ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ
11:47 - 11 հոկտեմբերի, 2023

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺպատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում կայացած «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ ներկայացնելով ելույթը․

«Հարգելի՛ գործընկերներ,

Զեկույց էր ներկայացնում մի երկրի իշխող կուսակցության անդամ, որը նոր է Լեռնային Ղարաբաղում բնիկ հայ բնակչության նկատմամբ ամբողջական էթնիկ զտում իրականացրել: Բավականին տարօրինակ է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը զեկույց է ներկայացնում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական կառավարման վերաբերյալ:

Աջ ծայրահեղական գաղափարախոսությունները հիմնականում ազգայնական, այլատյաց, ռազմատենչ եւ ավտորիտար տրամադրություններից են կազմված: Այս ամենը տասնամյակներ շարունակ առկա է Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղում վերջին էթնիկ զտումները միայն հայերի մտահոգության հարցը չեն: Նման նախադեպերի ստեղծումը պատերազմական ագրեսիայի խթան կհանդիսանա բնական գազի եւ նավթի մեծ պաշարներ տնօրինող բազմաթիվ այլ բռնապետությունների համար եւ կնպաստի աջ ծայրահեղական գաղափարախոսության մոտեցումներին:

Այսօր Ադրբեջանն անօրինական եւ անբարո կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի: Նրանց թվում մարդիկ են, որոնք անցած 25 տարիների ընթացքում ընտրվել են ժողովրդավարական ընտրություններում եւ որպես իրենց ժողովրդի օրինական ներկայացուցիչներ՝ առաջնորդել են նրան հանուն ազատության եւ ինքնորոշման: Ի հակադրություն դրա՝ Ադրբեջանում ուղիղ 30 տարի է՝ նույն ընտանիքն է իշխում: Արդյո՞ք սա աջ ծայրահեղական գաղափարախոսության ձեւ է, թե՞ ժողովրդավարության նոր տեսակ, որը սնուցվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո:

Գործընկերնե՛ր, այս վեհաժողովի ղեկավարությունը 2022 թվականի ապրիլին ստացել է իմ համահեղինակած զեկույցը, որը վերնագրված էր «Կրոնի ռազմականացումը եւ ներունակ հետեւանքները եվրոպական ժողովրդավարական անվտանգության համար»:  Զեկույցը պատրաստվել էր, որպեսզի վեհաժողովին ապացույցներ եւ ընդհանուր պատկերացում տրվեին Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների կողմից ձեւավորված պետական պրակտիկայի որոշ դրսեւորումների վերաբերյալ, որոնք ուղղված են ռասայական եւ կրոնական հողի վրա հայերի նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարմանը, ինչպես նաեւ՝ Հայաստանի, հայերի եւ ընդհանրապես եվրոպական երկրների դեմ մահմեդական հասարակություններին մոբիլիզացնելու փորձերին: Այն վճռականորեն ցույց տվեց, որ այդ երկրների կառավարությունները դավադրաբար չարաշահել են եվրոպական լիբերալ օրենքներն ու արժեքները եւ ժամանակավոր ,սողանցքերովե համարձակվել են հակասություններ ստեղծել Եվրոպայի ներսում եւ Եվրոպայի դեմ: Հիմնական նպատակը, իմ կարծիքով, եղել եւ շարունակում է մնալ Եվրոպայում համերաշխության նոր ձեւերի ստեղծումը՝ որպես սակարկության առարկա եվրոպական պետությունների հետ հարաբերություններում: Եվրոպայում թուրքական սփյուռքի կառույցներն ակտիվորեն օգտագործելու այս ջանքերը ոչ այլ ինչ են, քան բազմամշակութային եվրոպական հասարակություններում կրոնով զինվելու փորձեր, ինչը կարող է վտանգել եվրոպական անվտանգությունը:

Ամփոփելով խոսքս՝ պետք է ասեմ, որ աջ ծայրահեղական արմատականության տարածումը կասեցնելու համար Եվրոպայի խորհուրդը պետք է ինքնամաքրման եւ ավտորիտար պետությունների անդամակցությունը կասեցնելու խիստ կարեւոր տնային աշխատանք կատարի»,- նշել է պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել