Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել՝ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները. Նիկոլ Փաշինյան

Քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել՝ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը, որի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ասաց, որ միայն Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը կարող է դրդել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները:Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ շաբաթ օրը Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունից հետո կայացած իր առաջին հարցազրույցում նա չնշեց գեթ մեկ ազդակ առ այն, որ Անկարայի դիրքորոշումը փոփոխության էր ենթարկվել: Խոսելով խորհրդային ժամանակների ժառանգություն հանդիսացող և Երևանի կենտրոնում գտնվող Կառավարության շենքում՝ Փաշինյանը Թուրքիային մեղադրեց հրադադարի ռեժիմը վիժեցնելու և իր ծավալապաշտական նկրտումերին համահունչ Հարավային Կովկաս թափանցելու փորձ կատարելու մեջ:«Համոզված եմ, որ քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել, Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները», - ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետը նաև ասաց, որ մինչև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը Թուրքիան արդեն հայտարարել էր, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Իսկ համաձայնագրի ընդունումից հետո տեղի ունեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի զանգը Ադրբեջան, որը, ըստ էության, հրահանգ էր՝ ոչ մի դեպքում չհամարձակվել դադարեցնել ռազմական գործողությունները: «Թուրքիան Հարավային Կովկաս է եկել՝ շարունակելու իր այն քաղաքականությունը, որը նա վարում է Միջերկրական տարածաշրջանում, Հունաստանի նկատմամբ, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Դա էքսպանսիոնիստական քաղաքականություն է: Հայտնի են Թուրքիայի էքսպանսիոնիստական պլանները դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք, և խնդիրն այն է, որ Հարավային Կովկասում հայերը վերջին խոչընդոտն են՝ այդ էքսպանսիոնիստական քաղաքականությունը վարելու ճանապարհին: Եվ հիմա Թուրքիան ամենևին էլ Ղարաբաղի հարց չի լուծում: Թուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը, որովհետև Հարավային Կովկասում Հայաստանը և հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք», - ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետը կրկնեց՝ Թուրքիան շարունակում է Օսմանյան կայսրության 20-րդ դարասկզբի քաղաքականությունը, ինչը նա որակեց որպես Հայոց ցեղասպանության շարունակություն: «Ամբողջ Հարավային Կովկասը կդառնա Սիրիա, և այդ կրակը կտարածվի դեպի հյուսիս, դեպի հարավ՝ շատ արագ, գործնականում ամիսների ընթացքում և ավելի երկարաժամկետ՝ դեպի արևելք», - ասաց Նիկոլ Փաշինյանը»:
23:30 - 13 հոկտեմբերի, 2020
Շվեյցարական կուսակցությունը ԼՂ-ի դեմ այս պատերազմում ցեղասպանության միտումներ է տեսնում |armenpress.am|

Շվեյցարական կուսակցությունը ԼՂ-ի դեմ այս պատերազմում ցեղասպանության միտումներ է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցությունը բաց նամակ է հղել Շվեյցարիայի Դաշնային խորհրդական, արտաքին գործերի նախարար Իգնասիո Կասսիսին, որով կոչ է արվում միջամտել և անհապաղ վերջ դնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Նամակը ստորագրել են կուսակցության նախագահ Մարիաննա Ստրայֆ-Ֆելլերը և փոխնախագահ Նիկ Գուգգերը, որոնք Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ են։ Նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացվում է ստորև։ Բաց նամակ Դաշնային խորհրդական Իգնասիո Կասսիսին Ցեղասպանության վտանգ Լեռնային Ղարաբաղում․ Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցությունը պահանջում է, որ Դաշնային խորհուրդը գործի Հարգելի՛ Դաշնային խորհրդական, Իգնասիո Կասսիս, Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի վրա։ Ռմբակոծվել են նաև քաղաքացիական բնակավայրեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պաշտոնապես աջակցում է Ադրբեջանին և անօրինական ճանապարհներով Սիրիայից հազարավոր ջիհադականներ է ուղարկում Լեռնային Ղարաբաղ կռվելու։ Մինչ օրս Լեռնային Ղարաբաղին պաշտպանում է միայն հարևան փոքր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Հայ քրիստոնյաները 1915-1923թթ. Թուրքիայում ենթարկվել են Ցեղասպանության։ 1990-ական թվականների սկզբին Ադրբեջանը փորձել է էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այս պատերազմում ևս առկա են ցեղասպանության նմանատիպ միտումները։ Լեռնային Ղարաբաղում պատերազմը շարունակվում է։ Հրադադարը կրկին խախտվել է և զինադադարի հեռանկարը տեսանելի չէ։ Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է և կոչ է անում Դաշնային խորհրդին պահանջել անհապաղ վերջ դնել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային։ Անտեսելն  ու լռելը հարիր չէ Շվեյցարիային և համահունչ չէ իր մարդասիրական ավանդույթին։ Ժնևյան կոնվենցիան շարունակաբար անտեսվում և ոտնահարվում է։ Դա չի կարող անպատասխան մնալ։ Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցությունը խնդրում է Ձեզ, Դաշնային խորհրդական պարոն Կասսիս, որպես Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի, ներկայացնել դիրքորոշում՝  դատապարտելով պատերազմական այս գործողությունները։ Բացի այդ, անհրաժեշտ է արագացնել մարդասիրական օգնության տրամադրումը և արգելել ռազմական տեխնիկայի ցանկացած արտահանում, որը միտված է օգտագործելու հայ ժողովրդի դեմ։ Մենք այստեղ հնարավորություն ենք տեսնում Շվեյցարիայի համար՝ պաշտպանելու մարդասիրական հիմնարար արժեքները և առաջարկելու իր միջնորդությունը։ Ներկայումս պատկերացնում ենք, թե ինչ տեղի կունենա, եթե Թուրքիան ու Ադրբեջանը նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը՝ զանգվածային ոչնչացման զենքի օգտագործմամբ շարունակական հարձակումներ իրականացնելով քաղաքացիական թիրախների ուղղությամբ։ 1915թ.-ի Ցեղասպանության հիշողությունները արթնանում են։
22:49 - 13 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի խաղը մահացու է, ինչը Ջոնսոնը լավ գիտի. The Times |armenpress.am|

Թուրքիայի խաղը մահացու է, ինչը Ջոնսոնը լավ գիտի. The Times |armenpress.am|

armenpress.am: The Times բրիտանական պարբերականը հրապարակել է «Թուրքիայի խաղը մահացու է, ինչը Ջոնսոնը լավ գիտի» վերնագրով հոդված, որի հեղինակը պնդել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միայն քաղաքական շահ է հետապնդում՝ Թուրքիային սպասարկող հազարավոր ջիհադիստներին ուղարկելով և կիրառելով սեփական կործանիչ ինքնաթիռները հայկական օդային տարածքում, որոնք պատճառում են մահացու հետևանքներ։ Հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը ստորև․  Փորձեք պատկերացնել, եթե կարող եք, որ Գերմանիան ռազմական միջամտություն է իրականացնում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությանը՝ ուղարկելով ահաբեկիչներին Իսրայելի պետության դեմ կռվելու, օգտագործելով սեփական կործանիչ ինքնաթիռներն իսրայելական ինքնաթիռները խոցելու նպատակով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր՝ ռմբակոծելու քաղաքացիական բնակավայրերը։ Անհնար է պատկերացնել, քանզի ժամանակակից Գերմանիան խորապես մտահոգված է իր պատմական հիշողությամբ և համապատասխան բարոյական պատասխանատվությամբ։ Հոլոքոստի հերքումը քրեական հանցագործություն է, և Բեռլինում կան հրեա զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ հուշարձաններ։ Փաստացի, ճիշտ հակառակ իրավիճակը Թուրքիայում է, որտեղ, քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն, հանցագործություն է համարվում 1915թ․ սառնասրտորեն ծրագրված և տեղի հայ բնակչության հանդեպ իրականացված զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակելը, և որտեղ նույնիսկ այնպիսի մեծագույն ստեղծագործողները, ինչպիսիք են Օրհան Փամուկը և Էլիֆ Շաֆաքը, ենթարկվել են հետապնդման՝ թույլ տալու համար իրենց գեղարվեստական կերպարներին կիրառել նմանատիպ արտահայտություններ։Այսպիսով, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միայն քաղաքական շահ է հետապնդում՝ Թուրքիային սպասարկող հազարավոր ջիհադիստներին ուղարկելով և կիրառելով սեփական կործանիչ ինքնաթիռները հայկական օդային տարածքում, որոնք պատճառում են մահացու հետևանքներ։ Այդ տարածքը, որտեղ բնակչության գերակշռող մասը մշտապես կազմել է հայկական բնակչությունը, Ստալինի կողմից տրվել է այն ժամանակվա Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությանը։ Սովետական Միության փլուզումից հետո տեղի (Լեռնային Ղարաբաղի) ժողովուրդը քվեարկեց անկախության օգտին: Սա հանգեցրեց պատերազմի, որի արդյունքում հազարավոր մարդիկ սպանվել են, շատերը՝ տեղահանվել, իսկ ապա Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղություն է հաստատվել, մինչ երկու շաբաթ առաջ, երբ Ադրբեջանը վերսկսեց մարտական գործողությունները։ Բոլորովին նոր է, արտաքին ուժի՝ Թուրքիայի ուղիղ միջամտությունը նախկինում զուտ տեղային բնույթ կրող հակամարտությանը։Սա Թուրքիայի որդեգրած վճռականության վերջին օրինակն է՝ նախկին Օսմանական կայսրության տարածքում ծագած ցանկացած հակամարտության մեջ հանդես գալու որպես իսլամիզմի գլխավոր ռազմական հովանավոր։Թուրքիան այդպես վարվեց Սիրիայում, Լիբիայում, իսկ այժմ՝ Կովկասում: Ապշեցուցիչ է, որ դա արվում է ՆԱՏՕ անդամ երկրի կողմից․ դեռևս միայն ֆրանսիական կառավարությունն է պատրաստ դա մատնանշել։ ՆԱՏՕ-ն ինստիտուցիոնալ առումով անկարող էր ասել (ուր է թե՝ անել) որևէ բան Թուրքիայի այս ռազմավարության առնչությամբ, ինչը հարկադրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նախորդ տարվա նոյեմբերին որակել կազմակերպությունը որպես «մեռած ուղեղ»։ Նույն Մակրոնն էր, որ նախորդ շաբաթ հրապարակայնորեն հայտարարեց Անկարայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի իսլամիստների ուղարկման մասին, ինչի վերաբերյալ նա տեղին նշեց․ «Սա շատ լուրջ նոր փաստ է, որը փոխում է իրավիճակը»։Ի հեճուկս դրան` բրիտանական կառավարության լռությունն ամոթալի է։ Հատկապես այն պատճառով, որ արտասովոր հայ ազգը, որը պաշտոնապես առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ Հռոմեական կայսրությունից շատ առաջ, մշտապես գրավիչ է եղել որոշ անգլիացիների համար։ Լորդ Բայրոնը հայտարարել է․ «Հայերենն Աստծո հետ խոսելու լեզուն է» (և այդ նպատակով փորձել է սովորել հայերեն)։ Ուիլյամ Գլադստոնն ասել է՝ «Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»։ Ավելի ուշ, վարչապետ Ուինսթոն Չերչիլը պարզ արտահայտել է այդ ժողովրդի հետ կատարվածը․ «1915թ․ թուրքական կառավարությունը սկսեց և անխղճորեն իրագործեց տխրահռչակ մեծածավալ կոտորածը և հայերի տեղահանումը Փոքր Ասիայում։ Որևէ կասկած չկա, որ այդ հանցագործությունը պլանավորվել և իրականացվել է քաղաքական պատճառներով»։ Եվ իսկապես, Օսմանյան կայսրությունն աղետալի պարտություն կրեց 1912-1913թթ. Բալկանյան պատերազմներում, ինչը հանգեցրեց իրենց միլիոնավոր մահմեդական հայրենակիցների տեղահանմանը դեպի արևելք: Այն ժամանակ հենց կազմավորվեցին Անատոլիայի նահանգները, տեղահանված մահմեդակնների համար որպես նոր «հայրենիք» օգտագործելու և երբեմնի Հայոց թագավորություն կոչվող (մինչ այն կկլանվեր Օսմանյան կայսրության կողմից) հայերի պատմական հայրենիքը հայաթափելու նախագիծը: Այդպես, մոտավորապես 1.5 միլիոն հայեր սպանդի ենթարկվեցին իրենց իսկ բնակավայրերում կամ (կանանց և երեխաների դեպքում) արտաքսվեցին անապատ՝ մահվան երթերի: Նրանց փափագած ունեցվածքն ու կարողությունը, իսկ հայերը հոյակապ առևտրականներ էին, բաժանվեց նրանց սպանդի կազմակերպիչների միջև: Սա Հիտլերի «Լեբենսրաում»-ի քաղաքականության նախադեպն էր: Նյուրնբերգյան դատավարության ընթացքում մեղադրող կողմի ապացույցներում առկա էր գերմանացի բռնապետի՝ Լեհաստան ներխուժելու նախօրեին իր գեներալների հետ Օբերզալցբերգում կայացած հանդիպման մասին արձանագրությունը/վկայությունը, որի ընթացքում Հիտլերը հռետորական հարց էր ուղղել. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»: Այս ցեղասպանության կազմակերպիչների հռետորաբանությունը կրում էր նացիստների կողմից առաջ քաշված կենսաբանական գերակայության այլասերված գաղափարական հենքի դրոշմը: Դիարբեքիրի նահանգապետ, բժիշկ Մեհմեդ Ռեսիդը հայտարարել էր. «Մենք նրանց կոչնչացնենք, այլապես նրանք կոչնչացնեն մեզ…հայ ավազակները վնասակար մանրէների ամբողջություն են, որոնք վարակել են հայրենիքի մարմինը: Մի՞թե մանրէները ոչնչացնելը բժիշկի պարտքը չէ»: Իմիջայլոց, Միացյալ Թագավորության վարչապետի ընտանիքն անմիջականորեն և հերոսաբար առնչվել է այս դրվագին: Բորիս Ջոնսոնի հորական կողմից նախապապ Ալի Քեմալ Բեյը թուրք լրագրող և թերթի խմբագիր է եղել, ով հետագայում մուտք է գործել քաղաքականություն և դարձել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը: Հավանաբար, նա ավելի, քան Օսմանյան կայսրության որևէ այլ հասարակական գործիչ վճռական էր տրամադրված Հայոց ցեղասպանությունն իրականացրած հազարավորներին արդարադատության առջև կանգնեցնելու հարցում։1919թ․-ին նա գրում էր․ «Մի՛ փորձեք մեղքը գցել հայերի վրա. մենք չպետք է շողոքորթենք ինքներս մեզ, թե աշխարհը լի է ապուշներով։ Մենք հափշտակել ենք մեր իսկ կողմից արտաքսված և սպանդի ենթարկված մարդկանց կարողությունը, ինչը պատմականորեն եզակի հանցագործություն է՝ հանցագործություն, որից սարսռում է ամբողջ աշխարհը»: Մասնավորապես, հենց այս մեկնաբանություններն էին, որ հանգեցրին Ստամբուլի վարսավիրանոցներից մեկից Քեմալի առևանգմանը և նրա հետագա քարկոծմանն ու Լինչի դատաստանին ենթարկմանը: Ականատեսներից մեկի հուշերում նկարագրվում էր, թե ինչպես կախաղան բարձրացվեց նրա արնաշաղախ մարմինը, որին զետեղված մագաղաթի կտորի վրա գրված էր «Արթին Քեմալ»: Ոճրագործների կարծիքով հայկական Արթին անունը նրա կրծքին դաջելը դիակը պղծելու «լավագույն» տարբերակն էր: Որքան որ ինձ հայտնի է, Բորիս Ջոնսոնը հպարտանում է իր թուրքական արմատներով: Երբ նա ընտրվեց վարչապետի պաշտոնում, թուրքական մամուլը նրան կնքեց «Օսմանցի թոռ» մականվամբ: Չնայած այս ամենին, նա երբեք հանրայնորեն չի հիշատակել իր նախնիի սպանությունը կամ դրա դրդապատճառները: Ես խիստ կասկածում եմ, որ նա դրա մասին հիշատակած լինի սեպտեմբերի 28-ին Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ, անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: Էրդողանի գրասենյակը հայտարարություն էր տարածել առ այն, որ երկու առաջնորդները քննարկել են առևտրաշրջանառության չափերը 20 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելուն ուղղված քայլերը և ռազմական արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցությունը:Վերոնշյալը երեք հարց է ի հայտ բերում․ արդյո՞ք Էրդողանն այն անձնավորությունն է, ում վաճառվող զենքի ծավալը պետք է ավելացվի բրիտանական իշխանությունների կողմից, ինչպե՞ս իրեն կզգա վարչապետը, եթե այդ զենքերն օգտագործվեն ավելի շատ հայերի սպանելու համար, և՝ ի՞նչ կասեր նրա նախապապը:
21:54 - 13 հոկտեմբերի, 2020
Արցախի բոլոր շրջաններում իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթաց․ Արայիկ Հարությունյան

Արցախի բոլոր շրջաններում իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթաց․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, և կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի: Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը: Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը»:
20:42 - 13 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ԼՂ հակամարտության շուրջ իր քայլերում, հայտարարել է Լե Դրիանը |azatutyun.am|

Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ԼՂ հակամարտության շուրջ իր քայլերում, հայտարարել է Լե Դրիանը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ իր քայլերում, այսօր հայտարարել է երկրի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ պատասխանելով պատգամավոր Դանիել Ղազարյանի հարցին։ «Ներկայիս իրավիճակում Ֆրանսիայի խիստ չեզոք կեցվածքը անընդունելի է, քանի որ Ղարաբաղում Ֆրանսիայի բարեկամները մարտնչում են ուժերի անհավասարության պայմաններում», - փաստել էր Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի ներկայացուցիչը։ «Ես հասկանում եմ այն զգացմունքները, որ ի հայտ է բերում այս հակամարտությունը Ֆրանսիայում, դրանք հիմնված են այն մարդկային, մշակութային ու պատմական սերտ կապերի վրա, որ միավորում են Ֆրանսիան և Հայաստանը։ Մենք շատ սերտ կապեր ունենք Հայաստանի հետ, բայց, ինչպես գիտեք, Ֆրանսիան վաղեմի հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ», - ասել է արտգործնախարարը։ Լե Դրիանը միաժամանակ ընդգծել է՝ «դա նշանակում է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է օգտագործի իր երկկողմ հարաբերությունները՝ կողմերին հրադադարի տանելու և այս ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործելու համար։ «Այն մանդատը, որը ԵԱՀԿ-ն տվել է 1994-ին Ֆրանսիային, Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, ենթադրում է լիակատար անաչառություն։ Մենք կկորցնենք մեր լեգիտիմությունը, եթե կանգնենք հակամարտող կողմերից որևէ մեկի կողքին», - խորհրդարանում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
20:18 - 13 հոկտեմբերի, 2020
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ, այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին: Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից՝ ս.թ. հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի խախտման և ռազմական գործողությունների շարունակման փաստի վրա: Նիդերլանդների վարչապետը կարևորել է կողմերի միջև հրադադարի պահպանումը և խաղաղ գործընթացի վերսկսումը: Հակամարտության կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետը վերահաստատել է ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան իրագործման հնարավորության կարևորությունը:
19:52 - 13 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի քրդամետ ուժերը պարզաբանում են պահանջել Ադրբեջան վարձկաններ ուղարկելու առնչությամբ |armenpress.am|

Թուրքիայի քրդամետ ուժերը պարզաբանում են պահանջել Ադրբեջան վարձկաններ ուղարկելու առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավոր Սարբել Քեմալբեյը վարձկաններին ու ռազմական ինքնաթիռներն Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։ Ինչպես փոխանցում է  Alarabia.net-ը, Քեմալբեյն ընդգծել է այն փաստի բացահայտման անհրաժեշտությունը, որ Թուրքիան Աֆրինից 4000 սիրիացի զինյալների է տեղափոխել Ադրբեջան՝ ամսական 1800 դոլարի դիմաց, քանի որ նրանց առաքելությունը տևելու է 3 ամիս։  Քեմալբեյը նաև անհրաժեշտ է համարել իմանալ՝ արդյոք ճիշտ է, որ F-16 կործանիչներ ու թուրքական ԱԹՍ-ներ են կիրառվել Հայաստանի դեմ պատերազմում՝ նշելով, որ մինչ տարբեր երկրներ հրադադարի կոչ են անում, երկու կողմում էլ քաղաքացիական անձինք են մահանում, և  Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին։
19:45 - 13 հոկտեմբերի, 2020
Հայաստանի հրեական համայնքը կոչ է անում Իսրայելին դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին |armenpress.am|

Հայաստանի հրեական համայնքը կոչ է անում Իսրայելին դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հրեական համայնքը նամակ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, Կնեսետի նախագահ Յարիվ Լևինին՝ կոչ անելով դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին:  Հայաստանի հրեաների համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը համայնքի անունից իր նամակում ցավով նշել է, որ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության թեժ պահին Իսրայելը շարունակում է Ադրբեջանին մատակարարել նորագույն տեսակի զենքեր. Վարժապետյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ենթարկվում են կոշտ ագրեսիայի Ադրբեջանի կողմից` Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ, որը մատակարարում է Ադրբեջանին զենք և ռազմական տեխնիկա, ինչպես նաև հայերի դեմ պատերազմելու համար Սիրիայից հավաքագրում և ուղարկում է  ջիհադականների: Հայաստանի հրեաների համայնքի նախագահը նշում է, որ Իսրայելի կողմից մատակարարվող զենքը այս օրերին ընկնում է արմատական իսլամիստների ձեռքը և կիրառվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խաղաղ բնակիչների դեմ: «Մենք հասկանում ենք Իսրայելի ռազմավարական անվտանգության հարցերը, տնտեսական փոխգործակցության հարցերը և պայմանագրային պարտավորությունների սկզբունքները, սակայն ներկա ճգնաժամային իրավիճակում, երբ զոհվում են խաղաղ բնակիչներ և երեխաներ, չի կարող լինել որևէ արդարացում և բացատրություն: Շատ ցավալի է, որ հենց բազմաչարչար Իսրայելը, որն անդադար պայքարում է իսլամական ահաբեկչության դեմ, զենք է մատակարարում նրանց, ում կողմից կռվում են ջիհադականները: Մենք հույս ունենք, որ Իսրայելը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները համաշխարհային մասշտաբի աղետը կանխելու համար»,- ասել է Վարժապետյանը: Հայաստանի հրեական համայնքի անունից Վարժապետյանը կոչ է արել Իսրայելի Պետության ղեկավարությանը եւ նրա բոլոր քաղաքացիներին հանդես գալ Ադրբեջանին զենքի մատակարարման դադարեցման օգտին և աջակցել ԼՂ հակամարտության գոտում  կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցմանը:  
19:38 - 13 հոկտեմբերի, 2020
ԱՀ քկ վարույթ է ընդունվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման դեպքի առթիվ հարուցված քրեկան գործը

ԱՀ քկ վարույթ է ընդունվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման դեպքի առթիվ հարուցված քրեկան գործը

ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու և մեծ վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է: 2020 թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ի և 16:00-ի սահմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, մասնավորապես՝ «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 1993թ. դեկտեմբերի 7-ի լրացուցիչ արձանագրության (հոդված 53, մշակութային արժեքների և պաշտամունքի վայրերի պաշտպանությունը) պահանջների լուրջ խախտումներով, ուղղակի նշանառությամբ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի կենտրոնում գտնվող ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ չտեղակայված հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձան հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելվել և մեծ վնաս է կրել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ քննչական կոմիտեն:
19:36 - 13 հոկտեմբերի, 2020
Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար․ Արմեն Սարգսյանը հանդիպել է եվրոպացի լրագրողների հետ

Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար․ Արմեն Սարգսյանը հանդիպել է եվրոպացի լրագրողների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է եվրոպացի մի խումբ լրագրողների հետ, որոնք վերջին օրերին գտնվում էին Արցախում: Նախագահը պատասխանել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրանց հարցերին: Ի պատասխան այն հարցի, թե, տեսնելով այս ամենը, որպես երկրի նախագահ ի՞նչ զգացողություններ ունի, Արմեն Սարգսյանը նշել է, որ ցավը սարսափելի է: «Սա մեզ համար կրկնակի, եռակի ցավալի է, որովհետև մենք կորցնում ենք երիտասարդ, պայծառ, հայրենասեր երիտասարդների, ովքեր կռվում են հանուն հայրենիքի և ովքեր զոհաբերում են իրենց կյանքը հայրենիքին: Չկան բառեր՝ արտահայտելու այն ցավը, որը զգում ես,-ասել է նա: -Այս պատերազմը նաև անմարդկային է, քանի որ առաջին իսկ օրվանից Ադրբեջանն սկսեց հրթիռակոծել խաղաղ բնակչությանը, բնակավայրերը»: Նախագահը լրագրողներին մանրամասն ներկայացրել է, թե ինչ է նշանակում պատերազմը յուրաքանչյուր կողմի համար: Եթե Ադրբեջանը որպես պատերազմի նպատակ հայտարարում է տարածքների ազատագրումը, այն տարածքների, որտեղ հայերը բնակվում են հազարամյակներ, և որոնք նրանց պատմական հայրենիքն են, ապա, նախագահի խոսքով, դրա համար միջազգային այլ ձևակերպում կա՝ էթնիկ զտում: Նախագահի խոսքով՝ Թուրքիայի նպատակն է Ադրբեջանին ցույց տա, թե իրենք էթնիկ եղբայրներն են, թեև նրանք նման եղբայրներ ունեն շատ այլ երկրներում, իսկ հիմնական նպատակը Կովկասում ավելի գերակա դիրք ունենալն է: Ըստ նախագահի՝ Թուրքիան Ադրբեջանին ցույց է տալիս, որ նա ունի իր կարիքը, և ինքը գալիս է օգնելու Ադրբեջանին: Բայց ոչ միայն օգնելու, այլև, շատ հավանական է, նաև այնտեղ մնալու, միջազգային խողովակաշարերը կառավարելու համար: «Ինչի՞ համար է պայքարում Արցախի ժողովուրդը: Նրանք պայքարում են իրենց կյանքի, իրենց պատվի, իրենց ժառանգության, իրենց հավատքի, իրենց ընտանիքների, իրենց պատմության և իրենց տան համար, -ընդգծել է նախագահը: -Միաժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար, ու նաև՝ Եվրոպայի անվտանգության համար, նկատի ունեմ, օրինակ, էներգետիկ անվտանգությունը: Նրանք պայքարում են Միջին Արևելքի անվտանգության համար, նկատենք, որ Թուրքիան ներգրավված է հակամարտություններում Սիրիայում, Լիբիայում, Իրաքում՝ առանց այդ երկրների տարածքային ամբողջականության մասին մտածելու» Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Թուրքիայի ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը: «Երբ խոսում ենք խաղաղության հասնելու ճանապարհի մասին, դա, վստահաբար, կրակի դադարեցումն է, հրադադարի հաստատումը, վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ աշխատանքը և բանակցությունները վերսկսելը, բայց՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ոչ թե Թուրքիայի, որովհետև Թուրքիան չի կարող կողմ կամ միջնորդ լինել,-ասել է նախագահը: -ՆԱՏՕ-ի անդամ երկիրը չի կարող կապ ունենալ ՆԱՏՕ-ի հետ կապ չունեցող հակամարտության հետ՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի կողմից վերապատրաստված զինվորականներին, ժամանակակից տեխնիկան ու տեխնոլոգիաները: Սա մեծ խնդիր է Եվրամիության, ՆԱՏՕ-ի համար: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն թույլ է տվել իր անդամին անել այն, ինչ նա անում է հիմա, եթե այո՝ թող ասեն մեզ, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ են թույլ տալիս, որ այս ամենը տեղի ունենա»: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բանակցային գործընթացին վերադառնալու, խաղաղության հաստատման ուղղությամբ գնալու միակ ճանապարհը այս հակամարտությունից Թուրքիայի դուրս գալն է, հակառակ դեպքում իրավիճակը մեծ վտանգ է ներկայացնելու ողջ տարածաշրջանի համար: Պատասխանելով Հայաստանի կողմից Արցախի հնարավոր ճանաչման մասին հարցին՝ նախագահը խոսել է հայկական և ադրբեջանական կողմերի մոտեցումների մի քանի տարբերությունների մասին: «Տարիների ընթացքում Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը պարզ պատճառով՝ որպեսզի հնարավորություն տա, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի բանակցությունների միջոցով: Մենք ցանկացել ենք, որ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչվի, և հետո միայն Հայաստանը ճանաչի։ Միևնույն ժամանակ, եթե այս պատերազմը շարունակվի, և բանակցությունների վերադառնալու հնարավորություն չլինի, իհարկե, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, այլ ընտրություն չի ունենա, քան ճանաչելը։ Սակայն, այս պահին հրադադարի հաստատման ու բանակցություններին վերադառնալու հույս կա: Այդ պատճառով է, որ Հայաստանը նույնիսկ այսօր դա չի անում։ Մեր մոտեցումն այն է, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի,-նշել է նախագահն՝ անդրադառնալով մյուս տարբերությանը:  -Եղե՞լ եք Շուշիում, տեսե՞լ եք եկեղեցին, տեսե՞լ եք մզկիթը: Մզկիթը հայկական կողմի միջոցներով և ջանքերով վերականգնվեց: Վերականգնվեց նաև եկեղեցին: Իսկ ի՞նչ եղավ այս օրերին: Ադրբեջանը հրթիռակոծեց եկեղեցին: Սա ևս ակնհայտ ցույց է տալիս մեր մոտեցումների տարբերությունը: Մյուս տարբերությունը ռազմական միավորումների տեղակայմանն է վերաբերում: Արցախում դրանք բնակավայրերում չեն: Այստեղ փորձում են ռազմական ներկայությունն ու գործողությունները հնարավորինս հեռու տանել քաղաքացիական բնակչությունից: Ադրբեջանում հակառակն է՝ ռազմական օբյեկտները հենց բնակավայրերում են՝ թիրախ դարձնելով բնակչությունը»: Պատասխանելով Ֆրանսիայի ջանքերի մասին լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և կառավարության ակտիվությունն ու ջանքերը. «Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում ներկայացնում է Եվրոպան, բայց մենք ավելի շատ լսում ենք միայն Ֆրանսիայի, քան Եվրոպայի ձայնը: Լսելի չէ ՆԱՏՕ-ի ձայնը, բավականաչափ լսելի չէ Եվրամիության ձայնը: Մենք բարձր ենք գնահատում նաև Ռուսաստանի ջանքերն ու միջնորդական հնարավորությունները»: Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ԱԳ նախարար Լավրովին՝ հույս հայտնելով, որ ավելի մեծ ջանքեր կներդրվեն հրադադարի հասնելու ու այն պահպանելու ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով նաև լրագրողներին՝ մարդկային խիզախության և մասնագիտական աշխատանքի համար՝ նախագահ Սարգսյանը ճշմարտությունը հանրությանը հասցնելու տեսանկյունից ընդգծել է լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ տարածաշրջան այցելելու, Արցախում գտնվելու և իրավիճակն օբյեկտիվորեն ներկայացնելու կարևորությունը:
19:23 - 13 հոկտեմբերի, 2020
Կրագերոյի քաղաքային իշխանությունները դատապարտում են Արցախի դեմ ագրեսիան |armenpress.am|

Կրագերոյի քաղաքային իշխանությունները դատապարտում են Արցախի դեմ ագրեսիան |armenpress.am|

armenpress.am: Նորվեգայի Կրագերոյի քաղաքապետարանը դատապարտում է Արցախի դեմ ագրեսիան։ Այս մասին տեղեկացնում է Կրագերո քաղաքում բնակվող Հովհաննես Բայադյան՝  նշելով, որ  ստեղծված իրավիճակի մասին փաստաթուղթ են ստորագրել Կրագերոյի ինչպես ներկա, այնպես էլ նախկին 3  քաղաքապետները։ Փաստաթղթում ասված է․ «Պատերազմը, որը ներկա պահին ընթանում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև Արցախում (Լեռնային Ղարաբաղում), տալիս է մեզ պարզ պատկերացում և մեծ մտահոգություն, որ ապագայում այս ամենը կարող է կրկնվել հայ ժողովրդի հանդեպ։ Թուրքիան ակտիվ աջակցում է Ադրբեջանին այս պատերազմում, որն ըստ էության 1915թ. կոտորածների շարունակությունն է»։ Փաստաթուղթը ստորագրած անձինք՝ նախկին քաղաքապետներ Էռլինգ Լայլանդը, Կոռե Պռետեն Հեգլանդը, Յունե Բիկռան, գործող քաղաքապետ Գռունե Քնյուդսենը, խնդրում են Նորվեգիայի կառավարությանը արձագանքել այս հարցին և հնարավորինս շուտ կողմերին անհապաղ հրադադարի և խաղաղ բանակցությունների կոչ անել։
19:19 - 13 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում, տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ  համագործակցության և տարածաշրջանային օրակարգի մի շարք առաջնահերթություններ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության շուրջ: Առանձնահատուկ կարևորվեց Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զարգացումները՝ ԱԳ նախարարի խորհդրական Ռուբեն Կարապետյանը որպես նորահայտ սպառնալիք որակեց մերձավորարևելյան տարածաշրջանից օտարերկրյա զինյալ ահաբեկիչ վարձկանների տեղափոխումը՝ այդ առնչությամբ շեշտեց ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համադրման կարևորությունը:
19:16 - 13 հոկտեմբերի, 2020
Հունաստանը պնդում է՝ Թուրքիան նախընտրում է է՛լ ավելի «թեժացնել լարվածությունը» |azatutyun.am|

Հունաստանը պնդում է՝ Թուրքիան նախընտրում է է՛լ ավելի «թեժացնել լարվածությունը» |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Աթենքը վերստին քննադատել է Թուրքիային, և պնդել, թե Անկարան երկխոսության փոխարեն նախընտրում է է՛լ ավելի «թեժացնել լարվածությունը»։ Հայտարարությունը հնչել է այսօր՝ Հունաստանի և Կանադայի արտգործնախարարների համատեղ ասուլիսում։ «Երեկ, հայտարարելով, թե հետազոտական աշխատանքներ է սկսում մեր սահմաններից ընդամենը 6 մղոն հեռավորության վրա, Թուրքիայի ղեկավարությունը ցույց տվեց, որ վստահելի գործընկեր չէ», - ասել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։ Եվրամիության անդամ պետությունները երեկ զգուշացրել էին, որ պատրաստ են դեկտեմբերին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել, եթե Անկարան չդադարեցնի իր գործողությունները Միջերկրականի ջրերում։ Գերմանիայի արգործնախարարն էլ, ի նշան բողոքի, չեղարկել էր ավելի վաղ հայտարարված այցը Անկարա։
18:46 - 13 հոկտեմբերի, 2020
Իբրև Ստեփանակերտում ծեծված կնոջ նկարը 6 տարվա հնության է. դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում |infocheck.am|

Իբրև Ստեփանակերտում ծեծված կնոջ նկարը 6 տարվա հնության է. դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում |infocheck.am|

infocheck.am: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ոմն Նունե Գասպարյանի գրառմանը, տեղեկություն են տարածել այն մասին, թե իբր Ստեփանակերտից մի տարեց կին, հասկանալով հայկական բանակի անխուսափելի պարտությունը պատերազմում, իր տան դիմաց ամրացրել է ադրբեջաներեն գրությամբ պաստառ՝ «Xoş gəlmisiniz!» (բարի գալուստ): Ըստ նույն տեղեկության՝ Հայաստանի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարեց կինը դաժանորեն ծեծի է ենթարկվել պաստառի տեղադրման համար։ Որպես ասվածի ապացույց՝ լրատվականները կցել էին ծեծի ենթարկված կնոջ լուսանկարներ։   «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» տեղեկացնում է, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Կնոջ լուսանկարները համացանցում հայտնվել են դեռևս 2014 թվականին։ Դեպքը, իրականում, տեղի է ունեցել ռուսական Նիժնի Նովգորոդ քաղաքում։ Կինը ծեծի էր ենթարկվել 15 տարեկան դեռահասի կողմից։
17:57 - 13 հոկտեմբերի, 2020