Ինֆոքոմ

7-րդ աջակցման ծրագրի շահառու կլինեն նաև այն հղի կանայք, որոնց ամուսիններն ընդհանրապես չեն աշխատել մարտի 30-ի դրությամբ․ Զարուհի Բաթոյան

7-րդ աջակցման ծրագրի շահառու կլինեն նաև այն հղի կանայք, որոնց ամուսիններն ընդհանրապես չեն աշխատել մարտի 30-ի դրությամբ․ Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այս պահին սոցիալական աջակցության 4-րդ ծրագիրը, որը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող և աշխատանքից ազատված անձանց, ընթացքի մեջ է։ Ծրագրի համար դիմելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է մուտք գործել ssa.am կայք, մուտքագրել տվյալները և տեսնել՝ ծրագրի շահառու հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ։ Հանդիսանալու դեպքում վճարումներն իրականացվում են բանկում։  «6-րդ ծրագրի փոխանցումներն իրականացված են, շահառուները 6723-ն են։ 7-րդ ծրագիրի շրջանանկն ընդլայնել ենք։ Այս ծրագրի շահառու կհանդիսանան ոչ միայն այն կանայք, որոնք չեն աշխատում, և իրենց ամուսինն ազատված է մարտի 13-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում, այլ նաև այն հղի կանայք, որոնց ամուսիններն ընդհանրապես չեն աշխատել մարտի 30-ի դրությամբ։ Այս ծրագրի շահառու են այս պահին 5957 քաղաքացիներ, բայց ցանկը թարմացվում է»,- նշեց նա։ Նախարարի փոխանցմամբ՝ 8-րդ ծրագիրը, որը վերաբերում էր տուժած ոլորտների գրանցված  աշխատակիցներ, մեկնարկել է երեկ։ «Երեկ՝ մի քանի ժամվա ընթացքում, մենք ստացել ենք ավելի քան 45 հազար դիմում ֆիզիկական անձանցից, որոնցից 27 հազարը հաստատվել է, այս 27 հազար հոգին ընդհանուր 1,8 միլիարդ դրամի չափով աջակցություն կկարողանա ստանալ արդեն այսօր բանկերի կամ իրենց անձնական հաշիվների միջոցով»,- նշեց նա։   Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ 9-րդ ծրագիրի դիմումների ընդունումը ևս երեկ մեկնարկել է։ Այս ծրագրի շահառուների ցանկը դեռևս կազմվում է։ Նա նշեց, որ 8-րդ և 9-րդ ծրագրերի դեպքում նաև հրապարակվելու է շահառուների ցանկը, և միայն այս երկու ծրագրի դեպքում է, որ անհրաժեշտություն կա դիմում գրելու։  Նախարարն անդրադարձավ նաև սննդի փաթեթների, տեխնիկական, մաքրող միջոցների կարիքների մասին բնակիչներից ստացվող զանգերին։ Նա հայտնեց, որ այս կարիքներին համապատասխան աշխատում են մարզպետարանները ՀԿ-ների և կամավորական խմբերի հետ համատեղ։  «Մենք նաև աջակցում ենք սոցիալական տարբեր խմբերի թիրախավորելու, նրանց գտնելու, նրանց հասցեական օգնությունը հասցնելու ուղղությամբ։ Ավելի շատ համակարգում ենք և տեղեկություն ենք փոխանակում, բայց այս ամբողջ գործընթացն իրականացվում է քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, միջազգային մեր գործընկերների միջոցով։ Պետք է հորդորեմ, որ այս աջակցության համար դիմեն համայնքներին, քաղաքապետարաններին, մարզպեարաններին։ Գործընթացը շատ կազմակերպված ձևով իրականացվում է»,- նշեց նա։ 
12:55 - 14 ապրիլի, 2020
Ուզում եմ մեր բոլոր գործատուներին կոչ անել, որ նրանք ձեռնարկեն առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ․ Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ մեր բոլոր գործատուներին կոչ անել, որ նրանք ձեռնարկեն առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ֆեյբուքյան ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ  երեկ ունեցել ենք 685 թեստ, որից դրական է եղել 28-ը։ «Առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի քիչ են, քան առողջանալու դեպքերը։ Երեկվա դրությամբ 54 առողջացման դեպք ենք ունեցել։ Այսօր ունենք 786 ակտիվ դեպք, այսինքն՝ ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք»,- մշեց նա։  Վարչապետը հայտնեց, որ ևս 2 մահ ենք ունեցել։ Մահվան դեպքերի տարիքային միջինը 74․8 է։ «Ընդհանուր առմամբ ավելի շատ լավ լուրեր ունենք, քան վատ։ Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ մեր զգոնությունը թուլանա, և մենք նորից վարակի բռնկում ունենանք։ Այս վիճակագրությունը թույլ է տալիս մեզ ասել, որ մենք ունենք հնարավորություն ջարդելու վարակի ողնաշարը»,- ասաց նա։  Վարչապետը նշեց, որ պարետատան նոր որոշման շրջանակներում տասնյակ հազարավոր մարդկանց հնարավորություն է տրվել վերադառնալու աշխատանքի։ «Այս փուլում ես առանձնահատուկ կարևորություն եմ տալիս գործատուների պատասխանատվությանը, թե ինչքանով են նրանք ապահովում պայմաններ իրենց իսկ ընկերությունների աշխատողների վարակման  հնարավորությունները նվազագույնի հասցնելու համար։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ մեր բոլոր գործատուներին կոչ անել, խնդրել, որ նրանք ձեռնարկեն առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ, որպեսզի մենք կարողանանք վերջին օրերին նկատված դրական դինամիկան ոչ միայն պահպանել, այլև զարգացնել, մեր գործողություններով կարողանանք այնպես անել, որ համավարակի գագաթնակետը մեզ համար լինի թիկունքում և ոչ թե առջևում»,- ասաց նա։ Վարչապետը հույս հայտնեց, որ եղանակները շուտ կտաքանան։ Նրա խոսքով՝ մասնագետների ոչ 100 տոկոս երաշխավորությամբ, բայց նախնական գնահատմամբ եղանակաների տաքացումը պետք է դրական ազդեցություն ունենա համավարակի առումով։ «Այսօր նաև հանձնարարություն եմ տվել, որ պարետատունը հանդես գա խորհրդատվական որոշակի առաջարկներով, նաև մեր տեսչական մարմինները խորհրդատվություն կիրականացնեն ընկերությունների հետ այնտեղ, որտեղ հնարավոր է, թե հակահամաճարակային ինչ միջոցներ է պետք ձեռնարկել, որ նվազագույնի հասցվի աշխատանքի եկող մեր հայրենակիցների վարակման հնարավորությունը»,- նշեց նա։ 
11:14 - 14 ապրիլի, 2020
Շարժական լաբորատորիայի միջոցով զինծառայողներից վերցվել է շուրջ 165 նմուշ․ ունենք և՛ դրական, և՛ բացասական պատասխաններ․ Սահակ Օհանյան

Շարժական լաբորատորիայի միջոցով զինծառայողներից վերցվել է շուրջ 165 նմուշ․ ունենք և՛ դրական, և՛ բացասական պատասխաններ․ Սահակ Օհանյան

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ներկա պահին ԶՈՒ-ում կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, արհեստական շնչառական սարքին միացված զինծառայողներ չկան։ Թոքաբորբով հիվանդ զինծառայող նույնպես չունենք։ «Մեկուսացված և ինքնամեկուսացված քինծառայողների քանակ գտնում եմ, որ նպատակահարմար չի բարձրաձայնել՝ գաղտնիությունից ելնելով։ Բուժվողների թիվը ևս չեմ հրապարակի, բայց պետք է նշեմ, որ ունենք կորոնավիրուսը հաղթահարած զինծառայողներ։ Այսօր առավոտվա դրությամբ ունենք 6 զինծառայողներ, ովքեր դուրս են գրվել և վերադարձել են ծառայության»,- նշեց նա։ Սահակ Օհանյանի խոսքով՝ զորակոչը ընթանալու է՝ ըստ ժամանակացույցի։ Անհրաժեշտության դեպքում՝ օրենքով սահմանված կարգով կարող է երկարաձգվել։ «Դեռ վաղ է այդ մասին խոսել։ Ասեմ, որ զինկոմիսարիատները պատրաստ են զորակոչին։ Նրանց հատկացվել են անհատական պաշտպանության միջոցներ, մինչ զորակոչը բոլոր զինկոմիսարիատներում կատարվելու են ախտահանման աշխատանքներ։ Զորակոչի ընթացքում՝ յուրաքանչյուր օրվա ավարտին այդ աշխատանքները կրկնվելու են»,- նշեց նա։  Սահակ Օհանյանն ասաց, որ շարժական լաբորատորիայի միջոցով զինծառայողներից վերցվել է շուրջ 165 նմուշ։ Կան և՛ դրական, և՛ բացասական պատասխաններ։ Բացասականներն ավելի շատ են։ «Մեր աութսորսինգ իրականացնող կազմակերպություններից մեկի աշխատակիցը, որն աման լվացող էր, ունեցել է խնդիր, տեղեկացրել է իր աշխատատուին, որի արդյունքում նրան հրաման է տրվել  զորամաս չգալ։ Այդ զորամասում սնունդ մատակարարող կազմակերպության շրջանակը մեկուսացվել է, ամբողջ կազմը փոխվել է։ Կազմակերպության տնօրենությունը հետևում է նրանց առողջության վիճակի։ Նշված անձը որևիցե առնչություն չի ունեցել զինվորներ հետ, սնունդ չի բաժանել, սնունդ չի պատրաստել։ Նրա գործը եղել է միայն աման լվանալը»,- նշեց նա։
16:34 - 13 ապրիլի, 2020
Այսօրվա դրությամբ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման 5207 շահառու ստացել է աջակցություն

Այսօրվա դրությամբ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման 5207 շահառու ստացել է աջակցություն

Կառավարության այսօրվա արտահերթ նիստի ընթացքում Էկոնոմիկայի Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ փուլում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառումը։ «3-րդ միջոցառումը նախատեսված է փոքր բիզնեսի համար։ Դիմումները եղել են 457 անցած անցյալ շաբաթվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ։ Սրանց զգալի քանակը՝ ավելի քան 257 -ը,  եղել են ոլորտին չհամապատասխանող չափանիշներով ներկայացված դիմումներ։ Դիտարկված չափորոշիչներին բավարարող հայտերի քանակը եղել է 70, որոնք արդեն բավարարված են և գտնվում են ֆինանսական կազմակերպություններում վարկավորման նպատակով»,- նշեց նա։ Ըստ նախարարի՝ դատելով դիմումների քանակից, որոնք ընթացքի մեջ են, շաբաթվա վերջին այս թիվն առնվազն կրկնապատկված կլինի։ Փոքր բիզնեսին ավելի քան 1 միլիարդ դրամ հասանելի վարկային միջոցներ կտրամադրվեն։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ խոսեց 5-րդ միջոցառման մասին։ Նա նշեց, որ այս միջոցառման շահառու են այն գործատու կազմակերպությունները և ԱՁ-ները,  որոնք 2020 թ․ հունվար և փետրվար ամիսներին ունեցել են 2-ից 50 աշխատակից, և ներկայացված եկամտային հարկի հաշվարկի հիման վրա՝ մարտ ամսվա ցուցանիշները առնվազն հավասար են հունվար և փետրվար ամիսների աշխատակիցների թվի և վարձատրությանն ուղղվող միջոցների առումով, այսինքն՝ աշխատավարձի ֆոնդը և աշխատակիցների թիվը չեն նվազել։ «Այսօր՝ ժամը 11։30-ի դրությամբ, մարտ ամսվա եկամտային հաշվարկ ներկայացրածների թիվը շուրջ 30 տոկոս է։ Այդ հաշվարկների հիման վրա՝ 9725 շահառուներին ավտոմատ ուղարկվել է ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ։ Ստացված ծանուցման հիման վրա՝ դիմում ներկայացրած շահառուների թիվը կազմում է 5388։ Այսօր՝ ժամը 11։30-ի դրությամբ, 5207 շահառու ստացել է գումարները՝ ընդհանուր 787․9 միլիոն դրամ»,- նշեց նա։ 
13:44 - 13 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման մասով բավարարված վարկերի ընդհանուր քանակը 536 է, որից 417-ը միկրովարկերն են․ Արթուր Ջավադյան

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման մասով բավարարված վարկերի ընդհանուր քանակը 536 է, որից 417-ը միկրովարկերն են․ Արթուր Ջավադյան

Կառավարության այսօրվա արտահերթ նիստի ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց, թե ինչ փուլում են Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին և 2-րդ միջոցառումները։ «1-ին միջոցառումը վերաբերում է հիմնականում փոքր և միջին ձեռնարկություններին։ Այստեղ ունենք բավարարված 205 վարկ՝ 8 միլիարդ 851 միլիոն դրամի։ բաշխվածություն ունենք ամբողջ հանրապետությունով։ Ունենք գործունեության ոլորտով էլ բանականին լավ բաշխվածություն՝ հյուրանոցային, ռեստորանային բիզնես, վերամշակում, առևտուր, առողջապահություն»,- նշեց նա։ Արթուր Ջավադյանն ասաց, որ 1-ին միջոցառման մասով արդեն կան մերժված հայտեր։ Մերժումների հիմնական պատճառը անհամապատասխանությունն է դրված չափանիշներին․ հայտ ներկայացնողներն ունեն հարկային պարտավորություններ, խնդիրներ նախորդ վարկային պատմության հետ։ «Վարկերի հայտերի քանակը բավականին մեծ է։ Այս պահին ունենք 691 հայտ՝ ընդհանուր առմամբ մոտ 39 միլիարդ դրամի»,- նշեց նա։  Արթուր Ջավադյանի խոսքով՝ 2-րդ միջոցառուման մասով բավարարված վարկերի ընդհանուր քանակը 536 է, որից 417-ը միկրովարկերն են՝ տրված գյուղացիական տնտեսություններին։ Վարկերի արժեքը 1 միլիարդ 606 միլիոն դրամ է։ Իսկ երկու ծրագիրը միասին մինչ այս պահը կազմել են 10 միլիարդ 458 միլոն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ երբ ընդունում էին մասնավորապես 1-ին միջոցառումը, շատ  հոռետեսական գնահատականներ կային, որ ոչ մեկն էլ չի դիմի, որովհետև մարդկանց այդպիսի վարկեր պետք չեն։ «Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ բավականին լավ ակտիվություն կա։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ առաջիկա օրերին թե՛ գյուղվարկերի մասով, թե՛ բիզնեսին աջացության մասով  ավելի ակտիվ ցուցանիշներ կունենանք»,- նշեց վարաչապետը։
13:01 - 13 ապրիլի, 2020
Այս պահի դրությամբ 6 լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում․ Արսեն Թորոսյան

Այս պահի դրությամբ 6 լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում․ Արսեն Թորոսյան

Այսօր՝ կառավարության արտահերթ նիտի ընթացքում, Առողջապահության նախարար արսեն Թորոսյանն ասաց, որ շաբաթ և կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել։ «Այն նպատակադրումը, որ մենք ունեինք մեր հնարավորությունը մեծացնելու, իրագործվում է։ Շաբաթ օրը 680 թեստ է արվել, իսկ կիրակի օրը՝ 467 թեստ։ Բոլոր բուժհաստատություններին իջեցվել են հանձնարարականները՝ ինչպես նմուշառել, ուր ուղարկել, լոգիստիկ նոր համակարգ է ստեղծվել,  էլեկտրոնային նոր համակարգն է ներդրվում, և օր օրի, ցուցումների հետ մեկտեղ, թեստերի թիվը կավելանա»,- նշեց նա։ Նախարարի խոսքով՝  այս պահի դրությամբ 6 լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում։
12:13 - 13 ապրիլի, 2020
Պայքարելով մեկ չարիքի դեմ՝ մենք չպետք է դուռ բացենք Օրուելյան՝ մարդկանց մշտական վերահսկողության հեռանկարի համար․ ԵԽԽ ասամբլեայի նախագահ

Պայքարելով մեկ չարիքի դեմ՝ մենք չպետք է դուռ բացենք Օրուելյան՝ մարդկանց մշտական վերահսկողության հեռանկարի համար․ ԵԽԽ ասամբլեայի նախագահ

Եվրոպական խորհրդի խորհրդարանական ասամբլեայի նախագահ Ռիկ Դաեմսի հայտարարությունը․ «Այնքան ժամանակ, մինչև բավարար թվով մարդիկ չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, մենք պետք է սահամանփակենք նրա տարածումը։ Ճանապարհներից մեկը ախտահարված ու իրենց հետ շփված մարդկանց գտնելն է։ Սակայն այս քայլը շատ մեծ ներխուժում է մարդու անձնական կյանքի մեջ, ու մենք պետք է կարգավորումները մշակենք շատ զգույշ, որպեսզի ապահովենք հարգանքը մարդու իրավունքների ու օրենքի ուժի նկատմամբ։  Բարեբախտաբար, մենք ունենք Եվրոպական չափորոշիչներ։ Մարդու իրավունքների եվոպական կոնվենցիան պահանջում է, որպեսզի հսկողության միջոցառումներն ունենան իրավական հիմքեր ու համաչափ լինեն նպատակին։ Տվյալների ավտոմատացված հավաքագրումը, մշակումն ու պահպանումը պետք է համապատասխանեն վերջերս թարմացված 108+ կոնվենցիային։ Պետությունները պետք է ապահովեն, որ նախքան ներկայացնելը, միջոցառումները համապատասխանեն պահանջներին, ինչպես նաև՝ պետք է ապահովեն հանրային վստահություն միջոցառումների հենց սկզբից։  Բացառիկ ճգնաժամերն արդարացնում են բացառիկ միջոցառումները, սակայն նրանց շրջանակն ու ժամանակահատվածը պետք է սահմանափակ լինեն ու համապատասխան լինեն հիմնարար իրավունքներին։ Պայքարելով մեկ չարիքի դեմ՝ մենք չպետք է դուռ բացենք Օրուելյան՝ մարդկանց մշտական վերահսկողության հեռանկարի համար»։ Աղբյուրը՝ pace.coe.int Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:18 - 11 ապրիլի, 2020
Կեսօրի դրությամբ ծայրահեղ ծանր վարակակիրները թիվը 8 է, ծանր վիճակում գտնվողներինը՝ 40․Արսեն Թորոսյան

Կեսօրի դրությամբ ծայրահեղ ծանր վարակակիրները թիվը 8 է, ծանր վիճակում գտնվողներինը՝ 40․Արսեն Թորոսյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ մինչ օրս ՀՀ-ում արվել է մոտավորապես կորոնավիրուսի 6500 թեստ, ինչպես նաև հավելեց, որ վիրուսների թեստավորումը բժշկական ամենաբարդ հետազոտություններից մեկն է և այն բավականին երկարատև գործընթաց է։ Նախարարն ասաց, որ մի քանի ժամ առաջվա դրությամբ՝ թոքաբորբ ունեցողների ընդհանուր թիվը մոտ 180 է, կեսօրի դրությամբ ծայրահեղ ծանր վարակակիրները թիվը 8 է, ծանր վիճակում գտնվողներինը՝ 40։ Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաև Արցախում կորոնավիրուսի դեպքերին՝ նշելով, որ  մշտական կապի մեջ են Արցախում իրենց գործընկերների հետ  և այնտեղ նույնպես արվում են համապատասխան հակահամաճարակային քայլերը։ Անդրադառնալով բուժհաստատությունների սանհագույցների վիճակին և կենցաղային պայմաններին՝ նախարարն ասաց, որ ոչ բոլոր հաստատությունների բոլոր հիվանդասենյակներն ունեն առանձին սանհանգույց, բայց բոլոր տեղերում ապահովվում են հակահամաճարակային կանոնները, երբ  չհաստատված և հաստատված դեպքով քաղաքացիները չպետք է օգտվեն ոչ միայն նույն սանհանգույցից, այլև նույն կենցաղային պայմաններից։  
17:55 - 10 ապրիլի, 2020
Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է՝ երկարացնել արտակարգ դրությունը․ Արսեն Թորոսյան

Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է՝ երկարացնել արտակարգ դրությունը․ Արսեն Թորոսյան

Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ հաստատաված դեպքերի թիվը անկում է ապրել և դա արտակարգ դրության և վերջին 2 շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի հետևանքն է, որը սակայն խնդիր ունի պահպանման։ Տեսնելով ցածր թվեր՝ մենք չպետք է «թուլանանանք»։  Ցածր թվել ունենալով, սակայն, մենք ունենք աղբյուրների բազմազանություն, երբ հաստատված դեպքերը տարբեր աշխարհագրական և այլ աղբյուրներից են։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը խնդրահարույց համարեց, այն որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը շատ երկար է տևում և նույնիսկ այն դեպքում, երբ վարակվածը որևէ գանգատ չունի՝ վիրուսը նրա օրգանիզմում շատ երկար է ապրում։ Հետևաբար, հետևություններ անելու համար շատ վաղ է և  չպետք է կորցնել զգոնությունը։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի բուժում են ստանում գանգատներ չունեցող պացիենտները՝ Թորոսյանն ասաց․ «Այո՛, ճիշտ է, որ կորոնավիրուսով վարակվածների 80 տոկոսի դեպքում չի պահանջվում բուժում կամ բուժումն արվում է տնային ռեժիմում։ Շատ երկրներ անցել են այդ ռեժիմին, բայց մենք դեռ այդ ռեժիմին չենք անցել և, հետևաբար, տնային կամ թեթև բուժման համար դեղորայք չկա։ Ի՞նչ դեղի մասին է խոսքը, եթե բուժման կարիք չկա, կամ օրինակ բուժումը ենթադրում է սովորական ջերմիջեցնողներ, օրինակ՝ պարացետամոլի ընդունում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ չհասնենք այդպիսի ռեժիմի, բայց երբ որ կհասնենք դրան, մենք խորհուրդներ կտանք այն քաղաքցիներին, ովքեր կունենան թեթև վիճակ։ Այդ խորհուրդները ստանդարտ են․ հեղուկներ, ջերմիջեցնողներ, ուրիշների հետ չշփվել և այլն»։ Այն հարցին, թե արդյոք կորոնավիրուսի  դեմ պայքարիում ներգրավված բուժաշխատողերը հավելյալ վճարվում են, Թորոսյանն ասաց, որ բուժաշխատողները պատշաճ վարձատրվում են՝ հիմանականում պետական բյուջեի միջոցներով։ Ֆինանսավորվում են նաև այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները։ 1700  և ավելի բուժաշխատող է ներգրավված այս գործում։ «Մեր առաջարկությունը  կառավարությանը լինելու է՝ երկարացնել արտակարգ դրությունը։ Իհարկե, որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ։ Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, և  մենք ներքուստ բոլորս պետք է ընդունենք սա։ Նույնիսկ, եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի,  չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերադառնա նախկին ռիթմին։Երբ ասում եմ, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, նկատի ունեմ առնվազն 1-2 տարի»,- արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ ասաց նախարարը։  
17:11 - 10 ապրիլի, 2020
ԱՀԿ թարմացված ուղեցույցը ավելի շատ վերաբերում է միջին ու ցածր եկամուտ ունեցող երկրներին․ ԱՀԿ Գլխավոր տնօրեն․ who.int

ԱՀԿ թարմացված ուղեցույցը ավելի շատ վերաբերում է միջին ու ցածր եկամուտ ունեցող երկրներին․ ԱՀԿ Գլխավոր տնօրեն․ who.int

Հատվածներ ԱՀԿ Գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանեմ Գեբրեյեսուսի բացման խոսքից ապրլի 9-ի բրիֆինգի ժամանակ․«Շատ բան է փոխվել այն բանից հետո, երբ 2 ամիս առաջ մենք հրապարակել էինք Ռազմավարական պատրաստվածության ու արձագանքման առաջին նախագիծը։ Վարակի համաշխարհային տարածման պատճառով քայքայվել են առողջապահական համակարգերը, համաշխարհային տնտեսությունն ու հասարակական կյանքը։ Մահացության ցուցանիշը 10 անգամ ավելի բարձր է քան գրիպի ժամանակ։ 1․3 միլիոնից ավել մարդ է վարակվել ու մոտ 80 հազարը մահացել։ Համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը․ այն պահանջում է համապետական ու համահանրային արձագանք։ Այս 100 օվրա ընթացքում մենք ականատեսը եղանք այն բանի, թե ինչպիսի վնաս կարող է հասցնել վարակը հարուստ պետություններին։Ու մենք դեռ ականատեսը կլինենք այն բանի, թե ինչպիսի վնաս այն կարող է հասցնել ավելի աղքատ ու խոցելի պետություններին։ Ու մենք հաստատակամ ենք անելու ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա։ Այսօր լույս է տեսնում մեր տեխնիկական ռազմավարության թարմացված տարբերակը, որը նախատեսված է վարակի արձագանքնման հաջորդ փուլի համար։ Թարմացված ռազմավարությունը կլինի մեր Ռազմավարական պատրաստվածության ու արձագանքնման երկրորդ նախագծի հիմքում, որը մենք կհրապարակենք մոտ օրերս։ Մենք շատ բան ենք սովորել նոր վարակի մասին այն բանից հետո, երբ տարեսկզբին առաջին անգամ բախվեցինք դրա հետ։ Ու այդ շատ ծանր դասերն արացոլված են նոր ռազմավարության մեջ։Այս թարմացված ուղեցույցը ավելի շատ վերաբերում է միջին ու ցածր եկամուտ ունեցող երկրներին, որտեղ առողջապահական համակարգն ու ենթակառուցվածքներն ավելի թույլ զարգացած են, ինչպես նաև՝ այն երկրների համար, որտեղ առկա են հակամարտություններ կամ կան տարհանված անձինք։ Մեր Ռազմավարական պատրաստվածության ու արձագանքնման երկրորդ նախագիծը կներառի նաև այն միջոցների հաշվարկը, որոնք անհրաժեշտ կլինեն իրականացնելու ազգային ու միջազգային ռազմավարությունները արձագանքման հաջորդ փուլի ժամանակ»։ Աղբյուրը՝ who.int Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
10:46 - 10 ապրիլի, 2020
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կոչ է անում վերջ տալ հակամարտություններին ու հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում․ Reuters

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կոչ է անում վերջ տալ հակամարտություններին ու հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում․ Reuters

Ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը՝ քննարկելու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը ու արդյոք այդ կապակցությամբ պետք է իրականացվի որևէ գործողություն թե ոչ։ 15 ադամ պետություններից բաղկացած ՄԱկ-ի այս մարմինը պատասխանատու է համաշխարհային խաղաղության ու անվտանգության հարցերի համար։  ԱՄԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր խոսքում նշել է, որ կորոնավիրուսը, որն արդեն վարակել է 1,5 միլիոն մարդ ու դարձել 90 000 մահվան պատճառ, մեծապես վտանգում է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման գործը, ինչը կարող է հանգեցնել հասարակական անկարգությունների ու բռնությունների ալիքին, ինչն իր հերթին կվտանգի վարակի դեմ պայքարը։  «Անվտանգության խորհրդի մասնակցությունը կենսական է համավարակի տարածման պատճառով խախտված խաղաղության ու անվտանգության պահպանման գործում։ Ավելին, Անվտագնության խորհրդի կողմից միասնության ու կարգավորման ուղերձը շատ կարևոր կլինի այս ծանր իրավիճակում», - նշել է Գուտերեշը։  «Կորոնավիրուսի համավարակը սերնդի պայքար է, որն էլ ինքնին ՄԱԿ-ի գոյության իմաստն է»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Պեկինը ի սկզբանե դեմ էր, որ Անվտանգության խորհուրդն իր մասնակցությունն ունենա այս գործում՝ ասելով, որ դա իր մանդատից դուրս է։ Մինչդեռ ԱՄՆ-ն պնդում էր, որ Խորհրդի ցանկացած գործողության մեջ պետք է անպայմանորեն հղում կատարվի վարակի ծագմանը, խոսքը գնում է Չինաստանի մասին, որտեղ և գրանցվել էին առաջին դեպքերը։ Անվատանգության խորհուրդը հանդիպումից հետո հանդես եկավ կարճ հայտարարությամբ, որով իր աջակցությունն էր հայտնում ավելի վաղ արված Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ վերջ տալ հակամարտություններին ու հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում, հնարավորություններ ստեղծել մարդասիրական օգնության տրամադրման համար ու համատեղ ջանքերով հաղթահարել համավարակը։ Աղբյուրը ՝ reuters.com Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
10:14 - 10 ապրիլի, 2020
Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով «ՍԴ նախագահի գահընկեցության» հարցը չի լուծվում․ «Ժողովուրդ» օրաթերթի մեկնաբանություններ չափազանցված են

Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով «ՍԴ նախագահի գահընկեցության» հարցը չի լուծվում․ «Ժողովուրդ» օրաթերթի մեկնաբանություններ չափազանցված են

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվել է հոդված, որտեղ նշվում է, որ չնայած ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությանը, իշխանության անդամներին հորդորել են «տակից» իրենց նախագծերը առաջ տանել, որպեսզի արտակարգ դրությունից իրենց պլանները չձախողվեն. ՍԴ նախագահի «գահընկեցության» հարցն օրակագում է: Խոսքը վերաբերում է այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Վերոնշյալ նախագծով առաջարկվում է Ազգային ժողովին հնարավորություն տալ, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստում՝ գործընթացը չձգձգելու նպատակով։ Հոդվածագիրը որպես այս նախագծի նպատակ նշվում է կորոնավիրուսի կանխարգելումից հետո  հանրաքվեն հապշտապ անցկացնելը, հնարավորություն ունենալը ցանկացած ժամանակ արտահերթ նիստ հրավիրել ու իրականացնել «իրենց բոլոր պլանները»՝ ՍԴ-ի հետ կապված։ Նախ նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն թվականի մարտի 16-ին որոշել էր դադարեցնել հանրաքվեի հետ կապված բոլոր աշխատանքները, իսկ վերսկսման մասին որևէ հայտարարություն դեռևս չի եղել։ Բացի վերոնշյալը, արդեն իսկ 2020 թվականի փետրվարի 6-ին ԱԺ որոշմամբ ամրագրվել է, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է դրվի հանրաքվեի և ընդունվի կամ չընդունվի ժողովրդի կողմից։ Հիշեցնենք, որ փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։ Այսինքն, մինչև ընտությունները տեղի չունենան, քաղաքացիները նախագծով առաջարկվող փոփոխություններին «Այո» կամ «Ոչ» չքվեարկեն, հետագա ընթացքին վերաբերող օրինագծերը չեն կարող հեղինակի նշած՝ «ՍԴ նախագահի գահընկեցության» հարցը լուծել։ Հետևաբար հոդվածում նախագծի մասին պնդումները մանիպուլյատիվ են։ Նշենք նաև, որ նշված հոդվածի հեղինակը նախագծի մասին մեկնաբանություն էր փորձել ստանալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանից, ով պատասխանել էր, որ նախագծում ընդամենը մեկ բառ է փոխվում, մեծ փոփոխություն այն չի ենթադրում: Պատգամավորը հավելել էր, որ «Հերթական» բառն են փոխում, որ այնպես լինի, որ արտահերթ նիստի ժամանակ էլ ՍԴ անդամներ ընտրեն։ Արփի Ավետիսյան
14:55 - 09 ապրիլի, 2020
Կառավարության հակաճգնաժամային 1-ին միջոցառման մասով տրամադրվել են 520 միլիոն դրամի վարկային միջոցներ․ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Կառավարության հակաճգնաժամային 1-ին միջոցառման մասով տրամադրվել են 520 միլիոն դրամի վարկային միջոցներ․ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ Կառավարության հակաճգնաժամային այն միջոցառումներին, որոնք ունեն տնտեսական բնույթ։ Նա նշեց, որ դրանցից առաջինը վերաբերում է կառավարության աջակցությանը այն կազմակերպություններին, որոնց վարկավորման կամ սուբսիդվորման վերաբերյալ որոշումները կայացվում են առևտրային բանկային համակարգի օգնությամբ։ «Սա այն դեպքն է, երբ, հաշվի առնելով, որ ծրագրերի գնահատման կարողությունները գտնվում են ֆինանսական հատվածում, և մեր բանկերն ու վարկային կազմակերպություններն են, որ ճանաչում են իրենց այն գործընկերներին, որոնց հետ ունեն երկարաժամկետ համագործակցություն և վստահություն, որ նրանց կողմից իրականացվող ծրագրերը կարող են հաջողության հասնել կառավարության ֆինանսական աջակցությամբ, կառավարությունը տրամադրում է համաֆինանսավորման, վերաֆինանսավորման կամ տոկոսների սուբսիդավորման եղանակով աջակցություն»,- ասաց նա։ Նախարարը հայտնեց, որ  երեկվա դրույամբ՝ 1-ին միջոցառման մասով բանկային համկարգի կողմից  բավարարված են եղել ընդհանուր արժեքով 1 միլիարդ 433 միլիոն դրամի վարկային փաթեթներ, փաստացի տրամադրված են  եղել 520 միլիոն դրամի վարկային միջոցներ։ «2-րդ միջոցառումը վերաբերում է  գյուղատնտեսության ոլորտում կառավարության աջակցության ծրագրերին։ Փաթեթը, բացառությամբ մեկ բաղադրիչի, նոր չէ, իրականացվում էր նաև մինչև ապրիլ ամիսը։ Ապրիլից սկսած՝ մենք  փոխեցինք հիմնական մոտեցումը․ տոկոսները սուբսիդավորում ենք ամբողջությամբ, ոչ թե մասնակի։ Կարևոր լրացում կատարեցինք․ մինչև 1 միլիոն դրամ արժեքով միկրովարկերն այլևս հասանելի կլինեն գյուղացիական տնտեսություններին»,- նշեց նա։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երեկվա դրությամբ՝  իրենք ունեն 2-րդ միջոցառման մասով իրականացվող ծրագրերի առնրությամբ 1․1 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով հաստատված վարկային հայտեր և 600 մլն դրամ ընդհանուր արժեքով փաստացի տրամադրված վարկեր։  «3-րդ միջոցառումը վերաբերում է փոքր ձեռնարկություններին վարկային աջակցությանը։ Այս դեպքում մենք ոչ թե կազմակերպությունների ընտրությունը կատարում ենք ֆինանսական համակարգի օգնությամբ, այլ հաշվի ենք առնում այն փաստը, որ կազմակերպությունները 2019 թ․ ընթացքում ցուցաբերել են բարեխիղճ հարկային  և վարկային վարքագիծ։ Երեկվա դրությամբ ունենք բավական լավ ցուցանիշներ՝ հաշվի առնելով, որ ընդամենը 3  փաստացի աշխատանքային օր ենք ունեցել այդ վարկային հայտերը դիտարկելու և դրանց վերաբերյալ համապատասխանությունը հաստատելու համար»,- նշեց նա։ Նախարարն ասաց, որ արդեն կան 27 հայտատուներ, որոնք ընդհանուր արժեքով 280 միլիոն դրամ գումարով վարկային ռեսուրսներ կարող են ստանալ։  «Այս 4 օրերի ընթացքում ստացված 356 հայտերից մոտ 270-ը տարբեր անհամապատասխանության պատճառներով առայժմ չեն դիտարկվում, որովհետև ի սկզբանե դուրս են եղել Կառավարության կողմից հայտարարված չափորոշիչների շրջանակից։ Բայց մենք ուսումնասիրում ենք նաև այդ պատճառները՝ հասկանալու համար, թե որտեղ են խտացված այն գործոնները, որոնց փոքր փոփոխությունների արդյունքում այդ կազմակերպությունների մի մասին նույնպես առաջիկայում կարող ենք դարձնել այս վարկային ֆինանսական աջակցության շահառու»,- նշեց նա։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ պարբերաբար ճշգրտումներ են արվում։ «Մենք պայամանները կճշգրտենք, կփոփոխենք ուղիղ այնքան, ինչքան մենք թիրախների շրջանակում կզգանք, որ բաց են մնացել պոտենցիալ մասնակիցներ։ Մեր ցանկությունն է, որ գործիքակազմը, որը վերաբերում է մասնավորապես տնտեսական բլոկին,  ոչ թե լինի հակաճգնաժամային գործիքակազմ, այլ եթե նույնիսկ այս պահին համարվի հակաճգնաժամային, հետագայում աշխատի ի նպաստ մասնավոր հատվածի զարգացման»,- ասաց նա։ 
14:45 - 09 ապրիլի, 2020