Արմեն Գեւորգյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին Երեւանում:

1990թ. ընդունվել է Օրենբուրգի (ՌԴ) պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ, 1991թ. տեղափոխվել եւ 1993թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) պետական ծառայության ինստիտուտը: 1993-1996թթ. եղել է Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ: 1996թ. համատեղությամբ ավարտել է Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ կրթության եւ վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ: 2015թ.՝ Հարվարդի համալսարանի Բիզնես դպրոցի «Ընդհանուր կառավարում» ծրագիրը: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:

1990-1996թթ. ՌԴ  մի շարք կրթական եւ առեւտրային կազմակերպություններում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 1997-1998թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական: 1998-2000թթ.՝ ՀՀ նախագահի օգնական, ապա ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2000-2006թթ.՝ ՀՀ  նախագահի առաջին օգնական: 2006-2008թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2007-2008թթ.՝ նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2008-2014թթ.՝  ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար: 2014- 2015թթ.՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնությունների հիմնադրամի» գործադիր տնօրեն: 2016թ. հունվար-հունիս՝ նույն հիմնադրամի նախագահի խորհրդական: 2016թ. հունիս-հոկտեմբեր՝  ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2016-2018թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 2018թ. ապրիլ-մայիս՝ ՀՀ փոխվարչապետ: 2018-2019թթ.՝ «Արինս գրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, վարչության նախագահ: 2019-2021թթ.՝ «Արինս մենեջմենտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Արմեն Գեւորգյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը

Արմեն Գեւորգյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը

ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին հանդիպել է ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկի ու գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։  Հանդիպման ընթացքում կարեւորվել է առաջիկայում կայանալիք ԵԽ չորրորդ գագաթնաժողովում տեղական եւ տարածաշրջանային հարցերի ու խնդիրների քննարկումը: Զրուցակիցները փաստել են նաեւ, որ ԵԽ անդամ մի շարք երկրներում արձանագրվում են տեղական ժողովրդավարության հետ կապված անթույլատրելի խնդիրներ, որոնք հակասում են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Կոնգրեսի կողմից ԵԽ անդամ պետություններում արձանագրված տեղական ժողովրդավարության վերաբերյալ փաստերը եւ հանգամանքները պետք է ուշադրության լուրջ առարկա դառնան ԵԽ բոլոր մարմինների կողմից: Արմեն Գեւորգյանը Կոնգրեսի նախագահին եւ գլխավոր քարտուղարին տեղեկություններ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անթույլատրելի իրավիճակի եւ Ադրբեջանի կողմից շրջափակմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Ըստ էության, Ադրբեջանի կողմից շրջափակումը ժողովրդավարության դեմ ադրբեջանական իշխանությունների պայքարի միակ դրսեւորումը չէ: Արմեն Գեւորգյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը, հատկապես, որ ամեն ինչից զատ՝ վերջերս ադրբեջանական իշխանությունների կողմից նկատվում են նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի փոփոխության միտումներ: Կողմերը երկուստեք պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակելու ինտենսիվ համագործակցությունը ԵԽԽՎ եւ Կոնգրեսի միջեւ:
14:11 - 25 հունվարի, 2023
Մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

Մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

Հարյուր քսան հազար մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց դեմ ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքներով հանդերձ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամի՝ Ադրբեջանի կողմից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից, այս մասին ընդգծել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով իր ելույթում: «Պարո՛ն նախագահ, Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է քաղաքական բռնությամբ եւ պատերազմով՝ որպես պետական քաղաքականության գործիքներ եւ միջոցներ: Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար արմատական ռասիզմի եւ էթնիկ զտումների քաղաքականություն է վարել «այլոց» եւ հատկապես՝ հայերի դեմ: Ադրբեջանի պետական քաղաքականության մեկ այլ բնորոշ գիծն էլ Եվրոպա նավթի եւ գազի արտահանման ներուժի շահարկումն է՝ որպես իր եզակի առավելություն: Ուստի մեզնից յուրաքանչյուրը կարող է որոշել՝ նման քաղաքականությունը ֆաշի՞զմ է, ազգային ռադիկալի՞զմ, թե՞ պետական ահաբեկչություն: Այսօր կխնդրեի ձեզ մտորել երեք հիմնական ուղղություններով. 120.000 մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց դեմ ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքներով հանդերձ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամի կողմից: Ադրբեջանի անպատիժ անդամակցությունը հանգեցրել է այս ավտորիտար ռեժիմի անպատժելիության զգացման ամրապնդմանը եւ մեր կազմակերպությունը վերածել հայ ժողովրդի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը լեգիտիմացնող գործակալության: Այս վեհաժողովում ներկայացված բազմաթիվ պետություններ ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Լեռնային Ղարաբաղի պաշարումն այդ հանցագործության հաջորդ փուլն է: Ընդ որում, մարդկության դեմ այդ հանցագործությունը դեռեւս ժխտվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի այս պետական հանցավոր քաղաքականությունը եւ որեւէ ու երբեւէ հնարավոր խաղաղ գործընթաց չպետք է խառնել իրար. մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է: Սա բանակցության հետ կապ չունի: Հետեւաբար, սա չդատապարտելը հստակ նշանակում է աջակցել այս հանցագործության իրականացմանը, այլ ոչ թե ճանապարհ է թողնում դիվանագիտության համար: Այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում, սոսկ հումանիտար աղետ չէ: Դա այժմ ավելի մեծ խնդիր է, քան պարզապես հայ-ադրբեջանական խնդիրը, կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը: Խոսքը Եվրոպայի քաղաքակրթական ինքնության մասին է: Այժմ խոսքը մի կողմից ժողովրդավարության, արժանապատվության եւ խաղաղության, իսկ մյուս կողմից՝ «էներգետիկ անվտանգության», ամոթի եւ ոտնահարումների միջեւ ընտրության մասին է: Պատմությունը մեզ հուշում է, թե որն է խայտառակ ընտրությունների գինը: Պարո՛ն նախագահ, ավարտելով խոսքս՝ թույլ տվեք ասել, որ Հարավային Կովկասի հայությունը, լինի Հայաստանում, կամ՝ այս օրերին շրջափակված Լեռնային Ղարաբաղում, դարեր շարունակ պայմաններ է ստեղծել ոչ միայն մեր՝ բնիկ ազգային մշակույթի եւ ինքնության պահպանման ու զարգացման համար, այլեւ այդ հարցերում օգնել է շատ այլ ազգերի: Չնայած մեր աշխարհագրական եւ ժողովրդագրական չափերին եւ շարունակական մարտահրավերներին՝ մենք շարունակելու ենք այս առաքելությունը՝ անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դո՞ւր է գալիս, թե՞ ոչ»,- նշել է պատգամավորն իր ելույթում:  
12:58 - 25 հունվարի, 2023
Քոչարյանի պաշտպանները նիստին չէին ներկայացել. դատախազները բացակայությունն «անհարգելի» որակեցին |factor.am|

Քոչարյանի պաշտպանները նիստին չէին ներկայացել. դատախազները բացակայությունն «անհարգելի» որակեցին |factor.am|

factor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը։ Նիստը մեկնարկեց ուշացումով: Դատավորն իր ուշացումը պատճառաբանեց մեկ այլ գործով իր՝ խորհրդակցական սենյակում գտնվելով: Գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էին միջնորդություն, որ չեն կարող ներկա գտնվել նիստին: Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ առողջական խնդիրներ ունի, Հայկ Ալումյանը նշել էր, որ այլ դատական նիստի պետք է ներկայանա: Դատավոր Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց նաև վերջինիս երրորդ պաշտպան Արամ Օրբելյանի բացակայության պատճառների մասին, ինչին ի պատասխան Քոչարյանը հայտնեց, որ Արամ Օրբելյանը գալիս է նիստերին, երբ միջնորդություն ունի անելու: Դատարանը հայտարարեց, որ պաշտպանների բացակայության պայմաններում նիստը ենթակա է հետաձգման, ինչին հակադարձեց գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը. «Պաշտպանները չեն ներկայացրել այլ դատական նիստում գտնվելու կամ առողջական խնդիր ունենալու որևէ ապացույց, ուստի նրանց բացակայությունն անհարգելի է և նիստը ենթակա է շարունակման»: Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել : Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստին դատարանն Արմեն Գևորգյանին թույլատրել էր երկրից բացակայել մինչև դեկտեմբերի 4-ը, հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին:
17:19 - 22 նոյեմբերի, 2022
Քոչարյանի գործով թարգմանությունը թերի է կատարվել. դատախազը միջնորդեց դատարան հրավիրել թարգմանչին 
 |factor.am|

Քոչարյանի գործով թարգմանությունը թերի է կատարվել. դատախազը միջնորդեց դատարան հրավիրել թարգմանչին |factor.am|

factor.am: ՀՀ երկրորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ թարգմանչի ներկայություն դատարանում հնարավոր չէր ապահովել։ Այսօր դատարանում պետք է հետազոտվեին մեղադրանքի ապացույցները։ Փաստաթղթերից մեկը, սակայն, որը թարգմանվել էր անգլերենից, ուներ թերություններ։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հրապարակած ապացույցների մեջ եղած ոչ հայերեն, լատինատառ կամ անգլերեն բառեր, որոնց թարգմանությունը հարցեր առաջացրեց պաշտպանական կողմի մոտ։ Դատավորը ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում, սակայն, պարզվեց, որ թարգմանիչը չի կարող ներկայանալ, իսկ թարգմանչական կազմակերպության ղեկավարին հայտնի չեն պատճառները։ Թարգմանչի՝ դատական նիստին ներկայությունն ապահովելու նպատակով այսօրվա նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 22-ը։ Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ և այդ մասով նիստը շարունակվելու է։ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար:  Առավել մանրամասն՝ factor.am -ում 
15:59 - 15 նոյեմբերի, 2022
Արմեն Գևորգյանը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք նիստին. դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունները

Արմեն Գևորգյանը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք նիստին. դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հոկտեմբերի 18-ին թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ հոկտեմբերի 24-27 տեղի է ունենալու ԵԽ Տեղական և Տարածքային իշխանությունների կոնգրեսի լիագումար նիստը։ Ինչպես նշում  է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը,  պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել է թույլատրել Գևորգյանին հոկտեմբերի 22-29-ը բացակայել Հայաստանի Հանրապետությունից։ Մեկ այլ միջնորդությամբ պաշտպանը խնդրել է, որ Գևորգյանին թույլատրեն բացակայել նոյեմբերի 6-10-ը․ այդ ընթացքում Գևորգյանն իր պատգամավորական գործունեության հետ կապված կրկին պետք է գտնվի Ստրասբուրգում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միացել է Լուսինե Սահակյանի միջնորդություններին, իսկ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նկատել է, որ Արմեն Գևորգյանի հաճախակի գործուղումները խաթարում են դատարանի աշխատանքը․ նիստերն անընդհատ հետաձգվում են։ Լսելով կողմերին՝ դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունները:
15:06 - 18 հոկտեմբերի, 2022
Անգործությունն ավելի է մոտեցնում աղետը.   Արմեն Գեւորգյան |news.am|

Անգործությունն ավելի է մոտեցնում աղետը. Արմեն Գեւորգյան |news.am|

news.am: Մեզ համար աղետը կարող է տարբեր բնույթ ունենալ՝ սկսած Արցախից հայերի արտաքսումից եւ վերջացրած նրանով, որ Հայաստանի տարածքի մի մասը կարող է հայտնվել այլ երկրների վերհսկողության տակ: Հոկտեմբերի 17-ին քննարկման ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը: Նրա գնահատմամբ՝ միայն քննարկումները եւ անգործությունը ավելի են մոտեցնում աղետը: Նա համախմբման եւ բոլոր ռեսուրսներն օգտագործելու կոչ արեց: Պատգամավորը կարծում է, որ անկախացումից հետո Հայաստանին հաջողվում էր պաշտպանել իր շահերը, իսկ 44-օրյա պատերազմից հետո պատկերը փոխվել է. պատերազմը գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների մեկնարկ տվեց: «Մենք դեռ չենք հայտնվել Արեւմուտքի եւ Ռուսաստանի բախման էպիկենտրոնում, քանի որ խաղացողների կարծիքով իրավիճակը մի փոքր այլ է, բայց մենք այդ ճանապարհին ենք: Դա ունի եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառ: Արցախի բնակչության անվտանգությունն այսօր ապահովում են ռուս խաղաղապահները, Հայաստանում, համենայն դեպս, այս պահին որոշիչ դեր է խաղում Ռուսաստանը։ Սակայն միտում կա փոխելու այդ բալանսը, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհով իրադարձությունների զարգացմամբ, որոնք անվերահսկելի ուղով են գնում: Ոչ մի հիմնարար փաստաթուղթ կամ սկզբունք, որն ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այսօր այլեւս չի գործում եւ կրում է տեղական բնույթ։  Կարեւորը, որպեսզի մենք արդյունքում մենակ չմնանք, ուստի չի կարելի կորցնել հին դաշնակիցներին՝ առանց նորերին ձեռքբերելու», – նշեց Գեւորգյանը: Նա ասաց, որ ԵԽԽՎ նիստում հնարավոր եղավ եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել տարածաշրջանի վրա, քանի որ ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև Հայաստանը եւ Ղարաբաղը։  «Ցավոք, Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերով փորձ է արվում մոռացության մատնել ղարաբաղյան կարգավորման խնդիրը եւ Ադրբեջանի վերջին ագրեսիան»,- եզրափակեց պատգամավորը։
15:46 - 17 հոկտեմբերի, 2022
ԼՂ և ՀՀ դեմ ագրեսիան ավելի օբյեկտիվ է քննարկվում միջազգային այն հարթակներում, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը մասնակից չեն. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

ԼՂ և ՀՀ դեմ ագրեսիան ավելի օբյեկտիվ է քննարկվում միջազգային այն հարթակներում, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը մասնակից չեն. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել կառույցում Հայաստանի Հանրապետության ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գեւորգյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Ելույթում, մասնավորապես, ասվել է. «Հարգելի' նախագահ, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում ցանկանում եմ կատարել հետեւյալ հարցադրումները. 1. Մեր կազմակերպությունը նախընտրել է սահմանափակվել անորոշ եւ անհասցե հայտարարություններով, որոնք հավասարության նշաններ են դնում այս հակամարտության կողմերի միջեւ: Ուստի, կցանկանայի իմանալ` ո՞րն է մեր կազմակերպության հստակ եւ միանշանակ դիրքորոշումը. արդյո՞ք Ադրբեջանն ագրեսոր պետություն է եւ արդյո՞ք պետք է զորքերը դուրս բերի Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքներից: 2. Լեռնային Ղարաբաղի առաջ շարժվելու երկու ճանապարհ կա, եւ դրանցից միայն մեկն է, կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը պետք է խրախուսի եւ հավանության արժանացնի. այն է՝ հարգանքը մարդկանց ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Մյուս այլընտրանքն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերին իրենց պատմական հայրենիքում աստիճանաբար ոչնչացնելն ու արմատախիլ անելը լուռ արտոնելն է, ինչպես դա արվեց Նախիջեւանում: Ո՞րն է Եվրոպայի խորհրդի նախընտրելի տարբերակը: 3. «Նոր նորմա» է դարձել ժողովրդավարական ազատությունները եւ ավանդույթներն աշխարհաքաղաքական շահերի եւ Կասպից ծովի էներգառեսուրսների հասանելիության համար զոհաբերելը: Կցանկանայի իմանալ՝ ե՞րբ է Ադրբեջանն ավելի ժողովրդավարական պետություն եղել Եվրոպայի խորհրդի համար. երբ ակտիվ պայքարո՞ւմ էր Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դեմ, թե՞ այսօր, երբ Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ իրականացնում է պատերազմական հանցագործություններ: 4. Առայժմ պարզ է, որ այն միջազգային հարթակներում, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը մասնակից չեն կամ գերիշխող դերակատարում չունեն, Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի դեմ զինված ագրեսիայի հարցերն ավելի օբյեկտիվ են քննարկվում: Ճի՞շտ եմ հասկանում, որ մեր կազմակերպությունում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հարցերը կրում են ազգային որոշ պատվիրակությունների լոբբինգի եւ ռեսուրսների որոշիչ ազդեցությունը: 5. Արդյոք կա՞ այդպիսի հասկացողություն, որ Ադրբեջանի նախագահի՝ «Վերականգնելու ենք Ղարաբաղը եւ Զանգեզուրը» կարգախոսն աղետի հստակ բաղադրատոմս է: Դա միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարում է, երկրորդ՝ կոպիտ անհարգալից վերաբերմունք խաղաղ գործընթացում ընդգրկված միջազգային գործընկերների նկատմամբ, եւ երրորդ՝ բացահայտ կոչ է ի զեն՝ ուղղված Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը նոր Թյուրքական աշխարհը թյուրքական նկրտումներին համապատասխան վերագծելուն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների հաշվին»:
17:08 - 11 հոկտեմբերի, 2022
«Սիլվայի գործով» նիստը նորից հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին
 |news.am|

«Սիլվայի գործով» նիստը նորից հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին |news.am|

news.am: «Սիլվայի գործով» նիստը նորից հետաձգվեց։ Նիստի սկզբում պարզվեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկա չեն։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ փաստաբան Հայկ Ալումյանից ստացվել է հաղորդում Ճամբարակ քաղաքում նիստի մասին, որտեղ պետք է որոշվի պաշտպանյալի խափանման միջոցը։ Դատավորը հետաքրքրվեց նախկին նախագահից մյուս երկու փաստաբանների բացակայության պատճառի մասին։ Հովհաննես Խուդոյանը, նշեց դատավորը, անցած նիստի ժամանակ տեղեկացրել էր, որ բացակայելու է։ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ փաստաբան Արամ Օրբելյանը մասնակցում է դատավարությանը, բայց քանի որ երեք փաստաբաններն ավելի քան բավական են, որոշվել է, որ նա ներկա կգտնվի, երբ ինքը միջնորդություն կներկայացնի, բայց եթե իմանային, որ Ալումյանն ու Խուդոյանը չեն լինելու, Օրբելյանին կկանչեին։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ծանոթացավ Ալումյանի հաղորդմանը եւ տեղեկացրեց, որ քանի որ Ճամբարակում նիստի մասին ծանուցումը թվագրված է սեպտեմբերի 30-ով, Ալումյանի բացակայությունը պետք է անհարգելի համարել։ Դատավորը նշեց, որ Ալումյանն ինքը կտա Բաղդասարյանին հետաքրքրող հարցերի պատասխանները գալիք նիստում։ Դատավորը բավարարեց Արմեն Գեւորգյանի փաստաբանի միջնորդությունը արտասահման մեկնելու մասին եւ տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ ինքն էլ մասնակցելու է որակավորման բարձրացման դասընթացների։ Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00-ին։
14:27 - 04 հոկտեմբերի, 2022
Հրաժարական եմ ներկայացնում Աժ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան

Հրաժարական եմ ներկայացնում Աժ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարական է ներկայացնում ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։   «2021 թվականից հանդիսանալով ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը:   Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ`  վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018  թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո:   Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը  և ստանձնած պարտավորությունների իրականացումը  բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար»,- ասված է Արմեն Գևորգյանի տարածած հայտարարության մեջ։ 
14:39 - 01 հուլիսի, 2022
Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում

Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Պարո՛ն նախագահ, անցած տասնամյակների ընթացքում մեր կազմակերպությունը ձգտել է հետամուտ լինել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են փոքրամասնությունների իրավունքները, գենդերային հավասարությունը, բազմազանությունը եւ ժողովրդավարական պետականության համար այլ կարեւոր խնդիրներ: Բայց եւ մեզ չհաջողվեց անդրադառնալ ժողովրդավարական խաղաղության առավել հիմնարար հարցերին, այն է՝ կյանքի իրավունքի եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը: Ինձ թվում է՝ մենք սկսել ենք մարդկային ճակատագրին վերաբերվել բավականին ընտրողաբար եւ շատ հաճախ՝ աշխարհաքաղաքական համատեքստում: Այս վեհաժողովում որոշ քննարկումներ ցույց են տալիս՝ մենք թույլ ենք տվել, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ որոշ եվրոպացիների տառապանքն ավելի կարեւոր համարվի, քան մյուս եվրոպացիներինը, որ որոշ եվրոպացի ժողովուրդների ինքնորոշման իրավունքն անվերապահ լինի, իսկ մյուսներինը՝ միայն դեկլարատիվ: Մեծ ջանքեր ենք գործադրել անդամ երկրներում մահապատիժը վերացնելու համար, սակայն աչք ենք փակում այն հանգամանքի վրա, թե բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունն ինչպես է նոր մահաբեր սպառազինություն ստեղծում եւ ազատ վաճառում շուկայում: Երբեւէ չեմ լսել, որ որեւէ հետաքննություն կամ փաստահավաք առաքելություններ բացահայտեն, թե ինչպես են որոշ անդամ պետություններ օգտագործում արգելված զինատեսակներ, ինչպիսիք են, օրինակ՝ սպիտակ ֆոսֆորային ռումբերը: Անդամ որոշ երկրներ ցույց են տվել, որ ուժի եւ փողի կիրառմամբ կարելի է լուծել որոշ հարցեր՝ անտեսելով հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Պարո՛ն նախագահ, մեր կազմակերպության համար տարօրինակ ավանդույթ է դարձել որոշ հիմնարար իրավունքների եւ ազատությունների խախտումների քննարկումից խուսափելը՝ բացատրելով, որ Եվրոպայի խորհուրդը չի զբաղվում անվտանգության հարցերով: Սա շատ անընդունելի դիրքորոշում է, որը, ըստ էության, խրախուսում է նոր խախտումներ: Որտե՞ղ եւ ինչպե՞ս է որոշվում, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը դուրս է Եվրոպայի խորհրդի շահերից, որ մեր կազմակերպության որեւէ անդամի կողմից հազարավոր անմեղ մարդկանց սպանող ցանկացած ռազմական ագրեսիա մեր մանդատի սահմաններում չէ: Ես փորձում եմ, բայց չեմ կարողանում հասկանալ, թե Եվրախորհրդարանն ինչպես կարող է խոսել արժեքների եւ մարդու իրավունքների լեզվով՝ ընդունելով համապատասխան լեզուն եւ բանաձեւեր, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, մինչդեռ Եվրոպայի խորհուրդը եւ նրա մարմինները՝ ներառյալ այս վեհաժողովը, թաքնվում են «քաղաքական կոռեկտության» հետեւում եւ չեն կարողանում իրերն իրենց անուններով կոչել: Պարո'ն նախագահ, այս բոլոր խնդիրները բարձրաձայնում եմ միայն մեկ նպատակով՝ նպաստելու մեր կազմակերպության զարգացմանը եւ այն ավելի հարմարեցնելու մեր փոթորկված աշխարհին: Կարծում եմ՝ հարգանքի, վստահության եւ երկխոսության միջավայրի վերահաստատմամբ է, որ կարող ենք մեր կազմակերպությունը դարձնել միջազգային համագործակցության եւ ազատ աշխարհի արժեքների պաշտպանության համապատասխան ֆորում»,- եզրափակել է Արմեն Գեւորգյանը: Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
18:56 - 21 հունիսի, 2022
Հայկական օրակարգ. ռազմավարություն՝ առանց բարդույթների. Արմեն Գևորգյան

Հայկական օրակարգ. ռազմավարություն՝ առանց բարդույթների. Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանն իր «Հայկական օրակարգ. ռազմավարություն՝ առանց բարդույթների» հոդվածում գրում է․ «1. Մեզ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձերբազատվել 44 օրյա պատերազմի հետևանքով ձևավորված թերարժեքությունից։ Մեզ հետ խոսելու են և մեզ պարտադրելու են իրենց պատկերացրած խաղաղությունը, եթե մենք ինքներս անընդհատ խոսենք դրա մասին։  Փոխարենը մենք պետք է խոսենք անվտանգության համակարգի և դրա պահպանման միջազգային երաշխիքների մասին։ Ոչ ոք չի կարող ասել, որ Իսրայելն ապրում է խաղաղության մեջ, բայց այն ստեղծել է անվտանգության էֆեկտիվ համակարգ։ 2.   Մենք չպետք է բարդույթավորվենք ո´չ մեր չափսերից, ոչ էլ ընթացիկ հնարավորություններից, ոչ՝ բնակչության թվից, բայց  միևնույն ժամանակ ադեկվատ և ազնվորեն գնահատենք մեր վիճակը և ռեսուրսները, անկեղծորեն սկսենք համազգային երկխոսություն՝ այս մարտահրավերների ինքնուրույն հաղթահարման հեռանկարների շուրջ։ 3. Մենք պետք ենք պատրաստ լինենք քննարկել այլ հեղինակների առաջարկները և սցենարները՝ տարածաշրջանային զարգացումների և համագործակցության նոր ձևերի մասին, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանք պետք է անվերապահորեն ընդունենք։ Մենք պետք է պրագմատիկ առաջ տանենք մեր շահերը՝ գիտակցելով, որ մեզնից առավել ոչ ոք չի կարող մեզ համար ցանկանալ ավելի մեծ հաջողություններ և հնարավորություններ։ Իսկ Արցախի հարցի լուծման խնդրում մեզ դաշնակից կարող են լինել Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան։ 4.    Մինչև 2018 թվականը աշխարհաքաղաքական վեկտորի ընտությունը հանգում էր Ռուսաստանին՝ իրական այլընտրանքի բացակայության գիտակցումով։ Այսօր իրացվում են արևմտյան լավագույն ցանկությունները՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի ուղղությամբ։ Իր հերթին Ռուսաստանը, պահանջելով հստակ կողմնորոշում, չի փոխում  դաշնակիցների հետ աշխատանքի իր՝ ակնհայտորեն հնացած մեթոդները։5. Մենք պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանում խոշոր տերություններն ունեն իրենց աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, բայց մենք պետք է ունենանք ազգային շահեր։ Ազգային շահերի բացակայությունը մեզ վերածում է այլոց հետաքրքությունները բավարարելու գործիքի։ Իսկ այլ տերություննների շահերի բախումը մեր երկրում հղի է անկանխատեսելի աղետներով։ 6. Կարևոր է հստակ գիտակցել, որ, անկախ աշխարհաքաղաքական առաջնահերթություններից, մեր երկրի ժողովրդավարության և իշխանության որակը կախված է բացառապես մեզնից։ Ո´չ ռուսները, ո´չ ամերիկացիները, ո´չ մեկ ուրիշը դեմ չեն լինելու, եթե մենք կառուցենք ժամանակակից պետություն՝ օրենքի գերակայությամբ։ 7. Այսօր միջազգային հարաբերություններում Հայաստանի հիմնական տրանսֆորմացիան այն է, որ Հայաստանը խնդիրների կարգավորման ռուսական կապվածությունը փոխարինում է Բրյուսելյան պրոցեսով։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ երկու պրոցեսները հատման կետ չունեն, և տանում են երկու հակառակ ուղղություններով։   8. Զուգահեռ պրոցեսների, զուգահեռ բանակցությունների այս իրավիճակը կարող է բերել մի կետի, երբ գործող իշխանության փոփոխության ներքաղաքական գործոններին կգումարվի միջազգային լեգիտիմ սպասումը՝ Հայաստանի հիմական բանախոսի փոփոխության։ Նման տրամադրություններ արդեն իսկ նկատվում են Ռուսաստանում, որն ի դեպ մինչ 2021թ. ընտրությունները հանդես էր գալիս որպես Փաշինյանի անվտանգության և հետպատերազմյան լեգիտիմության երաշխավոր։ 9. Մենք պետք է վերջապես նկատենք ամենապարզ հետևությունը. հետխորհրդային պետություններում, որտեղ տեղի են ունեցել հեղափոխություններ, արձանագրվել են խոշոր ազգային աղետներ, տարածքային կորուստներ։ Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան, Ուկրաինան՝ Ղրիմը, Դոնբասը և հիմա կանգնած է այլ կորուստների շեմին։ Հայաստանը կորցրեց Արցախի զգալի հատվածը և բուն Հայաստանից տարածքներ։ 10. Անգլոսաքսերը սկսել են խրախուսել երրորդ պետությունների տարածքներում պատերազմները, այդ թվում՝ Ռուսաստանի մասնակցությամբ և դեմ, միևնույն ժամանակ խուսափելով դրանցում սեփական ուղղակի ներգրավվածությունից։ Նման մարտավարություն արդեն իսկ կիրառվել է Սիրիայում, Լիբիայում, և այժմ իրականացվում է Ուկրաինայում։ Դրանից բացառապես շահում են խրախուսող տերությունների ռազմաարդյունաբերության համալիրները, էներգետիկ համակարգը և ֆինանսաբանկային համակարգերը։ Փոխարենը ավերվում են երրորդ պետությունները, և նրանց ժողովուրդներն առերեսվում են ազգային աղետին։ Մենք պետք է խուսափենք այդ հեռանկարից»։
21:09 - 28 մայիսի, 2022
Առաջարկում եմ մտածել, թե ինչպես կարող է ղարաբաղցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ մեզ համար․ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

Առաջարկում եմ մտածել, թե ինչպես կարող է ղարաբաղցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ մեզ համար․ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի այսօրվա նիստում հանդես է եկել հայտարարությամբ։ Այն պատգամավորը հրապարակել է Թելեգրամի իր ալիքում. «Կցանկանայի խոսել այն փաստի մասին, որ Եվրոպայի խորհրդի տարածքում կան տեղեր, որտեղ երեխաների իրավունքները, նրանց խնդիրներն ու դժվարությունները դուրս են մեր ուշադրությունից։ Դրանք չկարգավորված հակամարտություններն են: Այս առումով մենք պետք է խոսենք ոչ այնքան այն մասին, թե ինչպես աշխատել և ճիշտ շփվել երեխաների հետ, այլ՝ թե ինչպես գտնել ուղիներ և մեխանիզմներ, որպեսզի հակամարտության գոտիներում գտնվող երեխաները հասանելի լինեն միջազգային կազմակերպությունների համար: Վեհաժողովի վերջին նստաշրջանի ժամանակ Մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարեց, որ չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Ադրբեջանի իշխանությունները դեմ են նման այցին։ Ինչո՞ւ։ Որովհետև նա կարող է տեսնել, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները վախի և ապագայի անորոշության մթնոլորտ ստեղծում, հատկապես՝ երիտասարդ սերնդի համար։  Գտնվելով Լեռնային Ղարաբաղում՝ մեր կազմակերպության ներկայացուցիչները կարող են հարցնել այդ հանրապետության երիտասարդներին՝ պատկերացնու՞մ են այն որպես Ադրբեջանի մաս, որը փորձում է ոչնչացնել իրենց հայրենիքը։ Նրանք կստանան այն հարցի պատասխանը, թե հնարավո՞ր է արդյոք ապրել մի պետության կազմում, որը վերջերս Լեռնային Ղարաբաղը զրկեց գազամատակարարումից և բնակչությանը կանգնեցրեց ծայրահեղ հումանիտար աղետի առաջ։ Ավելի քան երեսուն տարի սովորական եվրոպացի երեխաներ են ապրում անկախ Լեռնային Ղարաբաղում։ Միայն մեկ տարբերությամբ՝ նրանց մեջ հայրենասիրության  և արդարության զգացումն ավելի սուր է։ Ի տարբերություն Եվրոպայի իրենց հասակակիցներից շատերի, նրանք գիտեն, թե ինչ են պատերազմն ու խաղաղությունը, գլոբալացման դարաշրջանում նրանք հստակ հասկանում և գիտակցում են, թե ինչ է անկախությունը, ինչպես է այն ձեռք բերվում և պահպանվում։ Նրանք հազվադեպ երևույթ են ժամանակակից Եվրոպայի համար. նրանք անկախության սերունդն են։  Ուստի խաղաղության հայեցակարգը, որն այլընտրանք չունի ողջ տարածաշրջանի համար, պետք է Ղարաբաղի երեխաներին ընձեռի սեփական երկրում ազատ ու ապահով ապրելու և ապագայի հանդեպ վստահ լինելու հնարավորություն։ Ցանկացած այլ լուծում իրական խաղաղություն և կայունություն չի բերի ողջ Հարավային Կովկասում։ Առաջարկում եմ մտածել, թե ինչպես կարող է ղարաբաղցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ մեզ համար և թե ինչպես կարող են նրանք ներգրավվել համաեվրոպական երկխոսության գործընթացներում՝ պաշտպանելու համար իրենց իրավունքներն ու  ազատությունները»։
13:57 - 18 մայիսի, 2022