iravaban.net: «2018 թվականի դեկտեմբերից ես որևէ կապ չեմ ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ուժի պաշտոնյաների հետ։ Ես որևէ անգամ քաղաքականացված չեմ եղել և քաղաքականությամբ չեմ զբաղվել։ Ընդամենը 2018-ին օրենսդիր մարմնում քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ եմ ներկայացրել»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը մակագրվել է նշված դատավորին։ Վերջինս 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից:
«Ցուցակում ընդգրկվելու առաջարկն եղել է քաղաքական թիմի կողմից որպես իրավաբանի և ես տվել եմ իմ համաձայնությունն ու ԱԺ պատգամավոր դառնալու հայտ եմ ներկայացրել։ Իմ համարն անցողիկ չի եղել։ Այնուհետև ես դիմում եմ գրել ու ասել, որ դադարեցնեն իմ անդամակցությունը կուսակցությանը»,- նշեց նա՝ հավելելով, որ «Մարտի 1»-ի գործն իրեն էլեկտրոնային եղանակով է մակագրվել և ընթանալու է բացառապես պրոֆեսիոնալ և մրցակցային դատավարություն։
comment.count (0)