Հնչակյան կուսակցության հայտարարությունը Հայաստանում ժողովրդական շարժման մեկ տարին բոլորելու կապակցությամբ
16:46 - 01 մայիսի, 2019

Հնչակյան կուսակցության հայտարարությունը Հայաստանում ժողովրդական շարժման մեկ տարին բոլորելու կապակցությամբ

Շուրջ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ երկար սպասված իշխանափոխություն, առանց արտակարգ դեպքերի եւ զոհերի։ Նախկին վարչակարգը իր տեղը զիջեց ժողովրդական շարժումն առաջնորդող խորհրդարանի փոքրամասնություն հանդիսացող ընդդիմադիր ուժին։ Թեեւ վաղաժամ, բայց ազատ ,անկաշկանդ ընտրություններով ձևավորվեցին նոր իշխանության օրենսդիր և գործադիր մարմինները։ Այժմ երկրի ղեկավարման ողջ պատասխանատվությունը թե ներքին և թե արտաքին մարտահրավերներում ընկնում է նոր իշխանության ուսերին եւ նոր իշխանությունն է պետականության ներկայի եւ իր հետագա կառավարման ժամանակաշրջանի գլխավոր պատասխանատուն։ Ուստի, շարժման ղեկավարների կողմից պետության կառավարումը ստանձնելուց ի վեր, ՍԴՀԿ-ն արձանագրում է.

*Մենք դրականորեն ենք գնահատում կոռուպցիայի դեմ իշխանությունների հետևողական պայքարը,
*Բարձր ենք գնահատում իշխանափոխությունից հետո ժողովրդի մոտ արթնացած ոգեւորությունն ու հույսը,
*Ողջունում ենք իշխանության եւ իրավական կառույցների կողմից մեկնարկած ՀՀ-ն տեղային մանր ու խոշոր կոռուպցիոներներից ազատելու գործընթացը, ակնկալում ենք դրանում հետեւողականություն եւ անկոտրում կամքի դրսևորում,
*Ողջունելի է վարչապետի կողմից վարչական ապարատի նկատմամբ հետեւողականությունը, սակայն գտնում ենք, որ վարչապետի պատահական կամ ոչ պատահական այցերով, լոկալ խնդիրների բացահայտումը և լոկալ լուծումներ տալու գործելաձևը չի կարող մշտապես արդյունավետ լինել,
*Պետականաշինության ճանապարհին նետված բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է համակարգային մոտեցումներ որդեգրել՝ բանիմաց ու նվիրված կադրերի նկատմամբ, դրանց ընտրության հարցում չառաջնորդվել հարազատության, ծանոթության սկզբունքով կամ կուսակցական պատկանելությամբ, այլ միմիայն կադրերի մասնագիտական եւ մարդկային որակներով, Որպես սոցիալ-դեմոկրատիայի արժեքների կրող և դավանող մայր կուսակցություն ՍԴՀԿ-ն պահանջում է.

*Պետության ուսերից չթոթափել բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու պատասխանատվությունը, այն թողնելով մասնավոր սեկտորի ու անհատների վրա,
*Սոցիալական արդարությունը պահել օրակարգի առաջնահերթությունների շարքում, քանզի դա է գրավիչ Հայաստան ունենալու գրավականը՝ հզոր պետություն նշանակում է ապահովված բնակչություն,
*Աղքատության շեմը հաղթահարելու համար բարձրացնել սպառողական զամբյուղի նկատմամբ պետական հոգատարությունը, ներառելով ինչպես պետական ռեսուրսները, այնպես էլ բարեգործական միջոցների գործիքակազմը,
*Պատասխանատվությամբ եւ պաշտոնին հարիր կատարել զբաղեցրած պաշտոնից բխող պարտականություններն ու լիազորությունները, քանզի պաշտոնը ծառայելու գործիք է եւ ոչ վայելելու,
*Օրենքի ուժ տալ անկախ արհմիությունների գործունեությանը եւ երաշխավորել նրանց լիակատար անկախությունը՝ բացառել աշխատուժի շահագործումը,
*Հայեցակարգ մշակել և կիրառել ազգային հարստություն հանդիսացող ստրատեգիական նշանակության օբյեկտների նկատմամբ պետական վերահսկողությունը, առանց սեփականության իրավունքի խաթարմանը։

Շնորհավորում ենք Ժողովրդական շարժման առաջին տարելիցը Հայրենի բոլոր քաղաքացիներին և սփյուռքի հայրենակիցներին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել