Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Մատվիենկոն լուրջ սպառնալիք է համարում ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների ներթափանցումը |armenpress.am|

Մատվիենկոն լուրջ սպառնալիք է համարում ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների ներթափանցումը |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի այլ երկրներից ժամանած ահաբեկիչների ներթափանցումը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, անթույլատրելի է այդ հակամարտության միջազգայնացումը: ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Թեև դա հերքվում է, բայց արդեն այդ մասին հայտարարել են եւ Ռուսաստանի, եւ Ֆրանսիայի արտաքին հետախուզությունը եւ շատերը: Նրանք արձանագրել են այլ պետություններից ավազակախմբերի, ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններում»,- նշել է Մատվիենկոն: Նա ընդգծել է, որ սա շատ լուրջ պատմություն է և շատ լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար, այն տարածաշրջանի համար, ընդհանուր առմամբ, մեծ վտանգ է ներկայացնում: «Անթույլատրելի է այդ լուրջ հակամարտության միջազգայնացումը: Չի կարելի այլ պետությունների ներգրավել, այլապես դա կարող է հանգեցնել մեծ աղետի»,- եզրափակել է Մատվիենկոն:
20:41 - 14 հոկտեմբերի, 2020
Թուրքիային զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը․ Պոմպեո |armenpress.am|

Թուրքիային զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը․ Պոմպեո |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով միջազգային խաղացողների կոչերը: Այս մասին հոկտեմբերի 14-ին հեռախոսային ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Թրամփի վարչակազմը՝ կապված ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունների հետ: «Ես խոսել եմ նախագահ Թրամփի հետ այս մասին առավոտյան: Մենք հետևում ենք, թե այնտեղ ինչ է կատարվում: Մենք միացել ենք մեր եվրոպական գործընկերներին և աշխարհի բազմաթիվ երկրների՝ ասելով, որ հրադադարը պետք է լինի խնդրի լուծման սկիզբը: Մենք հետևում ենք նաև քաղաքացիական զոհերի մասին տեղեկություններին: Հետևում ենք Թուրքիային, որը զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը՝ չուժեղացնել այս խառնաշփոթն ու դուրս գալ տարածաշրջանից: Մենք օգտագործում ենք մեր դիվանագիտական գործիքակազմը հրադադարի հասնելու և լուծման գալու համար, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի վրա: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դրան:  Կարծում եմ, որ մեր ջանքերը, որ մինչև օրս ներդրել ենք, հնարավորություն կտան, որ այդ ամենը տեղի կունենա», - ասել է Պոմպեոն:
20:14 - 14 հոկտեմբերի, 2020
Մեր տնտեսությունը պատրաստ է ցանկացած տևողությամբ պատերազմի, եթե սառը նայենք, չհուսալքվենք․ Թունյան |factor.am|

Մեր տնտեսությունը պատրաստ է ցանկացած տևողությամբ պատերազմի, եթե սառը նայենք, չհուսալքվենք․ Թունյան |factor.am|

factor.am: Պատերազմի ժամանակ փող է անհրաժեշտ, իսկ այն պետք է գոյանա հարկերից։ Այսինքն՝ տնտեսությունը պետք է աշխատի։ Պատերազմի ընթացքում տնտեսության վարքի մասին հարցազրույց Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ։ – Ռազմական փորձագետները նշում են, որ պատերազմի ինտենսիվությունը կարող է ընկնել, բայց պատերազմը կարող է շարունակվել ավելի երկար։ Հիմա տնտեսությունը պատերազմական իրավիճակին պատրաստելու ի՞նչ գործողություններ կան, որ պետք է արվեն։ – Հայաստանի տնտեսությունը միշտ էլ փաստացի եղել է պատերազմական իրավիճակի ազդեցությունների տակ։ Այսինքն, եթե մենք նայում ենք մեր հնարավորությունները՝ ներդրումային, պարտք ներգրավելու և արտաքին հարաբերությունների, այդտեղ բոլոր ուղղությունների վրա պատերազմի կամ ռազմական գործողությունների հնարավոր էսկալացիայի ռիսկը միշտ եղել է։ Հիմա, այս պահի դրությամբ, մեր տնտեսությունն ամբողջությամբ պատրաստ է ցանկացած տևողությամբ պատերազմի, եթե մենք սառը նայենք ամեն ինչին, չհուսալքվենք ու գնանք առաջ։ Պետք է հասկանանք, որ ինչքան էլ մենք փորձենք մի քիչ շատ ռոմանտիկ նայել ամեն ինչին, Թուրքիան, որ մեր անմիջական հարևանն է, չի վերանալու երկրի երեսից։ Ինքը լինելու է մեր հարևանը, և ինքը լինելու է մշտական վտանգի աղբյուր։ Եվ այդ վտանգի աղբյուրին համապատասխան՝ մենք պետք է ունենանք նաև համապատասխան ենթակառուցվածքներ ու հզորություններ։ Շարունակությունը՝ factor.am-ում։
19:49 - 14 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ Պետքարտուղարության ծրագրի շրջանավարտները նամակով դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին |armenpress.am|

ԱՄՆ Պետքարտուղարության ծրագրի շրջանավարտները նամակով դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող Professional Fellows Program երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագրի 40 շրջանավարտներ նամակով դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին` Արցախի հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիան կանխելու կոչով: Նամակում ասված է.«Պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանը` Թուրքիայի անմիջական աջակցությամբ, օգտագործում է կասետային զինամթերք և անդադար հարձակում է գործում խաղաղ բնակչության , քաղաքացիական օբյեկտների և Արցախի Հանրապետության քաղաքների ու գյուղերի վրա: Այս բռնի գործողությունները հանգեցրել են Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության մահվան բազմաթիվ դեպքերի, մարդու իրավունքների լուրջ խախտումների, բնակելի տների և ենթակառուցվածքների ոչնչացման: Քաղաքացիական անձանց ուղղակի թիրախավորումը, Արցախի քաղաքների, այդ թվում ` հայերի հոգևոր և էթնիկական խորհրդանիշի` Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծումը, կասկած չի հարուցում, որ ադրբեջանա-թուրքական բանակը, որին աջակցում են հազարավոր ահաբեկչական վարձկան խմբավորումներ Սիրիայից, հետապնդում է Արցախի հայերի էթնիկական զտման հստակ նպատակ: Ասել է թե ՝ մենք հայերս հերթական անգամ ենթարկվում ենք ցեղասպանության , այս անգամ ՝ Արցախում:” նշվում է նամակում:Իրավիճակը մարդասիրական ճգնաժամի եզրին է և պահանջում է միջազգային հանրության անհապաղ միջամտություն` վիժեցնելու հայերի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպան պատերազմը:Հավատրիմ լինելով Հայաստանում և Արցախում ժողովրդավար, օրենքի գերակայության, մարդու արժանապատվության, իրավունքների և ազատությունների հիման վրա անկախ պետություն ստեղծելու գաղափարին ` շրջանավարտները վստահ են, որ ԱՄՆ պետքարտուղարությունը.1. անհապաղ և ակտիվ գործողություններ կձեռնարկի` դադարեցնելու Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի Հանրապետության և հայերի դեմ,2. Կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը` հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,3. Կկանխի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ահաբեկչության ու ագրեսիայի ուղղակի աջակցությունը»:
19:20 - 14 հոկտեմբերի, 2020
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը չի բացառել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև ԼՂ հարցի շուրջ առերես շփումները |armenpress.am|

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը չի բացառել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև ԼՂ հարցի շուրջ առերես շփումները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը չի բացառել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ միջև առերես շփումները: Ռյաբկովը այս մասին ասել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԱՄՆ-ի հետ շփումները կշարունակվեն: Ես լիովին հնարավոր եմ համարում առերես շփումները ՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից, այդ թվում՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ»,- ասել է Ռյաբկովը: ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանություններում բացակայում է Ռուսաստանի որեւէ հիշատակումը, ԼՂ հակամարտության կողմերի միջեւ պայմանավորվածության հասնելու գործում նրա դերը: «Մենք մեզ համար դա նշել ենք որպես փաստ, բայց դա չի խանգարի ԱՄՆ-ի հետ այդ խնդրի բովանդակային կողմի շուրջ երկխոսությանը»,- հավելել է Ռյաբկովը:
19:07 - 14 հոկտեմբերի, 2020
Գերեվարված 2 հայ զինծառայողների ընտանիքի անդամների անունից ՄԻԵԴ դիմում է ներկայացվել. Արտակ Զեյնալյան

Գերեվարված 2 հայ զինծառայողների ընտանիքի անդամների անունից ՄԻԵԴ դիմում է ներկայացվել. Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. « 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Տեցեկատվություն է տարածվել, որ նրանք վնասվածքներ ունեն։Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը 11.10.2020թ Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին՝ պահանջելով Դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին․1. գործել միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի և ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման մասին 10.10.2020թ զինադադարի համաձայնությանը համապատասխան և վերջիններիս ԿԽՄԿ հովանու ներքո վերադարձնել Հայաստանի իշխանություններին,2. մինչև վերադարձը ձեռնարկել բոլոր միջոցները պաշտպանելու նրանց կյանքը և ապահովելու նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը,3. ապահովել պատշաճ բժշկական օգնություն։ Քիչ առաջ ծանուցվեցինք, որ Դատարանը 12.10.2020թ գրանցել է գործը և ծանուցել Ադրբեջանի կառավարությանը:Դատարանը որոշել է Ադրբեջանի կառավարությունից պահանջել տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.1. պայմանները, որոնցում ներկայումս պահվում են գերեվարված երկու զինծառայողները,2. տեղեկություններ բժշկական հետազոտությունների և նրանց առողջական վիճակի մասին,3. տեղեկություններ նշված երկու զինծառայողների փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով։ Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ մինչև 22.10.2020թ»:
18:02 - 14 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ Եվրոպական դատարանի «պատմական» վճիռն այլեւս վերջնական է եւ անբեկանելի

Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ Եվրոպական դատարանի «պատմական» վճիռն այլեւս վերջնական է եւ անբեկանելի

Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունն առաջին անգամ իր փաստագրումն է ստացել միջազգային դատական ակտով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դիմումատուների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը. 2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը եւ Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի» գործով վճիռը, որով Ադրբեջանը պատասխանատու է ճանաչվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած եւ եւս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձ կատարած հանցագործի ազատ արձակման ու հերոսացման համար: Այս վճռով Եվրոպական դատարանը ոչ միայն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) հոդվածով նախատեսված իր պարտավորությունները, այլ նաեւ փաստել, որ ատելության հողի վրա կատարված դաժան հանցանքների համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը եւ հերոսացումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: Արդյունքում, Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունն առաջին անգամ իր փաստագրումն է ստացել միջազգային դատական ակտով։ Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Եվրոպական դատարանը, քննարկելով Մեծ Պալատի կողմից այս վճռի վերանայման հնարավորությունը, բացառեց այն՝ կարեւորելով վճռի դրույթների ուժի մեջ մտնելն ու դրանց կատարումը։ Դա նշանակում է, որ 2020 թվականի մայիսի 26-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճիռը ստացավ օրինական ուժ։ Վճռի կատարումը պահանջելու է, որ Ադրբեջանը պատժի սեփական մարդասպանին եւ դադարեցնի հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ այս վճիռն այլեւս վերջնական է, չի կարող բեկանվել կամ որեւէ կերպ կասկածի տակ դրվել: Այն պարտադիր է բոլորի, այդ թվում՝ արտաքին քաղաքական դերակատարների համար։ Նման բովանդակությամբ միջազգային դատական ակտի առկայությունն ադրբեջանական ոտնձգություններից հայերի պաշտպանությունն ապահովող իրավական լուրջ երաշխիք է, որն ըստ էության բացառում է նաեւ Արցախի բնակչության անվտանգությունը կասկածի տակ դնող ցանկացած լուծում, գրել է նա։
16:19 - 14 հոկտեմբերի, 2020
Վերջին կես տարում ռազմական բեռների որևէ մատակարարում չի կատարվել Ադրբեջան. Բելառուսի դեսպանություն |armenpress.am|

Վերջին կես տարում ռազմական բեռների որևէ մատակարարում չի կատարվել Ադրբեջան. Բելառուսի դեսպանություն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ-ում Բելառուսի դեսպանությունը մեկ անգամ ևս ընդգծել է՝ վերջին 6 ամիսների ընթացքում ռազմական բեռների որևէ մատակարարում չի կատարվել Ադրբեջան: Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանությունը հիշեցնում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 4-ի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որում Լուկաշենկոն հստակ և միանշանակ պատասխանել է իր հայ գործընկերոջ հարցին. «Վերջին 6 ամիսների ընթացքում ռազմական արդյունաբերական համալիրի միջոցով ոչ մի ռազմական բեռ չի մատակարարվել ոչ Ադրբեջան, ոչ էլ Հայաստան»: Դեսպանությունից նշել են, որ դա ամենաճշգրիտ և հավաստի տեղեկատվությունն է, որին վերադառնալն իմաստ չունի: Դեսպանությունը նաև հավելել է, որ Բելառուսը պատրաստ է տրամադրել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն՝ կողմերի միջև երկխոսությունը խթանելու գործում՝ կողմերի համար ընդունելի ձևաչափերով: «Բելառուսն անկեղծորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններով: Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից»,-ասված է հայտարարությունում: Դեսպանությունը մեկ անգամ ևս ուշադրություն է հրավիրել Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության՝ սեպտեմբերի 28-ի հայտարարության վրա, որով ոչ միայն կոչ են արել, այլև խնդրել են դադարեցնել ռազմական գործողությունները, հրաժարվել զենքի օգտագործումից և գտնելու իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Բելառուսը պատրաստ է տրամադրել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն՝ կողմերի միջև երկխոսությունը խթանելու գործում՝ իրենց համար ընդունելի ձևաչափերով»,-ասված է հաղորդագրության մեջ: Դեսպանությունից հորդորել են ԶԼՄ-ներին օգտվել բացառապես ստուգված տեղեկություններից: 
16:13 - 14 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիայի խորհրդարանը կարող է քննարկել Արցախի անկախության ճանաչման բանաձևը |panarmenian.net|

Ֆրանսիայի խորհրդարանը կարող է քննարկել Արցախի անկախության ճանաչման բանաձևը |panarmenian.net|

panarmenian.net: Ֆրանիսացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պատրաստվում է երկրի խորհրդարան ներկայացնել Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևը, որն արդեն մի քանի պատգամավոր ստորագրել են։ «Որպես պատգամավոր՝ կշարունակեմ բոլոր հնարավոր նախաձեռնություններով հանդես գալ։ Որպես մի քանի պատգամավորի ստորագրություն ունեցող բանաձևի առաջին ստորագրող՝ կներկայացնեմ այն, որպեսզի մեր խորհրդարանը կողմ քվեարկի Արցախի ճանաչմանը և հայերի՝ իրենց հողում ապրելու իրավունքին», - գրել է նա: Նա նշել է, որ իր գլխավորությամբ 10 օրից պատգամավորական պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ ցույց տալու Ֆրանսիայի աջակցությունը։ Պուպոնին նշել է՝ թուլ չեն տա, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակեն 1915-ին սկսածը, և հայերին մենակ չեն թողնի այդ երկու երկրի դեմ։
15:50 - 14 հոկտեմբերի, 2020
Լավրովը Բայրամովի հետ զրույցում շեշտել է՝ հրադադարի վերահսկման մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանը այլընտրանք չկա |azatutyun.am|

Լավրովը Բայրամովի հետ զրույցում շեշտել է՝ հրադադարի վերահսկման մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանը այլընտրանք չկա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված «բարդ իրավիճակը»: Այս մասին հայտնում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը: «Ռուսական կողմը շեշտել է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանը այլընտրանք չունենալու հանգամանքը, ինչը հիմք կստեղծի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հարցով հետագա քայլերի համար», - ասվում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում: Այսօր ավելի վաղ Լավրովը հայտարարել է, որ հրադադարի ապահովումը հնարավոր կարող է լինել, եթե շփման գծում լինեն ռազմական դիտորդներ։ Ռուսաստանի արտգործնախարարը չի բացառել, որ այդ դիտորդները լինեն ռուսաստանցի զինվորականներ, սակայն ընդգծել է, որ դրան պետք է համաձայն լինեն հակամարտող կողմերը։
15:20 - 14 հոկտեմբերի, 2020
Ստեփանակերտն այսօր նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը գերմանական «Բիլդ» պարբերականին

Ստեփանակերտն այսօր նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը գերմանական «Բիլդ» պարբերականին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույց է տվել գերմանական «Բիլդ» պարբերականին: Հարց - Պարոն նախագահ, մենք քիչ առաջ ենք վերադարձել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից, որն արդեն երկու շաբաթ ռմբակոծության է ենթարկվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Միևնույն ժամանակ, հայկական կողմը ևս թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, ինչպես օրինակ վերջերս Գյանջայում: Մարդիկ են զոհվում: - Նախ և առաջ, Հայաստանի արտաքին գործերի նախարարն արդեն այս հարցի վերաբերյալ հայտարարություն է արել, և ես հավաստիացումներ ունեմ պաշտպանության և արտգործնախարարներից, որ Հայաստանը նման բան չի արել: Լրագրող -Բայց տեղում եղել են անկախ լրագրողներ, որոնք նկարահանել են ավերածությունները: - Ես ասում եմ, որ Հայաստանը այդ հարվածի հետ որևէ կապ չունի: Ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության մասին, քանի որ Հայաստանի Հանրապետության նախագահն եմ: Դուք գալիս եք Ստեփանակերտից, որը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Դուք ականատեսն եք եղել, թե ինչքան այն ծանր հրետակոծվել: Քանի՞ օր եք եղել Ստեփանակերտում: Լրագրող- Գրեթե մեկ շաբաթ: - Շա՞տ հրետակոծություններ եք տեսել, թե՞ միայն մեկը: Հարց- Մենք ամեն գիշեր ապաստարանում էինք: - Դա, ըստ էության, պատասխանում է Ձեր հարցին: Այս պատերազմը սկսել է ադրբեջանական կողմը: Առաջին օրվանից սկսած, բանակցային սեղանի շուրջ հավաքվելու փոխարեն, Ադրբեջանը որոշեց, որ իրավունք ունի պատերազմ սկսել՝ ոչ միայն աջ ու ձախ ռմբակոծելով սպանել երիտասարդ զինվորների առաջնագծում, այլև ռմբակոծելով նաև քաղաքացիական բնակչությանը գյուղերում և Լեռնային Ղարաբաղի շատ քաղաքներում: Եթե նման պատերազմ ես սկսում և ազատորեն հրետակոծում ես քաղաքացիական բնակչությանը, օգտագործում զենքի բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ և օդուժը, Սիրիայից եկած ահաբեկիչներին, թուրքական ռազմական տեխնիկան, դրոնները և այլն, ինչպե՞ս կարող ես ակնկալել, որ հակառակ կողմը քաղաքավարի կերպով ոչինչ չի անելու: Լրագրող- Սակայն, կա տարբերություն ռազմական և քաղաքացիական թիրախների միջև: - Դուք եղել եք Ստեփանակերտում: Այն ռազմակա՞ն, թե՞ քաղաքացիական թիրախ է: Լրագրող- Այո, Ստեփանակերտը հրետակոծվում էր: - Այդ պարագայում ինչո՞ւ միջազգային հանրությունը չի դատապարտում այն, ինչ անում են ադրբեջանական և թուրքական կողմերն ավելի քան երկու շաբաթ՝ հրետակոծելով և սպանելով քաղաքացիական անձանց: Հարց - Կանցլեր Մերկելն ասել էր, որ երկու կողմերն էլ պետք է վերջ տան բռնությանը: Հիասթափվա՞ծ եք գերմանական արձագանքից: - Տվյալ դեպքում միջազգային հանրության, այդ թվում և՝ Գերմանիայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի կողմից ավելի խիստ արձագանք պետք է լիներ Թուրքիայի նկատմամբ: Ես խորապես համոզված եմ, որ թուրքական ներկայությունն ու գործողությունները Լեռնային Ղարաբաղի պատերազմում կտրուկ փոխել են ողջ պատկերը: Եթե միայն Ադրբեջանը լիներ, ինչպես նախկինում էր, մենք կտեսնեինք մի քանի օրվա կռիվ, այնուհետև այն կդադարեր: Միջազգային հանրությունը հրադադարի կոչ կաներ երկու կողմերին, որը նշանակություն կունենար երկու կողմերի համար: Իսկ միջազգային հանրություն ասելով ես նկատի ունեմ ոչ միայն կանցլեր Մերկելին, նախագահ Մակրոնին կամ Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին... Սակայն այդ հակամարտությունում այսօր կա երրորդ ուժ՝ Թուրքիան, որը հակամարտության մաս չէ: Իհարկե, նրանք արդարացումներ են բերում, նախ ասելով, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են: Կներեք, սակայն թուրքերն էթնիկ եղբայրներ ունեն Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանի հյուսիսում: Նրանք, ինչ է, ներգրավվելո՞ւ են այդ երկրներում խնդիրների առաջացման պարագայում: Երկրորդը, նրանք օգտագործում են PKK զինյալների՝ արդեն հնացած խաղաքարտը, ինչը բացարձակ անհեթեթություն է: Երրորդը, ասում են, թե իբր Ադրբեջանում են՝ պաշտպանելու էներգետիկ ռեսուրսները և խողովակաշարը, ինչը ևս անհեթեթություն է: Եթե հայերն ուզեին հարվածել այդ խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ և թույլ չէին տա Ադրբեջանին միլիարդներ աշխատել: Հարց- Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ կանցլեր Մերկելը երկու կողմերին է կոչ անում: - Իմ գործը չէ մեկնաբանել, թե ինչ է անում կանցլեր Մերկելը, քանի որ նա չի մեկնաբանում իմ ասածները: Հարց - Իսկ ի՞նչ կուզեիք, որ Գերմանիան աներ: - Դա այլ հարց է: Ես կուզեի, որ Գերմանիան գիտակցի, որ իրադրությունը, որն այժմ կա Կովկասում, շատ վտանգավոր է: Այն վտանգավոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի/Արցախի բնակչության համար... Երբ առաջին պատերազմի ժամանակ նրանք (արցախցիները) կռվում էին, բոլորն ասում էին, թե ինչպես կարող է այդ փոքր երկիրը հաղթել Ադրբեջանին, որին աջակցում է Թուրքիան: Սակայն նրանք հաղթեցին: Հարց- Ի՞նչ կարող է անել Գերմանիան: - Կարծում եմ՝ խնդիրն այժմ աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ ավելի է բարդացել, քանի որ հիմա Թուրքիան Ադրբեջանում է իր զինուժով, դրոններով, օդանավերով և այլն: Որոշ վերլուծաբաններ կարծում են, թե Թուրքիան այնտեղ է մնալու նպատակով: Ընդ որում, ոչ թե պաշտպանելու, այլ իրականում այդ խողովակաշարը վերահսկելու համար: Եթե իսկապես դա է խնդիրը, և մենք խնդրին մոտենանք աշխարհաքաղաքական տեսանկյունից, կտեսնենք շատ անկայուն Կովկաս, որը ձեռնտու չէ ոչ մեկին՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Թուրքիան կվերահսկի էներգետիկ ռեսուրսներն ոչ միայն Ադրբեջանում, այլև՝ Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում: Ինչ-որ առումով Եվրոպան և եվրոպացիները կդառնան Թուրքիայի գերին, քանի որ այդ երկիրը կվերահսկի նավթն ու գազը, որը գալիս է Կասպյան ծովից դեպի Եվրամիություն: Հարց- Ի՞նչ կարող է դա նշանակել Գերմանիայի համար: - Գերմանիան և Եվրամիության մի մասն իրենց նավթն ու գազը ստանում են այստեղից: Եթե գործ ունես մի երկրի հետ, որն արդեն անկայունության կենտրոններ է ստեղծել իր շուրջը... Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Լիբիայում, ի՞նչ գործ ունի Թուրքիան այդտեղ: Ավելի վաղ նրանք Եգիպտոսում էին: Երբ թուրքերը խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այդ դեպքում ինչո՞ւ են հատում Իրաքի կամ Սիրիայի սահմանները: Նրանք հակամարտություններ ունեն Կիպրոսի և Հունաստանի հետ... Հարց- Եկեք ավելի հստակեցնենք, ակնկալո՞ւմ եք ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից պատժամիջոցների կիրառում Թուրքիայի նկատմամբ: - Ես չեմ ակնկալում Գերմանիայից, ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից նման քայլի գնալ, բայց ակնկալում եմ, որ նրանք օգտագործեն հնարավոր բոլոր միջոցները՝ ճնշում գործադրելու Թուրքիայի վրա: Հարց- Դուք կնախընտրե՞ք պատժամիջոցները... - Եկեք եթեներով չխոսենք...եթե այս, եթե այն...Ես նախընտրում եմ ցանկացած բան, որ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, Գերմանիան կամ մյուս երկրները հարմար կգտնեն՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը դադարեցնի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հետ այս հակամարտությանը: Հարց- Ինչպե՞ս եք Դուք գնահատում այսպես կոչված հրադադարը, որն ուժի մեջ է մտնել շաբաթ օրվանից: - Նախ և առաջ, հրադադարը մասամբ է պահպանվում, ոչ ամբողջական: Ինչպես Դուք ասացիք, հրադադարից անմիջապես հետո հրետակոծություն սկսվեց ադրբեջանական կողմից: Հարց- Մտավախություններ չունե՞ք, որ այս ամենը կարող է ավելի մեծ պատերազմի վերածվել: -Ես չափազանց անհանգիստ եմ, որ այս հակամարտությունը կարող է անվերահսկելի դառնալ: Մտահոգ եմ առաջին հերթին երրորդ կողմի ներգրավվածության պատճառով: Եթե այս պատերազմում լինեին միայն Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը, ավելի մեծ հույսեր կլինեին, որ իրավիճակը հնարավոր կլիներ զսպել: Սակայն Թուրքիայի ներգրավվածությունը, տարածաշրջանի նկատմամբ նրա ցանկությունները շատ մտահոգիչ են: Կա մեկ այլ գործոն, երբ Թուրքիան բերում է իսլամիստ զինյալներ: Այս ամենն իրավիճակը անկայուն է դարձնում: Այս պատճառով է, որ ես դիմում եմ մեր բոլոր բարեկամներին և նշում, որ միայն կողմերին հորդորելով հրադադար հաստատելը բավարար չէ: Մենք չենք կարող աչք փակել Թուրքիայի ներգրավվածության վրա: Դուք այնտեղ եղել եք և հավանաբար սեփական աչքերով եք տեսել, թե ինչպես են թուրքական արտադրության դրոնները թռչում Ստեփանակերտի և այլ վայրերի վրայով: Հարց- Ինչպե՞ս է հնարավոր կանգնեցնել Էրդողանին: -Կա միայն մեկ ճանապարհ՝ ճնշում գործադրել նրա վրա: Այս խնդրում երրորդ, չորրորդ կողմի ներգրավումը կարող է լարվածության մակարդակն ավելի բարձրացնել: Հայաստանն այս հարցում շատ զգուշավոր և շրջահայց է: Լայնածավալ պատերազմի այս օրերին էլ Հայաստանը չի հայտարարել Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին; Իսկ գիտե՞ք ինչու: Այս բոլոր տարիներին, խաղաղ բանակցությունների ընթացքը չխանգարելու համար, Հայաստանը որոշել է չճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ այդ կերպ հնարավորություն ընձեռելով, որ խաղաղ բանակցությունները ավարտվեն այնպես, որ բոլորի համար ընդունելի լինեն: -Ներկա պահին այնտեղ պատերազմ է: Երբ խոսում եք միջազգային իրավունքի մասին, ապա հայկական կողմը հարցնում է, թե՝ ի՞նչ կասեք այն մարդկանց իրավունքների մասին, ովքեր ապրում են իրենց սեփական հողի վրա: Հայերը Ղարաբաղը չեն բռնազավթել: Նրանք այնտեղ ապրել են հազարավոր տարիներ: Դուք եղել եք Ղարաբաղում և տեսել եք, որ այնտեղ կան եկեղեցիներ, որոնք 4-րդ, 5-րդ դարից են: Այդ ժամանակ որտե՞ղ էր Ադրբեջանը, որտե՞ղ էին թուրքերը: Սա արցախցիների հայրենի հողն է: Նրանք կռվում են իրենց տները, պատմությունը, արժանապատվությունը, կրոնը պաշտպանելու համար: Ասել, որ ադրբեջանցիներն այնտեղ են, որպեսզի ազատագրեն Ղարաբաղը հայերից, նշանակում է ասել էթնիկ զտումներ իրականացնել: Դա տարածքային ամբողջականություն չի կոչվում: Մի մոռացեք, որ միակ ժամանակահատվածը, երբ Ադրբեջանը որևէ իրավասություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, Խորհրդային Միության ժամանակ էր: Եթե մենք դիտարկում ենք Խորհրդային Միության օրենքները... Ընդամենը 65 տարի է Լեռնային Ղարաբաղը տրվել Ադրբեջանին, Ստալինի կողմից: Եթե այն, ինչ Ստալինը առաջացրել կամ ստեղծել է, միջազգային օրենքներին համահունչ է, ապա ասեք ինձ այդ մասին: Երբ խոսում ենք միջազգային օրենքի, ամբողջականության և նույնիսկ մարդու իրավունքների մասին, պետք է հաշվի առնել, որ դրանցում հիմնական արժեքը մարդկանց կամ անհատի իրավունքներն են: Գնացեք Ղարաբաղ և հարցրեք տատիկին կամ երիտասարդ տղային, թե վստահու՞մ են արդյոք նրանք ադրբեջանցիներին: 65 տարի առաջ Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանի ինքնավար շրջան: Նույնիսկ խորհրդային օրենքներով ադրբեջանցիները փորձել են անել ամեն ինչ, որպեսզի էթնիկ զտումներ իրականացնեն, հայերին դուրս քշեն իրենց հողերից: Նրանք վստահու՞մ են ադրբեջանցիներին: Ո՛չ: Կա՞ արդյոք լուծում նրանց անվտանգության ապահովման համար: Կարո՞ղ են նրանք ընդունել ավելի քիչ, քան իրենց անկախությունն է: Պատասխանն է՝ ոչ: Շատ պարզ պատճառով: Նրանք ինքնավարության ամենաբարձր մակարդակ են ունեցել Խորհրդային Միության Խորհրդային Ադրբեջանում: Այդ ինքնավարության երաշխավորը Խորհրդային Միության կառավարությունն էր, սակայն նույնիսկ այդ բարձր անվտանգության երաշխավորի առկայության դեպքում Ադրբեջանը փակել է հայկական դպրոցները, ստիպել է հայերին հեռանալ, և Լեռնային Ղարաբաղի շատ հայեր լքել են երկիրը: Հարց- Ներկայումս զենք, ներառյալ դրոններ, Ադրբեջան մատակարարվում են նաև Իսրայելից: Հույսեր ունե՞ք, որ այս գործընթացները կդադարեցվեն: -Հույսը լավ բան է, և պետք է միշտ ունենալ: Իսրայելի նախագահի հետ խոսել եմ մի քանի օր առաջ: Իսրայելը խորհրդարանական պետություն է, և նախագահը պատասխանատու չէ այդ զենքերի մատակարարումների համար: Պատասխանատուն կառավարությունն է: Ես հստակ նշել եմ, որ երեք կետի մասին եմ ցանկանում խոսել: Առաջինը՝ Իսրայելի և Ադրբեջանի միջև պայմանագիրն ասում է, որ Իսրայելը պատրաստվում է մատակարարել պաշտպանական զինտեխնիկա: Իսկ մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղում դրանք օգտագործվում են գրոհելու համար: Այդպիսով՝ դրանք պաշտպանական համակարգեր չեն: Երկրորդ՝ այդ համակարգերը օգտագործվում են քաղաքացիական բնակչության դեմ: Դա միջազգային օրենքի մեկ այլ խախտում է: Երրորդ՝ յուրաքանչյուր նման պայմանագրում միշտ ներառվում է կետ, որի համաձայն, եթե կա անկառավարելի իրավիճակ, պայմանագիրը պետք է սառեցվի, մինչև խնդիրը լուծվի: Պատերազմ է ընթանում, և այդ պայմաններում զենքի մատակարարումներ իրականացնելը կողմերից մեկին ցանկացած միջազգային օրենքի դեմ է: Ես իմ գործընկերոջ հետ զրույցում այդ մասին պարզ նշել եմ: Նրան ասել եմ, որ իմ հետևյալ երեք հարցերին պատասխանելու անհրաժեշտություն կա. ինչպե՞ս է ստացվում, որ պաշտպանական զենքերն օգտագործվում են գրոհելու համար: Ինչու՞ են այդ զենքերն օգտագործվում քաղաքացիական բնակչության դեմ: Ինչու՞ Իսրայելի կառավարությունը պատերազմի ժամանակ չի դադարեցնում կողմերից մեկին զենք վաճառելը: Նրանք պետք է դադարեցնեն դա անել և շարունակեն իրենց պայմանագիրն իրականացնել պատերազմի ավարտից հետո: Ցավոք սրտի, դեռևս պատասխան չեմ ստացել: Ամբողջ աշխարհում մենք շատ հրեա բարեկամներ ունենք, և նրանցից շատերը դժգոհ են Իսրայելի կառավարության այս գործելաոճից: Իսրայելի կառավարությունը ներկայացնում է մի ազգի, որն անցել է Հոլոքոստի միջով: Իսկ հայերն անցել են ցեղասպանության միջով: Կարծում եմ՝ այդ քայլը բարոյապես ևս անընդունելի է: Նորից. Սա կառավարությունն է, ոչ թե ժողովուրդը: Հարց- Ղարաբաղից փախստականների հոսք կա դեպի Հայաստան: -Չէի ցանկանա խոսել թվերի մասին: Երբ Դուք նշում եք բնակչության կեսի մասին, սա հիմնականում երեխաների, կանանց և ծերերի մասին է: Նրանք Հայաստանում են, և նրանց մասին հոգ են տանում: Նրանք ժամանակավոր են այստեղ և պատրաստվում են վերադառնալ իրենց հայրենիք: Հարց- Միջազգային հանրությունից որևէ աջակցության կարիք ունե՞ք: -Իհարկե ունենք: Առաջին հերթին աջակցության կարիք ունենք, որ դադարեցվի այս արյունալի պատերազմը: Ինչպե՞ս կարող ես թողնել երեխաներին, կանանց, ծերերին Ստեփանակերտում, երբ տեսնում ես, որ թշնամին ռմբակոծում է: Եթե թշնամին ինչ-որ առումով մարդկային լիներ և կռվեր առաջնագծում, այդ դեպքում բոլորը կմնային Ստեփանակերտում: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է լքեին քաղաքը: Նրանք դուրս են եկել իրենց տներից, որովհետև հրետակոծվում է քաղաքացիական բնակչությունը: Խոսքը մեկ կամ երկու ռումբերի մասին չէ: Թշնամին հրետակոծում է ամեն օր: Նայեք Ստեփանակերտին այսօր: Այն նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ինչպե՞ս է հնարավոր 21-րդ դարում, 2020 թվականին թույլ տալ Թուրքիային, որ Ադրբեջանի հետ միասին այս ոճրագործությունն իրականացնի: Այս բոլոր մարդիկ ետ են վերադառնալու, որովհետև դա իրենց հայրենիքն է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեպքում հաղթանակն իրենց տունը, հայրենիքը պաշտպանելու մասին է: Նրանք այնտեղ են հաղթելու համար:
15:15 - 14 հոկտեմբերի, 2020
Ռուս զինվորականները մասնակցում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքին հարվածելու վերաբերյալ տեղեկությունների ստուգմանը․ Պեսկով |armenpress.am|

Ռուս զինվորականները մասնակցում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքին հարվածելու վերաբերյալ տեղեկությունների ստուգմանը․ Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուս զինվորականները մասնակցում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքին հարված հասցնելու վերաբերյալ տեղեկությունների ստուգմանը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է տեղեկատվությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու երկրներում իրենց գործընկերների հետ: Դուք գիտեք, որ պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների իր գործընկերների հետ: Այդ տեղեկատվությունը ստուգվում և վերլուծվում է»,- ասել է Պեսկովը: Հարցին՝ եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, արդյոք դա կնշանակի, որ ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ-ի ինչ-ինչ մեխանիզմներ, Պեսկովը պատասխանել է. «Եկեք սպասենք ստուգման արդյունքներին»:
15:08 - 14 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը կխզի դիվանագիտական հարաբերությունները այն երկրի հետ, որը կճանաչի ԼՂ անկախությունը․ Ալիև

Ադրբեջանը կխզի դիվանագիտական հարաբերությունները այն երկրի հետ, որը կճանաչի ԼՂ անկախությունը․ Ալիև

Ադրբեջանն անմիջապես կխզի դիվանագիտական   հարաբերությունները ցանկացած երկրի հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական Haberturk ալիքին տված հարցազրույցում։ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է ամբողջ աշխարհի կողմից: Չեմ հավատում, որ որևէ երկիր կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ մեկ ժամից էլ շուտ մենք խզելու ենք բոլոր դիվանագիտական   կապերը այդ երկրի հետ։ Դա անհրաժեշտ է»,- ասել է նա։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։ Նա անհրաժեշտ է համարել հակամարտության ավարտից հետո հայ և ադրբեջանցի ժողովուրդներին նախապատրաստել Լեռնային Ղարաբաղում համատեղ կյանքին: Ալիևը նշել է, որ խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղ գործուղելը պետք է իրականացվի բացառապես Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ։ «Եթե երկու երկրներից մեկն առարկի, դա, իհարկե, տեղի չի ունենա։ Այլ հարց է, որ այսօր, երբ մենք խոսում ենք խաղաղապահների մասին, մենք խոսում ենք Ադրբեջանի տարածքի մասին, բոլորը պետք է հասկանան դա։ Մենք խոսում ենք անկախ Ադրբեջանի տարածքի մասին»,- ասել է նա: Ադրբեջանի նախագահը խոստացել է ներդրումներ կատարել և իրականացնել սոցիալական ծրագրեր Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտից հետո: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
15:03 - 14 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի թիրախավորման համար

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի թիրախավորման համար

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը մերկապարանոց ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտոգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈՒ իրենց տրամադրության տակ եղած միջոցներով: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը և նախազգուշացնում, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը:
14:57 - 14 հոկտեմբերի, 2020
Տասն օր անտառներում պատսպարվելուց հետո Մատաղիսի շրջանում երկու զինծառայող է փրկվել |armenpress.am|

Տասն օր անտառներում պատսպարվելուց հետո Մատաղիսի շրջանում երկու զինծառայող է փրկվել |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության Մատաղիսի շրջանում հոկտեմեբերի 13-ին 10 օր պատսպարվելուց հետո երկու զինծառայող է փրկվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մենք չենք կարող մեր զոհերի կամ անհետ կորածների վերաբերյալ վերջնական հստակ թիվ հայտարարել, բայց նրանց, որոնց իդենտիֆիկացնում ենք, չենք կարող չասել: Երբ տեսնում ենք, որ որևէ մեկի մասին ինֆորմացիա ընհանրապես չկա կամ գտնում ենք դիակը, ապա անմիջապես հայտնում ենք: Ինչը կասկածելի է լինում, մենք չենք կարող ասել»,-ասաց Հովհաննիսյանը: Օրինակ բերելով մի դեպք՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ մեկ շաբաթ առաջ հարավային ուղղությամբ երկու խմբավորում փաստացի շրջափակման մեջ էին եղել անտառներում, սակայն հետո նրանք դուրս էին եկել: «Նման դեպք էլ երեկ է եղել, Մատաղիսի ուղղությամբ 2 զինծառայող դուրս են եկել, 10 օր թաքնված են եղել անտառներում: Այս մարդկանց մասին ոչ մենք ենք ինֆորմացիա ունեցել, ոչ էլ ծնողները, բայց վերջնական ստուգումներն այսպես են ընթանում»,- ընդգծեց Հովհաննիսյանը: Նա շեշտեց, որ Ադրբեջանն իրենց զոհերի թիվը նույնիսկ չի ներկայացնում, իսկ հայկական կողմն ամեն օր, նույնիսկ օր է եղել, որ երկու անգամ ցուցակներ է հրապարակել: «Ամբողջ աշխարհն էլ գիտի, որ իրենք թաքցնում են, մենք չենք թաքցնում: Սա առաջին կոնֆլիկտը չէ, որ մենք նման քաղաքականություն ենք վարում: Մենք և՛ աշխարհի հետ, և՛ սեփական ժողովրդի հետ թափանցիկ ենք աշխատում»,- ասաց Հովհաննիսյանը:
14:48 - 14 հոկտեմբերի, 2020