ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Դեսպան Մակունցը կոնգրեսական Աննա Էշուին է ներկայացրել ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը

Դեսպան Մակունցը կոնգրեսական Աննա Էշուին է ներկայացրել ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը

Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուի հետ։ Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված հանձնառությունը։ Զրուցակիները քննարկել են Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ներկա իրավիճակը և այդ առթիվ դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ համավարակի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին ցուցաբերած ջանքերի և աջակցության համար։ Կոնգրեսական Էշուն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծված 44-օրյա պատերազմին հետևած իրավիճակի կապակցությամբ և զորակցություն մաղթել հայ ժողովրդին՝ ստեղծված մարտահրավերները հաղթահարելու կապակցությամբ։
09:54 - 29 հոկտեմբերի, 2021
Կառավարությունը գումար է հատկացրել Եռաբլուրում զինծառայողների շիրմաքարերի ձեռքբերման և տեղադրման նպատակով |1lurer.am|

Կառավարությունը գումար է հատկացրել Եռաբլուրում զինծառայողների շիրմաքարերի ձեռքբերման և տեղադրման նպատակով |1lurer.am|

1lurer.am: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների շիրմաքարերի և դրանց լրակազմերի ձեռքբերման և տեղադրման նպատակով կառավարությունը 1 մլրդ 87 մլն 75 հազար ՀՀ դրամ կհատկացնի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ըստ հիմնավորման, համագործակցելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր ճարտարապետ Ա.Մխիթարյանի հետ, մշակվել է պանթեոնում հուղարկավորված՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցման, պանթեոնի տարածքի բարեկարգման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի էսքիզային նախագիծ-առաջարկը, որը հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից: Աշխատանքներն նախատեսվում է իրականացնել 2 փուլով՝ գերեզմանների հատվածի կառուցապատում, ներառյալ հաստատված ձևաչափերով հուշաքարերի (տապանաքար, նկարաքար, ծաղկաման և խնկաման) տեղադրում, հուշահամալիրի տարածքի բարեկարգման, ինժեներական համակարգերի և օժանդակ կառույցների իրականացում: 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի իրականացման և տեղադրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Այդ աշխատանքների համար Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 96,410.0 հազար դրամ: Գումարը տրամադրվելու է Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված մասնակցին` դրամաշնորհի պայմանագրի հիման վրա: Հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Վարդանյանի հեղինակային նախագիծը:
17:33 - 28 հոկտեմբերի, 2021
Կառավարությունն Արցախին կտրամադրի 13.5 մլրդ դրամի նոր վարկ. հատկացումները հասնում են 120 մլրդ դրամի |armenpress.am|

Կառավարությունն Արցախին կտրամադրի 13.5 մլրդ դրամի նոր վարկ. հատկացումները հասնում են 120 մլրդ դրամի |armenpress.am|

armenpress.am: Կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ սա նույնաբնույթ արդեն 5-րդ միջոցառումն է. ընդհանուր առմամբ 2020թ. առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 120 մլրդ դրամի աջակցություն: Միջոցառման շրջանակում 1,3 մլրդ դրամ տրամադրվելու է անհատույց և ուղղվելու է 2021թ. նոյեմբեր ամսին Արցախի բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների ֆինանսավորմանը: Նախագծով նախատեսվում է նաև տրամադրել միջպետական վարկ՝ Արցախի Հանրապետությանը 12,2 մլրդ դրամի չափով՝ Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։ Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթներից եւ միտված է Արցախի հետպատերազմյան վիճակի վերականգնմանը, տնտեսական կյանքի աշխուժացմանը և տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը:
13:19 - 28 հոկտեմբերի, 2021
Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկը շատ ավելին է․ Նիկոլ Փաշինյանը՝ նոր ավտոբուսներ ձեռք բերելու մասին |tert.am|

Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկը շատ ավելին է․ Նիկոլ Փաշինյանը՝ նոր ավտոբուսներ ձեռք բերելու մասին |tert.am|

tert.am: Այսօր կառավարությունն ընդունեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Նախնական գնահատմամբ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո: Առաջին փուլում ձեռք կբերվեն 12 մետրանոց 100 ցածրահատակ ավտոբուսներ. առաջին փուլի ֆինանսավորման համար 25 մլն եվրո է տրամադրվելու, որից 20 մլն եվրո վարկ ՎԶԵԲ-ից և 5 մլն եվրո դրամաշնորհ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության կողմից Նիկոլ Փաշինյանը հարցի վերաբերյալ ասաց, որ այն բավական երկար քննարկվել է։ «Իհարկե Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկը շատ ավելին է, եթե չեմ սխալվում, մոտ 700 ավտոբուսի անհրաժեշտություն կա»,–ասաց նա և նշեց, որ մասնավոր հատվածնի ներգրավվածությամբ են խնդիրը լուծելու, միասնական տոմսային համակարգով է աշխատելու համակարգը։
12:37 - 28 հոկտեմբերի, 2021
Չպետք է գնանք լոքդաունների․ Նիկոլ Փաշինյանը՝ երկրում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ

Չպետք է գնանք լոքդաունների․ Նիկոլ Փաշինյանը՝ երկրում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ

Այս պահին ՀՀ-ում մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են Covid պացիենտներին։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ընդհանուր առմամբ 3050 մահճակալ այս պահին գրեթե անընդհատ զբաղված է։ Ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 307 և թոքային օդափոխության միացված՝ 152 քաղաքացի։ Պետք է նշեմ, որ այս շտամի (Covid19-ի դելտա շտամ - խմբ․) առանձնահատկությունն է, որ այն թե՛ իր ծանրության, հիվանդության ընթացքի առումով, թե՛ վարակելիության առումով, թե՛ տարիքային առումով իսկապես մեզ ավելի ու ավելի ծանր վիճակում է դնում»,- նշեց նա։ Ավանեսյանը ցավով արձանագրեց, որ շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ․ «Այս պահին էլ մենք ունենք 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածնային կախյալ են»։ Նախարարը ներկայացրեն նաև, թե հիվանդացության պատկերում ինչ համամասնություն ունեն պատվաստում ստացած քաղաքացիները․ «Ընդհանուր առմամբ, այս պահին դրական, ակտիվ դեպքերի 30 433 քաղաքացու շրջանում պատվաստվածները ընդամենը 1702-ն են, հոսպիտալացված 3100 քաղաքացու շրջանում պատվաստվածների թիվն ընդամենը 96-ն է, վերակենդանացման բաժանմունքում գտնվող 1500 քաղաքացիների մեջ ունենք ընդամենը 5 հոգի, որ պատվաստված է»։ Արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աշխարհում շատ երկրներ գնում են լոքդաունների, բայց մեր ռազմավարությունը հետևյալն է, որ մենք չպետք է գնանք լոքդաունների։ Վարչապետը չբացառեց, որ նոր որոշումներ կլինեն, և առաջիկայում կգնան նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը։ «Առավել կարևոր ուղղությունը պատվաստումներն են։ Մենք այսօր ունենք ՀՀ բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր, մեր ռազմավարությունը պետք է լինի գնալ պատվաստումների ուղղությամբ»,- ասաց վարչապետը։
11:30 - 28 հոկտեմբերի, 2021
Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի վրա ծախսվել է 40.5 մլրդ դրամ |armenpress.am|

Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի վրա ծախսվել է 40.5 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի համայնքներում սուբվենցիոն  ծրագրերի համար ծախսվել է 40.5 մլրդ դրամ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանի հարցին: «ՀՀ-ում սուբվենցիոն  ծրագրերը շատ կարևոր նշանակություն են ունեցել, որովհետև ըստ էության 2019-ից մինչև օրս ՀՀ-ում գործնականում չեք գտնի մի քաղաք և խոշորացված բնակավայր, որտեղ լայնածավալ ծրագրեր չեն իրականացվում: Հիմնանորոգվում են փողոցներ, որոնք 30-40 տարի չեն նորոգվել, նորոգվում են տանիքներ, որոնք 25-30 տարի չեն նորոգվել: Սա եղել է կառավարության առաջ դրած հարցը և պահանջը, պայմանը՝ համայնքների առաջ, որ մենք պետք է լայնածավալ ծրագրեր իրականացնենք ՀՀ բոլոր համայնքներում: 2018-2020 թթ ընթացքում սուբվենցիոն  ծրագրերի վրա ծախվել է 40.5 մլրդ դրամ ընդհանուր գումար: Ըստ էության 100 մլն դոլար 2018-2020 թթ ներդրվել է համայնքներում կոնկրետ կապիտալ ծրագրերով»,-ասաց վարչապետը: Փաշինյանը կարծում է, որ ՀՀ համայնքները 2 տարվա ընթացքում երբեք այսպիսի ներդրում չեն ստացել: Ավելի քան 50 մլն դոլարը ներդրել է կառավարությունը, 21.4 մլրդ դրամը՝  համայնքները: Ընդ որում, նրա վստահեցմամբ, վերահսկողություն է իրականացվել, որ համայնքները հարկերի հավաքագրումը պատշաճ իրականացվի, բյուջետային կարգապահություն լինի: «ՀՀ քաղաքացիները պետք է արձանագրեն, որ իրենց քաղաքներում   ընթացող լայնածավալ շինարարությունները տեղի են ունենում հենց այս սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,-ասաց վարչապետը: Նա շեշտեց՝ կառավարությունը չէր էլ թույլ տա, որևիցե համայնքապետ նստի ու ոչ մի  բան չանի: «Մենք առաջին բյուջետային կարգապահությանն ենք հետևել, չենք թողել, որ տարածքները վարձով տան, ու այդ գումարները բյուջե մուտքագրեն: Տասնյակ քրեական գործեր են հարուցվել:  Շատերն ասում են՝ ուր է, չդատվեցին: Մարդկանց նստեցնելը մեր նպատակը չէ, բայց այդ քրեական գործերով պրակտիկա է փոխվել, մենք թույլ չենք տվել, որ 10 դրամով հողը տան իրենց եղբորը,որը 100 հազար դրամով այդ հողը վարձակալության տա: Մենք ասել ենք՝ այդ գումարները բերեք բյուջե»,-ասաց Փաշինյանը:
17:41 - 27 հոկտեմբերի, 2021
Փաշինյանը վերահաստատում է՝ Փայլասարի հատվածում որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել |armenpress.am|

Փաշինյանը վերահաստատում է՝ Փայլասարի հատվածում որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է, որ սահմանապահ զորքերը Փայլասարի հատվածում շարունակում են ծառայություն  իրականացնել այն դիրքերում, որտեղ սկսել են իրականացնել 2020-ի դեկտեմբերից: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հարցին: «ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը երեկ այս դահլիճում պատգամավորներին պարզաբանում է տվել և արձանագրել է, որ որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և սահմանապահ մեր ծառայությունը ծառայություն է իրականացնում այն դիրքերում, որը եղել է նախկինում»,-ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ այդ առիթով ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, սահմանապահ զորքերի հրամանատարը դռնփակ ռեժիմով նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին: «Այս հատվածում սահմանապահ զորքերը ծառայություն սկսել են իրականացնել 2020-ի դեկտեմբերից: Եվ 2020-ի դեկտեմբերին ինչ դիրքերում եղել ենք, այսօր էլ շարունակում ենք մնալ»,-ասաց վարչապետը:
17:04 - 27 հոկտեմբերի, 2021
Հայաստանում գիտության ֆինանսավորումը կավելանա 83 տոկոսով

Հայաստանում գիտության ֆինանսավորումը կավելանա 83 տոկոսով

2022 թվականին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացվող գումարն աճելու է 27 տոկոսով։ Այստեղ են կրթական օբյեկտների շինարարության եւ նախագծման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, որով շարունակվելու են ներկայումս ընթացող շինաշխատանքները եւ նախագծվելու են բազմաթիվ նոր ուսումնական հաստատություններ՝ այդ թվում մոդուլային, որոնք ապահովելու են 300 դպրոցների եւ 500 նախադպրոցական հաստատոըթյունների ակռուցումը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2022թ․ պետական բյուջեի նախագծի՝ ԱԺ հանձնաժողովներում քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այս պահի դրությամբ 76 դպրոց եւ 51 մանկապարտեզ արդեն իսկ գտնվում են կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման փուլում։ «2022-ին միայն գիտության ֆինանասավորման ուղղությամբ հատկացվելու է 83 տոկոսով ավելի գումար, իսկ գիտական թեմատիկ հետազոտությունների համար հատկացվող գումարը ավելին է 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ։ Մեր նպատակն է անձի կրթույթունը եւ շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ․ սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ լինելու միակ ճանապարհը։ Գիտության եւ տեխնելեգիական ոլորտի զարգացումը այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, եւ այստեղ էլ կառավարությունը ներդնում է ֆինանսավորման նոր բանաձեւեր»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ գումարի ավելացումը բոլոր ոլորտներում անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ «Մենք գիտակցում ենք, որ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ոչ միայն տնտեսական միջամտություն՝ կառավարության կողմից, այլեւ հասարակական եւ մշակութային վերափոխումներ։ Առաջին հերթին կարեւորում ենք պետական կառավարման համակարգի արդյուանվետության բարձրացումը եւ աշխատանքային մշակույթի վերափոխումը։ Կառավարումը պետք է նպաստի, ոչ թե խոչընդոտի ներդրումների իրագործմանը։ Այս առումով կարեւոր է պլանավորման եւ իրագործման մշակույթը, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությանը շատ դեպքերում բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների եւ, հետեւաբար, կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղման»,- ասաց Փաշինյանը։ Նա կարեւորեց մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը եւ նշեց, որ կառավարության ջանքերն այդ առումով սկսել են արդյունքներ տալ։
11:51 - 25 հոկտեմբերի, 2021
Վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»

Վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Դիլիջանում մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացմանը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գլխավոր գործընկերներն են «The Monthly Barometer» վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը: Այս տարի այն կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի անդամներ, Հարգելի հյուրեր, Ողջունում եմ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» անցկացումը Հայաստանի Հանրապետությունում՝ Դիլիջանում և ողջունում եմ նաև այն, որ, չնայած համաճարակային իրավիճակին, որոշում է կայացվել, այնուամենայնիվ, անցկացնել։ Դուք գիտեք, որ նախորդ տարի տեղի չունեցավ այս միջոցառումը, և շատ կարևոր է, որ, այնուամենայնիվ, նման հանդիպումները, քննարկումները տեղի ունենան, մտքերի փոխանակում և մտքի նոր գեներացիա տեղի ունենա՝ մանավանդ այս բարդ և կարևոր ժամանակաշրջանում։ Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհը ոչ ժամանակակից աշխարհից տարբերվում է նրանով, որ ժամանակակից աշխարհը մոդելների և մոդելավորման աշխարհ է, որտեղ ամեն ինչը կամ գրեթե ամեն ինչը մոդելավորված է և աշխատում է այդ տրամաբանությամբ։ Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել աշխարհը և սկսում ենք մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարմանը և ավելի կանխատեսելի դարձնել պրոցեսները մեզ համար։ Եթե անդրադառնանք աշխարհաքաղաքականությանը, պիտի արձանագրենք, որ աշխարհաքաղաքականությունն ինքն էլ որոշակի մոդելավորման կարող է տրվել, որովհետև այն շատ նման է մակընթացությունների և տեղատվությունների, որոնք անընդհատ և պարբերաբար տեղի են ունենում։ Չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում՝ ինչը ինչի համար և ինչ պատճառով է տեղի ունենում, իսկ մոդելավորված աշխարհում այդ ամենն արդեն դառնում է կանխատեսելի։ Այդ առումով կարծում եմ, որ այսօր թերևս ամենահրատապ հարցը, որ պիտի քննարկվի «Մտքերի գագաթնաժողովի» ընթացքում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է՝ ինչպես և ինչու են գործընթացները տեղի ունենում։ Շատ կարևոր է, որ միտքն այս ուղղությամբ գեներացվի, հարցեր ձևակերպի և պատասխաններ տա։ Հատկապես առաջիկա և ընթացիկ ժամանակաշրջանում կան հարցեր, որոնք առանցքային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար, և որոնց պատասխանը շատ կարևոր է հենց առանձնահատուկ ապագայի տեսանկյունից։ Այդ ապագան կառավարելի և տեսանելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ ավելի նեղ, ավելի լայն և ընդհանրապես գլոբալ առումով։ Պատահական չէ, որ ես հենց մակընթացությունների և տեղատվությունների հետ զուգահեռ անցկացրի։ Հենց այն ժամանակ, երբ մարդկությունը չգիտեր, թե ինչ է տեղի ունենում և ինչու, այդ ամենն ընկալվում էր որպես աղետ։ Իսկ երբ կա հստակ մոդելավորում, թե ինչը և ինչի համար է տեղի ունենում, այնուամենայնիվ, այդ պրոցեսները որոշակիորեն հայտնվում են կառավարելիության տիրույթում։ Եվս մեկ անգամ ողջունում եմ, պարոն նախագահ, այս կարևոր նախաձեռնությունը, որն արդեն պարբերական է։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք կկարողանանք այս կարևոր իրադարձությունը կազմակերպել և մասնակցել առանց դիմակների։ Հույս ունեմ, որ այս հանդիպումը, այս իրադարձությունը մեզ համար կդառնա նաև մեր տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման որոշակի հարթակ, որպեսզի մեզ հետ և մեր շուրջ տեղի ունեցող գործընթացները մեզ համար ավելի հասկանալի, և հետևաբար, ավելի կառավարելի լինեն։ Հաջողություն եմ մաղթում «Մտքերի հայկական գագաթնաժողովի» աշխատանքներին և արդյունավետ ընթացք եմ ցանկանում։ Շնորհակալ եմ»։ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» այս տարվա քննարկումները վերաբերելու են աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին և արհեստական բանականության զարգացմանը: Մասնակիցների շարքում են երկրների նախկին ղեկավարներ, միջազգային հեղինակավոր փորձագիտական և վերլուծական կենտրոնների, կազմակերպությունների, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ, այդ թվում՝ Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի Ռեյը, Ռուսաստանի «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Yandex-ի փոխտնօրեն Տիգրան Խուդավերդյանը, լեգենդար մարզիկ Ռոջեր Գրեյսին և այլք:
11:57 - 23 հոկտեմբերի, 2021
Ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև |azatutyun.am|

Ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև |azatutyun.am|

azatutyun.am: Ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև․ Կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ այդմ, երկու պետությունների վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիները կազատվեն միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից 90 օրը չգերազանցող ժամկետով։ Գործադիրը հիմնավորման մեջ նշում է, որ Հայաստանն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի ռեժիմ ունի Կենտրոնական և Հարավային Ամերիկայի 3 երկրների, մասնավորապես՝ Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկայի և Չիլիի հետ՝ նպատակը Դոմինիկայի Ընկերակցության հետ հարաբերությունների զարգացումն է։
16:43 - 21 հոկտեմբերի, 2021
Օտարերկրյա ընկերությունների համար կհեշտացվի լիցենզավորման տրմադրման կարգը |hetq.am|

Օտարերկրյա ընկերությունների համար կհեշտացվի լիցենզավորման տրմադրման կարգը |hetq.am|

hetq.am: Օտարերկյա պետության կողմից տրված համապատասխան լիցենզիայի (կամ համարժեք թույլտվության) առկայության դեպքում այսուհետ լիցենզավորման թույլտվությունը կտրամադրվի պարզեցված ընթացակարգով՝ առանց ՀՀ կառավարության քննարկման ներկայացման։ Որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 21-ի նիստում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախ նշեց, որ 78 գործունեության տեսակից Կառավարությունն առանձնացրել է 18-ը, որոնց նկատմամբ կարող են ավելի հեշտ լիցենզավորվելու պայմաններ առաջարկել օտարերկրյա ընկերություններին։ Նման հնարավորություն կունենան Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձինք։ Լիցենզավորումը կտրամադրվի առանց ՀՀ կառավարության քննարկման՝ մասնավոր պահնորդական գործունեության, ինկասացիոն ծառայությունների մատուցման, փոստային կապի, միջուկային, ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման գործունեության, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման, ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերրեի և կազմակերպությունների կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման։ Նախատեսվող փոփոխությամբ կհեշտացվեն նաև քաղաքաշինության կոմիտեի կողմից լիցենզավորվող գործունեության հետևյալ տեսակները՝ քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում, քաղքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարության իրականացում, շինարարության որակի տեխնիակական հսկողություն, ինժեներական հետազննում, շենքերի և շինություններրի տեխնիկական վիճակի հետազննություն։  «Էապես բարելավվում ենք գործարար միջավայրը հետևյալ ոլորտներում և թույլ ենք տալիս, որպեսզի օտարերկրյա ընկերությունները կարողանան ավելի հեշտ մասնացել Հայաստանում տնտեսական գործունեությանը՝ պարզեցված ընթացակարգով լիցենզավորվելու միջոցով»,- եզրափակեց Վահան Քերոբյանը։
13:03 - 21 հոկտեմբերի, 2021
Հոկտեմբերի 25-ից կմեկնարկի ձմեռային զորակոչը

Հոկտեմբերի 25-ից կմեկնարկի ձմեռային զորակոչը

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թ․-ի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը։ Նախագծով նախատեսվում է հայտարարել 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ  Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ։
12:24 - 21 հոկտեմբերի, 2021