Հայաստան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին, ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի, Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:   Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց:  ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:
18:43 - 11 փետրվարի, 2020
Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար. Զոհրաբ Մնացականյան

Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթը է ունեցել «Պահպանելով և ամրապնդելով ջանքերը» խորագրով Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: ՀՀ ԱԳ նախարարը իր ելույթում անդրադարձել է նաև Ադրբեջանը ներկայացնող բանախոսի կողմից հնչեցրած մեղադրանքներին Հայաստանի և Արցախի հասցեին. Ներկայացնում ենք Զոհրաբ Մնացականյանի ելույթն ամբողջությամբ. «Պարոն Նախագահ,Հարգելի գործընկերներ,Տիկնայք և պարոնայք, Կցանկանայի շնորհակալություն հայտնել գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Վիեննայում միջուկային անվտանգության հարցերով երրորդ համաժողովն անցկացնելու համար: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում եմ ամենայն հաջողություն այս կարևոր և պարտավորեցնող առաքելության մեջ:   Խոսքս ցանկանում եմ սկսել նախկին գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին հարգանքի տուրք մատուցելով. վերջինիս մեկ տասնամյակից ավելի հանձնառությունն ու փորձը Գործակալությանը մղել են բազում ուշագրավ նվաճումների ՄԱԳԱՏԷ-ի՝ գլխավոր տնօրեն Ամանոյի առաջարկի հիման վրա առաջ քաշված նշանաբանի ներքո՝ «Ատոմները հանուն խաղաղության և զարգացման»: 2019-ի մայիսին պարոն Ամանոն աշխատանքային այց էր կատարել Հայաստան: Իմ երկրի ղեկավարության հետ ունեցած բարձր մակարդակի հանդիպումները հանդիսացան Հայաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բեղմնավոր համագործակցության վկայություն և նախանշեցին նոր ուղղություններ մեր ապագա համատեղ ջանքերի համար: Պարոն նախագահ,   Կցանկանայի ընդգծել այս համաժողովի բացառիկ ընդգրկունությունը, որը մեզ՝ անդամ-պետություններիս, հնարավորություն է ընձեռում կիսել հեռանկարները, մարտահրավերները և ձեռքբերումները, համատեղ ուրվագծել այն միջոցառումները, որոնք երկխոսության և համագործակցության միջոցով կխթանեն գլոբալ միջուկային անվտանգության ամրապնդումը: Վստահ եմ, որ այսօր ընդունվելիք նախարարական հռչակագիրը կդառնա կարևոր հանգրվան միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի համար՝ ուղղված գլոբալ չտարածման ռեժիմի ամրապնդմանը և ի ցույց կդնի մեր ընդհանուր հանձնառությունը՝ պահպանելու միջուկային անվտանգության ռեժիմում բարձր չափանիշները։ 2016 թվականի Միջուկային անվտանգության միջազգային երկրորդ համաժողովից ի վեր, ցավոք, աշխարհը չի դարձել ապրելու համար առավել լավ և անվտանգ: Այսօր հարափոփոխ աշխարհում գլոբալ անվտանգության միջավայրն առերեսվում է արագ զարգացող սպառնալիքների, ինչպիսիք են տեխնոլոգիական զարգացման հետ կապված սպառնալիքները և կիբերհարձակումները։ Մենք չգիտենք կամ չենք կարող պատկերացնել, թե վաղը, տեսանելի ապագայում ինչ և որքան նոր սպառնալիքներ ի հայտ կգան: Դա նշանակում է, որ միջուկային անվտանգության ազգային ռեժիմները, կարգավորող համակարգերը պետք է լինեն ճկուն, հարմարվող և դիմակայուն։ Տեղեկատվության փոխանակումը, փորձառության և փորձի փոխանակումը սպառնալիքը ժամանակին հայտնաբերելու և հասցեագրելու առանցքային նախադրյալներն են: ՄԱԳԱՏԷ-ի կողմից անդամ պետությունների ազգային անվտանգության ռեժիմները բարելավելու նպատակով վերջիններիս տրամադրվող շարունակական աջակցությունն անփոխարինելի է:     Պարոն նախագահ, Որպես չտարածման քաղաքականության ուժեղ աջակից՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը չտարածման մասին պայմանագրին և այլ համապատասխան պայմանագրերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրությանը:   Հաշվի առնելով, որ անդամ պետությունում միջուկային անվտանգության համար պատասխանատվությունն ամբողջովին այդ պետության իրավասության տիրույթում է, մենք մշտապես մեր ամուր աջակցությունն ենք հայտնել միջազգային միջուկային անվտանգության շրջանակներում և չտարածման ռեժիմում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ունեցած էական և առաջատար դերին: Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը իմ Կառավարության համար կենսական նշանակություն ունի՝ տնտեսական զարգացման և էներգետիկ անվտանգության առումով:   Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ միջազգային իրավական գործիքակազմի վավերացման և իրագործման, ինչպես նաև ՀՀ ԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և անվտանգությանն ուղղված ամուր ազգային օրենսդրության ձևավորման, միջուկային կայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնների հաստատման միջոցով: Հայաստանը պարբերաբար սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ միջուկային էներգիային առնչվող բոլոր հարցերի շուրջ։ Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները միջուկային և ճառագայթային անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ: Մենք մեծապես գնահատում ենք ՄԱԳԱՏԷ-ի դերը և շարունակական աջակցությունը Հայաստանին՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրագույն չափանիշների ապահովմանը:   Մասնավորապես, ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի հանձնառությունը իր միջազգային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև բաց ու թափանցիկ լինելու բարձրագույն մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներից որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել:   Հայաստանը լիովին կատարում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1540 բանաձևով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հայաստանի 2015-2020թթ. Գործողությունների ազգային ծրագիրը ուրվագծում է հստակ քայլերի շարք՝ սկսած արդեն իրականացվող ազգային միջոցառումների վերանայումից մինչև ընթացիկ և սպասվող գործողությունների համակարգում:   Մենք նաև ակտիվորեն մասնակցում ենք միջուկային չտարածման նախաձեռնություններին, ինչպիսիք են Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունը և տարածման անվտանգության նախաձեռնությունը: Հայաստանի կառավարությունը շարունակաբար համագործակցում է իր միջազգային գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն առավել ամրապնդելու ուղղությամբ:   Մենք խորին մտահոգությամբ հետևում ենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ կապված իրավիճակին: Բազմակողմանի դիվանագիտության իրական նվաճում հանդիսացող այդ համաձայնագրի ստորագրումն աշխարհին տրամադրեց միջուկային տարածման ռիսկի նվազեցման կարևոր գործիք, և մենք կոչ ենք անում բոլոր գործընկերներին հարգելու համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրացման, և ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը համաձայնագիրը պահպանելու համար: Հայաստանը ողջունում է խնդրի վերաբերյալ ներառական և բաց երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ գործադրվող դիվանագիտական և բազմակողմանի հարթակում բոլոր ջանքերը:   Մենք գոհունակություն ենք հայտնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության թիմին և նրա ղեկավարությանը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ներքո Իրանի՝ միջուկային ոլորտին առնչվող պարտավորությունների հաստատման և մոնիտորինգի հարցում իրենց նվիրված, պրոֆեսիոնալ և անաչառ աշխատանքի համար և ակնկալում ենք ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև շարունակական համագործակցություն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և ՄԱԿ-ի ԱԽ 2015 թ. 2231 բանաձևի իրագործման ուղղությամբ: Եվ վերջում, պարոն նախագահ, Ադրբեջանը ներկայացնող բանախոսը շինծու և անհիմն մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի և Արցախի հասցեին։ Դրանք ամբողջովին հերքվում են: Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքն ամբողջովին գտնվում է Արցախի իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո, և ոչինչ հակառակը չի մատնանշում: Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար, և ադրբեջանական մեղադրանքները կարող են հեշտությամբ ստուգվել և առ ոչինչ ապացուցվել: Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր համատեղ նպատակներին և հաջողություն մաղթել համաժողովին: Շնորհակալություն»։  
18:30 - 10 փետրվարի, 2020
Քննարկվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները

Քննարկվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ձևավորված ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը (պատվիրակության ղեկավար՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյան, անդամներ՝ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյան, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյան, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյան) ս.թ. փետրվարի 6-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Կուլհանեկի հետ: Չեխական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳՆ Ապաստանի և միգրացիոն քաղաքականության վարչության պետ Պավլա Նովոտնան և Միջազգային համագործակցության և ԵՄ վարչության պետ Բոհումիլ Հնիդեկը, ինչպես նաև ԱԳՆ Մուտքի արտոնագրերի վարչության երկու աշխատակիցներ: Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը սկսելու հնարավոր ուղիները, ինչպես նաև անդրադարձել են ՀՀ քաղաքացիների կողմից Չեխիա ներգաղթի դեպքերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև հետընդունման համաձայնագրի առավել արդյունավետ կիրարկման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: Նույն օրը Չեխիայի ԱԳՆ-ում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳՆ փոխնախարարի տեղակալ, Մուտքի արտոնագրերի վարչության պետ Դավիդ Նովիի հետ: Չեխական կողմից հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱԳՆ` Հայաստանի համար պատասխանատու աշխատակիցը: Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև ներկայումս գործող արտոնագրային ռեժիմին առնչվող մի շարք հարցեր, խոսեցին առկա խնդիրներից և դրանց հաղթահարման հեռանկարներից։ Պրահա կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև միջանձնային հանդիպում, որի շրջանակներում ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանին ընդունել է Չեխիայի ԱԳՆ՝ ԱլԳ հարցերով հատուկ բանագնաց Յարոսլավ Կյուրֆյուրստը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԱլԳ ապագայի վերաբերյալ կողմերի ունեցած տեսլականի և առաջնահերթությունների վերաբերյալ, ինչպես նաև իրենց գոհունակությունն են հայտնել հայ-չեխական երկկողմ հարաբերությունների լայն օրակարգի և կողմերի միջև համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ:
14:59 - 10 փետրվարի, 2020
Գործարար կապերը զարգացնելու համար հուշագիր է ստորագրվել Հորդանանի հետ |shantnews.am|

Գործարար կապերը զարգացնելու համար հուշագիր է ստորագրվել Հորդանանի հետ |shantnews.am|

shantnews.am: Այսօր՝ փետրվարի 10-ին, մեկնարկել է Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի այցի շրջանակում։ Համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև ստորագրվել է  համագործակցության հուշագիր։ Համաժողովին ներկա էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարիք Համորին։ Երկու կողմերը փաստել են, որ Հայաստանի և Հորդանանի միջև կան տնտեսական կապերի զարգացման բոլոր նախադրյալները, սակայն այդ հնարավորության միայն չնչին մասն է այսօր օգտագործվում: «Մենք, կարելի է ասել, դեռ գործնականում չենք ճանաչում միմյանց: Մեր քննարկումը գործընկերների հետ եղավ դեռ 10 օր առաջ, մենք քննարկեցնինք, թե ինչ տնտեսական հնարավորություններ կան երկու երկրների միջև և եկանք այն ընդհանուր համաձյանության, որ առկա քաղաքական ջերմ բաերեկամական հարաբերությունները թույլ են տալիս անել էապես ավելին, քան այն տնտեսական ցուցանիշները, որ այժմ կան: Տնտեսական ցուցանիշները մեծ չեն թե´ ներմուծման, թե´ արտահանման առումով, իսկ այս բիզնես ֆորումը կազմակերպվեց այն նպատակով, որ բիզնես ներկայացուցիչները ճանաչեն իրար և ճանաչեն այն տնտեսական հնարավորությունները, որ կան Հայաստանում և Հորդանանում, ստեղծեն ավելի սերտ համագործակցություն և արդյունքում արձանագրեն ավելի մեծ ծավալով և´ առևտրատնտեսական, և´ համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնություններ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը: Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարը ևս փաստեց, որ կա հետաքրքրվածություն Հայաստանի հետ համագործակցության: «Կան բազում ոլորտներ, այդ թվում ՏՏ և IT ոլորտը: Հայաստանը բավական առաջադեմ է այդ ոլորտում, Հորդանանը ևս մեծ առաջընթաց ունի, հետևաբար ես տեսնում եմ համագործակցության մեծ հեռանկարներ: Համագործակցության հեռանկարներ եմ տեսնում նաև տուրիզմի ոլորտում՝ երկու երկրների կողմից, Հորդանանում, օրինակ` կա սրբավայր, որտեղ մկրտվել է Հիսուս Քրիստոսը և կան նաև բազմաթիվ կրոնական տեսարժան վայրեր, ուր արժե այցելել:  Ինչ վերաբերում է արդյունաբերության ոլորտին, ապա այստեղ էլ կան մեծ հեռանկարներ ՀՀ մասնավոր սեկտորի և Հորդանանի մասնավոր սեկտորի միջև»,- նշել է Տարիք Համորին:
13:18 - 10 փետրվարի, 2020
Կազմակերպիչը Հայաստանն է․ Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին
 |hetq.am|

Կազմակերպիչը Հայաստանն է․ Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը դեռևս տեղեկություն չունի Ղազախստանում առկա իրավիճակի շուրջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդների առցանց գագաթնաժողովի ժամկետների վերաբերյալ։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  «Դեռևս՝ ոչ։ Կազմակերպիչը Հայաստանն է»,- նշել է նա՝ պատասխանելով գործակալության լրագրողի հարցին։ Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում առկա իրավիճակը հեռախոսով քննարկել էր այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Ղազախստանի առաջնորդը նշել էր, որ մտադիր է հանդես գալ առաջիկա օրերին Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց հանդիպման իրականացման նախաձեռնությամբ։ Պուտինը իր աջակցությունն էր հայտնել այդ առաջարկին։  Շարունակությունը՝ hetq.am կայքում
00:00 - 01 հունվարի, 0001
Մեր տպավորությամբ Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

Մեր տպավորությամբ Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև կբացվի երկու երկրների միջև սահմանը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ին ծրագրված առաջին հանդիպմանն ընդառաջ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին: Հունանյանն ընդգծեց նաև, որ հայկական կողմի տպավորությամբ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ - Որո՞նք են այն հիմնական նպատակները, որոնց հայկական կողմը ցանկանում է հասնել Հայաստան-Թուրքիա երկխոսության շնորհիվ -Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի։ -Կան կարծիքներ, որ համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելուն՝ Հայաստանն արդեն իսկ ընդունել է նախապայմանները, որոնք Թուրքիան միշտ առաջ է քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: -Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում: Ինչպես արդեն նախկինում նշել ենք, միջազգային գործընկերների հետ շփումներում մենք պարբերաբար ընդգծել ենք «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ -Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Ի՞նչ ֆորմատով է անցկացվելու հանդիպումը և ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այս հանդիպումից: -Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։ Ըստ էության, այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։
00:00 - 01 հունվարի, 0001