Երևանի մամուլի ակումբ

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են լրագրողների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են լրագրողների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը

Լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի մոտ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների հետևանքով տուժած 10-ից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչների վերաբերյալ։ Հայտարարության տեքստն ամբողջությամբ՝ ստորև․ «Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի դեմ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում ի թիվս բազմաթիվ ցուցարարների տուժել են նաև 10-ից ավելի լրագրողներ և օպերատորներ, որոնք իրադարձությունների կիզակետում կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։ Այսպես՝ լուսաձայնային նռնակների պայթյուններից և առաջացած հրմշտոցներից վնասվածքներ են ստացել «News.am» լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, «Armlur.am»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանը, «ՍիվիլՆեթ»-ի օպերատոր Նարեկ Հայրյանը, «ABC media»-ի լրագրողներ Նանե Հայրապետյանն ու Աղվան Ասոյանը, օպերատորներ Էդիկ Մալաքյանն ու Արման Ղարիբյանը, «Mediahub.am»-ի թղթակից Նարե Գևորգյանը, «AlphaNews»-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։ Բախումների ընթացքում վնասվել կամ կորել է «Փաստինֆո» լրատվականի, PARA TV-ի, «Սպուտնիկ Արմենիա»-ի և այլ լրատվամիջոցների տեխնիկան՝ ուղիղ հեռարձակման սարքեր, տեսախցիկներ ու միկրոֆոններ։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք ոստիկանության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, ոչ պրոֆեսիոնալ, չհաշվարկված գործողությունները, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների։ Մի շարք տեսագրություններում, ինչպես նաև «Ֆոտոլուր» լրատվական գործակալության լուսանկարում պարզորոշ երևում է, որ լուսաձայնային նռնակներ ուղղվել են նաև լրագրողների ու օպերատորների կողմ, որտեղ կուտակված էին լրատվամիջոցների տեսախցիկները։ Սա հիշեցնում է 2016 թվականի հուլիսին Երևանի Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանող լրագրողների թիրախավորումը և նրանց նկատմամբ չարդարացված ուժի կիրառումն ու հետապնդումները, ինչը վկայում է, որ ոստիկանության գործելաոճում գրեթե ոչինչ չի փոխվել, և լուրջ կասկածի տակ է դնում հռչակված բարեփոխումների մասին պնդումները։ Այս ֆոնին խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ երկրի առաջին դեմքերն անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները՝ նույնիսկ չսպասելով դրանց վերլուծությունների արդյունքներին, ինչը պարարտ հող է ստեղծում հետագայում նման գործողությունների կրկնման համար։ Վրդովմունք է առաջացնում նաև այն, որ նույն օրը, երբ Ազգային ժողովի նիստում՝ վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ, վիճաբանություն է սկսվել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև, անվտանգության ծառայության աշխատակիցները փորձել են ԱԺ-ի օթյակից բռնի ուժով դուրս հանել լրագրողներին՝ արգելելով նրանց կատարել մասնագիտական պարտականությունները՝ տեսանկարահանել ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցողը։ Այսպիսի անընդունելի գործելաոճ խորհրդարանում դրսևորվել է նաև նախորդ տարիներին, և սա դարձել է արատավոր ավանդույթ։ Ելնելով վերոգրյալից՝ մենք պահանջում ենք․ • իշխող քաղաքական ուժից՝ հանդես գալ հայտարարությամբ և հայցել ներողամտություն հունիսի 12-ի իրադարձությունների ընթացքում տուժած բոլոր լրագրողներից ու լրատվամիջոցներից, փոխհատուցել նրանց վնասները և միջոցներ ձեռնարկել ճգնաժամային իրավիճակներում նրանց անվտանգ գործունեությունն ապահովելու համար, • Ներքին գործերի նախարարությունից՝ ծառայողական քննություն իրականացնել և վերլուծել ոստիկանության գործողությունների օրինականությունն ու համաչափությունը, բացահայտել խախտումները, հրապարակայնորեն ընդունել դրանք և պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին։ Մենք մեր համերաշխությունն ու սատարումն ենք հայտնում ցավալի իրադարձություններում տուժած բոլոր լրագրողներին ու օպերատորներին, մաղթում շուտափույթ ապաքինում և տոկունություն»։ Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ կազմակերպությունները․ – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե – Երևանի մամուլի ակումբ – Մեդիա նախաձեռնությունների կենտրոն – Լրագրողների «Ասպարեզ» ակումբ – Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան – Հանրային լրագրության ակումբ – «Լրագրողներ հանուն ապագայի» – «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» – Գորիսի մամուլի ակումբ
10:33 - 14 հունիսի, 2024
Լրագրողների հետ հարաբերվելիս չխոչընդոտել նրանց օրինական մասնագիտական աշխատանքին. մեդիա կազմակերպությունների կոչը

Լրագրողների հետ հարաբերվելիս չխոչընդոտել նրանց օրինական մասնագիտական աշխատանքին. մեդիա կազմակերպությունների կոչը

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների ու օպերատորների իրավունքների խախտումների դեպքերի վերաբերյալ։ «Այսպես, մայիսի 16-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը մեկնել էր Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ համոզելու սահմանազատման դեմ պայքարող տեղի բնակիչներին բացել Կիրանց-Ոսկեպար փակված ճանապարհը, նկատելով, որ NewDay.am կայքի խմբագիր Անի Գևորգյանն ուղիղ հեռարձակում է իրականացնում, ագրեսիվ պահվածք է դրսևորել, վիրավորել լրագրողին, մեղադրել նրան պատվեր կատարելու և մանիպուլյացիաներ անելու մեջ ու պահանջել է դադարեցնել նկարահանումը։ Մայիսի 15-ին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում ձեռնարկված ոստիկանական գործողությունների ժամանակ ավտոբուսը հարվածել է այդ իրադարձությունները լուսաբանող՝ Oragir.News կայքի լրագրող Անի Ներկարարյանին։Մայիսի 14-ին Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության մեքենան Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ հատվածում, հետիոտնային անցման վրա հարվածել է Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանին։ Նա ստացել է ոտքի վնասվածք, հետազոտություն անցել բժշկական կենտրոններից մեկում և դուրս գրվել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։Նույն օրը լեզվակռիվ է ծագել Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի և Antifake.am լրատվական կայքի թղթակից Հասմիկ Առաքելյանի միջև։ Երբ վերջինս «սրբապիղծ» է անվանել զոհված զինծառայողի ծնողի հետ անհարգալից խոսող ոստիկաններին, Ջոմարդյանը հակադարձել է՝ «սրբապիղծը դու ես, դու տականք ես, Հասմի՛կ Առաքելյան»։ Լրագրողը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, իսկ Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։ Ի գիտություն ընդունելով, որ որոշ դեպքերում ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն է նախաձեռնվել կամ քրեական գործ է հարուցվել և արձանագրելով, որ սահմանազատման հետ կապված բողոքի ակցիաների սկզբից ի վեր տեղի են ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների 10 և  ճնշումների 5 դեպքեր, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, վերահաստատում ենք մեր խորը մտահոգությունը ստեղծված իրավիճակի առնչությամբ ու կոչ ենք անում․ Ներքին գործերի նախարարությանը՝ ակտիվացնել աշխատանքը ոստիկանության անձնակազմի հետ՝ ուղղորդելով ծառայողներին առավել պրոֆեսիոնալ գործել, ուժային գործողությունների անհրաժեշտության դեպքում խստորեն պահպանել համաչափության սկզբունքը, իսկ լրագրողների հետ հարաբերվելիս չխոչընդոտել նրանց օրինական մասնագիտական աշխատանքն ու ապահովել նրանց անվտանգությունը։ Պետական պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին՝ զսպվածություն և պատասխանատվություն դրսևորել հանրային խոսույթում,  հանդուրժողականություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ՝ անկախ նրանից, թե որ «ճամբարի» հետ են նրանք ասոցացվում։ Լրագրողներին և օպերատորներին՝ ամենայն պատասխանատվությամբ իրականացնել իրենց առաքելությունը և մասնագիտությանը հարիր վարքագիծ դրսևորել, հատկապես՝ լարված իրավիճակներում, խստորեն հետևել լրագրողական էթիկայի նորմերին։  ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
22:19 - 20 մայիսի, 2024
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ մայիսի 13-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ մայիսի 13-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են հրապարակել մայիսի 13-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Մայիսի 13-ին Երևանում ընթացող բողոքի ակցիաները ցրելիս Ոստիկանության Հատուկ նշանակության գումարտակի ծառայողները խոչընդոտել են այդ իրադարձությունները լուսաբանող՝ ABCmedia.am լրատվական կայքի օպերատոր Մհեր Դավթյանի և 24news․am-ի լրագրող Մերի Մանուկյանի աշխատանքը։ Մասնավորապես՝ հրելու և գետնին գցելու արդյունքում Մերի Մանուկյանը վնասվածք է ստացել, կորցրել գիտակցությունը։ Թեև ոստիկաններն առաջին օգնություն են ցուցաբերել, այդուհանդերձ, անհրաժեշտություն է եղել լրագրողին հոսպիտալացնել։ Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման հետ կապված բողոքի ակցիաների սկզբից ի վեր արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումների և բռնությունների 8 դեպք, ընդ որում դրանցից 5-ը՝ իրենց լիազորությունները չարաշահած իրավապահների կողմից։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտելով լրագրողների և օպերատորների դեմ ոչնչով չարդարացված ուժի կիրառումը, արձանագրում ենք, որ չնայած ծառայողական քննություն անցկացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ պահանջներին՝ ոստիկանությունը մինչ օրս հանրությանը չի տեղեկացրել այդպիսի գործընթացի կամ դրա արդյունքների մասին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք․ հանդես գալ հաղորդագրությամբ և տրամադրել տեղեկություններ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից կիրառված բռնությունների դեպքերի քննության վերաբերյալ,  գործուն միջոցներ ձեռնարկել զանգվածային ակցիաների ընթացքում լրագրողների և օպերատորների անխոչընդոտ աշխատանքն ապահովելու, նրանց դեմ բռնությունները բացառելու ուղղությամբ։ Նկատի ունենալով, որ երկրում տեղի ունեցող զանգվածային ակցիաները միտում ունեն շարունակվելու, իսկ դրանք, ցավոք, հաճախ ուղեկցվում են նաև ԶԼՄ-ների գործունեության խոչընդոտումներով, մենք ուշադրությամբ հետևելու ենք իրադարձություններին,  արձանագրելու ենք բոլոր փաստերը և դրանք մեր գնահատականներով հանդերձ՝ պարբերաբար ներկայացնելու ենք հանրությանը։   ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»։  
21:37 - 13 մայիսի, 2024
 Ժիրայր Ոսկանյանի դեմ հարձակումն առանձնահատուկ է նրանով, որ իրականացվել է լրատվական ոլորտում գործող մեկ այլ անձի՝ բլոգերի կողմից․ լրագրողական մի շարք կազմակերպությունների  հայտարարությունը

Ժիրայր Ոսկանյանի դեմ հարձակումն առանձնահատուկ է նրանով, որ իրականացվել է լրատվական ոլորտում գործող մեկ այլ անձի՝ բլոգերի կողմից․ լրագրողական մի շարք կազմակերպությունների հայտարարությունը

Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել «1in.am» լրատվական կայքի մեկնաբան  Ժիրայր Ոսկանյանի հանդեպ կիրառված բռնության կապակցությամբ։ Հայտարարությունը՝ ստորև․   «Մայիսի 5-ի երեկոյան Երևանի Թումանյան փողոցում գտնվող «1896» ռեստորանում բռնության է ենթարկվել «1in.am» լրատվական կայքի մեկնաբան  Ժիրայր Ոսկանյանը։ Ըստ լրագրողի՝ նրան է մոտեցել բլոգեր Միկա Բադալյանն իր մի խումբ սեղանակիցների հետ, անվայելուչ պահվածք դրսևորել և ընդհարում հրահրել։ Երբ Ժիրայր Ոսկանյանը ոստիկաններին է ահազանգել, վերջիններիս աչքի առաջ այդ խմբի մարդիկ հարվածներ են հասցրել նրան, ձեռքից խլել հեռախոսը։ Ծեծկռտուքը շարունակվել է փողոցում։ Այդ ամենի տեսագրությունը տարածված է համացանցում։ Ոստիկանությունից դեպքի վայր են ժամանել նաև սպաներ, սակայն նրանք, ինչպեսև արդեն իսկ տեղում գտնվող նրանց ծառայակիցները, բռնություն կատարած անձանց նկատմամբ որևէ տեսանելի գործողություն չեն իրականացրել, իսկ ծեծկռտուքի մասնակիցներից շատերը հասցրել են ռեստորանի հետնամասից լքել տարածքը։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ստիպված ենք ևս մեկ անգամ նշել, որ վերջին շաբաթների ընթացքում էապես ավելացել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումներն ու ֆիզիկական բռնությունների դեպքերը, և դրանք բոլորն ուղղակի կամ անուղղակի կապ ունեն Տավուշի մարզում ընթացող սահմանազատման, դրանով պայմանավորված բողոքի ակցիաների և քաղաքական սուր պայքարի լուսաբանումների հետ։ Որոշ դեպքերում ոստիկաններն են ոչնչով չարդարացված ուժ կիրառում իրադարձությունների կիզակետում հայտնված և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների ու օպերատորների հանդեպ, այլ դեպքերում էլ վերջիններս թիրախավորվում ու բռնության են ենթարկվում արդեն հրապարակված նյութերի համար՝ որպես կանոն, հակադիր դիրքորոշում և գաղափարներ դավանող խմբերի ներկայացուցիչների կողմից։ Ժիրայր Ոսկանյանի դեմ հարձակումն առանձնահատուկ է նրանով, որ հրահրվել և իրականացվել է լրատվական ոլորտում գործող մեկ այլ անձի՝ բլոգերի և իր շրջապատի կողմից։ Ընդ որում, անհամաձայնությունը կապված է եղել մասնագիտական գործունեության, այն է՝ արտահայտած տեսակետների հետ, բայց դրսևորվել է ոչ թե բովանդակային պատասխանով, այլ անվայել պահվածքով ու բռունցքներ գործադրելով։ Սա առավել վրդովեցուցիչ է և դատապարտելի։ Ի գիտություն ընդունելով, որ Ժիրայր Ոսկանյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ մենք ակնկալում ենք․ վարույթ իրականացնող մարմիններից՝ համակողմանի քննության իրականացում և լրագրողի դեմ կատարված գործողությունների լիարժեք իրավական գնահատում։ Ընդ որում, կարևոր է, որ ընդդեմ լրագրողների վերջերս տեղի ունեցած բնությունների բոլոր դեպքերին հավասար մոտեցում ցուցաբերվի, անկախ նրանից, թե ինչ ուղղվածության լրատվամիջոցի ներկայացուցիչ են տուժողները։ Ներքին գործերի նախարարությունից՝ միջադեպի ականատես դարձած և առերևույթ անգործություն ցուցաբերած ոստիկանների նկատմամբ ծառայողական քննության նախաձեռնում և վերոնշյալ վկայությունների հաստատվելու դեպքում պատասխանատվության միջոցների կիրառում։ Հաշվի առնելով, որ վերջին շրջանում մի շարք փաստեր են արձանագրվել, երբ ոստիկաններն են անհիմն ուժ կիրառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ և խոչընդոտել նրանց օրինական գործունեությունը հանրային կարևորություն ունեցող իրադարձությունները լուսաբանելու ընթացքում՝ վերահաստատում ենք Ներքին գործերի նախարարությանն ուղղված մեր պահանջը՝ գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների և մեր ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել առկա խնդիրները քննարկելու և լրագրողների հանդեպ բռնությունները բացառելու նպատակով»։   ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ   «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
19:38 - 07 մայիսի, 2024
ՄԱԿ ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ ՀԿ-ները դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

ՄԱԿ ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ ՀԿ-ները դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Մի շարք ՀԿ-ներ ՄԱԿ ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Հայտարարարությունը՝ ստորև․ «Հետամուտ լինելով 2023 թվականի մայիսի 26-ի և հուլիսի 28-ի մեր նախորդ հաղորդագրություններին, Հայաստանի կառավարության խնդրանքով գումարվելիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստի կապակցությամբ մենք՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների ներկայացուցիչներս, կրկին դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝  պարտավորություն ստանձնել պաշտպանելու հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։ Այս հանցագործությունների ռիսկերն իրական են, և դրա իրականացումն ընթացքի մեջ է, ինչն ապացուցում են քրեական իրավունքի միջազգային անկախ փորձագետները, ցեղասպանագետները և մասնագիտացված կազմակերպությունները: 21-րդ դարում հայ ժողովրդի հետ նման ողբերգություն կրկնության դեպքում, պատասխանատվությունը մեծապես կկրեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները և ցեղասպանության և էթնիկ զտումների միջազգային հանցագործություններ իրականացնող պետության փաստացի հովանավորությունը։ ԱԽ-ին կոչ ենք անում՝ Ընդունել բանաձև, որը կդատապարտի շրջափակումը և կպահանջի անհապաղ բացել Լաչինի միջանցքը մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի համար՝ համաձայն Արդարադատության միջազգային փետրվարի 23-ի որոշման ձեռնարկել հրատապ միջոցներ՝ ապահովելու միջազգային խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը 2025 թվականի նոյեմբերից հետո՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռուսական խաղաղապահ զորախմբի ժամկետի ավարտը, մինչև  հակամարտության տեւական կարգավորում ապահովումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջել տարածաշրջան ուղարկել փաստահավաք առաքելություն ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև նշանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու համար։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարից պահանջել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համապարփակ զեկույց ներկայացնելու համար, ինչպես նաև օգտագործել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր համապատասխան մեխանիզմները, այդ թվում՝ հատուկ խորհրդականների և հատուկ զեկուցողների՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության պայմանների վերաբերյալ անհապաղ հաշվետվություններ պատրաստելու համար: Դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականությունը,  (արտացոլված Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 21-ի որոշման մեջ),որը վտանգի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ցանկացած ջանք։ Ապահովել լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ իրավապաշտպան կազմակերպությունների առաքելությունների մուտքը տարածաշրջան՝ իրավիճակն ուսումնասիրելու և միջազգային լսարանին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու համար»: Ստորագրյալներ՝ Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ Նաիրա Սուլթանյան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Սեդա Մուրադյան, Հանրային  լրագրության ակումբ ՀԿ Գենյա Պետրոսյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Արաքս Մելքոնյան, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա - Վանաձոր Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» Ն.Գ Լևոն Բարսեղյան Ժուռնալիստների «Ասպարեզ» ՀԿ Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոն Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ Մամիկոն Հովսեփյան, «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ Նինա Կարապետյանց, Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա Թամարա Գեւորգյան, «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ Օլեգ Դուլգարյան, Համայնքների մոբիլիզացիայի և աջակցության կենտրոն ՀԿ Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն ՀԿ. Գևորգ Ղուկասյան, «Ռեստարտ Գյումրի» Երիտասարդական քաղաքացիական կենտրոն ՀԿ Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ Նունե Սարգսյան, Մեդիանախաձեռնությունների կենտրոն Արթուր Պապյան, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ  
11:20 - 14 օգոստոսի, 2023
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ռազմական դրության ժամանակ նախատեսվող սահմանափակումների մասին

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ռազմական դրության ժամանակ նախատեսվող սահմանափակումների մասին

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել ռազմական դրության պայմաններում սահմանափակումների վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև․ «ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, 2022թ. դեկտեմբերի 22-ից 2023թ․ դեկտեմբերի 6-ը քննարկման էր դրել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմ՝ ռազմական դրություն հայտարարելու դեպքում  նշված օրենքի խմբագրված 8-րդ հոդվածի 13-15 կետերով նախատեսվում է. կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև՝ տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում, հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը, ՀՀ տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գիտակցելով ռազմական դրության պայմաններում որոշ սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, համոզմունք ենք հայտնում, որ  օրինագծի վերոնշյալ դրույթներն այս տեսքով հիմնված չեն պատշաճ քննարկումների, ակնհայտ ռիսկերի գնահատման ու հնարավոր խիստ բացասական հետևանքների վերլուծության վրա, և հետևաբար ամբողջությամբ մերժելի են։ Զուտ մասնագիտական տեսանկյունից այդ դրույթներն այնքան խոցելի են և այնքան հարցեր են առաջացնում, որ դրանց մանրամասն անդրադառնալն անիմաստ ենք համարում։ Մեր խորը մտահոգությունն ենք նաև արտահայտում առ այն, որ ժողովրդավարությունը որպես ազգային բրենդ ներկայացնող երկրում իշխանությունը նման փաստաթուղթ է հրապարակել։ Կասկածից վեր է, որ հատկապես ռազմական դրության պայմաններում էլ ավելի է կարևորվում կեղծ լուրերի, ապատեղեկատվության, թշնամական քարոզչության և կիբերհարձակումների դեմ պայքարը։ Սակայն դրա հետ կապված օրենսդրական կարգավորումները պետք է լինեն ողջամիտ, առավել հստակ՝ առանց  կամայականությունների հնարավորություն տվող սողանցքների։ Եթե իշխանությունները հակված են այս մոտեցմանը, ապա ուղղակի պարտավոր են հանրության դատին ներկայացնել ծագած խնդիրները, դրանց հրատապ լուծումների հիմնավորումներն ու միջոցները, որից հետո միայն հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ կառավարությունից պահանջում ենք`  ձեռնպահ մնալ տվյալ օրինագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դնելուց և թեմայի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ, ընդ որում՝ զրոյական կետից՝ սկսած գաղափարի վերլուծությունից,  ձևավորել աշխատանքային խումբ, որը կհստակեցնի առաջարկվող փոփոխությունների նպատակներն ու խնդիրները և դրա հիման վրա կմշակի նոր օրինագիծ՝ զերծ պահելով այն սուբյեկտիվ մեկնաբանությունների և կամայական գործողությունների հնարավորություն տվող ձևակերպումներից, օրինագծի նոր տարբերակն ուղարկել միջազգային փորձաքննության, քննարկել ռազմական դրության պայմաններում սահմանափակումներ կիրառելու որոշումներ կայացնելիս փորձագիտական շրջանակների հետ խորհրդակցելու հնարավորությունները, ինչպես նաև՝  մեխանիզմներ մշակել այդ որոշումների կատարման նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ «ՖԵՄԻԴԱ» ՀԿ»։
17:49 - 12 հունվարի, 2023
ՀԿ-ների հայտարարությունը՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ

ՀԿ-ների հայտարարությունը՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Ակնհայտ է, որ այս գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, որի արդյունքում նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը։  Այս համատեքստում հատկանշական է հիշեցնել, որ Ադրբեջանի իշխանությունները 2005 թվականին ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն՝ իր հազարավոր արժեքավոր խաչքարերով։ Դրանք տեղահանվել ու ջարդվել են շինարարական տեխնիկայի օգնությամբ և օգտագործվել որպես շինանյութ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածել են զինավարժարանի։ Այդպիսով Ադրբեջանի իշխանություններն ապացուցել են, որ ընդունակ և հետևողական են հայկական պատմական հետքերի ոչնչացմամբ իրականացնել էթնիկ զտման իրենց քաղաքականությունը: ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Ադրբեջանն իր ներկայիս գործողություններով ոտնահարում է տվյալ որոշումը և ապացուցում իր վճռականությունը ավարտին հասցնելու սկսած գործը: Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահ Ալիևի պարբերական դարձած հայատյաց կոչերը ու անթաքույց էթնիկ զտման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը պատշաճ և համարժեք արձագանք չեն ստանում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Վերջինիս դիրքորոշումները հաճախ չեն համապատասխանում Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության, Հայաստանի և Արցախի բնակչության մարդու իրավունքների ոտնահարումներին առնչվող  օրհասական իրավիճակի մարտահրավերներին։ Պահանջում ենք ՀՀ վարչապետից և կառավարությունից (մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն)՝ Անհապաղ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով կիրառված միջանկյալ միջոցի չկատարման/խախտման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ միջոցների կիրառում պահանջելու և նախատեսվող հանցագործությունները ու հայկական մշակութային ժառանգության անդառնալի կորուստը կանխելու նպատակով: դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին (այդ թվում՝ գործելով որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդի անդամ) և Մշակութային հարցերով հատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելություն Արցախ և դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը:   Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Երևանի մամուլի ակումբ «Համայնքային համախմբման և աջակցութան կենտրոն» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ  «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբ  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Ստեղծագործ Եվրոպա հարթակ մշակութային ՀԿ  Ինֆորմացիայի ազատության կենտրոն «Փինք» իրավապաշտպան ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան Գորիսի մամուլի ակումբ «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ Իրազեկ քաղաքացիների միավորում Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Հանրային լրագրության ակումբ  Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ Կանանց իրավունքների տուն Սոսի Թաթիկյան, միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Էդուարդ Աբրահամյան, պ.գ.թ., Բրիտանական Լեսթերի համալսարանի դասախոս և դոկտորանտ Բենիամին Պողոսյան, Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոն
17:56 - 07 փետրվարի, 2022
ՀՀ վարչապետից և ԱԳՆ-ից  պահանջում ենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ հայտարարություն

ՀՀ վարչապետից և ԱԳՆ-ից պահանջում ենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ հայտարարություն

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների հետ։ Հայտարարությունը ստորև․ «Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների վերաբերյալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ավարտվեց 2020թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությամբ, որով նախատեսվում էին իրականացնել մի շարք գործողություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով: Վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն, Ադրբեջանը ոչ միայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցով, այլև մեկ տարի շարունակ տարբեր հայտարարություններով ու գործողություններով բացեիբաց ի ցույց է դնում իր ռասիստական, հայատյաց, ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, շարունակում է Արցախում հայ բնակիչների սպանությունները և ապացուցում, որ ոչ միայն շահագրգռված չէ խաղաղություն հաստատելու, այլև ունի Հայաստանի տարածքը գրավելու կոնկրետ նկրտումներ: 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք և ծավալում են ռազմական գործողություններ, որոնք վտանգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, ոտնահարում սահմանամերձ գյուղերի բնակչության իրավունքները և հղի են իրավիճակի հերթական էսկալացիայի վտանգներով: 2021թ. նոյեմբերի 11-ից սկսել է էսկալացիայի հերթական փուլ: Մինչ Հայաստանի իշխանությունները դանդաղում են միջազգային կառույցներին դիմելու և միջազգային չափանիշների հիման վրա սահմանազատման և սահմանանշման գործընթացներ նախաձեռնելու գործում, Ադրբեջանը «սողացող անեքսիայի» միջոցով սկսել է գրավել Հայաստանի սահմանային տարածքի առանձին հատվածներ: Եռակողմ հայտարարությամբ ճանապարհների ապաշրջափակման պարտավորություն ստանձնած Ադրբեջանը 2021թ. մայիսի 15-ից մաքսային և սահմանային անցակետեր է տեղադրել Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածներում: Ադրբեջանի իշխանությունները հստակորեն իրականացնում են ճանապարհների փաստացի շրջափակման, Հայաստանի բնակավայրերի փաստացի մեկուսացման ու բնակիչների ահաբեկման քաղաքականություն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում մեկուսացնելով 9 գյուղ (Բարձրավան, Շուռնուխ, Որոտան, Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ)՝ խաթարելով հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների բնականոն կյանքը, անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան առողջությունը, ազատ տեղաշարժը, կրթության, սննդամթերքի և բուժօգնության հասանելիության, եկամուտ վաստակելու իրավունքները: Նշված ճանապարհի արգելափակման հետևանքով ծանրաբեռնվել է Տաթև-Կապան մայրուղին՝ խաթարելով տասնյակ հազարավոր այլ մարդկանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժը և այլ իրավունքները: Ադրբեջանը, փաստացի, հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ՝ առանձին տարածքներ զբաղեցնելու նպատակով, ինչը նույնիսկ չի թաքցվում տվյալ երկրի ղեկավարի կողմից: Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակահարմար չի համարում միջամտելը, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերները առավել գերադասում են Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանումը ՀԱՊԿ-ի շրջանակում վերցրած իրենց պարտավորությունների կատարումից։ Ստեղծված ճակատագրական իրավիճակում Հայաստանի Հանրապետության սահմանների և քաղաքացիների անվտանգության ապահովման անմիջական և առաջնային պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են, որոնք պարտավոր են արագ և վճռական գործել՝ կանխելու ՀՀ քաղաքացիների մարդու իրավունքների խախտումները և նրանց անվտանգության սպառնալիքները: Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց: Խաղաղության պահպանման պատրվակով արտաքին ագրեսիայի դեմ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների անգործությունը փաստացի հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ շարունակական ոտնձգությունների ու ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումների: Պահանջում ենք ՀՀ վարչապետից և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ անհապաղ ձեռնարկել հետևյալ գործողությունները. ● Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ դրանք քննելու և գնահատական տալու նպատակով. ● ծանուցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին, միջազգային այլ համապատասխան կառույցներին և երկկողմ գործընկեր պետություններին՝ այդ կազմակերպություններում և պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում դրանց միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով տեղեկացնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և դրա հետևանքով մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների վերաբերյալ. ● վերը նշված բոլոր կառույցներում և միջազգային հնարավոր բոլոր հարթակներում հստակ ներկայացնել ադրբեջանական շարունակական ագրեսիայի և, մասնավորապես, ճանապարհների շրջափակման, անցակետերի տեղադրման և Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի բնակավայրերի հարևանությամբ տեղակայման ու պարբերաբար ներխուժման հետևանքները՝ դադարել, վերջապես, անտեսել հետպատերազմական իրավիճակում մարդու իրավունքների ոտնահարումները և հումանիտար խնդիրները. ● միջազգային համապատասխան բոլոր կառույցներում ակտիվորեն առաջ մղել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության (ոչ ռազմականացված գոտու) ստեղծման անհրաժեշտության գաղափարը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության սահմանների և սահմանամերձ բնակչության անվտանգությունը՝ մինչև միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ ԵԱՀԿ-ի ներգրավմամբ սահմանազատման/սահմանանշման գործընթացի մեկնարկն ու բարեհաջող ավարտը»: 1. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 2. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 3. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 4. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան 5. Հեռանկարային զարգացման կենտրոն 6. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ 7. Գորիսի մամուլի ակումբ 8. Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ 9. Խաղաղության երկխոսություն 10. Հանրային լրագրության ակումբ 11. Ինֆորմացիայի ազատության կետրոն ՀԿ 12. Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ 13. Երեւանի մամուլի ակումբ 14. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 15. «Ժողովրդավարություն այսօր» ՀԿ 16. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 17. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն 18. Հայաստանի կանանց նախաձեռնություն
14:54 - 16 նոյեմբերի, 2021
Կիրառվող պրակտիկան կարող է ընկալվել որպես պատրվակ՝ ԱԴ պայմաններում խոսքի ազատության անպատեհ սահմանափակումների կիրառման համար․ Բորիս Նավասարդյան

Կիրառվող պրակտիկան կարող է ընկալվել որպես պատրվակ՝ ԱԴ պայմաններում խոսքի ազատության անպատեհ սահմանափակումների կիրառման համար․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես խոստացել եմ մարտի 18-ի մոտավորապես ժ․ 14․30-ի գրառմամբ, ներկայացնում եմ իմ մանրամասն կարծիքը «կորոնավիրուսային» պայմաններում տեղեկատվական հոսքերի կարգավորման մասին։ Կներեք , որ երկար ստացվեց եւ եւ որ տարբեր մեկնաբանություններում արդեն հնչեցրած առաջարկությունները կրկնում եմ։Լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ՝ Արտակարգ դրության (ԱԴ) իրավիճակում իրենց աշխատանքի պայմանների քննարկման նպատակով, սակայն, ելնելով հանդիպմանը հետեւած խմբագիրների հայտարարությունից, շատ բաներ անորոշ են մնում եւ մտահոգում են լրագրողական հանրույթին։ Որոշակիության պակասը երեք հետեւանքների կարող է հանգեցնել․ 1․ Անհամաչափորեն կսահմանափակվի տեղեկատվության ազատությունը, որը, ինչպես գրել էի, բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար ոչ պակաս վտանգ է, քան առկա իրավիճակում տեղեկությունների անվերահսկելի տարածումը,2․ Լրատվամիջոցները, տեղեկատվության այլ տարածողները պատասխանատվության են ենթարկվելու ընտրովի, իրավիճակային որոշումների արդյունքում, եւ խաղի կանոնները ոչ մեկին պարզ ու հասկանալի չեն լինելու։ Էլ չեմ խոսում արդարության մասին․․․, 3․ Անկախ խախտումներից՝ ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։Բոլոր տարբերակները վատն են, ներառյալ վերջինը, քանի որ այնպիսի որոշման,, ինչպիսին Արտակարգ դրության հայտարարումն է, որեւէ կետի արհամարհումը դառնում է նվեր իրավական նիհիլիզմին։Հետեւաբար, Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների եւ ինֆորմացիայի այլ տարածողների գործունեության սահմանափակումը պիտի լինի ոչ ավելի, քան անհրաժեշտ է՝ եղած խնդիրներին արձագանքելու առումով, միատեսակ ընկալելի, իրատեսական կիրառման տեսակետից, իրավիճակին համաչափ ու անցանկալի հետեւանքներ չունեցող (օրինակ, ԱԴ-ի ավարտից հետո պիտի բացառվի ոչ իրավաչափ պատիժները բողոքարկող դատական հայցերի տարափը)։ Ցավոք, կառավարության ընդունած որոշման՝ տեղեկատվության տարածմանը վերաբերող դրույթներն այդպիսին չեն, եւ խմբագիրների՝ վերեւում հիշատակված հայտարարությունը դրա վկայությունն է։ Ելնելով նշված սկզբունքներից՝ պատկերացնում եմ պարզ եւ «փափուկ» դրույթներ․ մենք չունենք զանգվածային խուճապի եւ վտանգավոր ապատեղակատվության ակնհայտ դրսեւորումներ, իսկ այն, ինչ կա, հաջողությամբ կառավարվում է՝ հիմնականում Վարչապետի կողմից։Իրավիճակի փոփոխման եւ կարգավորումը խստացնելու անհրաժեշտության դեպքում՝ Պարետատան ձեռքը ոչ ոք չի բռնել։ Այդ դրույթների կիրառման համար պիտի լիազորվեն կոնկրետ իրազեկ կառույցներ։ Շատ կարեւոր է, որ լրատվամիջոցները դիտարկվեն ոչ թե որպես խանգարող գործոն, այլ որպես դաշնակից՝ քաղաքացիների բնական տեղեկատվական ծարավը հագեցնելու հարցում։Եվ այսպես՝ ԱԴ-ի պայմաններում, իմ կարծիքով, անհրաժեշտ էին միայն մի քանի միանշանակ հասկացվող կետեր։ 1․ Խստագույնս պիտի արգելվեր (եւ ոչ միայն լրատվամիջացների, այլ ցանկացած, այդ թվում պաշտոնատար անձանց կողմից) հիվանդների, վարակակիրների, մեկուսացվածների նույնականացմանը հանգեցնող տվյալների տարածումը (բացառությամբ՝ երբ մարդն իր կամքով համաձայն է նույնականացվել)․ դա պայմանավորված է ինչպես հիվանդությանը, որպես մասնավոր կյանքի մասին պաշտպանությանը ենթակա տեղեկության դիտարկմամբ, այնպես էլ վարակի զոհերի անվտանգության ապահովմամբ։ Այս սահմանափակումը կիրառման առումով հիմնականն է առաջատար ժողովրդավարական երկրներում (սրա մասին է վկայում եվրոպական մամուլի խորհուրդների պրակտիկան), սակայն մեզանում այն քիչ է կարեւորվում։2․ ԱԴ-ի ժամանակ կորոնավիրուսի մասին խոսելիս պիտի բացառվի անորոշ աղբյուրների վրա հղումը (Տիգրան Հակոբյանի ձեւակեպմամբ՝ «օդից կախված լուրերին», «վստահելի» անանուն աղբյուրներին» եւ այլն)։3․ Ոչ պաշտոնական տեղեկություն տարածելիս լրատվամիջոցը պիտի պարտավորվի՝ առանց որեւէ գնահատականի մեջբերել նույն հարցին վերաբերող պաշտոնական տեղեկությունը կամ, դրա բացակայության պարագայում, ստանա պաշտոնական ատյանի մեկնաբանությունը (սա նաեւ Արա Ղազարյանի հնչեցրած կարծիքն է)։ Որպես պաշտոնական մեկնաբանություն, որը պետք է տրվի ողջամիտ ժամկետներում (ոչ ավելի, քան մեկ ժամում), կարող են ընկալվել նաեւ «չենք հաստատում», «տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», «չունենք այդպիսի տեղեկություն» պատասխանները։ Պետք չէ բացառել, որ լրագրողին կարող են հասանելի դառնալ վարակի վերաբերյալ հանրային նշանակություն ունեցող տվյալներ, որոնց չեն տիրապետում պաշտոնատար անձինք։ Եվ լսարանն ինքը իրավունք ունի որոշելու, թե իր համար որքանով է վստահելի այն լուրը, որը տարբերվում է պաշտոնականից, կամ ուղեկցվում է պաշտոնական մեկնաբանությամբ։ 4․ Համաճարակի մասին արտերկրին վերաբերող տեղեկությունները կարիք չունեն ՀՀ պաշտոնական ատյանների կողմից հավաստման, քանի որ վերջինները դրանց չեն կարող տիրապետել, սակայն պիտի պարտադիր հղում ունենան կոնկրետ աղբյուրի վրա։ 5․ Նշված դրույթների կիրառման պատասխանատուն պիտի լինեն Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը եւ Պարետատան կողմից լիազորված այլ (կոնկրետ անվանված) մասնագիտացված կառույց(ներ)ը։Հարգելի պարոնայք Տիգրան Ավինյան, Վահագն Թևոսյան, Հովհաննես Մովսիսյան, խնդրում եմ հաշվի առեք, որ ներկայացված մոտեցումից սկզբունքորեն տարբերվող ու, ըստ որոշ տեղեկությունների, արդեն կիրառվող պրակտիկան կարող է ընկալվել որպես պատրվակ՝ Արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության անպատեհ սահմանափակումների կիրառման համար»։
12:37 - 19 մարտի, 2020