ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Ժամկետային զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է 2 անձ

Ժամկետային զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է 2 անձ

Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝   ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է ավագ սպա, լեյտենանտ Հ.Հ.-ն: Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում և զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:31 - 13 մայիսի, 2020
ՊՆ-ն նախատեսում է գործուղումների մասին տվյալները չհրապարակել |hetq.am|

ՊՆ-ն նախատեսում է գործուղումների մասին տվյալները չհրապարակել |hetq.am|

hetq.am: Պաշտպանության նախարարությունը նախատեսում է համակարգի պաշտոնատար անձանց գործուղումների մասին տվյալները չհրապարակել։ Ըստ նախարարության՝ այն կկանխարգելի զինված ուժերին ուղղված հնարավոր սպառնալիքները, կբարձրացնի գաղտնիության ռեժիմի ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունավե­տությունը: Նման նախագիծ է Պաշտպանության նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ Նշենք, որ Կառավարության 2016 թվականի որոշմամբ՝ www.govtravel.am ինտերնետային կայքում հրապարակվում է պետական մարմինների գնած ավիատոմսերի մասին տեղեկությունները։ Բացառություն է կազմում նախագահի, Անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց, Ազգային անվտանգության ծառայության կողմից գնված ավիատոմսերի մասին տեղեկությունների հրապարակումը: «Պաշտպանության նախարարության համակարգի ներկայացուցիչների՝ գործուղումներ մեկնելու նպատակով գնված ավիատոմ­սերի մասին հրապարակված տեղեկատվության միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե որ երկրների հետ է Պաշտպանության նախարարությունը հատկապես համագործակցում, ինչ հաճախականությամբ ու ծավալներով»,- նախագծում հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ Նախարարությունը նաև ընդգծել է, որ համակարգի ներկայացուցիչների անվտանգությամբ պայմանավորված է զինված ուժերի և պետության անվտանգությունը, այդ իսկ պատճառով ավիատոմսերի մասին հրապարակումները կարող են բացահայտել հետաքրքրություն ներկայացնող տվյալներ, հատկապես այն դեպքերում, երբ գործուղման փաստը ինքնին կրում է գաղտնի բնույթ:
18:15 - 12 մայիսի, 2020
Զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. մայիսի 10-ին` ժամը 17:55-ի սահմաններում, N զորամասի կրակային դիրքի հարակից տարածքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:37 - 11 մայիսի, 2020
«Հաղթանակ» զբոսայգում տոնական միջոցառում է կայացել. Հետեւել են Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանը

«Հաղթանակ» զբոսայգում տոնական միջոցառում է կայացել. Հետեւել են Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանը

Մայիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի եւ խաղաղության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի եւ Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ Դավիթ Տոնոյանը եւ Արտակ Դավթյանը հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության եւ խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, պատերազմի վետերանների հետ ծաղիկներ խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ: Պաշտպանության նախարարը եւ ԶՈՒ ԳՇ պետը վետերանների հետ միասին հետեւել են ռազմական ինքնաթիռների օդային շքերթին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին:
19:20 - 09 մայիսի, 2020
Գերժամանակակից ինքնաթիռները հանդես են գալիս ցուցադրական թռիչքներով. Հաղթանակի օրվա օդային շքերթը |armenpress.am|

Գերժամանակակից ինքնաթիռները հանդես են գալիս ցուցադրական թռիչքներով. Հաղթանակի օրվա օդային շքերթը |armenpress.am|

armenpress.am:  Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին մեկնարկել է օդային շքերթը։  ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների չվերթը մեկնարկել է Գյումրիից, դրանք եկել են Երևան՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ՝ ցուցադրելու օդային հնարքներ: Ավելի վաղ, Երևանի երկնքում ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ էին իրականացնում օդային շքերթի համար։ Օդային շքերթին ներգրավված են նաև ռուսական ռազմաբազայի ինքնաթիռները։ Երևանի «Հաղթանակի» զբոսայգու «Մայր Հայաստան» հուշահամալիրում անցկացվեց պատվո երթ՝ փառապանծ վետերանների մասնակցությամբ: Նրանք զինվորականների ուղեկցությամբ այցելեցին հուշահամալիր, ծաղիկներ խորանհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազում զոհվածների հիշատակին:
12:58 - 09 մայիսի, 2020
Հայկական 6 դիվիզիաների դրոշները դուրս են բերվել «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից և հանձնվել վետերաններին

Հայկական 6 դիվիզիաների դրոշները դուրս են բերվել «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից և հանձնվել վետերաններին

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Հաղթանակ75» հաղթական սերունդների շարունակականության շատ յուրահատուկ «ֆլեշմոբ»: ՀՀ Զինված ուժերի պատվո պահակախմբի զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից դուրս են բերում Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած հայկական 6 ազգային դիվիզիաների մարտական դրոշները և հանձնում դրանք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին: Վետերաներն ուղևորվում են ռազմական օդանավակայան և հանձնում դրոշները հայկական մարտական ավիացիայի օդաչուներին։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական ինքնաթիռները րոպեներ անց օդ են բարձրանում և հանդիսավոր անցում կատարում Հաղթանակ զբոսայգու վրայով՝ խորհրդանշելով հայոց հաղթական ոգու և ուժի հարատևություն»:  
10:21 - 09 մայիսի, 2020
Բանակն ուժեղ է ինչպես կանոնավոր զորքով, այնպես էլ զորքի թիկունքն ամուր պահող նվիրյալներով

Բանակն ուժեղ է ինչպես կանոնավոր զորքով, այնպես էլ զորքի թիկունքն ամուր պահող նվիրյալներով

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական խոսք է հղել Երկրապահի օրվա կապակցությամբ։ «Գաղտնիք չէ, որ երբ հայ ժողովուրդը վճռականորեն ոտքի ելավ հայրենիքի իր մի կտորը՝ Արցախը, պաշտպանելու և ազատագրելու օտարի ոտնձգությունից, մենք չունեինք կանոնավոր բանակ, հզոր և կայացած զինված ուժեր. ամեն ինչի հիմքը դրվեց կամավորականների խմբերով, նվիրյալ հայորդիներով: Երկիրը պահելու համար ոտքի կանգնած այդ մարդկանց տոնն ենք նշում մայիսի 8-ին, ինչը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսքեր ուղղելու նրանց: Շնորհակալ ենք և´ նահատակներին, որ ազատագրական պայքարին տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, և´ կենդանի հերոսներին, որ շարունակում են ապրել մեր մեջ՝ կրելով ամենաարժեքավոր կոչումը՝ ազատամարտիկ լինելու պատիվը: Հենց ազատամարտիկներն էին, որ հայրենիքի, հայրենակիցների պաշտպանության պատասխանատվությունն առաջինը վերցրին իրենց ուսերին և կրեցին այն մինչև հաղթական ավարտ՝ անցնելով կայացման, բանակաշինության բարդ և դժվարին ճանապարհը: Ազգային բանակի ձևավորումից հետո էլ երկրապահները չդադարեցին անմիջական մասնակցություն ունենալ պատերազմական գործողություններին ու, ցավոք, նաև նրանցից շատերի կյանքերի գնով ունեցանք այն հաղթանակները, որոնցով հպարտացել, հպարտանում և հպարտանալու ենք միշտ: Այսօր բոլոր կամավորականների տոնն է՝ նախկին, ներկա և ապագա, որովհետև երկրապահը միայն կառույց չէ, դա բանակի հիմքն է, այնպես որ այսօր երկիրն ամուր պահողների, հաղթանակներ կերտող հայ ժողովրդի տոնն է: Երկրապահների կամավորական ջոկատների հենքի վրա ստեղծված Հայոց բանակն այսօր ուժեղ է ինչպես իր կանոնավոր զորքով, այնպես էլ այդ զորքի թիկունքն ամուր պահող նվիրյալներով, որոնք Ապրիլյան մարտերին ևս մեկ անգամ ապացուցեցին դա: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել զոհված ազատամարտիկների ծնողներին, այրիներին և զավակներին, շնորհակալ ենք ձեր սիրո և համբերության համար: Մեր ցանկությունն ու ձգտումն է, որ բոլոր երկրապահներն ու նրանց սերունդներն ապրեն անվտանգ ու բարեկեցիկ երկրում: Հայոց բանակը, վստահեցնում եմ, այսօր ամենայն պատասխանատվությամբ կատարում է մեր երկրի սահմաններն ամուր պահելու իր առաքելությունը և գիտակցում է այն ժառանգության արժեքը, որ ստացել է Արցախյան ազատամարտի նվիրյալներից: Շնորհավոր տոնդ, երկրապա´հ, շնորհավոր տոնդ, Հայո´ց երկրի պաշտպան»:
17:18 - 08 մայիսի, 2020
ՊՆ-ին պատկանող հողատարածքի օտարման գործընթացում պետությանը պատճառվել է 33,6 մլն դրամի վնաս․ վնասը վերականգնվել է

ՊՆ-ին պատկանող հողատարածքի օտարման գործընթացում պետությանը պատճառվել է 33,6 մլն դրամի վնաս․ վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննված քրեական գործով վերականգնվել է 33.600.000 ՀՀ դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 47/7 հասցեում գտնվող հողատարածքի օտարման գործընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ 20.09.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ հողատարածքի օտարման գործընթացն իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: Պարզվել է նաև, որ օտարումից առաջ կատարված շուկայական գնահատման արդյունքում տրվել է ոչ հիմնավոր եզրակացություն, որի հիման վրա՝ հողատարածքը ՀՀ ՊՆ-ի կողմից օտարվել է շուկայականից ցածր՝ 38.000.000 ՀՀ դրամ արժեքով, որի հետևանքով պետությանը պատճառվել է 33.600.000 ՀՀ դրամի վնաս: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննության ընթացքում չեն հիմնավորվել ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց և հողատարածքի շուկայական գնահատումն իրականացրած ՍՊ ընկերության տնօրենի կողմից նախնական համաձայնության գալու և դիտավորությամբ հողատարածքը շուկայականից ցածր գնահատելու հանգամանքները, ուստի որոշումներ են կայացվել՝ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց և գնահատումն իրականացրած ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
14:23 - 08 մայիսի, 2020
Վաղը փակ կլինեն Եռաբլուրի և Հաղթանակի զբոսայգու մուտքերն ու ելքերը

Վաղը փակ կլինեն Եռաբլուրի և Հաղթանակի զբոսայգու մուտքերն ու ելքերը

Վաղը փակ է լինելու Եռաբլուրը և Հաղթանակի զբոսայգին։ Վարակի չտարածելու հրամայականը պահպանելով՝ տեղի են ունենալու  բացառապես արարողակարգային միջոցառումներ, մասնավորապես ժամը 10։30-11։00-ը տեղի կունենա իշխանության բարձրագույն ներկայացուցիչներր այցը Հաղթանակի զբոսայգի։ Մայր Հայաստանի հուշակոթողի մոտ կայցելեն նաև մեր վետերանները։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Պաշըպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Ասուլիսի մասնակիցները շնորհավորեցին եռատոնի կապակցությամբ և իրենց երախտիքի խոսքը փոխանցեցին վետերաններին։ Նրանք ներկայացրին մայիսի 9-ին սպասվող միջոցառումների ցանկը։ «Այն ծրագիրը, որն ընտրվել է նաև Հաղթանակի օրվա նշանավորման համար ևս շատ հագեցած ու բազմաժանր է։ Համերհային մասի մեջ ներառված է ՝ ՊՆ նվագախումբը, ելույթ կունենա Արսեն Գրիգորյանը, Նեմրա խումբը , Երգի պետական թատրոնը և այլ մասնակիցներ»,- տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։  Ներկայացնելով ոստիկանության ծառայության կատարվելիք աշխատանքները՝ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը ասաց, որ ոստիկանության ուժերը այս օրերին կապահովեն հասարակական կարգ և  անվտանգություն։ Ինչպես նաև կիրականացնեն  կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման միջոցառումներ։  «Մենք մեր ծառայությունը սկսել ենք այսօր  առավոտյան 07։00-ից, եռաբլուր պանթեոնում, այնտեղ մեր ուժերը իրականացնում են հասարակական կարգի ապահովման և մեր քաղաքացիների կուտակումների բացառումը, ծառայությունը կշարունակվի մինչև մայիսի 9-ը ժամը  23։59։ Այսօր 20։00-ից ոստիկանության աշխատակիցները կանցնեն ծառայության Հաղթանակի այգում, խնդիրը կլինի անմար կրակի և դրա հարակից տարածքների շրջափակումը, որպեսզի այնտեղ մուտք գործեն բացառապես սահմանված արարողակարգերին մասնակցող անձինք։ Անձանց և մեքենաների մուտքը այդ տարածք կարգելվի մինչև մայիսի 9-ը ժամը՝  23։59-ը»,- ասաց Մհրյանը։ Վերջինս տեղեկացրեց նաև ,որ ծառայություն է անցկացվելու նաև Կոմիտասի պանթեոնում, մուտքերը և ելքերը փակ կլինեն վաղն առավոտյան 08։00-ից։ Փոխոստիկանապետը քաղաքացիներին հորդորեց պահպանել այն կանոնները, որոնք ոստիկանները կխնդրեն կատարել,մասնավորապես՝ ինքնամեկուսացման և մեկուսացման կանոնները։ Կանոնների խախտման դեպքում քաղաքացիները կտունգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրից հարյուրհիսունապատիկի չափով։ «Ինչպես նաև կխնդրեմ , որպեսզի ենթարկվեն ոստիկանության օրինական պահանջներին, հակառակ դեպքում կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի սահմաններում։ Ոստիկանությունը այս օրերին կլինի աչալուրջ »,- եզրափակեց Մհրյանը։ 
12:38 - 08 մայիսի, 2020
Զորակոչի ենթակա քաղաքացիների վերաբերյալ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է արել

Զորակոչի ենթակա քաղաքացիների վերաբերյալ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է արել

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ երկրում գտնվող և ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք դեսպանության հայտարարությունը՝ անփոփոխ. «Հարգելի հայրենակիցներ, Վրաստանում գտնվող և ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք, իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, պետք է իրենց տվյալներն ուղարկեն [email protected] էլ-փոստի հասցեին՝հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար: Դեսպանությանը ուղղված նամակում անհրաժեշտ է նշել անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, տվյալ երկրում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, Viber, WhatsApp հավելվածների համարները։ Առաջին իսկ հնարավորության դեպքում Վրաստանում ՀՀ դեսպանությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին։ Հիշեցնում ենք, որ անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար»:
17:51 - 06 մայիսի, 2020
Պարզաբանում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերության վերաբերյալ

Պարզաբանում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերության վերաբերյալ

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը պարզաբանում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերության վերաբերյալ։ ««Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերությունը պայմանավորված է ՊԵԿ-Հիմնադրամ դրոշմանիշային վճարների, ինչպես նաև դրանց վերաբերյալ ցուցակների փոխանցման գործող սկզբունքով: Գումարը ՊԵԿ-ի կողմից Հիմնադրամին չփոխանցելը մինչև գործատուի ողջ պարտավորության մարումը կարգավորվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների մասին» ՀՀ օրենքով և ամբողջությամբ իրավական է: Մասնավորապես՝ փորձենք պարզ օրինակի միջոցով բացատրել գումարները Հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելու սխեման: 10 աշխատակից ունեցող ընկերության դեպքում, ենթադրենք, հունվար ամսին գործատուն 9.000 դրամ է փոխանցում գանձապետական հաշվեհամարին: Միևնույն ժամանակ նույն ամսվա համար էլեկտրոնային եղանակով եկամտային հարկի հաշվետվություն է ներկայացնում 10 աշխատակցի համար: Այս պարագայում 9.000 դրամը չի փոխանցվում Հիմնադրամին, քանի որ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ որ աշխատակցի համար չի վճարվել դրոշմանիշային վճարը (դրոշմանիշային վճարը գործատուն կատարում է ոչ թե անհատապես, այլ մեկ թվով՝ միանվագ վճարելով 1000 դրամ մեկ աշխատակից սկզբունքով): Փետրվար ամսին նույն գործատուն վճարում է 15000 դրամ և նորից ներկայացնում եկամտային հարկի հաշվետվություն 10 աշխատակցի համար: Այս պարագայում գանձապետական հաշվից Հիմնադրամին փոխանցվում է 20000 դրամ, իսկ ավել 4000 դրամը շարունակում է մնալ գանձապետական հաշվին: Տարբերության առաջացման երկրորդ պատճառն այն է, որ ուժային կառույցները օրենքով անձնավորված տվյալների հիման վրա հաշվետվություն ներկայացնող մարմիններ չեն, հաշվի առնելով անվտանգության և գաղտնիության հետ կապված որոշակի խնդիրներ: Այդ պատճառով ուժային կառույցների համար գործում է գանձապետական այլ հաշվեհամար: Բարձրացված հարցադրումներն ընդհանրապես վերանում են, եթե ուսումնասիրում ենք հիմնադրամի տարեկան հաշվետվությունները, այլ ոչ թե եռամսյակային կամ ամսական: Նշված հաշվետվությունը, որում արտացոլվում են Հիմնադրամի թե մուտքերը և թե ելքերը, Հիմնադրամը պարտադիր հրապարակում է ամեն տարի և հասանելի է յուրաքանչյուր շահագրգիռ քաղաքացու համար»:
16:49 - 06 մայիսի, 2020
ՊՆ մամուլի խոսնակը ներկայացրել է պարզաբանում 9-րդ ծրագրով զինծառայողներին տրված օժանդակության մասին

ՊՆ մամուլի խոսնակը ներկայացրել է պարզաբանում 9-րդ ծրագրով զինծառայողներին տրված օժանդակության մասին

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է պարզաբանում 9-րդ ծրագրով զինծառայողներին տրված օժանդակության մասին։ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով, օժանդակություն է տրամադրվել 0-18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։ Նշված ծրագրից օգտված ՀՀ քաղաքացիների թիվը բավականին մեծ է, և այդ թվի մեջ ներառված են նաև ՊՆ համակարգի որոշ քաղաքացիական աշխատանք կատարողներ և զինծառայողներ։ Նրանց իդենտիֆիկացնելն աշխատատար և ժամանակատար գործընթաց է: Այժմ իրականացվում են ուսումնասիրություններ, կնշանակվի ծառայողական քննություն՝ տեղի ունեցածի պատճառները խորքային ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Մյուս կողմից՝ ՊՆ համակարգում բազմաթիվ են այն զինծառայողները և աշխատակիցները, որոնք, տեղեկանալով իրենց շահառու չլինելու մասին, ինքնակամ ցանկություն են հայտնել գումարը վերադարձնել գանձապետական համապատասխան հաշվեհամարին: Արդեն կատարվել են բազում հետ փոխանցումներ»:
16:30 - 06 մայիսի, 2020