Առավել ևս, եկեք բաց խոսենք, պայքարն ամբողջապես անհավասար է։ Մի կողմից ունենք 10 մլն ադրբեջանցի՝ բավականին լավ զինված բանակով, որին աջակցում է Թուրքիան, որի բանակը ՆԱՏՕ-ի ամենաուժեղ ռազմական կառույցներից է, հավանաբար ԱՄՆ-ից հետո Թուրքիան ունի ամենամեծ բանակը։ Բացի այդ, Ադրբեջանը զինվելու նպատակով անհամեմատ մեծ ծախսեր է կատարել։ Եթե թվերով խոսենք՝ վերջին տասը տարում Ադրբեջանը 24 մլրդ դոլար է հատկացրել իրենց տերմինաբանությամբ «պաշտպանության» համար։ Իհարկե, իրենք նշում են պաշտպանություն, որը, հասկանում ենք, իրականում նշանակում է հարձակում։ Հայաստանը ծախսել է մոտ 4 մլրդ դոլար՝ հաշվի առնելով նաև ավելի համեստ բյուջեն։ Միայն անցած տարի Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 1.6 մլրդ դոլար՝ ի համեմատ Հայաստանի 400 մլն դոլարի։ Չմոռանանք, որ 10 միլիոնանոց Ադրբեջանին այսօր դիմակայում է 150 հազարանոց Արցախը։ Իհարկե, հայկական կողմն ունի առավելություն, որը կապված է ռելիեֆի հետ. այն հիմնականում լեռնային է և դժվար անցանելի ռազմական տեխնիկայի համար, և այդ դեպքում ավելի փոքր թվով պաշտպանվող զինվորներ կարող են հետ մղել հարձակումները։ Սեպտեմբերի 27-ի լայնածավալ հարձակումը մենք կոչում ենք ահաբեկչական, որովհետև ադրբեջանցիներն օգտագործում են միջազգային ահաբեկիչների։ Բացի այդ՝ այս հարձակումը ոտնահարեց ԵԱՀԿ շրջանակներում բնականոն կերպով ընթացող բանակցությունները։ Ադրբեջանը ռմբակոծեց մի շարք քաղաքների քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում հայկական կողմում տասնյակ զոհեր և վիրավորներ կան, այդ թվում՝ երեխաներ։ Ադրբեջանն օգտագործում է (նաև հայկական քաղաքների վրա նետելով) կասետային ռումբեր՝ համաշխարհային մասշտաբով արգելված չափազանց վտանգավոր զինատեսակ, քանի որ այն պահին, երբ ռումբը հասնում է նպատակակետին, անմիջապես ցրվում է տարբեր կողմերով և ոչնչացնում ցանկացած կենդանի էակի, այսինքն՝ հենց այդ նպատակով են օգտագործում այդ զինատեսակը։ Միևնույն ժամանակ, հնարավոր է՝ մտածեք, որ մի փոքր չափազանցնում եմ, բայց հավանաբար Վիետնամական պատերազմից հետո սա ամենակոշտ ռազմական բախումն է։ Սակայն, ի տարբերություն մինչ օրս տեղի ունեցած պատերազմների, ներառյալ՝ Իրան-Իրաքյան պատերազմը, Քուվեյթի կամ Աֆղանստանի պատերազմը՝ օգտագործվում է աննախադեպ շատ ռազմական տեխնոլոգիա։ Միայն կործանիչ ԱԹՍ-ները բավական են, քանի որ դրանք այս ինտենսիվությամբ չեն կիրառվել, և այսօր Ադրբեջանը լայնածավալ կերպով օգտագործում է դրանք։ Եվ ուրեմն, սա է այսօրվա իրավիճակը. հայկական բանակը մինչ այս պահը հաջող կերպով պաշտպանվում է, ընդամենը մի քանի կիլոմետր հայկական զորքերը հետ քաշվեցին, որն իրականում տակտիկական նահանջ էր։ Քանի որ նկարագրեցի ընդհանուր իրավիճակը, կարծում եմ՝ պետք է խոսենք նաև միջազգային համատեքստից։ Հուսով եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կոչերն՝ ուղղված միջազգային հանրությանը, կգտնեն իրենց հասցեատերերին։ Հարց․ Շատերը մտահոգություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման առնչությամբ։ Գիտենք, որ գոյություն ունի ՀԱՊԿ դաշինքը, որով Ռուսաստանը պարտավոր է միջամտել, եթե Հայաստանի հանդեպ տեղի ունենա ռազմական ագրեսիա։ Վարուժան Ոսկանյան․ Լավ է, որ նշեցիք այդ պայմանագրի մասին։ 1994թ. ստորագրված այդ պայմանագրի մաս էր կազմում նաև Ադրբեջանը, որից դուրս եկավ 1999 թվականին։ Այնպես որ, ՀԱՊԿ պայմանագրով Ռուսաստանը պարտավոր է օգնել Հայաստանին, բայց ոչ Ադրբեջանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հույս հայտնեց, որ հակամարտության սրացման դեպքում Ռուսաստանը կհարգի այդ պայմանագրի դրույթները։ Հարց․ Կարծում եք՝ կա՞ ռիսկ, որ Ռուսաստանը կմիջամտի, եթե հակամարտությունն ավելի սրանա, և կունենանք մի իրավիճակ, ինչպես Սիրիայում, որտեղ հակամարտությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև է։ Վարուժան Ոսկանյան․ Կարծում եմ՝ դա կախված է իրադարձությունների զարգացումից։ Եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան, և Թուրքիայի աջակցությունը դառնա էլ ավելի ակնհայտ, ապա Ռուսաստանը կհայտնվի բարդ իրավիճակում, եթե շարունակի հայտարարել իր չեզոքության մասին։ Առավել ևս, եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության վրա, և Ռուսաստանը չմիջամտի, ապա հարց կառաջանա, թե ինչի համար է ՀԱՊԿ պայմանագիրը, եթե Ռուսաստանի աչքի տակ Հայաստանը մնացել է թուրքական ագրեսիայի դիմաց մեն-մենակ։ Մյուս կողմից, այն հակամարտությունը, որի մի կողմում Ռուսաստանն է, իսկ մյուսում՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, կդառնա ակնհայտ միջազգային հակամարտություն, որի մասին ուղղակի չենք ցանկանում մտածել այսօր։ Ամենալավ ուղին Ադրբեջանին ստիպելն է, ներառյալ՝ տնտեսական պատժամիջոցներով, որ կանգ առնի, հայտարարի հայկական կողմի հետ զինադադարի մասին և վերսկսի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Միջազգային հարթակներում բազմաթիվ կոչեր են եղել այս առնչությամբ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պահանջեց ռազմական գործողությունների դադարեցում, ապա Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով աջակցեցին այս կոչին։ Ինչու ընդգծեցի Կանադան, որովհետև առաջին երկիրն էր, որը պաշտոնապես հայտարարեց, որ կասեցնում է զենքի վաճառքը դեպի Թուրքիա, որովհետև Թուրքիան դրանք օգտագործում է երրորդ երկրի տարածքում։ Զենքերի վաճառքի ոլորտում արգելվում է վերավաճառման նպատակով գնել զենքեր, այսինքն՝ կատարել ծածուկ վերաարտահանում։ Ահա սա այն ապացույցներից մեկն է, որ միջազգային հանրությունը տեղյակ է թուրքական այս պրակտիկայից՝ գնել զենքեր և տրամադրել Ադրբեջանին։ Ֆրանսիան շատ հստակ դիրքորոշում ունի այս առումով, իսկ ԱՄՆ-ն զբաղված է ընտրություններով և Չինաստանի հետ կապված հարցերով, որոնց ավելանում է նաև կորոնավիրուսային համավարակը, և հետևաբար ավելի պասիվ է՝ չնայած մենք կարիք ունենք ԱՄՆ-ի ավելի հստակ դիրքորոշման։ Խոսենք նաև Ռումինիայի մասին․ ո՞րն է Ռումինիայի դիրքորոշումը։ Ես՝ որպես Հայաստան-Ռումինիա խորհրդարանական խմբի ղեկավար, և Վարուժան Փամբուկչյանը, որպես Ռումինիայի Հայոց Միության կողմից ընտրված պատգամավոր, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Հակոբյանը կոչ արեցինք Ռումինիայի իշխանություններին հստակ դիրքորոշում արտահայտել տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարը կրակի դադարեցման կոչ արեց։ Բանն այն է, որ Ռումինիան հակասական դիրքորոշում է ունեցել Հարավային Կովկասի նկատմամբ։ Ռումինիայի նախագահներ Յոն Իլիեսկուի և Էմիլ Կոնստանտինեսկուի օրոք Ռումինիան ընդհանուր առմամբ չեզոք դիրքորոշում ուներ այդ տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Հայաստանի հետ շատ բարեկամական հարաբերություններ են եղել։ Սա իրավասու եմ ասել, քանի որ ինքս եմ ներգրավված եղել այդ հարցերում։ 1991 թվականին վերադարձա Երևանից, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով։ Նախագահական Կոտրոչեն պալատում հանդիպումներ ունեցա Յոն Իլիեսկուի և Տրայան Կեբելեուի հետ, Կառավարությունում՝ արտաքին գործերի նախարար Ադրիան Նըստասեի և Տեոդոր Մելեշկանուի հետ, որոնց ընթացքում խնդրեցի, որ Ռումինիան դառնա առաջին երկիրը, որը կճանաչի Հայաստանի նոր հանրապետությունը։ Սա մի բարեկամական ժեստ էր, որը համահունչ էր մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը և այն մշտական աջակցությանը, որը նախկինում ցուցաբերել էր Ռումինիան հայ գաղթականներին։ Այդ ընթացքում Տրայան Կեբելեուն ժամանակ խնդրեց, քննարկումներ ունեցավ նաև Անկարայում Ռումինիայի դեսպանի հետ, իսկ  եզրակացությունն այն էր, որ Ռումինիան կարող է անել այդ քայլը, բայց միաժամանակ կճանաչեն նաև Ադրբեջանի անկախությունը։ Այդպես, Ռումինիան ճանաչեց և Հայաստանի, և Ադրբեջանի անկախությունը։ Այնպես որ, Ադրբեջանը պետք է իմանա, որ այդ ժամանակ Ռումինիայի կողմից իր ճանաչման համար պարտական է հայերին։ Եվ ուրեմն, ԽՍՀՄ-ից անկախացած հանրապետություններից հետո Ռումինիան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Դրանից մի քանի օր անց ՀՀ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանեց Ռումինիա և Ադրիան Նըստասեի հետ ստորագրեց այդ ճանաչման փաստաթուղթը, որի մասին հայերը երբեք չեն մոռանում։ Յոն Իլիեսկուի և Էմիլ Կոնստանտինեսկուի օրոք բարիդրացիական հարաբերություններ էին, երկկողմ այցեր էին տեղի ունենում, սակայն իրավիճակը փոխվեց, երբ Ռումինիայի նախագահ դարձավ Տրայան Բըսեսկուն, որն ունեցավ հստակ դիրքորոշում՝ աջակցել Ադրբեջանին՝ ի վնաս Հայաստանի։ Մինչև 2008թ., երբ մենք դեռ իշխանության էինք, նա չէր համարձակվում հրապարակայնորեն արտահայտել դա և նույնիսկ 2006 թվականին այցելեց Հայաստան։ Ի դեպ, ես էլ գնացի իր հետ ու թարգմանում էի իր համար, որովհետև Բըսեսկուն իր հետ վերցրել էր ռուսերենի թարգմանչի, ինչը կարող է լավ չդիտվեր Հայաստանում։ Այդպես, ես կատարեցի թարգմանչի պարտականությունները, իսկ Տ. Բըսեսկուն բավականին լավ ընդունելության արժանացավ։ 2008թ. հետո արմատապես փոխվեց ամեն ինչ։ 2009 թվականին Ռումինիան կնքեց ռազմավարական գործընկերության պայմանագիր Ադրբեջանի հետ։ Ոչ թե Վրաստանը, ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որի հետ Ռումինիան ունի ռազմավարական գործընկերություն։ Այսինքն՝ Ռումինիան այս տարածաշրջանում ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Բըսեսկուն վարեց ակնհայտ պրոթուրքական և պրոադրբեջանական քաղաքականություն, մշտապես մերժեց Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։ Կլաուս Յոհանիսի օրոք ամբողջապես վերադարձ չեղավ այն կետին, որտեղ դրանք կային մինչ Բըսեսկուն, սակայն որոշակի բարելավում տեղի ունեցավ։ Ի վերջո, Կ. Յոհանիսը Ռումինիայի առաջին նախագահն էր, որը 2015թ.  Ցեղասպանության հարյուրամյակի օրն իր կարեկցանքը հայտնեց այդ ջարդերի զոհերի համար։ Նա չասաց «ցեղասպանություն» բառը, որպեսզի չնեղացնի թուրքերին, այլ ուղղակի «ջարդեր»։ Ավելին, հատկապես Ռումինիայի հայերի համար նա գեղեցիկ քայլ կատարեց 2017թ., երբ լրանում էր Մըրըշեշտի ճակատամարտի հարյուրամյակը՝ խոսելով նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասին, որոնք նույնպես նահատակվեցին ռումինական հողի համար։ Իր ելույթում Կ. Յոհանիսը ոգեկոչեց նաև ազգությամբ հայ մասնակիցներին։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև Մըրըշեշտում գտնվում է հայազգի 21-ամյա կրտսեր լեյտենանտ Գաբրիել Պրունկուի կիսանդրին։ Նա առաջին սպան էր, որը զոհվեց այդ ճակատամարտում Ռումինիայի պետության համար։ Մի հետաքրքիր բան կուզեմ ասել. որպես հայ՝ հակասական զգացում ունեմ Ռումինիայում։ Մի կողմից՝ հայերն իրավացիորեն շատ հարգված են Ռումինիայում, քանի որ Ռումինիայի նորագույն պատմության մեջ գրեթե չկա մի կարևոր իրադարձություն, որտեղ չգտնենք հայերի․ հայեր, որոնք նահատակվեցին, հայեր, որոնք մեծ դեր ունեցան Ռումինիայի տարածքների միավորման գործում՝ ինչպես գեներալ Հակոբ Զատիկը, որը միացրեց Բուկովինայի շրջանը Ռումինիային, հայեր, որոնք ստեղծեցին ազգային դպրոցներ՝ սկսած Գեորգե Ասակիից, Վասիլե Կոնտայից մինչև Կարապետ Իբրըիլեանու, Յակոբ Յակոբովիչ, որ ստեղծեց Ռումինիայի վիրաբուժության դպրոցը, Անա Ասլան, որ հիմնադրեց ծերաբուժության ինստիտուտը, Դումիտրու Բաղդասարը՝ նյարդավիրաբուժության դպրոցի հիմնադիրը, Երվանդ Սերոբյան՝ Ալերգոլոգիայի կլինիկայի հիմնադիրը և այլն։ Աշխարհում չկա մի երկիր, որտեղ հայ համայնքն ունենա այդքան սահմանադրական և օրենսդրական իրավունքներ ու աջակցություն իշխանությունների կողմից, որքան Ռումինիայում։ Միևնույն ժամանակ, երբ խոսքը Հայոց ցեղասպանության մասին է, որը ճանաչվել է աշխարհի բազմաթիվ խորհրդարանների կողմից, Ռումինիայում քար լռություն է, քանի որ այստեղ դեռևս գործում է թուրքական բարդույթը։ Երբեմն մի զգացում եմ ունենում, որ իշխանությունները չգիտեն, որ մենք ազատվել ենք թուրքական լծից և որ 1877թ. տեղի է ունեցել Անկախության պատերազմ։ Այդ բարդույթն Օսմանյան կայսրության մի քանի դար տևած տիրապետության հետևանք է, իսկ իշխանությունները դեռ չեն ազատվել այդ բարդույթից։ Կարող եմ նշել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի մասին, ում հետ քննարկում եմ ունեցել այս թեմայով, բայց հասկացել եմ, որ հաջողություն չեմ ունենա, որովհետև վերջինս կատեգորիկ կերպով վախենում է Ցեղասպանության հետ կապված ամենափոքր հարցն անգամ բարձրաձայնելուց։ Կարծում եմ՝ Ռումինիան կսպասի հարցի միջազգային հանգուցալուծմանը և կհետևի դրան, ինչպես անում է սովորաբար արտաքին քաղաքականության մեջ։ Ինչու՞ են այսօր հայերն այսչափ բարձրաձայնում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Որովհետև նույնիսկ եթե Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանն օկուպացնեն Ղարաբաղը, նրանք այդտեղ կանգ չեն առնի։ Կարծում եմ՝ նրանք ավելի առաջ կգնան դեպի Հայաստան։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները բարձրաձայնում են իրենց անհանգստության մասին: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սա երկրորդ Սարդարապատն է։ 1918թ. Սարդարապատում հայ ժողովուրդը կանգնեցրեց օսմանյան բանակի առաջխաղացումը, որը ցանկանում էր ոչնչացնել Հայաստանը։ Եվս մեկ փաստ, որը մեզ համար բաց վերք է մնում՝ չնայած անցել է մեկ դար։ 1915թ. տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, և Արևմտյան Հայաստանի մոտ 3 միլիոն հայերից գրեթե ոչ մեկը չմնաց այնտեղ։ Հայեր մնացին միայն Թուրքիայի մի քանի քաղաքներում՝ Ստամբուլ, Զմյուռնիա և այլն։ 1,5 միլիոն հայ զոհվեց, իսկ մոտավորապես ևս 1,5 միլիոն մարդ տեղահանվեց։ Իմ ընտանիքի գրեթե բոլոր անդամները սպանվեցին, բայց պապիկս կարողացավ հրաշքով փրկվել։ Այս մեծ ոճրագործությանը նպաստեցին նաև ադրբեջանցիները։ 1918թ., երբ հիմնվեց Ադրբեջանի Հանրապետությունը, Բաքվում տեղի ունեցան ջարդեր, որոնց զոհ գնացին տարբեր տվյալներով մինչև 30,000 հայեր։ Ցեղասպանության կազմակերպիչների ցանկում էր նաև ադրբեջանցի ղեկավար Մահմուդ Խան Ջիվանշիրը։ Իմիջիայլոց, Ցեղասպանության բոլոր կազմակերպիչները դատապարտվեցին մահվան, սակայն այդ վճիռն իրականացրին «Նեմեսիս» խմբի հայ վրիժառուները, որոնք հայտնաբերեցին Ցեղասպանության պատասխանատուներին տարբեր քաղաքներում ծպտված և սպանեցին նրանց։ Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Ադրբեջանի ներթափանցումը Լեռնային Ղարաբաղ հանգեցնելու է նոր ցեղասպանության, ինչպես տեղի ունեցավ 1915թ.։ Այն ժամանակ Առաջին համաշխարհային պատերազմն էր, միջազգային հանրությունն այլ հարցերով էր զբաղված, սակայն այս անգամ քաղաքակիրթ աշխարհը ոչ մի արդարացում չի ունենա, եթե նման բան տեղի ունենա։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
01:40 - 20 հոկտեմբերի, 2020
Նորվեգիայի ԱԳ նախարարը կոչ է արել ձեռնպահ մնալ ԼՂ իրավիճակի սրմանը նպաստող գործողություններից |armenpress.am|

Նորվեգիայի ԱԳ նախարարը կոչ է արել ձեռնպահ մնալ ԼՂ իրավիճակի սրմանը նպաստող գործողություններից |armenpress.am|

armenpress.am: Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին և տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է արել ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը։ Այս մասին Սյորեյդենը ասել է՝ ի պատասխան խորհրդարանի անդամ Բյորնար Մոքսնեսի գրավոր հարցմանը։ «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ լուրջ է, և Նորվեգիան կողմերին և տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է արել ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը։ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանին Թուրքիայի ավանդական աջակցության ծավալի մեծացումը մանրակրկիտ և շարունակաբար ուսումնասիրվում է մեր կողմից»,- նշել է արտգործնախարարը, հավելելով, որ ընդհանուր առմամբ, Թուրքիա պաշտպանական սարքավորումների արտահանման հետ կապված կա խիստ սահմանագիծ, որի վերջին խստացումը հաստատվել է 2016թ. հեղաշրջման փորձից հետո: Արտգործնախարարը նշել է, որ 2019թ. հոկտեմբերին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով որոշվել է ժամանակավորապես դադարեցնել դեպի Թուրքիա արտահանման նոր հայտերին ընթացք տալը: «Արտահանման դեպքում, որը չի առնչվում մեր անվտանգության և պաշտպանության շահերին և չի վերաբերում առաքումներին՝ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակում, գործում է խորհրդարանի 1959թ. որոշումը, որի համաձայն՝ արտահանում չի թույլատրվում»,- հայտնել է Սյորեյդենը:
00:09 - 20 հոկտեմբերի, 2020
Մենք հավատարիմ ենք սկզբունքներին․ դա հայկական կողմի գրաված տարածքների վերադարձն է․ Իլհամ Ալիևի հարցազրույցը՝ TACC-ին

Մենք հավատարիմ ենք սկզբունքներին․ դա հայկական կողմի գրաված տարածքների վերադարձն է․ Իլհամ Ալիևի հարցազրույցը՝ TACC-ին

Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել TACC լրատվական գործակալությանը՝ ղարաբաղյան հակամարտության ու սեպտեմբերի 27-ից մինչ օրս շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների մասին։ Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․   - Տեսնու՞մ եք Մոսկվայում համաձայնեցված հրադադարին վերադառնալու շանս, թե այն արդեն ամբողջովին ձախողվել է։- Մենք հավատարիմ ենք այն պարտավորություններին, որոնք ստանձնում ենք մեր գործընկերների հետ շփումների շրջանակներում։ Ե՛վ սկզբից, և՛ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում մենք միշտ ապավինել ենք միջազգային իրավունքին և հակամարտության խաղաղ կարգավորման մեր պարտավորությանը:Մենք փորձեցինք կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Ադրբեջանը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո։ Բայց, ցավոք, Հայաստանը կոպտորեն խախտեց հրադադարի ռեժիմը. 24 ժամ չանցած ՝ քնած Գյանջա քաղաքը հարձակման ենթարկվեց։ Հարվածը միտումնավոր ուղղված էր բնակելի թաղամասերի վրա, և առաջին հարձակումից հետո բազմաթիվ զոհեր և վիրավորներ կային։ Այսինքն՝ Հայաստանը ցուցադրաբար խախտեց հրադադարի ռեժիմը՝ դրանով իսկ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով միջնորդների և նրանց պարտավորությունների նկատմամբ, որոնք ձեռնարկվել էին Մոսկվայում նման երկարատև բանակցություններից հետո:Զինադադարի պայմանների համաձայնեցումից հետո՝ գերիների և մահացածների մարմինների փոխանակման նպատակով, Հայաստանը խախտեց հրադադարի ռեժիմը ռազմի դաշտում։ Բայց, ըստ երևույթին, դա նրանց քիչ էր, և նրանք հարձակվեցին Գյանջա քաղաքի վրա։ Ի միջայլոց, երկու օր առաջ` գիշերը նրանք կրկին արեցին դա։ ԵՒ դա շատ ստոր հանցագործություն է, դա միջազգային ահաբեկչություն է։ Եվ այն փաստը, որ համաշխարհային հանրությունը միաձայն դատապարտել է այս արյունալի հանցագործությունը, հուշում է, որ նրանք այդպես հեշտ չեն խուսափի դրանից։ Այն, որ իրավիճակը դեռ թեժ փուլում է, մեր մեղքը չէ: Ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանը հավատարիմ է կարգավորման այն սկզբունքներին, որոնք մշակվել են երկարաժամկետ բանակցային գործընթացում։ Մենք պատրաստ ենք դադարեցնել ռազմական գործողությունները նույնիսկ վաղը, եթե Հայաստանը կառուցողական պահի իրեն բանակցային ուղու վրա: Բայց հայտարարությունները, որոնք մենք լսում ենք Երևանից, լիովին հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված հիմնական սկզբունքներին: Վերջերս Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ հանդես եկավ շատ վտանգավոր հայտարարություններով, որոնք փաստացի մերժում են հիմնական սկզբունքները: Հայաստանի նոր ղեկավարության բոլոր գործողություններն ուղղված էին բանակցային գործընթացի խափանմանը։ Ես արդեն խոսել եմ նրանց բազմաթիվ հայտարարությունների, սադրիչ գործողությունների և Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումների մասին։ Ուստի, եթե հայկական կողմը վերջապես գիտակցի, որ ռազմական սադրանքների ուղին նրանց տանում է դեպի աղետ, մենք պատրաստ ենք կրկին դադարեցնել ռազմական գործողությունները և հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ: - Ռուսաստանը դեռ ելնում է զինված ուժերի գծով անհապաղ հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունից՝ հրադադարի ռեժիմի դիտարկման մեխանիզմի շուրջ համաձայնեցման համար։ Ձեր երկիրը համաձա՞յն է նման հանդիպման: Ի՞նչ ձևաչափով և ո՞ր կուսակցությունների մասնակցությամբ: -Այս պարագայում առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամքը: Մեր կողմից դա կա։ Այսօր ես մեկ անգամ ևս հաստատում եմ մեր դիրքորոշումը և հաստատում եմ այն, երբ այսօր հայտարարվում է ևս 13 բնակավայրերի ազատագրման մասին, երբ հայկական բանակն էապես ձախողվում է, երբ Ադրբեջանը ռազմադաշտում ցույց է տալիս իր առավելությունը: Բայց, այնուամենայնիվ, չցանկանալով շարունակել արյունահեղությունը և ցանկանալով փրկել մարդկանց կյանքը, մենք պատրաստ ենք այս հարցը լուծել քաղաքական ճանապարհով: Ինչ վերաբերում է ռազմական շփումներին, հիմնական սկզբունքներում այդ կետերը հստակ սահմանված են։ Եւ մենք հավատարիմ ենք սկզբունքներին, որոնց մասին ես ասել եմ։ Կարծում եմ, կրկնվելու կարիք չկա։ Դա հայկական կողմի գրաված տարածքների վերադարձն է, բանակցությունները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ, փախստականների և ստիպված տեղահանված անձանց վերադարձը իրենց ծագման վայրեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ, Շուշի: Այս ամենը գրված է հիմնական սկզբունքների մեջ, և հայկական կողմը տարբեր փուլերում համաձայն էր այս ամենի հետ։ Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
20:30 - 19 հոկտեմբերի, 2020
Արցախի փրկարար-սակրավորները վնասազերծել են 72 զենք-զինամթերք

Արցախի փրկարար-սակրավորները վնասազերծել են 72 զենք-զինամթերք

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 2-ից իր ծառայությունը շարունակում է ոչ մշտական տեղակայման վայրում՝ արտակարգ ռեժիմով: Ինչպես նախապատերազմական, այնպես էլ այս օրերին, կենտրոնն օպերատիվորեն արձագանքում է բնակչության բոլոր կանչերին և ցուցաբերում հումանիտար աջակցություն։ Սեպտեմբերի 27-ից 911 հեռախոսահամարով ստացվել են տարբեր կանչեր՝ կենցաղային, տեխնիկական ու անվտանգության բնույթի: Նախորդ շաբաթ ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 9137 զանգ, ստացվել է ավելի քան 400 հաղորդագրություն:Կանչերի մեծ մասը՝ 105-ը, վերաբերել են բնակչության կենսապահովմանը: Փրկարարներն ապաստարաններ են հասցնում անհրաժեշտ դեղորայք, պարենամթերք, բժշկական կենտրոններ տեղափոխում առողջական խնդիր ունեցող քաղաքացիներին, ցուցաբերում օգնություն:Ստացվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 72 հաղորդագրություն։ Ծառայության սակրավորական խմբերը տեղափոխել ու ոչնչացրել են բնակելի շենքերի ու առանձնատների բակերից, տնամերձ հողամասերից ու այգիներից հայտնաբերված զենք-զինամթերքը։ Ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու և բնակավայրերը հրթիռակոծելու հետևանքով պատերազմի հենց առաջին օրերից հրդեհի հարյուրավոր ահազանգեր են ստացվել: Հրշեջ-փրկարարներին մեծ մասամբ հաջողվել է ժամանակին կատարել հրդեհաշիջում: Միայն անցած շաբաթ հրետակոծությունների արդյունքում հրդեհվել է 10 բնակելի տուն և ավտոտրանսպորտ: Բոլոր հրդեհներն էլ մարվել են: Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է թիկունքային ուժեղացված ծառայությունը: 911, 101 և 112 հեռախոսահամարները հասանելի են միշտ և ամենուր:
19:00 - 19 հոկտեմբերի, 2020
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական դեր ունի». Վարչապետի հարցազրույցը «ТАСС» լ/գ-ին

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական դեր ունի». Վարչապետի հարցազրույցը «ТАСС» լ/գ-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացվում է ստորև. ТАСС - Պարոն վարչապետ, վերջին շրջանում Դուք բազմաթիվ հարցազրույցներ եք տվել տարբեր երկրների զանգվածային լրատվության միջոցներին: Բայց իրավիճակը տարածաշրջանում շարունակում է արագորեն փոխվել: Այդ պատճառով մենք կցանկանայինք կանգ առնել, մեր կարծիքով, առավել սկզբունքային, հիմնական կետերի վրա, որոնք առանձնապես փոփոխությունների ենթակա չեն և կարող են օգնել մեր ընթերցողներին՝ ավելի լավ հասկանալ Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում:Դուք արդյոք տեսնո՞ւմ եք Մոսկվայում համաձայնեցված հրադադարին վերադառնալու հնարավորություն, թե՞ այն արդեն վերջնականապես տապալվել է: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դուք հիշատակեցիք միջազգային զանգվածային լրատվամիջոցների մասին: Ես կցանկանայի ընդգծել, որ, կարծում եմ, այս պահին միջազգային հանրության կարծիքը փոխվում է: Այն փոխվում է, և մարդիկ ավելի շատ են տեղեկանում այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում: Եվ, իհարկե, սա կապված է ոչ միայն մեր կառավարության ակտիվ տեղեկատվական քաղաքականության հետ, այլև ակտիվ գործողություններով, որոնք ձեռնարկում է հայկական սփյուռքը: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ, ճիշտ է, ոչ բարձր կամ բարձրագույն քաղաքական մակարդակով, բայց այժմ արդեն նկատվում են որոշակի տեղաշարժեր Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման գործընթացում: ԱՄՆ բավական շատ նահանգներ, եվրոպական մի շարք քաղաքներ արդեն ընդունել են համապատասխան փաստաթղթեր, բանաձևեր, որոշումներ: Արդեն մի քանի եվրոպական խորհրդարաններում ընդունվել են Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր: Գործնականում այսօր միջազգային հանրությունը կասկած չունի, որ Թուրքիան ամբողջովին ներգրավված է ռազմական գործողություններում, և որ Թուրքիան է եղել այս պատերազմի գլխավոր նախաձեռնողը: Որ Թուրքիան է վարձել և Սիրիայից հակամարտության գոտի տեղափոխել ահաբեկիչներին և վարձկաններին: Ցավոք, մենք արդեն տեսնում ենք, որ այդ վարձկանների մի մասը տեղափոխվում է Հյուսիսային Կովկաս՝ արդեն ուղղակիորեն Ռուսաստանի տարածք: Մենք արդեն տեսնում ենք ահաբեկչական խմբավորումների ակտիվությունը: Եվ ես վստահ եմ, որ սա պատահականություն չէ, քանի որ այն գործընթացները, որոնք այժմ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, արդեն դուրս են եկել Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանակից: Սա արդեն մի իրավիճակ է, որը շոշափում է մեր տարածաշրջանի և նույնիսկ տարածաշրջանից դուրս շատ այլ երկրների ազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Եվ ես վստահ եմ, որ մինչ այժմ մեզ չի հաջողվել կյանքի կոչել մոսկովյան հայտարարությունը, որովհետև կան ուժեր, որոնք խոչընդոտում են դրան, շատ կոնկրետ խոչընդոտում են: Եվ առաջին հերթին դա Թուրքիան է: Թուրքիան շահագրգռված է մոսկովյան հայտարարության տապալմամբ 2 պատճառով՝ Թուրքիայի գործողություններն ուղղված են Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղմանը: Եկեք չմոռանանք, որ այդ հայտարարությունն ընդունվել է Ռուսաստանի նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ: Որոշ ուժեր և կոնկրետ Թուրքիան շահագրգռված են, որ Ռուսաստանի նախաձեռնությունը հաջողություն չունենա: Եվ դրանով նրանք հույս ունեն նաև դրանով խաթարել Ռուսաստանի հեղինակությունը Հարավային Կովկասում: Կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, թե ինչ է կատարվում, և անհրաժեշտ է համառորեն աշխատել՝ մեր տարածաշրջան կայունությունը վերադարձնելու համար: Իհարկե, մենք շատ սերտորեն կհամագործակցենք Ռուսաստանի հետ այս հարցի շուրջ և հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները նույնպես կաջակցեն այդ ջանքերին: ТАСС - Պարոն վարչապետ, Ռուսաստանը շարունակում է ելնել զինվորականների միջև անհապաղ հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունից՝ հրադադարի վերահսկման մեխանիզմը համաձայնեցնելու նպատակով: Արդյոք Հայաստանը համաձա՞յն է նման հանդիպմանը: Ի՞նչ ձևաչափով և ո՞ր կողմերի մասնակցությամբ է համաձայն Հայաստանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Անկեղծ ասած, նման նախաձեռնություն արդեն եղել է, և Մոսկվայում նշանակված էին կոնսուլտացիաներ, որոնց ակնկալվում էր Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ռազմական ներկայացուցիչների մասնակցությունը: Մեր ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա, կատարել են իրենց աշխատանքը: Սակայն, իմ տեղեկություններով, Ադրբեջանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները դեռևս չեն մասնակցել այս ձևաչափին, ինչը կարող է նշանակել, որ նրանք պարզապես հրաժարվում են անել դա: Ես չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ, իմ տեղեկություններով, մինչ օրս նրանք չեն մեկնել Մոսկվա, որպեսզի մասնակցեն այդ կոնսուլտացիաներին: ТАСС - Խաղաղության մասին: Դուք պատրա՞ստ եք կարգավորումն սկսել Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները Ադրբեջանին փուլային ճանապարհով փոխանցելուց՝ Հայաստանի համար պահպանելով Լաչինի միջանցքը, մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես բազմիցս ասել եմ, և դա Հայաստանի՝ փաստացի բոլոր ժամանակների պաշտոնական դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մեզ համար ռազմավարական դեր ունի: Դուք ահա հիշատակեցիք մի տարբերակ: Ես գիտեմ, որ Հայաստանը մոտավորապես նմանատիպ մի լուծման պատրաստ է եղել մի քանի տարի առաջ: Այդտեղ, սակայն, մեկ նյուանս է եղել՝ իսկ ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: ТАСС – Նկատի ունեք Կազանյա՞ն համաձայնագիրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ թվում նաև Կազանյան նախաձեռնությունը: Բայց ցանկանում եմ ասել, որ այնքան էլ խելամիտ և պրագմատիկ չեմ համարում գնալ լուծման՝ կենտրոնանալով որոշ կարևոր կետերի վրա և ուշադրությունից դուրս թողնելով մյուս կարևոր կետերը: Պետք է հասկանալ, թե ինչպես է միևնույն կամ նմանատիպ հարցին պատասխանում Ադրբեջանը. իսկ պատրա՞ստ են արդյոք նրանք ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:ТАСС - Համաձա՞յն է արդյոք Հայաստանը տարածաշրջանում ռուսաստանյան ռազմական դիտորդների տեղակայմանը` զինադադարի և անվտանգության երաշխիքների ապահովման նպատակով: Եթե ոչ ռուսաստանյան, ապա մյուս ո՞ր երկրները կարող էին մասնակցել նման առաքելությանը: Ո՞ր երկրների մասնակցությանն է Հայաստանը կտրականապես դեմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ես արդեն ասացի, որ մեր ներկայացուցիչները մասնակցել են և համաձայնեցրել են հրադադարի ռեժիմի մոնիթորինգի ուղղությամբ համատեղ գործողությունների ծրագիրը: Այսինքն՝ մենք մեր մասով աշխատանքն արդեն արել ենք՝ ռուսաստանյան գործընկերների հետ: Եվ ասացի, որ այդ Ադրբեջանն է, որ մինչ այժմ չի մասնակցել այդ աշխատանքներին: Ինչ վերաբերում է երկրներին, որոնք կարող էին մասնակցել:Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և մեզ համար ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները սատարում են Ռուսաստանի՝ տարածաշրջանում կայունության վերականգնմանը միտված ջանքերին: Եվ այս կամ այն երկրի մասնակցության վերաբերյալ բոլոր հարցերի մասով՝ կարծում եմ, այդ երկրներն արդեն նշված են, այն երկրները, որոնք պետք է ակտիվորեն մասնակցեն գործընթացին: Դա Ռուսաստանն է, որն այս գործընթացի ամենաակտիվ մասնակիցն է և նաև Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները, որոնք նույնպես մասնակցում են: Թե որը որքանով և ինչ ակտիվությամբ պետք է մասնակցի այդ գործընթացին, դա արդեն համանախագահող երկրների միջև համաձայնության գալու հարց է: Հայաստանը չի առարկում, որովհետև Հայաստանի համար ընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Այս պահին մեր ակնհայտ դիրքորոշումն այն է, որ Թուրքիան, որը գործնականում դարձել է այս պատերազմի գլխավոր հրահրողը, ոչ մի կերպ չի կարող մասնակցել խաղաղապահ կամ խաղաղ գործընթացներում, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիան շահագրգռված չէ խաղաղության մեջ: ТАСС - Ռուսաստանը մտահոգություն հայտնեց Մերձավոր Արևելքից, մասնավորապես՝ Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի գոտի զինյալների տեղափոխման վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես այդ մասին արդեն խոսեցի: Չի կարող պատահականություն լինել այն, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի սկսվելուց, էսկալացիայից հետո, այն հաղորդագրություններից հետո, որ ահա այդ վարձկանները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին, կա տեղեկատվություն, այդ թվում՝ արաբական երկրների զանգվածային լրատվության միջոցներում, որ որոշ խմբավորումներ ջախջախվել են մարտի դաշտում, ցրվել են տարբեր կողմեր: Ինձ համար ակնհայտ է, որ Սիրիայից այն զինյալները - Ռուսաստանն արդեն պաշտոնապես ասել է, որ նրանք սիրիացի զինյալներ են - այդ ջախջախված խմբավորումների որոշ մասերը կամ առանձին դեմքերն ուղղակիորեն տեղափոխվում են Ռուսաստան, որովհետև կարծում եմ, որ նրանք Ռուսաստանը նույնպես համարում են թշնամի, ինչպես Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը: Հարցն այն է, թե ինչպես կշարունակվի այս ողջ գործընթացը: Արդյոք Ռուսաստանը կսպասի՞, որպեսզի այս բոլոր տարրերը տեղափոխվեն Ռուսաստանի տարածք, և այնտեղ իրականացվեն հակաահաբեկչական արշավ կամ հակաահաբեկչական գործողություններ: Չգիտեմ, միգուցե Ռուսաստանի կառավարությունում կամ հատուկ ծառայություններում քննարկվո՞ւմ է հենց տեղում հակաահաբեկչական օպերացիա ձեռնարկելու հնարավորությունը: ТАСС – Նաև Լեռնային Ղարաբաղում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ նաև Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ է ձեռնարկել Սիրիայում, որը բավական հեռու է Ռուսաստանից: Որովհետև այնտեղ սիրիացի զինյալների և ահաբեկիչների գործողություններն ուղիղ սպառնալիք էին ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Այժմ արդեն ռուսաստանյան փորձագետները - ես, իհարկե, չգիտեմ, թե որքանով է ճիշտ այս հաշվարկը - ասում են, որ նրանք գտնվում են Ռուսաստանի սահմանից մոտ մինչև 80 կմ հեռավորության վրա: Սա արդեն բոլորովին այլ իրավիճակ է: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանը լեգիտիմ իրավունք և հիմքեր ունի, որպեսզի արձագանքի այդ իրավիճակին: ТАСС- Վերջին 26 տարում աշխարհն այդպես էլ չհասկացավ, թե գոնե ընդհանուր գծերով ի՞նչ տեսք կարող է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի առումով: Ինչպե՞ս եք տեսնում այս ապագան: Պատրա՞ստ եք զիջումների գնալ հանուն խաղաղության, թե՞ ոչ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք պատրաստ ենք փոխզիջման: Մենք միշտ ենք դա ասել: Եվ մեզ համար փոխզիջման մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Եթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխզիջմանը, ապա կարելի է ասել, որ փոխզիջման համար նախադրյալներ կան: ТАСС - Արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մոսկվայում կայացավ՝ շնորհիվ 3 երկրների ղեկավարների պայմանավորվածության: Պատրա՞ստ եք ինքներդ գալ Մոսկվա, որպեսզի հանդիպեք Ձեր գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասացի՝ մենք միշտ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ցավոք, այդ Ադրբեջանն է, որ համաձայն չէ այս տեսակետի հետ: Մեր դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման: Իմիջիայլոց, եթե հակառակ կողմից չկա փոխզիջման պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի իրավունքի, մեր հայրենակիցների իրավունքների համար: Սա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումն է: Եվ ես կարծում եմ, որ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է: ТАСС – Պարոն վարչապետ, շնորհակալ եմ հարցազրույցի համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ:
18:36 - 19 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով Բաքվում է |azatutyun.am|

Թուրքիայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով Բաքվում է |azatutyun.am|

azatutyun.am:  Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսաֆա Շենթոփն «Անադոլու» գործակալության հետ զրույցում ընդգծել է, որ «ոչ միայն Թուրքիան, այլև 83 մլն թուրք ժողովուրդը սատարում են Ադրբեջանին իր սրբազան պայքարում»: Նրա համոզմամբ, «ակնհայտ դարձավ, որ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը լոկ խոսքեր չեն, այլ աշխարհում նմանը չունեցող դաշինք»: «Մենք Ադրբեջանի կողքին ենք, քանի որ նրա պայքարն արդար է: Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանից անջատ չի եղել: Ղարաբաղը Ադրբեջանի հողն է», - հայտարարել է Շենթոփը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հայտնի բանաձևերը: Կրկնելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին հնչեցրած պնդումը, Շենթոփը ևս հայտարարել է, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները սպառազինում են Հայաստանին»: «Այս երկրների ստանձնած պարտավորությունը հարցի արդարացի լուծումն է: Ահա սա է 30 տարի այն չլուծելու պատճառը: Քանի որ չեն ուզում լուծել», - ասել է թուրքական խորհրդարանի նախագահը: Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է:
16:09 - 19 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների հարցով Նախարարների կոմիտեում քննարկում է եղել |armtimes.com|

Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների հարցով Նախարարների կոմիտեում քննարկում է եղել |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների հարցով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում մեկ անգամ արդեն քննարկում է եղել: Այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ ավելի վաղ ՀՀ-ն դիմել էր ՄԻԵԴ-ին՝ խնդրանքով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից միջանկյալ միջոցների չկատարման հարցը բարձրացվի Նախարարների կոմիտեում: Նշենք, որ Նախարարների կոմիտեն ԵԽ որոշում կայացնող մարմինն է, որի կազմում ներկայացված են բոլոր անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կամ Ստրասբուրգում նրանց մշտական դիվանագիտական ներկայացուցիչները: Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին Նախարարների կոմիտեն պաշտպանում է Խորհրդի հիմնարար արժեքները եւ վերահսկում անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։ Եվրոպայի խորհուրդն այժմ ունի 47 անդամ պետություն: Դրանցից են, օրինակ, Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը: ԵԽ անդամ են նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը: Նախարարների կոմիտեում կայացած քննարկումը եղել է ՀՀ-ի խնդրանքի՞ հիման վրա, թե՞ դատարանն է սեփական նախաձեռնությամբ հարցը փոխանցել Կոմիտեին՝ Կիրակոսյանն այս պահին հստակ չգիտեր, միայն նշեց, որ մտահոգություններ ունեն եւ այդ հարցով Դատարանին նորից դիմելու են. «Կիրառված միջանկյալ միջոցների ամբողջական կյանքի կոչելը, հասկանում ենք, բարդ է, հատկապես, որ լիարժեք պատերազմական գործողություններ են ընթանում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ միջանկյալ միջոցները շատ կարեւոր են հիմա եւ հետագայում էլ շատ կարեւոր են լինելու»: Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Կոնվենցիայով նախատեսված մեխանիզմները, որ ներառում են նաեւ Նախարարների կոմիտեի միջամտությունը, երբ չեն պահպանվում միջանկյալ միջոցների պահանջները, շուտով կգործեն: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:24 - 19 հոկտեմբերի, 2020
Ուրուգվայի հայերն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանին և Արցախին |azatutyun.am|

Ուրուգվայի հայերն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանին և Արցախին |azatutyun.am|

azatutyun.am: Ուրուգվայի հայերը նորից դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ իրագործվող պատերազմի դեմ: Մոնտեվիդեոյի ծովեզերքին տեղի ունեցավ ավտոերթ՝ Հայաստանի և Արցախի դրոշներով, հարյուրավոր ավտոմեքենաների մասնակցությամբ: Ավտոերթի կարգախոսն էր՝ խաղաղություն Արցախի համար և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի ու անկախության ճանաչում: Վերջին օրերին Ուրուգվայի թե՛ գործադիր և թե՛ օրենսդիր իշխանությունները հատուկ հայտարարություններով անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին: Հայկական կողմը դրական է գնահատել Ուրուգվայի կեցվածքը, մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը ուժեղացրել են իրենց ճնշումները և բողոքները հրապարակված դիրքորոշումների կապակցությամբ: Ուրուգվայի լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են ղարաբաղյան պատերազմը և հակամարտության ծագումը: Ուրուգվայահայերը հայտարարել են, որ ջանք չեն խնայելու, որպեսզի Ուրուգվայի պետությունը իր նպաստը բերի Արցախում նոր հայկական ցեղասպանության կանխարգելմանը:
15:20 - 19 հոկտեմբերի, 2020
Դադարե՛ք անտեսել, ճանաչե՛ք Արցախի անկախությունը. ԱՄՆ դեսապանատան դիմաց բողոքի ակցիա է ընթանում |armenpress.am|

Դադարե՛ք անտեսել, ճանաչե՛ք Արցախի անկախությունը. ԱՄՆ դեսապանատան դիմաց բողոքի ակցիա է ընթանում |armenpress.am|

armenpress.am: Բազմաթիվ քաղաքացիներ Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել՝ ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրելով Արցախում թուրք-ադրբեջանական ուժերի, սիրիացի վարձկանների վայրագրությունների վրա, պահանջելով, որ ԱՄՆ դեսպանը կամ դեսպանատան որևէ ներկայացուցիչ այցելի Ստեփանակերտ, Շուշի և այլ քաղաքներ՝ տեսնելու և արձանագրելու այդ վայրագրությունների արդյունքները: Ցուցարարները պահանջում են նաև ճանաչել Արցախի անկախությունը: Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, մասնավորապես, ասաց. «Հայաստանն այսօր Արցախի հետ միասին կռիվ է տալիս ահաբեկչական Թուրքիայի, Ադրբեջանի և սիրիական ահաբեկիչների դեմ: Դուք չեք կարող անտարբեր նայել այս ամենին, դուք իրավունք չունեք ուղղակի»: Նա շեշտեց՝ եթե այս ամենը չկանխվի, այդ ահաբեկիչները կհասնեն նաև ԱՄՆ:  Հավաքվածները նշեցին, որ այդ ահաբեկիչների դեմ այսօր պարիսպ է կանգնեցնում հայ ժողովուրդը: Նրանք հարց բարձրացրին՝ ինչո՞ւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չի այցելում Ստեփանակերտ, Շուշի, Հադրութ և այլ քաղաքներ՝ տեսնելու ադրբեջանական կողմի վայրագրությունները: «Ո՞վ խոսեց Ստեփանակերտի, Շուշիի, Հադրութի մասին, ո՞վ խոսեց ավերված եկեղեցու մասին»,- նշեցին հավաքվածները: Նրանք կոչ են անում անմասն չմնալ հայ ժողովրդի ցավին, դադարեցնել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան: Ցույցի մասնակիցները վանկարում են. «Դեսպան, դուրս արի», «Ճանաչեք Արցախը», «Կանգնեցրեք ցեղասպանությունը»: Բարձրացված պաստառների վրա գրված է. «Ճանաչել Արցախը», « Ձեր լռությունը՝ նոր ցեղասպանություն», «Կագնեցնել Թուրքիայի ահաբեկչությունը», «Ալիև՝ ահաբեկիչ, Էդրողան՝ ահաբեկիչ» : Հավաքվածները շեշտադրում են, որ եթե այս ահաբեկչությունն այստեղ չկանխվի, տարածվելու է աշխարհով մեկ: Ցույցի մասնակիցները հայերեն և անգլերեն ելույթներ են ունենում, կոչեր անում, երգում հայրենասիրական երգեր, պահանջում, որ դեսպանատան ներկայացուցիչը դուրս գա՝ հանդիպելու իրենց և լսելու իրենց պահանջը: Դեսպանատնից համաձայնեցին, որ հավաքվածներից երեք հոգի հանդիպեն իրենց ներկայացուցչի հետ՝ փոխանցելու բոլորի պահանջը: Դեսպանատնից, սակայն, թույլ չտվեցին, որ լրատվամիջոցները ներկա գտնվեն հանդիպմանը:
15:14 - 19 հոկտեմբերի, 2020
ԵՄ արտգործնախարարը շեշտում է՝ հրադադարը պետք է լինի անվերապահ և պահպանվի երկու կողմից |azatutyun.am|

ԵՄ արտգործնախարարը շեշտում է՝ հրադադարը պետք է լինի անվերապահ և պահպանվի երկու կողմից |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտգործնախարարը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ՝ հորդորելով կողմերին հավատարիմ մնալ մարդասիրական հրադադար հաստատելու վերջին պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Ֆրանսիայի նախաձեռնությամբ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ։ «Հրադադարը պետք է լինի անվերապահ և պահպանվի երկու կողմից», - զրույցից հետո հայտարարել է Ժոզեպ Բորելը՝ հավելելով. - «Ես ընդգծեցի, որ խաղաղ բնակիչների դեմ հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն, դրանք ոչ մի արդարացում չունեն։ Նաև կրկնել եմ, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը կողմերին ու ԵԱՀԿ-ին՝ խնդրի տևական կարգավորմանը հասնելու հարցում»։ Պաշտոնական Երևանն, իր հերթին, հաղորդել էր, թե արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը զրույցի ընթացքում բարձրացրել է Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող խոշտանգումների, նվաստացուցիչ վերաբերմունքի և սպանությունների թեման և խորը մտահոգություն հայտնել «միջազգային հանրության որոշ դերակատարների դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ»: Պաշտոնական Բաքվի հաղորդմամբ էլ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը զրույցում վերստին հայկական կողմին է մեղադրել հրադադարի խախտման համար։
15:00 - 19 հոկտեմբերի, 2020