Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ադրբեջանը հիմնականում կիրառում է թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ |armenpress.am|

Ադրբեջանը հիմնականում կիրառում է թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի զինանոցում կան և կիրառվում են թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, ավելին՝ ադրբեջանական սպառազինությունում առկա ԱԹՍ-ները հիմնականում հենց այս երկու երկրների արտադրության են: Այս մասին հայտնեց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի զինանոցում կան թուրքական, իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր և արդյոք կիրառվել են, Մովսեսյանը պատասխանեց՝ այո, կան: «Հիմնականում իրենց սպառազինությունում այդ երկու պետությունների ԱԹՍ-ներն են»,-ասաց Մովսեսյանը: Մասնավորապես, նա անդրադարձավ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ներին, որոնք կարող են մինչև 12 հազար մետր բարձրության վրա թռիչք իրականացնել, վարել ակտիվ հետախուզություն, երկար ժամանակ մնալ օդում և  ուղղորդել կրակային միջոցներին: Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքին հարվածներ չեն հասցրել՝ Մովսեսյանը նշեց, որ դրանք սուտ են: «Առաջին իսկ օրվանից հակառակորդը հրթիռային հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին և մերձակա բնակավայրերին, հետագա օրերին նաև Սյունիքի մարզի ուղղությամբ, որոնց արդյունքում ունենք զոհեր, վիրավորներ: Հոկտեմբերի 10-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ներով երկու անգամ հարված է հասցրել Կապան քաղաքի օդային պաշտպանությունն իրականացնող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին, որի արդյունքում ունենք անձնակազմի կորուստներ, կա նաև սպառազինության՝ ռազմական տեխնիկայի ոչնչացում»,-ասաց նա:
17:19 - 15 հոկտեմբերի, 2020
Հենց սա է «ժառանգություն» թողնվել․ Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին |civilnet.am|

Հենց սա է «ժառանգություն» թողնվել․ Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի նախկին արտգործնախարար (2008-18) Էդվարդ Նալբանդյանը Armeniasputnik.am կայքում հոդված է հրապարակել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ իր պաշտոնավարման ժամանակ ձեռնարկված քայլերի վերաբերյալ՝ վերջում նշելով, որ «հենց սա է «ժառանգություն» թողնվել 2018-ի ապրիլից հետո բանակցությունները շարունակելու համար»։ Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հղած ուղերձում ներկայացրել էր Ղարաբաղի հարցում իր ստացած բանակցային ժառանգությունը՝ նշելով, որ դա ենթադրում էր․ «անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն, տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց՝ հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը: Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ ավելի ճիշտ՝ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև՝ դա անընդունելի էր»։ Էդվարդ Նալբանդյանի հոդվածը թարգմանաբար՝ ստորև․ Ադրբեջանը բանակցային գործընթացում տարիներ շարունակ առավելապաշտական դիրքեր է զբաղեցրել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կիսո՞ւմ էին Բաքվի նման մոտեցումը: Իհարկե՝ ոչ։ Ինչ է եղել 2008-2018թթ. բանակցային գործընթացում։ Համանախագահների կողմից առաջարկված և բանակցությունների առարկա դարձած բոլոր աշխատանքային փաստաթղթերը նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային լուծում՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցման փուլային իրականացմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում Լեռնային Ղարաբաղի բնակչության միջազգային իրավական պարտադիր բնույթ ունեցող ազատ կամարտահայտությունն արտահայտող քվեարկության միջոցով: Ընդ որում, արձանագրվում էր, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չեն սահմանափակվելու՝ ենթադրելով ցանկացած կարգավիճակի ընտրության հնարավորություն։ Հայկական կողմն այս ամբողջ ընթացքում չի քննարկել հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ աշխատանքային փաստաթուղթ, որը չէր նախատեսի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:   Եվ պատահական չէ, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում ։ Այդ ընթացքում հայեցակարգային փոփոխություններ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների՝ Լ 'Աքվիլայում (2009), Մուսկոկայում (2010), Դովիլում (2011), Լոս Կաբոսում (2012) և Էնիսկիլենում (2013) ընդունված հայտարարությունները՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման կարևոր հիմք, հստակ ամրագրեցին ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը, ինչը տարիներ շարունակ եղել է Երևանի դիրքորոշման անկյունաքարը: Այդ հայտարարություններում ընդգծվում է այն, ինչ դրվել է համանախագահների առաջարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերում՝ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով ։ Այն դիրքորոշումը, որով հանդես է եկել Հայաստանը տարիներ շարունակ, աջակցություն է ստացել միջազգային հանրության կողմից։ Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա միջազգային հանրությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի Հանրապետության շուրթերով հայտարարեց, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի մեկ ամբողջություն ներկայացնող երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա, և որ այդ սկզբունքներից մեկին առաջնահերթություն տալու փորձերը կխաթարեն խաղաղ կարգավորումը։ Բանակցությունների ընթացքում երեք տասնյակից ավելի էական փոփոխություններ են կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներում, որոնք կողմերին առաջարկվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007թ. նոյեմբերին Մադրիդում: Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ համապարփակ և երկարաժամկետ կարգավորումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության։ Եվ դա արտացոլված էր բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում։ Ադրբեջանը հակամարտության կարգավորման մոտեցումներում գրեթե հակադրվել է ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ հրաժարվելով համանախագահների առաջարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերից։ I. 2008թ. ապրիլից մինչև 2008թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Մայնդորֆյան հռչակագրի ընդունումը Բաքուն փաստացի հրաժարվում էր բանակցություններ վարել Մադրիդյան փաստաթղթի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների» հիման վրա: II. 2008թ. դեկտեմբերից մինչև 2011թ. հունիսի 24-ը (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կազանյան գագաթաժողովը) կողմերը Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ բանակցություններ էին վարում «հիմնարար սկզբունքների» համաձայնեցման շուրջ: Կայացել են նախագահների 12 երկկողմ (Հայաստան և Ադրբեջան) և եռակողմ (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) հանդիպումներ, արտգործնախարարների երեք տասնյակ հանդիպումներ: Ադրբեջանն ամեն անգամ հետքայլ է արել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Գագաթնակետը դարձավ Կազանի գագաթաժողովը, երբ, հակառակ միջնորդների ակնկալիքների, Ադրբեջանը փաստացի հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից՝ առաջ քաշելով 12 փոփոխություն։ III. 2011թ. հուլիսից (Սերգեյ Լավրովի այցը Երևան և Բաքու) մինչև 2012թ. հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը, Ռուսաստանը և համանախագահները փորձում էին համոզել կողմերին շարունակել բանակցային գործընթացը, այն վերադարձնել կառուցողական հուն՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում առկա դրույթների հիման վրա: Սակայն Ադրբեջանը հրաժարվեց դրանից։ IV. Չնայած Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ համանախագահ երկրների, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բազմիցս հնչեցրած կոչերին՝ շարունակել, արագացնել և ավարտել «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը, Ադրբեջանը մերժեց համանախագահների առաջարկած բոլոր տարբերակները՝ հայտարարելով դրանց համաձայնեցման անօգուտ լինելու մասին և առաջարկեց անցնել անմիջապես խաղաղ համաձայնագրի մշակմանը։ Համանախագահները և հայկական կողմը կասկած հայտնեցին, որ հնարավոր է համաձայնագիր մշակել, երբ չի հաջողվում համաձայնեցնել նույնիսկ կարգավորման հիմնական սկզբունքները։ V. 2014թ․ մարտ – 2016․ Աշխատանքային փաստաթղթերը, որոնք համանախագահները պատրաստել էին 2007թ. նոյեմբերից մինչև 2011թ. հունիսը (որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների առաջին քայլ՝ նպատակ ունենալով, որ դրանց համաձայնեցումից հետո այդ հիմքի վրա կմշակվի խաղաղ համաձայնագիր, որն իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ կունենար), փոխանցվել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին՝ Վիեննա, դեպոնացնելու համար: Ռուսաստանը և համանախագահները փորձել են վերսկսել «բարձրաձայն մտորումների մակարդակով» հանգուցալուծումներ գտնելու ջանքերը։ Կազանի գագաթաժողովում քննարկվող «հիմնարար սկզբունքների» նախագծից հետո բանակցությունների սեղանին չկար աշխատանքային փաստաթուղթ, որը կդառնար կողմերի միջև բանակցությունների առարկա։ ԵԱՀԿ-ում վերջին դեպոնացված փաստաթուղթը Կազանի փաստաթուղթն էր։ Պատահական չէ, որ Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել է, որ «ոչ մի փաստաթուղթ, բացի ԵԱՀԿ-ում դեպոնացված փաստաթղթերից, գոյություն չունի»։ «Լավրովի կամ որևէ այլ մեկի փաստաթուղթ չկա․․․ փնտրտուք է գնում, մտագրոհ՝ գաղափարների մակարդակով» (Ս.Լավրովի հայտարարությունը 2016թ. հունվարի 27-ին)։ Սակայն Ադրբեջանը չընդունեց հանգուցալուծումներ գտնելու նաև այս գաղափարները։ (Ամենայն հավանականությամբ, նոր աշխատանքային փաստաթուղթ կարելի է համարել Ս. Վ. Լավրովի (2020թ. ապրիլի 21-ի հայտարարությունը) կողմից 2019 թ. ապրիլին կողմերին հանձնված փաստաթուղթը, որը, նրա խոսքով, այդ ժամանակից ի վեր դարձել է բանակցությունների առարկա։ Չի բացառվում, որ դրանից հետո այլ փոփոխություններ էլ են առաջարկվել)։ VI. Ապրիլ 2016 - ապրիլ 2018. Ձախողվելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական բանակցություններում՝ Ադրբեջանը 2016թ. ապրիլի սկզբին լայնածավալ ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ փորձելով ուժային մեթոդներով պարտադրել իր մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակներում։ Ապրիլի 5-ին Մոսկվայում բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեցին 1994-1995 թթ.զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հիման վրա հրադադարի ռեժիմի վերականգնման մասին, որից հետո համանախագահները մի քանի հայտարարություն արեցին այդ համաձայնագրերի անվերապահ պահպանման անհրաժեշտության մասին: Բաքուն չկարողացավ հասնել ոչ ռազմական, ոչ քաղաքական նպատակների։ Վիեննայում (2016 թ. մայիսի 16), Սանկտ Պետերբուրգում (2016 թ. հունիսի 20) կայացած գագաթաժողովների արդյունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարությունները, այդ թվում՝ 2016 թ. դեկտեմբերին և 2017թ. դեկտեմբերին Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունները դրա վկայությունն են: VII. 1. Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ողջունել է 2008-2017թթ.եռանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների՝ Հելսինկիում (2008), Աթենքում (2009), Ալմաթիում (2010), Վիլնյուսում (2011), Դուբլինում (2012), Կիևում (2013), Բազելում (2014), Բելգրադում (2015), Համբուրգում (2016), Վիեննայում (2017) արված հայտարարությունները: Հայաստանը նաև ողջունել է 2010թ. Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակում ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը: Բաքուն հրաժարվել է աջակցել այդ հայտարարություններին կամ հետագայում հետքայլ է արել։ 2. Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է որպես բանակցությունների հիմք ընդունել եռանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հինգ հայտարարությունները, որոնք արվել են Լ' Ակվիլայում (10 մայիսի, 2009թ.), Մուսկոկայում (26 հունիսի, 2010թ.), Դովիլում (26 մայիսի, 2011թ.), Լոս Կաբոսում (19 հունիսի, 2012թ.), Էնիսկիլենում (18 հունիսի, 2013թ.): Ադրբեջանը գործնականում կարգավորման մոտեցումներում իրեն հակադրեց ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային հանրությանը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
17:13 - 15 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիան Թուրքիայից պահանջում է հարգել հրադադարը Ղարաբաղում |azatutyun.am|

Ֆրանսիան Թուրքիայից պահանջում է հարգել հրադադարը Ղարաբաղում |azatutyun.am|

azatutyun.am: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը դատապարտել է Թուրքիայի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում: Նախարարի փոխանցմամբ` տեղի հայության դեմ պայքարում Թուրքիան սատարում է Ադրբեջանին: «Չի լինի այս կոնֆլիկտում ռազմական հաղթանակ, հրադադարն անհրաժեշտ է պահպանել, բայց Թուրքիան միակ երկիրն է, որը չի ցանկանում հարգել հրադադարը, և դա շատ մեծ վնաս է հասցնում»,- ասել է Ժան Իվ Լը Դրիանը: Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարն այդ մասին հայտարարել է Փարիզում իր գերմանացի և լեհ պաշտոնակիցներ Հայկո Մաասի և Զբիգնև Ռաուի հետ համատեղ հանդիպումից հետո: Հանդիպման օրակարգում Ռուսաստանի հետ հարաբերությունների, Բելառուսում ստեղծված իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության թեմաներն էին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի միջև քննարկումների այդ ձևաչափը հայտնի է որպես «Վեյմարյան եռյակ»: Ֆրանսիան և Գերմանիան այդ հանդիպման ընթացքում Թուրքիային դատապարտել են նաև Եվրոպական միությանը Միջերկրականում սադրելու համար: Եվրամիությունն Անկարայից պահանջել է դադարեցնել ծովի վիճահարույց հատվածում բնական գազի որոնման և արդյունահանման ծրագիրը, սակայն թուրքերը երեկ նորից մի նավ են ուղարկել շրջան, որը միջազգային իրավունքի տեսակետից պատկանում է Հունաստանին և Կիպրոսին:
16:44 - 15 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը ահաբեկիչների հետ համագործակցության ճանապարհը բացել է դեռ 1992- ին. Վաղարշակ Հարությունյան |armenpress.am|

Ադրբեջանը ահաբեկիչների հետ համագործակցության ճանապարհը բացել է դեռ 1992- ին. Վաղարշակ Հարությունյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանն ահաբեկիչների հետ իր համագործակցությունը սկսել է Ղարաբաղյան դեռ առաջին պատերազմում՝ 1992-1994 թթ-ին: Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը: Հարությունյանը նկատեց, որ ադրբեջանա-թուրքական քարոզչական մեքենան փորձում է միջազգային հանրությանը ապակողմնորոշել և ներկայացնել, թե իբր ԼՂ-ի դեմ ռազմական գործողություններում չկա թուրքական մասնակցություն, չկան վարձկաններ, որոնք բերվում են հակամարտության գոտի, չեն թիրախավորվում եկեղեցիները և քաղաքացիական օբյեկտները: Սակայն, նրա խոսքով, Մինսկի խմբի համանախագահ պետություններում այլ բան են ասում: «Ռուսաստանի արտաքին հետախուզության պետը ներկայացրեց, որ կան վարձկան ահաբեկիչներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: ՌԴ նախագահը, Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց ունենալով, մտավախություն հայտնեց այդ մասով, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նույն տիպի ելույթ ունենալով դա ներկայացրեց, նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիային մեղադրեց, որ Թուրքիան այդ վարձկաններով ապահովում է Ադրբեջանին»,-ասաց Հարությունյանը: Նա նկատեց, որ  այդ մասին են խոսում նաև այլ պետություններ՝ Ավստրիան, Հունաստանը: Կան ապացույցներ, բայց հակառակորդը փորձում է դրանք հերքել: «Ադրբեջանն այդ հանցագործների, ահաբեկիչների հետ իր համագործակցությունը սկսել է դեռ Ղարաբաղյան առաջին պատերազմում՝ 1992-1994 թթ»,-ասաց Հարությունյանը: Նա ցույց տվեց ապացուցող փաստաթուղթը:  «Ադրբեջանի այսօրվա գենշտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը ստորագրել է մի փաստաթուղթ, որի համաձայն 520 հոգի ներգրավվում են Ադրբեջանի զորամասերից մեկում և մասնակցում մարտական գործողություններին: Դրանից հետո կա հրաման, որ զորակոչեն պահեստազորից սպաներին, որոնք տիրապետում են ֆարսի լեզվին: Կան կոնկրետ այդ 15 հոգու ազգանունները, որոնց զորակոչելու էին: Սա խոսում է այն մասին, որ ահաբեկիչների հետ համագործակցության ճանապարհն Ադրբեջանը բացել է դեռ 1992-ին և այսօր շարունակում է այդ գործողությունները՝ ներգրավելով նրանց տարածաշրջան»,-ասաց Հարությունյանը: Նա շեշտեց, որ դա սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի պետությունների համար: Դրա մասին հայտարարել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:
16:29 - 15 հոկտեմբերի, 2020
«Ադրբեջանը չի կարող ճեղքել պաշտպանության ճակատը, բայց սա ուժասպառության պատերազմ է» ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ |hetq.am|

«Ադրբեջանը չի կարող ճեղքել պաշտպանության ճակատը, բայց սա ուժասպառության պատերազմ է» ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ |hetq.am|

hetq.am: Արցախում ծավալվող ռազմական գործողությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ «Հետքը» զրուցել է աշխարհաքաղաքական գիտությունների դոկտոր, Փարիզի Սիանս-Պո (Sciences Po) Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Ֆրեդերիկ Անսելի հետ (Frédéric Encel): Պրն Անսելը Ֆրանսիայում Հայկական հարցի պաշտպանությամբ է զբաղվում, բայց եւ շատ ժամանակ է տրամադրում` բացատրելու, թե ինչ կշիռ ունի Հայաստանը աշխարհաքաղաքական առումով: «Եթե հաշվի առնվի երկրի տարածքը եւ դեմոգրաֆիան, երկուսն էլ շատ համեստ են, բայց դրա համեմատ Հայաստանը շատ լուրջ կշիռ ունի, աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ հետաքրքիր է եւ օբյեկտիվորեն գտնվում է հետաքրքիր տարածաշրջանում»,- նախորդ տարի Հայաստանում կարդացած  դասախոսության ժամանակ ասել էր պրն Անսելը: Պրն Անսել, ըստ Ձեզ, ինչու՞ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունները հիմա վերսկսեցին: Պատերազմի ժամանակացույցի հարցը շատ հետաքրքիր է, և կարծում եմ, որ այն կապված է ռազմական ուժերի հարաբերակցության հետ: Այսինքն՝ Բաքուն համարում է, անկասկած ոչ առանց պատճառի, որ ռազմական ուժերի հարաբերակցությունն այսօր իր համար ավելի բարենպաստ է, քան մի քանի տարի առաջ: Դա արդեն իսկ ճիշտ էր քառօրյա պատերազմի ժամանակ, սակայն այժմ, նոր սպառազինության ձեռք բերման և հարյուրավոր կամ հազարավոր թուրք վարձկանների աջակցության պայմաններում, հաշվի առնելով նաև, որ ակնհայտորեն պարոն Պուտինը չի շտապում վերջ դնել պատերազմին, և որ ամերիկյան ինքնաթիռն անօդաչու է մնացել, այս ամենի արդյունքում Ադրբեջանի իշխանությունները համոզված էին, որ պատերազմը հնարավոր էր, և նույնիսկ հաղթանակն էր հնարավոր: Եվ սա է պատճառը, որ, իմ կարծիքով, Բաքուն այսօր հակված չէ իրական հրադադարի, քանզի ռազմական ուժերի հարաբերակցությունն իրենց համար ավելի նպաստավոր է, քան նախկինում: Կա նաեւ Թուրքիայի գործոնը, որն աջակցում է Ադրբեջանին: Արդյո՞ք աշխարհաքաղաքական իրավիճակը նույնպես նպաստավոր չէր, մասնավորապես՝ այն, որ մեծ տերությունները զբաղված են սեփական խնդիրներով, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, որ մտահոգ է Բելառուսում տիրող իրավիճակով, Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են սպասվում։ Գուցե այդ պատճառով էր Ադրբեջանը մտածում, որ սա հարմար պահ է: Հետաքրքիր միտք է: Սակայն պետք է իմանալ՝ արդյոք պարոն Ալիևն այդ աստիճան լուրջ ռազմավարական մոտեցում է ցուցաբերում: Ես անձամբ վստահ չեմ: Ես կարծում եմ, որ քառօրյա պատերազմն ընթացել է մի համատեքստում, որը չէր ներառում բոլոր այդ գործոնները, սակայն սա չի նշանակում, որ դուք իրավացի չեք, չգիտեմ: Կարծում եմ, որ այդ ամենից անդին կա ավելի լուրջ մի միտում նրանց կողմից, որն, ըստ էության, ասում է հետևյալը. հայերը վերջին տարիներին ձեռք չեն բերել նոր, բարձր արդյունավետության ռազմատեխնիկա, մինչդեռ մենք նավթային հարստության շնորհիվ ունենք նման տեխնիկա, մասնավորապես՝ մարտական ԱԹՍ-ներ: Եվ սա բավական նոր երևույթ է: Իհարկե, դուք, թերևս, իրավացի եք ամերիկյան ընտրարշավի առումով, սակայն թույլ տվեք նշել կամ հիշեցնել, որ իրականում պարոն Թրամփն անհետևողական է, կատարելապես ոչ կոմպետենտ, վստահաբար տեղյակ չէ, թե Ղարաբաղը քարտեզի վրա որտեղ է գտնվում, դրանում կասկած չկա, ուստի ընտրարշավ լիներ, թե ոչ, կասկածում եմ, թե Ալիևը հույսը դրա վրա է դրել: Իհարկե, սա զուտ վարկած է, չեմ ասում, թե ձեր վարկածը սխալ է: Ո՞րն է Ռուսաստանի դերը այս իրավիճակում: Արդյո՞ք Ռուսաստանը կմիջամտի, թե՞ չեզոք կմնա, կամ թե ավելի հեռու կգնա՝ հաշվի առնելով, որ Թուրքիան կարող է կարեւոր դերակատար դառնալ Կովկասում: Գիտեք, Ռուսաստանի ընդհանուր ապրանքափոխանակման ծավալը հիմնված է սահմանափակ ապրանքատեսակներ արտահանող տնտեսության վրա: Այսինքն, Ռուսաստանն այսօր արտահանում է նույն բանը, ինչ Խորհրդային Միությունը արտահանում էր 1920-ական թվականներին՝ նավթ, բնական գազ և սպառազինություն: Ինչու՞ եմ սա ասում: Որովհետև Ռուսաստանի ՀՆԱ-ն, որը համարժեք է Իսպանիայի ՀՆԱ-ին, այսինքն՝ շատ աղքատ մի երկիր, Ռուսաստանը սպառազինության շուկայի խիստ կարիք ունի: Դուք շատ լավ գիտեք, որ Ռուսաստանը զենք է վաճառում միաժամանակ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Իհարկե, փոխադարձ ռազմական աջակցության համաձայնությունը կա Հայաստանի հետ, և կա ռուսական ռազմաբազան Հայաստանում: Բայց և այնպես, պետք է որ իմանաք, որ փոխօգնության պայմանագիրը չի վերաբերում Ղարաբաղին, չի վերաբերում Արցախին: Եվ կարծում եմ, որ այսօր Պուտինը մեծապես խաղարկում է այդ փաստը: Չեմ կարծում, թե նա վախենում է Թուրքիայից: Համոզված եմ, որ նա բնավ չի վախենում Թուրքիայից: Դրան հակառակ, նա պետք է հաշվի առնի, որ երկու պատերազմող կողմերը կարիք են ունենալու սպառազինության բավարար մակարդակ պահպանելու, որպեսզի Ռուսաստանը կարողանա շարունակել վաճառել դրանք: Ես պարոն Պուտինի որոշում կայացնելու վրա ազդող այլ փոփոխական չեմ տեսնում՝ նրա սպասողական դիրքորոշման առումով: Ամեն դեպքում, նույնիսկ եթե առայժմ նա ավելի շուտ չեզոք է երևում, նա շատ լավ գիտի, որ Միացյալ Նահանգների կողմից որևէ ճնշում չի սպասվում այս տարածաշրջանում, հետևաբար ինքն է գլխավոր դերակատարն այսօր, և նույնը կլինի վաղը: Ուստի և շտապելու որևէ պատճառ չունի: Իսկ ինչի՞ է սպասում նա, ըստ Ձեզ: Ես կարծում եմ, որ Պուտինը սպասում է տեսնի, թե կոնկրետ ինչպես է զարգանալու ուժերի հարաբերակցությունը: Պուտինին ոգեշնչող մտածողներից մեկը պրուսական ռազմագետ Կարլ ֆոն Կլաուզևիցն է, նա դա ասում է, լիովին ընդունում է, և նա մեկն է, ով առաջնորդվում է լոկ սառը և զուտ ուժերի հարաբերակցությամբ, մասնավորապես ռազմական ուժերի: Ուստի, պարոն Պուտինին հետաքրքիր է տեսնել, թե Ղարաբաղում, ի վերջո, ով է գերակշռելու: Եվ կարծում եմ, որ այդ ժամանակ, երբ կլինի, եթե՛ լինի, ճակատի ճեղքում, չափազանց կարևոր առաջխաղացում Ադրբեջանի կողմից, որը կհասնի Մեղրիի միջանցքին, այսինքն՝ կհասնի հարավում Հայաստանի տարածքին, կամ հայկական հակագրոհ, ինչպես 1993-94 թվականներին, որը կվտանգի 1994 թվականի զինադադարի սահմանագիծը, հասնելով ընդհուպ մինչև Ադրբեջանի սիրտը, և՛ առաջին, և՛ երկրորդ դեպքում, կարծում եմ, նա խաղի ավարտը կազդարարի: Բայց մինչ այդ, նա արձանագրում է կորուստները, հավանաբար արձանագրում է նաև, թե ինչպես են իր սեփական սպառազինություններն իրենց դրսևորում երկու կողմերում էլ, և ժամանակը նրա օգտին է աշխատում: Եվրամիությունը, հանձինս Ֆրանսիայի, Գերմանիայի, կարո՞ղ է որեւէ դեր կատարել: Եվրամիությունն առայժմ կարևոր դերակատար է տնտեսական և ֆինանսական հարթություններում, սակայն ոչ՝ աշխարհաքաղաքական դաշտում: Եվ մեր արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը լիովին իրավացի էր, երբ վերջերս հիշեցնում էր «Լը Մոնդ» օրաթերթի միջոցով, որ Եվրոպան, և այստեղ մեջբերում եմ նրան, «Եվրոպան պետք է աշխարհաքաղաքական լինի»: Այսինքն՝ Եվրոպան պետք է ավելի շատ միավորված լինի, բայց հատկապես ավելի շատ պետք է գիտակցի, որ պարտավոր է ստանձնել գլոբալ քաղաքականության բարոյական և ֆինանսական հարվածները, ներառյալ՝ երբեմն ռազմական բնույթի պատժամիջոցները: Այլապես Եվրոպան կարևոր դեր չի կատարի: Այսօր Եվրոպան դերակատար չէ Կովկասում, ինչպես դերակատար չէ Աֆրիկայում, Միջին Արևելքում կամ Ասիայում, որովհետև չի ցանկանում լինել: Այստեղ գործ ունենք հիմնականում տնտեսական և ֆինանսական բնույթի դերակատարի հետ: Եվ պետք է ասեմ, որ այս ընդհանուր տնտեսության մեջ, այս մայրցամաքում, քանի որ բրիտանացիները հեռացել են, մնացել է լոկ մեկ համաշխարհային տերություն, որն, իհարկե, միջին հզորության տերություն է, բայց և այնպես՝ համաշխարհային մակարդակի, և այն կոչվում է Ֆրանսիա: Եվ տեսեք, թե ինչ աստիճանի, թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հաճախ ծաղրի է ենթարկվում, սակայն տեսեք ինչպես, օրինակ, երկու շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահն ինչ-որ առումով Եվրամիության առաջնորդը դարձավ, երբ Հունաստանը և Կիպրոսը ագրեսիայի ենթարկվեցին իրենց համապատասխան տարածքային ջրերում, տեսեք՝ որքանով այդ նույն նախագահը, ինչ-որ առումով, ՆԱՏՕ-ի առաջնորդի դերը ստանձնեց, քանզի այդ կազմակերպությունը չունի պարագլուխ, պարոն Թրամփն առաջնորդ չէ, լուրջ չէր լինի նման բան ասելը: Այսպիսով, տեսեք, թե որքանով ընդամենը մեկ ռազմանավ և մոտ տասնհինգ «Ռաֆալ» ռմբակոծիչ-կործանիչ ուղարկելը՝ ի պաշտպանություն Հունաստանի, դրդեցին պարոն Էրդողանին անմիջապես իր նավերը նավահանգիստ վերադարձնել: Բավական հետաքրքիր փաստ է: Սա նշանակում է, որ երբ տեր եք կանգնում ուժերի հարաբերակցությանը, ձեզ լուրջ են վերաբերվում: Որքանո՞վ է վտանգավոր Սիրիայից վարձկանների տեղափոխումը Կովկասի տարածաշրջան: Տարբեր թվեր են ներկայացվում՝ 1000, 1500: Նախ և առաջ, այդ վարձկանների գոյությունը հավաստի փաստ է: Ինչ վերաբերում է նրանց թվաքանակին, չեմ կարծում, թե նրանք մի քանի հարյուրից ավելի են: Սակայն խնդիրը վարձկանների քանակը չէ, ամեն դեպքում, խնդիրն այդ վարձկանները չեն պատերազմի դաշտում, խնդիրն առավել քաղաքական է: Սա նշանակում է, որ Թուրքիան, առաջին անգամ 1994 թվականից ի վեր, մտադիր է ռազմական դեր խաղալ: Թուրքիան չի կարող անմիջականորեն հարձակվել Հայաստանի վրա, այն պատճառներով, որ քիչ առաջ դիտարկեցինք՝ Հայաստանը Ռուսաստանի պաշտպանության տակ է, դա անկասկած է: Եվ ռուսական պաշտպանության ներքո գտնվող պետության վրա հարձակվելու համար պետք է կատարելապես ապուշ լինել, ինչը չի կարելի ասել պարոն Էրդողանի մասին: Նա մի շարք այլ թերություններ ունի, բայց ոչ այդ մեկը: Ուստի, Թուրքիայի միակ հնարավորությունն, ինչ-որ առումով, վարձկաններ ուղարկելն է, ինչպես արել է Լիբիայում, ինչպես, ի դեպ, անում է Սիրիայում, քանզի Թուրքիան վարձկանների է աջակցում Սիրիայում և դրանց տեղափոխում է ռազմական գործողությունների բարեկամական կամ դաշնակից թատերաբեմ: Ինչն, ի դեպ, արդեն իսկ քաղաքական և ռազմական խնդիր է առաջացնում: Բայց չի կարելի համարել, որ դա կարող է վճռորոշ զենք լինել: Դրան հակառակ, ես կարծում եմ, որ բարոյապես և էթիկապես դա կեղտոտ գործիք է: Ուզում եմ դրանով ասել, որ ցեղասպանությունից 105 տարի անց, մի ցեղասպանություն, որի զոհն են օբյեկտիվորեն դարձել հայերը, և որն իրագործվել է մի քաղաքական ռեժիմի կողմից, որը մեծապես ընդունվում է ներկայիս Թուրքիայի հանրապետության կողմից, թեև վերջինս պատասխանատու չէ, սակայն մեծապես ընդունում է 1915 թվականի երիտթուրքերի ռեժիմի արժեքները, ուղարկել վարձկանների, որոնք արդեն իսկ իրենց բարբարոսների պես են պահել Սիրիայում, հայ քաղաքացիական բնակչության դեմ, դա ինչ-որ բան է նշանակում: Հասկանու՞մ եք: Եվ այդ նշանակությունը, բարոյական և էթիկական տեսանկյունից, պարզապես ամոթալի է: Դուք նաեւ Իսրայելի հարցով փորձագետ եք: Ի՞նչ կասեք Իսրայելի դերի մասին, որն ԱԹՍ-ների հիմնական մատակարարն է Ադրբեջանին, եւ ակնհայտ է, որ այս պատերազմը ԱԹՍ-ների պատերազմ է: Կասեմ նույնն, ինչ ասում եմ արդեն մոտ երկու շաբաթ ի վեր լրատվամիջոցներին, երբ ինձ այդ հարցն են տալիս, ի դեպ՝ ներառյալ իսրայելական լրատվամիջոցներին, ասել եմ և կրկնում եմ. առաջին՝ Իսրայելը ինքնիշխան պետություն է, և ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, ունի ինքնիշխան իրավունք՝ զենք վաճառելու ում ցանկանա: Երկրորդ՝ խնդիրն այն է, որ ներկայումս պատերազմական փուլում ենք գտնվում, որ այդ պատերազմը լիովին սանձազերծվել է երկու պատերազմող կողմերից մեկի՝ Ադրբեջանի կողմից, և որ իսրայելական զենքերը ոչ թե պաշտպանական են, այլ հարձակողական: Եվ վերջապես, երրորդ կետը՝ սա առավել ևս լուրջ խնդիր է առաջացնում, հաշվի առնելով, որ Իսրայելը այդպես էլ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով, եթե վերջին երկու կետը համադրեք, կարծում եմ, որ Իսրայելը հասել է բարոյական և էթիկական կարմիր գծին: Եվ դա է պատճառը, որ ես ասում եմ իսրայելցիներին, որոնց բնավ թշնամաբար չեմ տրամադրված, որ նրանք պետք է, առնվազն այս հատվածում, պատասխանատվություն ստանձնեն և դադարեն զենք և զինամթերք մատակարարել Ադրբեջանին: Իհարկե, ըստ իս, նրանք պետք է ընդհանուր առմամբ վերանայեն իրենց աջակցությունն այդ երկրին: Սակայն, դա մեկ այլ խնդիր է: Բայց այս պարագայում խնդիրն առկա է ուղղակիորեն, անմիջականորեն, այն է՝ իսրայելական հարձակողական զենքերը սպանում են հայ զինվորներին, ինչպես նաև քաղաքացիական անձանց, հայերի ապրած ցեղասպանությունից 105 տարի հետո, այն պարագայում, երբ Իսրայելն այդպես էլ չի ճանաչել այդ ցեղասպանությունը: Այսինքն՝ այստեղ իրական լուրջ խնդիր կա: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:06 - 15 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին և մոլեռանդ ջիհադիստներին մեր տարածաշրջան բերելու համար. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ալ-Ջարիդա» օրաթերթին

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին և մոլեռանդ ջիհադիստներին մեր տարածաշրջան բերելու համար. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ալ-Ջարիդա» օրաթերթին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Քուվեյթի արաբալեզու «Ալ-Ջարիդա» օրաթերթին. Հարց- Ո՞վ է սկսել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և ի՞նչ քաղաքական ենթատեքստում է դա պատահել: Արդյո՞ք մենք ականատեսն ենք լինում պրոքսի պատերազմի, թե՞ սա մեկ այլ մարտադաշտ է էներգակիրների համար մղվող պատերազմում: -Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական տարածքի մասի է կազմել, և հայերն այստեղ են բնակվել հազարավոր տարիներ: Պատմականորեն Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը մշտապես Հայաստանի մաս է եղել: Դա մի գեղեցիկ լեռնային տարածք է, որտեղ հայերը, որպես բնիկներ, ապրել են հազարավոր տարիներ և այսօր էլ շարունակում են ապրել: Միայն խորհրդային իշխանության տարիներին էր, որ Լեռնային Ղարաբաղը, որպես ինքնավար մարզ, Ստալինի կողմից մոտ 70 տարով տրվեց Ադրբեջանին: Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի ունեցավ առաջին պատերազմը, որին հաջորդեցին բանակցությունները՝ շուրջ 30 տարի: Ադրբեջանական կողմն ասում է, որ իրենք լեգիտիմ իրավունք ունեն ազատագրել այդ տարածքները: Բայց ազատագրել ումի՞ց: Այնտեղ 100 տոկոսով բնակվում են էթնիկ հայեր, ովքեր մշտապես բնակվել են այդտեղ: Ինչո՞ւ նրանք պետք է լքեն իրենց տունը միայն այն պատճառով, որ ադրբեջանական կողմն ուզում է դա: Սա կոչվում է ագրեսիա, որին հաջորդում է էթնիկական զտում: Նրանց այդ տարածքները պետք են առանց հայերի: Ադրբեջանական կողմի համար այդ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելը և սեփական ագրեսիան արդարացնելն ինքնության կառուցման պատմության մի մասն է, մինչդեռ հայկական կողմի համար դա պայքար է կյանքի, մշակութային ժառանգության, պատմական հիշողության համար: Դա պայքար է իրենց տան, ծնողների և երեխաների համար, ովքեր բնակվում են այդտեղ և այժմ դարձել են ուղիղ թիրախ թուրքական ԱԹՍ-ների և ադրբեջանական հրթիռների համար: Ադրբեջանն սանձազերձել է լայնամասշտաբ այս պատերազմը՝ ի հեճուկս 1994 թվականին հաստատված զինադադարի մասին հստակ համաձայնագրի: Սա իսկական պատերազմ է, որին Ադրբեջանն ու Թուրքիան երկար ու լուրջ պատրաստվել են: Ադրբեջանական կողմը ցանկանում է վերացնել ստատուս քվոն և պարտադրել իր կամքը: Իսկ Թուրքիան ռազմական ու քաղաքական առումներով աջակցում է Ադրբեջանի այս վտանգավոր նախաձեռնությանը՝ տարածաշրջանում հանգեցնելով մարդկային աղետի: Մենք՝ հայերս, երբեք ներգրավված չենք եղել էներգետիկ ենթակառուցվածքի համար պայքարի մեջ: Ընդհակառակը, եղել են նույնիսկ որոշ քննարկումներ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու մասով, ինչպես որ արվում էր Իրանի և Վրաստանի պարագայում: Ինչ վերաբերում է պրոքսի պատերազմի մասին Ձեր հարցին, կարող եմ ասել, որ Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին տարածաշրջանում իր գերիշխանությունն ավելացնելու համար: Սակայն այդպիսով այն վտանգում է Հարավային Կովկասի փխրուն կայունությունը: Հարց- Հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը, չե՞ք վախենում, որ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը կստեղծի նոր «Սիրիա»: -Այո՛, վախենում եմ, քանի որ եթե չլինի միջազգային ուժեղ արձագանք տարածաշրջանում Թուրքիայի կանխամտածված և անօրինական գործողություններին, տարածաշրջանը կարող է վերածվել սիրիական մղձավանջի: Իսկ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս դրանից կտուժեն բոլորը: Հետևաբար, եթե Թուրքիային չստիպեն դադարեցնել իր ուղղակի միջամտությունը ռազմական հարձակողական գործողություններին, հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կարող է դուրս գալ վերահսկողությունից: Մենք պետք է թույլ չտանք Թուրքիային և Ադրբեջանին ավելի ուժգնացնելու և ավելի խճճելու իրավիճակը՝ ստեղծելով մի իրադրություն, որն ի վերջո Կովկասը կվերածի մեկ այլ Սիրիայի: Թուրքիան մշտապես վարձում և Ադրբեջան է ուղարկում վարձկաններ և մոջահեդ-իսլամիստ ահաբեկիչներ՝ կռվելու Լեռնային Ղարաբաղի կամ ինչպես մենք ենք ասում՝ Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ: Տարբեր երկրներ պետք է միջամտեն և ուժեղ ու հստակ ճնշում գործադրեն Թուրքիայի վրա՝ դադարեցնելու տարածաշրջանում վերջինիս միջամտությունը: Եթե Թուրքիան հեռու մնա, մենք հնարավորություն կստանանք ունենալու արդյունավետ հրադադար և բանակցություններ, ինչպես նաև հավանականություն՝ վերադառնալու բանակցային սեղանին: Թուրքիայի նման ներգրավվածությունը և ադրբեջանական ագրեսիան, որը չդադարեց անգամ հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի ժամանակ, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի, այլև ողջ աշխարհի հայերի ու հայերի բարեկամների համար ընկալվում է այնպես, որ Թուրքիան ցանկանում է կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 105 տարի առաջ, այն է՝ հայերի էթնիկական զտում իրենց հայրենիքից՝ նպատակ ունենալով իրականացնել մեկ այլ ցեղասպանություն: Մենք՝ հայերս, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, երբեք թույլ չենք տա, որ մեկ այլ ցեղասպանություն տեղի ունենա: Այլևս երբեք: Հարց- Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ հայ կամավորները, մասնավորապես Սիրիայից և Լիբանանից, միանում են կռիվներին: Դա ճի՞շտ է: Չե՞ք վախենում, որ սա կարող է մեծացնել հակամարտության կրոնական մասշտաբները: -Օսմանյան կայսրության կողմից իրականացված և ժամանակակից Թուրքիայի Հանրապետության կողմից երբեք չճանաչված Հայոց Ցեղասպանությունից հետո հայերը սփռվեցին ողջ աշխարհով և դարձան այնպիսի երկրների հպարտ քաղաքացիներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը, Արգենտինան, Լիբանանը, Ավստրալիան, Սիրիան, Վրաստանը, Սինգապուրը, Լեհաստանը և այլն: Նրանք արդյունավետ կերպով ինտեգրվեցին իրենց համար տուն դարձած երկրներում և հասարակություններում և դարձան համեստ ու օրինապաշտ քաղաքացիներ՝ իրենց ներդրումը բերելով հյուրընկալող երկրի տնտեսությանը, քաղաքականությանը, մշակույթին, սպորտին, գիտությանը, տեխնոլոգիաներին, կրթությանը և այլ բնագավառներին: Երբ կա գոյութենական սպառնալիք, ողջ աշխարհի հայերը մոբիլիզացվում են, անգամ գալիս են իրենց Հայրենիք՝ տեղում օգնելու իրենց եղբայրներին և քույրերին: Ադրբեջանն ու Թուրքիան, այլ ոչ թե Հայաստանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին և մոլեռանդ ջիհադիստներին մեր տարածաշրջան բերելու և այդպիսով՝ խաղաղության հասնելու գործընթացն ավելի բարդացնելու համար: Քաղաքակիրթ աշխարհը պետք է կանգնեցնի այս ընթացքը: Անընդունելի է 21-րդ դարում վարձկանների գոյությունը, ում վճարում են քաղաքացիական անձանց սպանելու կամ հումանիտար աղետ ստեղծելու համար: Ինչ վերաբերում է կրոնական գործոնին, հայերը երբեք այլ կրոնների հանդեպ վատ վերաբերմունք կամ անհանդուրժողականություն չեն ցուցաբերել: Այս հակամարտության համատեքստում կրոնական գործոնն ուղղակի բացակայում է հենց ամենասկզբից: Հայաստանն ու հայերը լիակատար հարգանք ունեն բոլոր կրոնների ու հավատալիքների հանդեպ և մեր պատմության հազարավոր տարիների ընթացքում մենք հստակորեն ցույց ենք տվել մեր հանձնառությունը մարդկային արժեքներին, այդ թվում և հանդուրժողականությունն ու հարգանքն այլ կրոնների, մշակույթների, ռասաների նկատմամբ և այլն: Չեմ ճանաչում որևէ հայի, ով ատելություն տածի այլ կրոնների ներկայացուցիչների հանդեպ: Մենք քրիստոնեություն ենք ընդունել 301 թվականին, որպես աշխարհում առաջինը պաշտոնապես ընդունած երկիր: Երկու հազարամյակի ընթացքում հայ ժողովուրդն անցել է պատերազմների, հակամարտությունների, տեղահանումների, անգամ ցեղասպանության միջով, սակայն երբեք չի դարձել կրոնական կույր մոլեռանդ, ինչպիսին մենք տեսնում ենք մեր դեմ ադրբեջանական կողմում կռվողների մեջ: Սակայն դուք մշտապես կգտնենք մարդկանց, ովքեր ցանկանում են բորբոքել ատելություն և հրահրել նոր լարվածություններ, և նրանք կասեն, որ այստեղ կա կրոնական գործոն, ինչն անհեթեթություն է: Հարց- Ձեզ բավարարու՞մ է արաբական Ծոցի երկրների դիրքորոշումը իրավիճակի վերաբերյալ: -Առաջին իսկ օրվանից, երբ Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական կողմն աննախադեպ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, ես կապի մեջ եմ եղել արաբական երկրների ղեկավարների հետ, ինչպիսիք են Օմանի սուլթանը, Բահրեյնի թագավորը, Կատարի էմիրը, Եգիպտոսի նախագահը, Հորդանանի թագավորը, Աբու Դաբիի թագաժառանգը և այլն: Նրանց ուղղված իմ նամակներում, ինչպես նաև հեռախոսազանգերի ընթացքում ես խորը մտահոգություն եմ հայտնել պարուրաձև զարգացող այս իրավիճակի մասով՝ նշելով, որ ցավոք սրտի, Ադրբեջանի կողմից հրահրված նման իրադարձային պատերազմներն Արցախի ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ նորություն չեն, և որ արդեն ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը փորձեր է անում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ հայերին դուրս քշելով իրենց հայրենիքից, ինչն անընդունելի է: Հարց- Ի՞նչ պահանջներ ունի Հայաստանը զինադադարի հաստատման համար: Ինչպիսի՞ն եք պատկերացնում քաղաքական լուծումը: -Վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը, վայելելով Թուրքիայի բացահայտ աջակցությունը, նման սարսափելի հարձակում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ՝ օգտագործելով հրետանային և հրթիռային զինտեխնիկայի լայն տեսականին, այդ թվում՝ արգելված կլաստերային ռումբեր` թիրախավորելով բնակելի տարածքները, որոնք գտնվում են շփման գծից շատ հեռու: Հատկանշական է, որ այս հակամարտության ուղիները գծվել են 1990-1991 թվականներին, երբ Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ բողոքներին ի պատասխան՝ այն ժամանակվա Խորհրդային Ադրբեջանը փորձեց դաժան ռազմական ուժի կիրառմամբ իրականացնել զանգվածային էթնիկական զտումներ և շարունակեց իր վայրագությունները՝ բռնի կերպով դուրս քշելով հայ բնակչությանը: Սակայն հայ ժողովուրդը դիմակայեց այդ պարտադրված պատերազմին և նվաճեց 26 տարվա անկախ և խաղաղ կյանքի իրավունք իր սեփական հայրենիքում՝ ընթացող բանակցությունների տևական գործընթացի պայմաններում: Այսօր ևս թուրք-ադրբեջանական շարունակական ագրեսիան, որին բախվում ենք մենք, ի ցույց է դնում վերջիններիս ցեղասպան մտադրությունները՝ հայերին կրկին պարտադրելով պայքարել սեփական տան, ընտանիքի, հազարամյա պատմության և հուշարձանների համար: Մենք առավել քան համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այստեղ ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորող միակ տարբերակն է: Այս հարցի քաղաքական լուծումը պարզ է՝ հնարավոր ցեղասպանությունը և այս մարդկանց բռնի տեղահանությունը կանխելու միակ միջոցը նրանց ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ճանաչելն է: Հարց- Լավատե՞ս եք արդյոք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ առաջիկա հանդիպումների վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, միջազգային միջամտությունը կօգնի՞, թե՞ կբարդացնի իրավիճակը: -Միջազգային միջնորդությունը, որն իրականացվում է Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համանախագահությամբ գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, խաղաղ կարգավորման հասնելու հիմնական հարթակներից է, սակայն այդ փխրուն խաղաղությունը բացահայտորեն խաթարվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ սեպտեմբերի 27-ին ապակայունացնելով կովկասյան տարածաշրջանը և հայերի դեմ կռվելու համար այստեղ տեղափոխելով վարձկաններին ու ջիհադիստներին: Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների համատեղ հայտարարությունները՝ բռնությունը անմիջապես դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջ վերադառնալու վերաբերյալ անտեսվել են ոչ միայն Ադրբեջանի կառավարության, այլև, նախևառաջ, Թուրքիայի ղեկավար Էրդողանի կողմից, ով պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան հրահրելու և դրանում ռազմական մասնակցություն ունենալու համար: Ուստի, միակ միջազգային միջամտությունը Թուրքիայինն է, որը ոչ միայն բարդացրեց իրավիճակը, այլև դարձավ հայ բնակչության գոյության համար իրական սպառնալիք և կտրուկ ապակայունացրեց ամբողջ տարածաշրջանը: Այստեղ հատկանշական է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի հայտարարությունն առ այն, որ իր երկիրը շարունակելու է մնալ Ադրբեջանի կողքին բոլոր պարագաներում՝ դրանով հաստատելով այս պատերազմին Թուրքիայի ռազմական ներգրավվածության փաստը: Այս փաստը պետք է լուրջ մտահոգության առիթ տա ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար, քանի որ վերջիններիս դաշնակիցը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող գործընկեր երկրի դեմ ագրեսիայի նախաձեռնողն է: Այս առումով, միջազգային շահագրգիռ կողմերը, բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են երկարաժամկետ խաղաղությամբ կամ հակամարտության լուծմամբ, մասնավորապես՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և այլ երկրներ, պետք է այնպես անեն, որ Թուրքիան զերծ մնա միջամտելուց, և ստիպեն Անկարային և Բաքվին հաշվետու լինել և պատասխանատվություն ստանձնել այս սարսափելի պատերազմը հրահրելու համար: Հարց- Հայաստանը դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ին՝ F16-ի օգտագործման, ինչպես նաև Իսրայելին՝ Բաքու զենքի մատակարարման հետ կապված, իսկ Ռուսաստանը շատ զգույշ է ձեզ աջակցություն ցուցաբերելու հարցում: Մտահոգվա՞ծ չեք, որ Հայաստանը միայնակ կմնա: -Այս պատերազմում թուրքական F-16-ի օգտագործման հետ կապված հարցը բարձրացրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ կցանկանար, որ ԱՄՆ պարզաբանի, թե արդյո՞ք այդ կործանիչներն ուղարկվել են Թուրքիա՝ հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Այս հարցն առնչվում է նաև ՆԱՏՕ-ին, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և շահագործում է F-16-երը: Եվ ՆԱՏՕ-ի իմ որոշ գործընկերներին ես խնդրեցի չափազանց մեծ ուշադրություն դարձնել այս փաստի վրա, քանի որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամը, որն ունի գործողությունների հստակ մանդատ, մասնակցում կամ ներգրավված է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երրորդ կողմերի հակամարտության մեջ: Արդյո՞ք Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի կողմից նման թույլտվություն կամ կանաչ լույս դա անելու համար: Եթե այո, ապա մենք դա պետք է իմանանք: Եթե ոչ, ապա հուսով եմ, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկերներն իրենց ձայնը լսելի կդարձնեն և ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա՝ թույլ չտալով, որ վերջինս խառնվի այս հակամարտությանը, քանի որ նրա ներկայությունը ոչնչով չի օգնում, այլ ընդհակառակը՝ իրավիճակն ավելի է սրում: Իսրայելի կողմից Ադրբեջանին շարունակական զենք վաճառելու հարցը երկար պատմություն ունի, որը շարունակում է անհասկանալի մնալ հայ հասարակության համար: Նույնիսկ հիմա, երբ հայերի հանդեպ իրականացվում է թուրք-ադրբեջանական ագրեսիա, Իսրայելի կառավարությունը շարունակում է զինել ագրեսորին, ինչը հայկական կողմի համար անհասկանալի և անընդունելի է: Հայկական կողմը պարզ հարց է բարձրացնում. ինչո՞ւ է հրեական պետությունը, որն ինքը ևս ցեղասպանություն վերապրած երկիր է, զինում Հայաստանի դեմ ցեղասպան պատերազմ մղողներին: Հայաստանն ու Արցախը միայնակ չեն, քանի որ գտնվում ենք ճշմարտության կողմում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ նշել է, որ Ռուսաստանը հանձնառու է եղել և կշարունակի հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին՝ որպես Հայաստանի երկկողմ և բազմակողմ անվտանգության պայմանագրային դաշնակից՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շրջանակում:
15:35 - 15 հոկտեմբերի, 2020
Հայաստանի բուհերն ու գիտական շրջանակը միջազգային գործընկերներին ներկայացնում են իրականությունը թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած պատերազմի մասին

Հայաստանի բուհերն ու գիտական շրջանակը միջազգային գործընկերներին ներկայացնում են իրականությունը թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած պատերազմի մասին

Հայաստանի բուհերը և Գիտությունների ազգային ակադեմիան արտերկրի գործընկերներին ներկայացնում են թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մասին իրականությունը` կոչ անելով համարժեք գնահատական տալ թշնամու ագրեսիային:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի, Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, ինչպես նաև բուհերի արտաքին կապերի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է բարձրաձայնել սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանաթուրքաահաբեկչական կոալիցիայի սանձազերձած ռազմական ագրեսիայի մասին։ Նախարարի տեղակալը կոչ է արել բուհերին և գիտական կազմակերպություններին իրենց միջազգային գործընկերների հետ իրականացնել հետևողական և հասցեական աշխատանք՝ համապարփակ տեղեկատվություն տրամադրելով հակառակորդի կողմից կրթամշակութային հաստատությունների և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին՝ ցույց տալով ադրբեջանաթուրքաահաբեկչական կոալիցիայի ցեղասպան գործելաոճն ու նպատակները։Հանդիպմանը ներկա գիտական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են, թե ինչ աշխատանքներ են իրականացվում։ Գիտությունների ազգային ակադեմիան 82 երկրի ակադեմիաների և ՀՀ ԳԱԱ 130 արտասահմանյան անդամների նամակներ է ուղարկել՝ գիտական հանրությանը կոչ անելով անտարբեր չմնալ և դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնածավալ պատերազմը, որի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան մեծաթիվ վիրավորներ և զոհեր։Ի թիվս կրթական և գիտական կառույցների կողմից երկկողմ և բազմակողմ ձևաչափերով տարված աշխատանքի, ներկաներն արձանագրել են նաև, որ արդեն համապատասխան նամակներ են ուղղվել նաև միջազգային տարբեր գիտական կազմակերպությունների և կենտրոնների, այդ թվում՝ Պատմաբանների միջազգային ասոցիացիային, Եվրոպական համալսարանների ասոցիացիային, Սևծովյան համալսարանների ցանցին, Եվրասիական բուհերի ասոցիացիային, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը և այլն:Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը խոսել է առաջիկայում միջազգային գիտաժողովների անցկացման կարևորության մասին: Հանդիպման մասնակիցների կարծիքով, գործընկերներին պետք է ներկայացվի, որ թուրքադրբեջանաահաբեկչական ագրեսիան զսպելու, տարածաշրջանում հումանիտար աղետը կանխարգելելու և երկարատև խաղաղության հիմքեր ստեղծելու լավագույն միջոցը Արցախի անկախության միջազգային ճանաչումն է:Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև աշխարհի տարբեր բուհերում գործող հայագիտական կենտրոնների հետ այս շրջանակներում ջանքերի համադրման անհրաժեշտությունը։
13:57 - 15 հոկտեմբերի, 2020
ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակում նկատվում է դրական դինամիկա

ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակում նկատվում է դրական դինամիկա

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը տեղեկացրել է, որ օրերս ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակում նկատվում է դրական դինամիկա:   «Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց նկատվում է դրական դինամիկա: Վիճակը կայունանում է: Վիրաբուժական միջամտության կարիք չունի:   Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:   Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս են եղել դաշտ հողագործական աշխատանքի: Թռչող սարքի հարվածից հետո տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Երևան:   Ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»,- տեղեկացրել է Դերձյանը:      
13:34 - 15 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ վարվող ագրեսիվ պատերազմը և դրա ընթացքում ծանրագույն հանցագործությունների կատարումը շարունակվում է

Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ վարվող ագրեսիվ պատերազմը և դրա ընթացքում ծանրագույն հանցագործությունների կատարումը շարունակվում է

Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020թ. հուլիսից առ այսօր Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, Հայաստանի Հանրապետության դեմ վարում է ագրեսիվ պատերազմ:  Ընդհանուր առմամբ սույն թվականի սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում ՀՀ տարածքում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել 3 (այդ թվում 1 անչափահաս) անձ: Ինչպես նաև սպանվել են 5 և մարմնական վնասվածքներ ստացել ՀՀ տարածքում գտնվող, ռազմական գործողություններին ոչ մի կերպ չներգրավված ՀՀ 11 զինծառայողներ: Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 2020թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ կանխամտածված և նպատակաուղղված ձևով ընտրովի հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, հրետակոծության են ենթարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի բնակավայրերը, որտեղ հայտնաբերվել է հիշյալ հրետակոծությունների ընթացքում արձակված արկերից մեկը:  2020թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ազգային ատելության շարժառիթով, հարվածային անօդաչու թռչող սարքերով հրթիռակոծել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը, որի արդյունքում այրվել է այնտեղ գտնվող մարդատար ավտոբուսը, վնասվել են նույն բնակավայրի մի շարք բնակիչների բնակելի տների պատուհանների ապակիները, պատերը, տանիքը, ցանկապատը, միջնակարգ դպրոցի հարակից տարածքը՝ պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:  2020թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 02-ի սահմաններում, հրթիռահրետանային հարվածներով վնասել են Վարդենիս քաղաքի բնակչի առանձնատանը գտնվող  նյութական միջոցները, գույքը: Արձակված հրթիռի դետալը հայտնաբերվել է տան բակում: 2020թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրթիռահրետանային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման թիրախ են դարձրել և պայթեցրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիք գյուղի բնակչի բնակելի առանձնատունը, ինչի արդյունքում սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս երկուսի առողջությանը պատճառվել է վնաս: 2020 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 22:55-ից մինչև 23:24-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի դաշտամիջյան հատվածում ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել և խոցվել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուղարկված անօդաչու թռչող սարքը:  Հոկտեմբերի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի Սոթք,  Կութ գյուղերի, Նորաբակ համայնքի տարածքներում և ՀՀ ՊՆ զորամասին կից կրակային ուսումնական կենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են Ադրբեջանի զինված ուժերի  կողմից սպառազինության տարբեր միջոցներից արձակված արկեր և դրանց արդյունքում առաջացած բեկորներ:  Հոկտեմբերի 2-ին Սյունիքի մարզի Նոր Առաջաձոր համայնքի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել և խոցվել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուղարկված անօդաչու թռչող սարքը: Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի օգտագործմամբ հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձվել Սյունիքի մարզի Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրը, որի արդյունքում սպանվել է երեք զինծառայող, վնասվել են նույն բնակավայրի՝ մարտի մեջ չգտնվող ռազմական տեխնիկան՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:  Հոկտեմբերի 14-ին խախտելով հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարների կողմից համատեղ ընդունված համաձայնությունը՝ ադրբեջանական զինված ուժերը հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախային հարված են հասցրել ՀՀ տարածքում, Վարդենիսի տարածաշրջանի Շատվան  համայնքին հարակից տարածքում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկային: Իրականացված հարվածների հետևանքով զոհվել է երկու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 10 զինծառայող: Այդ ընթացքում ԱԹՍ-ների կողմից թ  իրախավորվել են նաև հարակից դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող խաղաղ բնակիչներ, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա, ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:  Նշված հանգամանքները փաստագրված և հաստատված են ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող դատավարական, քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում:  Համապատասխան գործողությունները շարունակվում են ադրբեջանական զինված ուժերի կատարած ագրեսիվ հանցագործության և այլ բնույթի հանցագործություններին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:
12:31 - 15 հոկտեմբերի, 2020
UNICEF-Հայաստանը ցավ է հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզում 14-ամյա երեխայի ծանր վիրավորվելու կապակցությամբ |armenpress.am|

UNICEF-Հայաստանը ցավ է հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզում 14-ամյա երեխայի ծանր վիրավորվելու կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) Հայաստանի գրասենյակը ցավ է հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից 14-ամյա երեխայի ծանր վիրավորվելու կապակցությամբ և վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը: «Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։ Սրտով նրա և բոլոր այն երեխաների հետ ենք, ովքեր տուժել են այս հակամարտությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը. ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։ Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու և նրանց այլ կարիքները հոգալու ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է UNICEF-ի հաղորդագրության մեջ։
10:32 - 15 հոկտեմբերի, 2020
ԱՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը

ԱՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Պատերազմի օրենքների և սովորույթների նմանատիպ կոպիտ խախտումը հերթական անգամ ցույց է տալիս, որ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից։  Ադրբեջանը, որի գործողությունները հովանավորվում և ղեկավարվում են Թուրքիայի կողմից, ոչ միայն հրաժարվում է պահպանել մարդասիրական հրադադարը, այլև նպատակաուղղված կերպով ընդլայնում է ագրեսիայի մասշտաբներն ու աշխարհագրությունը: Մասնավորապես՝ հոկտեմբերի 14-ին ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հարվածել են Հայաստանի Հանրապետության տարածքին՝ նոր մակարդակի հասցնելով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները: Ադրբեջանա-թուրքական կողմի հանցավոր գործողությունները պետք է արժանանան ամենախիստ դատապարտման և վճռական միջոցների` հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար: Միջազգային հանրության կողմից Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքից բխող վտանգի հետագա անտեսումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն Հարավային Կովկասի համար, այլև նրա սահմաններից դուրս:Վերստին ընդգծում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունները, ստանալով Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությունը և մնալով անպատիժ, կորցրել են իրականության զգացումը և միտումնավոր կերպով տորպեդահարում են Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար նախաձեռնությունները՝ բռնության աճը կասեցնելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն ապահովելու միակ արդյունավետ միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է»,- ասվում է հաղորդագրության մեջ: 
01:05 - 15 հոկտեմբերի, 2020