ՍԴՀԿ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հիմնադրվել է 1887 թվականին Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Այժմ Հայաստանում գործող քաղաքական կուսակցություն է։
Մենք կարիք ունենք միահամուռ պայքարելու այն դժվարությունների դեմ, որոնք այսօր ծագել են մեր պետության առջև. նախագահը՝ ՍԴՀԿ ներկայացուցիչներին

Մենք կարիք ունենք միահամուռ պայքարելու այն դժվարությունների դեմ, որոնք այսօր ծագել են մեր պետության առջև. նախագահը՝ ՍԴՀԿ ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ՍԴՀԿ ներկայացուցիչներին համազգային նշանակություն ունեցող գործընթացներում նրանց կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար: «Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեր դիրքորոշման համար: Մենք կարիք ունենք միահամուռ պայքարել այն դժվարությունների դեմ, որոնք այսօր ծագել են մեր պետության առջև: Տեղյակ եմ, որ շատ լավ տիրապետում եք իրավիճակին, կառավարության հետ մշտական շփման մեջ եք, մասնակցում եք արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցական հանդիպումներին: Եվ ըստ այդմ՝ բավական տեղեկացված եք: Սա նշանակում է, որ ձեր հերթին Սփյուռքի մեր հայրենակիցների հետ շփումների ընթացքում ներկայացնում եք մեր երկրում տիրող իրատեսական պատկերն ու իրականությունը։ Այսօրվա մեր աշխատանքում կարևոր է նաև տեղեկություններ հասցնելը: Երբ արտերկրում եմ լինում՝ անպայման հանդիպում եմ մեր համայնքի ներկայացուցիչների հետ և նկատում եմ, որ հիմնական խնդիրներից մեկը՝ տեղեկատվության պակասությունն է, ինչպես նաև ապատեղեկատվությունը: Դուք այդ համատեքստում կարևոր գործ եք անում և տեղեկությունը ներկայացնում ենք: Արտերկրում ապրող մարդուն դժվար է այս տեղեկատվության անսահման հոսքի մեջ ճշմարտությունը գտնել, շատ դեպքերում նաև այդ ճշմարտությունը անհնարին է գտնել», -ասել է նախագահ Խաչատուրյանը: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ ընդունելով և հասկանալով բոլոր բարդություններն ու դժվարությունները, շարունակում է իր բռնած ուղին: «Մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակի լուծումը միայն և միայն բանակցային սեղանի շուրջ պետք է լինի, և մենք պետք է մեր հարևանների հետ խաղաղ գոյակցության գաղափարն իրականություն դարձնենք, բայց դա չի նշանակում, որ դա պետք է լինի մեր արժանապատվության կամ Հայաստանի Հանրապետության տարածքների հաշվին: Մենք բոլորս պետք է մեր անելիքները գնահատենք և առաջ շարժվենք»,- նշել է նախագահը: ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Համաձայն ենք Ձեր դիտարկումների հետ: Անկեղծ խոսակցություն է հարկավոր ժողովրդի հետ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում... Բարդ իրավիճակում ենք և մարդկանց պետք է հասցնել տեղեկություն, որը ճիշտ է, առանց քաղաքական շահարկումների և մոլորեցնող: Մենք միշտ պատրաստակամություն ենք հայտնել և վճռականությամբ ենք մոտեցել այս գործին, և միշտ խոսում ենք այն մասին, թե ինչպիսի դժվարություններ, ինչպես նաև հաջողություններ կան»,- ասել է Համբիկ Սարաֆյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, առաջնահերթություններին և անվտանգային խնդիրներին: Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ ու աջակցություն ցուցաբերել մեր երկրի առջև ծառացած խնդիրների միասնական լուծումներ փնտրելու և համահայկական հարցերում ջանքերը մեկտեղելու գործում:
17:06 - 11 հուլիսի, 2023
ՍԴՀԿ-ն մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակության գործընթացներում. ՀՀ վարչապետի ուղերձը

ՍԴՀԿ-ն մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակության գործընթացներում. ՀՀ վարչապետի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՍԴՀԿ 135-ամյակի առիթով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում ասված է. «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կուսակցության 135-ամյա հոբելյանի առիթով: Կուսակցությունն իր երկարամյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը: Իրենց ազգանվեր գործունեությամբ հիշատակման են արժանի կուսակցական այնպիսի անհատներ, մտավորականներ, ինչպիսիք են` Սմբատ Բյուրատը, Ստեփանոս Սափյան-Գուլյանը, Մեծն Մուրադը, Ատրպետը, Արամազը: Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել իր կենսունակությունը: Բարձր գնահատանքի է արժանի ոչ միայն Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության գործունեությունն ու պատմությունը, այլ նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Մասնավորապես, անգնահատելի է կուսակցության ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է ՍԴՀԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում: Եվս մեկ անգամ շնորհավորելով Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հիմնադրման 135-ամյա հոբելյանի առիթով՝ մաղթում եմ կուսակցաշինական բեղմնավոր ու արգասաբեր գործունեություն՝ հանուն Հայաստանի ժողովրդի և ողջ հայության»:
13:18 - 24 սեպտեմբերի, 2022
Հանրապետության նախագահն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին

Հանրապետության նախագահն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:   Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ՍԴՀԿ դերն ու ներգրավվածությունը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում:   «Ուժը մենք ենք, դուք եք՝ մենք բոլորս միասին, բոլոր նրանք են, ովքեր մտահոգ են մեր պետության ապագայով»,- նշել է նախագահը:   Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, անվտանգային խնդիրներին: Նախագահն անդրադարձ է կատարել նաև Ջերմուկ և Սիսիան կատարած իր աշխատանքային այցերին, նշել, որ հայ զինվորի մարտական ոգին բարձր է:   ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է կուսակցության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ամփոփվելու են վաղը նախատեսված ՍԴՀԿ ամենամյա համագումարի շրջանակում:   «Մեզ համար միշտ առաջնային է եղել հայրենիքում անցկացնել մեր համագումարները: Ամենից առավել մեզ համար առաջնային է մեր միասնականությունը, համախմբվածությունը երկրի համար դժվարին պահերին»,- ասել է Համբիկ Սարաֆյանը՝ հավելով, որ պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի իրենց ներդրումն ունենան երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար:   Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արցախի հիմնահարցին, տարածաշրջանային և անվտանգային խնդիրներին:
18:43 - 23 սեպտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ: Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Աճեմյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մեր ավանդական կուսակցություններից է և էական ազդեցություն ունի նաև Սփյուռքում: Այսօրինակ շփումները շատ կարևոր են մեզ համար, որպեսզի նաև Սփյուռքի որոշակի հատվածի ձայնը լսելի լինի մեզ համար և նաև ձեր միջոցով մեր ձայնը լսելի լինի Սփյուռքի մեր հայրենակիցների համար: Ես ծանոթացել եմ ընտրությունների վերաբերյալ Ձեր գնահատականներին և ուրախ եմ արձանագրելու, որ, ըստ էության, մեր գնահատականները համընկնում են: Եվ Հայաստանը, կարող ենք արձանագրել, որ անշրջելիորեն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով, ինչը նոր դաշտ և հնարավորություններ է ստեղծում կուսակցական և քաղաքական գործունեության համար: Հույս ունեմ, որ դա նկատելի է նաև Ձեր կողմից, տեսնում եմ, որ նկատելի է նաև Ձեր կողմից, ինչի համար շատ ուրախ եմ: Համեցեք: Սեդրակ Աճեմյան - Ես եմ շնորհակալ, որ այս հանդիպումը տեղի է ունենում: Նախևառաջ, շնորհավորում եմ առաջին հերթին մեր ժողովրդին, որ իրենց մտորումներով ճիշտ ընթացք տվեցին այս ընտրություններին: Եվ մենք ուրախ ենք, որ այսօր վերստին Ձեզ պիտի տեսնենք վարչապետի առաջիկա աթոռին: Բնականաբար, ահագին դժվարություններ կան, և այդ ամենն ընդունելով՝ մենք, իբրև կուսակցություն, պատրաստ ենք համագործակցելու պետականության շուրջ՝ կառավարության կողքին և մասնավորաբար, Ձեր կողքին: Դա Հնչակյան կուսակցության որոշումն է՝ աշխարհասփյուռ և հայաստանյան մեր բոլոր շրջանակներում այդ տրամադրությունը շատ բարձր է: Այս օրերին բավական ոգևորություն կա մեզ մոտ՝ առաջիկան ավելի փայլուն տեսնելու քաղաքականությամբ: Ես շատ լավ եմ հիշում ընտրական քաղաքականության ժամանակաշրջանում «Ապագա կա» կարգախոսը: Եվ իրապես՝ մենք նույնպես համոզված ենք, որ ապագա կա: Ապագան կերտելու համար մնում է համագործակցության խնդիրը, բնականաբար: Սփյուռք-Հայրենիք համագործակցության և հանդիպումների զարգացման վերաբերյալ առաջարկներ վաղուց եղել են թե՛ մեր կուսակցության, թե՛ ընդհանուր մտորումների լույսի ներքո: Առաջիկայում սպասում ենք, որ այդ համագործակցությունը լինի և համազգային մարմնի ստեղծման գաղափարն առաջ տանենք: Մեր կուսակցությունը կարծում է, որ դա օգտաշատ է ընդհանրապես, որ բարձր գնահատականով ցույց տանք, որ ապագա կա: «Ապագա կա» կարգախոսն ինձ համար շատ հետաքրքրական, սիմվոլիկ երևույթ է դարձել, անկեղծորեն, շատ անգամ նույնիսկ իմ սովորական կյանքում էլ եմ օգտագործում: Որովհետև ապագան հույսն է ընդհանրապես՝ արտագաղթի դեմ և այլն: Շատ այլ երևույթներ կան, որոնք հուզում են մեր ժողովրդին: Դրանք ամբողջացնելու համար անհրաժեշտություն է հույս ունենալ: Հույսը ինքնին ապագան է: Այդպիսին է մեր համոզմունքը: Զրուցակիցները քննարկել են Սփյուռք-Հայրենիք կապերի ամրապնդմանը, համազգային ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
12:46 - 25 հունիսի, 2021
Հայաստանն այս ծայրահեղ վիճակին հասցրած Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տան․ ՍԴՀԿ

Հայաստանն այս ծայրահեղ վիճակին հասցրած Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տան․ ՍԴՀԿ

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարությունում է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը։ Հայտարարությունում ասվում է․ «Հայրենակիցներ, խայտառակ կապիտուլյացիայից եւ դրան նախորդած, ինչպես նաեւ հաջորդած ողբերգական իրադարձությունների արդյունքում մենք կանգնած ենք պետականության կորստի առջեւ. հայրենազրկումը, տասնյակ հազարավոր փախստականների առկայությունը, մեր տղաների գերի եւ անհայտ կորած լինելու հանգամանքը, ինչպես նաեւ ներքաղաքական խայտառակ լարվածությունը ամբողջացնում է այս ողբերգական պատկերը։ Պատմաքաղաքական հրամայական է, որ Հայաստաննն այս ծայրահեղ վիճակին հասցրած կառավարությունը եւ վարչապետ Փաշինյանը օր առաջ հրաժարական տան։ Ցանկացած օր Փաշինյանի ղեկավարությամբ էլ ավելի է արագացնում մեր պետականության անդունդ գլորվելու գործընթացը, միեւնույն ժամանակ հրապարակում հանրահավաք անցկացնող քաղաքական ուժերի հռետորաբանությունն էլ ավելի է սրում ներքաղաքական բախումների տանելու կործանարար հնարավորությունը։ Արդ ելնելով ստեղծված իրավիճակից Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պահանջում է. 1.      Սահմանադրական ճանապարհով Ն. Փաշինյանի կառավարության հրաժարականը, 2.      Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում ժամանակավոր կառավարության ստեղծում, որը կարող աշխատել այն խորհրդարանի հետ, որը դե յուրե եւ դե ֆակտո այս պահին գոյություն ունի, 3.      Սերտ համագործակցելով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ԶՈՒ-ն դուրս բերել առկա կոլապսային վիճակից Հայաստանի սահմանների անվտանգության ապահովման համար, 4.      Արտաքին անվտանգության եւ կայունության հասնելով իսկ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
11:55 - 07 դեկտեմբերի, 2020
ՍԴՀԿ-ն իշխանությանը հորդորում է համախոհության մթնոլորտ ստեղծելուն միտված գործնական քայլեր ձեռնարկել

ՍԴՀԿ-ն իշխանությանը հորդորում է համախոհության մթնոլորտ ստեղծելուն միտված գործնական քայլեր ձեռնարկել

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդվում է հայտարարության մեջ նշվում է, որ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը իր խոր մտահոգությունն է արձանագրում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: «Եռակողմ համաձայնության ստորագրումից ավելի քան երեք շաբաթ անց, չեն դադարում երկիրը ապակայունացնող և հասարակության մոտ ատելություն, խուճապ ու հուսահատություն սերմանող կոչերն ու հայտարարությունները: Ավելին, ընդդիմադիր ուժերը, լուծումներ առաջարկելու փոխարեն՝ դիտավորյալ ու շեշտված կերպով օգտագործում են նախկին իշխանության ծառայող մամուլն ու խորհրդարանի ամբիոնը՝ երկրում անիշխանության ու քաոսի թյուր երեւույթ ստեղծելու նպատակով: Ճակատագրական այս պահին, երբ բառացիորեն գծվում են Հայաստանի և Արցախի  սահմանները, երբ ունենք ռազմագերիների և անհետ կորածների անհետաձգելի հարց, գաղթականների հարց և երբ երկրում մոլեգնում է կորոնավիրուսը՝ խլելով օրական տասնյակ կյանքեր, թվում էր, թե Հայաստանի պետական շահը վեր դասելով հատվածական շահերից, համախմբում պիտի տեղի ունենար պետականության շուրջ այդ հրատապ խնդիրները լուծելու հրամայականով, այլ ոչ թե հերթական պատեհ առիթ՝ օրինական իշխանության հեռացման պահանջի: Հասկանալի է, որ պարտությունը առաջացրել է շատ ծանր բարոյահոգեբանական վիճակ համայն հայության մոտ և ինչպես բոլորը, Հնչակյան կուսակցությունը եւս բազմաթիվ հարցադրումներ ունի ներկա իշխանության՝ պատերազմի ամբողջ ընթացքի մասին, սակայն հաստատապես համոզված ենք, որ հիմա չի այդ պահը: Ավելին, այս կրիտիկական ժամանակահատվածում, երբ բոլորիս ջանքերն ու ուշադրությունը պիտի բացառապես ուղղված լինեն առկա անհետաձգելի հարցերի լուծման, անտեղի և անիմաստ ենք համարում ստեղծված իրավիճակի համար մեղավորներ, անմեղներ ու դավաճաններ փնտրելու հանրային բանավեճը, որ անշուշտ պետք է կայանա, սակայն միայն այն ժամանակ, երբ անկախ ու անաչառ հետաքննության արդյունքում հանրությունը իրազեկ կդառնա փաստերին ու ամբողջական պատկերին: Մյուս կողմից, անառարկելի փաստ է, որ ստորագրված համաձայնությունը բեկանման կամ բարեփոխման ենթակա չի և գործընթացը առաջ է շարժվում սրընթաց, անկախ մեր ցանկությունից կամ ոմանց կողմից հանրության մատուցվող սին խոստումներից: Հետեւաբար, մեզ ուրիշ ելք չի մնում քան գտնել մեր մեջ ուժ և խոհեմություն, այս ծանր ձախողությունից նոր հնարավորություն կերտելու, որ անհնար է առանց միաբանության: Ուստի, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, անկախ ներկա իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքից կամ տարակարծություններից՝ համագործակցության ձեռք մեկնել նրան, իսկ իշխանությանը հորդորում ենք՝ համախոհության մթնոլորտ ստեղծելուն միտված գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի միասնական ջանքերով հաղթահարենք այս դժվարագույն հանգրվանը»,- ասված է հայտարարության մեջ:
13:18 - 01 դեկտեմբերի, 2020
Անխոհեմ և անտեղի ենք համարում 14 կուսակցությունների կողմից հրապարակված վերջին հայտարարություն-պահանջագիրը ուղղված Հայաստանի կառավարության. ՍԴՀԿ

Անխոհեմ և անտեղի ենք համարում 14 կուսակցությունների կողմից հրապարակված վերջին հայտարարություն-պահանջագիրը ուղղված Հայաստանի կառավարության. ՍԴՀԿ

ՍԴՀԿ վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Արցախյան նորագույն գոյամարտը եկավ կրկին ապացուցելու, որ այս օրհասական ժամին, մեր գոյության ու հաջողության միակ երաշխիքը մեր քաջարի զինվորի կամքն ու բազկի ուժն է մարտի դաշտում և համայն հայության միասնականությունն ու միակամությունը թիկունքում: Առ այդ, մենք անխոհեմ և անտեղի ենք համարում 14 կուսակցությունների կողմից հրապարակված վերջին հայտարարություն-պահանջագիրը ուղղված Հայաստանի կառավարության: Ինչպիսի մտահոգություններից էլ բխած լինի նման հայտարարությունը, մենք գտնում ենք, որ ներկայացված պահանջը հակասահմանադրական է և այն պահին երբ միասնականությունը պետք է լինի բացարձակ ու կատարյալ, մենք պարզապես իրավունքը չունենք, անգամ ամենա աննշան ներքին տարակարծության ազդանշան փոխանցելու թշնամուն և անվստահություն սերմանելու սեփական կառավարության նկատմամբ: Մյուս կողմից, ինչպես յուրաքանչյուր հայ իր պարտքն է համարում իր մասնակցությունը բերել այս գոյամարտին, ակնկալում ենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, անխտիր և անվարան, իրենց փորձն ու հմտությունները ի սպաս կդնեն հայրենիքի պաշտպանության գործին:Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մի անգամ ևս կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, կազմակերպություններին ու յուրաքանչյուր հայորդու, այս չափազանց պատասխանատու պահին նեցուկ կանգնել Հայաստանի և Արցախի զույգ իշխանություններին և Հայոց բանակին, որպեսզի միասնաբար դիմակայենք անողոք թշնամուն ու հաղթանակով պսակենք այս գոյամարտը»:
17:16 - 20 հոկտեմբերի, 2020
Սահմանադրական դատարանի նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով |armtimes.com|

Սահմանադրական դատարանի նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանում այսօր ժամը 11-ին նախատեսված նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: Նիստը չկայանալու պատճառի մասին լրագրողներին տեղեկացրեց մի կին, որը հավանաբար ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչ էր:  Որեւէ դատավոր նիստերի դահլիճում չհայտնվեց, ուստի լրագրողների համար տեսանելի չեղավ, թե ովքեր են բացակա նիստից: Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 7 հարց: Դրանց թվում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցը: Նախորդ շաբաթ Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, խորհրդարանին տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։ Միջնորդության քննարկման վերաբերյալ աշխատակարգային նիստ տեղի չէր ունեցել:  Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
11:36 - 07 հուլիսի, 2020
Հնչակյան կուսակցության հայտարարությունը Հայաստանում ժողովրդական շարժման մեկ տարին բոլորելու կապակցությամբ

Հնչակյան կուսակցության հայտարարությունը Հայաստանում ժողովրդական շարժման մեկ տարին բոլորելու կապակցությամբ

Շուրջ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ երկար սպասված իշխանափոխություն, առանց արտակարգ դեպքերի եւ զոհերի։ Նախկին վարչակարգը իր տեղը զիջեց ժողովրդական շարժումն առաջնորդող խորհրդարանի փոքրամասնություն հանդիսացող ընդդիմադիր ուժին։ Թեեւ վաղաժամ, բայց ազատ ,անկաշկանդ ընտրություններով ձևավորվեցին նոր իշխանության օրենսդիր և գործադիր մարմինները։ Այժմ երկրի ղեկավարման ողջ պատասխանատվությունը թե ներքին և թե արտաքին մարտահրավերներում ընկնում է նոր իշխանության ուսերին եւ նոր իշխանությունն է պետականության ներկայի եւ իր հետագա կառավարման ժամանակաշրջանի գլխավոր պատասխանատուն։ Ուստի, շարժման ղեկավարների կողմից պետության կառավարումը ստանձնելուց ի վեր, ՍԴՀԿ-ն արձանագրում է. *Մենք դրականորեն ենք գնահատում կոռուպցիայի դեմ իշխանությունների հետևողական պայքարը, *Բարձր ենք գնահատում իշխանափոխությունից հետո ժողովրդի մոտ արթնացած ոգեւորությունն ու հույսը, *Ողջունում ենք իշխանության եւ իրավական կառույցների կողմից մեկնարկած ՀՀ-ն տեղային մանր ու խոշոր կոռուպցիոներներից ազատելու գործընթացը, ակնկալում ենք դրանում հետեւողականություն եւ անկոտրում կամքի դրսևորում,*Ողջունելի է վարչապետի կողմից վարչական ապարատի նկատմամբ հետեւողականությունը, սակայն գտնում ենք, որ վարչապետի պատահական կամ ոչ պատահական այցերով, լոկալ խնդիրների բացահայտումը և լոկալ լուծումներ տալու գործելաձևը չի կարող մշտապես արդյունավետ լինել,*Պետականաշինության ճանապարհին նետված բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է համակարգային մոտեցումներ որդեգրել՝ բանիմաց ու նվիրված կադրերի նկատմամբ, դրանց ընտրության հարցում չառաջնորդվել հարազատության, ծանոթության սկզբունքով կամ կուսակցական պատկանելությամբ, այլ միմիայն կադրերի մասնագիտական եւ մարդկային որակներով, Որպես սոցիալ-դեմոկրատիայի արժեքների կրող և դավանող մայր կուսակցություն ՍԴՀԿ-ն պահանջում է. *Պետության ուսերից չթոթափել բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու պատասխանատվությունը, այն թողնելով մասնավոր սեկտորի ու անհատների վրա, *Սոցիալական արդարությունը պահել օրակարգի առաջնահերթությունների շարքում, քանզի դա է գրավիչ Հայաստան ունենալու գրավականը՝ հզոր պետություն նշանակում է ապահովված բնակչություն, *Աղքատության շեմը հաղթահարելու համար բարձրացնել սպառողական զամբյուղի նկատմամբ պետական հոգատարությունը, ներառելով ինչպես պետական ռեսուրսները, այնպես էլ բարեգործական միջոցների գործիքակազմը,*Պատասխանատվությամբ եւ պաշտոնին հարիր կատարել զբաղեցրած պաշտոնից բխող պարտականություններն ու լիազորությունները, քանզի պաշտոնը ծառայելու գործիք է եւ ոչ վայելելու,*Օրենքի ուժ տալ անկախ արհմիությունների գործունեությանը եւ երաշխավորել նրանց լիակատար անկախությունը՝ բացառել աշխատուժի շահագործումը, *Հայեցակարգ մշակել և կիրառել ազգային հարստություն հանդիսացող ստրատեգիական նշանակության օբյեկտների նկատմամբ պետական վերահսկողությունը, առանց սեփականության իրավունքի խաթարմանը։ Շնորհավորում ենք Ժողովրդական շարժման առաջին տարելիցը Հայրենի բոլոր քաղաքացիներին և սփյուռքի հայրենակիցներին:  
16:46 - 01 մայիսի, 2019