Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Արցախում ադրբեջանցի ռազմագերուն բուժօգնություն է ցուցաբերվում, նա վիրահատվել է |armenpress.am|

Արցախում ադրբեջանցի ռազմագերուն բուժօգնություն է ցուցաբերվում, նա վիրահատվել է |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանցի ռազմագերի Յուլսիյվ Նուռադին Բախտիյարօղլուին Արցախում համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նշեց, որ ըստ անհրաժեշտության ռազմագերիներին ցուցաբերվում է մարդասիրական բուժօգնություն ու վերաբերմունք: «Նրան մարդասիրական կանոններին, միջազգային իրավունքին ու մեր ներպետական օրենսդրությանը համապատասխան բուժօգնություն ու մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերվում: Նա ըստ կարիքի վիրահատվել է, և ոչ միայն ինքը, մնացածին էլ համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել ու ցուցաբերվում»,- նշեց Բեգլարյանը: Ինչպես հայտնեցին «Արմենպրես»-ի աղբյուրներն Արցախից, վիրահատված ռազմագերու անունը Յուլսիյվ Նուռադին Բախտիյարօղլու է: Ռազմագերին արդեն 10 օր է, ինչ հիվանդանոցում է և ստանում է համապատասխան բուժօգնություն:
16:47 - 16 հոկտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդւոնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Единая Россия խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին

Արայիկ Հարությունյանն ընդւոնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Единая Россия խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներԱյսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել ենք ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաև ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կարևոր դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում»։
16:19 - 16 հոկտեմբերի, 2020
Միջազգային հանրությունը ԼՂ պարագայում պետք է ընդունի անջատում հանուն փրկության սկզբունքը. Վարչապետի հարցազրույցը՝ RTS-ին

Միջազգային հանրությունը ԼՂ պարագայում պետք է ընդունի անջատում հանուն փրկության սկզբունքը. Վարչապետի հարցազրույցը՝ RTS-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստաընկերությանը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական թուրքական ագրեսիայի հետ կապված հարցերին:RTS - Որքանո՞վ է լուրջ մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: ԿԽՄԿ-ն խոսում է երկու շաբաթ տևած մարտերի հետևանքով տուժած հարյուր հազարավոր մարդկանց մասին:Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այո, իհարկե, եթե ընդհանրապես ազդեցությունը վերցնենք, ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև տարածաշրջանում, դա ճիշտ գնահատական է: Եվ իրավիճակն առավել քան լուրջ է, որովհետև տեղի են ունենում շատ մեծ ծավալի ռազմական գործողություններ: Նույնիսկ ռազմական փորձագետները նշում են, որ 21-րդ դարում դեռևս այս ծավալի ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, որովհետև ներգրավված են բոլոր հնարավոր տեսակի զինատեսակներ՝ տանկեր, զրահամեքենաներ, անօդաչու թռչող սարքեր, ամենատարբեր տեսակի հրետանի, հրթիռային հրետանի, ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ և մեծ թվով զորքեր: Այնպես որ, իրավիճակն առավել քան լուրջ է: Եվ շատ կարևոր է արձանագրել, երբ Թուրքիայի նախաձեռնությամբ և ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա, առաջին իսկ օրերից Ադրբեջանի կողմից հրթիռակոծվում և հրետակոծվում են Ղարաբաղի բնակավայրերը, քաղաքները և գյուղերը, և ավելի քան 10 օր հրետակոծություններից հետո, երբ հասկանալի էր, որ դադար չի լինելու՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված էր որոշակի կանխարգելիչ և սահմանափակող հարվածներ տալ գոնե Ղարաբաղի հրետակոծությունը և հրթիռակոծությունը մեղմացնելու համար:RTS - Հրադադարը չպահպանվեց: Երկու կողմերում էլ զոհվում էին խաղաղ բնակիչներ: Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Հայաստանը մարտերը դադարեցնելու համար:Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հրադադարի համաձայնությունը ոչ թե չպահպանվեց, այլև ընդհանրապես կյանքի չկոչվեց, որովհետև հրադադարի պայմանավորված ժամի մեկնարկին հենց Ադրբեջանը նոր հարձակումներ սկսեց բոլորովին նոր ուղղություններով: Ինչ վերաբերում է փոխզիջումներին, Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել փոխզիջումների, բայց փոխզիջում նշանակում է զիջում երկու կողմից: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբեք էլ որևէ զիջման պատրաստ չի եղել, և սա է պատճառը, որ իրավիճակը զարգանում է այս տրամաբանությամբ և այս հունով: Եվ կարծում եմ՝ հիմա առավել ևս Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ, նաև այն պատճառով, որ Թուրքիան է մեծապես կառավարում պրոցեսները, այդ թվում՝ Ադրբեջանում: Իսկ Թուրքիայի համար սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիր է, այլ թուրքական նոր կայսերապաշտական, էքսպանսիոնիստական քաղաքականությունը շարունակելու խնդիր, իսկ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք ծավալվելու, էքսպանսիոնիստական քաղաքականություն վարելու համար: Այնպես որ, ես կարծում եմ՝ այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ իրավիճակը, ըստ էության, արդեն դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տրամաբանությունից և ընթանում է շատ ավելի լայն տրամաբանությամբ: Եվ Թուրքիայի այն քաղաքականությունը, որ հիմա վարում է Հարավային Կովկասում, պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերություններում:RTS – Պարոն վարչապետ, հայերը, բացի Լեռնային Ղարաբաղից, վերահսկում են նաեւ յոթ շրջան: Դա նման է բուֆերային գոտու: Պատրա՞ստ եք հանձնել այս 7 շրջանները՝ Լեռնային Ղարաբաղի հարցով քաղաքական կարգավորում ստանալու համար:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտե՞ք, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ոչ թե Լեռնային Ղարաբաղի և շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշումների պոտենցիալը քննարկվի հենց Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերվում է ընդհանրապես տարածքային հարցին, ես ուզում եմ արձանագրել, որ հայկական կողմերը պատրաստ են եղել փոխզիջման և 2011թ կազանյան պրոցեսի շրջանակում հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել այդպիսի փոխզիջումային փաստաթուղթ, բայց Ադրբեջանն է հրաժարվել այդպիսի փաստաթղթի ստորագրումից, մի պարզ պատճառով, որ այնտեղ որոշակի ընթացակարգ է նախատեսված եղել, որի միջոցով Լեռնային Ղարաբաղը կարող է իրականացնել ինքնորոշման, այսինքն` սեփական կարգավիճակը ճշգրտելու իրավունքը: Մենք պետք է այս իրավիճակը շատ ճիշտ հասկանանք, խնդիրն այն է, որ հիմա Ադրբեջանը խնդիր է դրել իր առաջ Թուրքիայի և Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ վերահսկողության տակ առնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը և այն ազատել հայկական բնակչությունից: Մենք այսպիսի իրավիճակի հետ գործ ունենք: Եվ հայկական կողմը կրկին ասեմ, որ պատրաստ է եղել ձեր նշած փոխզիջումների 2011թվականին, բայց 2011-ին Ադրբեջանը հրաժարվել է այդ լուծումից, որովհետև նա հետևողականորեն գնացել է ռազմական լուծման, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը պետք է հայաթափվի:RTS - Դուք ասում եք, որ Լեռնային Ղարաբաղում կան սիրիացի վարձկաններ: Թուրքիան և Ադրբեջանը «ոչ» են ասում: Ի՞նչ կոնկրետ ապացույցներ ունեք:Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ ապացույցներն արդեն հրապարակված են: Կան տեսանյութեր, որոնք հատուկ ծրագրերի միջոցով, նույնականացվել են տեղանքի հետ և հիմա արդեն ապացուցված փաստ է, որ այդ տեսաձայնագրություններն արվել են պատերազմական գործողությունների օրերին առաջնագծում: Եվ հենց սիրիացի ահաբեկիչներն իրենք են արել այդ տեսանյութերը, որոնք ինչ-ինչ ձևերով արտահոսել են և հայտնվել համացանցում ու հիմա գործնականում ամբողջ համացանցը հեղեղված է այդպիսի նյութերով. գործնականում սա ապացուցված է: Այդ փաստը պաշտոնապես ընդունել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը և այլ երկրներ: Եվ հիմա հարցի կարգավորման համատեքստում ես շատ կարևոր եմ համարում, որ միջազգային հանրությունը մինչև հարցի կարգավորման բովանդակությանն անցնելը, հստակ արձանագրի թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Որովհետև դա հարցի կարգավորման միջազգայնորեն ընդունված սկզբունքներից մեկի կոպտագույն խախտում է, որը վերաբերվում է հետևյալին, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում չպետք է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառվի: Եվ Ադրբեջանը հետևողականորեն կիրառել է այդ ուժի սպառնալիքը ու հիմա էլ ուժ է կիրառում և հիմա էլ այդ ուժը կիրառում է Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ: Իսկ այդ ապացույցները հրապարակված են և, ըստ էության, նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն է այդ ապացույցները հրապարակել՝ նաև հետազոտական աշխատանքի միջոցով: Դուք գիտեք, որ հնարավորություն կա հեռախոսների միջոցով արված տեսագրությունները տեղայնացնել, թե այդ տեսանկարահանումը որտեղ է տեղի ունեցել և այդ տեղայնացման ծրագրերի միջոցով ապացուցված է, որ այդ ահաբեկիչները և վարձկանները տեսագրություններն իրականացրել են հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, առաջնագծում:RTS – Պարոն վարչապետ, ի՞նչ եք ակնկալում Շվեյցարիայից: Եվ հիասթափվա՞ծ եք արդյոք արևմտյան որոշ երկրներից:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտե՞ք, խնդիրն այն է, որ հիմա Լեռնային Ղարաբաղը գտնվում է հումանիտար աղետի շեմին և հումանիտար աղետի վիճակում: Ես Ձեզ միայն մի իրավիճակ ներկայացնեմ, որ այս վերջերս, երբ կանխարգելիչ և զսպող հարված էր հասցվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից ադրբեջանական Գյանջա քաղաքին, Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել էին օտարերկրացի դեսպանների այց այդ տարածաշրջան, որպեսզի ցույց տան, թե ինչ է տեղի ունենում: Բայց ես ուզում եմ ասել, որ մինչև այժմ ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել Ստեփանակերտ, չի այցելել Ղարաբաղի մյուս քաղաքներ՝ տեսնելու համար այն հսկայական ավերվածությունները, որոնք շարունակական, երկշաբաթյա և ավելի՝ մինչև օրս 19 օրյա հրետակոծությունների և հրթիռակոծությունների արդյունքում պատճառվել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ուղղակի մարդկանց բնակարանները և շենքերն ավերվում են: Ընդամենը մի քանի օտարերկրացի, սահմանափակ թվով օտարերկրացի լրագրողներ են, որ այդ ամենն արձանագրել են: Իսկ ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել՝ տեղում տեսնելու, թե ինչ է կատարվում: Ինչ վերաբերվում է՝ ինչ ակնկալիք ունենք Շվեյցարիայից, վերջերս շվեյցարական Ժնև քաղաքի քաղաքային խորհուրդը շատ խորհրդարանական մի բանաձև ընդունեց, որտեղ արձանագրեց, որ անջատում հանուն փրկության գաղափարը կարող է կիրառելի լինել Լեռնային Ղարաբաղում: Այսինքն, Լեռնային Ղարաբաղն այդ գաղափարով, դա հայտնի միջազգային տերմին է, որը կոչվում է անջատում հանուն փրկության, երբ որոշակի տարածաշրջաններ, ժողովուրդներ անկախություն են ստանում այն բանի հաշվառմամբ, որ նրանք որևէ այլ երկրի կամ նրանց նկատմամբ հավակնություններ ունեցող երկրի իշխանության ներքո չեն կարող գոյատևել: Եվ ես ակնկալում եմ Շվեյցարիայից և Շվեյցարիայի մարմիններից, որ նրանք առաջինը հստակ արձանագրեն, որ Թուրքիան Սիրիայում վարձել է վարձկաններ և ահաբեկիչներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, նաև սեփական զորքերից է տեղափոխել Ադրբեջան և Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների հետ համատեղ սկսել է ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, այսինքն հումանիտար ճգնաժամի շեմին: Սա մի իրավիճակ է, երբ միջազգային հանրությունը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի պարագայում անկախության ճանաչում հանուն փրկության սկզբունքը, որովհետև հակառակ պարագայում Լեռնային Ղարաբաղի հայությունը կենթարկվի ցեղասպանության: Եվ սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա: Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նշանակում է, որ այնտեղ ոչ մի հայ չի բնակվելու, ի հեճուկս այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը:RTS – Դուք կոլեկտիվ անվտանգության պայմանագրով կապված եք Ռուսաստանի հետ: Չորեքշաբթի օրը Ադրբեջանը հայտարարեց, որ առաջին անգամ է հարվածել հայկական տարածքին: Ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի դերը: Ակնկալում եք ավելի շատ աջակցություն Մոսկվայից:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք մշտական կոնսուլտացիաների մեջ ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում: Արդեն իսկ հստակ հայտարարություններ են եղել, որ որոշակի իրավիճակների զարգանալու դեպքում՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մեծ հաշվով կարծում եմ՝ Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի, ավելի ընդարձակ դեր ունի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու գործում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Շատ կարևոր եմ համարում, քանի որ Ռուսաստանը մեր տարածաշրջանին ամենամոտիկ և ներկա համանախագահն է, մյուս համանախագահները՝ Ամերիկայի միացյալ նահանգները, Ֆրանսիան և ընդհանրապես միջազգային հանրությունը աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդպիսի կայունացնող ջանքեր գործադրելու ճանապարհին:
16:11 - 16 հոկտեմբերի, 2020
ԼՂ հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել Իրանում |azatutyun.am|

ԼՂ հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել Իրանում |azatutyun.am|

azatutyun.am:  France-Presse գործակալությունը հաղորդում է, որ ուրբաթ օրը Իրանը կրկին նախազգուշացում է տվել հարևան Ադրբեջանին և Հայաստանին, այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել սահմանի իրանական կողմում: «Եթե նման կրակի կրկնություն լինի, Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարբեր չի մնա», - Թվիթերում գրել է արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ՝ չհստակեցնելով, թե որ կողմին է Թեհրանը պատասխանատու համարում վերջին հրետակոծության համար: Ըստ իրանական IRNA լրատվական գործակալության` ընդհանուր առմամբ 10 հրթիռ է հարվածել Իրանի սահմանային Խոդա Աֆարին շրջանի գյուղերին՝ վիրավորելով մեկ մարդու և փլուզելով շենք։ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի այս շրջանը սահմանակից է հայերի կողմից վերահսկվող տարածքին, ոստեղ թեժ մարտեր են ընթանում անցած սեպտեմբերի վերջից։ Մարտական գործողությունների առաջին շաբաթվա ընթացքում ականանետերից արձակված արկերը բազմիցս շեղվել են և հարվածել սահմանից այն կողմ ՝ իրանական տարածքում։ Արկերից մեկը վիրավորել է վեց տարեկան մի երեխայի:
15:38 - 16 հոկտեմբերի, 2020
Արցախի ճակատամերձ Մարտունին հրետակոծում են՝ անտեսելով անգամ հրադադարի համաձայնությունը. ՏԱՍՍ-ի անդրադարձը |armenpress.am|

Արցախի ճակատամերձ Մարտունին հրետակոծում են՝ անտեսելով անգամ հրադադարի համաձայնությունը. ՏԱՍՍ-ի անդրադարձը |armenpress.am|

armenpress.am: Միջազգային լրագրողների խումբն Արցախի՝ ճակատային գծից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մարտունի փոքրիկ քաղաքում արձանագրել է՝ այն հրետակոծման Է ենթարկվում ամեն օր նույնիսկ հրադադարի ռեժիմի համաձայնությունից հետո: Ռուսական ՏԱՍՍ-ի թղթակիցը պատմել է, որ բնակավայրի շատ բնակիչներ մեկնել են, մնացածները պատսպարվում են նկուղներում, եւ միայն ամենահամարձակներն են երբեմն մի քանի րոպեով փողոց դուրս գալիս: «Լրագրողները մոտենում են տեղի վարչակազմի շենքին, արագորեն իջնում եւ թաքնվում մուտքի մոտ ծառերի տակ կամ մտնում նախասրահ, որպեսզի անօդաչուները մարդկանց մեծ կուտակումներ չֆիքսեն բաց տարածքում: Քաղաքի շրջակայքում ինչ-որ տեղ լսվում են արկերի չդադարող պայթյունները»,-պատմել է լրագրողը: «Բառացիորեն մի քանի րոպե առաջ հակառակորդը հրետակոծեց քաղաքը: Գնդակոծումները շարունակվում են ամեն օր նույնիսկ զինադադարից հետո,- նշել է զինվորական համազգեստ հագած քաղաքապետը:- Մեր դեմ գործում են անօդաչուներ, «Գրադներ», «Սմերչներ», «Ուրագաններ», եղել Է նույնիսկ ավիահարձակում: Ընդամենը հակամարտության Էսկալացիայի սկզբից ի վեր Մարտունիում զոհվել Է հինգ խաղաղ բնակիչ, եւ տասը վիրավորվել Է»:  Քաղաքապետը լրագրողներին նախազգուշացել է, որ կրկին գնդակոծման հավանականությունը չափազանց մեծ Է, առաջարկել կես ժամից մի ժամ սպասել ոչ հեռվում գտնվող նկուղում, նախքան կմեկնեն նկարահանելու քաղաքը եւ շփվելու տեղացի բնակիչների հետ: «Քաղաքն ամայի Է, սոսկ ժամանակ առ ժամանակ մեծ արագությամբ անցնում են մարդատար ավտոմեքենաներ. յուրաքանչուր վարորդ ցանկանում Է հնարավորինս արագ հասնել նպատակին եւ վերադառնալ փրկարար նկուղ: Ապաստարաններից կանայք գրեթե դուրս չեն գալիս, իսկ տղամարդիկ երբեմն դուրս են գալիս՝ ստուգելու իրենց տունն ու տնտեսությունը: Բակերից մեկում տանտերն, անտեսելով վտանգը, թղթակիցներին համառորեն հրավիրում Է մտնել տուն, դույլից գինի լցնում գավաթը, խաղող քաղում եւ առաջարկում հյուրերին: Հետո ուղեկցում Է այգի եւ ցույց տալիս արկի առաջացրած ձագարափոսը: Երբ քաղաքում մնալն արդեն դառնում Է շատ վտանգավոր, լրագրողները մեկնում են՝ հրաժեշտի «հաջողություն» եւ «զգույշ եղեք» մաղթանքներով»,-պատմում է ՏԱՍՍ-ը:
15:18 - 16 հոկտեմբերի, 2020
Իրանի ռազմական կցորդին փոխանցվել է, որ ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել սահմանային հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին

Իրանի ռազմական կցորդին փոխանցվել է, որ ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել սահմանային հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ: Լևոն Այվազյանը տեղեկացրել է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին. Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Իրանական կողմին ևս մեկ անգամ ներկայացվել է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների` Իրանի հետ սահմանից անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու անհրաժեշտությունը: Արցախի պաշտպանության բանակի անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում, ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
15:16 - 16 հոկտեմբերի, 2020
«Թուրքիային բացառելը խաղաղության բանալին է Կովկասում: Շատ հայերի այս պատերազմը հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը»․ Արմեն Սարգսյանը The Critic-ին տված հարցազրույցում

«Թուրքիային բացառելը խաղաղության բանալին է Կովկասում: Շատ հայերի այս պատերազմը հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը»․ Արմեն Սարգսյանը The Critic-ին տված հարցազրույցում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական The Critic պարբերականին: Հարցազրույցի նախաբանում լրագրող Կապիլ Կոմիրեդին համառոտ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղը և իրավիճակը. Լեռնային Ղարաբաղը լի է աշխարհի ամենահին քրիստոնյա պետության խորհրդանիշներով: Հակառակ պատմությանն ու ժողովրդագրությանը՝ խորհրդային վարչակարգն այս տարածքը նվիրեց ադրբեջանցիներին: Այս որոշումը, սակայն, որևէ կերպ չկարողացավ ջնջել հասարակ մարդկանց կապվածությունն ու նվիրվածությունը: Խորհրդային Միության փլուզման ժամանակ տեղի հայերը, օգտվելով առիթից, հանրաքվե անցկացրեցին և մեծամասնությամբ որոշեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից ու հռչակել անկախություն: Ոչ ոք չճանաչեց դրա արդյունքները: Եվ երբ ի վերջո ԽՍՀՄ-ը փլուզվեց, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավունքը Խորհրդային Ադրբեջանից անցավ Բաքվի դրա իրավահաջորդ պետությանը: Սակայն այն, ինչ այսօր տեղի է ունենում, սովորական բան չէ: Այս անգամ պատերազմը տարբերվում է: Գործողությունների բռնկման հաջորդ օրն ինձ հետ զրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս երկիրն առերեսվել է «գոյության ճգնաժամի» հետ: Հաջորդած շաբաթների ընթացքում հազարավոր կյանքեր ոչնչացվեցին երկու կողմերում: Սահմանամերձ շրջաններում պատերազմների ավերակներ են: Թուրքիան, որը մեկ դար առաջ ցեղասպանական գործողություն իրականացրեց հայերի դեմ՝ կոտորելով 1.5 մլն հայ, այս պատերազմի լիարժեք մասնակիցն է: Անկարան ոչ միայն ռազմական ու նյութական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի, այլև Սիրիայից մոջահեդների է տեղափոխել կովկասյան առաջնագիծ: Կովկասում տեղի ունեցող դեպքերը կարող են հեռու թվալ, սակայն դա այդպես չէ: Այս հակամարտությունը ներուժ ունի աճելու և ներքաշելու մյուսներին: Մենք կարող ենք դրա հետևանքները կրել՝ նախքան այս ամենի մասին հասկանալը: Շաբաթ օրը Ռուսաստանի միջնորդությամբ ժամանակավոր հրադադար հայտարարվեց, որպեսզի հնարավոր լիներ Կարմիր խաչի հետ մարտի դաշտից հավաքել ու փոխանակել հարյուրավոր դիակներ: Սակայն հրադադարի հայտարարումից րոպեներ անց այն խախտվեց: Երեքշաբթի ես զրուցեցի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Սարգսյանը հատկապես հայտնեց Իսրայելի հետ կապված իր հիասթափությունը, որը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: Նախագահը, ով, որպես երիտասարդ խորհրդային տեսական ֆիզիկոս, Սթիվեն Հոքինգի հետ իր ավարտական աշխատանքն է արել Քեմբրիջի համալսարանում, նախքան որպես Լոնդոնում ՀՀ դեսպան 1990-ականներին և 2000-ականներին Միացյալ Թագավորություն գալը, թեպետ սիրով է խոսում Բրիտանիայի մասին, սակայն հորդորում է նրա կառավարությանն ու ժողովրդին՝ անհապաղ ուշադրություն դարձնել, թե ինչ է տեղի ունենում Կովկասում: «Եթե Թուրքիան գրավի ողջ տարածաշրջանը, ապա Աստված օգնական բոլորիս»,- նախազգուշացնում է նա: Հարցազրույցը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև. Կապիլ Կոմիրեդի-Շաբաթ օրը Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվել էր ժամանակավոր հրադադար, որը, սակայն, րոպեների ընթացքում խախտվեց: Ո՞վ էր հրադադարը խախտել: - Փաստացիորեն՝ ադրբեջանական կողմը: Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ ժամը 12-ից, սակայն դրանից անմիջապես հետո հրետակոծության ենթարկվեց Ստեփանակերտի քաղաքացիական բնակչությունը: Սա է փաստը: Եվ եթե ուզում եք հասկանալ, թե ինչու նրանք հրետակոծեցին, ապա ասեմ, որ դա տրամաբանական էր, քանի որ հայկական կողմը չէ, որ սկսել էր այս պատերազմը: Հայկական կողմը կռվում է իր տան համար: Հայերի համար հաղթանակը նշանակում է պաշտպանել տունը, երեխաներին, թոռներին, պապերին, ժառանգությունը, կյանքը, որ այստեղ ապրել ես հազարավոր տարիներ, նշանակում է պաշտպանել քո հավատքը: Սա է պատճառը, որ Ղարաբաղում ռազմական կառույցները գտնվում են գյուղերից և քաղաքներից հեռու, քանի որ դրանց առկայությունը կարող է սպառնալ քաղաքացիական բնակչության անվտանգությանը: Հայերը չեն սկսել պատերազմը: Ադրբեջանն է սկսել` նպատակ ունենալով, ինչպես իրենք են ասում, «ազատագրել» Լեռնային Ղարաբաղը հայերից, ովքեր բնակչության բացարձակ մեծամասնություն են այստեղ: Կապիլ Կոմիրեդի- Ադրբեջանի Գյանջա քաղաքը հրթիռակոծվել է: Գյանջան դուրս է վիճարկելի տարածքից: Ի՞նչ հնարավոր արդարացում կարող է լինել քաղաքին հարվածելու համար: - Որպես Հանրապետության նախագահ, ես կարող եմ խոսել Հայաստանի կառավարության անունից՝ հենվելով այն տեղեկության վրա, որն ինձ է տրամադրել Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև նախօրեին իր հարցազրույցում արտաքին գործերի նախարարը, հստակորեն հայտարարել են, որ Հայաստանը չի հարվածել Գյանջային: Ուստի, կարծում եմ՝ եթե կա հարց, ապա այն պետք է ուղղել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին: Բայց եկեք հարցին նայենք համատեքստում: Իսկ ինչպե՞ս էր ադրբեջանական կողմն ակնկալում կռվել պատերազմում. պատերազմի առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ին, նրանք սկսեցին հարվածել Ստեփանակերտին: Եթե այսօր նայեք Ստեփանակերտին, այն նման է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքի՝ ամբողջությամբ ավերված է: Ոչ թե մեկ կամ երկու կառույց, այլ՝ քաղաքի կեսը չկա: Ինչպե՞ս ես ուզում սկսել պատերազմ, խախտել բոլոր կանոնները, հրետակոծել քաղաքացիական բնակչությանն ամենուր և հետո զարմանալ, որ ինչ-որ մեկը հրետակոծել է քեզ: Ես չունեմ տեղեկություն, որ պաշտպանության բանակը նման բան է արել, ես պարզապես վերլուծում եմ զայրույթը: Երբ այստեղ հրետակոծության հազարավոր դեպքեր են եղել, և միայն մեկը՝ այնտեղ, արդյո՞ք կարելի է հավասարություն դնել: Կապիլ Կոմիրեդի - Եթե Դուք ենթադրում եք, որ սա կարող էր լինել պատասխան հրետակոծություն ադրբեջանցիների կողմից հայ քաղաքացիական բնակչությանը հրետակոծելու համար, արդյո՞ք դա չի նշանակի, որ ինքնապաշտպանության բանակը... - Ոչ, ոչ, ես այդպես չեմ կարծում: Այդ իսկ պատճառով ես ունեմ կասկածներ: Ոչինչ չես շահի մեկ կամ երկու շինություն հրետակոծելով և ավերելով: Ես ցավում եմ ցանկացած կյանքի կորստի համար՝ անկախ նրանից, թե որ կողմում, անկախ նրանից, դա կլինի երիտասարդ զինվորի, թե քաղաքացիական անձի կյանք: Դա մարդկային կյանքի կորուստ է: Կապիլ Կոմիրեդի- Երկու հնարավորություն կա: Առաջինը, սա կարող է լինել ինչ- որ տարր, որն ընտրել է պատասխան հրետակոծությունը, որովհետև հարվածի են ենթարկվել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը: Կամ սա կարող է լինել գործողություն կեղծ դրոշի ներքո՝ իրականացված հենց ադրբեջանցիների կողմից: Եթե սա առաջինն է... - Դա Դուք եք ասում, ոչ ես: Ես թողնում եմ, որ ինքներդ ենթադրություններ անեք հարցի վերաբերյալ... Կապիլ Կոմիրեդի- Սակայն առաջին մասը խիստ մտահոգիչ է, այնպես չէ՞, քանի որ դա կնշանակի, որ դուք չեք վերահսկում իրավիճակը: - Մտահոգիչ է նաև այն, որ այսօր մենք կենտրոնացել ենք միայն մեկ հրետակոծության վրա: Հենց այս պահին, մինչ մենք խոսում ենք, նրանք հրետակոծում են Ստեփանակերտը: Կապիլ Կոմիրեդի- Ես հասկանում եմ, ես պարզապես ուզում եմ... - Այն, ինչ ունենք, հայտարարված հրադադարն էր, որը նրանք չեն պահպանում: Կապիլ Կոմիրեդի- Լեռնային Ղարաբաղի ուժերը չե՞ն ենթարկվում Հայաստանին: Քանի որ եթե նրանք հրետակոծում են առանց ձեր իմացության, նրանք չե՞ն հրաժարվում ձեզ ենթարկվել: - Դրանք ինքնապաշտպանական ուժեր են, անկախ հանրապետության բանակ: Այդ մարդիկ քվեարկել են, այս տարի ընտրություններ են անցկացրել, շատ ժողովրդավար՝ համեմատած մեր որոշ հարևանների հետ, ժողովրդավարական ճանապարհով ընտրել են խորհրդարան ու նախագահ: Նրանք ունեն իրենց սեփական բանակը և իրենք են այն կառավարում: Այլ պատմություն է, որ Հայաստանից կամավորներ կան: Նրանք բավական շատ են, և նրանց անհնար է կանգնեցնել, քանի որ նրանք նույն ազգի ներկայացուցիչներ են: Եթե Էրդողանն ասում է, թե թուրքերն էթնիկ կապեր ունեն ադրբեջանցիների հետ, ապա այս դեպքում սա ավելին է, քան «կապ»-ը, նրանք հայեր են: Եվ նրանք միայն Հայաստանի հայերը չեն, նրանք ողջ աշխարհի հայերն են: Եվ, որպես հանրապետության նախագահ, ես գիտեմ, որ հազարավոր հայերի հերթեր են գոյացել Ռուսաստանում, Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Արգենտինայում և այլուր, ովքեր ուզում են գալ ու որպես կամավոր կռվել, քանի որ նրանց այս պատերազմը հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը: Թուրքական ներգրավվածությունն ու հռետորաբանությունը, ագրեսիվ կեցվածքը, ռեսուրսների կիրառումը՝ սկսած օդանավերից, դրոններից, ռազմական տեխնիկայից, ռազմական խորհրդատուներից, սպաներից ընդհուպ մինչև իսլամիստ ահաբեկիչներ... Թուրքիան նրանց բոլորին բերել է այստեղ, և այս ամենը հայերին հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Կապիլ Կոմիրեդի- Որպես մի ժողովրդի նախագահ, որը սփռված է, և որին Թուրքիան մեկ դար առաջ ցանկացել էր վերացնել, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է աշխարհը նայի այս ներկայացմանը, որտեղ Թուրքիան, ինչպես ինձ ասել է վարչապետ Փաշինյանը, համակարգում է Հայաստանի դեմ պատերազմը: - Դուք կարող եք խնդրին նայել տարբեր տեսանկյուններից: Թույլ տվեք ներկայացնել մի քանիսը: Ադրբեջանի համար սա պատերազմ է, որտեղ նրանք ցանկանում են էթնիկ զտում իրականացնել: Նրանք ցանկանում են «ազատել» Լեռնային Ղարաբաղն այնտեղ բնակվող հայերից: Իսկ դա էթնիկ զտում է: Ահա այսպիսի պատերազմ է Ադրբեջանը ցանկանում վարել: Ինչո՞ւ է Թուրքիան այստեղ: Նախ, Ադրբեջանին դաս տալու համար՝ ասելով, որ դուք չեք կարող հաղթել, իսկ մենք կարող ենք օգնել ձեզ այդ հարցում, ասել՝ դուք մեր էթնիկ եղբայրներն եք, սակայն չեք կարող դա անել, մեր կարիքն ունեք այսօր, մեր կարիքն եք ունենալու վաղը և ընդմիշտ: Երկրորդը, դաս տալու հայերին՝ ասելով՝ եթե հույս ունեք կամ ակնկալում եք, որ մենք ճանաչելու ենք ցեղասպանությունը, ապա մոռացեք դրա մասին, մենք այստեղ ենք և շարունակելու ենք այն, ինչ սկսել ենք հարյուր տարի առաջ, մոռացեք առաջին ցեղասպանությունը ճանաչելու մասին: Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա, եթե անկեղծ, նրանց համար միևնույնն են միջազգային հանրությունն ու նրա կարծիքները: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և անգամ ԱՄՆ Սենատը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան կտրականապես հրաժարվում է ճանաչել այն: Իսկ ի՞նչ է սա ողջ աշխարհի հայերի համար: Սա հիշեցումն է ցեղասպանության, և հայերը երբեք թույլ չեն տա, որ այն կրկնվի: Ի՞նչ է սա Հայաստանի հայերի համար: Ղարաբաղը մշտապես Հայաստանի մաս է կազմել: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը շատ պարզ պատճառով: Մենք կարող էինք հեշտությամբ ճանաչել Լեռնային Ղարաբաղը 1994 թվականին: Առաջին պատերազմից հետո՝ 1994 թվականին, երբ հայերը հաղթանակ տարան, մենք ազատ էինք ճանաչելու հարցում, և ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չէին կարող դրա դեմ հանդես գալ: Բայց քանի որ Մինսկի գործընթացը սկսեց խաղաղության շուրջ բանակցությունները, հայկական կողմը որոշեց միակողմանիորեն չճանաչել՝ բանակցությունների հնարավորություն տալով, հանուն խնդրի տևական լուծման: Ճանաչումը կարող էր բարդացնել այս հարցը: Դա է եղել հայկական կողմի մոտեցումը: Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղի վրա գործադրված ճնշումը շարունակի աճել, և բանակցությունների հեռանկար չլինի, այդ դեպքում, իհարկե, Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան Լեռնային Ղարաբաղը ճանաչելը: Օրինակ բերեմ, թե մենք ինչեր ենք դիմագրավել: Լեռնային Ղարաբաղի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Շուշին, գտնվում է Ստեփանակերտի հարևանությամբ: Այնտեղ կան հայկական եկեղեցիներ և մեկ մզկիթ: Առաջին պատերազմից հետո հայերը վերականգնեցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Տաճարից որոշակի հեռավորության վրա գտնվում է մզկիթը: Եվ այդ մզկիթը ևս վերականգնել են Լեռնային Ղարաբաղի հայերը: Առաջին բանը, որ ադրբեջանցիները խոցեցին Շուշիում, եկեղեցին էր: Հայերի մոտեցումն էր՝ վերականգնել մզկիթը, իսկ ադրբեջանական մոտեցումը ՝ ոչնչացնել եկեղեցին, որտեղ ապաստանում էին երեխաներ և տարեցներ: Սրանք երկու շատ տարբեր մոտեցումներ են: Կապիլ Կոմիրեդի- Դուք ասում եք, որ թուրքերը հաշվի չեն առնում միջազգային հանրության խոսքը: Հաճախ ենք լսում «այլևս երբեք» արտահայտությունը: Նկատի ունենալով հայ ժողովրդի պատմությունը՝ արդյո՞ք միջազգային հանրությունը պետք է հաշվի նստի Թուրքիայի հետ: -Այս հարցը երկու պատասխան ունի: Առաջին պատասխանը բխում է մեր պատմությունից՝ կապված Հայոց ցեղասպանության հետ: Եթե միջազգային հանրությունը թուրքերին թույլ տա այսօր դա կրկին իրականացնել՝ 21-րդ դարում, ավելի քան հարյուր տարի անց, որի միջակայքում եղել են նաև Հոլոքոսթը, ցեղասպանությունը Ռուանդայում, նշանակում է, որ այդ հարյուր տարիներն իզուր են եղել, և մենք դասեր չենք քաղել: Սա հարցի մի կողմն է: Մյուս կողմից՝ Թուրքիան հետաքրքրված է նաև Ադրբեջանի բռնազավթմամբ՝ այնտեղ մնալով եղբայրության և այլնի մասին իր կարգախոսներով: Կապ չունի՝ հակամարտությունը կավարտվի՞, թե ոչ, նրանք կմնան այնտեղ՝ հսկայական ազդեցություն գործադրելով Ադրբեջանի վրա: Նրանք կորոշեն Ադրբեջանի ապագան, կվերահսկեն էներգետիկ աղբյուրները Կասպից ծովից մինչև Եվրոպա: Երբ նրանք հայտնվեն Ադրբեջանում, կդադարեն լինել սպառող և կվերահսկեն խողովակաշարերը: Բոլոր նրանք, որոնք գտնվում են Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայի և մինչև Եվրոպա ձգվող երկրները, պատանդ կդառնան, երբ Թուրքիան իրական վերահսկողություն ունենա Կասպից ծովի էներգետիկ աղբյուրների վրա: Կապիլ Կոմիրեդի- Թուրքիան զսպվածություն չի ցուցաբերել Ադրբեջանին աջակցելու հարցում: Հայտարարել է, որ «երկու պետություն ենք, մեկ ազգ»: Մյուս կողմից, Ռուսաստանն, այնուամենայնիվ, որոշ չափով զուսպ է ձեզ ուղղված աջակցության հարցում՝ չնայած Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Դուք հիասթափվա՞ծ եք Մոսկվայի՝ նման արձագանքից: -Ես հիասթափված եմ մի շարք գործոններից: Հիասթափված եմ, որ ՆԱՏՕ-ն թույլ է տալիս իր անդամ երկրին ներգրավվել երրորդ կողմի հակամարտության մեջ, որի հետ Թուրքիան ընդհանրապես կապ չունի: ՆԱՏՕ-ի անդամն օգտագործում է ՆԱՏՕ-ի ամենաժամանակակից զենքերը՝ F-16-ներ, ԱԹՍ-ներ և ներգրավում զինվորների, առանց մանդատի: Ես հիասթափված եմ նաև, որ Եվրամիության կողմից բավարար ճնշում չկա: Ես հիասթափված եմ, որ ԱՄՆ-ի կողմից մեծ ճնշում չկա, թեև կարող եմ հասկանալ պատճառը: Ամերիկան զբաղված է նախագահական ընտրություններով: Նաև հիասթափված եմ մասնավորապես Իսրայելից, որովհետև նա շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին: Հիասթափված եմ, քանի որ շատ հրեա ընկերներ ունեմ և բարեկամական հարաբերություններ՝ հրեա համայքների հետ: Գիտեմ՝ իսրայելցիների մեծամասնությունը ցանկանում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի: Սակայն գործող կառավարությունը հրաժարվում է դա անել: Փաստացի, այդ երկրի կառավարությունը, ինչպես իրենք են ասում, «պաշտպանական» զենքեր է վաճառում մի երկրի, որը դրանք օգտագործում է հայ ժողովրդի դեմ հարձակվելու նպատակով: Նրանք պետք է դադարեցնեին մատակարարումները, երբ պատերազմը սկսվեց: Նրանք դա չարեցին: Այս հարցում ես միակը չեմ, որ հիասթափված է: Իմ հրեա ընկերները՝ Իսրայելից մինչև Նյու Յորք, մինչև Մոսկվա, նույնպես մեծապես դժգոհ են այդ ամենից: Անդրադառնալով Ռուսաստանին՝ կարող եմ նշել, որ Ռուսաստանը հայտնել է, որ եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության վրա, կհարգի իր բոլոր երկկողմ և բազմակողմ պայմանագրերի դրույթները: Նա կկանգնի Հայաստանի կողքին, եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության վրա: Կապիլ Կոմիրեդի- Ձեզ բավարարու՞մ է այդ հավաստիացումը: -Դա այն է, ինչ ասել է ռուսական կողմը: Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ: Դա գաղտնիք չէ: Նա լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի հետ: Դա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է անկեղծ միջնորդ լինել: Թուրքիան չի կարող այդ դերն ունենալ: Թուրքիան բացահայտ այն կողմից է: Ես, իհարկե, չեմ հավատում նրանց անհեթեթությանը՝ կապված «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսի հետ: Նույն տրամաբանությամբ, Թուրքիան կարող է նույնն ասել Կենտրոնական Ասիայի պետությունների մասին: Ռուսաստանի լավ հարաբերություններն Ադրբեջանի հետ նշանակում են, որ նա կարող է հրադադարի միջնորդ լինել: Երկու կողմն էլ կարող են վստահել Ռուսաստանին: Կցանկանայի, որ մեր բոլոր բարեկամները, այդ թվում ՝ Ռուսաստանը, ավելի շատ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա: Բայց կցանկանայի բոլորի կողմից շատ ավելի մեծ ճնշում գործադրվեր Թուրքիայի վրա: Թուրքիան այս հակամարտությունում հիմնական բացասական գործոնն է: Այն պահին, երբ Թուրքիան դուրս բերվի այս խնդրից, վստահեցնում եմ, որ մեկ-երկու օրից պատերազմը կդադարի: Մնալով՝ Թուրքիան կվատթարացնի իրավիճակը ՝ ներգրավելով նաև ուրիշներին: Դա աղետալի կլինի: Կովկասում շատ մեծ հակամարտություն կլինի, որը կարող է շատ ավելի վատ լինել, քան նույնիսկ Սիրիայում է: Թուրքիային բացառելը խաղաղության բանալին է: Միջազգային բոլոր ճնշումները, այդ թվում ՝ Միացյալ Թագավորության կառավարության, վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից, պետք է ուղղված լինեն դեպի Թուրքիա, որպեսզի նա դուրս գա այս հակամարտությունից: Կապիլ Կոմիրեդի- Վարչապետ Փաշինյանը ինձ հետ զրույցում հակամարտությունը բնութագրեց որպես «գոյաբանական սպառնալիք» Հայաստանի համար՝ հաշվի առնելով Թուրքիայի ներգրավվածությունը: Ես նրա հետ խոսել եմ անցյալ ամիս՝ ռազմական գործողությունների բռնկումից մեկ օր անց: Այս ընթացքում շատերն են մահացել: Վախենու՞մ եք, որ Հայաստանի Հանրապետությունն այժմ վտանգված է: -Պատերազմը սրվել է: Այն աճել է իր ծավալով: Զոհերի թիվն այժմ հազարավոր է երկու կողմում: Ադրբեջանական կողմը չի հայտնում իր զոհերի մասին: Հայկական կողմում ամեն օր հեռուստատեսությամբ հայտարարվում են մահացածների անունները՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի բանակի, այնպես էլ հայ կամավորների անունները: Խնդիրն այն է, որ հումանիտար հրադադարը չի հարգվել Ադրբեջանի՛ կողմից, և մարտի դաշտում շատ մարմիններ կան: Կա նաև Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը, որն օրեցօր աճում է: Եթե հայկական կողմից ինչ-որ գործողություն կամ հայտարարություն է լինում, առաջինը արձագանքողը Բաքուն չէ, Անկարան է: Նրանք այս հակամարտությունը կապում են իրենց հետ: Նրանց կռիվը 150 հազար բնակչություն ունեցող փոքր հանրապետության հետ է, մի գեղեցիկ երկրի, որտեղ կարող եք գտնել հայկական թագավորությունների մասին վկայող մասունքներ մ.թ.ա. 1-ին դարից մինչև 4-րդ, 5-րդ դարեր, երբ այդ տարածաշրջանում ոչ Թուրքիան, ոչ էլ նրա «էթնիկ եղբայրները» ընդհանրապես գոյություն չունեին: Բայց, երբ նայում եք այս հսկայական կայսրությանը` Թուրքիային, որը կռվում է այդ փոքր հանրապետության դեմ, պարզ է դառնում, որ այդ ժողովուրդը պայքարում է իր կյանքի, պատմության, ժառանգության, երեխաների, թոռների, հավատքի համար: Ավելի լայն իմաստով նրանք կռվում են նաև Ռուսաստանի, Իրանի անվտանգության համար: Նրանք նաև անուղղակիորեն կռվում են Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: Եթե Թուրքիան և նրա մոջահեդները մնան այստեղ, նրանք սպառնալիք կլինեն Կովկասի և բոլորի համար: Այս փոքր ժողովուրդը, պայքարելով իր գոյատևման համար, նաև պաշտպանում է մյուսներին: Կապիլ Կոմիրեդի- Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վերջերս խոսեց Հայաստանի դիրքորոշման տեսանկյունից: Բրիտանիան, սակայն, սահմանափակվեց Կանադայի հետ միասին հանդես գալով մեղմ համատեղ հայտարարությամբ: Դուք Բրիտանիայում երկար տարիներ դեսպան եք եղել: Դուք մոտիկից ուսումնասիրել եք Բրիտանիան որպես դիվանագետ, ակադեմիկոս և քաղաքական գործիչ: Եվ գիտեմ, որ շարունակում եք մեծ և ջերմ հետաքրքրություն ունենալ Բրիտանիայի նկատմամբ: Ինչպե՞ս եք բացատրում այնտեղի անտարբերությունն այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում այնտեղ: -Մեզ համար սա ազգային գոյատևման խնդիր է: Եվ քանի որ հայերն աշխարհում ամենուր են՝ Սինգապուրից մինչև Արգենտինա ու Բրազիլիա, և, իհարկե, Ամերիկա, Եվրոպա, Մանչեսթեր, ես բոլոր հայերի ու Հայաստանի ընկերների և իմ ընկերների ուշադրությունն եմ հրավիրում: Բրիտանիան, դուրս գալով Եվրամիությունից, այժմ ինքն է իր սեփական ճակատագիրը վերահսկում: Եթե Բրիտանիան որոշել է դուրս գալ ԵՄ-ից, և այդ հանրաքվեն ներկայիս կառավարությունը ընդունում է, ես խնդրում եմ նրան մտածել այն մարդկանց մասին, ովքեր, օգտվելով իրենց ժողովրդավարական ընտրությունից, հանրաքվե անցկացրեցին՝ անջատվելով Ադրբեջանից, սակայն ստացան պատերազմ, մահ և տեղահանություն: Մեծ Բրիտանիան, դառնալով Եվրամիությունից անկախ և քրտնաջան աշխատելով իր տնտեսական վերականգնման ու քաղաքական ներկայության համար, այսօր պետք է իր ձայնն ավելի լսելի դարձնի, որպես անկախ պետություն՝ ԵՄ-ի հետ միասին պետք է պաշտպանի այն մարդկանց իրավունքները, ովքեր ընտրել են իրենց ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու ճանապարհը: Այն ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, հեռու է թվում, իրականում այդպես չէ: Եթե Թուրքիան տիրի այս տարածաշրջանում, Աստված օգնական բոլորիս:
12:58 - 16 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտում ծագած հրատապ կարիքները պահանջում են քայլեր ձեռնարկել` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքների և կորոնավիրուսային համավարակի հաղթահարմանը: «Ես շատ շնորհակալ եմ հրավերին արագ արձագանքելու համար, քանի որ իրավիճակն է այդպես պահանջում: Անշուշտ, տեղյակ եք Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակից՝ կապված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետ: Ինչպես գիտեք, առողջապահության նախարարությունը կազմակերպում է Արցախում վիրավորված քաղաքացիական անձանց, Հայաստան տեղափոխված քաղաքացիների ամբողջական բժշկական օգնությունը: Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր երկրում, պետք է շարունակենք պայքարը նաև այս ուղղությամբ», - նշել է նախարարը: Կողմերը քննարկել են առողջապահական ոլորտում ծագած հումանիտար խնդիրները, կարծիքներ փոխանակել այս ուղղությամբ երկրների միջև փոխգործակցություն ծավալելու առնչությամբ: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել հնարավոր ջանքեր գործադրելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների միջև հումանիտար կարիքների հասցեագրման ուղղությամբ հնարավոր փոխգործակցությունը խթանելու համար:
12:45 - 16 հոկտեմբերի, 2020
Սենատոր Պուշկովը նշել է ԼՂ հակամարտության զարգացման հավանական սցենարները |tert.am|

Սենատոր Պուշկովը նշել է ԼՂ հակամարտության զարգացման հավանական սցենարները |tert.am|

tert.am: Ռուս սենատոր, Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Երևանի և Բաքվի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ՝ նշելով դրա զարգացման հնարավոր սցենարները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Երևանի և Բաքվի բազային դիրքորոշումներն անընդունելի են, ինչը պարզ էր առանց Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների: Նրանց «կարմիր գծերը» փոխադարձաբար ոչնչացնում են միմյանց. նրանց միջև դեռևս չկան ոչ «չեզոք գծեր», և ոչ էլ փոխզիջման որևէ ակնարկ»,- գրել է Պուշկովը իր թերեգրամյան ալիքում:Նրա խոսքով՝ ՄԱԿ-ն այս դեպքում անզոր է, քանի որ միջազգային իրավունքի 2 կարևորագույն սկզբունք՝ տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը, «այստեղ բախվել են անզիջում մարտերի մեջ»:«Այս երկու սկզբունքներից մեկի առաջնահերթությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ապահովվում է ուժերի հարաբերակցության միջոցով: Հնարավոր է նաև հարցի լուծման հետաձգում այն դեպքում, երբ լուծումը ուժի ճանապարհով անհնար է կամ արգելափակվում է ավելի հզոր գերտերությունների կողմից, ինչպես, օրինակ, Մերձդնեստրում: Լեռնային Ղարաբաղը կրկին կարող նման բարդ լուծման օրինակ դառնալ»,- եզրափակել է սենատորը:
10:18 - 16 հոկտեմբերի, 2020
Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվել է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև
 |shantnews.am|

Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվել է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև |shantnews.am|

shantnews.am:  Այսօր Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվեց Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև։ Այս մասին տեղեկացրին Լյուքսեմբուրգում ՀՀ հյուպատոսությունից:   «ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏ Պատգամավորների պալատը, – հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է, – Արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ, սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը, – գիտակցելով, որ ընթացող մարտերը ամենադաժանն են 1994թ․կնքված զինադադարից հետո, – արձանագրելով երրորդ երկրների՝ մասնավորապես Թուրքիայի ներգրավմամբ աճող բարդությունները, – գիտակցելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանին իր քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում, նաև սիրիացի վարձկաններ ու ռազմական սարքավորումներ մատակարարելով, – Փաստելով, որ Թուրքիան վերջնագիր է ներկայացրել՝ պնդելով, որ հրադադարը կհաստատվի միայն, երբ Երևանի ( Հայաստանի) աջակցությունը վայելով ուժերը դուրս գան վիճելի տարածքից, – Գիտակցելով, որ այս ռազմական ու քաղաքական հակամարտությունը՝ երրորդ կողմերի մասնակցությամբ, կարող է հանգեցնել առավել մեծ ծավալի հակամարտության, Կոչ է անում Կառավարությանը – հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին – դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության, – աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994. մայիսին կնքված զինադադարի սկզբունքները»։
23:51 - 15 հոկտեմբերի, 2020
ՀՀ ՄԻՊ-ը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ-ի անմարդկային վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ

ՀՀ ՄԻՊ-ը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ-ի անմարդկային վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ

Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ:   Այդ տեսանյութերում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում են առավելագույն նվաստացման, իսկ հետո բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում: Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների պահվածքն ու խոսքը լցված են ատելությամբ:   Այս տեսանյութերը տարածվել են այսօր ադրբեջանական աղբյուրներով՝ նաև թիրախավորելով երեխաների ու տարեցների:   Այնուհետև, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հերքում այն մասին, թե իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ: Դրանից հետո, համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են հեռացնել տեսանյութերը:   Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն, բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետները ճշգրիտ տեղորոշել են նաև ադրբեջանական հանցավոր արարքների կատարման վայրն ու ժամը: Կատարվել է օգտագործվող խոսքի թարգմանություն, որն ամրագրվել է տեսանյութերում:   Տեսանյութերն ու լուսանկարները արդեն ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում՝ որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական ապացույցներ: Տեսանյութերը և լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ վաղն առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:
20:50 - 15 հոկտեմբերի, 2020
Ավստրիայի խորհրդարանի ընդունած բանաձևը դատապարտում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելը

Ավստրիայի խորհրդարանի ընդունած բանաձևը դատապարտում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելը

Արցախի ԱԳՆ-ն մանրամասնում է, թե ինչ է ներառում երեկ Ավստրիայի խորհրդարանի ընդունած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը դատապարտող բանաձևը։«Դաշնային կառավարությանը, մասնավորապես` Եվրոպական և միջազգային հարցերի Դաշնային նախարարին հայցվում է շարունակել երկկողմ և բազմակողմ մակարդակներում աշխատելու երկու կողմերից մարտերի անհապաղ դադարեցման և միջազգային իրավունքի, մասնավորապես` քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության միջազգային իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։ Այս համատեքստում Եվրոպական և միջազգային հարցերի Դաշնային նախարարին հայցվում է եվրոպական մակարդակով կոչ անել, որպեսզի Եվրամիությունը մարդասիրական օգնություն տրամադրի տուժած խաղաղ բնակչությանը և իր ազդեցությունն օգտագործի ԼՂ հակամարտության մեջ ներգրավված բոլոր դերակատարների վրա՝ խաղաղ բնակչության խնամքի համար մարդասիրական օգնության հասանելիության ապահովման նպատակով:Եվրոպական և միջազգային հարցերի Դաշնային նախարարին հայցվում է եվրոպական մակարդակով կոչ անել, որպեսզի Եվրամիությունն իր ազդեցությունը գործադրի բոլոր ներգրավված դերակատարների, մասնավորապես` Թուրքիայի վրա, որպեսզի դադարեցվի արտաքին միջամտությունը հակամարտությանը, ինչպիսիք են հակամարտող կողմերին զենքի մատակարարումը, նպաստել արագ դեէսկալացիայի հաստամանը, կայուն հրադադարին, այնքանով, որքանով թույլ է տալիս COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ դիտորդների արագ վերադարձի ուղղությամբ և վերադառնալ բանակցային սեղանին։Բացի այդ, պատասխանատու Դաշնային նախարարին հայցվում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բովանդակային բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը և, անհրաժեշտության դեպքում, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վիեննայում ուղիղ բանակցությունների կայացմանը»:https://www.parlament.gv.at/MEDIA/play.shtml?GP=XXVII...  
17:55 - 15 հոկտեմբերի, 2020