ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Քոքոբելյանի հոր առևանգումը բացահայտվել է կիբեռհանցավորության դեմ պայքարի միջազգային համագործակցության արդյունքում

Քոքոբելյանի հոր առևանգումը բացահայտվել է կիբեռհանցավորության դեմ պայքարի միջազգային համագործակցության արդյունքում

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործից: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հուլիսի 27-ին ոստիկանության Իջևանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա մի տղամարդ անհետ կորել է: Ոստիկանությունը ձեռնարկել էր անհետաձգելի միջոցառումներ` նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ ՀՀ ոստիկանության՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննիչ Արթուր Այվազյանը ներկայացրել է միջադեպի մանրամասները. «Հաղորդման հաջորդ օրը Տավուշի մարզային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով: Կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, որոնց ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը, առավոտյան ժամը 7-ի սահմաններում, տուժողի տան դիմացի փողոցում նկատվել է «Օպել» մակնիշի արծաթագույն մեքենա, և այդ ընթացքում հարևանությամբ ապրող բնակիչները տուժողի տան կողմից լսել են տարօրինակ ձայներ, սակայն ուշադրություն չեն դարձրել՝ մտածելով, որ տուժողի այգում աշխատող բանվորներն են եկել, որ միասին գնան այգի: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Պարզվել է, որ տուժողի տան դիմաց տեղադրված տեսախցիկի ուղղությունը շեղված է եղել, ինչից հետո ավելի հիմնավոր է դարձել այն վարկածը, որ տուժողը ոչ թե տնից դուրս է եկել ու գնացել անհայտ ուղղությամբ, այլ տեղի է ունեցել հանցագործություն»: Նշվում է, որ անձի անհետացման հանգամանքները պարզելու գործին լծվել են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, և դեպքից երկու օր անց ստացել տեղեկություն, որ այդ օրը` հուլիսի 27-ի առավոտյան, 83-ամյա տղամարդուն իր տան մոտից առևանգել են: «Առևանգման վարկածն արդեն շրջանառվում էր Քրեական ոստիկանությունում, արդեն իսկ անլուր հսկողություն էր իրականացվում, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ անհետ կորածի հարազատները բջջային հավելվածի միջոցով ստացել են հաղորդագրություն, որի մեջ առաջարկվում էր պատանդ վերցված անձին գումարի դիմաց ազատ արձակել: Հետո պարզվեց, որ իրավապահները գործ ունեն մանրակրկիտ կազմակերպված և առավելագույն զգուշավորությամբ իրականացվող շորթման հետ: Հանցագործության բացահայտման գործին միացան Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, որոնց գործողություններից պարզ դարձավ, որ կատարվածը անդրսահմանային կազմակերպված հանցագործություն է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը նշել է, որ ձեռնարկված միջոցառումներով պարզվել էր, որ հանցագործները, հետքերը թաքցնելու նպատակով, պատանդի հարազատների հետ կապվել են ուկրաինական հեռախոսահամարով գրանցված «Whatsapp» հավելվածի միջոցով, ընդ որում` հաղորդակցության ողջ ընթացքում օգտագործել են VPN ծառայություններ: «Ուկրաինայի կիբեռոստիկանության գործընկերների միջոցով արագ հաջողվեց պարզել, որ նշված հեռախոսահամարը գրանցված չէ իրենց բջջային օպերատորների կողմից:Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հեռախոսահամարը ձեռք է բերվել վիրտուալ հեռախոսահամարների վաճառքի կայքից: Կարողացանք պարզել նաև, որ այդ հեռախոսահամարով Whatsapp հավելվածին հասանելիությունը ստացվել է ԻԻՀ տարածքից»,- ասել է Աբրահամյանը: Ըստ աղբյուրի՝ վերջին տեղեկությունը ենթադրել է ակտիվ միջազգային համագործակցություն: Հաշվի առնելով հարցի կարևորությունը` գործին միջամտել է նաև Հայաստանի ոստիկանության ղեկավարությունը: Առանց բացելու որոշ փակագծեր` ոստիկանությունը նշում է, որ բացահայտման ճանապարհին ակտիվ և արդյունավետ համագործակցել են ոչ միայն Ուկրաինայի համապատասխան կառույցների, այլև ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի համակարգչային հանցագործությունների և մտավոր սեփականության սեկտորի և Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության հետ: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ, ուսումնասիրելով և վերլուծելով արդեն իսկ ձեռք բերված տեղեկությունները, որոշում է կայացվել համագործակցությունը կազմակերպել ամենաբարձր մակարդակով: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հրավիրվել է ոստիկանություն, ու նաև նրա ջանքերի շնորհիվ հանցագործության բացահայտման հարցում միջազգային համագործակցությունն ամենաբարձր մակարդակի է եղել բոլոր առումներով: Իրանի կիբեռոստիկանությանը և Թեհրանում Ինտերպոլի ծառայողներին փոխանցվել են բավարար տեղեկություններ` հաղորդագրությունները ուղարկող անձանց ինքնությունը պարզելու համար: Իրանի գործընկերները կարճ ժամանակում հայտնաբերել և ձերբակալել են նրանց: Առգրավված համակարգչային տեխնիկայի զննությամբ գտնվել է նաև Հայաստանում առևանգված անձի ազգականների հետ ունեցած նամակագրությունը: Ավելին, Իրանի իրավապահները պարզել են Հայաստանից հաղորդագրությունը ուղարկած անձի ինքնությունը, որը Իջևանի բնակիչ էր, 37-ամյա մի տղամարդ: Ըստ ՀՀ ոստիկանության, մնում էր լուծել տեխնիկական հարցեր, ստեղծել ապացուցողական ամուր հիմք: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արթուր Այվազյանը նշում է, որ նախաքննության ընթացքում քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ստացվել է տեղեկատվություն, որ հանցագործությունը կատարել են Տավուշի մարզի բնակիչներ: «Այդ վարկածները հիմնավորելու ուղղությամբ կատարվեցին լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ, առգրավվեցին տարբեր տեսագրող սարքերի տեսագրություններ, բջջային օպերատորներից ստացվեցին հանցագործությանն առնչվող անձանց կողմից օգտագործված հեռախոսահամարներն ու հեռախոսների տեղեկատվությունը, կատարվեցին բազմաթիվ անձանց հարցաքննություններ, ինչպես նաև ստացված տեղեկատվության և առգրավված տեսագրությունների զննություններ, որոնց համատեղմամբ հիմնավորվեց, որ հանցագործությանն առնչվում են ոստիկանության կողմից նշված անձինք»,- ասել է Այվազյանը: «Ու թեև այս ընթացքում, իրավապահների գործողություններին անտեղյակ, պատանդի հարազատները գործում էին շորթողների թելադրանքով, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում արդեն ուրվագծվել էր հանցագործության ողջ պատկերը: Շորթման կազմակերպիչներից երկուսն իջևանցի էին` 37-ամյա և 25-ամյա տղամարդիկ: Ներգրավված էին նաև այլ անձինք, որոնց վերաբերյալ տեղեկություն տրամադրելն առայժմ նպատակահարմար չէ: Հետքերը թաքցնելու նպատակով շորթողներն, ամեն մի նոր քայլ ձեռնարկելիս, փոխել էին ավտոմեքենաները: Հուլիսի 27-ի առավոտյան 83-ամյա տղամարդուն առևանգել և աչքերը կապած տեղափոխել էին արծաթափայլ «Օպել» մակնիշի մեքենայով, դաշտամիջյան ճանապարհներով: Այս ընթացքում պատանդին նստեցրել էին 37-ամյա տղամարդու աներոջ անունով հաշվառված «Տոյոտա Պրադոն», որով էլ հասցրել էին Լոռու մարզի Ծաթեր գյուղ, որտեղ պատանդին պահելու համար նախօրոք վարձակալել էին հյուրատուն: Արտաքին աշխարհից ու կապի միջոցներից զրկված` նրան պահել էին հսկողության տակ, նույնիսկ ջուրն ու կերակուրը փոխանցել էին դիմակավորված: Պարզվել է նաև, որ նրան ազատ արձակելու դիմաց գումարը պահանջել են կրիպտոարժույթով: Փրկագինը կրիպտոարժույթով պահանջելը նույնպես ուներ հետքերը թաքցնելու նպատակ, ինչը նույնպես արգելք չեղավ իրավապահների համար: Հաջողվեց պարզել կրիպտոարժույթի դրամապանակի տիրոջ ինքնությունը, որը ԻԻՀ իրավապահների կողմից արդեն իսկ ձերբակալվածներից մեկն էր: Տուժածի հարազատներն այդ ընթացքում շարունակում են վիրտուալ շփումները շորթողների հետ և, ի վերջո, համաձայնության գալիս»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արթուր Այվազյանը նշել է, որ հանցագործները պահանջ են ներկայացրել 3 միլիոն դոլար փոխանցել իրենց կողմից նշված կրիպտոարժույթի դրամապանակին: «Սակայն բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 200 հազար դոլարի շուրջ, որը պետք է վճարվեր մաս-մաս: 20 հազար դոլար ստանալուց հետո տուժողին ազատ են արձակել՝ պայմանով, որ մնացած գումարը պետք է վճարեն տուժողին ազատ արձակելուց հետո: Տուժողի հարազատները ևս 20 հազար դոլար են փոխանցել հանցագործների նշած դրամապանակին»,- ասել է Այվազյանը:«Օգոստոսի 2-ին Երևանի Գյուլբենկյան փողոցից շորթողները վերցնում են մտերիմներից մեկի «Հունդաի Սոնատան» և դրանով ուղևորվում Ծաթեր գյուղ: Ճանապարհին կարճ կանգառ են ունենում խանութի մոտ: Հասնելով Ծաթերի հյուրատուն` պատանդին այդ նույն մեքենայով, դարձյալ աչքերը փակ, տեղափոխում են Տավուշի մարզի Հովք գյուղի մոտակա տարածք և բաց թողնում: Դարձյալ համացանցով` Հայաստան-Իրան-Հայաստան կապով հարազատներին հայտնում են 83-ամյա տղամարդուն բաց թողնելու տեղը, որտեղ էլ հարազատները գտնում են նրան:Օգոստոսի 11-ին արդեն ամեն ինչ կար` բացահայտման գործն ավարտին հասցնելու համար: Ժամը 16-ի սահմաններում, բոլորովին այլ մեքենայով ուղևորվելիս, ոստիկանները շորթողներին կանգնեցնում են, ձերբակալում և ներկայացնում են նախաքննական մարմնին»,-տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ հանցագործության բոլոր հանգամանքները, հանցավոր խմբի մյուս անդամների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում հանցագործությանը մասնակից անձանց գործողությունները պարզելու, տուժողի հարազատներին պատճառված վնասը փոխհատուցելու ուղղությամբ:  
22:23 - 23 օգոստոսի, 2022
42-ամյա տղամարդը սպառնացել է պայթեցնել ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը

42-ամյա տղամարդը սպառնացել է պայթեցնել ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը

Օգոստոսի 21-ին՝ ժամը 22։25-ին, ոստիկանություն զանգած անձը հայտնում էր, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա նա կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և կվնասի բաժնի ղեկավարությանը։ Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները րոպեների ընթացքում ճշտեցին զանգողի անձն ու գտնվելու վայրը։ 42-ամյա տղամարդն ահազանգից 25 րոպե անց հայտնաբերվեց Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում և ձերբակալվեց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:17 - 22 օգոստոսի, 2022
Գյումրիի հարկայինի շենքում պայթուցիկ սարքերի ահազանգը կեղծ է եղել․ քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չի գիտակցել արարքը

Գյումրիի հարկայինի շենքում պայթուցիկ սարքերի ահազանգը կեղծ է եղել․ քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չի գիտակցել արարքը

Օգոստոսի 15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ պատրաստվում է պայթեցնել Ազգային ժողովի շենքը: Քաղաքացին զանգել է նաև 911 ծառայություն և հայտնել, որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը: Նա նույնաբովանդակ ահազանգ է հնչեցրել նաև օգոստոսի 16-ի ժամը 12.06-ին, որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը։ Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները պարզել են քաղաքացու ինքնությունը: Գյումրիի 63-ամյա քաղաքացին ոստիկանության Մուշի բաժնում հայտնել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չգիտակցելով արարքը՝ զանգել է ոստիկանություն, սակայն հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Կազմված փաստաթղթերն ու քաղաքացին ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:18 - 16 օգոստոսի, 2022
Ոստիկանությունը ինքնագլորների երթևեկության կանոններ է մշակել․ խախտողները կտուգանվեն |hetq.am|

Ոստիկանությունը ինքնագլորների երթևեկության կանոններ է մշակել․ խախտողները կտուգանվեն |hetq.am|

hetq.am: Վերջին ամիսների ընթացքում Երևանում ինքնագլորների երթևեկությունից քաղաքացիների բողոքները շատացել են։ Հետիոտնները և վարորդները դժգոհում են ինքնագլորների երթևեկության չկարգավորման հետևանքով առաջացող անհարմարություններից, և այդ պատճառով ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք նպատակ ունեն կարգավորել ինքնագլորների (և ոչ միայն) երթևեկությունը։ Նախագծով  մասնավորապես առաջարկվում է ինքնագնացների երթևեկությունը 14 տարեկանից բարձր անձանց դեպքում թույլատրել՝ ա) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, բ) այդ վայրերի բացակայության դեպքում՝ մայթով կամ հետիոտնային արահետով, գ) «ա» և «բ» կետերով նշված վայրերի բացակայության դեպքում՝ կողնակով, իսկ բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի աջ եզրով։ Էլեկտրական շարժիչ (շարժիչներ) ունեցող ինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կարգելվի։  Անհատական տեղաշարժման միջոցների երթևեկության կանոնները խախտողներին ոստիկանությունը կտուգանի 5000 դրամով։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
10:43 - 13 օգոստոսի, 2022
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածնի մահվան մեջ են մեղադրել բժիշկներին․ ԲԿ-ից դեպքը պարզաբանել են

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածնի մահվան մեջ են մեղադրել բժիշկներին․ ԲԿ-ից դեպքը պարզաբանել են

Ոստիկանության Նոր Նորքի բաժին օգոստոսի 10-ին, դիմել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա Սահակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը «Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սպանել են իր թոռանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հարազատները մեղադրել են բժիշկներին՝  մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նորածինը ոչ թե մահացել է ծնվելուց հետո, այլ մահացած է ծնվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից՝ մեկնաբանելով օգոստոսի 10-ին կենտրոնում գրանցված նորածնի մահվան դեպքը։ «Կինը հղիության ընթացքում ունեցել է որոշակի խնդիրներ, գանգատներ եւ պաթոլոգիայի բաժանմունքում բուժում է ստացել։ Այդ առավոտյան կինը դիմել է ծննդատուն` ասելով, որ պտղի խաղը գրեթե չի զգում։ Արվել է կեսարյան հատում,  սակայն նորածինը մահացած է ծնվել»,- նշեցին հիվանդանոցից։ Ոստիկանության լրատվական բաժնից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ընթանում է նախաքննություն։
12:13 - 12 օգոստոսի, 2022
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման վերաբերյալ

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման վերաբերյալ

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ԱԺ ն ախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Գրիշա Քոքոբելյանի առևանգման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը անհետ կորել է։ Նրան հայտնաբերելու միջոցառումներ են ձեռնարկել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել է, այլ նրան առևանգել են։ Հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց  գումար պահանջել։ Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել։ Քրեական ոստիկանության գլխավոր, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37-ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն։ Նրանք ոստիկանության ծառայողների կողմից օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Մանրամասներին հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում։
19:09 - 11 օգոստոսի, 2022
Թմրամիջոցների իրացում տելեգրամով. չորս անձ կալանավորվել է

Թմրամիջոցների իրացում տելեգրամով. չորս անձ կալանավորվել է

Համացանցային տելեգրամ հավելվածը հայտնի է նաև ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող էջերով, որոնց դեմ պաքարը պարբերաբար արդյունք է տալիս: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկության համաձայն` «Գրին Հաուս 420»-ը հենց այդպիսի էջ է, որի միջոցով հանցավոր խմբի անդամները մայրաքաղաքում և որոշ մարզերում իրացնում են թմրամիջոց: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։ Ստացված տեղեկությունն իրացվեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի, Անիի և Ախուրյանի բաժինների քրեական հետախույզների համատեղ միջոցառումներով:Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Գյումրիում ձերբակալվեցին և ոստիկանության Կումայրիի բաժին բերվեցին Ձորակապ գյուղում բնակվող 23-ամյա տղամարդ և 31-ամյա կին՝ երկուսն էլ օտարերկրյա քաղաքացիներ: Կնոջ մոտ հայտնաբերվեցին մեթամֆետամինի՝ 10, և «ԼԴՍ»-ի հինգ հաբ, նաև` մոտ 35 գրամ հաշիշ: Շարունակելով միջոցառումները` նույն կասկածանքով պետք է ձերբակալվեին ևս երկու օտարերկրացի: Նրանցից մեկը, որ սպորտային կազմվածքով էր, նկատելով քրեական հետախույզներին, դիմում է փախուստի: Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ՀԿԳ ավագ օպերլիազորը, մի քանի հարյուր մետր հետապնդելով, կարողանում է բռնել փախչողին:Երկուսն էլ ձերբակալվում ու բերվում են Կումայրիի բաժին: Հենց նրանք էին վարում տելեգրամյան «Գրին Հաուս 420» էջը: 30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 130 գրամ հաշիշ: Փախուստի դիմած տղամարդն ընթացքում ձեռքի փաթեթը նետել էր տներից մեկի տանիք: Փաթեթում կային մեթամֆետամին, հաշիշ և «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցներ ու հալյուցինոգեն սնկեր` ընդհանուր մոտ 180 գրամ քաշով: Նրանց բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են համակարգիչներ, էլեկտրոնային կշեռք, դեղահաբեր, սրվակներ ու ներարկիչներ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Չորսն էլ կալանավորվել են։Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:    
14:16 - 04 օգոստոսի, 2022
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հերթում գտնվել է շուրջ 131.530 անձ ավելի. Անձնագրային և վիզաների վարչություն

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հերթում գտնվել է շուրջ 131.530 անձ ավելի. Անձնագրային և վիզաների վարչություն

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով՝ մեծ հերթերի պայմաններում, որն ինչպես արդեն տեղեկացրել էինք մի շարք գործոնների միաժամանակյա առկայության պատճառ է։ Չանդրադառնալով հերթերի կոնկրետ պատճառներին, քանի որ մի քանի անգամ արդեն զանգվածային լրատվամիջոցներով տրվել է պարզաբանում այդ մասին, ստորև ներկայացվում է 2022թ-ի կատարված որոշ գործարքների համեմատական վերլուծություն նախորդ տարվա հետ, որը ցույց է տալիս այս տարվա առանձնահատկությունները թվային տվյալների տեսքով։ Վերոգրյալ ցուցանիշները փաստում են, որ այս տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 19-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ կատարվել է շուրջ 131.530 գործարք ավելի կամ այդքան անձ ավել է սպասարկվել ու գտնվել հերթում։ Վերը նշվածը հաշվի առնելով, կրկին հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ անձնագիր ստանալու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումներ կատարելու գործողությունները իրականացնել նախապես և ըստ անհրաժեշտության, անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, քանի որ մի քաղաքացու կողմից մի քանի կտրոն ստանալու և միայն մեկն օգտագործելու դեպքում մնացած կտրողնների չեղարկումը հետագայում լրացուցիչ ժամանակ է պահանջում, այն պարագայում, երբ այդ ժամանակահատվածում կարող  է մեկ այլ քաղաքացի սպասարկվել, խնդրում ենք քաղաքացիներին ստանալ հերթի կտրոն՝ յուրաքանչյուրն իր համար, որպեսզի հնարավոր լինի ժամանակն օգտագործել օպտիմալ՝ այդ ընթացքում ավելի մեծ թվով անձանց սպասարկելու համար։ Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունը և համբերատարությունը, քանի որ Անձնագրային և վիզաների վարչությունը իր մարդկային և նյութական ռեսուրսների շրջանակում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու բոլոր դիմումատուների պատշաճ սպասարկումը։
20:12 - 26 հուլիսի, 2022