Քրիստինե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է՝ 2022թ․ հունվարի 24-ից։

Ծնվել է 1981թ․ օգոստոսի 27-ին Սեւան քաղաքում։

1998-2002 թթ. սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, 2002-2004թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008թթ․ սովերել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2004- 2009թթ.  եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության մասնագետ, 2009 մարտ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում որպես թարգամանիչ-իրավաբան, 2009-2011 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ իրավական հարցերով, 2011-2014 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք), 2012-2014 թթ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2014-2015թթ․ եղել է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի եւ կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)։

2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետն է եղել, 2018թ.-2019թթ. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր), 2019թ. հունվարից մինչեւ 2019 թվականի հուլիսը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2022թ․ հունվարի 24-ին ԱԺ-ն 68 քվեով Գրիգորյանին ընտրել է ՀՀ մարդու իրավունքների 5-րդ պաշտպան։

Շարունակում է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս հիմքը ներկայացնելու մոտեցումը․ Քրիստիննե Գրիգորյան

Շարունակում է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս հիմքը ներկայացնելու մոտեցումը․ Քրիստիննե Գրիգորյան

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց՝ ընդդիմության ցույցերի  ընթացքում ոստիկանության կողմից հետևողական խախտումներ ենք արձանագրել․ «Դրանցից մեկը անձանց ստիպողաբար նույնականացնելն էր, որոնց վերաբերյալ մենք իրազեկում էինք տվել անձանց, ծանուցել էինք իրենց իրավունքները։ Վերջին 2 օրերի մոնիթորինգը և բաժինների այցելությունը ցույց են տալիս, որ նման դեպքերը արդեն դարձել են 1-2, այն դեպքում, երբ սկզբի 4-5 օր համատարած ձևով իրականացվում էին։ Նույնիսկ դեպք էր եղել, երբ մտել էին անձի հեռախոսի  անձնական հավելվածներ, փորձել էին այդպես նույնականացնել, նկարել էին իր կամքին հակառակ, առնվազն այդ ուղղությամբ ունենք փոփոխություն, բայց շարունակում է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս բերման ենթարկման հիմքը ներկայացնելու մոտեցումը։ Մենք նաև առաջարկել ենք քննարկում կազմակերպել՝ կոնկրետ հասկանալու, բացի գրագրությունից, ինչպես է  ոստիկանությունը կոնկրետ հասցեագրելու, ինչ փոփոխություններ է կատարելու՝ բացի անհատական պատիժները և ծառայողական քննությունները»։ Անդրադառնալով հարցին, թե ինչու չի այցելել Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակիցներին, Գրիգորյանն ասաց․ «Իմ ներկայացուցիչները մի քանի անգամ այցելել են, մեր միջամտությամբ մի քանի անգամ լուծվել է տվյալ վայրում վրանի տեղադրման հարցը և որոշակիորեն բավարար եմ համարել այդ ընթացքում նման տեսակ միջամտությունը»։ Պաշտպանը նաև մեկնաբանեց հարցը, թե ինչու չի այցելել զոհված զինծառայողների հարազատներին, որոնք ակցիաներ էին իրականացնում գլխավոր դատախազության դիմաց․ նա նշեց, որ այդ ընթացքում գործուղման է եղել։  Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձավ նաև քրեակատորողական հիմնարկների իրավիճակին՝ մասնավորապես նշելով, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անբարվոք պայմաններ են, և ինքը այդ հարցով պարզաբանումներ են պահանջել Արդարադատության նախարարությունից։ Որոշ պարզաբանումների ստացել են, որոնցից դժգոհ են․ «Շատ վտանգավոր ու մտահոգիչ էր տեսնել, որ մինչև 3 տարեկան երեխա խնամող կին դատապարտյալները ու պատիժ կրող անձինք կամ կալանավորված կանայք չունեին տարրական պայմաններ երեխաների խնամքը ապահովելու համար, երեխաների համար յուրահատուկ սնունդը ապահովելու, առաջին բժշկական դեղամիջոցները ապահովելու մասով այսինքն՝ այս մասով լրջագույն խնդիրներ էինք վերհանել, ու նաև ֆիզիկական պայմանների մասով»-ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ եթե Արդարադատության նախարարությունը խնդիրները լուծելու համար քայլեր չիրականացնի, դա արձանագրելու են որպես խախտում։
13:50 - 13 մայիսի, 2022
Միանշանակ, եթե թուրքը օգտագործում ենք որպես հայհոյանք, դա կարող է օգտագործվել մեր դեմ միջազգային ատյաններում․ ՄԻՊ |tert.am|

Միանշանակ, եթե թուրքը օգտագործում ենք որպես հայհոյանք, դա կարող է օգտագործվել մեր դեմ միջազգային ատյաններում․ ՄԻՊ |tert.am|

tert.am: Երբ մենք ադրբեջանցի պաշտոնատար անձանց քննադատում ենք և ասում ենք, որ նրանք հայատյաց, էթնիկ ատելության քաղաքականություն են տանում, մենք ինքներս չպետք է այդ օրինակը կրկնենք։ Թուրքի հանդեպ պատմական տարբեր զգացողություններ կարող ենք ունենալ որպես էթնոս, որպես ազգ, պետություն, հասարակություն, բայց նաև ժողովրդավարության պահանջն է, որ էթնիկ ատելությունը որևէ ձևով չդարձնենք մեզ համար սնող, մեզ առաջ տանող ուժ։ Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում, երբ հանրահավաքները ժամանակ քաղաքական ընդդիմախոսներին թուրք են անվանում։ Եթե թուրքը օգտագործում ենք որպես հայհոյանք, դա կարող է օգտագործվել մեր դեմ միջազգային ատյաններում՝ հարցին ՄԻՊ-ը պատասխանել է․  «Միանշանակ։ ՄԱԿ-ի միջազգային դատարանում հիմա ընթացիկ գործ ունենք, որտեղ էթնիկ ատելության հիմքով խտրականության մեղադրանք ենք ներկայացրել Ադրբեջանին։ Ի՞նչ եք կարծում, իրենց կողմից սրանք որպես օրինակներ, այս արտահայտությունները չե՞ն օգտագործվի»:
11:14 - 10 մայիսի, 2022
ՄԻՊ աշխատակազմը ներկայացրել է մայիսի 6-ի արագ արձագանքման այցերի և մշտադիտարկումների արդյունքները

ՄԻՊ աշխատակազմը ներկայացրել է մայիսի 6-ի արագ արձագանքման այցերի և մշտադիտարկումների արդյունքները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը  ամփոփ ներկայացրել է մայիսի 6-ին իրականացված արագ արձագանքման այցերի և մշտադիտարկումների արդյունքները։ Ամփոփման մեջ նշված է. «Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 45 անձանց։ Այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես. Արձանագրվել են բերման ենթարկված անձանց նվազագույն իրավունքներից առնվազն մեկ զանգ կատարելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու դեպքեր։ Այսպես, ոստիկանության բաժիններում արձանագրվել են ինչպես առնվազն մեկ զանգի հնարավորություն ունենալու մասին չտեղեկացնելու, այնպես էլ փաստաբանի ներկայության պատճառաբանությամբ այդ իրավունքից օգտվելը սահմանափակելու դեպքեր։ Ավելին, համատարած բնույթ է կրել ոստիկանության բաժիններում վարչական ձերբակալման ենթարկված անձանց հեռախոսները նրանց կամքին հակառակ անջատելու կամ անջատել պարտադրելու պրակտիկան, որի պայմաններում անձի մոտ տպավորություն է ստեղծվում զանգ կատարելու իրավունքի բացակայության մասին։ Նման վարքագիծը հատկապես դատապարտելի է անչափահասների մասնակցությամբ վարույթի դեպքում։ Արձանագրված բոլոր դեպքերում Պաշտպանի արագ արձագանքման խմբերի միջնորդությամբ զանգ կատարելու իրավունքը քաղաքացիների ցանկության դեպքում իրացվել է։ Վերոշարադրյալի հաշվառմամբ Պաշտպանը արձանագրում է, որ ոստիկանության ծառայողները պարտավոր են ապահովել անձի՝ առնվազն մեկ զանգ կատարելու հնարավորությունը, այդ իրավունքի իրացման սահմանափակումը վարչական ձերբակալման ժամանակ ոչ մի դեպքում արդարացված չի կարող համարվել։ Արձանագրված հաջորդ խնդիրը վերաբերում է վարչական ձերբակալման ենթարկված օտարերկացիներին՝ նվազագույն իրավունքների մասին վերջիններիս հասկանալի լեզվով չտեղեկացնելու խնդրին։ Մասնավորապես՝ Ոստիկանության Էրեբունու բաժնում 2 անձ պնդել են, որ իրենք հայերեն կարդալ չգիտեն, մինչդեռ՝ իրենց իրավունքների վերաբերյալ ձևաթուղթը տրամադրվել է հայերեն, այն պայմաններում, երբ նրանք չեն տիրապետում լեզվին։ Պաշտպանն արձանագրում է, որ անձի իրավունքների մասին վերջինիս տեղեկացնելը չպետք է կրի ձևական բնույթ, այն պետք է իրականում երաշխավորի այդ իրավունքների իրացման իրական հնարավորությունը և բերման ենթարկված անձը պետք է հնարավորություն ունենա իրեն հասկանալի լեզվով այդ իրավունքների մասին տեղեկացվելու։ Պաշտպանի արագ արձագանքման խմբերը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում արձանագրել են դեպք, երբ բաժին բերված քաղաքացին եղել է առանց կոշիկների, ընդ որում, վերջինիս ևս հնարավորություն չեն տվել զանգ կատարելու և Պաշտպանի ներկայացուցիչների միջնորդությամբ անձը զանգ է կատարել։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնում արձանագրվել է Հաղթանակի կամրջի մոտից բերման ենթարկված 16 տարեկան անձի մոտ մարմնական վնասվածքների դեպքեր, որոնք ըստ վերջինիս պնդման, առաջացել են Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում։ Ըստ այդ անձի, բերման ենթարկելիս ոստիկանների գործողությունների արդյունքում ջարդվել է նաև իր ակնոցը։ Նույն վայրից բերման ենթարկված այլ անձանց մոտ ևս արձանագրվել են տարբեր տեսակ մարմնական վնասվածքների, հագուստի վնասվելու դեպքեր։ Նշվածի վերաբերյալ Պաշտպանը տեղեկացնում է, որ համապատասխան գրություններով կդիմի իրավասու մարմիններին՝ դեպքի կապակցությամբ մանրամասն քննություն իրականացնելու պահանջով։ Պաշտպանի աշխատակազմի կողմից ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է նաև ոստիկանության ծառայողի կողմից տարեց կնոջը հարվածելու և հրելու դեպք, ինչը հատկապես անընդունելի է անձի՝ տարիքով պայմանավորված դիմադրելու սահմանափակ հնարավորության պայմաններում։ Պաշտպանը կրկին հատուկ զգուշացնում է, որ ոստիկանության ծառայողների կողմից նման գործելաոճն անընդունելի և դատապարտելի է, և յուրաքանչյուր նման դեպք պետք է դառնա մանրամասն քննության առարկա։ Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է նաև իրականացվող երթերին և այլ հավաքների մասնակիցների և մասնակից չհանդիսացող քաղաքացիների կողմից միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելու և արժանապատվության նվաստացմանն ուղղված գործողությունների տարբեր դրսևորումներ։ Արձանագրվել են դեպքեր, երբ երթերին չմասնակցող անձանց ու երթի մասնակիցների միջև վիճաբանությունների պատճառը եղել է հավաքի մասնակիցների կողմից փակված ճանապարհը չբացելը նաև այն անձանց համար, ովքեր շտապում են հիվանդանոց։ Մարդու իրավունքների պաշտպանը կրկին հորդորում է բոլոր անձանց զերծ մնալ քաղաքական կողմնորոշմամբ, կարծիքով, հավաքներին մասնակցելու կամ չմասնակցելու փաստով պայմանավորված անհանդուրժողական վարքագիծ դրսևորելուց, միմյանց նկատմամբ վիրավորական արտահայտություններ թույլ տալուց և ընդհանրապես ցանկացած եղանակով ատելության ու անհանդուրժողական վարքագծից»։
22:17 - 06 մայիսի, 2022
Արցախի կարգավիճակը որոշելու հիմք պետք է լինեն մարդու իրավունքների խախտման նման դեպքերը. ՀՀ ՄԻՊ-ն՝ ադրբեջանական շարասյան մասնակցությամբ վթարի մասին


 |armenpress.am|

Արցախի կարգավիճակը որոշելու հիմք պետք է լինեն մարդու իրավունքների խախտման նման դեպքերը. ՀՀ ՄԻՊ-ն՝ ադրբեջանական շարասյան մասնակցությամբ վթարի մասին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Մարդու իրավունքների Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Արցախում ադրբեջանական շարասյան մասնակցությամբ վթարին: «Հանցագործության այս ակտը (վթարի վայրը լքելը) պետք է պատշաճ կերպով և հրապարակայնորեն հետաքննվի Ադրբեջանի կողմից։ Արցախի կարգավիճակը քննարկելիս՝ մարդու իրավունքների ոտնահարման նման դեպքերը պետք է լինեն լուծման հիմքը։ Այս պատահարից տուժածներն արդարություն են ակնկալում»,-  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածում մայիսի 5-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ԱՀ ադրբեջանական շարասյան մաս կազմող քարշակող բեռնատարի կողմից վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթևեկող արցախցու ավտոմեքենան, որն ընկել էր ճանապարհի աջակողմյան ձորակը: Դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են ներկայացել ոստիկանության ծառայողները: Վարորդի և երկու ուղևորների առողջությանը լուրջ վնաս չի պատճառվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները, վթարի ու բախման առաջացման պատճառները, այն կանխելու հնարավորությունը, բախումը դիտավորության կամ անզգուշության հետևանք լինելը պարզելու ուղղությամբ:      
17:58 - 06 մայիսի, 2022
Ոստիկանության ծառայողների կողմից կրկին բերման է ենթարկվել անչափահաս անձ՝ անհամաչափ ուժի կիրառմամբ․ ՄԻՊ

Ոստիկանության ծառայողների կողմից կրկին բերման է ենթարկվել անչափահաս անձ՝ անհամաչափ ուժի կիրառմամբ․ ՄԻՊ

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր Երևան քաղաքում այցելել են թվով 6 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 69 անձանց։ Այց է իրականացվել նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանական բաժին, որտեղ աջակցություն է ցուցաբերվել թվով 3 անձանց և Սևան քաղաքի բաժին, որտեղ աջակցություն է ցուցաբերվել թվով 3 անձանց։ Հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։ Այցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես. 1. Արձանագրվել են ինչպես առանց անձանց համաձայնության էլեկտրոնային սարքերով լուսանկարելու դեպքեր, այնպես էլ քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողների կողմից անձանց ոստիկանության բաժին մտցնելիս բջջային հեռախոսով լուսանկարելու դեպք, ընդ որում, առանց որևէ տարանջատման, այդ թվում՝ անչափահասներին։ Քաղաքացիներից մեկը հայտնել է, որ իր ճշտող հարցին, թե չի կարող արդյո՞ք հրաժարվել լուսանկարվելուց, ոստիկանության ծառայողը հայտնել է, որ՝ ոչ։ Պաշտպանը ոստիկանների կողմից անձնական օգտագործման սարքերով լուսանկարելու անթույլատրելիությանն անդրադարձել է նաև 2021թ. տարեկան հաղորդմամբ և հիմա ևս վերահաստատում է, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով և միայն հանրային վայրերում։ Ոստիկանության բաժիններում բերման ենթարկված քաղաքացիներին անձնական օգտագործման բջջային հեռախոսներով լուսանկարահանումն անթույլատրելի է։ 2. Այսօր կրկին արձանագրվել են ոստիկանի պահանջը կատարելուց հետո բերման ենթարկելու դեպքեր, մասնավորապես՝ Երևան քաղաքի Վաղարշյան-Քոչար փողոցների հատվածից բերման են ենթարկվել անձինք, որոնք արգելանքի վերցվելու պահին արդեն իսկ ազատած են եղել փողոցի երթևեկելի հատվածը, ինչը և հանդիսացել էր ոստիկանի օրինական պահանջը։ Պաշտպանը կրկին արձանագրում է, որ նման դեպքում օրինական պահանջը չկատարելու հիմքով վարչական ձերբակալումն ի սկզբանե ապօրինի է։ 3. Ցավալի է արձանագրել, որ չնայած նախորդ օրերին արված բազմաթիվ հայտարարությունների, Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների հատվածում, ըստ ԶԼՄ-ների տարածած տեսանյութերի, Ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվում ակնհայտորեն անչափահաս անձը միանգամից մի քանի ծառայողի կողմից, ընդ որում, անհամաչափ ուժի կիրառմամբ։ 4. Այսօրվա մշտադիտարկումների արդյունքում առավել կոպիտ ուժի կիրառման դեպքեր արձանագրվել են Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Հրազդան մարզադաշտ ընկած հատվածից և Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցից բերման ենթարկելու ժամանակ։ Նախ, մշտադիտարկումների և բերման ենթարկված անձանց պնդումները վկայում են, որ ոստիկանների կողմից նախապես որևէ պահանջ չի հնչեցվում, մինչդեռ՝ վերջիններիս բերման ենթարկելու հիմքը եղել է կրկին ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։ Ավելին, արձանագրվել են այդ վայրից բերման ենթարկելիս ոստիկանների կողմից քաղաքացիներին քարշ տալով մեքենան նստեցնելու, առանց անհրաժեշտության ձեռքերը ոլորելու և անհամաչափ ուժի կիրառման այլ դեպքեր։ Ընդ որում, այդ վայրից բերման ենթարկված քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների ժամանակ արձանագրվել է, որ վերջիններիս վրա առկա են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ վերջիններիս պնդման, պատճառվել են ոստիկանների կողմից ուժի կիրառման արդյունքում։ Ոստիկանության կենտրոնի բաժնում բժշկական օգնություն տրամադրելու նպատակով կանչվել է շտապ օգնության ծառայություն։ Պաշտպանը տեղեկացնում է, որ արձանագրված վնասվածքների, ստացված տեղեկությունների և կատարված լուսանկարների վերաբերյալ համապատասխան գրություններ է ուղարկելու իրավապահ մարմիններին՝ տվյալ դեպքը մանրամասն քննության առարկա դարձնելու պահանջով և հետևողական է լինելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ 5. Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ փաստացի արգելանքի վերցնելուց հետո մոտ 1,5 ժամ քաղաքացիների հետ որևէ գործողություն չի կատարվել։ Մեկ այլ դեպքում՝ քաղաքացու կողմից ներկայանալուց, վարույթային գործողություններն ավարտելուց հետո են ոստիկանության ծառայողներն անձին ներկայացրել իր իրավունքները, այդ թվում՝ լռելու իրավունքը։ Պաշտպանն արձանագրում է, որ անձին իր իրավունքների մասին տեղեկացնելը ինքնանպատակ չէ, և դա պետք է կատարվի նախապես, մինչև վարույթային մյուս գործողությունները կատարելը, որպիսի երաշխավորվի այդ իրավունքների՝ այդ թվում լռելու իրավունքի գործնականում իրացումը։ Հատկապես դատապարտելի է նման վարքագծի դրսևորումն անչափահաս անձանց նկատմամբ։ 6. Պաշտպանի արագ արձագանքման խմբերի այցերի արդյունքում բերման ենթարկված քաղաքացիների կողմից բարձրացվել են նաև բերման ենթարկելու ընթացքում կանխիկ դրամական միջոցների, հեռախոսի կորստի կամ ենթադրյալ հափշտակության վերաբերյալ պնդումներ, որոնք ստուգելու և արձանագրված դեպքերին պատշաճ ընթացք տալու պահանջով Պաշտպանը դիմելու է իրավասու պետական մարմիններին։ 7. Պաշտպանի աշխատակազմի կողմից ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաև ոստիկանական տրանսպորտային միջոցում արգելանքի վերցված քաղաքացիների և ոստիկանների մասնակցությամբ միջադեպեր, երբ երկուստեք հնչում են հայհոյախառն արտահայտություններ, ինչպես նաև առկա է հրմշտոց։ Այս առումով, Պաշտպանը կրկին հիշեցնում է, որ ոստիկանության ծառայողները սահմանափակված են իրենց ծառայողական կարգավիճակով, վերջիններս հատկապես պետք է զերծ մնան իրենց տրամադրության տակ գտնվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի ցանկացած տեսակի դրսևորումներից։ Միաժամանակ, Պաշտպանը դատապարտելի է համարում բերման ենթարկվող անձանց կողմից ոստիկանության ծառայողներին վիրավորելու, հայհոյելու և արժանապատվությունը նվաստացնող այլ արտահայտություններ անելու բոլոր դեպքերը։ Արձանագրվել են նաև հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության տրանսպորտային միջոցների վնասման դեպքեր։ 8. ԶԼՄ և սոցիալական ցանցերի մշտադիտարկումն արձանագրել է ինչպես ոստիկանության ծառայողների, այնպես էլ քաղաքացիների նկատմամբ ատելության խոսքի ծայրահեղ դրսևորումներ։ Ընդ որում, հատկապես դատապարտելի է անձի ունեցած կարծիքի կամ արտահայտած տարբերվող դիրքորոշմամբ պայմանավորված՝ վերջինիս նկատմամբ ատելության խոսքի հրապարակային արտահայտումը, որին անմիջապես հաջորդել էր բռնության գործադրում, երբ հավաքի մասնակիցների կողմից շշեր և այլ իրեր են նետվել դեպի ատելության խոսքի արժանացած անձը։ Նախընթաց օրերին համանման դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ այն, որ հավաքի կազմակերպիչների և հանրային դերակատարների կողմից հրապարակավ դատապարտվեն այլ կարծիք ունեցող անձանց նկատմամբ իրականացված նման բոլոր գործողությունները։
20:08 - 05 մայիսի, 2022
Աշակերտի նկատմամբ բռնությունը որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ. ՄԻՊ

Աշակերտի նկատմամբ բռնությունը որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքին: ՄԻՊ-ը խիստ դատապարտելի է համարում նման մոտեցումը և նշում, որ այն որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ։ «Ֆիզիկական, հոգեկան և այլ տեսակի բռնությունից երեխայի պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու են ինչպես ծնողներն ու օրենքով երեխայի համար պատասխանատու անձինք, այնպես էլ կրթության պատասխանատուներն ու մանկավարժները։ Կարևոր է նաև արձանագրել, որ ոլորտի քաղաքականության պատասխանատու մարմին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքը չի ուշացել, սակայն անհրաժեշտ են նաև համակարգային միջոցառումներ թե մանկավարժների ու վարչական աշխատողների՝ երեխայի իրավունքների թեմաներով մասնագիտական պատրաստումը խթանելու, և թե երեխայակենտրոն ու երեխայազգայուն մոտեցումները կրթության կազմակերպման գործելակերպերում ամրապնդելու համար»,-ասված է ՄԻՊ-ի հայտարարությունում։ Որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի մշտադիտարկման ազգային մեխանիզմ և երեխաների իրավունքների խախտումների կանխարգելման ու պաշտպանության մարմին, Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու, որ կոնկրետ դեպքով մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն, և այս մասով պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից։ Համացանցում տեսանյութ է տարածվել այն մասին, որ Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան համար 24 դպրոցում ութերորդ դասարանի աշակերտին դասասենյակում գրքերով հարվածել է անգլերենի ուսուցչուհին: Դեպքն ուսումնասիրելու համար դպրոցում են եղել քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչները: Միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ԿԳՄՍ նախարարությունը՝ խստորեն դատապարտելով հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում: Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարությունը հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը:
18:20 - 05 մայիսի, 2022
Ալեն Սիմոնյանը և Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել են մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին

Ալեն Սիմոնյանը և Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել են մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին: ՀՀ ԱԺ նախագահը, կարևորելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը, ընդգծել է, որ այն ինստիտուցիոնալ առումով մեր երկրում ամենակայացածներից է: Նա շեշտել է, որ ՄԻՊ ինստիտուտի՝ վստահություն ներշնչող գործունեությունը տարբեր երկրների ժողովրդավարության սանդղակի լավագույն ցուցիչ է: Ալեն Սիմոնյանը հավելել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրավունքներին առնչվող բազում խնդիրների լուծումը ՄԻՊ տիրույթում է: Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ ՀՀ ՄԻՊ-ը կայացման տպավորիչ ճանապարհ է անցել, և դրա զարգացման ու կատարելագործման աշխատանքներն անհրաժեշտություն են բազմաթիվ մարտահրավերների հետ առնչվող մեր պետության համար: Կողմերը քննարկել են հանրային ընկալումներում մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրներ՝ անդրադառնալով ներկայումս մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին: Երկուստեք կարևորվել է Ազգային ժողով-Մարդու իրավունքների պաշտպան համագործակցությունը մի շարք, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովների մակարդակով: Մարդու իրավունքների պաշտպանը ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրել է որոշ բնագավառներում մարդու իրավունքներին առնչվող օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությանը և օրենսդրական նախաձեռնությունների լրամշակմանը: Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ արձանագրվել է ԱԺ-ի և այլ պետական մարմինների հետ ՄԻՊ աշխատանքի կանխարգելիչ նշանակությունը:
16:25 - 05 մայիսի, 2022
ՄԻՊ-ը կարևորում է պատգամավորների դերը հասարակության մեջ բևեռացված տրամադրությունները հանդարտեցնելու հարցում

 |armenpress.am|

ՄԻՊ-ը կարևորում է պատգամավորների դերը հասարակության մեջ բևեռացված տրամադրությունները հանդարտեցնելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը խիստ կարևորում է պատգամավորների դերը հասարակության մեջ բևեռացվածության, ծայրահեղականության տրամադրությունները հանդարտեցնելու հարցում: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ՄԻՊ գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացմանն իր եզրափակիչ ելույթում: Գրիգորյանը նախ նշեց, որ ԱԺ-ի, իրավասու հանձնաժողովների հետ աշխատանքի ավելի ինտենսիվացման, կոնկրետ գործնական քայլեր են արդեն իրականացվում: «Որպես ԱԺ կողմից ընտրված ՄԻՊ՝ խիստ կարևորում եմ խորհրդարանի և պատգամավորների դերը հասարակության մեջ բևեռացվածության, ծայրահեղականության տրամադրությունները հանդարտեցնելու և հանրային համերաշխության խոսակցությունները, ուղերձները, գործելակերպերն առաջ մղելու հարցում: Կարևոր է, որ խորհրդարանն ունի այդ հանրային մեծ դահլիճը: Այդ առումով կարծում եմ, որ պաշտպանի հաստատության համար այս գործելակերպերը շատ ավելի օգտակար են, և մենք դրա արդյունքում ավելի քիչ խախտումներ ենք ունենում մեր երկրում և ավելի շատ կանխարգելման ճանապարհով ենք գնում»,-ասաց ՄԻՊ-ը: Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ ամենակարևոր նպատակն է խախտումների կանխարգելումը՝ տարբեր կարգավորումներով, բայց նաև պաշտոնյաների՝ որպես հանրային դերակատարների վարքագծով և օրինակով:
14:00 - 04 մայիսի, 2022
Որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են չզրուցել ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն չհայտնել․ ՄԻՊ

Որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են չզրուցել ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն չհայտնել․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին կատարված արագ արձագանքման այցերի շրջանակում պաշտպանի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են նաև որոշ փաստաբանների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Մասնավորապես՝ որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են առանձնազրույցներ չունենալ ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն նրանց չհայտնել։ Այս առնչությամբ հարկ է հատուկ ընդգծել, որ փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր գործընկերներ են և նրանց մասնագիտական աշխատանքն առանձնահատուկ կարևորություն ունի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունավետության տեսանկյունից: Շատ կարևոր է Պաշտպանի հաստատության և փաստաբանների միջև վստահությունը և համագործակցությունը։ Դա նախևառաջ բխում է ազատությունից զրկված անձանց շահերից։ Հետևաբար, կոչ եմ անում զերծ մնալ վնասաբեր գործողություններից, որոնք կարող են ոտնահարել Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը և բացասաբար անդրադառնալ փաստաբանի մասնագիտական հեղինակության վրա։ Միևնույն ժամանակ, հավասարապես կարևոր է շեշտել, որ վերջին օրերի արագ արձագանքման այցերի ընթացքում բազմաթիվ փաստաբաններ դրսևորել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ գործընկերային ու համագործակցային մոտեցում, ինչը նպաստել է Պաշտպանի հաստատությունում ոստիկանության խնդրահարույց գործելակերպերի և անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ ավելի համապարփակ պատկեր ստանալուն և խախտումներն արձանագրելուն։ Պաշտպանի հաստատության և փաստաբանների պալատի միջև ավանդաբար ձևավորված է բարձր մակարդակի արդյունավետ համագործակցություն, որը ծառայում է մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությանը»։
21:46 - 03 մայիսի, 2022
Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ

 |armenpress.am|

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Հանրային մեծ հնչեղության արժանացած վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ դեպքը ողբերգական է, և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևելու է գործընթացին և հետամուտ է լինելու, որ մեղավոր անձը ենթարկվի պատասխանատվության: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: «Քանի որ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է իրականացվել, որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ մենք հենց նույն օրը գրություն ենք ուղարկել գլխավոր դատախազություն կոնկրետ գործընթացի մանրամասներին տեղեկանալու և նաև այս հարցը մեր հսկողության ներքո պահելու համար»,- ասաց պաշտպանը: «Լինելով մարդ, ով մանրամասն զբաղվել է նաև ոստիկանության բարեփոխումներով և հատկապես շատ ենք անդրադարձել հենց այդ ուղեկցող ծառայությունների առանձնահատկություններին ֆունկցիոնալության տեսակետից, պետք է ասեմ, որ ամբողջ աշխարհում ուղեկցող ծառայությունների գործառույթը շատ դեպքերում չընկալվածության խնդիր ունի: Բայց կոնկրետ դեպքում ցավալի էր տեսնել, որ ուղեկցող ծառայությունը ուղղակիորեն չի կանգնում, երբ նման դեպք է տեղի ունենում: Սա որևէ արարողակարգով կամ կանոնով կարգավորված չէ:  Առնվազն մինիմալ հումանիզմ է, որ առաջին հերթին պետք է  օգնություն ցույց տալ և հնարավորության դեպքում կնոջ ու երեխայի կյանքը փրկել: Ցավալի է նաև, որ շատ դեպքերում մեր հանրային խոսույթում չհարգվեց  այդ ընտանիքի զգայունությունը, և այն դարձավ հանրային քննարկման թեմա,  ինչը շատ ցավալի է»,-ասաց Քրիստիննե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ուղեկցող  ծառայության ֆունկցիոնալությանն ու պատրաստվածությանը  պետք է անպայման անդրադառնան ընթացող բարեփոխումների շրջանակներում. «Ես ինքս նույնպես  բարձրացնելու  եմ այս հարցը, որովհետև սա լուրջ մարտահրավեր է»,-եզրափակեց պաշտպանը: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
18:04 - 03 մայիսի, 2022
Լրագրողի մասնագիտական առաքելությունը բացարձակ կարևորություն ունի. ՄԻՊ

 |armenpress.am|

Լրագրողի մասնագիտական առաքելությունը բացարձակ կարևորություն ունի. ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Լրագրողի մասնագիտական առաքելությունը բացարձակ կարևորություն ունի ինչպես ցանկացած ժողովրդավարական պետությունում, այնպես էլ Հայաստանում: Այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Ձեր գործունեությամբ դուք պետական իշխանության բոլոր ճյուղերի գործունեության, հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման կարևորագույն երաշխավորն եք: Եվ այս առումով պատահական չէ, որ լրատվությունն ու մամուլը շատ հաճախ համեմատվում, նշվում է որպես չորրորդ իշխանություն»,- ասաց Քրիստիննե Գրիգորյանը: Նա նշեց, որ արագ փոփոխվող հասարակական հարաբերություններում ու ներկա  ժամանակներում լրագրողներից նաև շատ կարևոր ջանքեր են պահանջվում՝ փոփոխվող նոր երևույթների լուսաբանումը հավուր պատշաճի իրականացնելու համար: Մարդու իրավունքների պաշտպանը շեշտեց՝ ուրախ է, որ պաշտպանի գրասենյակում լավ ավանդույթ կա, և իրենք հնարավորություն ունեն իրենց  մասնագիտական գիտելիքը և փորձառությունը (զգայուն կամ նեղ մասնագիտական հարցերի տեսանկյունից) նմանատիպ հանդիպումների շրջանակում կիսել նաև լրագրողների հետ: «Ինչու եմ կարևորում մեր մասնագիտական գիտելիքների փոխանակումը, որովհետև, իմ կարծիքով, մենք շատ նման առաքելություն ենք իրականացնում, մեր մանդատի բերումով պաշտպանի հաստատությունը  մարդկանց իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում, և դրանցից  կարևորագույնի՝ խոսքի ազատության իրավունքի իրացման հարցերը, գտնվում են նաև ձեր մանդատի ներքո: Այս առումով ուզում եմ հատուկ շեշտել լրագրողների դերակատարումը՝ հատկապես հանրությունը կրթելու և իրավագիտակցությունը  բարձրացնելոը հարցում»,- եզրափակեց պաշտպանը:
15:08 - 03 մայիսի, 2022
ՄԻՊ հայտարարությունը արագ արձագանքման խմբերի աշխատանքի նախնական ամփոփմամբ

ՄԻՊ հայտարարությունը արագ արձագանքման խմբերի աշխատանքի նախնական ամփոփմամբ

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը արագ արձագանքման խմբերի աշխատանքի նախնական ամփոփմամբ․   Ինչպես արդեն հայտնել էինք, Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը վաղ առավոտից իրականացրել են արագ արձագանքման այցեր Ոստիկանության թվով 8 բաժիններ բերման ենթարկված թվով առավել քան 151 անձանց։   Իրականացված այցերի արդյունքներով արձանագրվել են Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու մի շարք ընթացակարգային խախտումներ։ Դրանց զգալի մասի ուսումնասիրությունը վկայում է արձանագրվող խախտումների շարունակականության մասին։ Ստորև ներկայացնում ենք հիմնականները։   1. Զանգվածային բնույթ են կրում առանց որևէ պահանջ ներկայացնելու, առանց քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառների և հիմքերի պարզաբանման, առանց Ոստիկանության ծառայողների կողմից ներկայանալու, առանց անձանց վերջիններիս նվազագույն իրավունքների մասին տեղեկացնելու բերման ենթարկելու արատավոր և անթույլատրելի գործելաոճը։   Կատարված արագ արձագանքման այցերի շրջանակում արձանագրվել են անգամ դեպքեր, երբ մեկ ժամից ավելի ոստիկանության բաժնում գտնվող քաղաքացիները տեղյակ չեն եղել իրենց բերման ենթարկելու պատճառների և հիմքերի մասին։   Արձանագրվել են նաև դեպքեր, երբ անկախ անձի նկատմամբ վարչական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների ավարտից՝ անձինք պահվել են Ոստիկանության բաժիններում մինչև լրանա օրենքով սահմանված 3 ժամը։   Այս առումով Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ վերոնշյալ 3 ժամն այն առավելագույն ժամկետն է, որում Ոստիկանությունը կարող է անձին վարչական ձերբակալման շրջանակում ազատությունից զրկել, միաժամանակ, մինչև այդ ժամկետի լրանալն անձի մասնակցության վարույթային գործողությունների ավարտից հետո, անձը պետք է անմիջապես ազատ արձակվի, անկախ վերջինիս փաստացի արգելանքի վերցնելու պահից 3 ժամը լրացած չլինելու հանգամանքից։   Վերոնշյալ՝ օրենքից չբխող գործելաոճի շարունակականությունը հատկապես մտահոգիչ է նախորդ շաբաթ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված հայտարարությունների, կոչերի և իրավասու մարմիններին ուղղված գրությունների առկայության պայմաններում։   Կատարված այցերի շրջանակում արձանագրվել է նաև դեպք, երբ քաղաքացին ոստիկանության կողմից բերման ենթարկվելիս ստացել էր ձեռքի փակ վնասվածք, որի պայմաններում թեև Ոստիկանությունը զանգահարել էր շտապօգնության ծառայություն, սակայն քաղաքացու ձեռքի վնասվածքի ախտորոշման և բուժման հետագա ընթացքը, ըստ Ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների դիրքորոշման, պետք է կատարվեր քաղաքացու միջոցների հաշվին։   Նման մոտեցումը ևս, գտնում ենք, որ ընդունելի չի կարող համարվել այն պայմաններում, երբ վնասվածքը ստացվել է Ոստիկանության ծառայողների կողմից անձին բերման ենթարկելիս կիրառած ուժի արդյունքում։   Մեկ այլ դեպքում, Ոստիկանության ծառայողների հորդորով քաղաքացու կողմից մեքենան առաջ վարելու հետևանքով տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում ոստիկանները, ըստ քաղաքացու ներկայացրած պնդումների, պահանջել են առանց ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու և հետագայում ապահովագրական հատուցում ստանալու համար այլ անհրաժեշտ գործողություններ կատարելու վարի մեքենան, ինչից հետո վերջինիս բերման են ենթարկել ըստ անձի՝ կրկին անհամաչափ ուժի կիրառմամբ, այդ թվում՝ մեքենայում ոտքով կոկորդին սեղմելով։ Քաղաքացու պնդմամբ, ոստիկաններից մեկը նաև վիրավորական արտահայտություններ է կատարել քաղաքացու նկատմամբ։   Ոստիկանության Երևան քաղաքի Մաշտոցի բաժնում արձանագրվել են նաև դեպքեր, երբ բերման ենթարկված անձանց ազատ չեն արձակել անգամ վարչական ձերբակալման համար նախատեսված առավելագույն ժամկետի՝ 3 ժամի լրանալուց հետո մոտ 30-40 րոպե։ Այս առումով ևս Պաշտպանն արձանագրում է, որ 3 ժամն ազատությունից զրկելու առավելագույն ժամանակահատվածն է, դրանից հետո անձանց ազատության սահմանափակումն ապօրինի է և խիստ դատապարտելի։   Մեկ այլ տարածված խնդիր է եղել անձին՝ իր կամքին հակառակ՝ էլեկտրոնային սարքերով նույնականացնելը։ Նման խնդիր արձանագրվել է ինչպես Ոստիկանության Արաբկիրի, այնպես էլ Էրեբունու բաժիններում։ Այս առումով Պաշտպանը պարզաբանում է, որ այն դեպքում, երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, Ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։   Հատկապես անընդունելի է անձի՝ իր կամքին հակառակ նույնականցման իրականացումն էլեկտրոնային սարքերով անձանց անտեղյակությունն օգտագործելով կամ առանց նրանց իմացության՝ գաղտնի։   2. Պաշտպանի աշխատակազմում իրականացվող ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում ևս արձանագրվել են մի շարք խախտումներ և մտահոգիչ դեպքեր։   Նախ, մի շարք լրատվական միջոցներով տարածված տեսանյութի ուսումնասիրությունից երևում է քաղաքացուն բերման ենթարկելիս Ոստիկանության 4-6 ծառայողների կողմից նրա նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, իսկ մեկ ծառայող էլ բերման ենթարկվող անձի գլխի շրջանում մի քանի հարվածներ է հասցնում։ Պաշտպանը խստորեն դատապարտում է Ոստիկանության ծառայողի կողմից անձին բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված, Ոստիկանության ծառայողի կարգավիճակից դուրս, օրենքը խախտող նման գործելակերպը։   Մյուս կողմից ողջունելի է, որ Ոստիկանության կողմից վերը նշված դեպքի առնչությամբ մի քանի ժամ անց տեղեկություն հրապարակվեց, որ նշված ոստիկանության ծառայողի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Այդուհանդերձ, Պաշտպանի կողմից նշված դեպքի կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին՝ նման դեպքերի բացառման և մեղավորների նկատմամբ պատժի անխուսափելիության ապահովման նպատակով։   ԶԼՄ ուսումնասիրությամբ արձանագրվել է նաև բերման ենթարկված անձանց փաստաբան ներկայացած անձի բերման ենթարկման դեպք։   Ոստիկանության կողմից ակցիայի մասնակիցների բերման ենթարկելու գործելակերպերում շարունակել է խնդրահարույց մնալ անհամաչափ ուժի գործադրումը։ Միևնույն ժամանակ ուսումնասիրված որոշ դեպքերում ակնհայտ է նաև ակցիայի մասնակիցների կողմից տվյալ տարածքում հասարակական կարգի ու անվտանգության ապահովմամբ զբաղվող ոստիկանության ծառայողների նկատմամբ վիրավորական արտահայտություններ անելու, ուսադիրներ ու տարբերանշաններ պոկելու ու այլ սադրիչ վարքագիծը։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ քաղաքացիներին բերման ենթարկելիս, եղել են դիմակներով։ Մինչդեռ, հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող:   Բացառիկ դեպքերը պարտադիր պետք է լինեն կոնկրետ հիմնավորումներով և ոստիկաններին անհատականացնելու հնարավորությամբ: Ոստիկանության ծառայողները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին:   3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն ականատես է եղել ՊՊԾ ղեկավարի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնության կիրառման դեպքի, ինչը Պաշտպանն անթույլատրելի և դատապարտելի է համարում, հատկապես այն դեպքում, երբ արարքն իրականացվում է ոչ թե շարքային ծառայողի, այլ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից։   Հանրային վայրում ծառայություն իրականացնող պետական ցանկացած ծառայողի կողմից պետք է բացառվի բռնության ցանկացած դրսևորում, հատկապես մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ։   Նշված դեպքի վայրում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն անմիջապես պարզաբանումներ է ստացել ինչպես լրագրողից, այնպես էլ ՊՊԾ ղեկավարից։   4. Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներով բռնության կոչերի ու անհանդուրժողականության դրսևորումները շարունակում են խնդրահարույց մնալ։   Պաշտպանի հաստատության կողմից իրականացված մամուլի ուսումնասիրությունները վեր են հանել հանրային տրամադրությունների բևեռացման մի շարք դատապարտելի դեպքեր։   Օրինակ, մայիսի 1-ին՝ հավաքի ընթացքում որոշ ԶԼՄ-ներ ակտիվորեն տարածել են տարբեր պաշտոնյաների լուսանկարների այրման տեսանյութեր, որոնց առնչությամբ չեն գտնվել հավաքի կազմակերպիչների դատապարտող արձագանքները։   ԶԼՄ-ն իր հերթին միջոցներ չի ձեռնարկել նշված նյութերի տարածումը կանխելու, ինչպես նաև այդ հրապարակումների ներքո ծավալված ատելություն տարածող մեկնաբանությունները հեռացնելու համար։   Միևնույն ժամանակ ողջունելի են որոշ պատգամավորների կողմից հնչեցված բռնության մերժման, դատապարտման ու ակցիաների ընթացքում ակցիաներին չմասնակցող քաղաքացիներին հանդուրժողականության կոչեր անելու դեպքերը։   Արձանագրվել են նաև դեպքեր, երբ հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող անձանց կողմից այս կամ այն կերպով փորձ է արվել արդարացնել կամ ողջունել ոստիկանության կամ պետական այլ ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման դրսևորումները, ինչը խիստ մտահոգիչ և դատապարտելի է, հաշվի առնելով ինչպես վերջիններիս հանրային մեծ լսարանի առկայությունը, այնպես էլ առկա հանրային լարված տրամադրությունները։   5. Ամփոփելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է վերը նկարագրված դեպքերով ոստիկանության ծառայողների կողմից դրսևորված օրենքից չբխող գործելակերպերը։ Միևնույն ժամանակ Պաշտպանն արձանագրում է, որ թե այսօրվա, և թե նախորդիվ օրերին Պաշտպանի աշխատակազմի և Ոստիկանության միջև ձևավորվել է արդյունավետ հաղորդակցություն՝ նշված դեպքերին օպերատիվ արձագանքելու և նոր խախտումները կանխարգելելու նպատակով։   Ոստիկանության ղեկավարությունը դրևսորել է պատրաստակամ և բարձրացված խնդիրներին արագ արձագանքող մոտեցում։ Պաշտպանի հաստատության արձանագրած խնդիրներն ու դրանց լուծման մանրամասն առաջարկությունները կուղարկվեն ՀՀ Ոստիկանություն։   Միաժամանակ, Պաշտպանը հավաքներ և բողոքի ակցիաներ իրականացնող անձանց և հանրային դերակատարներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած տեսակի բռնության դրսևորումից, միմյանց և ոստիկանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքից, վիրավորանքից և ցանկացած տեսակի այլ անհարգալից վերաբերմունքից, ինչպես նաև հատուկ հոգածություն դրսևորել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ։
17:45 - 02 մայիսի, 2022
Մեր երկրում հիմա էլ առկա են աշխատանքային իրավունքների պաշտպանության լուրջ մարտահրավերներ․ ՄԻՊ

Մեր երկրում հիմա էլ առկա են աշխատանքային իրավունքների պաշտպանության լուրջ մարտահրավերներ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 1-ի առթիվ։ Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր աշխատանքի օրն է, որը խորհրդանշում է 19-րդ դարի վերջին մեկնարկած աշխատանքային իրավունքների պաշտպանության համար պայքարող աշխատավորների շարժումն ու պահանջատիրությունը։ Սակայն հայկական բազմադարյա մշակույթն ու գրականությունը հարուստ են աշխատանքն ու աշխատավորին գովերգող ու փառաբանող ստեղծագործություններով։ Աշխատանքը ներկայացվում է որպես կենարար բարիք ու օրինակելի առաքելություն, իսկ հանրության կոլեկտիվ ջանքը՝ որպես պետության կառուցման ու ամրապնդման երաշխիք։ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ուսումնասիրությունները վկայում են, որ մեր երկրում հիմա էլ առկա են աշխատանքային իրավունքների պաշտպանության լուրջ մարտահրավերներ։ 2021 թվականի ընթացքում «ՀՀ-ում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակ» խորագիրը կրող հարցմամբ պարզվել է, որ հարցվածների 16.7%-ը չունի աշխատանքային պայմանագիր, իսկ ևս 13.9%-ի դեպքում տրվել է միայն աշխատանքի ընդունման հրաման։ Այլ կերպ ասած, աշխատանքային հարաբերությունների իրավական ամրագրման կայուն պրակտիկայի բացակայության պատճառով աշխատողները շարունակում են զրկված մնալ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված երաշխիքներից ու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին հասանելիությունից: Շարունակում է խնդրահարույց մնալ արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովման հարցը: Հարցվողների 7.2%-ը նշել է, որ ամեն օր իրականացնում է արտաժամյա աշխատանք, սակայն այդ աշխատանքի դիմաց հավելավճար ստանում է այն երբևէ իրականացնողների միայն 28.4%-ը։ Աշխատանքում առողջության համար վտանգավոր կամ վնասակար գործոնների ազդեցության բարձր մակարդակի առկայության մասին հարցվողները նշել են հատկապես պաշտպանության, շինարարության, վերամշակող արտադրության, առողջապահության ոլորտներում աշխատողները: Առաջնահերթ է շարունակում մնալ բոլոր աշխատողների համար աշխատանքային հավասար հնարավորություններ ապահովելուն միտված գործողությունների անհրաժեշտությունը՝ սկսած աշխատավայրի ֆիզիկական հարմարեցումից մինչև մտածելակերպի ու աշխարհայացքի փոփոխություն: Ուստի, անհրաժեշտ է շարունակել ջանքերն աշխատանքային իրավունքների վերաբերյալ անձանց իրազեկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Պետությունը պետք է ապահովի ու զարգացնի աշխատողներին իրավախորհրդատվություն և ուղղորդում տրամադրող ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ լավագույնս օգտագործելով հասարակական կազմակերպությունների ու արհմիությունների ներուժը։ Շնորհավորում եմ աշխատանքի օրվա առթիվ և մաղթում բոլորին փնտրել, ստեղծել ու գտնել օգտակար աշխատանքի ու զբաղվածության միջոցով սեփական ներուժը լավագույնս իրացնելու հնարավորություններ»։
13:03 - 01 մայիսի, 2022
Մենք պառակտման, բևեռացման ու անխոհեմության «ճոխությունն» այլևս չունենք․ ՄԻՊ

Մենք պառակտման, բևեռացման ու անխոհեմության «ճոխությունն» այլևս չունենք․ ՄԻՊ

Հետպատերազմյան տրավմայից դուրս չեկած մեր հասարակության մեջ իր հարևանի, բարեկամի, ծանոթ ու անծանոթ հայրենակցի դեմ բռնություն ու լարում սադրելը ծայրահեղ անպատասխանատվություն ու դաժանություն է։ Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հայտարարությունում: «Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշատադիտարկումները ցույց են տալիս, որ հանրային խոսույթում, հատկապես՝ զանգվածային լրատվության միջոցներով ու սոցիալական ցանցերով, գնալով բարձրացվում է ծայրահեղ, անհանդուրժողական ու սադրիչ խոսքի մակարդակը։  Համացանցի ու մամուլի բևեռացված հեղձուկը, բռնության կոչերը, դրանց չդատապարտումը, դեռ մի բան էլ տարածումը, որպես բռնության դեպքեր նյութականանում են փողոցում՝ հանրության աչքի առջև։ Չկա տարրական նրբանկատություն անձանց վշտի ու կսկիծի նկատմամբ. քաղաքականացվում է բացարձակ ամեն բան, բոլոր կողմերից ու որքան հնարավոր է անխնա։ Ցավալի է արձանագրել, որ այդ գործում ակտիվորեն ներգրավված են գործող ու նախկին պաշտոնատար անձինք ու քաղաքական գործիչներ, ում գործը պետք է լինի պետության առջև ծառացած հսկայական մարտահրավերների լուծման ուղղությամբ շահագրգիռ քննարկումներ իրականացնելը։ Քննարկումներ, որտեղ երաշխավորված լսելի են տարբերվող ու հակադրվող կարծիքները, քննարկումներ, որոնք հարստացվում են տարբեր փորձագետների կարծիքներով, քննարկումներ, որոնք զերծ են գռեհկությունից, քննարկումներ, որտեղ ագրեսիայի, ավելի բարձր ու ավելի ծայրահեղ մի բան ասելու անզուսպ մղման փոխարեն հաղթում է փաստերի վրա հիմնված վերլուծությունը, տրամաբանությունը, միտքը և լուծումը։ Անձինք իրավունք ունեն իրացնել խաղաղ հավաքների, խոսքի ազատության և իրենց քաղաքական այլ իրավունքները։ Լինել քաղաքացի նշանակում է ունենալ իրավունքներ և դրանք իրացնել պատասխանատու կերպով։ Անձանց քաղաքական իրավունքների սահմանափակման փորձերը որևէ հասարակության լավ տեղ չեն տարել։  Հետպատերազմյան տրավմայից դուրս չեկած մեր հասարակության մեջ իր հարևանի, բարեկամի, ծանոթ ու անծանոթ հայրենակցի դեմ բռնություն ու լարում սադրելը ծայրահեղ անպատասխանատվություն ու դաժանություն է։ Հավասարապես անմարդկային է նման վարքագիծը հրապարակային չդատապարտելը, մեր կողքին կանգնած բռնարարի ձեռքը չբռնելը, բռնությունն ու ագրեսիան չմերժելը։ Մենք պառակտման, բևեռացման ու անխոհեմության «ճոխությունն» այլևս չունենք։ Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»։
11:27 - 01 մայիսի, 2022
Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում ներկայացրել է Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացվող ատելության դրսևորումները

Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում ներկայացրել է Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացվող ատելության դրսևորումները

Ապրիլի 28-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) ու Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի (LICRA) ներկայացուցիչների, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, ինչպես նաև Ֆրանսիայում գործող հայ փաստաբանների ու իրավաբանների ասոցիացիայի (AFAJA) ներկայացուցիչների հետ: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ու Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հետևողականորեն իրականացվող հայատյացության քաղաքականության դրսևորումները, որոնք արտահայտվել են ինչպես 2020թ պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանից հետո։ Ներկայացվել է արցախահայության նկատմամբ իրականացվող ատելության քաղաքականության դրսևորումները, ի թիվս այլնի, շփման գծին մոտ գտնվող գյուղերի բնակչության ահաբեկման ու ուժի կիրառման դրսևորումները։ Անդրադարձ է կատարվել էթնիկ ու կրոնական ատելությամբ պայմանավորված պետական քաղաքականության այնպիսի դրսևորումներին, ինչպիսիք են ավարի պուրակը, հայկական ժառանգության նմուշների ու հայկականության հետքերի վերացման Բաքվի վարչակազմի կոնկրետ գործողություններին, ինչպես նաև ադրբեջանական պետության ղեկավարի՝ ատելություն հրահրող ու հայատյացության խոստովանություն հանդիսացող հայտարարություններին։ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները հետաքրքրվել են հայ ռազմագերիների ու պահվող անձանց չվերադարձման ադրբեջանական մոտեցման պատճառների, միջազգային իրավական գործընթացների մասին։ Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի ներկայացուցիչներն անընդունելի ու դատապարտելի են համարել ռազմավարի պուրակի բացման ու երիտասարդ սերնդին ատելությամբ դաստիարակելու գործելակերպերի վերաբերյալ՝ շեշտելով, որ նման կազմակերպվածությամբ ատելության քաղաքականությունը նոր հանցագործություններ կարող է ծնել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդու իրավունքների պաշտպանության ու առաջմղման հարցերում Պաշտպանի հաստատության հետ համագործակցության վերաբերյալ։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ու Ֆրանսիայում գործող հայ փաստաբանների ու իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ գործնական զրույց է ծավալվել ընթացքի մեջ գտնվող ու ծրագրված գործողությունների, ինչպես նաև արդյունքների հասնելու համար ջանքերի համատեղման անհրաժեշտության շուրջ։
09:58 - 29 ապրիլի, 2022